Հոլոքոստը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոլոքոստը Բուլղարիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Բուլղարիայում ու նրան միացված տարածքներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների՝ «հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության շրջանակներում: Չնայած նրան, որ Բուլղարիան պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայի դաշնակիցը, նրա գրեթե ողջ հրեա բնակչությունը փրկվել է ոչնչացումից:

Հրեաները Բուլղարիայում նախքան պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Բուլղարիայի տիրող հակասեմական ուժեղ տրամադրություններին՝ հրեաների դրությունը երկրում եղել է բավական հաստատուն և անվտանգ: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Բուլղարիայում բնակվում էր շուրջ 50 հազար հրեա[1]:

Դեպքերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հետ դաշնակցության հաստատումն ու հակասեմական օրենսդրության ընդունումը կատարվել են զուգահեռ:

1940 թվականին Բոգդան Ֆիլովի կառավարությունն կիրառության մեջ է դրել հակահրեական օրենսդրություն, որ նման էր գերմանականին[2][3]:

1941 թվականի հունվարի 23-ին ուժի մեջ է մտել «Ազգի պաշտպանության մասին օրենքը», որը հրեաներին արգելում էր մասնակցել քվերակություններին, ներկայացնել թեկնածություն վարչապետ ընտրվելու համար, աշխատել կառավարությունում, ամուսնանալ կամ քաղաքացիական ամուսնությամբ ապրել էթնիկ բուլղարացիների հետ, լինել գյուղատնտեսական հողատարածությունների սեփականատեր և այլն[4][5][6][7]: Սահմանվել է համալսարաններում քվոտաների առավելագույն քանակ հրեաների համար[7][8]: Այդ օրենքի դեմ բողոքել են ոչ միայն հրեական համայնքի առաջնորդները, այլ նաև Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին, Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունը և մշակույթի գործիչներ[7][9]:

1941 թվականի մարտի 1-ին ստորագրվել է Բուլղարիայի՝ «Հռոմ-Բեռլին-Տոկիո» պակտին միանալու մասին արձանագրությունը:

1941 թվականի հուլիսին ընդունվել է «Հրեական ծագմամբ անձանց ունեցվածքից միանվագ հարկման մասին օրենքը» (բուլղար․՝ Закон за еднократния данък върху имуществата на лицата от еврейски произход), որի համաձայն հրեական ծագում ունեցող անձինք, ովքեր ապրում էին Բուլղարիայի տարածքում, պետք է վճարեն հարկ իրենց ունեցվածքի համար:

Հրեաներին պատկանող ունեցվածքի սահմանափակումների շրջանակներում սկսվեցին հրեաների ունեցվածքի պետականացման ու աճուրդի հանման գործընթացներ: Աճուրդներից ստացված գումարը փոխանցվել է Բուլղարիայի ազգային բանկին և 1943 թվականի մարտին կազմել է 307 մլն լև: Հրեաների ունեցվածքի աճուրդներն ուղեկցվել են զանգվածային կոռուպցիայով և ուղղակի գողություններով պետական ծառայողների կողմից[10]: Հրեաների ունեցվածքի միանվագ հարկը սահմանվել է 20%-ի չափով (25 % 3 մլն լևից ավելի ունեցվածքի դեպքում), հավաքված գումարը կազմել է 1,4 մլրդ լև՝ այդ ժամանակվա բոլոր հարկերի շուրջ հինգերորդ մասը[11]:

1942 թվականի օգոստոսին Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվել է հրեաների գործերի հանձնաժողովը (Комисарство по еврейските въпроси) գնդապետ Ալեքսանդր Բելևի գլխավորությամբ: 1943 թվականի հունվարին Սոֆիա են ժամանել ՍՍ ներկայացուցիչ, Ադոլֆ Այքմանի տեղակալ Թեոդոր Դաննեկերը, որի խնդիրն էր կազմակերպել հրեաների տեղափոխությունը Լեհաստանի մահվան ճամբարներ[3]: Փետրվարի 22-ին կամ 23-ին Դաննեկերը Բելևի հետ ստորագրել է համաձայնագիր Մակեդոնիայի ու Թրակիայի 20 հազար հրեաների տեղափոխման վերաբերյալ[12][13]: Ավելի ուշ Բելևը ջնջել է Մակեդոնիայի ու Թրակիայի վերաբերյալ ճշգրտումը, և այդպիսով արտաքսման վտանգի տակ է հայտնվել Բուլղարիայի ողջ հրեական համայնքը:

Հուշարձան Յաֆֆոյում (Իսրայել) ի պատիվ բուլղարացի աշխարհի արդարակյացների, որ հրեաներին փրկել են ցեղասպանությունից

Հրեաների արտաքսման վերաբերյալ որոշումը զանգվածային բողոքի տեղիք է տվել: Մայրաքաղաքում անցկացվել են ցույցեր ի պաշտպանություն հրեաների, նրանց արտաքսման դեմ են հանդես եկել ուղղափառ եկեղեցին, մտավորականությունը, քաղաքական կուսակցությունները և Ազգային ժողովի պատգամավորները[14]: Մեծ դեր է կատարել խորհրդարանի փոխխոսնակ Դիմիտր Պեշևի դիրքորոշումը: Պեշևը, իմանալով նախապատրաստվող ակցիայի մասին, սկսել է հավաքել իր կողմնակիցներին խորհրդարանում և ներքին գործերի նախարար Գաբրովսկուն վերջնագիր է ներկայացրել հանրային սկանդալի մասին, եթե ակցիան իրականացվի գաղտնի: Արդյունքում մարտի 23-ի երեկոյան նախատեսված գաղտնի գործողությունը դադարեցվել է, իսկ զանգվածային բողոքի ցույցերն ավարտել են գործը[15]:

Բորիս III թագավորը հայտարարել է Գերմանիայի դեսպան Ադոլֆ Բեքերլեին. «Իմ երկրի հրեաները նրա հպատակներն են, և նրանց ազատության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն մենք ընդունում ենք որպես վիրավորանք բուլղարներին»: Բուլղարիայի վարչապես Բոգդան Ֆիլովն իր օրագրում գրել է. «Նորին մեծությունը բոլորովին չեղարկել է այն միջոցները, որ ընդունվել էին ընդդեմ հրեաների»[16][17]:

1942 թվականի փետրվարի 24-ին Սև ծովում խորտակվել է բուլղարական «Ստրումա» նավը, որի տախտակամածին կային 769 հրեա փախստականներ. փրկվել է միայն մեկ ուղևոր[18][19]:

1943 թվականի օգոստոսին Բորիս III թագավորի մահվանից հետո նոր կառավարությունը Դոբրի Բոժիլովի գլխավորությամբ մեղմացրել է հրեաների նկատմամբ վերաբերմունքը, որպեսզի հակահիտլերյան կոալիցիային պետություններին ցույց տա Բուլղարիայի պատրաստակամությունը իրականացնել Գերմանիայից ավելի անկախ քաղաքականությունը: 1944 թվականի օգոստոսի 29-ին հակահրեական բոլոր սահմանափակումները Բուլղարիայի նոր կառավարության կողմից չեղարկվել են հակահիտլերյան կոալիցիայի հետ հարաբերությունների վերականգնման շրջանակներում: 1945 թվականի մարտին ընդունվել է օրենք հրեաներից բռնագրավված ունեցվածքի ռեստիտուցիայի մասին, սակայն այն գրեթե չի իրականացվել[2]:

Բուլղարիան եղել է գերմանացիների ազդեցության կամ վերահսկողության տակ գտնվող միակ երկիրը, որում հրեա բնակչությունը փաստացիորեն ավելացել է պատերազմի տարիներին. 1934 թվականին այն եղել է 45 565, իսկ 1945 թվականին՝ 49 172[20][2]: 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Իսրայելի Յադ Վաշեմ աղետի և հերոսականության ինստիտուտը Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկելու համար 20 բուլղարացիների շնորհել է աշխարհի արդարակյացի պատվավոր կոչում[21]:

Թրակիայի և Մակեդոնիայի հրեաների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական զորքերի կողմից Հունաստանի ու Հարավսլավիայի օկուպացիայից հետո Բուլղարիայի տարածքը այդ երկրների վրա հարձակման ժամանակ որպես մարտահենադաշտ օգտագործելու համար որպես դաշնակցային նվեր Գերմանիան 1941 թվականի ապրիլին Բուլղարիային է հանձնել հարավսլավական Մակեդոնիան և հունական Թրակիան։ Մակեդոնիայում ապրում էր շուրջ 8000, Թրակիայում՝ շուրջ 6000 հրեա[20][22]։

Գերմանացիների հետ համաձայնեցնելուց հետո բուլղարական իշխանություններն այդ հրեաներին 1943 թվականին ուղարկել են մահվան ճամբարներ։ Տեղափոխության կազմակերպմամբ զբաղվել են Բուլղարիայի ներքին գործերի նախարար Պետր Գաբրովսկին և հրեաների գործերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բելևը[20][3]։

1943 թվականի մարտի 4-ին ավելի քան 4000 թրակիացի հրեաներ ձերբակալվել են ու ուղարկվել տրանզիտային ճամբար մինչև նույն թվականի մարտի 18-19-ը։ Դրանից հետո նրանք տեղափոխվել են Օսվենցիմ։ 1943 թվականի մարտի 11-ին մակեդոնացի հրեաները ձերբակալվել են և ուղարկվել Սկոպյեում գտնվող տրանզիտային ճամբար։ Տասնմեկ օր անց 165 կալանավորներ, հիմնականում բժիշկներ, դեղագործներ ու օտարերկրացիներ, ազատվել են, իսկ մյուսներն տեղափոխվել են Տրեբլինկա[20]։

Մակեդոնիայի ու Թրակիայի բնակիչներից 11 343 հրեաներ զոհվել են մահվան ճամբարներում[2]։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի հրեաների հալածանքների պատասխանատու Բոգդան Ֆիլովը, Պյոտր Գաբրովսկին ու Ալեքսանդր Բելևը պատերազմից հետո մեղադրվել են պետական դավաճանության մեջ և դատապարտվել մահվան: Ֆիլովն ու Գաբրովսկին մահապատժի են ենթարկվել 1945 թվականի փետրվարի 1-ին: Նրանց դատավճիռները չեղյալ են համարվել 1996 թվականին: Բելևը մահվան է դատապարտվել հեռակա կարգով, ապա ձերբակալվել է և վերջ տվել կյանքին ինքնասպանությամբ[23]:

2009 թվականին Բուլղարիայում արվել են Բոգդան Ֆիլովի հիշատակի հավերժացման մի քանի փորձեր: Դրան կտրուկ դեմ են արտահայտվել Իսրայելի դեսպանատունը, տեղի հրեական կազմակերպությունները ու մի շարք բուլղարացի քաղաքական գործիչներ[24][25][26]:

2012 թվականին Մակեդոնիայում թողարկվել է Դ. Միտրևսկու «Երրորդ թայմն», որում ներկայացվել են հրեաների հալածանքները: Բուլղարացի քաղաքական գործիչներն այդ կինոնկարը համարել են վիրավորական[27]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Этингер Я. Я.։ «Спасенные в Холокосте»։ jig.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-7-23 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բուլղարիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. 3,0 3,1 3,2 Jack Fischel. The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. 68-70. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
  4. Marushiakova Elena; Vesselin Popov (2006)։ «Bulgarian Romanies: The Second World War»։ The Gypsies during the Second World War։ Univ of Hertfordshire Press։ էջ 90։ ISBN 0900458852 
  5. Fischel Jack (1998)։ The Holocaust։ Greenwood Publishing Group։ էջ 69։ ISBN 0313298793 
  6. Wyman David S.; Charles H. Rosenzveig (1996)։ The world reacts to the Holocaust։ JHU Press։ էջ 265։ ISBN 0801849691 
  7. 7,0 7,1 7,2 Benbassa Esther; Aron Rodrigue (2000)։ Sephardi Jewry: a history of the Judeo-Spanish community, 14th-20th centuries։ University of California Press։ էջ 174։ ISBN 0520218221 
  8. Levin Itamar; Natasha Dornberg, Judith Yalon-Fortus (2001)։ His majesty's enemies: Great Britain's war against Holocaust victims and survivors։ Greenwood Publishing Group։ էջ 37։ ISBN 0275968162 
  9. Levy Richard S (2005)։ Antisemitism: A Historical Encyclopedia of Prejudice and Persecution։ ABC-CLIO։ էջ 90։ ISBN 1851094393 
  10. Аврамов, 2007, էջ 258-264
  11. Аврамов, 2007, էջ 265
  12. Edinen t͡sentŭr za nauka i podgotovka na kadri po istorii͡a, United Center for Research and Training in History Bulgarian historical review. — Pub. House of the Bulgarian Academy of Sciences, 2006. — В. 1-2. — Т. 34. — С. 255.
  13. Escape Through the Balkans: The Autobiography of Irene Grünbaum
  14. «Как болгары спасли евреев»։ MIGnews.com։ 10 марта 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-03-23 
  15. Ионкис Г., Кандель Б. Человек, который остановил Гитлера // Лехаим : журнал. — Декабрь 2002.
  16. Чернявский Г. Как евреи Болгарии были спасены от геноцида // Вестник : журнал. — Vestnik Information Agency, 18 декабря 2001. — В. 26 (285).
  17. Мельцер Д. Болгарский народ — народ праведник // Вестник : журнал. — Vestnik Information Agency, 14 апреля 1998. — В. 8 (189).
  18. D. Frantz and C. Collins: Death on the Black Sea: The Untold Story of the Struma and World War II’s Holocaust at Sea, ISBN 0-06-093685-1 или 0066212626
  19. Turkey
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Transports from Macedonia and Thrace» (անգլերեն)։ deathcamps.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-12-28 
  21. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016»։ Яд ва-Шем։ Վերցված է 2016-2-17 
  22. «Македонских евреев увековечили»։ jewish.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-1-12 
  23. Обречени и спасени։ ИК "Синева", ISBN 978-954-9983-63-0։ 2007 
  24. «ГЕРБ и БСП отмениха наименуването на улица на проф. Богдан Филов» (բուլղարերեն)։ Mediapool.bg։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-7-11 
  25. «“Шалом” против паметника на Филов» (բուլղարերեն)։ News.bg։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-7-11 
  26. «ГЕРБ и БСП лишен улице "Богдан Филов"» (բուլղարերեն)։ vsekiden.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-7-11 
  27. EurActiv.com, Macedonian film infuriates Bulgaria, 29 October 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борбата на българския народ за защита и спасяване на евреите в България през Втората световна война. Документи и материали. София, 1978.
  • Х. Бояджиев. Спасяването на българските евреи през Втората световна война. София, 1991.
  • Chary Frederick B. The Bulgarian Jews and The Final Solution, 1940-1944. — Pittsburgh: University of Pittsburgh Press, 1972. — 246 p.
  • Tamir Vicki. Bulgaria and Her Jews: History of a Dubious Simbiosis. — New York: Sepher-Hermon Press, 1979. — 314 p.
  • Bar-Zohar, Michael. Beyond Hitler’s Grasp: The Heroic Rescue of Bulgaria’s Jews. Holbrook, MA: Adams Media Corporation, 1998.
  • Khaim, Oliver. We Were Saved: How the Jews in Bulgaria Were Kept from the Death Camps. Sofia: Sofia-press, 1978.
  • Stefanov, Pavel, Hieromonk. Bulgarians and Jews throughout History. — Religion in Eastern Europe, XXII, 2002, December, № 6, 1-11.
  • Stefanov, Pavel, Hieromonk. The Bulgarian Orthodox Church and the Holocaust: Addressing Common Misconceptions. — Religion in Eastern Europe, XXVI, 2006, № 2, 10-19.
  • Аврамов Р. Комуналният капитализъм: Т.III. — София: Фондация Българска наука и култура / Център за либерални стратегии, 2007. — ISBN 978-954-90758-9-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]