Հոլոքոստն Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոլոքոստն Իտալիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումն Իտալիայում գերմանական նացիստների և նրանց իտալացի համախոհների կողմից։

Առաջին փուլում 1938 թվականից Մուսոլինիի իշխանությունն ընդունել է ռասիստական հակահրեական օրենքներ, իսկ այլ երկրներից եկած հրեա փախստականներից 1940 թվականից տեղավորել են համակենտրոնացման ճամբարներում։ Երկրորդ փուլում՝ 1943 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև դաշնակիցների զորքերի կողմից Իտալիայի ազատագրումը 1945 թվականի մայիսին, նացիստները հրեաներին ուղարկել են մահվան ճամբարներ և ոչնչացրել «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագրի շրջանակներում[1][2]։

Հոլոքոստի ընթացքում զոհվել է Իտալիայի հրեա բնակչության շուրջ 15-16 %-ը, համայնքի կորուստը (հաշվի առնելով արտագաղթն ու կրոնափոխությունը) կազմել է շուրջ 40 %։

Հոլոքոստին են վերաբերում նաև Իտալիայում միասեռականների, որոնք սկզբում ենթարկվել են դիսկրիմինացիայի, իսկ նացիստական օկուպացիայից հետո տեղավորվել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է[3], ինչպես նաև գնչուների հալածանքները, որոնց մի մասը նույնպես հայտնվել է համակենտրոնացման ճամբարներում[4]։

Հրեաներն Իտալիայում նախքան 1937 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Իտալիայում Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ ֆաշիստական կառավարության հաստատումը չի հանգեցրել հրեաների իրավունքների նշանակալի խախտումների կամ սահմանափակումների։ Չնայած հակասեմական առանձին արտահայտությունների՝ կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանել հրեական միջազգային կազմակերպությունների հետ և չի խոչընդոտել հրեական կազմակերպությունների գործունեությանն Իտալիայում[1]։

Այդ շրջանում Իտալիայում հակասեմականություն գրեթե չի եղել, իտալացի հրեաները խիստ ասիմիլացված էին, ոչ մեծ թվով սիոնիստական կազմակերպություններն զբաղվում էին հիմնականում արևելաեվրոպական հրեաներին օգնություն ցուցաբերելով[2][5]։ Ավելին, հրեաներ կային Իտալիայի ֆաշիստական կուսակցության առաջատար գործիչների շարքում, օրինակ՝ դեպի Հռոմ քայլարշավին մասնակցել է 230 հրեա[5][6]։ Ֆինանսների նախարարը եղել է հրեա Գվիդո Յունգը[7], Իտալիայի արտաքին քաղաքականությունը ղեկավարում էր հրեա Ֆուլվիո Սուվիչը, իսկ Մուսոլինիի կենսագիրը եղել է կիսով հրեա Մարգարիտա Ցարֆատին[8][9][10]։

Մուսոլինին սկզբում մերժում էր իշխող ռասայի գաղափարը՝ այն համարելով «վերին աստիճանի անհեթեթություն, հիմար ու անմիտ»[11]։ 1923 թվականին Հռոմի գլխավոր ռաբբի Անջելո Սաչերդոտիի (իտալ.՝ Angelo Sacerdoti) հետ զրույցի ընթացքում նա հայտարարել է, թե իտալական կառավարությունը մտադիր չէ հետևել հակասեմական քաղաքականությանը ո՛չ այդ ժամանակ, ո՛չ հետագայում։ Այդ հարցին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվել է, թե «իտալական ֆաշիստական շարժումը երբեք չի կանգնի հակասեմականության ուղուն։ Իրենց արարքներով ․․․․ հակասեմական կազմակերպությունները կարատավորեն հենց ֆաշիստական գաղափարը»[12]։

1932 թվականին Մուսոլինին հակասեմականությունը կոչել է «գերմանական չարիք»՝ եզրափակելով, թե «Իտալիայում չկա հրեական հարց, քանի որ այն չի կարող գոյուսյուն ունենալ պետական կառավարման խելամիտ համակարգ ունեցող երկրում»[11][13][14]։

Հակասեմականություն և հակահրեական օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի նացիստական Գերմանիայի հետ դաշնակցություն, որ կապտած էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմում Ֆրանսիսկո Ֆրանկոյին համատեղ օգնություն ցույց տալու հետ, հանգեցրել է երկրում հակասեմական տրամադրությունների սկզբնավորմանն ու հետագա ծավալմանը[2][15]։ 1937 թվականի նոյեմբերի 6-ին Մուսոլինին հանդիպել է Ադոլֆ Հիտլերի հետ և ստորագրել Հակակոմինտեռնական պակտը։

Նույն 1937 թվականին լույս է տեսել հրապարակախոս Պաոլո Օրանոյի «Հրեաներն Իտալիայում» գիրքը, որում նա հրեաներին մեղադրել է ոչ օրինապահության մեջ[16]։ Օրանոյի գիրքը բուռն բանավեճերի տեղիք է տվել։ Աբրամո Լևին հրատարակել է «Մենք՝ հրեաներս» գիրքը, որոնցում հերքել է հրեաների վերաբերյալ բողոքները[17], իսկ Էտորե Օվացան պնդել է, թե իտալացի հրեաները բացարձակ անտարբեր են սիոնիզմի հանդեպ և սատարում են ֆաշիզմը[18]։ Մյուս կողմից Օրանոյին քննադատել են նաև ծայրահեղ աջակողմյանները։ Այսպես, Ջովանի Պրեցիոզին «La vita italiana» ամսագրում Օրանոյին մեղադրել է հրեաների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի և անբավարար ռասիստական դիրքորոշման համար[19]։ Հակասեմական արշավին են միացել բազմաթիվ թերթեր, ներառյալ կառավարական Il Popolo d'Italia պարբերականը[20]։

1938 թվականի հուլիսի 14-ին հրապարակվել է «Ռասայական մանիֆեստը», որն ստորագրել են իտալացի բազմաթիվ գիտնականներ ու մանկավարժներ։ Մանիֆեստը կազմողները քարոզում էին իտալական ռասայի մաքրություն և պնդում, թե հրեաները վտանգ են ներկայացնում դրա համար։ 1938 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆաշիստական մեծ խորհուրդը հրապարակել է հրեական ռասային ու կիսով հրեա մարդկանց վերաբերող մի շարք որոշումներ[6]։

1938 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ռասայական հակասեմականությունը դարձել է օրենսդրական նորմ[21]։ Ընդունվել են Նյուրնբերգի օրենքներին նման օրենքներ։ Մասնավորապես հրեաները վտարվել են բանակից և պետական մյուս կազմակերպություններից, արգելվել են ամուսնությունները հրեաների և «արիացիների» միջև, հրեաների ունեցվածքը հայտարարվել է բռնագրավման ենթակա[1]։ Հրեաներին արգելվել է մասնակցել կոնֆերանսների, տպագրվել թերթերում ու ամսագրերում (թեկուզ կեղծանունով), իրենց պիեսները բեմադրել թատրոններում[22]։ Իտալական համալսարաններից հեռացվել են 98 պրոֆեսորներ[23], իսկ հրեա հեղինակների գրքերը հանվել են հասարակական գրադարաններից։ Հինգ գեներալներ և հինգ մարշալներ անցել են թաշակի։ Գնդապետ Սեգրյոն ինքնասպան է եղել (հրազենով) հենց իր զինվորների շարքի առաջ[5]։ Իտլիայում ապրող 50 հազար հրեաներից տասներկու հազարը ենթարկվել են բռնաճնշումների[22]։ 1919 թվականից հետո արտասահմանից եկած հրեաներին 1938 թվականի սեպտեմբերի 7-ին հրամայվել է հեռանալ երկրից[2][24]։

Իտալացի հրեաների համար դժվար էր դիմանալ այդ վերաբերմունքին։ 1938-1939 թվականներին Իտալիայում գրանցվել է հրեաների մկրտության 3910 դեպք, ավելի քան հինգ հազարը նախընտրել են հեռանալ երկրից[25]։ Ընդ որում, հրեաների կյանքին Իտալիայում ոչինչ չէր սպառնում[1][2], իսկ շատ իտալացիներ քննադատում էին հակասեմական շարժումն ու աջակցում հրեաներին[5]։

Հրեաներն իտալական վերահսկողության ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ժամանակ Իտալիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները (1940)

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Իտալիան հանդես է եկել Գերմանիայի կողմից և օկուպացրել Հարավսլավիայի ու Հունաստանի տարածքների մի մասը, ինչպես նաև Ալբանիան։ Իտալիայի՝ Գերմանիայի կողմից 1940 թվականի հուլիսի 10-ին պատերազմին միանալն իտալացի հրեաների կյանքում ոչինչ չի փոխել, բացառությամբ Իտալիայում ու նրա օկուպացրած տարածքներում փախստական հրեաների հայտնվելը, քանի որ ուստաշական Խորվաթիայից հեռանում էին բազմաթիվ հրեաներ՝ փախչելով ոչնչացումից[26]։ Հարավսլավացի հրեաների մի մասը հեռանում էր Ալբանիա, որը նույնպես գտնվում էր Իտալիայի վերահսկողության ներքո[27][28]։ Օկուպացված Հարավսլավիայից բացի Իտալիա էին փախչում հրեաներ նաև Ֆրանսիայից ու մի շարք այլ երկրներից[1]։

Օտարերկրացի հրեաներն ու շուրջ 200 իտալացի հրեաներ տեղավորվել են 43 ճամբարներում։ Սակայն իտալական ճամբարներում կալանավորների կյանքին ու առողջությանը ոչինչ չէր սպառնում, և դրանք ոչ մի առումով չեն համեմատվում նացիստական համակենտրոնացման ճամբարների ու առավել ևս մահվան ճամբարների հետ[25]։

Պատերազմի ընթացքում իտալական իշխանություններն ու առանձին պետական պաշտոնյաներ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի թույլ չտան մահվան ճամբարներ տեղափոխել Իտալիայի օկուպացրած տարածքների և Իտալիայի գաղութների հրեաներին։ Այդ գործողությունների շնորհիվ փրկվել են շուրջ 40 000 հրեաներ Իտալիայի սահմաններից դուրս[2]։ Իտալական օկուպացված տարածքները գոյություն են ունեցել մինչև Իտալիայի՝ պատերազմից դուրս գալը 1943 թվականի սեպտեմբերին։ Որպես բացառություն նշվում է միայն իտալացի կարաբիներների կողմից Պրիշտինայում 51 հրեա փախստականների հանձնումը գերմանացիներին, որոնք հետագայում սպանվել են Սայմիշտե ճամբարում[28]։

Օկուպացիոն գոտի Հարավսլավիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի հրեաների վերաբերյալ հաշվետվություն Մուսոլինիի ստորագրությամբ

1942 թվականի գարնանը գերմանացիներն սկսել են եվրոպական հրեաների տեղափոխումը մահվան ճամբարներ՝ համաձայն հրեական հարցի վերջնական լուծման։ Դրա հետ կապված՝ Հռոմում Գերմանիայի դեսպանատան գործերի հավատարմատար իշխան Օտտո Բիսմարկը 1942 թվականի օգոստոսի 18-ին դիմել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությանը՝ իտալական կառավարությանը խնդրելով օգնել գերմանական ու խորվաթական կողմերի միջև կնքված համաձայնության իրականացմանը և աջակցել Խորվաթիայի՝ Իտալիայի կողմից օկուպացված տարածքի հրեաների՝ ճամբարներ ուղարկելու հարցում։ Արտաքին գործերի նախարարությունն այդ խնդրանքը ներկայացրել է Մուսոլինիին, և նա տվել է իր համաձայնությունը՝ դրա վերաբերյալ հաշվետու թերթիկին գրելով՝ «դեմ չեմ» (իտալ.՝ nulla osta)։ Զանգվածային ոչնչացման պլանները գերմանացիները չեն հրապարակել[29]։

Իտալացի պետական և ռազմական մի շարք գործիչներ Արտաքին գործերի նախարարության աշխատակից կոմս Լուկա Պիետրոմարկիի և Երկրորդ բանակի հրամանատար գեներալ Մարիո Ռոատայի գլխավորությամբ[30][31], հասկանալով, որ հրեաների տեղափոխման նպատակը նրանց զանգվածային ոչնչացումն է, գաղտնի որոշել են սաբոտաժի ենթարկել Մուսոլինիի հրամանը։ Գերմանացիների մեծացող ճնշման տակ 1942 թվականի հոկտեմբերի 28-ին իտալական Գերագույն հրամանատարությունը Երկրորդ բանակին հրամայել է բոլոր հրեաներին տեղավորել համակենտրոնացման ճամբարում և առանձնացնել Խորվաթիայի հրեաներին ու նրանց, ովքեր հավակնում են ստանալ Իտալիայի քաղաքացիություն։ Դա պետք է դառնար Խորվաթիայի հրեաների՝ գերմանացիներին հանձնելու առաջին քայլը։ Սակայն նոյեմբերի 1-ին կարաբիներների հրամանատար գեներալ Ջուզեպե Պիեկեն Մուսոլինիին է ներկայացրել հաշվետվություն Խորվաթիայում հրեաների ու սերբերի զանգվածային ոչնչացման և բոլոր հրեաներին ոչնչացնելու նացիստական պլանների վերաբերյալ։ 1942 թվականի նոյեմբերի 5-ին Իտալիայի արտաքին գործերի նախարար կոմս Չիանոն Վատիկանում դեսպանի միջոցով ստացել է խնդրանք Սուրբ աթոռից՝ չհանձնել Խորվաթիայի հրեաներին։ 1942 թվականի նոյեմբերի 17-ին գեներալ Ռոատայի հետ հանդիպելուց հետո Մուսոլինին չեղյալ է հայտարարել հրեաների հանձնման վերաբերյալ որոշումը։ Բոլոր փախստական հրեաները տեղավորվել են ընդհանուր ճամբարում և մնացել իտալական բանակի պաշտպանության ներքո[29]։

Օկուպացիոն գոտի Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի՝ Իտալիայի կողմից օկուպացված տարածքում նույնպես հրեաների դրությունը զգալիորեն ավելի լավ էր, քան գերմանական ու բուլղարական գոտիներում։ Աթենքում ու Պելոպոնես թերակղզում հրեաները հալածանքների չէին ենթարկվում, ռասայական օրենքներ չէին գործում[32]։ Հունաստանի՝ Իտալիայի կողմից օկուպացված տարածքից չի արտաքսվել ոչ մի հրեա։ Իտալացիները նաև գերմանական օկուպացիոն գոտուց՝ Սալոնիկից, դուրս են բերել իտալական քաղաքացիություն ունեցող 350 հրեաների՝ դրանով իսկ նրանց փրկելով մահվանից նացիստական համակենտրոնացման ճամբարներում[33]։

Օկուպացված Ալբանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիան Իտալիայի կողմից օկուպացվել է 1939 թվականի ապրիլին։ Այդպիսով Իտալիան վերականգնել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ունեցած պրոտեկտորատն Ալբանիայի վրա[34]։ Իտալիայի կողմից Հարավսլավիայի մի մասի օկուպացիայից հետո 1941 թվականին պրոտեկտորատին են միացվել ալբանացիներով բնակեցված տարածքները, մասնավորապես Կոսովոն։

Տեղի հրեաներից բացի Ալբանիայում եղել են փախստականներ Գերմանիայից և Ավստրիայից։ Նրանց մի մասը փորձել է Ալբանիայի տարածքով անցնել Պաղեստին։ Փախստականների մի մասը և շուրջ 200 տեղացի հրեաներ տեղավորվել են Կավայե տրանզիտային ճամբարում, սակայն գերմանացիներին չեն հանձնել, իսկ ալբանացի որոշ պաշտոնյաներ օգնել են հրեաներին՝ նրանց տրամադրելով անձը հաստատող կեղծ փաստաթղթեր[35][36]։

Կոսովոյում շատ հրեաներ ուղարկվել են բանտ, մի մասը հանձնվել է գերմանացիներին և հետագայում սպանվել[28]։

Օկուպացիոն գոտի Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հետ դաշնակցող Վիշիի վարչակարգը մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ վերմախտի կողմից չօկուպացված, այսպես կոչված «ազատ» գոտում գերմանական մահված ճամբարներ է ուղարկել հազարավոր հրեաների և առաջին հերթին օտարերկրացիներին։ Շատ հրեաների փախել են Իտալիայի կողմից օկուպացված տարածքներ Նիցցայի ու Գրենոբլի շրջանում[37]։ 1942 թվականի նոյեմբերին Ֆրանսիան ամբողջությամբ օկուպացվել է գերմանական ու իտալական զորքերի կողմից։ Իտալական բանակը վերահսկում էր Ֆրանսիայի հարավ-արևելքը և այդ տարածքում դադարեցրել է հրեաների արտաքսումը։ Իտալական իշխանությունները նույնիսկ չեղարկել են ֆրանսիացիների կողմից ընդունված որոշումն այն մասին, որ հրեաները պետք է կրեն «դեղին աստղ»։ Գերմանացիների բոլոր գործողությունները բախվում էին իտալացի ռազմական ու դիվանագիտական գործիչների դիմադրությանը[33]։

1943 թվականի փետրվարի 25-ին Հռոմ է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը։ Մուսոլինիի հետ հանդիպման ժամանակ նա իտալական զինվորականներին մեղադրել է Ֆրանսիայից հրեաների արտաքսումը սաբոտաժի ենթարկելու համար։ Իտալական գոտում գերմանական պահանջների հերթական անտեսումից հետո Ռիբենտրոպը Հռոմում դեսպան Հանս Մաքենզենին հանձնարարել է ստանալ Մուսոլինիի համաձայնությունը հրեաների հանձման վերաբերյալ։ Մարտի 17-ին Մաքենզեն հաղորդել է Բեռլին, որ որոշումն ընդունված է․ հրեաների տեղափոխումը հանձնարարվել է ֆրանսիական ոստիկանությանը[33]։

Հրեաների փրկությունը դարձել է Իտալիայի արտաքին գործերի նոր նախարար Ջուզեպե Բաստիանինիի ակտիվ գործողությունների արդյունքը։ Նա Մուսոլինիին համոզել է իրեն հանձնել գերմանացիների հետ բանակցելու գործը։ 1943 թվականի մարտի 20-ին Բաստիանինին հանդիպել է Մաքենզենի հետ և հայտնել նրան, որ իտալական բանակը ֆրանսիացի հրեաներին մեկուսացնում է ճամբարում։ Իրականում ճամբարը եղել է ընդարձակ բնակավայր, որտեղ տիրել են կյանքի համար բավարար պայմաններ։ Պահակները կալանավորներին վերաբերվել են պատճաշ ձևով, ճամբարում գործել են սոցիալական ծառայություններ և նույնիսկ սինագոգ[33]։

Հրեաներն Աֆրիկայի իտալական գաղութներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալածանքները վերաբերել են նաև Աֆրիկայի իտալական գաղութների հրեաներին, թեև ուղղակի և զանգվածային ցեղասպանություն, ինչպես եղել է Եվրոպայում, այդ տարածքներում չի եղել[38][39][40]։

Իտալացիների ներխուժումը Եթովպիա և Իտալական Արևելյան Աֆրիկայի կազմավորումն սկզբում ոչ մի խնդիր չեն ստեղծել եթովպացի հրեաների համար։ Սակայն 1938 թվականից գաղութի տարածքում սկսել են գործել ռասայական օրենքներ, և սկսվել է հրեաների նկատմամբ խտրականության ակտիվ քաղաքականություն։ 1941 թվականին բրիտանական զորքերը վտարել են իտալացիներին այդ տարածքից[40]։

Լիբիայում իտալական իշխանությունները հակահրեական օրենքներ կիրառել սկսել են 1937 թվականից՝ Իտալիայում տիրող հալածանքներին զուգահեռ։ 1941 թվականի ապրիլի 3-ին մուսուլման բնակչությունը Բենգազիում կազմակերպել է հրեաների ջարդ[41]։ 1941 թվականին Լիբիա են մտել դաշնակիցների զորքերը, սակայն իտալա-գերմանական բանակը վերադարձել է 1942 թվականի փետրվարին։ Դրանից հետո հրեաների ունեցվածքը թալանվել է, իսկ 2600 հրեաներ ուղարկվել են հարկադիր աշխատանքի անապատու։ Ապա նրանց են միացել Տրիպոլիի՝ 18-45 տարեկան բոլոր հրեա բնակիչները։ Հյուծումից ու տիֆից մահացել է 562 մարդ[42][43]։

Թունիսում ֆրանսիական պրոտեկտորատի տարածքում ապրում էին Իտալիայի 95 հազար քաղաքացիներ, որոնցից 5-6 հազարը հրեաներ էին։ Պատերազմի ժամանակ իտալական բանակը գերմանացիներից ու Վիշիի վարչակարգից պաշտպանել է ոչ միայն իտալացի, այլև մյուս հրեաներին, որոնք 1940 թվականին Թունիսում հաշվվում էին շուրջ 90 հազար։ Հարկադիր աշխատանքների ու ճամբարներ են ուղարկվել շուրջ 5000 հրեաներ մայրաքաղաքից և մի քանի հարյուր հրեաներ այլ տարածքներից։ Ճամբարների իտալացի պահակները հրեաներին վերաբերվել են ավելի լավ, քան գերմանացիները, որոնք ծեծում և սպանում էին կալանավորներին։ Իտալա-գերմանական օկուպացիայի ընթացքում Թունիսում զոհվել է շուրջ 100 հրեա[38][44]։

Իտալիայի կապիտուլյացիան և օկուպացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հուլիսի 10-ին դաշնակիցների զորքերն ափ են իջել Սիցիլիա կղզում, իսկ սեպտեմբերի 3-ին՝ մայրցամաքային Իտալիայում՝ Ռեջո դի Կալաբրիայի շրջանում։ Իտալիայի կառավարությունը հանձնվել է սեպտեմբերի 8-ին, իսկ սեպտեմբերի 9-ին դաշնակիցների զորքերը հասել են նաև Սալեռնո և Տարանտո։ Սակայն ռազմական գործողությունները շարունակվել են, քանի որ գերմանական զորքերն օկուպացրել էին երկրի հյուսիսային ու կենտրոնական շրջանները՝ ներառյալ Հռոմը։ Հռոմից հարավ կառուցված պաշտպանական ամրաշինությունների գերմանացիներին հաջողվել է կասեցնել դաշնակիցների առաջխաղացումը։ Հետագայում նրանք թշնամում խիստ դիմադրություն են ցույց տվել մինչև 1945 թվականի մայիս։

Հրեաների տեղափոխումը մահվան ճամբարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսոլի տրանզիտային ճամբար

Վերմախտի կողմից Իտալիայի տարածքների մի մասի օկուպացիայից և խամաճիկային Իտալական սոցիալական հանրապետության ստեղծումից հետո՝ 1943 թվականի սեպտեմբերի 23-ին, գերմանացիները ձեռնամուխ են եղել հրեաների զանգվածային ոչնչացմանն ինչպես Իտալիայի տարածքում, այնպես էլ Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Հունաստանի ու Ալբանիայի նախկին իտալական տարածքներում։

ՍՍ գերմանական զորաբաժանումներն Ադոլֆ Այքմանի տեղակալ Թեոդոր Դաննեկերի գլխավորությամբ սկսել են իտալացի հրեաների ու փախստականների տեղափոխումը մահվան ճամբարներ[1][25]։ Որպես տրանզիտային ճամբարներ օգտագործվել են Ֆոսոլին և Բոլցանոն։

Հակահրեական առաջին ակցիաներն անցկացվել են սեպտեմբերի 16-ին Մերանոյում և սեպտեմբերի 22-ին Մաջորե լճի շրջանում[25]։ Նման տիպի խոշորագույն ակցիաներից մեկը տեղի է ունեցել 1943 թվականի հոկտեմբերի 16-ին Հռոմում։ Այդ ժամանակ ՍՍ հատուկ զորաբաժանումների կողմից Իտալիայի մայրաքաղաքում ձերբակալվել է շուրջ 1300 հրեա։ Նրանք ուղարկվել են Օսվենցիմ, որտեղ գրեթե բոլորը զոհվել են[45]։ Համանման ձերբակալություններ ու արտաքսումներ կատարվել են 1943 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Տրիեստում, Գենուայում, Ֆլորենցիայում, Միլանում, Վենետիկում և Ֆերարայում[25]։

1943 թվականի նոյեմբերի 14-ին Իտալիայի սոցիալական հանրապետության իշխանությունները հրեաներին հայտարարել են «ազգի թշնամի»։ Նոյեմբերի 30-ին ներքին գործերի նախարար Գվիդո Բուֆարինի Գվիդին հրամայել է ձերբակալել բոլոր հրեաներին և ուղարկել համակենտրոնացման ճամբարներ՝ բռնագրավելով նրանց ունեցվածքը[46]։ Բազմաթիվ հրեաներ փախել են Շվեյցարիա կամ թաքնվել իրենց իտալացի ընկերների մոտ[47]։

Պատմաբանները սովորաբար նշում են, որ իտալացիները չեն զբաղվել հրեաների տեղափոխմամբ և հակազդել են դրան[2][48]։ Սակայն, ինչպես նշում է Լիլիանա Պիչիոտոն Il Libro Della Memoria («Հիշողության գիրք») գրքում, ճամբար տեղափոխված հրեաների մեծ մասը գերմանացիների տված հանձնարարությունների համաձայն ձերբակալվել են հենց իտալական ոստիկանության կողմից[49]։

Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի զոհերի անուններով հուշատախտակ Միլանում

Տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր Հոլոքոստի զոհ դարձած իտալացի հրեաների վերաբերյալ։ Նշվում է մահվան ճամբարներ ուղարկված 8-12 հազար հրեաների մասին, որոնց մեծ մասը զոհվել է։

Յադ Վաշեմ ինստիտուտի տվյալների համաձայն՝ 1943 թվականի սեպտեմբերից մինչև 1944 թվականի հունվար 3110 հրեաներ ուղարկվել են Օսվենցիմ։ 1944 թվականի ընթացքում ևս 4056 հրեաներ տեղափոխվել են մահվան ճամբարներ։ Իտալացիների ձևական իշխանության տակ գտնվող տարածքներից ճամբարներ են տեղափոխվել 4500 հրեաներ։ Եվս 173 հրեա սպանվել է Իտալիայի տարածքում[2]։ Գերմանացիների օկուպացիայի ժամանակ Իտալիայում բնակվող 44 500 հրեաներից 12 հազարը մինչև պատերազմի ավարտն ուղարկվել են Օսվենցիմ[50]։

Լիլիանա Պիչիոտոյի ներկայացրած տվյալների համաձայն՝ 6746 մարդ ճամբար է ուղարկվել Իտալիայի տարածքից, ևս 1820 մարդ՝ Դոդեկանես կղզեխմբից (այդ թվում՝ 1673 մարդ Հռոդոս կղզուց[51]); Դրանից բացի 303 հրեաներ սպանվել են իտալական հողի վրա։ Եղել են նաև 900-1100 այլ զոհեր, որոնց հրեա լինելը ստույգ հաստատված չէ[45]։ Ճամբարներ ուղարկված 6746 իտալացի հրեաներից փրկվել է 830 մարդ[52]։

«Հուդայիկա հանրագիտարանի» տվյալներով՝ հետապնդումների տարիներին իտալացի հրեաների ընդհանուր կորուստը եղել է շուրջ 40 %։ Այդ թվում՝

  • Տեղափոխում ճամբար (7749 զոհված 8360 տեղափոխվածներից, 1938 թվականի հրեա բնակչության շուրջ 16 %-ը),
  • Կրոնափոխություն (5705 դեպք 1938-1943 թվականներին, շուրջ 12 %),
  • Արտագաղթ (մոտ 6000 մարդ, շուրջ 13 %)։

Կողմնակի հետևանք է եղել նաև հրեական համայնքում ամուսնությունների ու ծնունդների թվի խիստ կրճատումը[47]։

Պատերազմի տարիներին ընդհանուր առմամբ զոհվել է Իտալիայի հրեա բնակիչների շուրջ 15 %-ը[2]։ Ամբողջ երկրի ազատագրումից հետո Իտալիայում կային շուրջ 29 հազար իտալացի հրեաներ և 26 հազար փախստականներ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայից[1]։

Դիմադրություն և փրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի արդարակյաց բժիշկ Ջովաննի Բորոմեո[53]

Իտալական դիմադրության շարժմանը մասնակցել է, տարբեր տվյալներով, 2-5 հազար հրեա։ Իտալիայի հրեական համայնքը ստեղծել է իր ընդհատակյա կազմակերպությունը՝ DELASEM (հապավում, իտալ.՝ Delegazione per l'Assistenza degli Emigranti Ebrei – Պատգամավորություն հրեա էմիգրանտներին օգնելու համար), որը գլխավորում էր Լելիո Վալոբրան։ Այն գործում էր Իտալիայի ողջ օկուպացված տարածքում։ Նրա կազմում ընդգրկված էին ոչ միայն հրեաներ, այլև հռոմեակաթոլիկական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ, կրոնավորներ, ոստիկաններ և նույնիսկ վերմախտի զինվորներ։ Այն բանից հետո, երբ նացիստական Գերմանիայի ճնշման տակ Մուսոլինիի կառավարությունը հրեաներին ճանաչել է «թշնամի ազգ», DELASEM-ն աջակցություն է ցույց տվել տեղի հրեաներին, նրանց մատակարարել ուտելիք, արյուն և ցուցաբերել նյութական օգնություն։

«Դիմադրության հերոս» մեդալով պարգևատրված 270 մարտիկներից յոթը եղել են հրեաներ։ Որոշ հրեաներ ղեկավարել են պարտիզանական մեծ ջոկատներ։ Տոսկանայի պարտիզանների հրամանատար Ալեսանդրո Սինիգալյայի անունով կոչվել է փողոց Հռոմում[54][55][56]։

Իտալացիների, այդ թվում նաև ֆաշիստական ռեժիմի պետական պաշտոնյաների, զինվորականների ու ոստիկանների մասնակցությունը հրեաների փրկության գործին եղել է եզակի երևույթ Գերմանիայի դաշնակիցների շրջանում, հատկապես այն առումով, որ պաշտպանվել ու փրկվել են ոչ միայն Իտալիայի քաղաքացիները, այլև օկուպացված տարածքների հրեաները[5]։ Իտալացի զինվորներն ու սպաները Հարավսլավիայում հրեաներին օգնել են փաքնվել ինչպես օկուպացված տարածքում, այնպես էլ ուղարկել են նրանց Իտալիա մենակ կամ խմբերով[57]։

Բազմաթիվ իտալացիներ Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու համար ճանաչվել են աշխարհի արդարակյացներ։ Նրանց թվում են Սալոնիկում հյուպատոս Գուելֆո Ձամբոնին[58] և շատ ուրիշներ։ Իրեն ներկայացնելով որպես Բուդապեշտում Իսպանիայի հյուպատոս՝ Ջորջո Պերլասկան փրկել է շուրջ 5 հազար հրեաների[59]։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Յադ Վաշեմի կողմից աշխարհի արդարակյաց է ճանաչվել 671 իտալացի[60]։

Նացիստները հրապարակայնորեն պատժել են նրանց, ովքեր օգնել են հրեաներին։ Այսպես, հրեաների թաքցնելու համար էսէսականները 1944 թվականի սեպտեմբերի 4-ին գնդակահարել են 60 եկեղեցականների Տոսկանայի Չերտոզա դի Ֆարնետա վանքում, որ գտնվում է Լուկկա քաղաքի մոտ[61]։

Կաթոլիկ եկեղեցու դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապ Պիոս XII

Հոլոքոստի ընթացքում կաթոլիկ եկեղեցու և Հռամի պապ Պիոս XII-ի դերերի մասին կարծիքները հակասական են[62][63][64][65][66][67]։

Շատերը կարծում են, թե Հռոմի պապը չի արել այն, ինչ կարող էր և պարտավոր էր անել, այսինքն՝ հրապարակայնորեն հանդես գալ հրեաների ցեղասպանության դեմ[68][69]։ Իսրայելի «Յադ Վաշեմ» ազգային հուշահամալիրում ներկայացված է Պիոս XII-ի լուսանկարը, որի մակագրությունում ասվում է[70]

Պապը, որ ընտրվել էր 1939 թվականին, մի կողմ է դրել հակասեմականության ու ռասիզմի դեմ ուղերձը, որ նախապատրաստել էր իր նախորդը։ Նույնիսկ երբ հրեաների ոչնչացման մասին զեկույցները հասել են Վատիկան, նա դրա դեմ չի բողոքել գրավոր կամ բանավոր կերպով։ 1942 թվականին նա չի միացել դաշնակիցների քննադատություններին՝ կապված հրեաների սպանության հետ։ Պիոս XII-ը չի խառնվել, երբ հրեաները տեղափոխվել են Հռոմից Օսվենցիմ։

Վատիկանը պնդում է, թե Հռոմի պապ Պիոս XII-ը գործ է դրել բոլոր միջոցները, որպեսզի փրկի որքան հնարավոր է շատ հրեաների պատերազմի ժամանակ, սակայն դրա համար օգտագործել է դիվանագիտական միջոցներ, քանի որ կաթոլիկների առաջնորդի առավել բացահայտ միջամտությունը կարող էր միայն վատթարացնել դրությունը։ Գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Հռոմի պապը մասնակցել է հրեաների փրկությանը[71][72]։ 2012 թվականին Յադ Վաշեմը մեղմել է Պիոս XII-ի վերաբերյալ մեղադրական ձևակերպումները[73]։ Այդ թեմային վերաբերող նոր փաստերը կարող են հրապարակվել Վատիկանի արխիվի բացումից հետո[74]։

Կաթոլիկ եկեղեցու շատ կրոնավորներ ուղղակի մասնակցություն են ունեցել հրեաների փրկության գործում։ 74 հրեա երեխայի է փրկել Դոն Արիգո Բեքարին, որ սեմինարիայի կրոնավոր էր Նոնանտոլա գյուղում[75]։ Ասիզիի եպիսկոպոս Ջուզեպե Պլասիդո Նիկոլինին և հայր Ալդո Բրունաչին կազմակերպել են ապաստարան մոտ 200 հրեաների համար տղամարդկանց ու կանանց 26 մենաստաններում[76]։ Ընդ որում, գոյություն ունեն մի շարք վկայություններ, որ պատերազմից հետո կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան կրոնավորները թաքցրել են նացիստական ռազմական հանցագործներին և օգնել նրանց փախչել այլ երկրներ[68][77]։

Միասեռականների հալածանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստները բացասաբար էին վերաբերվում նաև միասեռականներին։ Միասեռականների կապի համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածն առաջարկվել է 1927 թվականին։ Սակայն 1930 թվականին հանձնաժողովը դատավոր Ապիանիի գլխավորությամբ եզրակացրել է, որ «ի ուրախություն և հպարտություն Իտալիայի՝ այդ զզվելի արատը այնքան տարածված չէ, որպեսզի արդարացվի օրենսդրական միջամտությունը», և բռնաբարությունների ու այլասերվածության հետ կապված հարցերի լուծման համար բավական են եղած ոստիկանական լիազորությունները[78]։ 1938 թվականին մի քանի հազար միասեռականների հեռացրել են աշխատանքից, արտաքսել են փոքր քաղաքներ, մի մասն էլ տեղափոխվել է Լիպարի կղզի։

Նացիստական օկուպացիայի ընթացքում՝ 1943-1945 թվականներին, հազարավոր միասեռականներ կալանավորվել են համակենտրոնացման ճամբարներում հրեաների, ռեժիմի քաղաքական հակառակորդների ու Եհովայի վկաների հետ միասին։ Ըստ պլանների՝ այդ խմբերը, ի տարբերություն ոչնչացման դատապարտված հրեաների, ենթակա էին «վերադաստիարակության»։ Սակայն խիստ ծանր պայմանների ու պահակների վերաբերմունքի պատճառով նրանցից շատերը զոհվել են կարճ ժամանակի ընթացքում։ Ըստ պրոֆեսոր Ռյուդիգեր Լաուտմանի ներկայացրած տվյալների՝ ճամբարներում մահացել է միասեռական կալանավորների երկու երրորդը[3][79]։

Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Archivio studio kuadra01.jpg Cortile delle stele.jpg
Հրեաների տեղահանության հուշարձան Բորգո Սան Դալմացոյում
Քաղաքական ու ռասայական տեղահանությունների հիշատակի թանգարան

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն Իտալիայում, ինչպես նաև շատ այլ երկրներում, նշվում է հունվարի 27-ին՝ Օսվենցիմի ազատագրման օրը։ Ամսաթիվը խորհրդարանի կողմից պաշտոնապես հաստատվել է 2000 թվականի հուլիսին[80]։ Այդ օրը երկրում սովորաբար անցկացվում են հասարակական միջոցառումներ՝ կապված այդ իրադարձությունների հետ[81][82]։ 2004 թվականի այդ օրը Հռոմի Օլիմպիական մարզադաշտում անցկացվել է բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի արդյունքում ստացված միջոցներն ուղղվել են Իտալիայի մայրաքաղաքում Հոլոքոստի թանգարանի կառուցմանը[83]։

Իտալիայում տեղադրվել են Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Մահվան ճամբարներ տեղափոխվածների հիշատակին նվիրված հուշարձաններ կան Հռոմում, Միլանում, Մերանոյում, Կոմոյում, Բորգո Սան Դալմացոյում և երկրի այլ քաղաքներում։ 1990 թվականին Բոլոնյայի Ցեզարինի վիլլայի այգում հուշաքար՝ ի հիշատակ ֆաշիզմի զոհ դարձած միասեռականների։ Համանման հուշատախտակ է տեղադրվել 2005 թվականին Տրիեստում՝ Ռիսիերա դի Սան Սաբա ճամբարի տարածքում[3]։ Հռոմում տեղադրվել է գնչուների հալածանքներին նվիրված հուշատախտակ[84]։

Հոլոքոստի պատմությունն Իտալիայում ուսումնասիրում են գիտնականները, մասնավորապես «Բիելլա և Վերչելլի գավառների Դիմադրության մեր ժամանակների պատմության ինստիտուտում» (իտալ.՝ Istituto per la storia della Resistenza e della societа contemporanea nelle province di Biella e Vercelli)[85]։ 1995 թվականին Միլանի կայարանի տակ հայտնաբերվել է գաղտնի մուտք, որով հրեաներին Միլանից տեղափոխել են Օսվենցիմ[49]։ 1999 թվականին Իտալիան դարձել է Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման հարցում համագործակցության միջազգային կազմակերպության (ITF) անդամ[86]։ 2011 թվականի հունիսին Իտալիայի կրթության նախարարությունը համաձայնություն է կնքել Իսրայելի իր գործընկերների հետ Իսրայելի «Յադ Վաշեմ» հուշահամալիրում ուսուցիչների վերապատրաստման վերաբերյալ, որպեսցի նրանք հետագայում Իտալիայի դպրոցների ավագ դասարաններում դասապանդեն Հոլոքոստի պատմություն[87]։

Իտալիայում կան նաև Հոլոքոստը ժխտող անձինք[88][89]։ 2003 և 2005 թվականներին անցկացված հարցումների համաձայն՝ իտալացիների 11-12 %-ը ժխտում է Հոլոքոստի իրական լինելը[90][91]։ Իտալիայի խորհրդարանը 2007 թվականի հունվարի 26-ին մերժել է Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդման վերաբերյալ օրինագիծը, որ առաջարկվել էր արդարադատության նախարար Կլեմենտ Մաստելայի կողմից[92][93][94]։

Հոլոքոստի զոհերի հուշարձաններն Իտալիայում հաճախ են վնասվում տարբեր անձանց կողմից[95][96][97]։

Հոլոքոստն Իտալիայում իր արտացոլումն է գտնում կինոյում և գրականության մեջ։ Այդ թեմային անդրադարձած առավել հայտնի գրողներից է իտալացի հրեա Պրիմո Լևին, որ փրկվել է Օսվենցիմի ճամբարից[98]։ Նրա ինքնակենսագրական գրքերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ Հոլոքոստի թեման իր արտացոլումն է գտել նաև «Կյանքը հիասքանչ է» տրագիկոմեդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Италия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Италия»։ Энциклопедия Катастрофы։ Яд ва-Шем։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-10-ին։ Վերցված է 2012-1-8 
  3. 3,0 3,1 3,2 Peter Popham.։ «Italy finally ready to recognise the suffering of gays in Holocaust camp» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-25 
  4. «Legislatura 16º - Disegno di legge N. 2558» (իտալերեն)։ senato.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-31 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Peter Egill Brownfeld.։ «The Italian Holocaust: The Story of an Assimilated Jewish Community» (անգլերեն)։ The American Council For Judaism։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-3 
  6. 6,0 6,1 Елина Н.։ «История евреев Италии»։ Маханаим։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-3 
  7. Vincenzo Salerno.։ «Guido Jung» (իտալերեն)։ Best of Sicily Magazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-25-ին։ Վերցված է 2012-4-25 
  8. Saviona Mane. The Jewish mother of Fascism(անգլ.) // Haaretz : newspaper. — 6 July, 2006.
  9. Mussolinis Femme-Fatale, New York Review of Books, July 15, 1993 (անգլ.)
  10. Margherita G. Sarfatti, Benito Mussolini. The Life of Benito Mussolini. — Kessinger Publishing, 2004. — 368 p. — ISBN 9781417939626
  11. 11,0 11,1 Кошелев Д. А. Краткий очерк германского национал-социалистического права, 1933—1939 / Под общ. ред. В. М. Ведяхина. — Самара, 2004. — 103 с.
  12. Манин Е. "Другая женщина" Дуче // Вестник. — 14 сентября 1999. — В. 19 (226).
  13. Gillette, Aaron (2002), Racial Theories in Fascist Italy, Routledge, p. 44, ISBN 041525292X, https://books.google.am/books?id=6Y8XRZAdv9IC&pg=PA44  (անգլ.)
  14. Mussolini, Benito // Encyclopaedia Judaica / Ed. Fred Skolnik, Michael Berenbaum. — Second edition. — Macmillan Reference USA, 2007. — Vol. 14 (Mel-Nas). — P. 703. — ISBN 978-0-02-865942-8.
  15. Тадтаев X. Б.։ «Этнос. Нация. Раса»։ Библиотека РГИУ։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-04-28-ին։ Վերցված է 2012-1-12 
  16. Paolo Orano. Gli Ebrei in Italia. — 2nd ed. — Rome: Casa Editrice Pinciana, 1938.
  17. Abramo Levi. Noi Ebrei. — Rome: Casa Editrice Pinciana, 1937.
  18. Ovazza Ettore. II problema ebraico: Risposta a Paolo Orano. — Rome: Casa Editrice Pinciana, 1938.
  19. David D. Roberts. The Syndicalist Tradition and Italian Fascism, 1979. — P. 323—324.
  20. Italy(անգլ.) // Encyclopaedia Judaica. — 1971. — Т. 9. — С. 1133—1134.
  21. «Documentazione» (իտալերեն)։ olokaustos.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-25-ին։ Վերցված է 2012-1-1 
  22. 22,0 22,1 «Бенито Муссолини — диктатор Италии, основоположник европейского фашизма (часть II)»։ Всемирная история в лицах։ vivl.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-10 
  23. Diana Troiani, Ermanno Manni.։ «A tribute to Italian physiologists of Jewish descent evicted during the persecution ordered by the Fascist Regime in 1938» (անգլերեն)։ Advances in Physiology Education։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  24. Yehuda Bauer. My Brother’s Keeper. A History of the American Jewish Joint Distribution Committee 1929—1939. — The Jewish Publication Society of America, Philadelphia, 1974
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Italy(անգլ.) // Encyclopaedia Judaica. — 1971. — Vol. 9. — P. 1135—1136.
  26. Paul Mojzes. Balkan Genocides: Holocaust and Ethnic Cleansing in the Twentieth Century. — Rowman & Littlefield, 2011. — P. 65. — 299 p. — (Studies in genocide). — ISBN 9781442206632
  27. Ալբանիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  28. 28,0 28,1 28,2 Kosovo Holokaust 1941—1945 (Ստուգված է 22 Հունվարի 2012)
  29. 29,0 29,1 Беркович Е. М. Банальность добра, или Как итальянские фашисты спасали евреев. Часть 1 // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 31 декабря 2002 года. — В. 1.
  30. Chip Berlet.։ «Old Nazis, the New Right, and the Republican Party» (անգլերեն)։ publiceye.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-2 
  31. Nora Levin. The holocaust: the destruction of European Jewry, 1933—1945. — New York: The Schocken Books, 1973. — P. 514—517.
  32. Հունաստան՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  33. 33,0 33,1 33,2 33,3 Беркович Е. М. Банальность добра, или Как итальянские фашисты спасали евреев. Часть 2 // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 12 января 2003 года. — В. 2.
  34. Miranda Vickers. The Albanians: a modern history. — 3d ed. — I.B.Tauris, 1999. — P. 137. — 282 p. — ISBN 9781860645419
  35. «The Virtual Jewish History Tour: Albania»։ Jewish Virtual Library (անգլերեն)։ American-Israeli Cooperative Enterprise։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-2-3 
  36. «Albania»։ The Holocaust Resource Center (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-2-3 
  37. Giorgio Bocca. Storia d'Italia nella guerra fascista: 1940-1943 — Roma: Mondadori, 1996. — P. 414. — ISBN 8804412143.
  38. 38,0 38,1 Даниил Романовский. Евреи Северной Африки во время Второй мировой войны // Лехаим : журнал. — май 2010. — № 5 (217).
  39. «North Africa and the Middle East» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2012-1-12 
  40. 40,0 40,1 Хагай Эрлих и др. Эфиопия: христианство, ислам, иудаизм. — Открытый университет Израиля, 2006. — С. 438-440. — ISBN 965-06-0877-X
  41. Jews in Libya. Encyclopaedia Judaica (Ստուգված է 22 Հունվարի 2012)
  42. Լիբիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  43. «Libya» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  44. «Tunisia» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  45. 45,0 45,1 Liliana Picciotto Fargion. Il Libro della Memoria. Gli Ebrei deportati dall’Italia (1943—1945) — Milan: Mursia, 1991.
  46. F.to Buffarini Guidi.։ «L'ordine di internamento degli ebrei» (իտալերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-14 
  47. 47,0 47,1 Encyclopaedia Judaica (1971): Italy, vol. 9, col. 1137—1138
  48. Две различные проблемы? Историография Второй мировой войны и Холокост =«Two Separate Issues? Historiography of World War II and the Holocaust» in David Bankier, Dan Michman, eds., Holocaust Historiography in Context: Emergence, Challenges, Polemics, and Achievements — Jerusalem: Yad Vashem, 2009. — P. 379—401.
  49. 49,0 49,1 «Италия равнодушна к Холокосту»։ jewish.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  50. «Уничтожениие евреев Западной Европы»։ Яд ва-Шем։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-14 
  51. Marc Stephen Dubin. Rough Guide to the Dodecanese & East Aegean islands. — 3. — Rough Guides, 2002. — P. 108. — 535 p. — ISBN 9781858288833
  52. Лазарис В. Три женщины. — Тель-Авив: Ладо, 2000. — С. 212. — 622 с.
  53. «Righteous Among the Nations Honored by Yad Vashem By 1 January 2011» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-11 
  54. Сопротивление антинацистское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  55. Маляр И. И.։ «Вклад евреев в победу над нацизмом»։ Курс «Катастрофа европейского еврейства»։ Открытый университет Израиля։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-02-19 
  56. «Jewish Partisan Educational Foundation - JPEF - Partisans Operating In Italy» (անգլերեն)։ jewishpartisans.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  57. Paul Mojzes. Balkan Genocides: Holocaust and Ethnic Cleansing in the Twentieth Century. — Rowman & Littlefield, 2011. — P. 66. — 299 p. — (Studies in genocide). — ISBN 9781442206632
  58. ««Gli italiani baciano le ebree!…»» (իտալերեն)։ olokaustos.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-2 
  59. Беркович Е. М. Консул-самозванец (история о том, как итальянский фашист спас от уничтожения тысячи евреев) // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 9 декабря 2001 года. — В. 1.
  60. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016»։ Яд ва-Шем։ Վերցված է 2016-2-17 
  61. «Rome Court Acquits Former Nazi Officer» (անգլերեն)։ Deutsche Welle։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-4 
  62. «Израиль: международный симпозиум ученых «Папа Пий XII и Холокост» — Центр и Фонд «Холокост»»։ Фонд «Холокост»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-11 
  63. «Папа Римский отверг обвинения в бездействии католической церкви во время Холокоста»։ Новостей.COM։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  64. «European «Bystanders»» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  65. «Pius XII» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  66. «Pope Pius XII and the Holocaust» (անգլերեն)։ Trinity College (Hartford, CT)։ 26 Feb 2001։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-01-27 
  67. Holocaust, (անգլ.), Britannica
  68. 68,0 68,1 Michael Phayer. The Catholic Church and the Holocaust, 1930—1965. — Bloomington: Indiana University Press, 2000. — 301 p. — ISBN 978-0253337252
  69. Susan Zuccotti. Under His Very Windows: The Vatican and the Holocaust in Italy. — New Haven and London: Yale University Press, 2000. — (Nota Bene). — ISBN 0-300-08487-0
  70. «Обелить Пия XII: Ватикан выложит в сети архивные документы в защиту Папы»։ NEWSru.co.il: новости Израиля։ 17 февраля 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-01-22 
  71. «Папа Пий XII в годы Второй мировой спасал евреев от Холокоста»։ jewish.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-11 
  72. «Жертвы Холокоста против признания папы Пия XII святым»։ NEWSru.co.il։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-11 
  73. ««Яд ва-Шем» смягчил риторику по отношению к Пию XII»։ MIGnews։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-1 
  74. Гнетий В., Шарый С.։ «Холокост как боль Пия XII»։ Радио Свобода։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-05-10-ին։ Վերցված է 2014-01-26 
  75. «74 еврейских ребенка спас итальянский священник во время Второй мировой войны»։ jewish.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-11 
  76. «Организация Ассизи»։ Яд ва-Шем։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-12 
  77. «Седьмой Канал - Папа Павел VI во время войны сотрудничал с нацистами»։ 7kanal.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  78. «La persecuzione degli omosessuali durante il nazifascismo» (իտալերեն)։ Istituto veronese per la storia della Resistenza e dell'età contemporanea։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-28 
  79. William A. Percy.։ «Homosexuality and the Holocaust» (անգլերեն)։ hu-berlin.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-25 
  80. «Italy honours Holocaust Memorial Day» (անգլերեն)։ Ministry of Foreign Affairs։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-15 
  81. «День памяти жертв Холокоста проходит в Италии — Новости Общества.»։ Новости@Mail.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-15 
  82. «В Италии отмечают Международный день памяти жертв Холокоста»։ ИТАР-ТАСС Урал։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-15 
  83. «В Риме пройдет футбольный матч, все средства от которого пойдут на строительство музея Холокоста»։ sem40.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-15 
  84. «Commemorative events in Italy and Czech Republic for Roma killed during the Holocaust» (անգլերեն)։ European Roma Rights Centre։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-31 
  85. «Deportazione, internamento e antisemitismo» (իտալերեն)։ Istituto per la storia della Resistenza։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  86. «Holocaust Education, Remembrance, and Research in Italy» (անգլերեն)։ Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  87. «Итальянских учителей научат преподавать Холокост»։ Jewish.ru։ ФЕОР։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-12 
  88. «Курс в университете: «Ложь Холокоста» (видео)»։ CFCA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  89. «Итальянский священник: Газовые камеры использовались для дезинфекции»։ CFCA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  90. «Yad Vashem Responds to Poll in Italy Revealing Widespread Holocaust Denial and Antisemitism» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-2 
  91. John Hooper. Holocaust denied by 12% in Italy // The Guardian. — 28 January 2005.
  92. «Правительство Италии одобрило законопроект: за отрицание Холокоста – тюрьма»։ NEWSru.co.il։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  93. Rafael Medoff & Alex Grobman. Holocaust Denial: A Global Survey - 2007. — Washington: The David S. Wyman Institute for Holocaust Studies, 2007.
  94. «News Brief» (անգլերեն)։ JTA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-2 
  95. «В Риме осквернен мемориал Холокоста»։ CFCA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  96. «Антисемитские порочащие граффити распылены на антинацистском музее»։ CFCA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  97. «Антисемитские граффити»։ CFCA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-1-1 
  98. «Книга века в Италии – «Человек ли это?» Презентация книг Примо Леви»։ ЭКСПО-ПАРК։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-2-4 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]