Ազգերի Բրիտանական Համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի Բրիտանական Համագործակցություն
Տեսակ intergovernmental organization
Հիմնադրված դեկտեմբերի 11, 1931
Շտաբակայան Լոնդոն
Գլխավոր քարտուղար Եղիսաբեթ II
Կայք thecommonwealth.org
Commonwealth of Nations Վիքիպահեստում

Ազգերի բրիտանական համագործակցություն (անգլ.՝ British Commonwealth of Nations), երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից և տերիտորիաներից ստեղծված միջկառավարական կազմակերպություն։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth of Nations) կամ ուղղակի «Համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth) ձևով։

Ազգերի բրիտանական համագործակցության անվանումն ստատուսային ճանաչում է գտել դեռևս 1921 թվականին, անգլո–իռլանդական պայմանագրում և երկար ժամանակ գործածվել է որպես «Բրիտանական կայսրություն» հասկացության հոմանիշ։ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադա, Ավստրալիական Միություն, Նոր Զելանդիա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիայի Ֆեդերացիա, Ցեյլոն, Գանա, Նիգերիա, Կիպրոս, Սիերա Լեոնե, Տանզանիա, Ճամայկա, Տրինիդադ և Տոբագո, Ուգանդա, Քենիա, Զամբիա, Մալավի, Մալթա, Գայանա, Գամբիա, Բոտսվանա, Բարբադոս, Լեսոտո, Սինգապուր անկախ պետությունները և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Մեծ Բրիտանիայի և Ազգերի բրիտանական համագործակցության երկրների փոխհարաբերությունը կարգավորվում է Վեստմինիստրական ստատուսով (1931), ըստ որի, Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը չի տարածվում անդամ–երկրների վրա։ Նրանք ինքնուրույն են նաև միջազգային հարաբերություններում և ունեն իրենց ներկայացուցիչները ՄԱԿ–ում և նրա մասնագիտացված կազմակերպություններում։

1944-ից սկսած կանոնավոր կերպով հրավիրվում են Ազգերի բրիտանական համագործակցության երկրների վարչապետների խորհրդակցություններ, որոնք չունեն հաստատված օրակարգ և չեն ընդունում անդամ–երկրների համար պարտադիր որոշումներ։ Հրավիրվում են նաև արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության և մատակարարման նախարարների խորհրդակցություններ։

Ազգերի բրիտանական համագործակցության երկրները (բացի Կանադայից) մտնում են ստեռլինգային գոտու մեջ, և նրանց ու Մեծ Բրիտանիայի առևտրական հարաբերություններում գործում է պրեֆերենցիալ (արտոնյալ) մաքսերի համակարգը, որը սահմանվել է 1932 թվականին՝ Օտտավայի պայմանագրով։ Համակարգը թույլատրում է Ազգերի բրիտանական համագործակցության երկրներից ներմուծվող ապրանքների մուտքը Մեծ Բրիտանիայի շուկան, առանց քվոտային սահմանափակումների և համեմատաբար ավելի ցածր մաքսերով, քան գանձվում է այլ պետություններից ներմուծվող նույնատիպ ապրանքների համար։ Դրանով անգլիական մոնոպոլիստները հայթայթում են էժան հումք ու սննդամթերք և, միաժամանակ համանման զիջումներ ստանալով Ազգերի բրիտանական համագործակցության մյուս երկրներից, ապահովում իրենց տիրապետությունը նրանց շուկաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png