Հոլոքոստը Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի հրեաներին ուղարկում են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար

Հոլոքոստը Նորվեգիայում, հրեա ժողովրդի մասսայական տեղահանությունների և կոտորածների շարք, որը կազմակերպվել է գերմանացի նացիստների և Նորվեգիայի Ազգային համաձայնություն կուսակցության կողմից։ Գործընթացը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորվեգիայի ողջ տարածքում։ Այն հանդիսանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող ցեղասպանության շղթաներից մեկը։

763 նորվեգացի հրեաներ սպանվել են համակենտրոնացման ճամբարներում, 23-ն էլ սպանվել են արտադատական պայմաններում՝ գլխատման կամ ինքնասպանության ելքով։ Այսպիսով` 785 հրեաներ, այդ թվում 230 ընտանիքներ ամբողջությամբ ոչնչացվել են[1][2]։ Նորվեգիայի դիմադրական շարժման շնորհիվ հրեաների մեծ մասը կարողացավ թաքնվել և փախչել Շվեդիա։ Դրանով նրանք կարողացան փրկվել ոչնչացումից։

Նորվեգիայի օկուպացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբին Նորվեգիայում տարբեր տվյալներով բնակվել են 1700-1800-ից[3] մինչև 2173[4] հրեաներ, այդ թվում նաև Կենտրոնական Եվրոպայից փախած հրեա գաղթականներ։ Նրանք հիմնականում բնակվել են Օսլոյում և Թրոնհեյմում[5]։

Դանիա-Նորվեգական ռազմագործողությունն սկսվել է 1940 թվականի ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը։ Նորվեգիայի կառավարությունը Հոկոն VII-ի գլխավորությամբ մերժեց գերմանական վերջնագիրը։ Նորվեգիայի զինված ուժերը դիմեցին զինված պաշտպանության։ Չնայած Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ցուցաբերած օգնությանը՝ դիմադրությունը կոտրվեց և Նորվեգիան օկուպացվեց։ Կառավարությունը և թագավորական ընտանիքը փախան Լոնդոն։ 1940 թվականի ապրիլի 24-ին Ադոլֆ Հիտլերը օկուպացված տարածքներում կառավարիչ նշանակեց Յոզեֆ Տերբովենին[5]։

Հրեաների հետապնդումը և դիմադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասեմական գրվածքներ հրեական խանութի դռան վրա, Օսլո, 1941 թվական

1940 թվականի հոկտեմբերին հրեաներին արգելվեց զբաղվել ազատ մասնագիտություններով[3]։ 1941 թվականի հուլիսին հրեաները ազատվեցին իրենց զբաղեցրած պետական պաշտոններից, իրավաբանները զրկվեցին լիցենզիայից։ Ընդունվեց օրենք, որն արգելում էր խառն ամուսնությունների գրանցումը։ Սկսած 1942 թվականից հրեաների անձը հաստատող փաստաթղթերում ոստիկանությունը սկսեց դնել հատուկ նշում[6]։ Տերբովենը սահմանափակումներ դրեց հրեաների սեփականության և ունեցվածքի վրա[2]։

1941 թվականի գարնանից սկսած բռնությունները հրեաների նկատմամբ սկսեցին ուժեղանալ։ 1941 թվականի մարտին Թրոնհեյմում գնդակահարվել են չորս հրեաներ, իսկ ապրիլին գերմանացիները բռնագրավել են Թրոնհեյմի սինագոգը[2]։

Վանզեյի կոնֆերանսի ժամանակ, որտեղ քննարկվում էր «հրեական հարցի վերջնական լուծման» պլանը, գերմանական ԱԳՆ աշխատակից Մարտին Լյութերը նշեց, որ սկանդինավյան երկրներում գործընթացը կարող է հանգեցնել զանգվածային ցույցերի ու դիմադրությունների և խորհուրդ տվեց սկանդինավյան երկրներում հրեաների կոտորածը հետաձգել մինչ պատերազմի ավարտը։ Սակայն նորվեգացի նացիստները չցանկացան սպասել[7]։

Նորվեգացի կոլլաբորացիոնիստները (թշնամուն աջակցող անձինք) Վիդկուն Կվիսլինգի գլխավորությամբ, ով 1942 թվականի փետրվարի 1-ին նշանակվել էր վարչապետ, մտցրին ավելի դաժան կանոններ, քան բուն Գերմանիայում էր, թե ում է պետք ներառել համարել հրեա։ Հրեա էին համարվում նաև խառնամուսնությունների արդյունքում ծնված բոլոր երեխաները՝ անկախ նրանից, թե ծնողներից ով է հրեա[6]։

1942 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվարը տեղի ունեցան լայնամասշտաբ ձերբակալություններ և տեղահանություններ դեպի համակենտրոնացման ճամբարներ, որին ենթարկվեց Նորվեգիայի հրեա բնակչության գրեթե կեսը։ Դիմադրության շարժման դիվերսիոն ցույցերից հետո ձերբակալվեցին Թրոնհեյմի արական սեռի բոլոր հրեաները[2]։ Հոկտմեբերի 26-ին տեղի ունեցավ ոստիկանությունը ձերբակալեց ողջ երկրի հրեա տղամարդկանց, իսկ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 26-ին, ձերբակալեցին նաև կանանց և երեխաներին։ Բազմաթիվ հրեաների հաջողվեց փրկվել նորվեգական ոստիկանությունից տեղեկությունների արտահոսքի ինչպես նաև դիմադրության շարժման մասնակիցների օգնության շնորհիվ[6][7]։

763 նորվեգացի հրեաներ, այդ թվում 101 փախստականներ տեղափոխվեցին Օսվենցիմ, որտեղ էլ սպանվեցին։ 60 հրեաներ, ովքեր ամուսնացած էին նորվեգացիների հետ, ուղարկվեցին Գրինի համակենտրոնացման ճամբար, որը գտնվում էր Նորվեգիայում։

Ավելի քան 140 նորվեգացի հրեաներ մասնակցել են նացիստների դեմ ուղղված ինքնապաշտպանական մարտերին։ Նրանց թվում են եղել բրիտանական լրտեսներ Իսրայել Քրուփը և Ռուտ Ռուբինշթեյնը, օդաչուներ Զիգմունդ Մեյերան և Հերման Բեքքերը, Նորվեգիայի ռազմածովային ուժերի սպա Արնոլդ Զելիկովիչը և շատ ուրիշներ[8]։

Օգնություն հրեաներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգա-շվեդական սահմանըի այն հատվածը, որտեղից հրեաները անցնում էին անվտանգ Շվեդիա

Նորվեգացիների մեծ մասը չէր սատարում Կվիսլինգի վարչակարգին։ Հասարակության շրջանակներում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր և բողոքներ։ 1942 թվականի նոյեմբերի 11-ին նորվեգական եկեղեցու եպիսկոպոսները պաշտոնական նամակ ուղարկեցին Կվիսլինգին, որով նրանք իրենց բողոքն էին արտահայտում հրեաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ։ Այդ նամակը դեկտեմբերի 6-ին և 13-ին հրապարակայնորեն ընթերցվեց բոլոր եկեղեցիներում[2][3][7]։

930 հրեաներ հականացիստական ընդհատակյա ուժերի օգնությամբ փախան Շվեդիա և փրկվեցին։ 1943 թվականի փետրվարին 50 հրեաներ, ովքեր ունեին հարազատներ Շվեդիայում, փրկվեցին Շվեդիայի հյուպատոս Կլաուս Վետրինգի օգնությամբ[2][9]։ 800 հրեաներ պատերազմից հետո վերադարձան Նորվեգիա[3]։

Ընդհատակյա ուժերի օգնությամբ հրեաների փրկությունը Իսրայելի աղետների և հերոսության ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես «աշխարհի արդարակյացների կոլեկտիվ հարգանքի առարկա»։ Բացի այդ, 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով, Նորվեգիայում ճանաչվել է 62 անհատական արդարակյաց[10]։

Հոլոքոստի դերը այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Սթաբեք քաղաքում՝ ի հիշատակ հրեա երեք երեխաների, որոնց միանգամից դպրոցից ուղարկեցին Օսվենցիմ։

2003 թվականի հունվարի 27-ից սկսած՝ ամեն տարի Նորվեգիայում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակության օրը[11]։ Հոլոքոստի թեման համարվում է պարտադիր ուսուցման թեմա նորվեգական դպրոցական համակարգում։ Նացիստների կողմից հրեաների ջարդի պատմությունը Նորվեգիայի կրթության նախարարությունը ներառել է 9-րդ դասարանի պատմության դասագրքերի մեջ։ Նորվեգական Կարմիր խաչը նույնպես մշակել է Հոլոքոստի թեմայով կրթական ծրագիր[12]։

Օսլոյի համալսարանը, համագործակցելով կառավարության հետ, ստեղծել է Հոլոքոստի թանգարան, որը հայտնի է Հոլոքոստի և Նորվեգիայի կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրության կենտրոն անվամբ։ Օսլոյում, Թրոնհեյմում և Նորվեգիայի այլ քաղաքներում բացվել են Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձաններ և հուշատախտակներ։ Բացի այդ, Թրոնհեյմում գործում է Հոլոքոստի թանգարան, Քրիստիանսենում՝ կենտրոն, իսկ նախկին Ֆալսթադ համակենտրոնացման ճամբարում տեղադրվել է հուշարձան[12]։ 2008 թվականի սեպտեմբերին Օսլոյում բացվել է թանգարան՝ նվիրված Նորվեգիայի հրեական համայնքի պատմությանը, այդ թվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համայնքի կրած տառապանքներին[13]։

2012 թվականի հունվարի 27-ին Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Սթոլթենբերգը ողջ նորվեգացի ժողովրդի անունից ներողություն խնդրեց հրեա ժողովրդից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նորվեգացի նացիստների կողմից իրականացված վայրագությունների համար. «Եկել է ժամանակը ընդունելու, որ ոստիկանները, չինովնիկները և քաղաքացիները մասնակցություն են ունեցել հրեաների ձերբակալությանը և սպանդին»,— ասել է Սթոլթենբերգը[14]։ Հիշատակության արարողությանը մասնակցել են ողջ մնացած հրեաների սերունդները, ինչպես նաև մինչ օրս կենդանի Հոլոքոստի անմիջական վկա Սամուել Սթայնմանը[15]։ 2012 թվականի նոյեմբերին նմանատիպ ելույթով հանդես եկավ նաև Նորվեգիայի ոստիկանությունը, որի աշխատակիցները մասնակից են եղել տեղահանություններին, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ[16]։

Հոլոքոստի ժխտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի ժխտումը Նորվեգիայում մեծ տարածում ունի հատկապես աջ ծայրահեղական կուսակցությունների և նրանց շրջանում, ովքեր ունեն հակասեմական դիրքորոշում։

2008 թվականի մայիսին՝ զանգվածային բողոքներից հետո, Հոլոքոստի բրիտանացի ժխտող Դեյվիդ Իրվինգը նորվեգական ոստիկանության պահանջով լքեց երկիրը՝ չեղարկելով իր ելույթը, որը պետք է ունենար Լիլեհամերում ընթացող գրականության փառատոնի ժամանակ[17]։ Մինևնույն տարում դերասան Օտտո Յեսպերսենը տեղական TV2 հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Ուզում եմ օգտվել առիթից և հարգել միլիարդավոր լուերի և բվեճների հիշատակը, ովքեր զոհվել են համակենտրոնացման ճամբարների գազային խցիկներում։ Այդ անբախտ միջատների հիմնական մեղքը կայանում էր նրանում, որ նրանք ապրում էին հրեական ծագում ունեցողների վրա»։ Հեռուստաընկերության ղեկավարությունը սա դիտարկեց որպես թույլատրելի սատիրա[18]։

2011 թվականի մարտին Ստորտինգի պատգամավոր Անդրես Մատիզենը հայտարարեց, որ «չկա ապացույց այն բանի, որ գազային խցիկները և զանգվածային թաղումները գոյություն են ունեցել իրականում»։ Այս ելույթը հանգեցրեց մեծ սկանդալի, դրա պատճառով պահանջեցին Մատիզենի հրաժարականը[19]։

Հայտնի զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mendelsohn O. Jødenes historie i Norge gjennom 300 år. Bind 2, av 2. Universitetsforlaget, 1986. Liten 4to. 664 s. Illustr. Orig. helsjirtingb. med vareomslag. ISBN 9788200025245
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Норвегия Արխիվացված 2015-09-26 Wayback Machine в «Энциклопедии Катастрофы» на сайте Яд ва-Шем
  3. 3,0 3,1 3,2 3,3 Норвегия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. Mendelson, 1986
  5. 5,0 5,1 Беркович Е. М. Норвежский триптих. Часть 1 // Заметки по еврейской истории : Интернет-журнал.
  6. 6,0 6,1 6,2 Тельман И. Квислинг и судьба евреев Норвегии // Русский Базар : газета. — 26 ноября - 2 декабря 2009. — В. 48 (710). — ISSN 1520-4073.
  7. 7,0 7,1 7,2 Беркович Е. М. Норвежский триптих. Часть 2 // Заметки по еврейской истории : Интернет-журнал.
  8. Меламед А. Есть у свободы собственное имя // Каскад : газета. —Нью-Йорк, 5 августа 2010. — В. 363.
  9. Беркович Е. М. Норвежский триптих. Часть 3 // Заметки по еврейской истории : Интернет-журнал.
  10. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  11. Преподавание темы Холокоста в регионе ОБСЕ, стр 36(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 Преподавание темы Холокоста в регионе ОБСЕ, стр 103(չաշխատող հղում)
  13. У норвежских евреев появился музей
  14. «ZMAN.com : Норвегия впервые извинилась за участие в истреблении евреев в Холокосте». zman.com. 27.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  15. «Последний еврей Норвегии, переживший Холокост». mignews.com. 28.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  16. «Норвегия извинилась за депортацию и убийство евреев». MIGnews. 27.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. Известного британского антисемита выдворили из Норвегии
  18. Антисемитизм норвежский
  19. «В Норвегии требуют отставки депутата за отрицание Холокоста». ФЕОР. 23.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abrahamsen S. Norway’s Response to the Holocaust: A Historical Perspective. Holocaust Library. ISBN 0896041174
  • Mendelsohn O. Jødenes historie i Norge gjennom 300 år. Bind 2, av 2. Universitetsforlaget, 1986. Liten 4to. 664 s. Illustr. Orig. helsjirtingb. med vareomslag. ISBN 9788200025245

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беркович Е. М. Норвежский триптих // Заметки по еврейской истории., часть 1, часть 2, часть 3.
  • «Дневник Рут». Jewish.ru. ФЕОР. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  • «Norway». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  • Dag Roar Fosnes. — роль норвежской полиции в Шоа (2006). «Politiets rolle i det norske Shoah» (նորվեգերեն). Universitetet i Bergen. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստը Նորվեգիայում» հոդվածին։