Աղթամարի կաթողիկոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղթամարի կաթողիկոսություն
պատկեր
Տեսակկաթողիկոսություն և եպիսկոպոսական աթոռ
Հիմնադրման թվական1113[1]
Ավարտի թվական1895[1]
Երկիր Օսմանյան կայսրություն
ԳլխամասԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի մարզ, Թուրքիա[1]

Աղթամարի կաթողիկոսություն, Հայոց եկեղեցու ինքնուրույն աթոռներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1470-ական թվականներին Աղթամարի կաթողիկոսությանը ենթակա եկեղեցական վիճակների (թեմերի) բնակչությունը Աղ-կոյունլուների թուրքմենական ցեղախմբի գերիշխանության ոլորտում էր։ Գրիչներն իրենց թողած հիշատակարաններում ուշագրավ ու արժանահավատ տեղեկություններ են հաղորդում Աղթամարի աթոռին ենթակա եկեղեցաթեմերում ստեղծված կացության մասին։ Աղ-կոյունլու փադիշահ Ուզուն Հասանի (1453–1477) գահակալության տարիները բնորոշվում են իբրև դառնաղետ ժամանակաշրջան։

Ըստ 1471 թվականի Աղթամարի Սուրբ Խաչ վանքում օրինակված Ճաշոցում եղած հիշատակագրության՝ «…երկիր ամենայն երերեալ կայ և տատանեալ ի ձեռաց անօրինաց… է զմահ և զսով, զսուր և զգերութիւն»[2]։ 1474 թվականին Խլաթի գավառակի Ծղակ գյուղի մոտակայքի վանքում արտագրված Ավետարանի գրիչը վկայում է, որ նույն թվականին Ուզուն Հասանը հարձակվում է Բաղեշի վրա «…և բազում ի մարաց[Ն 1] ազգէն կոտորեաց. և Հայոց ազգիս յոյժ ողորմած է, զի գերի ոչ առնէ…»[3]: Այդ փադիշահը ջանում էր սիրաշահել քրիստոնյաներին և ձեռք բերել Վենետիկի հանրապետության զորակցությունն ընդդեմ Օսմանյան սուլթանության։ Վենետիկ ուղարկած նրա չորս պատվիրակներից Մուրատը ծագումով հայ էր[4]։

Ուզուն Հասանի օրոք Աղթամարի կաթողիկոսությունը պահպանեց իր եկեղեցաթեմերը։ Ըստ վիճելի մի վավերագրի՝ 1474 թվականի դրանք տարածվում էին «…ի Շատխոյ մինչև… փոքր գեղորայք, վանորայք և անապատերն...»[5]: Սակայն պետականության բացակայության պայմաններում դրությունը մնում էր ծանր ու օրհասական։ 1475 թվականին Վանա լճի Կտուց կղզում ձեռագիր օրինակող Խաչատուր գրիչը նշում է՝ «Չգիտեմք, թէ ինչ տի լինի Հայոց ազգիս։ Ի գայլոց միջիս շիւարեալ կանք ողորմելի…»[6]: «Ի դառն և ի վշտալից ժամանակի, յորում կամք ընդ հարկի և ընդ ծառայութեան ազգին նետողաց»[7],– գրում է 1476 թվականին Աղթամարում Հայսմավուրք արտագրող գրիչը։

Աղթամարի կաթողիկոսությունը Յաղուբ Բեկի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղթամարի և նրա թեմերի բնակչության կացությունը շարունակում էր մնալ ծանր նաև 1478 թվականից Աղ-կոյունլուների փադիշահ դարձած Յաղուբ Բեկի օրոք։ Թեև 1481 թվականին Աղթամարի թեմերի հայ տանուտերերին հաջողվեց միջնորդել փադիշահի առջև փոքր-ինչ թեթևացնել տալով Աղթամարին ենթակա եկեղեցիների հարկերը[8], սակայն դա ևս չփրկեց դրությունը։ 1484 թվականին Աղթամարի վանքում ձեռագիր արտագրող Կարապետ գրիչն իր թողած հիշատակարանում շեշտում է` դաժան ու անհույս ժամանակը, երբ «…երկիր ամենայն երերեալ և տատանեալ կայ ի ձեռաց անօրէն ազգին նետողաց»[9][10][11][12]։

Աղթամարի կաթողիկոսությունը Ռուստամի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

1480–1490-ական թվականներին Աղթամար կղզին քրդական ցեղապետ Մելիք Բեկի որդու՝ Ռուստամի իշխանության տակ էր[13]։ Ռշտունիքի Շատվան գյուղում 1489 թվականին Ատոմ գրչի թողած հիշատակարանում նշվում է, որ այլակրոն իշխանությունները «...բռնադատեն զամենեսեան զմանկունս եկեղեցւոյ դառնալ ի սնոտի և ի պատիր յոյսն իւրեանց… բազում եկեղեցիս տապալեցին և զխաչ և զԱւետարան նախատեցին»[14]։ Աղ-կոյունլուների փադիշահ Բայանդուրը (Յաղուբին հաջորդած), ջանալով հնազանդեցնել քրդական ցեղերին, զորք է հանում նրանց դեմ։ Զորքին դիմակայող քուրդ բեկի զորախումբը նահանջում է Ռշտունիք գավառ՝ «...հանդէպ Աղթամարայ, և անդ զօրաժողով առնէր»[15]։ Նրան հետապնդող թուրքմեն զորապետն ավերածության է մատնում Վանի գավառը։ Հատկապես այնտեղ եղած վանքերն «...առաւել աւերեցին, զի զդարանսն գտին և զգրեանսն և զամենայն սպասք եկեղեցեացն յաւար առին»[16]։ Նույն զորապետը թեև չի հասցնում գրավել Աղթամար կղզին, սակայն Աղթամարի աթոռին ենթակա թեմերի բնակչությունը ենթարկվում է բռնությունների, կրում զրկանքներ։ Նրանից հետ չէր մնում վերոնշյալ Ռուստամ Բեկը, որի օրոք՝ «...ի դառն և ի չար ժամանակիս … բռնացեր են ի վերայ Հայոց ազգիս»[17]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նկատի է առնվում քրդերին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 255-256։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Խաչիկյան, Լ․ (1958). ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ. Երևան. էջ 308.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ. էջ 312.
  4. Ալիշան, Ղևոնդ (1896). Հայ-Վենետ. Վենետիկ. էջ 187.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ. էջ 367.
  6. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ. էջ 382.
  7. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ. էջ 402.
  8. Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, կազմեց Ե. Լալայան. Թիֆլիս. 1915. էջեր սյունակ 483.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան. Երևան. 1967. էջեր 58–59.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան. Երևան. 1967. էջ 85.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան. Երևան. 1967. էջ 111.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան. Երևան. 1967. էջ 121.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Бидлиси, Шараф-хан (1967). Шараф-Наме, т. 1. Москва. էջ 158.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ. էջ 140.
  15. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ. էջ 173.
  16. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ. էջեր 173–174.
  17. Սրվանձտյանց, Գարեգին (1888). Թորոս Աղբար, հատոր 2-րդ. Կ․ Պոլիս. էջ 426.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916
  • Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 255