Հոլոքոստը Ֆրանսիայում
Հոլոքոստը Ֆրանսիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Ֆրանսիայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ գերմանական օկուպացիայի ժամանակ, նացիստների ու նրանց դաշնակիցների՝ հրեաների ոչնչացման քաղաքականության մի մասը։
Հրեաները նախապատերազմյան Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից առաջ Ֆրանսիայում բնակվում էին շուրջ 240 հազար հրեաներ, որոնք ունեին Ֆրանսիայի քաղաքացիություն։ Դրանից բացի Ֆրանսիայում ապաստանել էին Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից ու Չեխոսլովակիայից փախած բազմաթիվ հրեաներ։ Օկուպացիայի նախօրեին Ֆրանսիայում գտնվող հրեաների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 350 հազար մարդ[1]։
Ֆրանսիայի օկուպացիան Գերմանիայի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական զորքերը 1940 թվականի մայիսի 10-ին սկսել են հարձակումը Ֆրանսիայի վրա, որ պատերազմ էր հայտարարել Գերմանիայի դեռ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Գերմանիան հարձակվել էր Լեհաստանի վրա։ Կայծակնային պատերազմի՝ բլիցկրիգի տակտիկան օգտագործող գերմանական զորքերի սրընթաց հարձակման արդյունքում դաշնակիցների զորքերը գլխովին ջախջախվել են, և հունիսի 22-ին Ֆրանսիան ստիպված է եղել հաշտություն կնքել։ Մինչ այդ նրա տարածքի մեծ մասն օկուպացված էր, իսկ բանակից գրեթե ոչինչ չէր մնացել։
1940 թվականի հուլիսին Վիշիում հավաքվել է Ազգային ժողով, որը որոշել է դիկտատորական իշխանությունը փոխանցել մարշալ Անրի Ֆիլիպ Պետենին․ դա նշանակել է Երրորդ հանրապետության ավարտը։ Պետենի կառավարությունը հետագայում մնացել է Վիշիում, իսկ Ֆրանսիայի հյուսիսային մասը մայրաքաղաք Փարիզի հետ օկուպացված է եղել գերմանական զորքերի կողմից։ 1942 թվականի նոյեմբերին գերմանացիներն օկուպացրել են ողջ Ֆրանսիան։
Հալածանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի օկուպացումից հետո 1940 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվել է օկուպացիոն իշխանությունների հրամանը հրեա բնակչության մարդահամարի անցկացման մասին։ Գրանցվել է ընդհանուր առմամբ 287 962 հրեա, որոնց 60 %-ը գտնվել են օկուպացված տարածքներում, 40 %-ը՝ մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի կոլաբորացիոնիստական ռեժիմի վերահսկողության տակ։
Վիշիի ռեժիմը 1940 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունել է առաջին «Դեկրետը հրեաների մասին» (ֆր.՝ Statut de juifs), որ սահմանափակում էր նրանց շարժը, հասարակական վայրերի հասանելիությունը և մասնագիտական գործունեությունը։ 1941 թվականի հունիսին ընդունվել է երկրորդ դեկրետը, որ էլ ավելի էր վատթարացնում հրեաների վիճակը[2]։ Վիշիի իշխանությունները ակտիվորեն հալածել են արտասահմանից ներգաղթած հրեաներին, սակայն հանդես են եկել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող հրեաների արտաքսման դեմ[3]։
Հրեաների հայտանբերման ու նացիստներին հանձնելու գործով կամավոր կերպով ու ակտիվորեն զբաղվում էին շատ ֆրանսիացիներ[4]։
1941 թվականի մարտի 29-ին ստեղծվել է «Հրեական հարցերով գլխավոր կոմիսարիատը» (ֆր.՝ Commissariat général aux questions juives)[5] Քսավե Վալի ղեկավարությամբ, որն զբաղվել է հրեաների ունեցվածքն օկուպացված տարածք տեղափոխելու և նացիստներին հանձնելու գործով։ 1942 թվականի մայիսի 6-ից կոմիսարիատը գլխավորել է Լուիս Դարկե դե Պալեպուան, որն զբաղվել է նույն աշխատանքով «ազատ գոտում»։
1942 թվականի մայիսի 29-ին օկուպացված գոտում գերմանացիները հրապարակել են հրաման, որ վեց տարեկանից բարձր բոլոր հրեաներին պարտադրում էր կրել դեղին աստղ[6]։
Դիմադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի սկզբին Դովիդ Կնուտն ու Ավրաամ Պոլոնսկին իրենց կանանց՝ Արիադնա Սկրյաբինայի ու Եժեն Պոլոնսկայայի հետ Թուլուզում ստեղծել են ընդհատակյա կազմակերպություն, որը սկզբում կոչել են Bnei David («Դավիթի սերունդներ»), սակայն 1944 թվականի հունիսին վերանվանել են Organisation Juive de Combat («Հրեական բանակ», կրճատ՝ OJC կամ ՀԲ)[7]։ Արիադնա Սկրյաբինան, որ ընդհատակում վերցրել էր Ռեգինա ծածկանունը, ներդրել է կազմակերպություն ընդունվելիս կատարվող երդման հատուկ արարողություն։ «Հրեական բանակի» գոյության չորս տարիների ընթացքում այդպիսի երդում են տվել 1952 անձինք, որոնց թվում են եղել բազմաթիվ հրեաներ նաև Ռուսաստանից[8]։
ՀԲ առաջին ակցիաները եղել են բավական պարզ ու անվնաս։ Մի ամբողջ տարի ՀԲ անդամները Գերմանիայից եկած հրեա փաստականներին տարել են ուտելիք։ Փախստականները պահվել են շատ ծանր պայմաններում Ռեսեբեդու ճամբարում, որ տեղակայված էր Թուլուզի մոտ։ ՀԲ անդամները ստիպված էին կաշառել ժամապահներին։ Հետագայում կազմակերպությունն անցկացրել է շուրջ 2000 ռազմական գործողություն, այդ թվում՝ 750 դիվերսիա երկաթգծում և 32 պայթյուն ռազմական պահեստներում։ Արիադնա Սկրյաբինան զոհվել է 1944 թվականի հուլիսի 22-ին։
«Լիբերսիոն Սյուդ» շարժման վեց գլխավոր հիմնադիրներից երեքը եղել են հրեաներ, «Ֆրան տիրյոր» (Ազատ հրաձիգ) կազմակերպությունը գլխավորել են Ժան Պիեռ Լևին, Ժոզեֆ Էյնշտեյնը («գնդապետ Ժիլ») և Զ․ Գոտեսմանը («կապիտան Ֆիլիպ»)[9]։ Լիոնում դիմադրության շարժման ղեկավարներից մեկը եղել է հայտնի պատմաբան և ֆրանսիական բանակի կապիտան Մարկ Բլոկը, որ ձերբակալվել է գեստապոյի կողմից և տանջահար արվելուց հետո մահապատժի ենթարկվել 1944 թվականի հունիսի 16-ին[10]։
Օգնություն հրեաներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ֆրանսիացի հրեաները ենթադրում էին, թե բռնաճնշումները կանդրադառնան միայն փախստականների վրա, ու Ֆրանսիայի քաղաքացիները կմնան անվնաս։ Նրանք, ովքեր հակառակ կարծիքն ունեին, 1940 թվականի հունիսի վերջին ստեղծել են «Ամելո» կազմակերպությունը հրեաներին օգնություն ցուցաբերելու համար։ Փարիզի շրջանի՝ գերմանացիների կողմից օկուպացված տարածքներում մինչ 1940 թվականի վերջը հասկացել են, որ անհրաժեշտ է միավորել ուժերը, և 1941 թվականի հունվարին ստեղծվել է Փարիզի շրջանի բարեգործական միությունների կոորդիանոցիոն կոմիտե, որ համախմբում էր ինչպես փախստական, այնպես էլ ֆրանսիացի հրեաների գործունեությունը։ Կոմիտեն, օգտվելով ֆրանսիական դիմադրության շարժման, կաթոլիկ եկեղեցու և այլոց աջակցությունից, հրեաների օգնել է թաքնվել և ուղարկել է նրան արտասահման։ Ֆրանսիայի հարավում՝ Վիժիի վարչակարգի կողմից վերահսկվող տարածքում, փախստականներն ու տեղացի հրեաներն այդպես էլ չեն միավորվել[2]։ Հրեա երեխաների փրկության գործով զբաղվել է «Երեխաների օգնության կազմակերպությունը» (ֆր.՝ Œuvre de secours aux enfants, OSE)[11]։
Շամբոն սյուր Լինյոն կոմունայի բնակիչները պաստոր Անդրե Տրոկմեի գլխավորությամբ փրկել են 3-5 հազար հրեաների, որոնց թաքցրել են ողջ շրջանում ու ուղարկել են Շվեյցարիա[12]։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Իսրայելի Աղետի ու հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից «աշխարհի արդարակյացի» պատվավոր կոչում են ստացել 3925 ֆրանսիացիներ Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու համար[13]։
Զոհերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլոքոստի ժամանակ Ֆրանսիայում զոհված հրեաների ստույգ թիվն անհայտ է։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 75 721 մարդուց մինչև 120 հազար մարդ։ Ամենափոքր թիվը չի ներառում այն հրեաներին, որոնք ձերբակալվել ու արտաքսվել են որպես Դիմադրության շարժման մասնակից կամ զոհվել են հենց Ֆրանսիայում, այլ հաշվի են առնված միայն մահվան ճամբարներ ուղարկվածները։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ֆրանսիացի ու արտասահմանյան հրեանրը տուժել են մոտավորապես հավասար չափով[2]։
Հոլոքոստի հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի հուլիսի 13-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է այսպես կոչված Գեյսոյի օրենքը (Gayssot Act), որ արգելում է ռասիստական, հակասեմական ու այլատյացություն արտահայտող հասարակական ելույթները, ինչպես նաև խտրականությունը այս կամ այն էթնիկական խմբերին, ազգերին, ռասաներին պատկանող կամ կրոնական ուղղվածությանը հարող անձանց նկատմամբ։ Օրենքը նաև արգելում է Հոլոքոստի և Նյուրնբերգի դատավարության եզրակացությունների ժխտումը, ինչպես նաև մահվան ճամբարների ու գազի խցիկների գոյությունը կասկածի ենթարկելը, որոնցում նացիստներն իրականացրել են զանգվածային սպանությունները։ Գեյսոյի օրենքի հիման վրա հրապարակվել են մի քանի մեղադրական դատավճիռներ Հոլոքոստի ֆրանսիացի ժխտողների նկատմամբ։ Ֆրանսիայում Հոլոքոստի ժխտման համար դատապարտվածներից առավել հայտնի են Ռոբեր Ֆորիսոնը և Ռոժե Գարոդին[14]։
Ֆրանսիցի պատմաբան Ժան Պիեռ Մինոդիերը գրում է, թե ֆրանսիացիների համար Հոլոքոստում ամենասարսափելի փաստը եղբայրության ու հավասարության գաղափարներին դավաճանելն է, Ֆրանսիայի քաղաքացիների, ֆրանսիական ժողովրդի մի մասի հանձնումը ռասիստական հիմունքներով պետական դավաճանություն է Ֆրանսիայի, ֆրանսիական ողջ պատմության ու ժողովրդի նկատմամբ[15]։
Արտացոլում մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում իրականացված Հոլոքոստի թեմայով նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են՝ «Շուրջկալում», «Ցտեսություն, երեխաներ», «Նինայի տունը» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «France». Holocaust Encyclopedia. United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Франция. Мировая война и катастрофа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста. Часть третья: Западная Европа // Международная еврейская газета. —М. — В. 14-15. Архивировано из первоисточника 18 Հունիսի 2018.
- ↑ Юрий Пивоваров. Дозреть до правды
- ↑ «Le point sur... La 2eme Guerre mondiale» (ֆրանսերեն). charles-de-gaulle.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Bernhard Blumenkranz. Histoire des juifs en France. — Privat, 1972. — Т. 1. — P. 397-398. — 478 p. — (Collection Franco-judaïca).
- ↑ Хазан В. И. Моим дыханьем мир мой жив (К реконструкции биографии Ариадны Скрябиной) // Особенный еврейско-русский воздух: к проблематике и поэтике русско-еврейского литературного диалога в XX веке. — Иерусалим; М: Гешарим: Мосты культуры, 2001. — С. 257. — 430 с. — (Прошлый век). — ISBN 5-93273-065-X
- ↑ Лазарис В. Три женщины. — Тель-Авив: Ладо, 2000. — С. 312-313. — 622 с.
- ↑ Сопротивление антинацистское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Гуревич А. «Марк Блок и «Апология истории»». РГГУ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Brooks C. «France». Visual History Archive (անգլերեն). USC Shoah Foundation Institute. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Памятник жителям деревни Ле Шамбон-сюр-Линьон (Le Chambon-sur-Lignon)». Истории спасения. Яд Вашем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Russell L. Weaver. (2008). «Free Speech and Holocaust Denial» (անգլերեն). The Berkeley Electronic Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Жан-Пьер Минодьер. Две правды о последней мировой войне // Поворотные моменты истории Эстонии. . Дополнительные материалы для учителя : Сборник. — Таллин: Арго, 2008. — С. 73. — ISBN 978-9949-438-29-7. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Susan S. Zukotti. Survivivng the Holocaust. Situacion in France(անգլ.) // Michael Berenbaum, Abraham J. Peck The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 492-509. — ISBN 9780253215291.
- André Kaspi. Les juifs pendant l'occupation. — Paris: Points Seuil, 1997. — Т. 238. — 442 p. — (Points: Histoire). — ISBN 9782020312103
- Michaël R. Marrus, Robert O.Paxton, Vichy et les juifs, Calmann-Lévy, éditions Le Livre de Poche, Paris, 1981.
- Serge Klarsfeld. Vichy-Auschwitz, la «solution finale» de la question juive en France, Fayard, Paris, 3e édition, 2001.
- Adler Jacques. The Jews of Paris and the Final Solution: Communal Response and Internal Conflicts, 1940–1944. New York: Oxford University Press, 1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Kollaboration in Frankreich» (գերմաներեն). Der Spiegel. 12/22/2009. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստը Ֆրանսիայում» հոդվածին։ |
|