Հոլոքոստն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստն Ավստրիայում, հրեաների համակարգված հալածանքներն ու ոչնչացումը գերմանացի ու ավստրիացի նացիստների կողմից 1938-1945 թվականներին։ Եղել է նացիստների ու նրանց դաշնակիցների՝ հրեաների ոչնչացման քաղաքականության մաս։

Հրեաներն Ավստրիայում նախքան 1938 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին հրեաներն առաջատար դիրք էին զբաղեցնում Ավստրիայի տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես առևտրում, գովազդային, բանկային բիզնեսում, մեծ տոկոս էին կազմում Ավստրիայի մտավորականության շարքերում։ Գերմանիայի հետ միանալու ժամանակ Ավստրիայի հրեա բնակչությունը կազմել է 181 778 մարդ, որոնցից 165 946 (91,3 %) մարդ ապրում էր Վիեննայում[1]։

Ավստրիայում զարգացած էր հակասեմականությունը։ Մասնավորապես 1895 թվականին ավստրիացի հրեատյաց Կարլ Լյուգերն ստացել է ամենաշատ տեղը Վիեննայի մունիցիպալիտետում և նշանակվել Ավստրիայի մայրաքաղաքի քաղաքապետ[2]։

Անշլյուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո Ավստրիայի բռնակցումը դարձել է Գերմանիայի արտաքին քաղաքականության պաշտոնական ուղղություններից մեկը։ 1938 թվականի մարտի 12-ին գերմանական զորքերը մտել են Ավստրիայի տարածք, իսկ մարտի 13-ին հրապարակվել է «Գերմանական կայսրության հետ Ավստրիայի վերամիավորման» մասին օրենքը, որի համաձայն Ավստրիան հայտարարվել է «Գերմանական կայսրության հողերից մեկը» «Օստմարկ» անվանումով։ Ապրիլի 10-ին Գերմանիայում և Ավստրիայում անցկացվել է հանրաքվե։ Պաշտոնական տվյալներով՝ Գերմանիայում անշլյուսի օգտին քվերակել է բնակիչների 99,08 %-ը, Ավստրիայում՝ 99,75 %-ը։

Անշլյուսի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշլյուսից հետո Ավստրիայում գործի են դրվել գերմանական ռասայական օրենքները, որոնց համաձայն հրեաները զրկվել են քաղաքացիական իրավունքներից։ Այդ կանոնների համաձայն՝ Ավստրիայում որպես հրեա հաշվառվել է 220 մարդ, ոչ թե 182 հազար[1]։

Անշլյուսը դարձել է Հայնրիխ Հիմլերի գործունեության կարևոր էտապ այն առումով, որով այն առնչվում էր հակահրեական քաղաքականությանը։ Անցկացվել է հրեական համայնքի հարկադիր վերակազմակերպում. այդ գործընթացը ղեկավարել է Ադոլֆ Այքմանը[3]։

Հակասեմական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի հրեաների նկատմամբ բռնություններն սկսվել են երկրի՝ Գերմանիայի հետ միանալուց անմիջապես հետո։ Հրեական բոլոր կազմակերպություններն ու թերթերը փակվել են, իսկ առաջնորդները՝ բանտարկվել[4]։

Բազմաթիվ ավստրիացիներ միացել են նացիստներին՝ նրանց օգնելով հրեաների դեմ կատարվող ահաբեկչություններում։ Հրեաներին ստիպել են տոնական հագուստներով լվանալ մայթերը և հասարակական զուգարանները։ Ոմանց ստիպել են դա անել ատամի խոզանակներով կամ մերկ ձեռքերով։ Հրեաներին թույլ չեն տվել օգտվել հասարակական տրանսպորտից[5]։

1938 թվականի նոյեմբերին՝ «Բյուրեղապակյա գիշերը», ողջ Գերմանիայում և Ավստրիայում տեղի են ունեցել հրեաների կոտորածներ։ Պղծվել կամ ավերվել են սինագոգներ, հրեաներին պատկանող տներ ու խանութները թալանվել են[4]։

Բռնի արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի մայիսին նացիստները Վիեննայի հրեական համայնքին թույլ են տվել վերսկսել իր գործունեությունը մի նպատակով՝ կազմակերպել հրեաների զանգվածային արտագաղթն Ավստրիայից։ Սիոնիստական միջազգային կազմակերպության պաղեստինյան բյուրոյին նույնպես թույլ են տվել զբաղվել հրեաների արտագաղթի կազմակերպմամբ։ 1938 թվականի օգոստոսին Վիեննայում ստեղծվել է «Հրեական արտագաղթի կենտրոնն» Ադոլֆ Այքմանի ղեկավարությամբ[1]։

Արտագաղթողների շարքում եղել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Զիգմունդ Ֆրոյդն ու Իմրե Կալմանը։

Արտագաղթը կազմակերպվել է հրեական համայնքի օգնությամբ, որի ղեկավար 1938 թվականի մարտին հրեաների բոլոր առաջնորդների ձերբակալությունից հետո Ադոլֆ Այքմանը նշանակել է Յոզեֆ Լևենգերցին[3]։ 1938 թվականի օգոստոսի 22-ին Այքմանը գրել է Բեռլին, որ իր գրասենյակը ամեն օր արտագաղթի փաստաթղթերով ապահովում է 200 մարդու[6]։

Հալածանքների արդյունքում 1938 թվականին Ավստրիայից արտագաղթել է 62 958 հրեա, 1939 թվականին՝ 54 451[7]: Մինչ պատերազմի սկսվելը երկրից մեկնել է տարբեր տվյալներով 109 060-ից մինչև 126 445 հրեա։ Երկրում մնացել են 58 000-ից մինչև 66 260 հրեաներ[1][4]։ Ռայխից արտագաղթն արգելվել է 1941 թվականի հոկտեմբերին։

1942 թվականի հունվարի 20-ին կայացած Վանզեի կոնֆերանսից հետո ներկայացվել են հետևյալ տվյալները. 1938 թվականի մարտի 15-ից մինչև 1941 թվականի հոկտեմբերի 31-ն Ավստրիայից արտագաղթել է 147 000 հրեա, մնացել՝ 43 700[8]:

Մեկուսացում, արտաքսում և ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների արտաքսումը Վիեննայից, 1942

1939 թվականի հոկտեմբերին սկսել է Ավստրիայի հրեաների արտաքսումը Լեհաստան՝ «գեներալ-նահանգապետության» տարածք։ Լյուբլինի տարածք է ուղարկվել 1584 մարդ[4][9]։

Հրեաների ուղարկումը մահվան ճամբարներ սկսել է 1941 թվականի փետրվարին։ Վանզեի կոնֆերանսից հետո այդ գործընթացն արագացվել է։ Վիեննայի համայնքը պաշտոնապես լիկվիդացվել է 1942 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Ավստրիայում մնում էր շուրջ 7000 հրեա։ Արտաքսումը շարունակվել է մինչև 1945 թվականի մարտը։

Հոլոքոստի արդյունքում զոհվել է տարբեր տվյալներով 60-ից մինչև 65 հազար ավստրիացի հրեա, այսինքն գրեթե բոլորը, որոնք չէին մեկնել նախքան պատերազմի սկսվելը։ 1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննայի՝ խորհրդային ուժերի կողմից ազատագրվելու ժամանակ կենդանի էր 800-ից պակաս հրեա (հիմնականում ավստրիայի քաղաքացիների ամուսիններ)։ 1950 թվականին Ավստրիայի հրեական համայնքը կազմում էր 13 396 մարդ (նրանցից 12 450 մարդ ապրում էր Վիեննայում)[1]։

Բողոքներ և դիմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Ավստրիայի 106 բնակիչներ Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ նրա համար, որ իրենց կյանքը վտանգի ենթարկելով օգնել են հրեաներին և փրկել նրանց Հոլոքոստի ժամանակ[10]։ Մասնավորապես Էդելտրուդ Բեխերը Վիեննայի իր բնակարանում թաքցրել է երեք հրեաների, որոնցից երկուսը կենդանի են մնացել մինչ պատերազմի ավարտը[11]։ Հրեաներին օգնություն է ցուցաբերել նաև նացիստների դեմ տրամադրված կաթոլիկ եկեղեցին, մասնավորապես Վիեննայի արքեպիսկոպոս Թեոդոր Իննիտցերը[12]։

Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի զոհերի հուշարձան Բրուք ան դեր Լայտա քաղաքում

Մինչ 1980-ական թվականները ավստրիական հասարակությունը հանդես էր գալիս «զոհի վարդապետության» տեսանկյունից, որի համաձայն Ավստրիան եղել է նացիզմի առաջին զոհը և այդ պատճառով էլ կոլեկտիվ ոչ մի պատասխանատվություն չի կրում հիտլերյան Գերմանիայի հանցագործությունների համար։

Թեև նացիստական ցեղասպանության փաստաթղթավորումը կատարվել է Ավստրիայում «Ավստրիական դիմադրության արխիվի» կողմից 1960-ական թվականներին, սակայն Հոլոքոստի թեման ավստրիական պատմագրության մեջ իսկապես ներառվել է միայն 1980-ական թվականներին։ Դրա համար խթան է հանդիսացել պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ակտիվ քննարկումները Ավստրիայի նախագահի 1986 թվականի ընտրությունների ժամանակ, որի դրդապատճառն է եղել Կուրտ Վալդհայմի նացիստական անցյալի վերաբերյալ սկանդալը։ 1988 թվականին ստեղծվել է Պատական հանձնաժողով, որն զբաղվել է նացիոնալ-սոցիալիզմի դարաշրջանում կատարված ունեցվածքի թալանի, ինչպես նաև 1945 թվականից հետո տեղի ունեցած ռեստիտուցիայի ու փոխհատուցման ուսումնասիրությամբ[13]։

Ավստրիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի պահպանումը սատարվում է պետական մակարդակով։ Մասնավորապես Հոլոքոստի զոհերի հիշատակի ավստրիական ծառայությունը 1991 թվականից այլընտրանք է բանակում ծառայելու համար և ֆինանսավորվում է մեծ մասամբ Ավստրիայի ներքին գործերի նախարարության կողմից։

Ավստրիան Հոլոքոստի հիշատակի հավերժացման և ուսումնասիրման հարցում համագործակցության միջազգային կազմակերպության անդամ է[13]։

Ավստրիայի քաղաքներում տեղադրվել են Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Դրանք երբեմն ենթարկվում են վանդալությունների[14]։

Հոլոքոստի ժխտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի ժխտումն Ավստրիայում քրեական հանցագործություն է։ Հոլոքոստի ժխտումը հետապնդվում է § 3 Սահմանադրական «Արգելման մասին 1947» (Verbotsgesetz 1947) օրենքով, որ ընդունվել է 1947 թվականին և լրացվել 1992 թվականին։ Օրենքը կիրառվում է այն մարդկանց դեմ, որոնք հրապարակայնորեն ժխտում, նվազեցնում, հավանության են արժանացնում կամ արդարացնում նացիսոնալ-սոցիալիստների արարքները[15]։ Օրենքը խախտողներին սպառնում է մեկից մինչև տասը տարի ազատազրկում (հատուկ վտանգավոր դեպքերում՝ մինև քսան տարի)[15]։

Օրենքը բազմիցս կիրառվել է գործնականում։ Մասնավորապես 2008 թվականի հունվարի 14-ին Վոլֆգանգ Ֆրոլիխը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման[16][17], իսկ 2009 թվականի հունվարի 27-ին գրող Գերդ Հոնզիկը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Դատավոր Ստեֆան Ապոստոլը Հոնզիկին անվանել է եվրոպական նեոնացիստների «գաղափարական առաջնորդներից մեկը»[18]։ Ավստրիայում Հոլոքոստի ժխտման համար դատական հետապնդման ամենահայտնի դեպքը բրիտանացի պատմաբան Դևիդ Իրվինգի դատն է 2006 թվականին։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն 13 ամիս բանտարկությունից հետո դատարանը մնացած ժամկետը դարձրել է պայմանական և արտաքսել նրան երկրից[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ավստրիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Михман, том 1-2, 2001, էջ 79-82
  3. 3,0 3,1 Михман, том 3-4, 2001, էջ 229
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Энциклопедия Катастрофы - Австрия». Яд ва-Шем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «The Holocaust in Austria» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Adolf Eichmann. «Report by Eichmann on His Activity in Vienna» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  7. Yehuda Bauer. American Jewry and the Holocaust. Joint, Wayne State University Press, 1981, ISBN 0-8143-1672-7, p. 26
  8. Михман, том 3-4, 2001, էջ 132-133
  9. «The Fast Deportation to Poland in 1939 (Nisko-Program)» (անգլերեն). Documentation Center of Austrian Resistance. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  10. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  11. Бакулина С. (31.05.2011). ««Сделала бы это снова»». Jewish.ru. ФЕОР. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  12. «ИННИТЦЕР». Православная энциклопедия. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  13. 13,0 13,1 «Holocaust Education, Remembrance, and Research in Austria» (անգլերեն). Международная организация по сотрудничеству в увековечивании и изучении Холокоста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  14. «В Австрии осквернен памятник жертвам Холокоста». Lenta.ru. 20.01.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  15. 15,0 15,1 Verfassungsgesetz vom 8. Mai 1945 über das Verbot der NSDAP (Verbotsgesetz 1947) in der Fassung der Verbotsgesetznovelle 1992: § 3 VG (Wiederbetätigung)
  16. Австрийца посадили на шесть лет за отрицание Холокоста
  17. «Austrian Holocaust denier gets six-and-a-half years in prison» European Jewish Press, January 14, 2008. Retrieved 2009-11-15.
  18. «An Austrian court jailed an ultra-rightist author for five years on Monday for propagating Nazi ideas and Holocaust denial». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. Австрийский суд заменил на условный приговор историку Дэвиду Ирвингу, отрицавшему Холокост
  20. «Австрия депортировала британского негациониста Дэвида Ирвинга». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 1-2. — ISBN 965-06-0233-X
  • Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 3-4. — ISBN 965-06-0233-X
  • Doron Rabinovici. Eichmann's Jews: The Jewish Administration of Holocaust Vienna, 1938-1945. — Polity, 2011. — 288 p. — ISBN 978-0745646824
  • Gardiner, Muriel. Code Name «Mary»: Memoirs of an American Woman in the Austrian Underground. New Haven, CT: Yale University Press, 1983.
  • Paucker, Arnold. Standhalten und Widerstehen: Der Widerstand deutscher und österreichischer Juden gegen die nationalsozialistische Diktatur. Essen: Klartext, 1995.
  • Österreichisches Gallup-Institut Attitudes toward Jews and the Holocaust in Austria: a public-opinion survey conducted for the American Jewish Committee. — American Jewish Committee, 2001. — 32 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]