Ինքնին իր (տերմին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ինքնին իր», փիլիսոփայական տերմին, որը նշանակում է իրը, ինչպես այն կա ինքնին, անկախ ամեն ինչից, այդ թվում՝ մարդկային մտածողությունից, ի տարբերություն այն բանի, որ այն որպես «երևույթ» գոյություն ունի «մեզ համար»։ «Ինքնին իր»-ը Կանտի հիմնական հասկացություններից է, որում արտահայտվում է նրա ուսմունքի հակասական բնույթը։ «Ինքնին իր» նշում է գիտատեսական գիտելիքի բովանդակության արտաքին աղբյուրը, բայց, որքանով այն գոյություն ունի ինքնին, սկզբունքորեն բացառվում է նրա ճանաչման հնարավորությունը։ «Երբ Կանտը ենթադրում էր, որ մեր մտապատկերներին համապատասխանում է ինչ-որ բան մեզանից դուրս, ինչ-որ ինքնին իր, Կանտն այստեղ մատերիալիստ է։ Երբ նա այդ ինքնին իրը հայտարարում է անիմանալի, տրանսցենդենա, այնկողմային, Կանտը հանդես է գալիս որպես իդեալիստ»։ Գիտական իմացությանը անմատչելի «ինքնին իր» Կանտի ուսմունքում նշանակում է նաև այն «էությունները», որ հավատի առարկա են, ուստի և «ինքնին իր»-ի գոյության գիտական («բանական») ապացուցումը անհնար է։ «Էությունները» դուրս բերելով գիտական մտածողության ոլորտից, Կանտը փորձում է դրանք դարձնել անխոցելի բնագիտական քննադատության համար, ենթադրելով, որ դրանց ճանաչման անհրաժեշտությունը թելադրվում է բարոյագիտության հիմնավորման խնդիրներով։ Մարքսիստական փիլիսոփայությունը գտնում է, որ իրերի աշխարհը իրոք գոյություն ունի «ինքնին», սակայն մերժում է «ինքնին իր»-ի մասին ագնոստիկական և իդեալիստական եզրակացությունները։ Ճանաչողության ընթացքում և շնորհիվ պրակտիկայի «ինքնին իր» ճանաչվում և դառնում է «իր մեզ համար»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 369 CC-BY-SA-icon-80x15.png