Դեյվիդ Չալմերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Չալմերս
անգլ.՝ David John Chalmers
Ծնվել էապրիլի 20, 1966(1966-04-20)[1][2] (58 տարեկան) Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան[3][2], Ավստրալիական ազգային համալսարան[2] և Արիզոնայի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և գիտակցության փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼինկոլն Քոլեջ[4], Ադելաիդայի համալսարան, Ինդիանայի համալսարան և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][2][6]
Գիտական ղեկավարԴուգլաս Հոֆչտադտեր[7] և Jon Michael Dunn?[7]
Ազդվել էԲերտրան Ռասել և Դուգլաս Հոֆչտադտեր
Պարգևներ
Կայքconsc.net
 David Chalmers Վիքիպահեստում

Դեյվիդ Ջոն Չալմերս (անգլ.՝ David John Chalmers, ապրիլի 20, 1966(1966-04-20)[1][2], Ավստրալիա), ավստրալիացի փիլիսոփա՝ մասնագիտացած գիտակցության փիլիսոփայության ոլորտում։

Գիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալմերսն ավարտել է Ադելիաիդայի համալսարանը, հետո Օքսֆորդի համալսարանի Լինկոլն քոլեջը, որտեղ ստացել է Ռոդսի կրթաթոշակ։ Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ Դուգլաս Հոֆշտադտերայի ղեկավարությամբ։ Դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունից հետո մասնակցել է «փիլիսոփայություն-նյարդաբանություն-հոգեբանություն» ծրագրին, որը Վաշինգտոնի Սենտ-Լուիս համալսարանում 1993-1995 թվականներին ղեկավարում էր Էնդի Կլարկը։ Մինչ Ավստրալիական ազգային համալսարանում դասավանդելը՝ 2004 թվականին, Չալմերսը փիլիսոփայություն է դասավանդել Արիզոնայի համալսարանում և համարվել է գիտակցության խնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար, մինչ այդ դասավանդել է Կալիֆոռնիայի Սանտա-Կրուզե համալսարանում։

Նա «Գիտակից խելք» («The Consious Mind») մենագրության հեղինակն է, որտեղ ուսումնասիրում է գիտակցությունը և մերժում ֆիզիկական պրոցեսների տեսանկյունից գիտակցության վերաբերյալ պարզեցված տեսակետը։ Դը Սանդի Թայմսը («The Sunday Times») նրա գիրքը ճանաչել է «տարվա լավագույն գիտական գիրք»։

1990-ական թվականների սկզբին Չարմելսը կարևոր դեր է կատարել նոր ակադեմիական կարգապահության ստեղծման՝ գիտակցության գիտության մեջ։ Նա դարձել է Գիտակցության գիտական հետազոտության ասոցիացիայի հիմնադիրներից մեկը և Թուսոնում կազմակերպել է առաջին և ամենախոշոր գիտական նիստերը, որոնք նվիրված էին գիտակցության ուսումնասիրմանը։

Ղեկավարել է կենտրոնը, որը զբաղվում էր գիտակցության հարցերով, և փիլիսոփայություն է դասավանդել Ավստրալիայի ազգային համալսարանում և Նյու-Յորքի համալսարանում։ 2013 թվականից Արվեստի և գիտության Ամերիկյան ակադեմիայի անդամ է։

2016 թվականի հունիսի 14-ին Դեյվիդ Չալմերսը ՄՊՀ-ի և Մոսկվայի գիտակցության հետազոտության կենտրոնի աջակցությամբ Մոսկվայում հանդես է եկել «Գիտակցության բարդ խնդիրը 300 տարի անց» զեկույցով, որին մասնակցել է 600-ից ավել մարդ[10]։

Գիտակցության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալմերսն առաջարկել է գիտակցությունը բաժանել «հեշտերի» և «բարդի»։ «Հեշտ» խնդիրներին վերագրել է այնպիսի խնդիրներ, որոնք կարելի է լուծել սովորական միջոցներով, որոնք օգտագործվում են նյարդաբանական և ճանաչողական գիտություններում, օրինակ՝ գիտակցության նյարդային և ճանաչողական փոխկապակցվածության երևույթների որոնում։ «Բարդ խնդիրներ» տերմինը տրվել է այն խնդիրներին, որոնք գիտությունը ի վիճակի չէ կարգավորել, մասնավորապես՝ ինչպես են որոշ օրգանիզմներ դառնում փորձի առարկա, ինչու է ինֆորմացիայի վերամշակման ֆիզիկական գործընթացը ներաշխարհի սկիզբ տալիս (սուբյեկտիվ փորձ, կվալիա)[11][12]։

Նա գտնում էր, որ «բարդ խնդիրը» չի կարող լուծվել ռեդուկցիոնիստական ֆիզիկալիզմի մոտեցմամբ։ Նրա կարծիքով կվալիան իրենից ներկայացնում է լույսի արագության, զանգվածի և ծանրության շարքում Տիեզերքի հիմնական տարրերի խումբ։ Այդ իսկ պատճառով գիտակցության տեսությունը պետք է հիմնված լինի հիմնական ֆիզիկայի վրա, այլ ոչ թե կենսաբանության, և նրա գլխավոր տարրերը պետք է լինեն հոգեֆիզիկական օրենքները, որոնք նկարագրում են կլավիայի կապը ֆիզիկական որակների հետ[13]։ Չալմերսը պնդել է նաև, որ կվալիան նյութական աշխարհի մաս չի կազմում։ Այդ պատճառով էլ նրա կողմից ստեղծված գիտակցության տեսությունը համարվում է դուալիստական։ Ինքն այն անվանել է «նատուրալիստական դուալիզմ»։ Այս տեսությունն իր մեջ ներառում էր էպիֆենոմենալիզմի, պանփսիխիզմի և կրկնակի տեսակետների տեսության տարրեր։

Չալմերսը գտնում էր, որ կվալիան ներկա է տիեզերքի բոլոր այն իրադարձություններում, որոնք տեղեկություն են պարունակում։ Այսինքն՝ յուրաքանչյուր տեղեկություն ունի երկու տեսակետ՝ ֆիզիկական և հիմնական։ Մարդկային ուղեղն այդ տեղեկությունները վերամշակում է շատ բարդ եղանակով։ Այդ բարդ վերամշակման հետևանքով առաջանում է մարդկային գիտակցությունը։ Սրանից հետևում է, որ տիեզերքում ամեն ինչի մեջ կա գիտակցություն՝ սկսած ամենափոքր մասնիկներից, վերջացրած մակրոօբյեկտներով։ Այսպիսի տեսակետը նշելու համար ենթադրվում է պարզունակ գիտակցության առկայություն բոլոր ֆիզիկական օբյեկտների մոտ։ Նա ժամանակակից փիլիսոփայության մեջ մտցրեց «պորտո-պանփսիխիզմ» տերմինը (ինչպես նաև՝ «պանպրոտոփսիխիզմ»)[14][15]։ Այս տեսակետը չի պնդում անկենդան հոգիների գոյությունը, այլ կանխադրում է, որ գիտակցությունը համարվում է տիեզերքի ոչ նյութական հիմնական հատկությունը, որը հոգեֆիզիկական հիմնական օրենքներով կապվում է ֆիզիկական օբյեկտների հետ։

Անտտի Ռևոնսուն առանձնացրել է երկու լուրջ թերություն, որոնք բնորոշ են նատուրալիստական դուալիզմին՝

  • այն չի կարելի հաստատել էմպիրիկ, քանի դեռ գիտակցության անտեսանելի կենտրոնները հայտնաբերելու գործիքները զարգացված չեն,
  • քանի որ հիմնական գիտակցությունը չի կարող ազդել նյութական աշխարհի վրա, բոլոր մարդիկ համարվում են անօգնական տիկնիկներ, որոնց մնում է միայն հավատալ, թե իբր իրենք իրենց կամքով արտաքին աշխարհում ինչ-որ բանի վրա ազդում են։

Ռևոնսուն ընդգծում է նաև, որ Չալմերսի կողմից մշակված գիտակցության դուալիստական տեսակետը շատ ավելի հեշտ է ներառել ժամանակակից գիտական աշխարհի պատկերում, քան Դեկարտի ինտերակցիոնիզմի հոգեֆիզիկական դասական տեսությունը[16]։

«Գիտակցության բարդ խնդրի» լուծում առաջարկելու հնարավորությունը Չալմերսը գտել է Բերտրան Ռասելի «Նյութի վերլուծություն» գրքի շնորհիվ, որի վրա նա ուշադրություն է դարձրել ամերիկացի փիլիսոփա Ռոզենբերգի ազդեցությամբ։ 1927 թվականին այդ գրքում Ռասելն արտահայտել է այն միտքը, որ մեր բոլոր հասկացությունները մատերիայի հատկությունների մասին որոշվում են հարաբերությունների միջոցով, և դա է պատճառը , որ ողջ ֆիզիկական աշխարհը մեր կողմից ընդունվում է որպես շփման համակարգ։ Այդ թվում՝ մենք չունենք պատկերացում այն մասին, թե ինչն է համարվում այդ հարաբերությունների կրողը։ Բայց այդ ինչ-որ մի բանը պետք է գոյություն ունենա, այսինքն՝ մատերիան պետք է ունենա ոչ միայն արտաքին, միահամակարգ, այլ նաև ինչ-որ ներքին հատկություններ։ Մինչդեռ բացի մտավոր հատկություններից մեզ հայտնի չեն որևէ այլ ներքին հատկություններ։ Ռասելը համարել է, որ մատերիայի ներքին հատկությունները մտավոր բնույթ ունեն։ Ռասելի այս միտքն էլ Չալմերսին թույլ է տվել հնարավոր պատասխան տալ այն հարցին, թե ինչու ուղեղի ֆիզիկական գործընթացին զուգահեռ գոյություն ունի ներքին փորձառություն․ այն գոյություն ունի այն պատճառով, որ առանց նրա գոյություն չէր ունենա ուղեղը՝ որպես ֆիզիկական իրողություն, որի հիմքն էլ համարվում է կվալիան։ Այսպես Չալմերսի երկտեսանկյուն տեսությունը մոնոպոլ հիպոթեզի տեսք է ստացել, որի համաձայն՝ ֆիզիկականը պայմանավորված է մտավորով (տես՝ պանփսիխիզմ)[17]։ Այդ թվում՝ խոսքն այն մասին չէ, որ ֆիզիկական իրողությունը մեր պատկերացումն է (ինչպես կարծում է սուբյեկտիվ իրապաշտությունը)։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալմերսն իր տեսակետը «գիտակցության բարդ խնդրի» (the hard problem of consciousness) մասին շարադրել է վերը նշված գրքում և իր «Գիտակցության խնդիրներին ընդառաջ» ("Facing Up to the Problem of Consciousness") հոդվածում։ Այստեղ նա տարբերակում է դրել գիտակցության հեշտ խնդիրների և գիտակցության բարդ խնդրի միջև, որը կարելի է արտահայտել այսպես՝ «ինչո՞ւ ընդհանրապես գոյություն ունի զգայական տեղեկության ընկալումը», «ինչո՞ւ գոյություն ունի գիտակցությունը»։ Նրա ուսումնասիրության գլխավոր թեման ուղեղի կենսաբանական աշխատանքի և վարքագծի միջև եղած տարբերությունն է, մի կողմից նաև մտավոր փորձի, որը վարքագծից անջատ է ուսումնասիրվում, այսինքն՝ կվալիա՝ ուրիշի հետ։ Նա պնդում էր, որ դեռևս այս երկու համակարգերի միջև եղած տարբերությունների վերաբերյալ սպառիչ բացատրություն չկա։ Նա քննադատում էր մտավոր փորձառության մատերիալիստական բացատրությունը, որը նրան դարաշրջանի դուալիստ է դարձնում այն ժամանակ, երբ գերիշխող էին մոնիստիկական տեսակետները։

Որպես ապացույց իր տեսակետների՝ նա առաջնորդվել է «փիլիսոփայական զոմբիի» հիպոթեզով, որն իր տեսքով և պահվածքով համարվում է նորմալ մարդ, բայց չունի կվալիա և զգալու կարողություն։ Նա պնդում է, որ քանի որ զոմբիի գոյությունը տրամաբանորեն հնարավոր է (այսինքն՝ տրամաբանորեն չհակադրվող է), ուրեմն կվալիա հասկացությունը և զգալու ունակությունը դեռևս չեն ստացել ամբողջական բացատրություն՝ ֆիզիկական հատկությունների տեսանկյունից։ Չալմերսն ընդունել է, որ գիտակցությունն սկիզբ է առնում յուրաքանչյուր տեղեկատվական համակարգում (տես՝ ինֆորմացիայի տեսություն) և չի բացառում, որ նույնիսկ ջերմաչափն ինչ-որ առումով գիտակցություն ունի։ Չալմերսի "The Conscious Mind" (Գիտակից խելք, 1996) մենագրության լույս տեսնելը մեծ ռեզոնանս է առաջացրել գիտական աշխարհում։ Նրանում Չալմերսը գիտակցության տեսություն ստեղծելու միտքն է հետապնդել, որը կօգներ գիտակցությունը՝ որպես աշխարհի ներառական մաս, համարել ոչ գերբնական։ Դրա համար իր տեսության մեջ նա ցույց է տվել պայմաններ, որոնց առկայության դեպքում ֆիզիկական գործընթացները ստեղծում են գիտակցություն, և գիտակցություն ստեղծող գործընթացների վերաբերյալ նշել է, թե փորձի որ տեսակն է կապված հենց դրանց հետ։ «Գիտակցության ոլորտի հետազոտություններ» ("Consciousness Studies") գիտական ամսագրում այս թեմայի վերաբերյալ քսանից ավել տարբեր աշխատանքների հրապարակուներ են եղել այնպիսի հետազոտողների կողմից, ինչպիսիք են Դանիել Դենեթը, Մագկին Կոլինը, Ֆրանցիսկո Վարելան, Ֆրենսիս Քրիքը, Ռոջեր Պենրոուզը և ուրիշներ։

Փաստարկներ՝ հօգուտ գիտակցության դուալիստական տեսության[18][խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տեսության ճշմարտացիությունն ապացուցելու համար Չալմերսն առանձնացրել է հինգ փաստարկ՝ հօգուտ նրա, որ գիտակցությունը չի համարվում տրամաբանական վերահսկողություն ֆիզիկականի վրա։ Այլ խոսքերով՝ փիլիսոփան ցույց է տվել, որ գիտակից փորձառության գոյությունը տրամաբանորեն չի առաջանում ֆիզիկական փաստերից, այլ նշանակում է, որ մեզ մոտ՝ կվալիայում, մատչելիության ապահովման համար պետք է գոյություն ունենան այլ (հոգեֆիզիկական) օրենքներ։

  1. Զոմբիի տրամաբանական հնարավորությունները։ Վերը նշված մտավոր գիտափորձը՝ «փիլիսոփայական զոմբի», համարվում է փաստարկ պատկերացումից․ մենք կարող ենք պատկերացնել մեր կրկնօրինակին՝ ֆիզիկապես ամբողջությամբ մեզ նման, բայց գիտակցական փորձառություն չունեցող։ Ավելին՝ մենք ունակ ենք պատկերացնելու «զոմբիների աշխարհ»՝ ֆիզիկապես ամբողջությամբ նման մերին։ Այդ աշխարհը կգործի այնպես, ինչպես մերը, և արտաքուստ այն անհնար կլինի տարբերել։ Այնուամենայնիվ երկու աշխարհների միջև տարբերությունը հիմնարար է․ «զոմբիների աշխարհ»-ում գոյություն չունի ներքին զգայական փորձառություն, մարդիկ նույն կերպ են գործում և ապրում, բայց որպես հիմնարար՝ չեն զգում այդ գոյությունը։ Սրանից հետևում է, որ մեր ունեցաց կվալիան տրամաբանորեն անհնար է հեռացնել մեր օրգանիզմից։
  2. Փոխակերպված սպեկտր։ Երկրորդ փաստարկը համարվում է առաջին մտավոր գիտափորձի մեղմացված տարբերակը։ Չալմերսն առաջարկում է պատկերացնել աշխարհ հրաշալի գիտակցական փորձառությամբ։ Օրինակ՝ մենք կարող ենք պատկերացնել, որ այս աշխարհում մեր կրկնօրինակը կարմիր գույնն ընկալում է որպես կապույտ, ընդ որում՝ ինչպես և մենք՝ այն անվանում է կարմիր։ Այսպիսի օրինակն ավելի հեշտ է պատկերացնել, քան զոմբիների աշխարհը։ Սրանից հետևում է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ մեր գիտակցության գոյությունը կարող է կրճատվել ֆիզիկական հատկություններով, ապա կոնկրետ գիտակցական ապրումների հատուկ բնույթը՝ հաստատ ոչ։
  3. Փաստարկ էպիսթեմիկ ասիմետրիայից։ Մեր գիտելիքները գիտակցական փորձառության գոյության մասին հիմնականում կախված են մեզնից, արտաքին վկայությունները լավագույն դեպքում երկրորդական դեր են կատարում։ Եթե նույնիսկ մեզ ծանոթ են այլ էակների ֆիզիկական հնարավորությունները, մենք չենք կարող հստակ իմանալ, որ նրանք ունեն գիտակցություն կամ ինչպիսին են նրանց գիտակցական զգացմունքները։ Ակնհայտ է, որ տրամաբանական են վերահսկողական հատկությունները։ Սրան հակառակ՝ միշտ կարող են հայտնաբերվել արտաքինի վրա հիմնված վկայություններ։ Այս կերպ փիլիսոփան ցույց է տալիս, որ ֆիզիկական համակարգի աշխատանքի վերաբերյալ փաստերի ոչ մի խումբ չի կարող ձևավորել որևէ փաստ գիտակցության մասին։
  4. Գիտելիքի փաստարկ։ Որպես չորրորդ փաստարկ՝ Չալմերսն առաջարկում է հիշել մտավոր գիտափորձը՝ «Մերիի սենյակը»։ Պատկերացնենք գիտնական Մերիին, որը ուսումնասիրում է գույնը և գիտի ամեն ինչ մեր՝ գույնի ընկալման մասին՝ սկսած նյարդային գործընթացից, վերջացրած շրջակա միջավայրի ֆիզիկական համակարգով։ Սակայն Մերին չգիտի, թե ինչպիսին է տեսնել ինչ-որ մի բան՝ կարմիր, կանաչ, դեղին կամ որևէ այլ գույնի։ Չէ որ Մերին մեծացել է սև և սպտակ սենյակում և երբեք չի ընկալել ոչինչ՝ բացի մոխրագույնի երանգներից։ Չալմերսի համար ակնհայտ է, որ, սենյակից դուրս գալով, Մերին, անկախ իր իրազեկվածությունից, նոր գիտելիքներ կստանա գույների մասին։ Այս մտավոր փորձարկումից մենք կարող ենք հաստատել, որ միայն ֆիզիկական փաստերը բավական չեն փորձ ստանալու համար՝ օրինակ կարմիր գույնի վերաբերյալ։ Այս փաստարկի մյուս հաստատման համար կծառայի այն փաստը, որ ֆիզիկական համակարգի մասին բոլոր գիտելիքները մեզ չեն տալիս գիտելիքներ գիտակցական փորձի առկայության կամ բացակայության մասին։
  5. Փաստարկ վերլուծության բացակայությունից։ Չալմերսը ցույց է տալիս, որ նախորդ չորս փաստարկների ընտրության համար ընդիմախոսները պիտի ցույց տային, թե ինչ եղանակով գիտակցությունը կնվազեցվեր ֆիզիկական հատկություններից։ Բայց դրա համար նախ և առաջ պահանջվում է գիտակցության վերլուծություն՝ որպես գիտակցական փորձառություն, իսկ այն գոյություն չունի։ Համակարգային վերլուծությունը ենթադրում է, որ գիտակցված վիճակները ընդգծված գործառական դեր ունեն։ Մինչդեռ, չնայած նրան, որ, գիտակցված վիճակները, անկասկած, կարող են տարբեր պատճառային դերեր կատարել, այդ վիճակները ոչ մի դեպքում այդ դերերով չեն որոշվում։ Դա երևում է նրանից, որ որևէ վիճակի մասին զեկուցելու կարողությունը չի հավասարվում այդ վիճակի իրական ապրումների հետ։ Այլընտրանքային համակարգային վերլուծությունը՝ կառուցվածքային վերլուծությունը, ենթադրում է, որ գիտակցությունը կարող է համարվել ինչ-որ բիոքիմիական կառուցվածք։ Դա, Չալմերսի կարծիքով, նույնպես համարվում է քննարկվող առարկայի փոխարինում, քանի որ ինչ էլ որ համարվի գիտակցությունը, խոսքը պետք է գնա հենց ապրումների գործընթացի մասին։ Այս կերպ, գոյություն ունեցող վերլուծությունները ընդունակ չեն նույնիսկ բնութագրել այն, ինչը կարիք ունի բացատրության։ Նշանակում է այս պահին ֆիզիկական փաստերից գիտակցականի դուրս բերման փաստարկները անհնար են։

Տրամաբանական վերահսկողությունները Չալմերսը հակադրում է բնականին։ Փիլիսոփան, այս երկու օրինաչափությունների միջև եղած տարբերությունը բացատրելու համար, բերում է հիպոթետիկ Աստծու կերպարը։ Այն դեպքերում, երբ B-հատկություններն ամբողջությամբ հետևում են A-հատկություններին, Աստծուն, որ ստեղծել է աշխարհը, բավական է հանձնարարել A-հատկություններին և B-հատկությունները մեխանիկորեն կհետևեն նրանց։ Վերը նշված փաստարկներն ապացուցում են, որ այսպիսի կապը ֆիզիկական աշխարհի և գիտակցական փորձառության առկյության միջև բացակայում է։ Այն դեպքում, երբ B-հատկությունները բնականորեն կապված են A-հատկություններին, Աստված, A-հատկություններն ստեղծելուց հետո պետք է լրացուցիչ օրենք ստեղծի, որը պետք է փոխկապակցի A և B փաստերը։ Հենց այսպիսի բնական վերահսկողությունն է, Չալմերսի կարծիքով, փոխկապակցում կվալիան աշխարհի ֆիզիկական հատկությունների հետ։ Լրացուցիչ օրենքը, որը պետք է նրանց կապի համար, Չալմերսն անվանել է հոգեֆիզիկական։ Այսպես փիլիսոփան հանգել է իր «նատուրալիստական դուալիզմին»։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի սկզբին, հավանաբար, չի հաջողվի գտնել որևէ նշանակալից գիրք գիտակցության մասին, որի մեջ չհիշատակվեն այս հեղինակի աշխատանքները, և ամենապարզ բացատրությունն այն է, որ Չալմերսը շատ խորը և յուրօրինակ մտածող է։ Բայց չի կարելի ժխտել նաև որոշ այլ փաստարկներ, օրինակ այն, որ նա հայտնվել է ճիշտ պահին, ճիշտ տեղում։ 1994 թվականին Չալմերսի թուսոնյան ելույթն իր համար ապահովեց ակնթարթային փառք, որը 1996 թվականին ամրապնդվեց իր հիմնարար աշխատանքով՝ «Գիտակցական խելք»-ով։
- Վ․ Վասիլև՝ Գիտակցության բարդ խնդիր․ Մ․, 2009թ․ էջ 152
Ինը տարվա ընթացքում՝ Չաալմերսի գրքի հրապարակումից հետո, վաճառվել է 70 հազար օրինակ, և հիմա համարձակ կարելի է պնդել, որ նա դարձավ կենդանի դասական։ Հաշվի առնելով այս հեղինակի տեսակետների ազդեցությունը արևմուտքում՝ դժվար է անվանել նորմալ իրավիճակ, որում Չալմերսի «Գիտակից խելք» աշխատությունը գլխավորը չէ, նրա մյուս հրապարակումները ռուսաց լեզվով թարգմանված չեն։ Փիլիսոփային նվիրված մենագրությունների ամբողջական բացակայության դեպքում նրա մասին հոդվածներն այնքան քիչ են հանդիպում մեր պատմա-փիլիսոփայական ժամանակաշրջանում, որ կարելի կլիներ ենթադրել, որ խոսքը ոչ թե գիտակցության յուրահատուկ ուսմունքը ստեղծողի, այլ քիչ հանդիպող և անարդյունք հեղինակի մասին է։ Ազգային աշխատանքների ոչ հարուստ մատենագիտությունը Չալմերսի մասին առնչվում է Վ․ Վ․ Վասիլևի նոր լույս տեսած մենագրության՝ «Դ. Չալմերս․ բոլոր որոշումները վատն են» գլխի և երկու հոդվածների հետ։
- Ն․ Գարնցևա․ Դ․ Չալմերսի Նատուրալիստական դուալիզմ՝ փիլիսոփայական գիտությունների գիտական աստիճան հայցելու դիսերտացիայի ավտոռեֆերատ․ ՄՊՀ, 2009 թ․

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[19][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտակից խելք։ Ֆունդամենտալ տեսությունների փնտրտուքներում» (The Conscious Mind: In Search of a Fundamental Theory, 1996). Oxford University Press.
  • Explaining Consciousness: The Hard Problem (1997). The MIT Press.
  • Philosophy of Mind: Classical and Contemporary Readings (2002). (Ред.) Oxford University Press.
  • Metametaphysics (2009). (Ред.)
  • The Character of Consciousness (2010). Oxford University Press.
  • Constructing The World (2012). Oxford University Press.

Հոդվածներ[20][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Philosophy Ontology project
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. https://as.nyu.edu/faculty/david-chalmers.html
  4. 4,0 4,1 Rhodes Scholar Database
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
  8. http://www.institutnicod.org/seminaires-colloques/prix-jean-nicod/?lang=en
  9. https://www.apaonline.org/page/barwise
  10. «Лекция Дэвида Чалмерса о Трудной проблеме сознания в МГУ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  11. Max Velmans How to separate conceptual issues from empirical ones in the study of consciousness // Models of Brain and Mind, Volume 168: Physical, Computational and Psychological Approaches (Progress in Brain Research) / Rahul Banerjee (Editor), Bikas K. Chakrabarti (Editor). — First edition. — Elsevier Science, 2008. — P. 1–9. — 350 p. — ISBN 978-0-444-53050-9
  12. Велманс М. Как отличать концептуальные моменты от эмпирических при изучении сознания // Методология и история психологии. — 2009. — В. 3. — Т. 4. — С. 42–54.
  13. Ревонсуо, 2013, էջ 213
  14. Ревонсуо, 2013, էջ 61
  15. Gabora, L. Amplifying phenomenal information: Toward a fundamental theory of consciousness // Journal of Consciousness Studies. — 2002. — Vol. 9. — № 8. — P. 3-29.
  16. Ревонсуо, 2013, էջ 215
  17. Глава 4. Чалмерс: все решения плохи… // Васильев В. В. Трудная проблема сознания. — Москва: Прогресс-Традиция, 2009, 272 с. — С. 171—172.
  18. Чалмерс Дэвид. «Книга: Сознающий ум. В поисках фундаментальной теории». www.e-reading.club. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  19. «Books – David Chalmers» (անգլերեն). consc.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  20. «Papers – David Chalmers» (անգլերեն). consc.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Չալմերս» հոդվածին։