Լյուքսեմբուրգի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյուքսեմբուրգի պատմություն։ Հռոմեական կայսրության ժամանակ Լյուքսեմբուրգի տերիտորիան մտել է Բելգիկա-Պրիմա պրովինցիայի, վաղ միջնադարում՝ Ֆրանկական թագավորության կազմի մեջ։ 10-րդ դարից ժամանակակից Լյուքսեմբուրգի տերիտորիան եղել է Լյուքսեմբուրգի կոմսության, 14-րդ դարից՝ Լյուքսեմբուրգի դքսության բաղկացուցիչ մասը։ 16-րդ դարում Նիդերլանդական բուրժուազիական հեղափոխությունից հետո մնացել է Իսպանական Նիդերլանդների, 1714 թվականից՝ Ավստրիական Նիդերլանդների կազմում։ 1794 թվականին Լյուքսեմբուրգը նվաճել է Ֆրանսիան։ 1814-1815 թվականին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ կազմվել է Լյուքսեմբուրգի դքսությունը՝ Գերմանական միության կազմում, բայց կառավարել է Նիդերլանդների թագավորը՝ անձնական ունիայի կարգով (վերջինս դադարել է 1890 թվականինԼյուքսեմբուրգի ժամանակակից սահմանները հաստատվել են 1839 թվականին՝ Բելգիա-նիդերլանդական պայմանագրով։ 1842 թվականին Լյուքսեմբուրգը միացել է Գերմանիայի մաքսային միությանը։ Վերջինիս վերացումից (1866) հետո, տերությունների 1867 թվականի Լոնդոնի կոնֆերանսում, Լյուքսեմբուրգը հայտարարվել է «ընդմիշտ չեզոք» պետություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգը գրավել են գերմանական զորքերը։ 1935 թվականին Լյուքսեմբուրգի և ԽՍՀՄ-ի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ 1940 թվականի մայիսի 10-ին Լյուքսեմբուրգը օկուպացրել է ֆաշիստական Գերմանիան։ Լյուքսեմբուրգը ազատագրվել է 1945 թվականի փետրվարին։ 1948 թվականին Լյուքսեմբուրգի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդվածը։ Լինելով Բենիլյուքսի անդամ՝ Լյուքսեմբուրգը ստորագրել է 1948 թվականի Բրյուսելի պակտը, 1949 թվականին մտել է Հյուսիս-Ատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) մեջ։ Լյուքսեմբուրգը Ածխի և պողպատի եվրոպական միավորման (1951 թվականից), Եվրոպական տնտեսական համագործակցության (1957 թվականից) մասնակից է։ Ետպատերազմյան տարիներին Լյուքսեմբուրգի կառավարող շրջանները վարում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԳՖՀ-ի հետ տնտեսական և քաղաքական միությունն ամրապնդելու կուրս։ Լյուքսեմբուրգի առաջադիմական ուժերը, Լյուքսեմբուրգի կոմկուսի գլխավորությամբ, գործուն պայքար են մղում խաղաղության, եվրոպական անվտանգության ամրապնդման, Լյուքսեմբուրգի ավանդական չեզոքության քաղաքականությանը վերադարձնելու, աշխատավորների սոցիալական ու դեմոկրատական իրավունքների համար։ 1960-ական թվականներից սկսած ուժեղացել են գործնական առնչությունները Լյուքսեմբուրգի և ԽՍՀՄ-ի միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png