Էրիկ Հոբսբաում
Էրիկ Ջոն Էռնեստ Հոբսբաում (անգլ.՝ Eric John Ernest Hobsbawm, հունիսի 9, 1917[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[4][5] - հոկտեմբերի 1, 2012[1][6][2][…], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի պատմաբան-մարքսիստ, առավել հայտնի է «Հեռավոր 19-րդ դարի մասին» («Հեղափոխությունների դարաշրջան. Եվրոպա 1789-1848», «Կապիտալի դարաշրջան. Եվրոպա 1848-1875» և «Կայսրությունների դարաշրջան։ Եվրոպա 1875-1914») և «Կարճատև 21-րդ դարի մասին» («Ծայրահեղությունների դարաշրջան. կարճատև 20-րդ դար 1914-1991») աշխատանքներով, տեսաբան և ազգայնականության քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ավստրիական հրեաների ընտանիքում, ովքեր անհաջողությամբ փորձել են զբաղվել բիզնեսով Եգիպտոսում (մայրը՝ Վիեննայից էր, հայրը՝ լեհ հրեայի որդի՝ ծնված Լոնդոնում)։
Սովորել է Վիեննայում, այնուհետև Բեռլինում գիմնազիայում (1931-1934), որտեղ գնացել էր քրոջ հետ ծնողների մահից հետո, և Լոնդոնում, որտեղ արտագաղթել է նացիստական Գերմանիային Ավստրիայի միացումից հետո, որտեղ էլ սովորել է Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում՝ պատմության և տնտեսագիտության ֆակուլտետներում։
Դեռ Գերմանիայում Հոբսբաումը հետաքրքրվել է մարքսիզմով։ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Կոմունիստական կուսակցություն, ընդգրկվել Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության Պատմական խմբի մեջ։
Ուսանողական տարիներին Հոբսբաումը աշխատել է «Գրանտ» թերթում, ինչպես նաև եղել է կինոօպերատոր՝ նկարահանումների մեկնելով դեպի Ֆրանսիա, Ալժիր և Թունիս։
1947 թվականին Հոբսբաումը դարձել է Բիրբեկի՝ Լոնդոնի համալսարանի քոլեջի պատմության դասախոս, որտեղ ղեկավարել է տնտեսագիտական պատմության ամբիոնը՝ 1969 թվականից սկսած, 1984 թվականից՝ այդ համալսարանի տնտեսագիտության և սոցիալական պատմության պատվավոր պրոֆեսոր։ Դասախոսություններ կարդացել է արտասահմանյան մի շարք համալսարաններում։
Հոբսբաումը ճանապարհորդել է Միջերկրածովյան և Լատինական Ամերիկայի երկրներում։ 1957 թվականի Միջերկրածովյան ճանապարհորդության ընթացքում Հոբսբաումը ծանոթացել է արխիվային փաստաթղթերի հետ, հարցաքննել գյուղացիների, իսկ այնուհետև գրել հայտնի դարձած «Հասարակ ապստամբները» գիրքը։ Այս աշխատության մեջ նա ցույց է տվել կրոնի և զանգվածների հեղափոխականության միջև կապը, նկարագրել է հեղափոխական իրավիճակի օրինաչափությունները և վերլուծել նրանում անձի դերը։
1960-ական թվականներին Հոբսբաումը հայտնի է դարձել որպես աշխատանքային շարժումների պատմաբան։ Նա ներկայացրել է աշխատանքային շարժումների պատմությունը ոչ որպես աշխատանքային կազմակերպությունների գործունեության նկարագրություն, այլ որպես աշխատանքային դասակարգի մշակույթի պատմություն։ Արդյունքում, նա շարունակել է այդ հետազոտությունները՝ ուշադրություն դարձնելով կրոնի և սոցիալիզմի փոխհարաբերությանը, աշխատանքային և հեղափոխական շարժման մեջ ծեսի դերին, աշխատանքային արիստոկրատիայի ձևավորմանը, աշխատանքային դասակարգի մշակույթին և զանգվածային մշակույթի հետ նրա կապին։
Հոբսբաումը ակտիվորեն մասնակցել է մարքիստների հետ բանավեճերում՝ քննադատելով էվոլյուցիոն կապիտալիզմի վերաբերյալ օրթադոքսալ հայացքները, աշխատանքային դասակարգի միօրինակությունը, միայն պրոլետարիատի հետևողական հեղափոխականությունը։ Նա ստորագրել է եվրոպացի պատմաբանների նամակը՝ ընդդեմ Հունգարիա խորհրդային ներխուժման՝ դրա հետ մեկտեղ մնալով կոմունիստական կուսակցության անդամ՝ անկախ այն սահմանափակումներից, որ այդ ժամանակ կրում էին կոմունիստները, օրինակ՝ արգելքը՝ ճանապարհորդելու ԱՄՆ։
1968 թվականին նա հրատարակել է Անգլիայի տնտեսական պատմությունը՝ «Արտադրություն և Կայսրություն. անգլիական ժամանակակից հասարակության կայացումը։ 1750 թվականից մինչև մեր օրերը»։
1970-ական թվականներից՝ Հոբսբաումը զբաղվել է Եվրոպայի պատմության նոր տեսական աշխատանքով, ինչպես նաև պատմական հետազոտությունների մեթոդաբանական հարցերով։
Ջազի բրիտանացի սիրահարներին Հոբսբաումը հայտնի է նաև որպես ժամանակակից երաժշտության նուրբ քննադատ և գիտակ[14][15][16]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 — «Հասարակ ապստամբները» (Primitive Rebels), «Ջազային տեսարան» (The Jazz Scene);
- 1962 — «Հեղափոխության դարաշրջան» (The Age of Revolution);
- 1964 — «Աշխատավորները» (Labouring Men);
- 1968 — «Արդյունաբերություն և Կայսրություն» (Industry and Empire);
- 1969 — «Կապիտան Սվինգը» (Captain Swing), «Ավազակները» (Bandits);
- 1973 — «Հեղափոխականները» (Revolutionaries);
- 1975 — «Կապիտալի դարաշրջան» (The Age of Capital);
- 1978 — «Մարքսիզմի պատմություն» (History of Marxism);
- 1983 — «Ավանդույթի գյուտը» (The Invention of Tradition);
- 1984 — «Աշխատողները» (Workers);
- 1987 — «Կայսրության դարաշրջան» (The Age of Empire);
- 1990 — «Ազգերը և ազգայնականությունը» (Nations and Nationalism),
- 1994 — «Ծայրահեղությունների դարաշրջան» (The Age of Extremes),
- 1997 — «Պատմության մասին» (On History);
- 1998 — «Անսովոր մարդիկ» (Uncommon People);
- 1999 — «Նոր դար» (The New Century);
- 2002 — «Հետաքրքիր ժամանակներ» (Interesting Times).
Եվրոպական մշակույթի վրա Մարքսիզմի ազդեցության հիմնախնդրի շուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 19-րդ դարի 20-ական թթ. արագ զարգացում ունեցած սոցիալիստական և աշխատավորական շարժումները, որոնք կապված էին Կառլ Մարքսի հետ, նպաստեցին նրա տեսության արագ տարածմանը։ 20-րդ դարում մարքսիստական տեսության արագ տարածումը եվրոպական մի շարք երկրներում, ցույց տվեց, որ այն հիմնվում է ոչ միայն ուժի վրա, այլ ունի խորը մշակութաբանական արմատներ։ Սակայն 20–րդ դարի հիմնական մոտեցումներն ուղղված էին մարքսիստական վերլուծության կիրառմանը։
Սա հիմնավորվեց հիմնականում Խորհրդային միության հսկայական քաղաքական և գաղափարական ազդեցությամբ, որտեղ ընդունվում էր միայն մարքսիզմի նեղացված, գծային մեկնաբանությունը։ Անդրադառնալով Մարքսի ազդեցության մասշտաբներին ժամանակակից ինտելեկտուալ կյանքի վրա՝ «21-րդ դարում ազատ միտք» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Հոբսբաումը նշում է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք է տարածվում Մարքսի նկատմամբ, դեռ այսօր էլ նրա կերպարը բավականին ակտուալ է։ Երկրորդ կարևոր հանգամանքը Մարքսի ներդրման նոր բացահայտումն է հասարակական զարգացման բնական միտումների հասկացության մեջ։ Դա կատարվեց 1990-ական թվականներին։ Ամենայն հավանականությամբ, այն կապված էր այս ժամանակաշրջանի տնտեսական ճգնաժամի հետ. լայն տարածում ստացավ այն մոտեցումը, որ Կառլ Մարքսն իսկապես կանխատեսել էր ժամանակակից կապիտալիստական գլոբալիզացիայի էությունը։ Հետաքրքրական է, որ այս բացահայտումը կատարվեց հենց այն ժամանակ, երբ մարքսիզմը կորցրեց իր երբեմնի ազդեցությունը ձախ հայացքներ ունեցող կողմնակիցների վրա։ Դեռևս Ջոն Հիկսը նշում էր, որ այն մարդկանց մեծամասնությունը որը ձգտում է համակարգել պատմության ընթացքը, ստիպված է օգտագործել հենց մարքսիստական կատեգորիաներ, քանի որ այլընտրանքային բազմազանությունը այնքան էլ շատ չէ։ Այլ կերպ ասած, Մարքսը ժամանակակից սոցոլոգիայում հնարավոր է, որ վերջին խոսքը չէ, բայց անկասկած այն առաջնային է մարդկության զարգացման ընթացքը հասկանալու համար։ Հոբսբաումը նշում է, որ պետք է խոսել Մարքսի տեսության մասին, քանի որ ինքը Մարքսը չէր պնդում որ ստեղծել է ավարտուն տեսություն։ Հոբսբաումի կարծիքով անհրաժեշտ է հրաժարվել այն մտքից, որ գոյություն ունի «ճշմարիտ» կամ «ոչ ճշմարիտ» մարքսիզմ։ Մարքսիզմը հետազոտության ուղղություն և մեթոդ է, որի շրջանակներում կարելի է հանգել տարբեր եզրակացությունների։ Անհրաժեշտ է տարբերակել մարքսիզմը սոցիալական վերլուծությունից և քաղաքական կանխատեսումներից։ Այս կանխատեսումներից որոշները հանգում են մարքսիստական վերլուծության, իսկ որոշները՝ ոչ։ Բավական հիմնավորված է, որ կապիտալիզմը համակարգ է, որն անընդհատ վերափոխում է աշխարհը և առաջ բերում տնտեսական, քաղաքական և սոցիաական հակասություններ. վերջինս հանգեցնում են ճգնաժամի, որի հաղթահարման ընթացքում փոխվում է կապիտալիստական հասարակության էությունը։ Այդ հասարակությունն անխուսափելիորեն պետք է փոխվի։ Իսկ այդպիսի տրանսֆորմացիայի քաղաքական բնույթը, որը կարող է տանել սոցիալիզմի կամ կոմունիզմի, պարտադիր չէ՝ բխեցվի վերլուծությունից։ Սահմանափակվելով միայն 19–րդ դարի հասանելի նյութերով՝ Մարքսը որոշակի սխալներ է թույլ տվել մասնավորապես արտադրության ասիական մոդելի վերլուծության ժամանակ։ Սխալմունք էր նաև Մարքսի այն միտքը, որ արտադրության այն եղանակը, որը հիմնված էր ստրկական ուժի օգտագործման վրա, գոյություն ուներ ամբողջ աշխարհում և հասարակության զարգացման անհրաժեշտ փուլ էր։ Այնուամենայնիվ, Մարքսը ճիշտ կանխատեսեց դասակարգային ինքնագիտակցության զարգացումը և աճը. ինչպես նաև սրա վրա հիմնված պրոլետարիատի զարնգվածային շարժումները։
Պետք է նշել, որ Մարքսը քիչ ուշադրություն է դարձնում քաղաքական և պետական իշխանության գործառման ոլորտին և մշակութաբանական խնդիրներին։ Մարքսի ժառանգության մեջ, ինչպես նշում էր Հոբսբաումը, քաղաքական տեսություն չկար։ Իհարկե, պետական իշխանության հայեցակարգը և նրա փոփոխության մեխանիզմները կային, բայց քաղաքականությունը միայն այս հարցերին չի վերաբերվում։
Հոբսբաումը 20–րդ դարն անվանվում է «Ծայրահեղությունների դար»։ Սա նշանակում է, որ 20–րդ դարում կատարված իրադարձություններն աննախադեպ են իրենց նշանակությամբ, ընդգրկվածությամբ։ 20–րդ դարի կարևորագույն իրադարձությունը 19–րդ դարի վերջին բուրժուական հասարակության անկումն էրՙ ինչպես նաև նրան հատուկ կապիտալիզմի սպեցիֆիկ տիպը։ Իսկ 1914-1940-ական թվականներին, որը Հոբսբաումը անվանում է «աղետների դարաշրջան», կապիտալիզմի հետագա ճակատագիրը հարցականի տակ էր։ Հոկտեմբերյան հեղափոխությունը կապիտալիզմի ճգնաժամի նախանշանն էր։ Կապիտալիզմի ճգնաժամը, որին սովետական տնտեսությունը որոշակի առնչություն ուներ, հանգեցրեց այն մտքին, որ պլանային համակարգը այլընտրանք էր նախկին կապիտալիստական տնտեսությանը։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը հիմք տվեց կապիտալիզմի տրանսֆորմացիային նոր հիմքի վրա։ Հենց 20-րդ դարում կատարվեց տնտեսական աննախադեպ աճ և գլոբալիզացիա, սրա հետ մեկտեղ՝ երկու համաշխարհային պատերազմներ և մասսայական սպանություններ։
Մարքսը ճիշտ էր գտնում, որ սոցիալական տրանսֆորմացիայի բանալին մարդու և բնության միջև փոխհարաբերությունների բնույթն է։ Սակայն այդ փոխհարաբերությունը վերածվեց բնության նկատմամբ մարդու գերակայության. նրա մասնակցությունը բնական գործընթացներին դարձել է անկառավարելի։
Ըստ Հոբսբաումի՝ մարքսիզմը պետք է ներկայացնել որպես զարգացող տեսություն, և ոչ թե որպես «Սուրբ գրվածք»[17]։
Մարքսիզմի տարածման շրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական և աշխատավորական շարժումների արագ աճը, որը կապված էր Կառլ Մարքսի անվան հետ, նկատելի էր արդեն 19-րդ դարում՝ մեծ ազդեցություն թողնելով Մարքսի տեսության տարածման վրա՝ ինչպես այդ շարժումների ներսում, այնպես էլ նրանցից դուրս։ Այդ շարժումների ներսում մարքսիզմը, պայքարելով ձախ հայացքների հետ, ի վերջո պաշտոնապես զբաղեցրեց նրանց դիրքը։ Սոցիալական շարժումները սկսեցին հաճախակի անդրադառնալ Մարքսի գաղափարներին՝ հաճախ նույնացնելով սոցիալիզմի հետ։
Որոշակի շրջանակներում նույնիսկ մարսիզմի վերլուծությունը օգտագործվում էր ոչ մարքսիստական վերլուծությունները լրացնելու համար։ Այսպես, անգլիացի որոշ տնտեսագետներ, 19-րդ դարի 80–ական թվականներին, գիտակցելով ուղղափառ մալթուսանական տեսության սահմանափակությունը, գործազրկության հարցերում մեծ ուշադրություն սևեռեցին Մարքսի «աշխատանքի պահետազորի» տեսությանը։ Իհարկե, այս ոլորտի նկատմամբ ոչ հետաքրքրական մոտեցում կարող էր ցուցաբերվել այնպիսի երկրներում, ինչպես Անգլիան էր, որտեղ աշխատավորական շարժումներն այս ժամանակաշրջանում մեծ նշանակություն չունեին։ Այնտեղ, որտեղ աշխատավորական շարժումներն ավելի ընդգրկուն և ծավալուն էին, անհրաժեշտություն առաջացավ պայքարել սրանց դեմ՝ դիմելով ակադեմիական ինտելեկտուալներին, կամ էլ փորձել հասկանալ այս շարժումների հմքում ընկած գաղափարների բնույթը։
Մարքսիզմի ազդեցությունը սոցիալիստական և աշխատավորական շարժումներից դուրս արտահայտվում էր նախկին մարքսիստների աշխատանքներում, որոնց թիվն ավելացավ հատկապես մարքսիզմի ճգնաժամից հետո։ Մարքսիզմի տարածումը առավել նկատելի էր այնտեղ, որտեղ տարածված էին սոցիալիստական և աշխատավորական շարժումները, այսինքն՝ Եվրոպայի մեծ մասում և այն մայրցամաքներում, որի բնակչությունը բաղկացած էր եվրոպական միգրանտներից։ Ապացույց չկա, որ մարքսիզմը իր ազդեցությունն է թողել նախահեղափոխական շարժումներում, որոնք ծայր էին առել Հնդկաստանում 1914 թվականին՝ չնայած ինչպես անգլիական, այնպես էլ ռուս ինտելեկտուալների մասնակցությանը։
Մարքսիզմի ազդեցության հետքեր հնարավոր չէր գտնել ոչ իսլամական աշխարհում, ոչ Աֆրիկայում, ոչ էլ Հարավային Ամերիկայում։ Այնուամենայնիվ մարքսիզմի տարածումը նշանակալից է որոշ եվրոպական երկրների համար, մասնավորապես նրանց, որոնց սոցիալական միտքը կրել է Մարքսի ազդեցությունը՝ անկախ սոցիալիստական և աշխատավորական շարժումների հետ նրանց քաղաքական կապերի[17]։
Մարքսիզմի ազդեցության ժամանակաշրջաում կարելիէ առանձնացնել 3 հիմնական հատված։ Առաջինը ներառում է 19-րդ դարի 80-ական թթ և 90-ականների սկիզբը, որը բնորոշվում է մարքսիստական կողմնորոշում ունեցող սոցիալիստական և աշխատավորական կազմավորումների ձևավորմամբ։ Եվ հենց այս ժամանակաշրջանում կարևորվում է ոչ թե ձևավորվող շարժումների կազմակերպչական, ընտրական ուժը, այլ հենց այս շարժումների անսպասելի առաջացումը քաղաքական թատերաբեմում։ Այս շարժումը նշանավորվեց նրանով, որ հենց առաջինը գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 1891 թվականին պաշտոնապես ընդունեց մարքսիզմը։ Երկրորդ փուլը թվագրվում էր 90-ական թվականների կեսերով, երբ ակնհայտ դարձավ կապիտալիզմի համաշխարհային մասշտաբ ընդունելու փաստը։ Այն երկրները, որտեղ արդեն գոյություն ունեին սոցիալիստական և աշխատավորական զանգվածային շարժումներ, շարունակում էին արագ զարգանալ, չնայած որոշակի տատանումներին։ Առաջացան նաև մասսայական այլ շարժումներ ևս, որոնք անօրինական էին, և դրանց նպատակը ոչ թե անմիջական հեղափոխությունն էր, այլ հասարակության արմատական վերափոխությունը։ Մարքսիզմի ճգնաժամը, ըստ հետազոտողների, սկսվեց հիմնականում 1898 թվականից և կապված էր այն հանգամանքի հետ, որ կապիտալիզմը դեռ կենսունակ էր և ծաղկում էր։ Իսկ ճգնաժամը ձգձգվեց այն պատճառով, որ հայտնվեցին խմբեր, որոնց շահերը տարբերվում էին նրանցից, որոնք դեռ վերջերս համարվում էին սոցիալիզմի ակունքներ։
1905 թվականի Ռուսական հեղափոխությունը սկիզբ դրեց երրորդ փուլին, որի ավարտը ձգվում է մինչև 1914 թվական։ Այս փուլը բնութագրվում է մասսայական շարժումներ աճով։ Միաժամանակ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքեց ձայների 30-40%-ը Գերմանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Իհարկե, մարքսիզմի նկատմամբ հետաքրքրությունն աճեց նաև սոցիալիստական շարժումներից դուրս։ Հենց այս ժամանակաշրջանում հեղափոխական շարժումները նույնականացան մարքսիզմի հետ[18]
Մարքսիզմի ազդեցությունը գաղափարախոսության և շարժումներ վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հերթին, կարևոր խնդիր էր համարվում հասկանալ մարքսիզմի ազդեցությունը սոցիալիստական և աշխատավորական կուսակցությունների վրա։ Մարքսիզմը համադրվում էր այլ գաղափարախոսական ուղղությունների հետ։ Սակայն առանձին շարժումներում, ինչպես օրինակ ֆրանսիականում, դոմինանտում էին հեղափոխական ավելի հին ավանդույթներ, որոնք հազիվ թե կրեին մարքսիզմի ազդեցությունը։ Եվրոպական որոշ երկրներում սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն ունեին ձախ սոցիալիստական ուղղվածություն, իսկ որոշներում էլ՝ մրցակցում էին այլ գաղափարախոսությունների և շարժումների հետ։ Այդպիսի գաղափարախոսություններից եվրոպական երկրներում տարածված էր հեղափոխական սինդիկալիզմը, որը մարքսիզմում հերքում էր ոչ միայն պետության կազմակերպման պատկերացումները, այլ նաև պատմական վերլուծության ողջ համակարգը, որը հեղափոխական սինդիկալիզմը դիտարկում էր որպես պատմական դետերմինիզմ։
Մարքսիզմն այլ մեկնաբանություն ուներ Արևելյան Եվրոպայում, որում և գտան 19-րդ դարի ընթացքում կատարվող սոցիալական փոփոխությունների պատասխանը։ Հենց այստեղ էին գործում իրական աշխատավորական շարժումները։ Սրա հիմնական պատճառն այն էր, որ կապիտալիզմի քննադատությունը հայտնվեց Ռուսաստանում, երբ փորձում էին խուսափել նրանից, ընդ որում, միայն հասկանալուց հետո։ Այն հակակապիտալիստական հեղափոխական մոտեցման այլընտրանքային ձև էր Ռուսաստանում։
Աշխատավորական շարժումները նշանակալի զարգացում ունեցան Անգլիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում։ Նրանցում ևս զգացվում էր մարքսիզմի ազդեցությունը։ Իհարկե, չպետք է թերագնահատել մարքսիզմի ազդեցությունը և Նոր աշխարհի վրա՝ կապված ռուսների, գերմանացիների զանգվածայիյ արտագաղթի հետ, սակայն այս ազդեցությունը նրանց մշակութային նկարագրի գաղափարական բաղկացուցիչն է ցույց տալիս[19]։
Մարքսիզմի ազդեցությունն ինտելեկտուալների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքսիզմի արագ տարածումը կապված էր միջին խավի ինտելեկտուալների հետաքրքրվածության և շահագրգռվածության հետ, որոնք աշխատավորական շարժումներից անկախ խումբ էին ներկայացնում։ Բանն այն է, որ այս ժամանակաշրջանում գոյություն ունեցող աշխատավորական շարժումներն իրենց կազմում ինտելեկտուալների միջին դաս չէին պարունակում և նույնիսկ չէին փորձում ներգրավել։
Ֆրանսիական հեղափոխական ավանդույթները մեծ ազդեցություն էին կրում ինտելեկտուալներից, քանի որ դրանք ներառում էին տեղական սոցիալիստական տարր, իսկ սոցիալիզմի ազդեցությունն էլ զգացվում էր ժամանակավոր ձախ հայացքների սիմվոլով։ Ընդհանուր առմամբ, մարքսիզմի ազդեցությունը ֆրանսիական իրականության մեջ սահմանափակ էր և որպես ապացույց՝ կարելի է փաստել այն, որ 1914 թվականը, երբ ֆրանսերեն թարգմանվեց Մարքսի և Էնգելսի աշխատությունները, դրանց թիվը փոքրաքանակ էր՝ ի տարբերություն անգլերեն թարգմանությունների։ Գերմանական միջավայրում, թեև ինտելեկտուալներն ամբողջ ուշադրությունը սևեռել էին մարքսիզմի վրա, մեծ հետաքրքրություն չէին տածում նրա նկատմամբ։ Եվ սրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ազդեցիկ անդամներն օտաերկրացիներ էին։
Հյուսիս-արևմտյան Եվրոպայի երկրներում՝ Բելգիայում և Սկանդինավյան երկերներում, ձևավորված մասսայական աշխատավորական կուսակցությունները պաշտոնապես նույնականացրեցին իրենց մարքսիզմի հետ։ Սկանդինավյան երկրներից հատկապես Դանիան մեծ հետաքրքրություն էր տածում մարքսիզմի նկատմամբ։ Նորվեգիայում մեծ մասամբ շարժումները ղեկավարվում էին աշխատավորների կողմից։ Այս երկրներում սոցիալիզմը հետաքրքրական էր հատկապես ստեղծագործական շրջանակներում և համարվում էր մեծ մասամբ դեմոկրատական ռադիկալիզմի և ձախ հայացքների սահմանների ընգրկման հնարավորություն։ Եվ հատկապես ընգծվում էին այն ռեֆորմները, որոնք վերաբերում էին մշակութային և սեռական բարոյականության ոլորտներին։ Հոլանդիան և Բելգիան մեծ դերակատարում ունեցան եվրոպական մշակույթում, քան որևէ այլ երկիր։ Բելգիայում աշխատավորական կուսակցությունները հիմնականում ընդգրկում էին ինտելեկտուալներին և համալսարանների ներկայացուցիչներին։ Սակայն միջազգային շարժումներում ավելի աջ հայացքներ էին դրսևորում[17]։
Ընդհանուր առմամբ, մարքսիզմը էական ազդեցություն չթողեց բելգիական ինտելեկտուալների վրա։ Հոլանդիայում սոցիալիզմի ազդեցությունն ինտելեկտուալների վրա որոշակի դերակատարում ուներ հենց մշակութային առումով, միաժամանակ ինտելեկտուալները մեծ դերակատարում ունեցան աշխատավորական շարժումներում։ Հոլանդական սոցիալիստական կուսակցությունը երբեմն անվանում էին ուսանողների, իրավաբանների, բողոքական հոգևորականների կուսակցություն։ Ժամանակի ընթացքում նրանց շարքերում ներգրավեցին նաև դասակարգային աշխատողներ, սակայն երկիրը բաժանված էր ավանդական կոնֆեսիոնալ խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր քաղաքական ուղղվածությունը և բացառում էր կուսակցության ներսում դասերի ի հայտ գալը։ Սրա պատճառներից էր նաև աշխարհիկ մշակույթի տարածումը։ Ավստրիական մեծ ուժ ունեցող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը աչքի էր ընկնում վաղ արտահայտված մարտնչող հատկանիշներով և մարքսիզմի հետ նույնականությամբ, որն արտահայտվում էր նրա առաջնորդ Վիկտոր Ադլերի և Էնգելսի մտերմությամբ։ Ավստրիան եվրոպական միակ երկիրն էր, որտեղ ձևավորվեց մարքսիստական դպրոց՝ վառ արտահայտված ազգայնական բնույթով՝ ավստրոմարքսիզմով։ Հաբսբուրգյան միապետությունը միակն էր, որ իր գոյությունը պահպանեց մարքսիզմի օրոք և որտեղ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունն ինտելեկտուալների համար ոչ երկրորդական նշանակություն ուներ։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, այն գաղափարաբանությունը, որը ձևավորել էր հենց նույն ինտելեկտուալ խավը, գտնվում էր ազգայնական խնդիրների ուժեղ ազդեցության տակ, ինչն էլ իր հերթին կանխորոշեց միապետության ճակատագիրը։ Ավստրայի մարքսիստները, առաջին հերթին, հանձն առան այս խնդրի սիստեմատիկ վերլուծությունը։ Ինտելեկտուալները, որոնք պատկանում էին ազգայնական թևին, միապետության ներսում ինքնավարություն չունենալով, ինչպես օրինակ չեխերի դեպքում, հակված էին հայտնաբերելու սեփական լեզվական ազգայնականությունը, իսկ մյուս դեպքում էլ՝ ձևավորելու այն երկրի ազգայնականությունը, որի հետ փորձում էին միավորվել։ Եվ եթե նրանք որևէ կերպ կրում էին սոցիալիզմի ազդեցությունը, ապա ի վերջո ստանում էին ազգայնական բնույթ, ինչպես ժողովրդական սոցիալիստների դեպքում, որոնք 90-ական թվականներին դուրս եկան ավստրիական սոցիալիստական կուսակցության շարքերից, որպեսզի ձևավորեն զուտ չեխական արմատական կուսակցություն։ Իսկ մի մասն էլ, թեև գիտակցելով մարքսիզմի կողմից առաջադրված խնդիրները, մնացին ազդեցությունից դուրս։ Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այս երկրում սոցիալիստների մեծ մասը հիմնականում հայտնի գիտնականների, հետազոտողների և գրողների միջավայրում էր, որոնք մեծ ազդեցություն ունեցան սոցիալ-դեմոկրատական շարժումներում։ Իտալական սոցիալիզմը հաճախ տարածվում էր իտալական առաջադեմ համալսարանականների շրջանում, որոնք էլ մեծ ազդեցություն ունեին և´ ակադեմիական, և´ քաղաքական առումով։ Իտալական ինտելեկտուալների շրջանում մեծ հետաքրքրությունը մարքսիզմի նկատմամբ ակնհայտ էր։ Եվ չնայած Հարավի և Հյուսիսի միջև հակադրությանը, ընդհանուր առմամբ, իտալական ինտելեկտուալները միասնական էին, որոնց հանրույթն ազգայնական էր և հատկապես ընկալունակ օտար մշակութային ազդեցություններին։ Իտալական տարբերակն առանձնանում էր նրանով, որ չէր համընկնում ո´չ արևմտաեվրոպական, ո´չ արևելաեվրոպական մարքսիստական սոցիալ-դեմոկրատական մոդելներին։ Այն չուներ ընդգծված հեղափոխական հայացքներ։ Արևմուտքում ինտելեկտուալ-սոցիալիստների մեծ մասն օգտվում էր անձնական անձեռնմխելիությունից և սեփական հոգևոր հետաքրքրությունները զարգացնելու հնարավորությունից[18]։
Ռուս ինտելեկտուալներ առանձնանում էին ընգծված հեղափոխականությամբ։ Ռուս ինտելեկտուալների կոչումը, ռեժիմի և հասարակության ռեակցիան, որի հետ նա պայքար էր մղում, խոչընդոտեցին նրան շարժվելու արևմտյան ինտելեկտուալների ուղով։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում բուրժուական ծագում ունեցող ինտելեկտուալները ձևավորում էին ինքնուրույն սոցիալական դաս, որը հեղափոխական գաղափարների և պրոլետարիատի օգնությամբ դիրք զբաղեցրեց բուրժուազիայի շարքերում՝ հետագայում այն շահագործելու համար։ Արևմուտքում նման բան հնարավոր չէր։ Ռուսաստանում Մարքսի տեսությունը, որը կիրառվում էր ռուսական հասարակության վերլուծության համար, ամբողջովին իր ազդեցության տակ էր պահում նույնիսկ ազգայնական շարժումները։ Ռուսաստանում, ինչպես և Եվրոպայում մարքսիզմը մեծ վերելք ապրեց 90-ական թվականներից, ապա նկատվեց ժողովրդական շարժումների կտրուկ անկում, հեղափոխական գաղափարների տարածում[18]։
Հարաբերությունները մարքսիստական և ոչ մարքսիստական մշակույթների միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Չպետք է անտեսել այն փաստը, որ մարքսիզմը մեծ ազդեցություն է կրել ոչ մարքսիստական գաղափարներից։ Եվ այն ժամանակ, երբ մարքսիզմն իր դիրքերն ամրապնդեց ինտելեկտուալների շրջանում, դժվարություններ առաջացան մարքսիստական և ոչ մարքսիստական գաղափարիների միջև հստակ բաժանումներ կատարելու համար, քանի որ երկուսն էլ փոխազդում էին և գործում նույն մշակութային միջավայրում։ 60-ական թվականներին Համալսարանական ինտելեկտուալ խավը մարքսիզմի հետ սկսեց համադրել ստրուկտուրալիզմը, հոգեվերլուծությունը։ Իսկ Անգլիայում էլ տնտեսագետներն իրենց աշխատություններն գրում էին այնպես, կարծես մարքսիզմն ընդհանրապես գոյություն չունի։ Քաղաքական կուսակցությունները փորձում էին պահպանել ոչ միայն կուսակցական ամբողջականությունը, այլև մարքսիստական վերլուծության ենթարկել այն բոլոր գրվածքները, որոնց որևէ ուշադրություն չէր դարձվում։ Մարքսիզմի աճող ազդեցությունը սոցիալիստական շարժումներից դուրս ուղեկցվում էր հենց այդ շարժումների ներսում ոչ մարքսիստական մշակույթների ի հայտ գալով։ 1890- 1906 թվականներին Մարքսիզմի ազդեցությունը բնական գիտությունների վրա չէր զգացվում և ընդհակառակը, ինքն էր ազդվում վերջինից, հատկապես դարվինյան էվոյլուցիայի կողմից։ Արևելյան Եվրոպայի գիտնականները, որոնք աշխատում էին շվեյցարական համալսարաններում, իրենց երկրի արմատական ինտելեկտուալների ազդեցության տակ էին։ Փիլիսոփայության ոլորտում, մարքսիզմը բարձրացնում էր կարևորագույն փիլիսոփայական հարցեր։ Այնտեղ, որտեղ մեծ էր Հեգելի ազդեցությունը, օրինակ Իտալիայում և Ռուսաստանում, մարքսիստական դիսկուրսները ավելի արտահայտված բնույթ ունեին։ Անգլիայում, որտեղ մեծ էր մարքսիստական շարժումը, հեգելականները ավելի թույլ հետաքրքրություն տածեցին Մարքսի նկատմամբ, իսկ Գերմանիան դուրս էր հեգելականների ազդեցությունից։ Այստեղ ձևավորվեց նեոկանտական դպրոցը՝մարքսիստենրի շրջանում։ Սոցիալական գիտություններում, գիտնակաները հեռու մնացին մարքսիզմից։ Անգլիան, Սկանդինավյան երկրները սրանից հրաժարվեցին դեռևս 80-ական թվականներին, քանի որ եկան այն եզրակացության, որ մարքսիստական տնտեսությունը սխալմունք էր։ Իսկ իտալացի գիտնականների հետաքրքրությունը սոցիալիզմի նկատմամբ հանգեցրեց նրան, որ մարքսիստական քաղաքական տնտեսությունը տեսականորեն հնարավոր եղավ ապացուցել։ Մարքսիզմի ազդեցությունը նկատելի է ամերիկյան ինստիտուցիոնալ քաղաքական տնտեսության շրջանակներում։ Մարքսիզմի ազդեցությունը թույլ էր հատկապես ֆրանսիական գիտության վրա, իսկ Գերմանիայում էլ սոցիոլոգիական աշխատությունները որքան էլ չցանկանային, այնուամենայնիվ մարքսիզմի ազդեցության տակ էին։ Եթե սոցիոլոգիան իր վրա կրում էր մարքսիզմի անմիջական ազդեցությունը, ապա արևմտաեվրոպական երկրներում պատմագիտության ոլորտում ամեն կերպ փորձում էին խուսափել դրանից։ Մարքսիզմը փորձում էր պատմությունը ներառել սոցիալական գիտության մեջ և առաջին հերթին մատնանշել սոցիալական և տնտեսական գործոնների ազդեցությունը քաղաքական իրադարձություններում և ինտելեկտուալ կյանքում[17][19]։
Մարքսիզմը և մշակութային ավանգարդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս երկու երևույթների միջը որևէ անհրաժեշտ, տրամաբանական կապ գոյություն չունի։ Իսկ այն պատկերացումը, որ հեղափոխական հայացքներն արվեստում պետք է լինեն հեղափոխական նաև քաղաքականության մեջ, ելնում է սեմանտիկ դիտարկումներից։ Մարքսն և Էնգելսը իրենց աշխատանքներում քիչ անդրադարձ են ունեցել արվեստին։ Իսկ 40-ական թվականներից չարձագանքեցին նույնիսկ ավանգարդիզմին։ Իսկ սոցիալ-դեմոկրատների համար արվեստը պետք է արտահայտեր կապիտալիստական հասարակության գործունեության քննադատությունը, մեծ ուշադրություն դարձներ աշխատավորներին և հատկապես նրանց պայքարին։ Այս հայացքները ոչ մի կերպ չէին ելնում ավանգարդիզմից։ Սակայն 19-րդ դարի վերջին 20-ամյակում ռեալիստ գրողներն աչքի ընկան վառ արտահայտված սոցիալական և քաղաքական հետաքրքրություններով և աճող աշխատավորական շարժումների ազդեցության տակ անդրադարձան աշխատավորների խնդիրներին։ Սոցիալիստական հայացքներ ունեցող նկարիչների համար աշխատավորական դասը դարձավ ստեղծագործության օբյեկտ։ Սոցիալիզմի և դեկորատիվ արվեստի հարաբերության ոլորտում կատարվեց արվեստի սոցիալական տրանսֆորմացիա։ Բնութագրական էր այն, որ նկարիչներն իրենց բողոքն էին արտահայտում կապիտալիստական արտադրության վերածվող ստեղծագործական արվեստի նկատմամբ։ Նրանք փորձում էին ստեղծել արվեստի իդեալական պատկեր, որը կներկայացներ աշխատավոր առօրյան։ Իսկ 20-րդ դարում մշակութային ռադիկալիզմի հետևանքով ձևավորված ավանգարդիզմը դուրս մնաց աշխատավորական շարժումներից։ Մարքսիստները վերլուծում էին արվեստի, հասարակության հարաբերությունները և դրական կամ բացասական գնահատական տալիս։ Թեև մարքսիզմն ընդունում էր սոցիալիստական շարժումներում ներառված արվեստագետներին, սակայն էական ազդեցություն չթողեց եվրապական արվեստի վրա[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Eric Hobsbawm dies, aged 95 — The Guardian.
- ↑ 7,0 7,1 7,2 Evans R. J. Eric Hobsbawm: A Life in History
- ↑ https://web.archive.org/web/20200705005943/https://www.lrb.co.uk/the-paper/v41/n08/susan-pedersen/i-want-to-love-it
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/eric-j-hobsbawm-prof-dr
- ↑ https://elpais.com/cultura/2012/10/01/actualidad/1349086514_771066.html
- ↑ https://www.history.org.uk/aboutus/resource/8702/the-medlicott-medal
- ↑ «Эрик ХОБСБАУМ: «Капиталисты перестали бояться»»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Михаэль Дорфман Эрик Хобсбаум: и один в поле воин Արխիվացված 2016-12-04 Wayback Machine
- ↑ «Человек эпохи крайностей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Хобсбаум Европейская культура и Марксизм, Альманах "Восток",2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 История марксизма, т. 2. Издательство "Эйнауди", Рим, 1979 (перевод - Прогресс,1981. ДСП. Рассылается по специальному списку)․
- ↑ 19,0 19,1 «Эрик Хобсбаум, другие авторы Марксизм в пространстве культуры». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хобсбаум Э. ИЗОБРЕТЕНИЕ ТРАДИЦИЙ. Журнал Вестник Евразии Выпуск № 1 / 2000. (Перевод с английского Сергея Панарина)
- Хобсбаум Эрик. Век революций. Европа 1789—1848 / науч. ред. А.А. Егоров; Пер. с англ. Л.Д. Якуниной. — Ростов н/Д: Феникс, 1999. — 480 с. Научная библиотека КиберЛенинка: [1].
- Стефанович М. В. АНТРОПОЛОГИЧЕСКИЕ АСПЕКТЫ РАЗВИТИЯ ЭКОНОМИЧЕСКИХ СИСТЕМ. Журнал Universum: экономика и юриспруденция. Выпуск № 3 (14) / 2015.
- Яшкова Т. А. МАРКСИЗМ КАК МЕТОДОЛОГИЯ АНАЛИЗА ПОЛИТИКИ. Журнал Современная наука: актуальные проблемы и пути их решения, Выпуск № 3 (16) / 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- 1945-1990 թվականների բրիտանացի պատմաբան-մարքսիստներ
- Մայքլ Ջագգի («The Guardian»). Հավատի հարցը․ Էրիկ Հոբսբաում՝ անզեղջ կոմունիստ
- Кантор, Максим Карлович В начале долгого века Արխիվացված 2017-04-01 Wayback Machine
- Էրիկ Հոբսբաումի դարաշրջանը (2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Հոբսբաում» հոդվածին։ |
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 2012 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բալցանի մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի պատմաբաններ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Լեյկոզից մահացածներ
- Հրեա պատմաբաններ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի աթեիստներ
- Բրիտանացի սոցիոլոգներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Բրիտանացի գիտնականներ
- Բրիտանացի սոցիալիստներ