Հոլոքոստը Լյուքսեմբուրգում
Հոլոքոստը Լյուքսեմբուրգում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Լյուքսեմբուրգի տարածքում գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1940 թվականի մայիսի 10-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 9-ը։ Կազմել է գերմանացիների ու նրանց դաշնակիցների՝ հրեաներին ոչնչացնելու ծրագրի մի մասը։
Լյուքսեմբուրգի 3500 հրեա բնակիչներից զոհվել է 1950 մարդ[1]։
Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Լյուքսեմբուրգի հրեա բնակչությունն արագորեն աճել Գերմանիայից եկած ներգաղթյալների հաշվին։ 1927 թվականին նրանց թիվը կազմել է 1121 մարդ։
1935 թվականին Լյուքսեմբուրգում հաշվվել է շուրջ 2000 հրեա փախստական, որ Գերմանիայից այնտեղ էին տեղափոխվել հակասեմական հալածանքների պատճառով[2]։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը Լյուքսեմբուրգում ապրում էր տարբեր տվյալներով՝ 3500-ից[1] մինչև 4200 հրեա, ներառյալ փախստականները[3]։
Օկուպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի մայիսի 10-ին վերմախտը ներխուժել է Լյուքսեմբուրգ և օկուպացրել իշխանության տարածքը։ Մեծ դքսուհի Շառլոտան ու նրա կառավարությունը փախել են Մեծ Բրիտանիա։ 1941 թվականի դեկտեմբերին Լյուքսեմբուրգը ներառվել է Երրորդ ռայխի կազմում, իսկ 1942 թվականի օգոստոսին ձևականորեն ենթարկվել անեքսիայի։ Ֆրանսերենն արգելվել է։ Տարածքը ղեկավարել է գերմանական քաղաքացիական վարչությունը գաուլյայտեր Գուստավ Սիմոնի գլխավորությամբ։ Հրեաների հալածանքներով զբաղվել են ոստիկանության պետ Ռիխարդ Հենգստը (գերմ.՝ Richard Hengst) և անվտանգության ծառայության ղեկավար ու ՍՍ օբերշտուրմբանֆյուրեր Վիլհելմ Նոլեն[4][5]։
Հրեաների հալածանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի տարածք գերմանական զորքերի ներխուժումից հետո Լյուքսեմբուրգի գլխավոր ռաբբի Ռոբերտ Սերեբրենիկը հանդիպել է օկուպացիոն ռազմական վարչության գեներալ Վալտեր ֆոն Ռեյհենաուի հետ։ Վերջինս խոստացել է, որ հրեա բնակչության կողմից բռնազավթողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի դեպքում ճնշումներ չեն լինի։ Այդ խոստումը կատարվել է մինչև քաղաքացիական իշխանության փոխանցումն ու Գուստավ Սիմոնի՝ գաուլյայտեր նշանակվելը, որ տեղի է ունեցել 1940 թվականի օգոստոսի 7-ին[4][5]։
1940 թվականի սեպտեմբերի 5-ին գերմանացիները Լյուքսեմբուրգում ներմուծել են ռասայական օրենքները։ Հրեաներին արգելվել է այցելել հասարակական վայրեր և հանձնարարվել է գնումներ կատարել միայն որոշակի խանութներում։ Հակասեմական քարոզչության տարածմանը զուգահեռ անցկացվել են այսպես կոչված «ինքնաբուխ ակցիաներ»՝ ուղղված հրեաների դեմ, երբ կազմակերպված ավազակախմբերը հարձակվել են աղոթողների վրա, սպառնացել հրեաներին և հակասեմական պաստառներ փակցրել հրեական խանութների ու ձեռնարկությունների պատերին[6]։
Հրեաներին պատկանող 355 ձեռնարկություններ ու 380 ֆերմաներ բռնագրավվել են ու փոխանցվել «արիացիներին», հրեաները հեռացվել են աշխատանքից։ 1941 թվականի օգոստոսի 23-ին ներմուծվել է պարետային ժամ հրեական բնակչության համար։ 1941 թվականի սեպտեմբերին հրապարակվել է հրաման, որով հրեաները պարտավորվել են կրել դեղին աստղ[7]։ Ռոբերտ Սերեբրենիկը պնդել է, որ Յոմ Կապուրում (1940 թվականի հոկտեմբերի 1) նախապատրաստվել է Լյուքսեմբուրգի հրեաների զանգվածային արտաքսում, սակայն չեղարկվել է վերմախտի ու հատկապես գեներալ-լեյտենանտ, բարոն Հենրիխ ֆոն Գոյնինգեն-Գյունեի միջամտությունից հետո[4]։ Միևնույն ժամանակ 1941 թվականի մարտին Սերեբրենիկին հաջողվել է հանդիպել Ադոլֆ Այքմանի հետ և ստանալ թույլտվություն մի քանի հարյուր հրեաների տեղափոխման համար[8]։
1943 թվականի օգոստոսին ոչնչացվել է Լյուքսեմբուրգի հինավուրց սինագոգը[7]։
Արտաքսում և զանգվածային սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 1000 հրեաներ փախել են Ֆրանսիա, շուրջ 1000-ը այնտեղ են տեղափոխվել ապօրինի կերպով, և շուրջ 700-ը բռնի վտարվել են 1940 թվականի հոկտեմբերից մինչև 1941 թվականի հունվար։ Նրանցից շատերը հետագայում ուղարկվել են Լեհաստանում գտնվող նացիստական մահվան ճամբարներ Ֆրանսիայի տարածքից[7]։
Մնացած 800 հրեաները տեղավորվել են Ֆյունբրունեն տրանզիտային ճամբարում, որ ստեղծվել էր Լյուքսեմբուրգի հյուսիսում տեղակայված Տրուավերժ (գերմ.՝ Ulflingen) քաղաքի մոտ գտնվող համանուն վանքում։ 1941 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 1943 թվականի հունիսի 17-ը, տարբեր տվյալների համաձայն, մահվան ճամբարներ է ուղարկվել 674-ից մինչև 723[9] հրեա։ Նրանցից կենդանի է մնացել 35 կամ 36 մարդ։ Արտաքսվածների մի մասն ուղարկվել է Լոձի գետտո, ապա սպանվել Խելմնոյի մահվան ճամբարում։ Մյուս մասը տեղափոխվել է Տերեզին, ապա Օսվենցիմ մահվան ճամբար[10]։
1941 թվականի հոկտեմբերի 19-ին օկուպացիոն իշխանությունները հայտարարել են Լյուքսեմբուրգի տարածքը հրեաներից մաքրելու մասին[11]։
Դաշնակիցներն ազատագրել են Լյուքսեմբուրգը 1944 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչ այդ 3500 հրեաներից, որ ապրում էին Լյուքսեմբուրգի տարածքում նախքան պատերազմի սկսվելը, կենդանի էին մնացել 1555-ը, իսկ մյուսները զոհվել էին հիմնականում մահվան ճամբարներում[7]։ Արտաքսված հրեաներից կենդանի մնացածների թվում է եղել Ալֆրեդ Օպենհեյմերը, ում կինն ու որդին զոհվել են։ Ադոլֆ Այքմանի դատավարության ժամանակ Օպենհեյմերը հանդես է եկել որպես վկա[12]։ Այդ գործում որպես վկա հանդես է եկել նաև Ռոբերտ Սերեբրենիկը[8]։
Զանգվածային արտաքսումների ցանկ
Ամսաթիվ | Ուղարկման վայր | Արտաքսվածների թվաքանակ |
---|---|---|
16.10.1941 | Լոձ | 334 |
23.04.1942 | Իզբիցա | 27 |
12.07.1942 | Օսվենցիմ | 24 |
26.07.1942 | Տերեզին | 27 |
28.07.1942 | Տերեզին | 159 |
06.04.1943 | Տերեզին | 97 |
17.06.1943 | Տերեզին/Օսվենցիմ | 11 |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը Լյուքսեմբուրգում նշվում է 1946 թվականից ամեն տարի՝ հոկտեմբերի 10-ին։ 2009 թվականից Լյուքսեմբուրգում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը հունվարի 29-ին, ինչպես և Եվրոպայի երկրների մեծ մասում[13]։
1969 թվականի հուլիսի 6-ին մեծ դքսի և կառավարության անդամների ներկայությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված Լյուքսեմբուրգից հրեաներին մահվան ճամբարներ ուղարկելուն։ Այդ ժամանակից ի վեր Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արարողություններն անցկացվում են այդ հուշարձանի մոտ հուլիսի առաջին կիրակի օրը[14][15]։
Հոլոքոստի ժամանակ հրեաներին օգնելու համար Յադ Վաշեմի կողմից 1971 թվականին Լյուքսեմբուրգի արդարադատության նախարար Վիկտոր Բոդսոնն արժանացել է աշխարհի արդարակյացի կոչման[16]։ Վտանգի ենթարկելով իր կյանքը՝ Բոդսոնը փրկել է շուրջ 100 հրեաների, որ փախել էին Գերմանիայից։ Բոդսոնի պատվին կոչվել է կամուրջ[17] երկրի հարավում։
Մինչև 1975 թվականը ոչ մի անհրաժեշտություն չի եղել հատուկ կրթական ծրագիր մշակել այդ թեմայի վերաբերյալ, քանի որ բազմաթիվ ականատեսներ կենդանի էին և Հոլոքոստի զոհերի հիշատակը պահպանվում էր ու փոխանցվում լյուքսեմբուրգցիների հաջորդ սերնդին։ Սակայն հետագայում՝ այդ իրադարձությունների մասնակիցների մեծ մասի մահանալուց հետո, մշակույթի նախարար և համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավոր Ռոբերտ Կրեպսի նախաձեռնությամբ սկսել են լույս տեսնել առաջին հատուկ հրատարակությունները։ 2003 թվականին Լյուքսեմբուրգը դարձել է Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման ուղղությամբ համագործակցության միջազգային կազմակերպության (ITF) անդամ։ Լյուքսեմբուրգի արխիվներում պահվող և Հոլոքստին վերաբերող բոլոր փաստաթղթերը հասանելի են ցանկացած հետազոտողի համար[15]։ Կրթության նախարարն ամեն տարվա հունվարին կազմակերպում է հիշատակի միջոցառում բոլոր միջնակարգ դպրոցներում, իսկ 2007 թվականից դրան մասնակից են դառնում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները[13]։
Լյուքսեմբուրգում չկա Հոլոքստին նվիրված առանձին թանգարան, բայց այդ թեմայի վերաբերյալ ցուցադրություններ կան Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված երկու թանգարաններում՝ Արտաքսումների հիշատակի և Դիմադրության ազգային թանգարանում[15]։ Հոլոքոստի ժխտումը Լյուքսեմբուրգում համարվում է քրեական հանցագործություն Քրեական օրենսգրքի 457-3 հոդվածով, համաձայն որի՝ սահմանվել է պատասխանատվություն նացիստների հանցագործույթյունների ժխտման (վիճարկում, նվազեցում, արդարացում), ինչպես նաև ցեղասպանության փաստերի ժխտման համար, որ ճանաչվել են Լյուքսեմբուրգի ու միջազգային դատարանների ու իշխանության այլ մարմինների կողմից (ֆր.՝ reconnus par une juridiction ou autorite luxembourgeoise ou internationale)[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Часто задаваемые вопросы (FAQ)- Образование - Яд Вашем». Яд ва-Шем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Люксембург՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Commémoration de la Shoah au Luxembourg - gouvernement.lu // L'actualité du gouvernement du Luxembourg» (ֆրանսերեն). gouvernement.lu. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «L'Olocausto in Lussemburgo» (իտալերեն). olokaustos.org. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 5,0 5,1 «Eichmann trial - The District Court Sessions» (անգլերեն). Nizkor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Marc Schoentgen. (1997). «Juden in Luxemburg 1940-45» (PDF) (գերմաներեն). gedenken-in-benelux.de. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Chris Webb. «The Destruction of the Jews of Luxembourg» (անգլերեն). holocaustresearchproject.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 8,0 8,1 «Rabbi Robert Serebrenik Dies; Ex-head of Luxembourg Community» (անգլերեն). Jewish Telegraphic Agency. 1965 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Encyclopaedia Judaica (1971), vol. 11». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «L'Olocausto in Lussemburgo» (իտալերեն). olokaustos.org. էջ 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Commémoration de la Shoah au Luxembourg» (ֆրանսերեն). gouvernement.lu. 2005 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «TESTIMONY OF PROSECUTION WITNESS ALFRED OPPENHEIMER» (անգլերեն). nizkor.org — The Trial of Adolf Eichmann. Session 68. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 13,0 13,1 «Holocaust Memorial Days in the OSCE Region. An overview of governmental practices» (անգլերեն). OSCE. 2010 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին., page 55-56
- ↑ «Jewish Memorial Cinqfontaines» (անգլերեն). WW2Museums.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Holocaust Education, Remembrance, and Research in Luxembourg» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Righteous Among the Nations Honored by Yad Vashem By 1 January 2012» (PDF) (անգլերեն). Яд ва-Шем. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Victor Bodson Bridge (Hesperange, 1993)» (անգլերեն). Structurae. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Ответственность за разжигание расовой, национальной и религиозной вражды, а также за другие «преступления ненависти» по уголовному праву зарубежных стран». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zariz, Ruth and Lasch, Hannah, The Jews of Luxembourg during the Second World War, Holocuast Genocide Studies, 1993: 7:51-66
- Marguerite Thill-Somin-Nicholson. Surviving the Nazi Occupation of Luxembourg. — Xlibris Corporation LLC, 2008. — 60 p. — ISBN 9781436338615
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուքսեմբուրգ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- «L'Olocausto in Lussemburgo» (իտալերեն). olokaustos.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- «Luxembourg» (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- «La Shoah au Luxembourg» (PDF) (ֆրանսերեն). Le Gouvernement du grand-duché de Luxembourg. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- Marc Schoentgen. (1997). «Juden in Luxemburg 1940-45» (PDF) (գերմաներեն). gedenken-in-benelux.de. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- Депортация евреев местной полицией 19 сентября 1942 года. Холлерих, Люксембург(չաշխատող հղում).
|