Jump to content

Փսիխասթենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փսիխասթենիա
ՀՄԴ-9300.89
ՀՄԴ-10F48.8

Փսիխասթենիան ֆոբիաներով, կպչուն մտքերով, սևեռուն մղումներով կամ չափազանց տագնապայնությամբ բնորոշվող հոգեբանական խանգարում էր[1]։ Տերմինն այլևս չի կիրառվում որպես հոգեբուժական ախտորոշում, թեև այն դեռևս մեկն է ամենահայտնի անձնային ինքնագնահատողական հարցարաններ MMPI և MMPI-2-ի (Մինեսոտայի անձնային բազմափուլ հարցարան) տասը կլինիկական ենթասանդղակներից։ Այն նաև մեկն է Կարոլինսկայի տասնհինգ անձնային սանդղակներից։

Մինեսոտային անձնային բազմափուլ հարցարան (ՄԱԲՀ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԲՀ 7-րդ ենթասանդղակը սերտորեն կապում է փսիխասթենիան օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, որին բնորոշ են չափից շատ կասկածամտությունը, սևեռուն մղումները, կպչուն մտքերը և անհիմն վախերը։  Փսիխասթենիկն անկարող է դիմակայել որոշակի գործողությունների կամ մտքերի՝ անկախ նրանց վնասակար բնույթից։  Ի հավելում օբսեսիվ-կոմպուլսիվ հատկանիշներին՝ սանդղակը գնահատում է ոչ նորմալ վախերը, ինքնաքննադատությունը, կենտրոնանալու դժվարությունը և մեղքի զգացումը։ Սանդղակը գնահատում է երկարաժամկետ (բնորոշ) տագնապը, թեև այն արձագանքում է նաև իրավիճակային ստրեսին։

Փսիխասթենիկը չունի բավարար վերահսկողություն իր գիտակից մտածողության և հիշողության վրա և երբեմն աննպատակ թափառում է և (կամ) մոռանում անելիքը։ Մտքերը ցրված են, և կանոնակարգելը մեծ ջանքեր է պահանջում՝ հաճախ հանգեցնելով չնախատեսված նախադասությունների, որոնք, հետևաբար, թերիմաստ են այլոց համար։ Չընդհատվող մտավոր ջանքերն ու բնորոշ անքնությունը առաջացնում են գերհոգնածություն, ինչն ավելի է բարդացնում վիճակը։ Ախտանշանները հնարավոր է մեծապես նվազեցնել կենտրոնացման վարժությունների և թերապիայի միջոցով՝ կախված նրանից, թե հիվանդությունը հոգեբանական է, թե կենսաբանական[2]։

Վաղ հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փսիխասթենիա» տերմինն սկզբում հիմնականում ասոցացվում էր ֆրանսիացի հոգեբույժ Պիեր Ժանեի հետ[3], որը նևրոզները բաժանեց փսիխասթենիաների և հիստերիաների։ (Նա հրաժարվեց այն ժամանակ տարածված «նևրասթենիա» (թույլ նյարդեր) տերմինից, քանի որ այն առաջ էր քաշում նյարդաբանական տեսություն, երբ այն գոյություն չուներ)[4]։ Մինչ հիստերիաների հիմնապատճառն ընդգրկում էր գիտակցական դաշտի նեղացում, փսիխասթենիաների հիմքում ընդգրկված էր fonction du reél («իրականության գործառույթի») խանգարում՝ թուլության մի տեսակ՝ սեփական փոփոխվող փորձառություններին հետևելու, հարմարվելու և այդ ամենը համադրելու կարողության մեջ (հմմտ. կատարողական ֆունկցիան այժմյան էմպիրիկ հոգեբանության մեջ)։ Հետագայում շվեյցարացի հոգեբույժ Կարլ Յունգը Ժանեի հիստերիկ և փսիխասթենիկ տիպերը դարձրեց իր առաջ քաշած էքստրավերտ և ինտրովերտ անձերի նախատիպը[5]։

Գերմանաշվեյցարացի հոգեբույժ Կարլ Յասպերսը, հետևելով Ժանեին, փսիխասթենիան նկարագրեց որպես ««հոգեկան էներգիայի նվազեցում» տեսական եզրույթով համակցված» երևույթների բազմություն։ Փսիխասթենիկ անձը նախընտրում է «մեկուսանալ իր ընկերներից և չառնչվել այնպիսի իրավիճակների, որտեղ իր չափազանց խոր «բարդույթները» զրկում են իրեն ինքնատիրապետումից, հիշողությունից և հավասարակշռությունից»։ Փսիխասթենիկն անվստահ է, հակված սևեռուն մտքերի, անհիմն վախերի, ինքնավերլուծության և անվճռականության։ Այս դրությունն իր հերթին նպաստում է աշխարհից մեկուսանալուն և երազկոտությանը, թեև սա ամեն ինչ ավելի է բարդացնում։ «Հոգեկանը հիմնականում անկարող է լինում ներդաշնակություն ստեղծել կյանքում կամ համակարգել բազմազան փորձառությունները, չի կարողանում զարգացնել իր անհատականությունը և ապահովել կայուն աճ»։ Յասպերսի կարծիքով Ժանեի՝ փսիխասթենիայի որոշ առավել ծայրահեղ դեպքերը շիզոֆրենիայի դեպքեր էին[6]։ Յասպերսը տարբերակում և հակադրում է փսիխասթենիան և նևրասթենիան՝ վերջինս սահմանելով որպես «դյուրագրգիռ թուլություն», և նկարագրելով երևույթներ, ինչպիսիք են դյուրագրգռություն, զգայունություն, ցավոտ զգայունություն, արտասովոր արձագանք  ազդակների նկատմամբ, մարմնական ցավեր, սաստիկ գերհոգնածության զգացում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Heritage Dictionary
  2. Coriat, Isador H. (1911). «Psychasthenia.». Abnormal psychology (անգլերեն). էջեր 273–297. doi:10.1037/13768-014.
  3. Walsh, James J. (1912). «Mental incapacity (psychasthenia).». Psychotherapy: Including the History of the Use of Mental Influence, Directly and Indirectly in Healing and the Principles for the Application of Energies Derived from the Mind to the Treatment of Disease. էջեր 597–603. doi:10.1037/10544-093.
  4. Ellenberger (1970), p. 375; Janet (1903)
  5. Ellenberger (1970), p. 377
  6. Jaspers (1963), pp.441-443