Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցի, հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։ Պատկանում է քառակուսի հատակագծով, զույգ ավանդատներով, գմբեթավորված եկեղեցիների տիպին։ Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։ Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակներից մեկի վրա պատկերված է Ադամի և Եվայի առասպելը՝ արարումից մինչևբ դրախտից արտաքսում։ Արևելյան ճակատին պատկերված են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նրանց կողքին են նաև Գրիգոր Լուսավորիչը, Արծրունյաց տան եպիսկոպոսները, արաբական արշավանքների ժամանակ հերոսացածները, այդ թվում՝ Արծրունյաց ցեղի 4 ներկայացուցիչ՝ հարազատներով շրջապատված։ Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը։ 2007 թ. եկեղեցին վերանորոգվել է։
Հիմնական հոդված՝ Աղթամար