Սովորական գետաձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական գետաձի
Սովորական գետաձի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Գետաձիեր
Ցեղ գետաձիեր
Տեսակ H. amphibius
Լատիներեն անվանում
Hippopotamus amphibius
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svg Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 10103
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական գետաձի կամ Հիպոպոտամ, (լատ.՝ Hippopotamus amphibius) կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, կաթնասունների դասի, երկսմբակավորների կարգի և գետաձիերի ընտանիքի գետաձի։ Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 3-5,4 մ-ի, որից 35 սմ-ը պոչն է, բարձրությունը՝ մոտ 1,5 մ-ի, կենդանին կշռում է 1300-1500 կգ։

Այս խոշոր կաթնասունների բնորոշ առանձնահատկություններից մեկը այն է, որ նա վարում է հիմնականում ջրային կենսակերպ՝ օրվա մեծ մասն անցկացնելով ջրում։ Գետաձիերը ցամաքում լինում են շատ ավելի քիչ՝ երեկոյան մի քանի ժամ։ Սովորական գետաձիերն ապրում են հիմնականում քաղցրահամ ջրային պայմաններում, սակայն երբեմն կարող են ապրել նաև ծովի ջրերում[2][3]։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական գետաձիերը մեկն են ժամանակակից աշխարհի խոշորագույն ցամաքային կենդանիներից։ Նրանց քաշը գերազանցում է 4 տոննան։ Գետաձիերի այս տեսակին երբեմն համարում են երկրորդ ամենախոշոր ցամաքային կենդանիները (ամենախոշոր ցամաքային կենդանին Աֆրիկյան փիղն է), սակայն այդ ցուցանիշով նա մրցում է ռնգեղջյուրների հետ։ Նախկինում գետաձիերի ամենամոտ ցեղակիցները համարվել են խոզերը, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ գետաձիերն ավելի մոտ են կետերին[4][5][6][7][8]։

Ներկայումս գետաձիերի ամենատարածված տեսակը՝ սովորական գետաձիերը[9] ապրում են միայն Աֆրիկա մայրցամաքում, թեև հին ժամանակներում (օրինակ՝ անտիկ ժամանակաշրջան և Բրոնզե քարե դար) այս գետաձիերը լայնորեն տարածված են եղել Հյուսիսային Աֆրիկայում[10][11] (ներկայիս Եգիպտոս, Մարոկկո, Ալժիր և Թունիս պետությունների տարածքում) և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Երբ 2006 թվականի տվյալներով Բնապահպանության Միջազգային Կազմակերպությունը հայտարարեց, որ այս գետաձիերը ունեն խոցելի կարգավիճակ և ամբողջ աշխարհում ապրում է մոտ 125-150 սովորական գետաձի։ Վերջին տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է։ Հաճախ բնապահպանները պնդում են որ դա պայմանավորված է նրանով, որ Աֆրիկայի մի շարք անապահով և անօրեն երկրների բնապահպանները (օրինակ՝ Եթովպիա, Սոմալի, ԿԴՀ, Գանա, Բոտսվանա, Քենիա, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Ռուանդա և այլն) չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել տվյալ երկրներում որսագողությունը կանխելու համար և գետաձիերը դառնում են որսագողության զոհ։

Սովորական գետաձիերին բնորոշ տեսք` երախը բաց

Սովորական գետաձիերը ներկայումս այդքան հետազոտված տեսակներ չեն։ Պատճառը այն է, որ կենդանիները ցամաքում հայտնվում են միայն գիշերային ժամերին։ Աֆրիկայում տարածված ամենահայտնի գետաձիերի տեսակը Սովորական գետաձիու ազգական Լիբերիական կամ թզուկ գետաձին է։ Այն համարվում է Աֆրիկայում ամենատարածված գետաձին (լատ.՝ Choeropsis liberiensis

Սովորական գետաձիերի միսը դեռևս վաղ ժամանակներից ծառայում է որպես աֆրիկացիների սնունդ։ 1950-1960-ականներին, Աֆրիկայի երկրների անկախացման գործընթացին զուգընթաց տեղի բնիկ աֆրիկացիները փորձեցին վարժեցնելով կենդանիներին վայրի սովորական գետաձիերից ստանալ ընտանի մսատու կենդանի։ Աֆրիկայի շատ ոչ զարգացած երկրներում (մասնավորապես Նիգերիա և Սոմալի) կենդանիների որսը արգելված չէ։

Գետաձիերը նաև կարևոր նշանակություն ունեն տարբեր երկրների մշակույթի և ազգային ինքնագիտակցության մեջ։ Հատկապես գետաձիերի կերպարը համարվում է մի շարք հնագույն երկրների (օրինակ՝ Հին Եգիպտոս) ազգային խորհրդանիշներից մեկը։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվա ընթացքում սովորական գետաձիերը ակտիվ լինում են հիմնականում գիշերային ժամերին, սակայն կենդանիները չեն համարվում խիստ գիշերային և գիշերային կենսակերպ վարող։ Այս կենդանիները սնվում են հիմնականում գետաբերանի մոտակայքում գտնվող բուսականությամբ և բազմաթիվ խոտաբույսերով։ Շատ հազվադեպ սնունդ հայթայթելու նպատակով այս կենդանիները ստիպված են տեղաշարժվել մոտ 3-3,2 կմ տարածք։

Սովորական գետաձիերը հիմնականում հանդիպում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում հիմնականում հանդիպում են 25-30 գետաձիեր։ Գետաձիերի առաջնորդը հիմնականում էգ գետաձին է։ Էգի մահից հետո առաջնորդի կոչմանը արժանանալու համար մրցում են երկու արու գետաձիեր և այդ պայքարի արդյունքը լինում է մրցակից գետաձիերից մեկի մահը։ Պատճառը այն է, որ գետաձիերը հաճախ իրենց երկար ժանիքները օգտագործում են որպես զենք և միմյանց նկատմամբ անտանելի կատաղություն դրսևորում։ Հիմնականում հասուն արուների մաշկը պատված է լինում սպիներով, որոնք առաջանում են այդ կռիվների արդյունքում։

Տեսք և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիու պոչը

Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը հաստ՝ գրեթե մերկ և գորշ, փայլուն գունավորումով։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը համեմատաբար փոքր են, իսկ ականջները՝ կարճ։ Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես օրինակ գորտերինը կամ կոկորդիլոսներինը։ Սովորական գետաձիերի ռունգերը թմբիկավոր են։ Դուրս ցցված աչքերն ու քթանցքերը կենդանուն թույլ են տալիս տեսնել և շնչել ջրի մեջ գտնվելու ընթացքում։ Գետաձիու երախն ահռելի է[12], իսկ ժանիքները 70 սմ երկարությամբ։ Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին ջրիմուռներ է հավաքում ջրերի ստորին հատվածից։

Սովորական գետաձիերը վարում են հիմնականում ջրային կենսակերպ՝ ազատորեն կարող են շնչել, տեսնել և լսել ջրի մեջ։ Ջրի տակ գտնվելու պահին ջրից դուրս գտնվում է միայն գետաձիու գլխի վերին մասը։ Սովորաբար երբ գետաձիերը քնած են ջրում՝ նրա գլխի վերին մասին հավաքվում են միջատներ և փոքրիկ թռչուններ։

Սովորական գետաձիերի դունչը շատ լայն է, իսկ առջևի մասը ծածկված է շատ կարճ վիբրիսներով (բեղիկներով)։ Ծնոտների լայնությունը կազմում է 60-70 սմ։ Բերանը շատ լայն է՝ կարող է բացել մինչև 150 աստիճանի չափսով։ Վերջույթներին գետաձիերը ունեն 4 մատներ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է նմանօրինակ սմբակներով։ Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Երբ գետաձիերը քայլում են հողի վրայով (հատկապես ճահճի մոտակա շրջաններում) հաճախ խորտակվում են ցեխերի մեջ։

Սեռական դիմորֆիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիու դունչը (գետաձին Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգում)

Սեռական դիմորֆիզմը համեմատաբար թույլ է՝ վատ է արտահայտված։ Ի տարբերություն արուների՝ էգերը ավելի փոքր են, ավելի թեթև և թույլ։ Կան նաև խմբի ղեկավար էգեր, որոնք համեմատաբար ավելի փոքր են մյուսներից։ Բացի այդ, չափահաս արուների ատամները և ժանիքները շատ ավելի հզոր են և մեծ։ Արուները գլխի վրա ունեն ուռուցիկ հատված, որով տարբերակվում են էգերը արուներից՝ անգամ եթե ամբողջովին գտնվում են ջրի տակ։ Հեռավորության վրա շատ ավելի դժվար է տարբերակել արուներին և էգերին[13]։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձին մեկն է ժամանակակից ցամաքային ամենախոշոր կենդանիներից։ Հասուն արուների քաշը մոտ 1500 կգ է, էգերինը՝ 1300 կգ[14][15], սակայն որոշ արուների քաշը կարող է հասնել մինչև 2000 կգ։ Հայտնաբերված ամենածանր արուն կշռել է 2700 կգ[14], իսկ հասակը՝ 1.65 մետր։ Մարմնի երկարությունը եղել է 3-5,5 մետր, իսկ պոչի երկարությունը՝ 56 սմ։

Իր չափսերով գետաձին մրցակցում է Սպիտակ ռնգեղջյուրի հետ։ Ընդունված է ասել, որ Սովորական գետաձին ցամաքային երկրորդ ամենախոշոր կենդանին է Աֆրիկյան փղերից հետո[16]։

Սովորական գետաձիու զանգվածը կախված է սեռից և տարիքից։ Մինչև 10 տարեկանը էգերը և արուները սովորաբար լինում են նույն չափսերի։ Նրանց քաշը հստակ ուսումնասիրվել է 1960-ականներին։ Այդ շրջանում ևս սկսեցին որոշել այս կենդանիների տարիքը։

Գետաձիու մաշկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիու գանգը
Գետաձիու ոտքը

Սովորական գետաձիու մաշկի գունավորումը սովորաբար մոխրագույն կամ շագանակագույն է՝ վարդագույն թեթևակի երանգով։ Աչքերի շուրջը և ականջները գորշ վարդագույն են։ Թիկունքի մասը հիմնականում ունի ավելի մուգ գունավորում, իսկ հաճախ նաև ամբողջովին մոխրագույն։ Արուների մաշկը ծածկված է սպիների խիտ ցանցով և քերծվածքներով։ Ամենաբարակ մաշկային շերտը գտնվում է պոչի շրջակայքում, այդ է պատճառը որ կենդանաբանական այգում հիվանդ գետաձիերին ներարկում են կատարում միայն պոչից։

Գետաձիերի մաշկը չափազանց հաստ է՝ հասնում է մինչև 4 սմ-ի։ Մարմնի վրա կա չնկատվող մազածածկույթ՝ մասնավորապես պոչի եզրերին։ Մազեր կան նաև ականջների ծայրերին։ Տարբեր գետաձիեր ունեն տարբեր չափի մազածածկույթ։ Մազեր լինում են կողերի և փորի վրա, սակայն դրանք դժվար է նկատել նույնիսկ շատ մոտիկից։

Ջրից դուրս գալուց անմիջապես հետո գետաձիու մաշկը իր մեջ է կլանում մարմնի վրա մնացած ջուրը։ Այդ գործընթացը սովորական գետաձիերի մոտ կատարվում է շատ ավելի արագ քան մյուս ցամաքային կենդանիների մոտ։

Քրտինքի մեջ խցուկները շատ քիչ են, սակայն գետաձիերը ունեն հատուկ խցուկներ, որոնք բնորոշ են միայն գետաձիերին։ Քրտինքի մեջ կա հատուկ նյութ, որը քրտինքին նմանեցնում է արյան[17]։

Կառուցվածք[18][խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագիր և գեղձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի կռիվ

Գետաձիերի մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից: Գլուխը կազմված է դիմային և գանգային մասերից։ Երախը շրջապատված է փափուկ չերևացող շրթունքներով, որոնք ունեն լավ զարգացած ականջախեցիներ։

Մաշկը կազմված է երկու հիմնական մասերից՝ վերնամաշկից և բուն մաշկից: Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը սովորական գետաձիերի մոտ լավ չի զարգացած (ի տարբերություն ջրային կաթնասունների

Սովորական գետաձիերի մազերը (ինչպես մյուս կաթնասունների մազերը) կազմված է եղջերային նյութից։ Գետաձիերի մազածածկույթը պարբերաբար փոփոխվում է։ Հազվադեպ լինում է այնպես, որ մազափոխանակության ժամանակ փոփոխվում է նաև մազերի գույնը[19]:

Ունեն տարբեր տեսակի մաշկային գեղձեր՝ քրտնագեղձեր, կաթնագեղձեր և հոտ արձակող գեղձեր: Բացակայում են ճարպագեղձերը։ Մյուս գեղձերը ունեն պատնեշային (պաշտպանական), արեալը նշելու և հակառակ սեռով հրապուրվելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են արտաթորության գործառույթը, որի արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս ավելորդ մնացորդները և աղերը:

Հենաշարժիչ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կմախք և ոսկրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետաձիու կմախքը

Գետաձիերի և մյուս կաթնասունների կմախքը կազմված է գլխի, իրանի, վերջույթների և վերջույթային գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է հինգ բաժիններից՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային։ Կրծքի ողերին միացած են կողերը, որոնք առջևում կրծոսկրին միանալով ստեղծում են կրծքավանդակը։

Կրծքավանդակը կատարում է պաշտպանական գործառույթ՝ ապահովելով սրտի և թոքերի անվտանգությունը։ Ուսագոտին կազմված է հզոր ոսկրերից: Այն կազմված է երկու թիակներից և երկու անրակներից: Գետաձիերի առջևի վերջույթները շարժվում են միայն մեկ հարթությամբ՝ մարմնի առանցքին զուգահեռ։ Կոնքագոտին կազմված է երկու կոնքոսկրերից, որոնք սերտաճած են սրբոսկրերի հետ։

Գետաձիերի կոնքոսկրերը ունեն պարզագույն կառուցվածք և կազմված են երեք պարզագույն ոսկրերից՝ զստոսկր, նստոսկր և ցայլոսկր:

Մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի մկանները ի տարբերություն մյուս կաթնասունների ավելի թույլ են զարգացած, սակայն լավ են զարգացած մեջքի, վերջույթների, դրանց գոտիների և ենթամաշկային մկանունքը։ Մասնագիտացված զարգացած մկաններից է դիմախաղի (միմիկայի) մկանները, որոնք մասնակցում են մաշկի և մազերի շարժմանը։

Օրգաններ և օրգան համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական գետաձիու բերանը և ատամները

Մարմնի խոռոչը բաղկացած է երկու մասերից՝ կրծքի և որովայնի խոռոչներից։ Գետաձիերի որովայնային խոռոչում տեղակայված են ստամոքսը, աղիները, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները և այլն։

Գետաձիերի և մյուս կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով (բերանի նախադուռ)։ Բերանը շրջապատված է վերին և ստորին շարժուն շրթունքներով, որը գետաձիերի մոտ շատ թույլ է արտահայտված։

Բերանում սնունդը ենթարկվում է մշակման, որը կատարվում է երկու եղանակով՝ մեխանիկական և քիմիական։ Ունեն տարբերակված ատամներ՝ կտրիչներ, մասնագիտացված մեծ և փոքր սեղանատամներ և ժանիքներ։ Գետաձիերն ունեն հզոր, մկանոտ լեզու։

Բերանին հաջորդում է կլանը, կերակրափողը, ստամոքսը և աղիները: Ստամոքսում առկա են տարբեր տեսակի գեղձեր։ Դրանք հիմնականում մասնակցում են սննդի մարսմանը։ Բարակ և հաստ աղիների սահմանում գտնվում է բավականին լավ զարգացած կույր աղիքը, որը ևս մասնակցում է սննդի մարսմանը։

Շնչառական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի շնչառական համակարգի կառուցվածքը ևս նման է մյուս կաթնասուններին։ Գետաձիերի շնչառական համակարգը կազմված է հինգ բաժիններից՝ քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից: Բրոնխները փոքր ճյուղերի են բաժանվում, որոնք ավարտվում են թոքաբշտերով (ալվեոլներով)։

Սովորական գետաձիերի կոկորդում գտնվում են երկու զույգ ձայնալարեր, որոնք մասնակցում են ձայնի առաջացմանը։ Գետաձիերը ձայների միջոցով կարողանում են կանխել իրենց վրա հարձակումը։

Արտազատական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի արտաթորության օրգանները զույգ երիկամներն են։ Դրանք տեղակայված են ողնաշարում: Երիկամների օգնությամբ արյան միջից դուրս են գալիս ոչ պիտանի սննդանյութերը և ջրի ավելցուկը։

Երիկամներում առաջացրած մեզը միզածորանների միջոցով անցնում է միզապարկ, իսկ հետո հեռացվում օրգանիզմից միզարձակող ուղղու օգնությամբ։ Կան նյութեր, որոնք օրգանիզմից հեռանում են քրտինքի միջոցով։

Նյարդային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: Գլխուղեղն իր հերթին բաժանված է հինգ բաժինների՝ առջևի, միջակա, միջին, երկարավուն ուղեղ և ուղեղիկ։ Զարգացած է առջևի ուղեղը՝ կեղևով։

Կեղևն առաջացնում է բազմաթիվ գալարներ և ակոսներ։ Գլխուղեղի բաժիններից ուղեղիկը վերահսկում է գետաձիու քայլքը և հավասարակշռությունը։ Գետաձիերն օժտված են լսողությամբ, տեսողությամբ և հոտառությամբ։ Հոտառության միջոցով նրանք կարող են ճանաչել իր ցեղակիցներին և հակառակորդներին (այդ թվում նաև տարբեր կենդանիների)։

Ատամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

գետաձիու ատամներ
Գետաձիու 64 սմ երկարությամբ ատամ

Գետաձիերն ունեն 36 ատամ, այդ թվում՝ 2 ժանիք, 4 կտրիճ, 6 մեծ և նույնքան փոքր սեղանատամներ։ Էմալով ծածկված արտաքին շերտը ատամին հաղորդում է դեղին գույն։ Սովորական գետաձիերի ատամներն ունեն բացառիկ ամրություն և հզորություն։ Նրանց ժանիքները և կտրիճները շատ մեծ են և այդ իսկ պատճառով դրանք չեն կարող ծառայել սնունդը (խոտ, խոտաբույսեր) ծամելու համար։ Այդ ատամները նրանք օգտագործում են որպես զենք մյուս առանձնյակների դեմ կռվելու համար։

Առանձնահատուկ զարգացած են գետաձիերի ստորին ծնոտի ատամները։ Դրանք աչքի են ընկնում իրենց աննախադեպ սրությամբ։ Արուների ատամները շատ ավելի երկար և հզոր են, քան էգերինը։ Նրանք զարգացած արմատներ չունեն և աճում են ամբողջ կյանքի ընթացքում։ Ատամի քաշը սովորաբար հասնում է 3 կգ-ի։ Երբեմն հայտնի ամենախոշոր գետաձիու ատամը պահվում է Արևմտյան Եվրոպայում` Բելգիա պետության թանգարանում և ունի 64,5 սմ երկարություն: Վերին ծնոտում բացակայում են ժանիքները:

Կան բացառիկ դեպքեր երբ արու գետաձիերի ատամները հասնում են ավելի քան 1 մետրի, իսկ բարձրությունը` 122 սմ-ի։ Որպես կանոն, նման երկար ատամները հասնում են մյուս ծնոտին։ Այդպիսի երկար ատամը խոչընդոտում է կենդանու իշխանությանը, քանի որ այդպիսի գետաձիերի կյանքը շատ կարճ է տևում։ Փոքրիկ գետաձիու ատամների թիվը 32 է։ Մեծանալուն պես այն կարող է հասնել մինչև 40-ի։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձին աստվածաշնչյան կերպարով. Ուիլյամ Բլեյքի նկարը (1757—1827)

Հին հռոմեացիները Աֆրիկայում տեսնելով ծանրամարմին և դանդաղաշարժ ինչ որ կենդանու նրան անվանեցին «հիպոպոտամ», որը նշանակում է «գետի ձի»: Բայց գետաձին միայն փռնգացնում է ձիու նման, իսկ ընդհանուր առմամբ ոչ մի նմանություն չունեն[20]:

Շատ եվրոպական լեզուներով սովորական գետաձիերի անունը թարգմանաբար նշանակում է «գետի ձի»: Այս բառը ձագում է լատիներեն Hippopotamus բառից, որը վերցված է հունարեն ἱπποπόταμος բառից: Շվեդերենից գետաձի բառը նշանակում է «գետ ձի»[21] (շվեդ.՝ Flodhäst

Արաբերենում և եբրայերենում այս բառը թարգմանվում է, որպես «Նեղոսյան ձի» (արաբ․՝ فرس النهر‎‎; եբր.՝ סוּס הַיְּאוֹר‎)։ Արաբերեն բառը լայն կիրառություն ունի նաև մի շարք այլ իսլամադավան երկրներում (օրինակ՝ Ինդոնեզիա, Իրան

Անգլիացի գրող և արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը Աֆրիկայում տեսնելով այս կենդանիներին ասել է.

Aquote1.png Ինչու են գետաձիերին տվել գետի ձի անվանումը` դժվար է հասկանալ: Երևի աշխարհում չկան երկու այնպիսի տարբեր կենդանիներ ինչպիսին են գետաձին և ձին: Aquote2.png

Ռուսերենից և այլ սլավոնական լեզվաընտանիքի լեզուներից (օրինակ՝ բելառուսերեն, ուկրաիներեն և այլն) բառացի թարգմանվում է ինչպես մյուս լեզուներում՝ որպես «գետի ձի»: Այդպես է թարգմանվում նաև նախկին Խորհրդային Միության երկրների լեզուներով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան և այլն)։

Գետաձիերի մասին առաջին հիշատակումը եղել է Աստվածաշնչում: Այստեղ գետաձին ներկայացված է որպես առասպելական արարած։ Գետաձիուն Աստված ցույց է տալիս Հոբին, ցույց տալու համար թե որքան մեծ է իր զորությունը և իշխանությունը երկրի վրա։

Aquote1.png Ահա բեհեմոթը (կամ գետաձին), որին ստեղծել եմ, ինչպես և քեզ. Ցլի նման կանաչ խոտ է ուտում: Ահա նրա զորությունը իր մեջքի մեջ է, և նրա հզոր ուժը ` իր որովայնի ջղերի մեջ է: Նա թեքում է իր պոչը, որ մայրու է նման, նրա ազդրերի ջլերը միահյուսված են: Նրա ոսկորները պղնձե խողովակներ են, նրա ամուր ոսկրերը կռած երկաթից պատրաստված ձողերի են նման: Նա Աստծու ճանապարհների սկիզբն է, միայն նրան ստեղծողը կարող է մոտեցնել նրան իր սուրը
- Հոբ 40:10-19
Aquote2.png


Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիու արձան

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի խաղը Եթովպիայում

Սովորական գետաձիերին առաջինը նկարագրել է Կարլ Լինեյը «Բնության սիստեմ» աշխատության մեջ՝ 1758 թվականին: Նա վերցրեց հռոմեացիների կողմից տրված գետաձիերի անունը և նրա հիման վրա անվանեց կենդանու այժմյան անվանումը (լատ.՝ Hippopotamus

Սովորական գետաձին Թզուկ գետաձիերի հետ միասին (թզուկ կամ լիբերիական գետաձիերը այժմ տարածված են միայն Արևմտյան Աֆրիկայում, իսկ նախկինում նաև Լիբերիայում) մտնում են գետաձիերի ընտանիքի մեջ։ Սովորական գետաձին պատկանում է Hippopotamus, իսկ լիբերիականը Choeropsis ցեղատեսակների մեջ։

Տեսակի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի էվոլյուցիան (զարգացումը) տրվել է ոչ բավարար կերպով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ տասնամյակներ շարունակ այդ հարցին չի տրվել բավարար ուշադրություն։

Գետաձիերը երկրի վրա եղել են դեռևս 54 մլն տարի առաջ։ Նախկին գետաձին որոշ այլ հին սմբակավորների հետ եղել են երկրի վրա դեռ շատ ժամանակներ առաջ։ Թերևս հին գետաձիերը ունեն շատ նմանություններ նորօրյա սովորական գետաձիերի հետ։ Նախկին գետաձիերն ապրել են խիտ անձրևոտ անտառներում։ Առաջին ժամանակակից գետաձիերը հայտնվել են Աֆրիկայի արևմտյան մասում։

Նախկին գետաձիերի և այժմյա գետաձիերի քանակային տարբերությունը բավականին տարբեր են՝ նախկին գետաձիերը շատ անգամ ավելի շատ են քան այժմյան գետաձիերը։ Այդ գետաձիերը նախկինում տարածված են եղել ողջ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում[22]: Այժմ հայտնի է սովորական գետաձիերի չորս տեսակ, իսկ նախկինում ընդամենը մեկը։

Մոտ մեկ միլիոն տարի առաջ ապրող գետաձիերի մնացորդներ պահվել են Եվրոպայի մի շարք երկրներում։ Նրա ոսկրերը պահվում են Գերմանիայում և Միջերկրական ծովի առափնյա կղզիներում՝ Կիպրոսում և Կրետեում: Գետաձիերի մնացորդներ տեղափոխվել են նաև Միացյալ Թագավորություն`Անգլիա:

Նմանություն այլ տեսակի կաթնասունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ գետաձիերի ամենամոտ ազգականները դրանք խոզերն են (լատ.՝ Suidae): Իրոք, գետաձիերը ունեն շատ ընդհանրություններ խոզերի հետ, սակայն վերջերս պարզվել է, որ գետաձիերի էվոլուցիայի գծերը բոլորովին նման չէ խոզերին: Հետևաբար գետաձիերը պետք է ունենան այնպիսի մոտ ազգական կենդանիներ, որոնք նման լինեն գետաձիերին նաև զարգացման ձևով:

1997 թվականին հրատարակված ամերիկյան գիտնականների տվյալների համաձայն գետաձիերի ամենամոտ ցեղակիցները դրանք կետանմաններն են (լատ.՝ Cetacea): 2007 թվականի ուսումնասիրությունները հաստատեցին կետանմանների և գետաձիերի ընդհանուր կապերը:

Գետաձիերի և կետանմանների նմանություններն են.

  • Կետերը և գետաձիերը հիմնականում ապրում են քաղցրահամ ջրերում
  • Գետաձիերը կետերի պես ունեն շատ քիչ քանակությամբ մազեր, սակայն երբեմն նաև չունեն
  • Գետաձիերը և կետերը չունեն ճարպագեղձեր
  • Գետաձիերը կետերի պես կարող են արտաբերել ձայներ ջրի տակ
  • Երկու առանձնյակներն էլ սովորաբար ծննդաբերում են ջրում և իրենց ձագերին կերակրում կաթով:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թզուկ գետաձի

Հայտնի են գետաձիերի 5 հիմնական տեսակներ.

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական գետաձին գետում

Հին ժամանակներում Աֆրիկայից բացի նրանք տարածված են եղել Մերձավոր Արևելքում` մասնավորապես Հորդանան գետի մերձակա շրջաններում։ Պեղումների արդյունքում կենդանիների մնացորդներ են գտնվել Միջագետքում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Փաստերը վկայում են, որ գետաձիերն այս արեալներում տարածված են եղել մեծ քանակությամբ։ Կան նաև վկայություններ, որ այս կենդանիները տարածված են եղել նաև Հին Եգիպտոսում և Պաղեստինում: Պաղեստինում նրանք տարածված են եղել դեռևս երկաթե քարե դարաշրջանում:

Ժամանակին նրանք տարածված են եղել նաև Հյուսիսային Աֆրիկայի բոլոր երկրներում՝ Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և Արևմտյան Սահարայում: Շատ քիչ քանակությամբ գետաձիեր ապրել են նաև Կիպրոսում, Կրետեում և հազվադեպ Սիցիլիայում:

Բոլոր ժամանակներում սովորական գետաձիերի հայրենի բնակավայրը համարվում է Աֆրիկան[24]: Մինչ 19-րդ դարը այս կենդանիները եղել են տարածված Աֆրիկայի բոլոր շրջաններում։ Տարիներ շարունակ նրանց թիվը նվազել է։ Սպառազինության տարածումը Աֆրիկայում հանգեցրեց կենդանիների մասսայական ոչնչացման[25]:

Այժմյան տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձին մարտնչում է աֆրիկացի որսորդների դեմ

Ներկայումս նրանք տարածված են Աֆրիկայի բոլոր մասերում (քիչ քանակությամբ), բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի և Մադագասկարի։ 1959 թվականից հետո գետաձիերի թիվը Աֆրիկայում նվազել է։ Այդ շրջանից հետո նրանք անհետացել են Հարավային Աֆրիկայից: Բացառություն են կազմում միայն ՀԱՀ-ի որոշ ազգային պարկերը։ 2008 թվականի տվյալներով Աֆրիկայում կար 125-150 հազար գետաձի։ Բնապահպանության համաշխարհային կազմակերպության (IUCN) գնահատականներով նրանց թիվը տատանվում էր 125-148 հազարի միջև։

Այժմ գետաձիերը պահպանվել են արևելյան և արևմտյան Աֆրիկայի երկրներում։ Արևելյան Աֆրիկայի երկրներից նրանք տարածված են Քենիայում, Տանզանիայում, Ուգանդայում, Զամբիայում, Մալավիում և Մոզամբիկում (ամբողջ տարածաշրջանում շուրջ 80 հազար գլուխ)։ Գետաձիերը Աֆրիկայի երկրներից ամենաշատը տարածված են Զամբիայում։ Այստեղ կան ավելի քան 40 հազար գլուխ գետաձի։ Հարավային Աֆրիկայի երկրներում գետաձիեր պահպանվել են միայն արգելոցներում։ Զիմբաբվեում, որտեզ տասնամյակներ առաջ այս կենդանիները մեծ քանակությամբ պահպանված էին 2000 թվականից հետո նրանց թիվը ամբողջովին կրճատվել է։ Պատճառը Զիմբաբվեի աղքատ բնակչությունն է, որը, գետաձիերին որսալով, դարձնում է իր համար սնունդ։

Միջավայր և տարաբնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկացիները գետաձիու դիակի մոտ

Սովորական գետաձիերը տարածված են նաև ջրամբարներում։ Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում գետաձիերը հանդիպում են միայն գետերում և գետերի գետաբերաններում։ Սովորական գետաձիերը բոլորովին չեն կարողանում հարմարվել աղի ջրի պայմաններին և հազվադեպ բնակվում են ծովերում։ Նրանք ծովերի միջով լողալով հասնում են կղզիներ և բնակվում այնտեղ։ Այդ ընթացքում նրանք կարողանում են լողալ մոտ 30 կմ կտրելով մի շարք ծոցեր և նեղուցներ։ Նրանք ապրում են այնպիսի վայրերում որտեղ առկա է թարմ բուսականություն։ Այդպիսով նրանք լողալով երբեմն հասնում են Գվինեա Բիսաուի ափերի մոտ՝ շրջանցելով Աֆրիկայի արևմտյան ափերը։

Աֆրիկայում գետաձիերի բնակության համար պարտադիր չեն ընդարձակ գետերը կամ լճերը: Գետաձիերը կարող են հարմարվել նաև ցեխերի մեջ։ Տարածված են սավաննաներում և արևադարձային անտառներում:

Լճերում երկար բնակվելուց հետո գետաձիերը սպառում են տվյալ վայրի ռեսուրսները և թողնելով տվյալ անբարենպաստ պայմանները տեղափոխվում ավելի բարենպաստ բնակավայր։ Անբարենպաստ պայմաններում գետաձիերը տեղափոխվում են մի ջրատարածությունից մյուսը։ Այս երևույթը գետաձիերի մոտ կոչվում է միգրացիա։

Հարավային Աֆրիկայի մի շարք երկրների ազգային պարկերում տեղադրված են ցուցանակներ, որոնք վկայում են տվյալ արեալում գետաձիերի ներկայության մասին։ Գետաձիերի մոտ միգրացիան տեղի է ունենում նաև սովի և ջրատարածության ռեսուրսների չորացման դեպքում։

Կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի կյանքը ենթարկվում է խիստ ամենօրյա ռիթմի։ Օրվա մեծ մասը գետաձիերն անցկացնում են ջրի մեջ՝ և նույնիսկ քնում են այնտեղ։ Նրանք ամբողջովին ընկղմվում են գետերի ծանծաղուտներում, այնպես, որ երևա միայն նրա գլխի վերին մասը։

Մթնշաղին նրանք դուրս են գալիս որսի և վերադառնում լուսադեմին։ Չափահաս արուները մինչև զուգավորվելը սովորաբար ապրում են միայնակ։ Այդ իսկ պատճառով հաճախ խռովություններ կարող է տեղի ունենալ երկու արուների մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ բախումները գետաձիերը սկսում են այն բանից հետո, երբ գետաձիերից մեկը առաջինը հարձակում է գործում։ Սովորաբար մինչ մարտի սկիզբը նրանք երկար ժամանակ կանգնում են իրար առաջ և ցուցադրում իրենց բերանները։ Մարտերը հիմնականում տևում են մոտ 2 ժամ՝ մինչ հակառակորդներից մեկը փախչի (գետաձիերին բնորոշ չէ այս սովորությունը) կամ սատկի։ Սակայն որոշ դեպքերում մարտը չի տևում 2 ժամ, քանի որ հակառակորդներից մեկն արագորեն կարողանում է տապալել իր հակառակորդին։

Զուգավորման շրջանում նրանք հաճախակի գալիս են ափի մոտ։ Նրանք այդ շրջանում չեն հանդուրժում հարևանությամբ գտնվող իրենց հարևաններին և հարձակվում են պատահած բոլոր խոշոր կենդանիների վրա։ Այդ շրջանում գետաձիերը հարձակվում են նաև փղերի և ռնգեղջյուրների վրա։ Հայտնի որսորդ Ջոն Հունթերը իր հուշերից մեկում պատմում է թե ինչպես է նա ականատես եղել սպիտակ ռնգեղջյուրի և սովորական գետաձիու բախմանը, որի արդյունքում սատկեցին երկու կենդանիները միաժամանակ։

Aquote1.png Մի անգամ մի գետի մոտ տեսա գետաձիու և ռնգեղջյուրի մենամարտ: Երկուսն էլ հասուն արուներ էին: Գետաձին եկավ ափ խոտ ուտելու նպատակով, իսկ ռնգեղջյուրը մոտեցավ ափին գետից ջուր խմելու համար: Երբ նրանք հանդիպեցին` ոչ ոք չէր ուզում զիջել և նրանք սկսեցին մենամարտել: Ռնգեղջյուրը իր հզոր եղջյուրով բազմիցս հասցրեց ճեղքել գետաձիու մարմինը, իսկ գետաձին իր հզոր ուժով մեծ վնասներ հասցրեց ռնգեղջյուրին: Ի վերջո երկու կենդանիներն էլ մի տեղում ընկան և սատկեցին: Բնականաբար դա անիմաստ մենամարտ էր, սակայն նրանք մենամարտում էին միմյանց պատվի համար Aquote2.png


Չափահաս արուները (20 տարեկան և ավելի) ապրում են գետում իրենց համար նախատեսված վայերերում։ Այդ շրջանում նրանց մոտ սկսվում է զուգավորման գործընթացը, որի ժամանակ մի արեալում լինում են երկու գետաձիեր՝ արու և էգ։ Մի գետում կարող են լինել տարբեր գետաձիեր կամ գետաձիերի ընտանիքներ՝ սակայն որոշ հեռավորության վրա։ Սովորաբար արուները հանդուրժում են սեփական տարածքում ապրող այլ արուների ներկայությունը զուգավորման ընթացքում, սակայն կան նաև թույլ արուներ, որոնք պարզապես փորձում են խուսափել զուգավորումից և մենամարտերից։

Սովորական գետաձիերին բնորոշ է քնած ժամանակ շնչելու հատկությունը։ Նրանք կարող են հեշտորեն սուզվել ջրի մեջ։ Չափահաս գետաձին կարող է երկար ժամանակ մնալ ջրի տակ՝ 3-5 րոպե, մինչև 6 րոպե և նույնիսկ 10 րոպե։ 2 ամսական ձագը ջրում կարող է մնալ մինչև 20-40 վայրկյան[26][27]:

Հաղորդակցությունը գետաձիերի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային կամ այլ կապի ազդանշանները կարևոր նշանակություն ունեն գետաձիերի կյանքում։ Գետաձիերը ունեն լավ զարգացած ձայնային հեռահաղորդակցման համակարգ և վտանգի պարագայում ազդանշանային ձայներ արձակելու կարողություն։ Վտանգի պարագայում գետաձիերը կարող են իրենց գործունեությամբ արտահայտել շրջակա միջավայրում առկա վտանգի առկայությունը և իրենց ագրեսիան։ Ընդհանուր առմամբ այդ պարագայում գետաձիերը սովորաբար կտրուկ ձայներ են արձակում։ Գետաձիերն արձակում են այնպիսի ձայներ, որոնք իրենց բնույթով տարբերվում են աֆրիկյան անապատի մյուս կենդանիների արձակած ձայներից։ Գետաձիերը նաև կարող են փռնգացնել ձիերի նման։ Այս ձայնի առկայությունը կապված է նրա անվան հետ, քանի որ այդ ձայները համարվում են ձիու և գետաձիերի միակ նմանությունը[28][29]:

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերը սնվում են խոտով Գերմանիայի Գելզենկերխեն քաղաքի կենդանաբանական այգում

Գետաձիերը խոտակեր կենդանիներ են։ Նրանք սնվում են ճահճային և հողի խոտով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ գետաձիերը երբեմն սնվում են ջրային բուսականությամբ։ Աֆրիկայի Ուգանդա պետությունում գետաձիերը սնվում են 27 տեսակի խոտերով։ Որպես կանոն, գետաձիերը խոտը քաղում են շրթունքներով՝ ընդ որում արմատից և սնվում դրանով։

Գետաձիերը կարող են ուտել 70 կգ խոտ մեկ օրում, սակայն միջինում նրանք ուտում են 40 կգ խոտ։ Հսկայական երկարություն ունի կենդանու աղիները (մինչև 60 մետր) հնարավորություն են տալիս հեշտությամբ մարսել սնունդը։

Պատմության մեջ հայտնի են եզակի դեպքեր երբ կռվից հետո գետաձիերը ուտում են իրենց կողմից սպանած կենդանուն։ Օրինակ, երկու որսորդներ ականատես են եղել այն դեպքին, թե ինչպես է գետաձին սատկացրել և կերել Մարա գետն անցնող վիթերին: Այդպիսի դեպք է գրանվել նաև 1995 թվականին Զիմբաբվեում:

Եթովպիայում գետաձիերը հարձակվում են մանր և խոշոր եղջերավոր անասնունների վրա՝ գյուղատնտեսությանը հասցնելով խոշոր վնասներ։ Ըստ այլ դիտորդների, գետաձիերը ուտում են այլ գետաձիերի միսը, որոնք մահացել են սիբիրախտ հիվանդությունից։ Դա իր հերթին առիթ է հանդիսանում գետաձիերի անբուժելի հիվանդության տարածմանը Ուգանդայում և Զամբիայում: Չի բացառվում այն դիտարկումը որ գետաձիերը կարող են սնվել մսով, քանի որ մսեղենի պակասից այս առանձնյակների մոտ կարող է առաջանալ հանքային աղի պակաս։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերը մյուս կաթնասունների պես բաժանասեռ կենդանիներ են։ Նրանց մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արու գետաձին ունի զույգ սերմնարաններ, իսկ էգը՝ երկու ձվարան, ձվատարներ և արգանդ: Էգ գետաձիերի մոտ ձվատարները բացվում են արգանդի մեջ։ Գետաձիերի բեղմնավորումը ներքին է և կատարվում է զույգ ձվատարներում։

Այս առանձնյակների մոտ ձվաբջիջները գրեթե զուրկ են դեղնուցից։ Սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդում։ Բեղմնավորված ձվաբջիջներից զարգանում է սաղմը։ Սաղմի զարգացումը կատարվում է ամիսների ընթացքում և վերջում նրա շուրջը առաջանում են բարակ թաղանթներ։ Աաղմը շրջապատող թաղանթները մի կողմով սերտաճում են արգանդի պատի հետ, և առաջանում է ընկերքը: Մոր և զարգացող ընկերքի միջև կապը առաջանում է ընկերքի միջոցով։ Մայր գետաձիու արյունատար անոթները շփվում են են պտղի հետ ընկերքի միջոցով։

Մայրը և ձագը Բելգիայի Անտվերպեն քաղաքի կենդանաբանական այգում

Սաղմն ընկերքի հետ միացած է պորտալարի միջոցով։ Դրա միջով անցնում են արյունատար անոթներ։ Ընկերքի արյունատար մազանոթներով մոր օրգանիզմից սաղմին են անցնում թթվածին և սննդային նյութեր։ Գետաձիերի ձագերը ծնվում են անօգնական։ Ծնվելուց հետո կաթնասուններն իրենց ձագերին կերակրում են կաթով, տաքացնում և պաշտպանում վտանգներից, ինչպես նաև սովորեցնում կեր հայթայթել։

Սովորական գետաձիերի սեռական համակարգը շատ ավելի վատ է զարգացած, քան օրինակ՝ ռնգեղջյուրներինը և փղերինը: Էգերը սեռահասուն են դառնում 7-ից 15 տարեկան հասակում։ Արուների հասունության միջին տարիքը հասնում է 7,5 տարուց մինչև 9 տարին։ Գետաձիերի զուգավորումը տեղի է ունենում տարվա ընթացքում երկու անգամ՝ փետրվար և օգոստոս ամիսներին։ Կենդանիների 63 %-ի մոտ բեղմնավորումը կատարվում է հիմնականում անձրևոտ եղանակին։

Ըստ հիմնական աղբյուրների գետաձիու հղիությունը տևում է 8 ամիս (240 օր)։ Որոշ այլ աղբյուրներ վկայում են, որ գետաձիերի հղիությունը տևում է 227-240 օր։ Գետաձիերի ծննդաբերումը կատարվում է հիմնականում ջրի մեջ, սակայն նրանք ունակ են ծննդաբերելու նաև ցամաքում։ Գետաձիու նորածին ձագը կշռում է 27-50 կգ, իսկ երբեմն նաև 40 կգ։ Մարմնի երկարությունը կազմում է մոտ 1 մետր, իսկ ուսերի բարձրությունը 50 սմ։

Մայրը մնում է ձագի մոտ 10 օր։ Ավելի քան 18 ամիս գետաձիու ձագը սնվում է մայրական կաթով, իսկ դրանից հետո փորձում սնունդ հայթայթել։

Գոյության կռիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակորդներ կենդանական աշխարհից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ չափահաս գետաձին ունի շատ թշնամիներ։ Նրա համար լուրջ վտանգ կարող են հանդիսանալ միայն առյուծները, սակայն կան որոշ արու գետաձիեր (որոնք ունեն բավականին մեծ չափսեր և ուժ) որոնք կարող են սպանել մի անգամից մի քանի առյուծների։ Մեզ հայտնի է, որ մի անգամ գետաձիու վրա հարձակվել են միանգամից 3 խոշոր արու առյուծներ[30]: Գետաձին որոշ ժամանակ կռվելուց հետո նահանջել է՝ մտնելով ջրի մեջ։ Այդ ժամանակ առյուծները ոչինչ անել չկարողանալով փախչել են։

Կոկորդիլոսները և ալիգատորները ևս մշտապես կռվի մեջ են լինում գետաձիերի դեմ։ Գետաձիերին հաջողվում է հաղթել մինչև 3 մետր երկարությամբ կոկորդիլոսի։ Կոկորդիլոսների և գետաձիերի բախման հիմնական պատճառը այն է, որ կոկորդիլոսները մշտապես հարձակվում են գետաձիերի ձագերի վրա։ Այդ պարագայում, սովորաբար մայր գետաձին պաշտպանում է ձագերին՝ ցույց տալով ագրեսիվ պահվածք և կատաղություն, իսկ արուները փորձում են վռնդել կոկորդիլոսին։ Հիմնական բախումը լինում է Նեղոսյան կոկորդիլոսի հետ, որն աչքի է ընկնում իր մեծ չափսերով և ճկունությամբ։

Շատ դեպքերում անվախ առյուծները ևս հարձակվում են ձագերի վրա՝ նույնիսկ ջրի մեջ լողալով։ Այդ իրադրությունը սովորաբար ավարտվում է նրանով, որ գետաձին խեղդում է առյուծին գետի տիղմերի մեջ։ Սակայն միշտ չէ, որ գետաձիու ձագերը լինում են ծնողական խնամակալության տակ։ Կան դեպքեր, երբ գետաձիու նորածին ձագը զոհ է գնում կոկորդիլոսին, առյուծներին, ընձառյուծներին, բորենիներին և Աֆրիկյան վայրի շներին:

Փոքրիկ գետաձիու կյանքը ընդհատվում է նաև այն ժամանակ, երբ գետաձիերի խումբը պատահաբար ոտնատակ է տալիս փոքրիկ ձագերին։ Չնայած նրան, որ էգ գետաձիերը փորձում են ամեն կերպ ապահով պահել իրենց ձագերին։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի Աֆրիկայում կենդանիների մահացությունների համար կարևոր պատճառ կարող է հանդիսանալ սիբիրախտ հիվանդությունը։ Հիվանդության տարածումը հանգեցրեց կենդանիների թվի լուրջ կրճատման։ Հիվանդության առաջին ամենամեծ բռնկումը գրանցվել է 1987 թվականին Զամբիայում: Այդ ժամանակ, Զամբիայի գետերից մեկի հովտում հայտնաբերվել է 1420 անշնչացած դիակ, որը սիբիրախտի հետևանք է։

Կենդանիների կյանքի համար վտանգ սպառնացող հիվանդություններ են սալմոնելոզներն ու բրուցելոզը: Այս հիվանդությունները նաև տարածվում են մարդկանց մոտ, քանի որ աղքատ աֆրիկացիները կերակուր չունենալու պատճառով հաճախ ուտում են սատկած գետաձիերի միսը, որի հետևանքով վարակը սատկած կենդանու մսի միջոցով փոխանցվում է մարդուն:

Կենդանաբանական այգիներում և ինֆեկցիոն հիվանդանոցներում գրանցվող ամենատարածված հիվանդությունը նեկրոբակտերիոզն ու տուբերկուլյոզն են։ Դրանց առաջացման պատճառն անորակ խոտն է, որի հետ միասին գետաձին անզգուշորեն ուտում է նաև բորբոսասնկեր։ Այդ հիվանդություններն առաջացնում են աղիների և ոսկրածուծի բորբոքումներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաձիերի կյանքի միջին տևողությունը 40 տարի է։ Բրիտանացի փորձագետները, ովքեր ուսումնասիրել են Ուգանդայում ապրող գետաձիերին, նշել են, որ կենդանիների միջին տարիքը ավելի շատ է՝ 42 տարի։

Ոչ ազատ պայմաններում՝ կենդանաբանական այգիներում և ազգային պարկերում, գետաձիերի կյանքը տևում է առավելագույնը 50 տարի։ Կան դեպքեր, երբ գետաձին ապրում է նախատեսվածից ավելի շատ։ 2011 թվականի ամռանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կենդանաբանական այգում սատկեց Դոննա անունով գետաձին՝ 60 տարեկան հասակում։ Նա դարձավ ամենաերկարակյաց գետաձին աշխարհում[31][32][33]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ITIS on Hippopotamus amphibius»։ Integrated Taxonomic Information System։ Արխիվացված օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2007-07-29 
  2. «Hippopotamus» (անգլերեն)։ African Wildlife Foundation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 27 января 2012 
  3. «The Hippopotamus: Behavior and Communication» (անգլերեն)։ Yahoo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 27 января 2012 
  4. Gatesy, J. (մայիսի 1, 1997)։ «More DNA support for a Cetacea/Hippopotamidae clade: the blood-clotting protein gene gamma-fibrinogen» (PDF)։ Molecular Biology and Evolution 14 (5): 537–543։ PMID 9159931։ doi:10.1093/oxfordjournals.molbev.a025790 
  5. Geisler, J. H. and Theodor, J. M. (2009)։ «Hippopotamus and whale phylogeny»։ Nature 458 (7236): E1–4; discussion E5։ PMID 19295550։ doi:10.1038/nature07776 
  6. Sanders Robert (2005-01-25)։ «Scientists find missing link between the dolphin, whale and its closest relative, the hippo»։ Science News Daily։ Արխիվացված օրիգինալից 2015-02-26-ին։ Վերցված է 2011-01-08 
  7. «National Geographic – Hippo: Africa's River Beast»։ National Geographic։ Արխիվացված օրիգինալից 2013-12-26-ին։ Վերցված է 2007-07-18 
  8. Boisserie, Jean-Renaud; Lihoreau, Fabrice and Brunet, Michel (2005)։ «The position of Hippopotamidae within Cetartiodactyla»։ Proceedings of the National Academy of Sciences 102 (5): 1537–1541։ PMC 547867։ PMID 15677331։ doi:10.1073/pnas.0409518102 
  9. National Geographic exhibit on different animals and their poop. News.nationalgeographic.com (October 28, 2010). Retrieved on 2012-05-12.
  10. «Dangerous Encounters: Undercover Hippo»։ National Geographic Channel։ Վերցված է 2008-11-04 
  11. Hippo Specialist Group, World Conservation Union. (June 2008). In the News. Duke University. Retrieved 2009-9-04.
  12. «Hippopotamus amphibius» (անգլերեն)։ The IUCN Red List of Threatened Species։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 06 января 2012 
  13. Okello John Bosco Acot B.Sc. (Hons), Mak.։ «The Molecular Study of the Population Genetic Structure of Hippopotamus (Hippopotamus amphibius) in Eastern and Southern Africa» (PDF) (անգլերեն)։ Makerere University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 27 декабря 2011 
  14. 14,0 14,1 Owen-Smith, R. Norman (1995). Megaherbivores: The Influence of Very Large Body Size on Ecology. Cambridge University Press. 
  15. Pienaar U. de V., Van Wyk P., Fairall N. (1966)։ «An experimental cropping scheme of Hippopotami in the Letaba river of the Kruger National Park»։ Koedoe 9 (1)։ doi:10.4102/koedoe.v9i1.778 
  16. Erustus M. Kanga, Joseph O. Ogutu, Hans-Peter Piepho, Han Olff։ «Human-hippo conflicts in Kenya during 1997–2008: Vulnerability of a megaherbivore to anthropogenic land use change» (PDF) (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 20 января 2012 
  17. «Common Hippopotamus» (անգլերեն)։ Animal Corner։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-20-ին։ Վերցված է 30 декабря 2011 
  18. ԹԱՆԳԱՄՅԱՆ Տ., ՍԻՍԱԿՅԱՆ Ս., Կաթնասուններ, Կենդանիների և բույսերի բազմազանությունը, Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 186-191 — 206 էջ։
  19. «Hippopotamus amphibius» (անգլերեն)։ Animal Diversity Web։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-20-ին։ Վերցված է 29 декабря 2011 
  20. «Hippopotamus»։ Merriam-Webster's Online Dictionary։ Վերցված է 2007-07-18 
  21. Walker, C. (1997). Signs of the Wild. Struik. էջ 140. ISBN 1-86825-896-3. 
  22. Boisserie Jean-Renaud (2005)։ «The phylogeny and taxonomy of Hippopotamidae (Mammalia: Artiodactyla): a review based on morphology and cladistic analysis»։ Zoological Journal of the Linnean Society 143: 1–26։ doi:10.1111/j.1096-3642.2004.00138.x 
  23. Saeed, John I. (1999). Somali. John Benjamins Publishing Company. էջ 29. ISBN 90-272-3810-3. https://books.google.am/books?id=EqCNXXEcoBgC&pg=PA29. 
  24. «Deadly 60: 15 Deadly Animal Facts»։ National Geographic։ Արխիվացված օրիգինալից 2014-10-16-ին 
  25. Boisserie Jean-Renaud, Lihoreau, Fabrice, Brunet, Michel (2005)։ «Origins of Hippopotamidae (Mammalia, Cetartiodactyla): towards resolution»։ Zoologica Scripta 34 (2): 119–143։ doi:10.1111/j.1463-6409.2005.00183.x 
  26. «Стадо бегемотов вынудило администрацию «Сафари» углубить их пруд»։ Вестник News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 25 января 2012 
  27. Stefan Lovgren։ «Hippos — And Precious Dung — Vanishing From African Lake» (անգլերեն)։ National Geographic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 18 января 2012 
  28. «Hippopotamus amphibius» (անգլերեն)։ An Ultimate Ungulate Fact Sheet։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին 
  29. «More DNA Support for a Cetacea/Hippopotamidae Clade: The Blood-Clotting Protein Gene y-Fibrinogen» (PDF) (անգլերեն)։ Oxford Journal։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-20-ին։ Վերցված է 30 декабря 2011 
  30. Uwe Kierdorf, Ralf-Dietrich Kahlke։ «Pathological findings on remains of Hippopotamus amphibius antiquus Desmarest 1821 (Hippopotamidae, Mammalia) from the late Lower Pleistocene site of Untermassfeld (Thuringen, Central Germany)» (PDF) (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 20 января 2012 
  31. «Hippopotamus. Biological Information» (անգլերեն)։ Information System for Rare Species Management։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 20 января 2012 
  32. Eltringham, Stewart Keith։ «Diseases, Parasites and Commensals of Hippo» (անգլերեն)։ Վերցված է 27 января 2012 
  33. «As Donna the Hippo turns 60, zoo throws a party» (անգլերեն)։ Courier News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-20-ին։ Վերցված է 29 декабря 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլտրինդհեմ, Ստիվեն Քեիթ Գետաձիեր և տարածվածության պատմություն. — Academic Press, 1999. — 190 с. — ISBN 0-85661-131-X
  • Жизнь животных / Ա.Գ. Բաննիկով, Պ.Պ. Վտորով, Տ.Դ. Գլադկովա. — «Կրթություն», 1971. — Т. 6. — С. 446—449. — 628 с. — 300 000 экз.
  • Chris & Tilde Stuart: Field Guide to the Larger Mammals of Afrika. Struik, 2000, ISBN 1-86872-534-0
  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  • Almuth Behrmann: Das Nilpferd in der Vorstellungswelt der Alten Ägypter, Bern 1989, ISBN 3-631-48964-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]