Jump to content

Լյուքսեմբուրգը Երկրորդ համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 17, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Լյուքսեմբուրգցի ոստիկանը ողջունում է ֆյուրերի կողմնակիցներից Հայնրիխ Հիմլերին՝ 1940 թվականի սեպտեմբերին Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ

Լյուքսեմբուրգը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Լյուքսեմբուրգի մեծ դքսության պատմության ժամանակաշրջան, որը սկսվեց 1940 թվականի մայիսի 10-ին՝ գերմանական ուժերի կողմից Լյուքսեմբուրգ ներխուժումով և ավարտվեց 1944 թվականի վերջին և 1945 թվականի սկզբին՝ Հակահիտլերյան խմբավորման կողմից երկրի ազատագրումով։

1940 թվականի մայիսի 10-ին Լյուքսեմբուրգը լրիվ օկուպացվեց Երրորդ Ռայխի զորքերի կողմից։ 1942 թվականին պետությունը դարձավ Նացիստական Գերմանիայի մաս։ Օկուպացիայի ժամանակաշրջանում գերմանական իշխանությունները վարում էին Լյուքսեմբուրգի գերմանականացման քաղաքականություն։ Դրա վառ օրինակներից է այն, որ իշխանությունները դեմ էին Լյուքսեմբուրգում գերմաներենից բացի այլ լեզվի կիրառմանը։

1940-1944 թվականներին լյուքսեմբուրգցիները զորակոչվում էին Երրորդ Ռայխի Վերմախտ, որի արդյունքում դքսության տարածքում շարունակվեցին մեծանալ զավթիչների ընդվզումները։ Այն հանգեցրեց նրան, որ 1942 թվականին երկրում համատարած գործադուլի ալիք սկսվեց։ Գերմանականացման քաղաքականության գործունեությունը օժանդակում էր «Էթնիկ գերմանական շարժում» տեղական նացիստական կազմակերպությունը, որը ձևավորվել էր Լյուքսեմբուրգի օկուպացումից անմիջապես հետո։ Երկրի բռնազավթումից հետո Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի Շառլոտան ստիպված եղավ լքել երկիրը և հանգրվանել Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում։ Այնտեղ ձևավորվեց Լյուքսեմբուրգի վտարանդի կառավարությունը։

Լյուքսեմբուրգի բնակչությունը ներգրավված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագործողությունների մեջ որպես հակահիտլերյան կոալիցիայի մաս։ 1945 թվականին լյուքսեմբուրգյան հողերն ազատագրվեցին դաշնակիցների կողմից և Լյուքսեմբուրգը պատերազմից դուրս եկավ որպես հաղթող երկիր։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգյան ճգնաժամի ավարտից հետո՝ 1867 թվականին, պետությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ոչ մի զինված հակամարտության։ Ակնառու էր այն, որ Լյուքսեմբուրգն իր ռազմաքաղաքական ներուժով անկարող էր մասնակցել պատերազմական գործողություններին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական զորքերի կողմից Լյուքսեմբուրգի բռնազավթման տարիներին լյուքսեմբուրգյան զորանոցը կազմված էր 400 կամավորական և ժանդարմային ուժերից[1]։ 1939 թվականին գերմանական Ռայխստագում Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ պահպանելու է արևմտաեվրոպական այս երկրի սուվերենությունը[2]։

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները պատերազմ հայտարարեցին Նացիստական Գերմանիային, Լյուքսեմբուրգի ցամաքային ուժերն աննշան չափով ավելացան։ 1940 թվականին Լյուքսեմբուրգի բանակային կորպուսը բաղկացած էր 13 սպաներից, 255 ժանդարմներից և 425 զինվորներից[3]։

Վախի պայմաններում գերմանական հնարավոր հարձակմանը սպասող լյուքսեմբուրգցիները 1939 թվականին սկսեցին դադարեցնել Լյուքսեմբուրգի ռադիոյի հեռարձակումը։ Լյուքսեմբուրգի բնակչության վիճակը երկրում համեմատաբար հանգստացավ այն ժամանակ, երբ Գերմանիայի և դաշնակիցների (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) միջև սկսվեց այսպես կոչված Տարօրինակ պատերազմը։ 1940 թվականի գարնանը Լյուքսեմբուրգի կառավարության նախաձեռնությամբ լյուքսեմբուրգա-գերմանական սահմանի երկայնքով սկսվեց Շուսթերի գծի կառուցողական աշխատանքները։ Վերջինիս շինարարության ընթացքում հիմնականում օգտագործվել է պողպատ և բետոն։

Գերմանական «Sd. Kfz. 232» զրահավոր փոխադրիչ մեքենան Արդենյան անտառում՝ «Դեղին ծրագրի» իրականացման շրջանակներում, 1940 թվականի մայիս

1940 թվականի մայիսի 9-ին գերմանացիները սկսեցին Շուսթերի գծի ապամոնտաժումը[4]։ Այսպես կոչված «Դեղին ծրագրի» շրջանակներում առավոտյան ժամը 4:35-ին գերմանական ցամաքային զորքերը ներխուժեցին Լյուքսեմբուրգ, միաժամանակ նաև Բելգիա և Նիդերլանդներ, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիա։ Հանկարծակիի եկած լյուքսեմբուրգյան զորախմբերը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին և արդեն ժամը 9-ին գերմանացիները ապաստակել էին երկրի մայրաքաղաքը։

Գերմանական ուժերի կողմից Լյուքսեմբուրգ ներխուժումից հետո տասնյակ հազարավոր փախստականներ տեղափոխվեցին Ֆրանսիայի տարբեր բնակավայրեր՝ օկոիպացիոն գոտու մեջ ընկնելուց խուսափելու համար։ Ժամը 8.00-ին մի շարք ֆրանսիական ստորաբաժանումներ հատել են Լյուքսեմբուրգի սահմանը և մարտեր մղել նացիստների դեմ, սակայն շուտով նահանջել են։

Երկրի բռնազավթման ռազմական գործողությունների ընթացքում լյուքսեմբուրգյան կողմը ունեցել է նվազագույն թվով զոհեր․ անհետ կորել է 7 զինվոր, սպանվել է 1 օդաչու և 5 սպահի։

Օկուպացիայի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում վտարանդի կառավարության ձևավորումը վերջնականապես նպաստեց Լյուքսեմբուրգում անարխիայի հաստատմանը։ Շուտով ձևավորվեց Լյուքսեմբուրգի գործադիր խորհուրդը, որը ղեկավարում էր Ալֆրեդ Վերերը։ Նա նպատակ ուներ պայմանագիր կնքել նացիստների հետ, սակայն վեր դասելով երկրի ազգային շահերը։ Համաձայն այդ պայմանագրի՝ Լյուքսեմբուրգը պետք է ստանար որոշ չափով անկախ և ինքնիշխան պետության կարգավիճակ՝ Երրորդ Ռայխի պրոտեկտորատի փոխարեն։ Սակայն նախկին դքսության տարածքը դարձավ նորաստեղծ Գաու Կոբլենց-Տրիերի (1941 թվականի հունվարի 24-ին վերանվանվել է «Մոզելանդ»[5]) ղեկավարած պետության մաս։ Արդյունքում՝ անկախ պետության ստեղծման լյուքսեմբուրգցիների երազանքը չիրականացավ։ 1940 թվականին Լյուքսեմբուրգում վերջնականապես հաստատվեց օկուպացիոն վարչակարգ՝ չնայած այն հանգամանքին, որ միևնույն ժամանակ գրավված Բելգիայում և Նիդերլանդներում երաշխավորվեց տեղացի քաղաքական գործիչների ազատությունը և քաղաքական որոշումների կայացման իրավունքը։

1942 թվականին Լյուքսեմբուրգը պաշտոնապես դարձավ Երրորդ Ռայխի տարածք[6]։ 1940 թվականին Լյուքսեմբուրգի կառավարիչ Գուստավ Սիմոնը հայտարարեց, որ իր ղեկավարած պրոտեկտորատի տարածքում արգելվում է ֆրանսերեն լեզվի օգտագործումը։ Նման որոշման շնորհիվ Լյուքսեմբուրգն առավել արագ կհաստատվեր Գերմանիայի կազմում։ Երկրում բարձրացվեցին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ձեր լեզուն գերմաներենն է, միայն գերմաներենը» (գերմ.՝ Eure Sprache sei Deutsch und nur Deutsch)[7]։

Այն քաղաքացիները, ովքեր դեմ էին Լյուքսեմբուրգ գերմանականացմանը, հարկադրաբար հաստատեցին որոշումը։ 1942 թվականի օգոստոսից արական սեռի ներկայացուցիչ բոլոր լյուքսեմբուրգցիները զորակոչվում էին գերմանական Վերմախտ[8]։ Պատերազմի ընթացքում Գերմանիայի զինված ուժերում ծառայում էր 12 000 լյուքսեմբուրգցի, որոնցից 3000-ը սպանվել են[9]։

Կոլլաբորացիոնիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի մեծ դքսության տարածքում գործող առավել ազդեցիկ կոլաբորացիոնիստական կազմակերպությունը «Էթնիկ գերմանական շարժում»-ն էր (գերմ.՝ Volksdeutsche Bewegung): Այն հիմնադրվել է Դամիան Կրանցենբերգի կողմից՝ գերմանական Վերմախտի կողմից պետության տարածքի օկուպացումից անմիջապես հետո։ Կազմակերպությունը նպատակ ուներ Լյուքսեմբուրգի դարձնել սոսկ գերմանախոս և գերմանամետ պետություն։ «Էթնիկ գերմանական շարժման» կարգախոսն էր՝ «Տանը՝ Ռայխում» (գերմ.՝ «Heim ins Reich»): Շարժմանը հարող լյուքսեմբուրգցիների թիվը քանակական գագաթնակետի ժամանակ հասել է մինչև 84 000-ի։ Սակայն շատ հաճախ լինում էին դեպքեր, երբ մարդիկ կազմակերպության անդամ էին դառնում օկուպացիոն իշխանությունների ճնշման տակ։

1941 թվականից դքսության գրեթե բոլոր անդամներն աշխատում էին Լյուքսեմբուրգի աշխատավորական ճակատում։ Երիտասարդության շրջանում խրախուսվում էր «Luxemburger Volksjugend» կազմակերպության անդամակցությունը։ Այն հիմնադրվել է 1936 թվականին, սակայն մեծ հաջողություններ չգրանցելով հետագայում դարձել է Հիտլերյուգենդի անդամ։

Հակառակ երկրի բնակչության կամքին՝ 1942 թվականի օգոստոսին երկրում անց է կացվել զորակոչ։ Պատերազմի ժամանակ Վերմախտում ծառայում էր 12 000 լյուքսեմբուրգցի։ Նրանցից 3000-ը սպանվել են, իսկ 1500-ը՝ անհետ կորել։

Դիմադրության շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1941 թվականների ձմռանը Լյուքսեմբուրգի տարածքում ձևավորվել են փոքր պարտիզանական միավորումներ, որոնք անցկացնում էին դիվերսիոն գործողություններ ընդդեմ գերմանական զավթիչների։ Բոլոր միավորները ունեին բոլորովին տարբեր քաղաքական նպատակներ։ Շարժման անդամների թվում կային տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ՝ նախկին կուսակցականներ, հասարակական խմբեր, սկաուտներ, ուսանողներ և աշխատավորներ։ Սակայն բավականին դժվար էր զինել պարտիզանական խմբերին, քանի որ անգամ պատերազմից առաջ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունը չուներ բավականաչափ զինանոց[10]։

Այսպիսով, Լյուքսեմբուրգի տարբեր հատվածներում տեղի են ունեցել դիմադրություններ։ Սակայն դրանք բոլորը անզոր եղան գերմանական ուժերի դեմ և շուտով ճնշվեցին։ Այս տարիներին Լյուքսեմբուրգի արդարադատության նախարար Վիկտոր Բոդսոնը Իսրայելի կառավարության կողմից պարգևատրվեց «աշխարհի արդարակյացի» կոչումով, քանի որ օգնել էր ավելի քան 100 հրեաների արտագաղթել երկրից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Լյուքսեմբուրգյան դիմադրության շարժման անդամները կարևորվել են Գերմանիայի և դաշնակիցների միջև ընթացող ոչ պաշտոնական տեղեկատվական պատերազմի տարիներին։ Դիմադրության շարժման անդամ Լեոն Անրի-Ռոթը, նախապես իմանալով Հիտլերի կողմից Բալթիկ ծովի ափին գտնվող քաղաքների ռմբակոծումը պլանավորելու մասին, այդ տեղեկությունը հայտնել է հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների կառավարության անդամներին։ Արդյունքում՝ մի շարք քաղաքներ խուսափել են ռմբակոծություններից[11]։

1944 թվականի գարնանը լյուքսեմբուրգյան մի շարք պարտիզանական խմբեր ձևավորել են նոր հակագերմանական խմբավորում։ 1944 թվականի նոյեմբերին գերմանացի պարտիզանները հարձակվել են գերմանական ճամբարի վրա։ Արդյունքում զոհվել է 23 գերմանացի և ընդամենը 1 լյուքսեմբուրգցի։

Անզեն դիմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի օկուպացման ժամանակ հսկայական ժողովրդականության էր վայելում անզեն դիմադրությունը։ Երկրի բնակչությունը դիմադրություն էր ցույց տալիս գերմանացիներին՝ ծածանելով Լյուքսեմբուրգի մեծ դքսության ազգային խորհրդանիշ հանդիսացող դրոշը։ Սակայն շուտով «Էթնիկ գերմանական շարժում» կազմակերպության անդամները սկսեցին հետապնդել դիմադրության կազմակերպիչներին, և այն սկսեց առավել փոքր ծավալներ ընդունել։

1941 թվականի հոկտեմբերին գերմանական օկուպացիոն իշխանությունները Լյուքսեմբուրգում անցկացրեցին սոցիալական հարցում։ Նրանց հետաքրքրում էր թե ինչ ազգություն ունեին երկրի բնակիչները և որ լեզուն էին համարում մայրենի։ Արդյունքում՝ երկրի բնակչության 95 %-ն իրենց կոչեց լյուքսեմբուրգցի։ Իրենց գերմանացի համարելու պահանջը չընդունելուց հետո Լյուքսեմբուրգում սկսվել են զանգվածային ձերբակալություններ։

Լյուքսեմբուրգցիների միայն մի փոքր զանգվածը ցանկություն ուներ Վերմախտում ծառայելու։1942 թվականի օգոստոսի 31-ին գերմանական օկուպացիոն իշպանությունները հայտարարեցին 1920-1927 թվականներին ծնված տղամարդկաց զորակոչ։ Ի պատասխան սրա՝ երկրի հյուսիսային հատվածում բռնկվեց հացադուլ։ Հացադուլի մասնակիցների թիվը աճում էր բավականին արագ տեմպերով՝ տարածվելով ամբողջ երկրով մեկ։ Սակայն ապստամբության փորձը ճնշվեց, իսկ կազմակերպիչները ձերբակալվեցին։ 20 մարդ հատուկ տրիբունալի կողմից դատապարտվեց գնդակահարության։ Արդյունքում՝ 3500 զորակոչիկներ համալրեցին գերմանական բանակի շարքերը։

Նացիստների շքերթ Լյուքսեմբուրգում, 1941 թվական

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսության տարածքում բնակվում էր 3500 հրեա։ Դրանց մեծ մասն այստեղ էին գաղթել Գերմանիայից, քանի որ այդ երկրում ենթարկվում էին հալածանքների։ 1940 թվականի սեպտեմբերին Երրորդ Ռայխի ամբողջ տարածքում և հպատակ երկրներում ընդունվեցին Նյուրնբերգյան ռասայական օրենքներ։ Լյուքսեմբուրգի հրեաները ստիպված եղավ լքել երկիրը և հաստատվել առավել անվտանգ Ֆրանսիայում։ Մինչ 1941 թվականը՝ Լյուքսեմբուրգի տարածքից արտագաղթել է մոտ 2500 հրեա։

Ըստ էության՝ Լյուքսեմբուրգի մնացած հրեաները սպանվել կամ տեղահանվել են։ 1941 թվականի հոկտեմբերին 800 հրեաներ ենթարկվել են տեղահանման, որից հետո հավաքվել են Թերեզիենշտադի և Աուշվիցի համակենտրոնացման ճամբարներում։ Մոտ 700 մարդ արտաքսվել է երկրի հյուսիսային համակենտրոնացման ճամբարներ։

1941 թվականի հոկտեմբերի 19-ին օկուպացիոն իշխանությունները հայտարարել են, որ Լյուքսեմբուրգի տարածքը մաքրված է հրեաներից։ Այնուամենայնիվ հրեաների մի ստվար զանգված շարունակել է բնակվել Լյուքսեմբուրգում։ Հայտնի է, որ հակահիտլերյան խմբավորման անդամ երկրների կողմից Լյուքսեմբուրգի ազատագրումից հետո պարզ է դարձել այն, որ ամբողջ դքսության տարածքում ողջ է մնացել ընդամենը 36 հրեա։

Լյուքսեմբուրգի վտարանդի կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացիների կողմից Լյուքսեմբուրգի բռնազավթումից հետո կառավարության անդամները ստիպված եղան լքել երկիրը և հաստատվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Սակայն գերմանական վերմախտի Ֆրանսիա ներխուժումից հետո Լյուքսեմբուրգի դքսուհին ստիպված եղավ հաստատվել Լիսաբոնում և ապա Լոնդոնում։ Լոնդոնում ձևավորվեց Լյուքսեմբուրգի վտարանդի կառավարություն, որը կարճ ժամանակ հետո (անգլո-գերմանական պատերազմով պայմանավորված) վերջնական ապաստան գտավ Կանադայի Մոնրեալ քաղաքում[12]։

Վտարանդի կառավարությունը երկրի սահմաններից դուրս գործունեություն էր ծավալում մամուլի և ռադիոյի միջոցով։ 1944 թվականին Բելգիայի, Նիդերլանդերի և Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները ստորագրեցին մաքսային արտոնագիր, որով Լյուքսեմբուրգի օկուպացիոն վարչակարգի դիրքերը փոքրիշատե խարխլվեցին։ Այդ պայմանագրի հիման վրա ստեղծվեց Բենիլյուքսի առևտրային կազմակերպությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տասնյակ լյուքսեմբուրգցիներ կռվել են նաև դաշնակից երկրների ազգային բանակներում։ Նրանք հիմնականում մասնակցել են հարևան Բելգիայում մղվող ռազմական գործողություններին, այդ թվում 1944 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Բրյուսելի ազատագրմանը։

Լյուքսեմբուրգի ազատագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուքսեմբուրգցի զինվորները Մեծ Բրիտանիայում

Լյուքսեմբուրգի ազատագրումը գերմանական օկուպացիոն վարչակարգից տեղի է ունեցել 1944 թվականի սեպտեմբերին։ Սեպտեմբերի 10-ին անգլո-ամերիկյան միացյալ զորքերը ստիպել են գերմանական վերմախտին լքել նախկին դքսության համանուն մայրաքաղաքը։ Նոյեմբերի 15-19-ին թեժ մարտեր են ընթացել լյուքսեմբուրգցի գրոհայինների և գերմանացի զավթիչների միջև։ Դեկտեմբերի երկրորդ կեսերին Բենիլյուքսում իրենց վարչակարգը վերահաստատելու համար գերմանացիները նախաձեռնեցին Արդենյան ռազմագործողությունը, որը սակայն ձախողվեց, քանի որ խորհրդային Կարմիր բանակն արևելքից ռազմախուժեց Պրուսիա և պատերազմական գործողություններ հրահրեց մարտական գործողությունների արևելյան ճակատում։

Գերմանիան ստիպված եղավ հրաժարվել Արդենների չնչին ռազմավարական հաջողություններից և իր զորքերը տեղափոխել արևելք։ Լյուքսեմբուրգի ազատագրումից հետո «Էթնիկ գերմանական շարժում» կազմակերպության պարագլուխ Գաու Կոբլենց-Տրիերը փորձեց փախուստի դիմել, սակայն ձախողվեց և բանտարկվեց։ 1945 թվականի դեկտեմբերի 18-ին բանտախցում նա ինքնասպան եղավ։

Նացիստների հետ դաշնակցած մյուս անձինք ևս բանտարկվեցին, իսկ ոմանք էլ ենթարկվեցին մահապատժի։

Արդենների ռազմագործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդենների ռազմագործողության նպատակն էր 25 դիվիզիայի ուժերով ջախջախել Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում գտնվող անգլոամերիկյան զորքերին, պառակտել հակահիտլերյան կոալիցիան և այդպիսով փոխել պատերազմի ընթացքը հօգուտ Գերմանիայի։ Դեկտեմբերի 16-ին հանկարծակի հարձակմամբ գերմանական զորքերը ճեղքեցին ամերիկյան բանակի պաշտպանությունը և մինչև դեկտեմբերի 26-ը խորացան 90 կմ Դինան քաղաքի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին գերմանական զորքերի հարձակումը կասեցվեց դաշնակիցների պահեստային ուժերի հակահարվածով, սակայն Արևմտյան ռազմաճակատի դրությունը շարունակում էր մնալ լարված։ Հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը դաշնակիցների անունից դիմեց խորհրդային կառավարությանը՝ խնդրելով արագացնել հարձակումը խորհրդա-գերմանական ռազմաճակատում։ Խորհրդային զորքերը հունվարի 12-ին, նախատեսված ժամկետից 8 օր շուտ, հարձակման անցան Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։

Գերմանական հրամանատարությունը հարկադրված էր հրաժարվել հետագա հարձակողական գործողություններից Արևմտյան ռազմաճակատում և շտապ այնտեղից զորքեր (7 դիվիզիա) փոխադրել խորհրդա-գերմանական ռազմաճակատ։ Հունվարի վերջերին դաշնակիցները վերականգնեցին դրությունը Արևմտյան ռազմաճակատում։ Արդենների օպերացիայում դաշնակիցների կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) կազմեցին մոտ 77 հազար, գերմանացիներինը՝ մոտ 93 հազար մարդ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական ուժերի կողմից Լյուքսեմբուրգի տարածք ներխուժումը և օկուպացումը հետագայում լրջորեն ազդել է տարբեր զինված հակամարտություններում այս պետության չեզոքության դրսևորումների վրա։ 1948 թցայաբւ նաևռւ 17-ին մի շարք եվրոպական պետություններ (Լյուքսեմբուրգը ևս այդ թվում էր) ստորագրեցին Բրյուսելի պայմանագիրը, որը հստակ սահմանում էր պատերազմավարական գործողությունների ընթացակարգը։ Հետագա տարիներին Լյուքսեմբուրգը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություն։

Ռազմական առումով Լյուքսեմբուրգը սերտ հարաբերություններ սահմանեց Բելգիայի հետ։ Երկու երկրների զինվորները սկսեցին միասին զորավարժություններ կատարել։ Բացի այդ, 1950 թվականին բելգիական գումարտակի անվան տակ երկու երկրների զինվորական ստորաբաժանումները ուղարկվեցին Կորեական պատերազմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gaul, Roland. «The Luxembourg Army» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  2. «10. AGGRESSION AGAINST BELGIUM, THE NETHERLANDS, AND LUXEMBOURG» (անգլերեն). United States Government Printing Office. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  3. Nigel, Thomas. Foreign Volunteers of the Allied Forces, 1939–45. — London: Osprey Publishing, 1991. — P. 15. — 47 p.
  4. «2) Fall Gelb l'invasion du Luxembourg le jeudi 9 mai 1940 à 04h35» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. Armin Nolzen (Warburg) (2012 թ․ օգոստոսի 30). «Gau Koblenz-Trier (Moselland)» (գերմաներեն). lvr.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015-02-120-ին.
  6. «Luxembourg». Мемориальный музей Холокоста (США) (անգլերեն). ushmm.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  7. «History of Luxembourg — World War II» (անգլերեն). Allo Expat: Luxembourg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  8. «The Destruction of the Jews of Luxembourg». Holocaust Education & Archive Research Team (անգլերեն). holocaustresearchproject.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  9. «Luxemburg Collaborationist Forces During WWII» (անգլերեն). feldgrau.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  10. «Luxemburg Volunteers in the German Wehrmacht in WWII» (անգլերեն). feldgrau.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  11. «HEIM INS REICH: La 2e guerre mondiale au Luxembourg — quelques points de repère». Centre National de l'Audiovisuel (ֆրանսերեն). cna.public.lu. Արխիվացված է օրիգինալից 2007-06-10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  12. Bernier Arcand, Philippe (2010). «L'exil québécois du gouvernement du Luxembourg». Histoire Québec (ֆրանսերեն). 15 (3): 19–26. ISSN 1201-4710.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Luxembourg and the German Invasion Before and After (The Luxembourg Grey Book). — L.: Hutchinson & Co, 1942.
  • Fletcher, Jean Tucker. Defiant Diplomat: George Platt Waller, American consul in Nazi-occupied Luxembourg 1939–1941. / Fletcher, Willard Allen. — Newark: University of Delaware Press, 2012. — P. 12. — 201 p. — ISBN 1-61149-398-6
  • Schrijvers, Peter. The Unknown Dead: Civilians in the Battle of the Bulge. — University Press of Kentucky, 2005. — 464 p. — ISBN 0-8131-2352-6
  • Raths, Aloyse. Unheilvolle Jahre für Luxemburg — Années néfastes pour le Grand-Duché. — Luxembourg, 2008.
  • Thewes, Guy. Les Gouvernements du Grand-Duché de Luxembourg depuis 1848. — Luxembourg: Service information et presse, 2003. — 271 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգը Երկրորդ համաշխարհային պատերազմում» հոդվածին։