Մերիի սենյակը
Մերիի սենյակը (անգլ.՝ Mary's Room), գիտակցության փիլիսոփայության մեջ Ֆրենկ Ջեքսոնի կողմից «Epiphenomenal Qualia» հոդվածում (1982 թ․) առաջարկված մտավոր գիտափորձ, որը 1986 թվականին ընդլայնվեց «What Mary didn’t know» հոդվածում։ Այս գիտափորձը համարվում է փաստարկ ֆիզիկալիզմի դեմ, որի համաձայն տիեզերքում ամեն ինչ, մտավորը ներառյալ, բացառապես ֆիզիկական բնույթ ունի։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆ․ Ջեկսոնի մտավոր գիտափորձն ամբողջությամբ նոր միտք չէր, նրանից առաջ ուրիշ փիլիսոփաներ էլ են նմանատիպ փաստարկներ արտահայտել։ Այսպես՝ Չ․ Բ․ Բրոդը 1925 թվականին իր աշխատանքի մեջ առաջարկում է պատկերացնել հրեշտակապետի, որն օժտված կլինի մաթեմատիկական և տրամաբանական անսահման հնարավորություններով և կկարողանա ուղղակիորեն հետևել իրերի ատոմային համակարգին։ Այդպիսի հրեշտակապետը կկարողանա գուշակել ցանկացած իրի քիմիական հատկությունները, օրինակ՝ կկարողանա գուշակել, որ ամոնիակն անգույն գազ է, որը լուծվում է ջրում։ Սակայն, Բրոդի կարծիքով, նա չի կարողանա գուշակել, թե ինչպիսին կլինի նրա հոտը մարդու համար՝ նույնիսկ իմանալով, թե նա ինչպես է ազդում մարդու քթի ընկալիչների վրա, և որ նեյրոններն են գործում մարդկային ուղեղում[1]։
Հերբերդ Ֆեյգլը նույնպես 1958 թվականին իր աշխատանքի մեջ նմանատիպ միտք է արտահայտել։ Ֆեյգլը նկարագրել է մարսեցիների, որոնք ուսումնասիրում են մարդկային վարքագիծը, սակայն երկրաբնակների բոլոր զգացմունքները և զգացողությունները նրանց համար օտար են։ Մարսեցիները կարող են կանխատեսել հումորի առկայության դեպքում մարդկանց արձագանքը կամ հիշատակի արարողության ժամանակ նրանց պահվածքը , բայց նրանք չեն կարող իմանալ, թե նման իրավիճակներում մարդիկ ինչ են զգում։ Այլ խոսքերով՝ նրանք երբեք չեն կարողանա տեղեկություն ստանալ այսպիսի կլավիայի կամ էմպաթիայի մասին։
1974 թվականին Թոմաս Նագելն իր՝ «Ինչպիսի՞ն է լինել չղջիկ» հոդվածում միտք է արտահայտել այն մասին, որ փաստերի մասին միայն սուբյեկտիվ փորձի միջոցով կարելի է իմանալ։ Նագելն օրինակ է բերել չղջիկների էխոլոկացիայից։ Չնայած մենք կարող ենք իմանալ բոլոր օբյեկտիվ տվյալներն այն մասին, թե ինչպես է աշխատում էխոլոկացիան, զգայական ինչպիսի օրգաններ և նեյրոնների կապ է գործում այս կենդանիների մոտ էխոլոկացիայի կիրառման ժամանակ՝ Նագելը կարծում է, որ մենք չենք կարող հասկանալ, թե էխոլոկացիայի միջոցով իրականությունն ընկալելն ինչպիսին է[2]։
Մտավոր գիտափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտափորձը հրապարակվել է 1982 թվականին «Epiphenomenal Qualia» հոդվածում։ Այս հոդվածում Ֆ․ Ջեկսոնն առաջարկել է ընթերցողին ներկայացնել գիտնականի՝ գույները հետազոտող Մերիին։ Մերին ամբողջ կյանքում ուսումնասիրել է գույների նեյրոֆիզիոլոգիան՝ գտնվելով սև ու սպիտակ սենյակում։ Մերին գույներն այնքան լավ է ուսումնասիրել, որ գույների մասին գիտի այն ամբողջ ինֆորմացիան, որը կարելի է ստանալ։ Նա գիտի գույների ալիքների երկարությունը, գիտի, թե աչքի ցանցաթաղանթի հատկապես որ նեյրոններն են ազդանշան տալիս ուղեղին և ինչ է կատարվում այդ ընթացքում ուղեղի մեջ։ Ջեկսոնը հարցնում է, թե ինչ կկատարվի, եթե մենք Մերիին իր սևուսպիտակ սենյակից բաց թողնենք իրական աշխարհ, նա որևէ նոր բան կիմանա՞[3]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի երկու հետևանք՝ կախված նրանից, թե Մերին որևէ նոր բան կիմանա՝ առաջին անգամ փորձելով գույնը (կվալիայի և փաստարկների գոյությունը ֆիզիկալիզմի դեմ)։
Փաստարկը կայանում է նրանում, որ եթե Մերին ինչ-որ նոր բան իմանա գույների անմիջական ընկալումից, ապա ֆիզիկալիզմը սխալ է։ Այս փաստարկը համրվում է մտավոր վիճակներն ամբողջությամբ ֆիզիկականով բացատրելու ֆիզիկալիզմի համոզմունքների քննադատություն։ Մերին կարող է ամեն ինչ իմանալ գույների ընկալման գիտության մասին, բայց կարո՞ղ է նա իմանալ, թե ինչպիսին է կարմիրի փորձառությունը, եթե նա երբեք չի տեսել կարմիր գույնը։ Ջեկսոնը գտնում է, որ Մերին ինչ-որ նոր բան կիմանա, առաջին անգամ փորձարկելով գույնը։ Սրանից հետևում է, որ ֆիզիկալիզմը սխալ է։
Պետք է հասկանալ նաև, որ Ջոնսոնի հոդվածում ֆիզիկալիզմի տակ հասկացվում է էպիսթոմոլոգիական ուսմունքն այն մասին, որ յուրաքանչյուր գիտելիք համարվում է ֆիզիկական փաստերի գիտելիք, այլ ոչ թե մետաֆիզիկական ուսմունք այն մասին, որ ամեն ինչ ունի ֆիզիակակն բնույթ։
Փաստարկի պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամաչանդրան և Խաբբարտ
Վիլեյանուր Ռամաչանդրանը և Է. Խաբբարտը գտնում են, որ երեք հավանական սցենար գոյություն ունի այն դեպքում, երբ Մերին առաջին անգամ տեսնի կարմիր խնձոր՝
- Մերին կասի, որ տեսնում է միայն մոխրագույն երանգ,
- առաջին անգամ գույնի սուբյեկտիվ ընկալումից նա կստանա «Վաու էֆֆեկտ»,
- նա անուշադրության կուրություն կզգա։ Այս դեպքում նա կարող է ասել, որ կարմիր խնձորի և մոխրագույն ներկված խնձորի միջև տարբերություն չի տեսնում, բայց երբ նրան խնդրեն ցույց տալ կարմիր խնձորը, նա դա կանի։
Նրանք բացատրում են՝ «Այս սցենարներից ո՞րը իրականում տեղի կունենա։ Մենք գտնում ենք, որ կարող ենք պատասխան ստանալ դալթոնիզմով տառապողի սինեսթեզիայից։ Տեսականորեն ինչպես որ Մերին, այնպես էլ սինեսթեզ-դալթոնիկը ընդունիչների խախտման հետևանքով չի կարողանում տարբերել գույները։ Սակայն, երբ նա նայում է թվերին, նրա սինեսթեզիան իրեն թույլ է տալիս զգալ գույները, որոնք նա երբեք չի տեսել իրական աշխարհում։ Նա դրանք անվանում է «Մարսի գույներ»։ Այն փաստը, որ նրա գունային վանդակները կարող են ակտիվանալ ուղեղում, կարող է օգնել մեզ պատասխանել այդ փիլիսոփայական հարցին․ մենք գտնում ենք, որ նույնը կկատարվի նաև Մերիի հետ»[4]։
Դանիել Դենեթ
Դանիել Դենեթը գտնում է, որ Մերին ոչ մի նոր բան չի իմանա, եթե դուրս գա իր սև և սպիտակ սենյակից։ Դենետը պնդում է, որ եթե Մերին իսկապես ամեն ինչ իմանար գույների մասին, ապա նրա գիտելիքների մեջ կներառվեր նաև խորը ընկալումն այն մասին, թե ինչպես են մարդիկ զգում գույնի կվալիան։ Ավելին՝ այդպիսի գիտելիքը կներառեր նաև կարմիր գույնն այլ գույներից տարբերելու ֆունկցիոնալ հնարավորությունը։ Այս դեպքում Մերին սենյակն ազատելուց առաջ կիմանար, թե հատկապես ինչ կարելի է ակնկալել։ Դենետը գտնում է, որ ֆունկցիոնալ գիտելիքները նույնանում են փորձառության հետ, և որևէ չարտահայտվող կվալիա գոյություն չունի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kent Gustavsson. Charlie Dunbar Broad : [անգլ.] // The Stanford Encyclopedia of Philosophy. — 2014.
- ↑ Martine Nida-Rümeli. Qualia: The Knowledge Argument : [անգլ.] // The Stanford Encyclopedia of Philosophy. — 2009.
- ↑ Jackson, Frank. Epiphenomenal Qualia : [անգլ.] // Philosophical Quarterly. — 1982. — Т. 32, № 127. — С. 127—136. — .
- ↑ Ramachandran, V.S.; Edward M. Hubbard. (2003 թ․ ապրիլի 14). «More Common Questions about Synesthesia». Scientific American. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ Dennett D. C. What RoboMary Knows : [անգլ.] / T. Alter, S. Walter. — Oxford University Press, 2007. — Кн. Phenomenal Concepts and Phenomenal Knowledge: New Essays on Consciousness and Physicalism. — 360 с. — (Philosophy of Mind Series). — ISBN 9780195171655.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter Ludlow, Yujin Nagasawa, Daniel Stoljar. There's Something about Mary: Essays on Phenomenal Consciousness and Frank Jackson's Knowledge Argument. — MIT Press, 2004. — (A Bradford book). — ISBN 0262621894.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիի սենյակը» հոդվածին։ |
|