Քենիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենիայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Քենիա
Ամենաբարձր կետՔենիա լեռ
Ամենացածր կետՀնդկական օվկիանոս
Մակերես580,367 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Քենիայի աշխարհագրություն, Քենիան գտնվում է Աֆրիկայի արևելքում։

Տարածք և սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի տարածքը 580 367 կմ² է, որից ցամաքայինը՝ 569 140 կմ², իսկ ջրայինը՝ 11 227 կմ²։ Քենիան սահմանակից է Սոմալիին (արևելքից), Եթովպիային (հյուսիսից), Հարավային Սուդանին (հյուսիս–արևմուտքից), Ուգանդային (արևմուտքից) և Տանզանիային (հարավ-արևմուտքից)։ Հարավ-արևելքում ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը, արևմուտքում` Վիկտորիա լճի ջրերը։ Պետական սահմանի ընդհանուր երկարությունը 3477 կմ է, որից Եթովպիայի հետ՝ 861 կմ, Տանզանիայի հետ՝ 769 կմ, Ուգանդայի հետ՝ 933 կմ, Սոմալիի հետ՝ 682 կմ և Հարավային Սուդանի հետ՝ 232 կմ.[1]: Հնդկական օվկիանոսի առափնյա գծի երկարությունը 536 կմ է։

Երկրի ամենաբարձր կետը Քենիա լեռն է (5199 մետր), սա Կիլիմանջարոյից հետո Աֆրիկայի երկրորդ ամենաբարձր կետն է։ Քենիայի տարածքի առավելագույն ձգվածությունը հարավ-հարավ-արևելքից դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք 1131 կմ է և արևելքից-հյուսիս-արևելք դեպի արևմուտք-հարավ-արևմուտք 1025 կմ։ Հասարակածը հատում է երկրի տարածքը և բաժանում այն երկու գրեթե հավասար մասերի։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

38-րդ միջօրեականը երկրի տերիտորիան բաժանում է երկու կտրուկ տարբեր տարածքների՝ համեմատաբար հարթ արևելք և արևմուտք, որոնք կտրուկ բարձրանում են բլուրների և սարահարթերի լեռնաշղթաներով դեպի Արևելաֆրիկյան բեկվածքային գոտի։ Արևմտյան տեղանքը մինչև բեկվածքների գոտի տարածքը թեք սարահարթ է, որի ամենացածր մասը զբաղեցնում է Վիկտորիա լիճը։ Ելնելով դրանից ՝ Քենիան կարելի է բաժանել հետևյալ ֆիզիկա-աշխարհագրական շրջանների. Վիկտորիա լճի ավազան, Արևելա– աֆրիկյան բեկվածքների գոտի և հարակից լեռնաշխարհ, արևելյան սարահարթեր, հյուսիսում և հարավում գտնվող կիսաչոր և չոր գոտիներ, ափամերձ շրջաններ։

Վիկտորիա լիճը իրականում գտնվում է սարահարթի տարածքում, որն այստեղ գտնվում է ծովի մակարդակից 900-1200 մ բարձրության վրա։ Արևելքում լիճը տարածվում է Քենիայի ներքին շրջաններ՝ դեպի Ուինամ ծովածոց։ Ծովածոցի հյուսիսային և հարավային մասերում բարձրավանդակներ են, իսկ լճի ավազանից հյուսիս՝ Ուգանդայի սահմանին, բարձրանում է Էլգոն լեռը՝ 4321 մ բարձրությամբ։ Մեծ բեկվածքային գոտին լեռնաշխարհը բաժանում է 2 շրջանի ՝ արևմուտքում Մաուի ճյուղավորումը և արևելքում ՝ Աբերդարի լեռնաշղթան։ Հովիտը ունի 50-ից 130 կմ լայնություն։ Դրա հատակի բարձրությունը ծովի մակարդակից 450 մ բարձրության հասնում է հյուսիսում գտնվող Թուրկանա լճի մոտակայքում մինչև գրեթե 2100 մ բարձրության Նաիվաշա լճի շրջանում, բայց կրկին իջնում է մինչև 600 մետր Տանզանիայի սահմանների մոտ։ Հովտի հատակը զբաղեցնում է փոքր լճերի շղթան, որոնք բաժանված են հանգած հրաբուխներով, որոնցից ամենանշանավորը Նաիվաշա լիճն է։ Լեռնաշխարհը շարունակվում է դեպի արևելք ՝ անմիջապես մինչև երկրի ամենաբարձր կետ՝ Քենիա լեռ։ Սարահարթի արևելյան մասն աստիճանաբար ձուլվում է դեպի ափամերձ դաշտը, որն անցնում է լեռնոտ մի քանի շրջաններով։

Հյուսիսում գտնվող չոր և կիսաչոր տարածքները մաս են կազմում հսկայական տարածաշրջանի, որը տարածվում է Ուգանդայի հետ սահմանից` Ռուդոլֆ լճից այն կողմ՝ Քենիայի և Եթովպիայի լեռնաշխարհների միջև։ Առավել անապատային և չորային շրջան է կավա– աղակալած Չալբի անապատը, որը տարածվում է Ռուդոլֆ լճից արևելք։ Առափնյա հարթավայրը ձգվում է ավելի քան 400 կմ Հնդկական օվկիանոսի առափնյա երկայնքով, լայնությունը տատանվում է հարավում 16 կմ-ից մինչև հյուսիս հասնելով 160 կմ-ի։ Երկրի հյուսիսարևելյան մասում առափնյա հարթավայրն անցնում է Սոմալիի ցածրավայրով։ Մոմբասայի բնական նավահանգիստը լավագույններից մեկն է ողջ Արևելյան Աֆրիկայում[2]։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բեկվածքների գոտին հանդիսանում է հսկայական ջրբաժան գոտի։ Քենիայում ամենանշանավոր գետը Թանան է, որը սկիզբ է առնում Աբերդարի լեռներից և հոսում է շուրջ 800 կմ, թափվում է Ունգվանա ծովածոց՝ Հնդկական օվկիանուսում։ Մեկ այլ խոշոր գետ է Էվասո Նգիրոն, որն ունի ավելի քան 700 կմ երկարություն և սկիզբ առնելով կենտրոնական Քենիայից, հոսում է դեպի արևելք և թափվում է Ջուբբա գետի մեջ Սոմալիի տարածքում։ Երկրի մյուս գետերի մեծ մասը համեմատաբար կարճ են կամ միայն սեզոնային բնույթ են կրում։

Աֆրիկայի ամենամեծ լիճը Վիկտորիան է։ Քենիայի երկրորդ ամենամեծ լիճը՝ Ռուդոլֆ (Թուրկանա) լիճն է, որը ձգվում է գրեթե 240 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ և գտնվում է երկրի հյուսիսային մասում։ Մյուս լճերը համեմատաբար փոքր են։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական բարձրավանդակի հրաբխային ապարների վրա կան բերրի շագանակագույն հողեր, մարգագետնային կարմիր-շագանակագույն հողերը տարածված են Վիկտորիա լճի ափամերձ հատվածում։ Հնդկական օվկիանոսի ափին կան սև և մոխրագույն հողեր։ Արևելյան սարահարթերում և հյուսիսում գտնվող չոր դաշտերում տարածված են ավազոտ, հաճախ աղակալած և քիչ արգավանդ հողերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական օվկիանոսը կարևոր ազդեցություն ունի երկրի կլիմայի ձևավորման վրա[3]։ Հասարակածից հյուսիս՝ դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գերակշռում են հյուսիսարևելյան քամիները, հասարակածից հարավ այդ ժամանակաընթացքում գերակշռում են հարավ-արևելյան քամիները։ Այդ ամիսների ընթացքում բավական չոր է, չնայած որոշ տարածքներում կարող են թույլ տեղումներ լինել։ Անձրևային սեզոնը տևում է մարտի վերջերից մինչև մայիս ամիսներ, երկու կիսագնդերում արևելյան օդային զանգվածների գերակշռությամբ։ Հունիսից օգոստոս լինում են համեմատաբար քիչ տեղումներ, հյուսիսում գերակշռում են հարավ-արևմտյան քամիները, հարավում` հարավ-արևելյան:

Թուրկանա լիճ

Վիկտորիա լճի ավազանում տարեկան տեղումները տատանվում են 1000 մմ լճի ափին և մինչև 1800 մմ լճից արևելք գտնվող լեռնային շրջաններում։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 27 °C հուլիսից մինչև 32 °C հոկտեմբեր և փետրվար ամիսներին։ Մեծ բեկվածքների գոտում միջին ջերմաստիճանը տատանվում է հյուսիսում 29 °C- ից հարավում 16 °C՝ Նակուրու և Նաիվաշա լճերի շրջակայքում։ Հարակից լեռնային շրջանները բնութագրվում են համեմատաբար մեղմ կլիմայով, միջին ջերմաստիճանը տատանվում է 13-ից 18 °C: Հովտի հատակը բավականին չոր է՝ չնայած հարակից լեռնաշխարհը տարեկան ստանում է ավելի քան 760 մմ տեղումներ։

Սարահարթի արևելյան շրջանները տարեկան ստանում են շուրջ 500-760 մմ տեղումներ։ Երկրի հյուսիսում, հյուսիս-արևելքում և հարավում գտնվող չոր շրջանները բնութագրվում են բավական անկայուն անձրևներով։ Այս շրջանների մեծ մասը, որոնք ունեն մոտավորապես 29 °C և ավելի բարձր ջերմաստիճաններ, հարավում տարեկան ունենում են 500 մմ-ից պակաս տեղումներ, իսկ հյուսիսում ՝ ընդամենը մոտ 250 մմ։ Ափամերձ շրջանների մեծ մասում, որտեղ միջին ջերմաստիճանը մոտ 27 °C է ամբողջ տարվա ընթացքում համեմատաբար խոնավ է։ Ծովափնյա շրջաններում միջին տարեկան տեղումները տատանվում են 760-ից 1270 մմ, իսկ դեպի արևմուտք աստիճանաբար նվազելով հասնում 500 մմ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենիայում օգտակար հանածոներն են՝ սոդա, կերակրի աղ, կրաքար, ոսկի, սուտակ, ցինկ, գիպս, ֆլյուորիտ, կալցիումի ֆտորիդ և այլն։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բեկվածքների գոտին Էլդորեթ լեռան մոտակայքում
Թանա գետ

Լեռներում՝ ծովի մակարդակից 2100-ից մինչև 2700 մ բարձրության վրա, բուսականությունը ներկայացված է մշտադալար անտառների փոքր տարածքներով, որոնք առանձնացված են խոտածածկ տարածքներով։ Անտառային գոտու վերին գոտում՝ մինչև մոտ 3000 մ կան հնդկեղեգի թավուտներ, իսկ դրանից վեր կան ծառանման հալևորուկի, էրիկայի ծառի թփուտներ, հսկա լոբելիաներ, տարածված են նաև տարբեր խոտաբույսեր։ Լեռնաշխարհի արևելքում և արևմուտքում անտառները փոխարինվում են խոտածածկ տարածքի վրա ցրված ցածր, առանձնացված ծառերով։ Երկրի կիսաանապատային շրջաններում ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա բաոբաբը բավականին բնորոշ է բաոբաբը, իսկ հյուսիսում ավելի չոր շրջաններում աճում են անապատային փշոտ թփեր։ Առափնյա հարթավայրը սավանա է՝ մնացորդային անտառի տարածքներով։ Իսկ հյուսիսային ափամերձ շրջաններում անտառային տարածքները դեռ պահպանվում են, հարավում դրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են մարդկության դարավոր գործունեության հետևանքով։

Քենիայի տարածքի գրեթե մեկ երրորդը, մասնավորապես՝ արևմտյան շրջաններում և ափամերձ գոտում տարածված են ցեցե ճանճ և մոծակներ, որոնք առաջացնում են քնելախտ հիվանդությունը և մալարիա։ Քենիան հայտնի է իր հարուստ կենդանական աշխարհով։ Ի տարբերություն որոշ այլ երկրների վայրի բնության պոպուլյացիան տարածված է այստեղ և՛ ազգային պարկերից, և՛ արգելոցներից դուրս։ Օրինակ ՝ կենդանիներ, ինչպիսիք են պավիաներն ու վագերաձիերը, կարելի է հանդիպել Նայրոբի-Նակուրու մայրուղու երկայնքով, մարդկային բնակավայրերի մոտ և նույնիսկ քաղաքային բնակավայրերում։ Այս մոտ հարևանությունը որոշակի խնդիրներ է ստեղծում հատկապես խիտ բնակեցված տարածքներում։ Լեռնային անտառներում հանդիպում են խոշոր կաթնասուններ, ինչպիսիք են փղերը և ռնգեղջյուրները, որոնց քանակը մեծապես կրճատվել է որսագողության և անտառահատումների արդյունքում։ Լեռնաշխարհի գիշատիչները ներկայացնում են առյուծներ, ընձառյուծներ և վայրի կատուներ։ Հատկապես հանդիպում են կենդանիների բազմաթիվ պոպուլյացիաներ երկրի խոտածածկ դաշտերում, նրանց մեջ՝ զեբրեր, գազելներ, կապույտ գնու, եզնայծեր, իմպալաներ, բուբալներ, այծքաղներ, գոմեշներ։ Գիշատիչներին այստեղ ներկայացնում են ընձառյուծները, հեպարդները, բծավոր բորենիները, վայրի շները։ Որոշ լճերում և գետերում բնակվում են քիչ քանակությամբ գետաձիեր և կոկորդիլոսներ։ Քենիայի հյուսիսային չորային շրջանները բնութագրվում են այծքաղների տարբեր տեսակներով (այդ թվում գերենուկ, իմպալա, դիկ–դիկ, կուդու), ընձուղտներ, ընձառյուծներ, առյուծներ և այլն։

Էկոլոգիական հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենիայում բնապահպանական հիմնախնդիրներն են`անտառահատումները, հողի էրոզիան, անապատացումը, ջրի սակավությունը, որսագողությունը, արդյունաբերական աղտոտումը և այլն։

Բնակչության աճին զուգընթաց աճում է ջրի պահանջարկը գյուղատնտեսության մեջ, որն առաջիկա տարիներին Քենիայի համար ջրի սակավության լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Բացի այդ, երկրի ջրային ռեսուրսները մեծապես աղտոտված են ինչպես արդյունաբերական, այնպես էլ կենցաղային թափոններով։ Անտառահատումները Քենիայում մեկ այլ առաջնային հիմնախնդիրխնդիր է։ Այսպես՝ այսօր երկրի տարածքի միայն 2,5% -ն են զբաղեցնում անտառները, մինչդեռ տարեկան ոչնչացվում է մոտ 50 կմ² անտառ։ Բնական անտառային ծածկույթի կորուստը նպաստում է հողատարածքների հողի էրոզիայի, ջրհեղեղի և կենսաբազմազանության նվազման։ Անտառահատումները բացասաբար են ազդում նաև գյուղական բնակչության վրա, որոնք հաճախ ավելի դժվար են գտնում իրենց անհրաժեշտ վառելափայտը։ Կան ծառատնկում իրականացնող շարժումներ, որոնց ակտիվորեն աջակցում են տեղի բնապահպանները։ Անտառահատման խնդրից բացի կարևոր է նաև անապատացման խնդիրը, որը սրվում է նաև վերջին տասնամյակներին բնակչության արագ աճի և հաճախակի երաշտների պատճառով։ Բացի այդ, անտառների անհետացման և մարդու ակտիվ գործունեության պատճառով կենդանիների և նրանց բնական միջավայրի կորուստը դառնում է կարևոր խնդիր, որը սպառնում է երկրի հարուստ կենդանական աշխարհին։

Քենիայում որսագողությունը հատկապես ազդում է այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են փղերը և ռնգեղջյուրները։ Չնայած կառավարության ձեռնարկած կոշտ միջոցառումներին, այս խնդիրը լուծում չի ստացել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кулик С. Ф. Кенийские сафари. — М.: Мысль (հրատարակչություն), 1975. — 336 с. — (Путешествия. Приключения. Поиск). — 65 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «cia.gov — The World Factbook Kenya». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. www.britannica.com
  3. «NairobiDagoretti, Kenya: Climate, Global Warming, and Daylight Charts and Data». web.archive.org. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենիայի աշխարհագրություն» հոդվածին։