Հոլոքոստը Ռումինիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստը Ռումինիայում, հրեաների ու գնչուների հալածանքներն ու ոչնչացումը Ռումինիայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Անտոնեսկուի պլանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի վարչապետ Յոն Անտոնեսկուն ցանկացել է Ռումինիան տեսնել առանց ազգային փոքրամասնությունների և առաջին հերթին առանց գնչուների ու հրեաների[1]։ Նա ասել է. «Ես ոչնչի չեմ հասնի, եթե չմաքրեմ ռումինական ազգը։ Ոչ թե սահմանները, այլ ռասայի համասեռությունն ու մաքրությունն են ուժ տալիս ազգին. այդպիսին է իմ բարձրագույն նպատակը»։ 1940 թվականին սկսվել է Ռումինիայի հրեաների իրավունքների սահմանափակումը։ Արգելվել են ամուսնությունները ռումինացիների ու հրեաների միջև, իսկ լեգեոներների խռովության ժամանակ Բուխարեստում ու երկրի այլ քաղաքներում կատարվել են առաջին մեծամասշտաբ կոտորածները։ Պատերազմի սկզբին՝ հունիսի 27-ին, Յաշում տեղի է ունեցել ևս մեկ խոշորամասշտաբ կոտարած, որի արդյունքում, ըստ ռումինական հանձնաժողովի տվյալների, զոհվել է 8000 և ձերբակալվել ու Յաշի սահմաններից դուրս տարվել 5000 հրեա (ըստ այլ հաշվարկների՝ զոհվել է 13 266 մարդ, ներառյալ նաև քաղաքից տեղափոխելու ժամանակ զոհվածները)։ Այդ կոտորածը դարձել է առաջինը իշխանությունների կողմից կազմակերպվածների շարքում։ Որպես պատճառ ծառայել են Յաշի հրեաների նկատմմաբ մեղադրանքները կոլաբորացիոնիզմի և ռումինացի զինվորների վրա հարձակվելու մեջ[2]։ Անտոնեսկում իրականացրել է կոշտ քաղաքականություն ոչ ռումինների և առաջին հերթին հրեաների նկատմամբ։ Չնայած դրան՝ նրան դեմ են հանդես եկել Ռումինիայի հրեաների միությունն ու Հրեական կուսակցությունը։ Վերջինս նույնիսկ հումանիտար օգնություն է ուղարկել Տրանսնիստրիայի համակենտրոնացման ճամբարներ ու գետտոներ։

Անտոնեսկուի ցանկության իրականացման համար նրա մասնակցությամբ մշակվել է Ռումինիայի բոլոր հրեաների լիկվիդացման հատուկ պլան։ Համաձայն պլանի՝ առաջինը պետք է ոչնչացվեին Բուկովինայի, Բեսարաբիայի, Տրանսնիստրիայի հրեաները։ Ուկրաինայի ու Մոլդովայի հրեաների բռնաճնշումներից հետո՝ հինգ տարվա ընդմիջումով, պետք է սկսվեր հրեաների զանգվածային արտաքսումը Ռումինիայի կենտրոնական տարածքներից։ Ընդհանուր առմամբ Ռումինիայում (Բեսարաբիայում ու Բուկովինայում) ապրում էր շուրջ 600 000 հրեա։ Պլանի ուղղակի կատարումն ակավել է հուլիսի 17-ին։ Այդ ժամանակ Անտոնեսկուն, որ գտնվում էր Բելցիում, հրամայել է օկուպացված տարածքներում ստեղծել գետտոներ ու համակենտրոնացման ճամբարներ։ Խոշորագույններն են եղել Վերտյուժանիի, Սեկուրենիի և Եդինցիի ճամբարները։ Դրանից բացի Քիշնևում կազմակերպվել է գետտո[1]։

Արտաքսում և սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիա, հրեաների ձերբակալումը հետագա արտաքսման համար
1942 թվականի հաշվետվություն ռումինացի գնչուներին Տրանսնիստրիա արտաքսելու վերաբերյալ
Ձերբակալված ռումինացի հրեաներ

Բուկովինայի ու Բեսարաբիայի համակենտրոնացման ճամբարներ առաջինը հասել են գնչուները։ Ռումինիայում ձերբակալվել է 30 000 գնչու, ևս 6100-ը ձերբակալվել է Մոլդովայում և Ուկրաինայում[3]։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է նախկին Մոլդովայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ձևավորված Տրանսնիստրիա և հավաքվել Տիրասպոլի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարներում։ Համակենտրոնացման ճամբարների 25 հազար գնչու կալանավորներից զոհվել է շուրջ 11 հազարը[4]։ Նրանցից հետո Բեսարաբիայի ու Բուկովինայի նահանգների համակենտրոնացման ճամբարներ են սկսել բերել ռումինացի ու տեղացի հրեաներին[1]։

Սեպտեմբերի 7-ին Անտոնեսկուն ասել է, որ հրեաներին պետք է արտաքսել Դնեստրից այն կողմ։ Այդպիսի զանգվածային տեղահանության համար մշակվել են հատուկ պլան և ուղիներ։ Կալանավորված բոլոր հրեաները պետք է գնային ոտքով (մահվան երթ), իսկ հետ մնացողներն ու գնալ չկարողացողները պետք է գնդակահարվեին տեղում։ Նման գնդակահարություններ անցկացնելու համար ճանապարհի երկայնքով՝ մեկը մյուսի 10 կմ հեռավորության վրա, փորվել են հարյուրական մարդու համար նախատեսված փոսեր։ Գնդակահարվածներին նետել են այդ փոսերը։ Դեկտեմբերի 9-ին գնչուներին ու հրեաներին Բեսարաբիայի ու Բուկովինայի համակենտրոնացման ճամբարներից ամբողջովին տեղափոխել են Տրանսնիստրիայի համակենտրոնացման ճամբարներ[1]։ Նրանց են միացել տեղացի հրեաները, մասնավորապես Օդեսայից, ինչպես նաև Հարավային Բուգի ձախ ափից[1].

Սակայն ռումինական ղեկավարությունը չէր սպասում կալանավորների այդպիսի մեծ քանակ։ Տրանսնիստրիայի ճամբարները գերլցվել են, ինչի պատճառով շարասյուներն ստիպված են եղել անցնել մի ճամբարից մյուսը։ Համակենտրոնացման ճամբարներում հաճախ չեն եղել կառույցներ ու պարենամթերք, և հրեաները մահացել են սովից ու ցրտից։ Հատկապես բարձր է եղել մահացության աստիճանը 1941-1942 թվականների ձմռանը։ Սովի ու հիվանդությունների պատճառով կալանավորները մահացել են։ Մահացածները չեն թաղվել, ինչը հանգեցրել է հիվանդությունների նոր բռնկումների[1]։ Տրանսնիստրիայի Գոլտա ժուդեցում (շրջանում) եղել է ամենավատ դրությունը։ Այդ շրջանն ստացել է «մահվան թագավորությունը» ոչ պաշտոնական անունը, որովհետև այնտեղ էին գտնվում Ռումինիայի խոշորագույն մահվան ճամբարները։ Դրանք են եղել Բոգդանովկան, Դոմանևկան, Ակմաչետկան և Մոստովոեն։ 1941-1942 թվականների ձմռանն այդ ճամբարներում կատարվել են հրեաների զանգվածային գնդակահարություններ։ Հարավային Բուգի ափին մի քանի օրվա ընթացքում գնդակահարվել է 40 000 կալանավոր, ևս 5000 մարդ կենդանի այրվել է Բոգդանովկայում[1]։

Գնդակահարությունների դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրությունը փոխվել է 1942 թվականի փետրվարից հետո, երբ ռումինական ղեկավարությունը հրաման է տվել դադարեցնել հրեաների զանգվածային գնդակահարություններըժ[5]։ Տրանսնիստրիայի գետտոներում ու համակենտրոնացման ճամբարներում ռումինական կառավարության աջակցությամբ սկսել են ձևավորվել կառավարման մարմիններ։ Յուրաքանչյուր ճամբար կամ գետտո ղեկավարել է «համայնքի նախագահը», որին ենթարկվել են խիստ կառուցված սոցիալական ծառայություններն ու տնայնագործական արտադրությունը։

Տրանսնիստրիայի հյուսիսային մասում (Միգիլյով-Պոդոլսկից հյուսիս և արևելք) հրեաները (ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ արտաքսվածները) մեծ մասամբ գտնվել են ոչ թե ճամբարներում, այլ գետտոյում, ինչը որոշակիորեն թեթևացրել է նրանց դրությունը։ Մի շարք քաղաքներում ու բնակավայրերում (օրինակ՝ Մոգիլյով-Պոդոլսկիում, Ջուրինում, Շարգորոդում) ստեղծվել են հրեական կոմիտեներ, որոնց կազմում ներառվել են տեղացի հրեաների ներկայացուցիչները և Բեսարաբիայի ու Բուկովինայի համայնքների առաջնորդները։ Երբեմն նման կոմիտեներ նշանակել է ռումինական ղեկավարությունը, և այդ դեպքերում այն եղել է յուդենրատի նման։ Կոմիտեները կազմակերպել են հասարակական խոհանոցներ, հացի փռեր, օճառի գործարաններ, հիվանդանոցներ, որբերի ապաստարաններ, արհեստագործական ու սպառողական կոոպերատիվներ, փոստային բաժանմունքներ, վարել են ծնունդների ու մահերի հաշվարկը։ Հրեա բժիշկները փորձել են պայքարել համաճարակների դեմ։

Ազատության մեծ մնացած ռումինացի հրեաները պարբերաբար պարենային օգնություն են ուղարկել Տրանսնիտրիա։ Ռումինիայի հրեաների խորհուրդը կազմակերպել է Օգնության ինքնավար կոմիտե։ 1943 թվականի հունվարի սկզբին ռումինացի հրեաների պատվիրակությունը Ֆ. Շրագայի գլխավորությամբ թույլտվություն է ստացել այցելել Տրանսնիստրիա և այնտեղի հրեաների դրության վերաբերյալ նրանց հաշվետվությունը թարգմանվել է մի քանի լեզվով և ուղարկվել տարբեր երկրների հրեական կազմակերպություններին։

Ինքնավար կոմիտեին 1943 թվականից ֆինանսական օգնություն են ցույց տվել Ջոյնթը, Համաշխարհային հրեական կոնգրեսը, ՕԶԵ-ն և Ստամբուլում գտնվող Փրկության կոմիտեն, որ գործել է համաշխարհային Սինոնիստական կազմակերպությանը կից։

1942-1943 թվականներին առավել մեծ վտանգ է սպառնացել քաղաքների ու օկուպացիայի ռումինական գոտին գերմանականից բաժանով Հարավային Բուգին մոտ տեղակայված բնակավայրերի հրեաներին. գերմանական ջոկատները բազմիցս անցել են գետն ու կազմակերպել հրեաների շուրջկալներ։ Նրանց սպանել են տեղում կամ անցկացրել են գետի մյուս ափն ու ուղարկել հարկադիր աշխատանքների, որոնց ավարտից հետո գնդակահարել են։ Այդպես միայն 1942 թվականի աշնանը սպանվել է շուրջ հազար մարդ։ Երբեմն հենց ռումինական ղեկավարությունը հրաների խմբեր են ուղարկել հարկադիր աշխատանքներ կատարելու օկուպացիայի գերմանական հատվածում, որտեղ նրանց գրեթե միշտ ոչնչացրել են, մասնավորապես այդպես է վարվել Տուլչինի ու նրա ծայրամասերի վարչության ղեկավարը։ 1942 թվականի հոկտեմբերի 20-ին գերմանացիները ոչնչացրել են Բար քաղաքի գետտոյի հրեաներին, ընդ որում՝ զոհվել է շուրջ 12 հազար մարդ։ Վիպնյարկա համակենտրոնացման ճամբարի կալանավորներին որպես կերակուր տրվել է թունավորված բակլա, որն առաջացրել է կաթվածահարություն կամ մահ։ 1943 թվականի դեկտեմբերին Ռումինիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է կառավարությանը, որ կենդանի է մնացել 50 740 հրեա Տրանսնիստրիա արտաքսվածներից (իրականում՝ շուրջ վաթսուն հազար)։

1943 թվականի հունիսին Անտոնեսկուն հանձնարարություն է տվել Տրանսնիստրիայից տարեցների, այրիների, Առաջին համաշխարհային պատերազմի հաշմանդամների ու նախկին բանակային սպաների վերադարձի վերաբերյալ։ Գերմանացի խորհրդատուների պնդմամբ Տրանսնիստրիայի իշխանությունները մինչև դեկտեմբեր սաբոտաժի են ենթարկել այդ հրամանի կատարումը, սակայն դրանցից հետո մեկուկես հազար հրեաներ հնարավորություն են ստացել վերադառնալու Դորոխոյ։

1944 թվականի փետրվարին, երբ խորհրդային բանակի ճնշման տակ նահանջող գերմանական զորքերը դիրք են գրավել Տրանսնիստրիայում, Անտոնեսկուն դիմել է գերմանական հրամանատարությանը՝ պահանջելով անկարգություններ թույլ չտալ հրեաների նկատմամբ։ Այդ պահանջը հիմնականում կատարվել է, և միայն Տիրասպոլում սպանվել են քաղաքային բանտում պահվող շուրջ հազար հրեաներ։ 1944 թվականի մարտի 15-ին խորհրդային զորքերն անցել են Հարավային Բուգն ու մի քանի օրում մոտեցել Դնեստրին։ Այդ ընթացքում հրեական հանձնաժողովը, որը եկել էր Բուխարեստից, կարողացել է Ռումինիա տեղափոխել 2518 հրեաների Տիրասպոլից ու Բալտայից։ Դրանից առաջ Յաշ էին տեղափոխվել 1846 հրեա որբեր Տրանսնիստրիայից։ Մինչև ապրիլի կեսերը Հարավային Բուգի ու Դնեստրի միջև ընկած ողջ տարածքն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից[6]։

Զոհերի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռումինական կողմի պնդման՝ Բուկովինայի, Բեսարաբիայի ու Տրանսնիստրիայի ռումինական վարչությունն օկուպացիայի ողջ ընթացքում ճամբարներում ոչնչացրել է 270 000 մարդ։ Երբ խորհրդային բանակն անցել է Հարավային Բուգն ու հասել գետի աջ ափը, Անտոնեսկուն շտապ հրամայել է հանել սպանված հրեաների մարմիններն ու այրել[7]։ Միևնույն ժամանակ, ըստ ոչ ստույգ տվյալների՝ միայն 1941-1942 թվականների ձմռանը առանձին վերցված Տրանսնիստրիայի տարածքում սպանվել է 250 000 հրեա։ 1944 թվականին Ռումինիայի կողմից օկուպացված խորհրդային տարածքներում կենդանի է մնացել 50 000 հրեա[1] և 15 000 գնչու։ Գերմանացիների համեմատությամբ ռումինացիները ցուցաբերել են պակաս դաժանություն, ինչի շնորհիվ Տրանսնիստրիայի տարածքում է փրկվել ԽՍՀՄ օկուպացված տարածքներում կենդանի մնացած հրեաների 70 %-ը[8]։

Ռումինիայի տարածքում 1947 թվականին հաշվվել է 428 300 հրեա, իսկ 1944-1947 թվականներին վերապրածների մի մասը հեռացել էր երկրից[9]։

Հանցագործությունների հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունը Ռումինիայում սկսվել է 1946 թվականին։ Դատարանի առաջ է կանգնել 2700 կասկածյալ, որոնցից 668 մարդ դատապարտվել է, իսկ մնացածներն ազատ են արձակվել ապացույցների բացակայության պատճառով[10]։

Աշխարհի արդարակյացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Ռումինիայի 60 քաղաքացիներ ճանաչվել են աշխարհի արդարակյացներ Հոլոքոստից հրեաներին փրկելուն օգնելու համար[11]։

Հոլոքոստի ժխտումը Ռումինիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայում կոմունիստական վարչակարգի անկումից հետո ազգայնական տրամադրություններ ունեցող ռումինացի պատմաբանների մի մասն արդարացրել է հրեաների ցեղասպանությունն ու Անտոնեսկուի ռեժիմի հանցագործությունները, իսկ ոմանք ընդհանրապես ժխտում են ցեղասպանությունը[12]։ 2003 թվականի հունիսին Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռումինիայում Հոլոքոստ չի եղել[13]։ Հրեական համայնքի վրդովմունքն է առաջացրել 2012 թվականին Դան Սովի նշանակումը նախարարի պաշտոնում, որը պնդել է, թե «ոչ մի հրեա չի տուժել Ռումինիայի տարածքում» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Клара Жигня Холокост бессарабских евреев // Достижения.
  2. RICHR, Ch. 5 Արխիվացված 2009-03-06 Wayback Machine, p. 22
  3. Катрин Реемтсма «Синти и Рома». Современная культура и история. — Мюнхен, 1996. — С. 122—123.
  4. International Commission on the Holocaust in Romania (2004 թ․ նոյեմբերի 11). «Executive Summary: Historical Findings and Recommendations» (PDF). Final Report of the International Commission on the Holocaust in Romania (անգլերեն). Yad Vashem (The Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Authority). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  5. «Яд ВаШем Шоа в Транснистрии: трагедия Одесского еврейства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Транснистрия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. Илья Кускин Холокост в Румынии // Вестник. — 2002. — № 16 (301).
  8. Альтман И. Глава 3 // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР.
  9. Ирма Фадеева Еврейские общины в Дунайских княжествах // Еврейское слово. — 2008. — № 11 (381). Архивировано из первоисточника 1 Ապրիլի 2008.
  10. Roland Clark. New models, new questions: historiographical approaches to theRomanian Holocaust // European Review of History—Revue europe´ enne d’histoire. — Routledge, 2012. — В. 2. — Т. 19. — С. 303-320. — ISSN 1350-7486. — doi:10.1080/13507486.2012.662946
  11. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  12. «Продолжают отрицать Холокост». isramir.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Румыния՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. GIL SHEFLER. (2012 թ․ օգոստոսի 7). «Dan Sova» (անգլերեն). The Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]