Վերին Կարմիրաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Կարմիրաղբյուր
Գյուղի եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԿամո Չոբանյան
Հիմնադրված է1860 թ.
Մակերես18,9 կմ²
ԲԾՄ1320 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 837[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Կարմիրաղբյուր (Հայաստան)##
Վերին Կարմիրաղբյուր (Հայաստան)

Վերին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, որը գտնվում է մարզկենտրոնից 59 կմ դեպի արևելք, Տավուշ գետի աջափնյակում։ Տեղակայված է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևելք, հարևանությամբ գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը[2]։

Պատմություն

«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ։ Նախկին գյուղատեղը, որը ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ՝ Ղըզըլբուլաղ։ Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ։ Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից։

Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին։ Հետաքրքիր են գյուղի մասին 19-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարմիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը։ Ուշագրավ տեսարան։ 88-90 տարի երկար կյանք։ Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա։ Ծուխը 105, արական 602, իգական 694։ Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է»։

Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել։ Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և անկումներ։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է, գազաֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը։

Բնակչություն

Գյուղացիների նախնիների մի մասը եկել են Լոռու և Արցախի գյուղերից։

Վերին Կարմիր Աղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 329 779 1095 1529 1765 2136 2011 1970 1948 1870

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում պահպանվել է 1701 թ.-ի Սուրբ Հովհաննես եկեղեցին, իսկ արևելյան մասում՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի Նորաշենի դամբարանադաշտը։

Կրթություն

Վերջերս լրացել է Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցի 100 ամյակը։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում, ինչպես Հայաստանի շատ գավառներում, այստեղ նույնպես գործել է ծխական դպրոց, որի միակ դասարանում սովորում էին 7-15 տարեկան տղաները։ Ուսուցիչները գյուղի հոգևորականներն էին՝ քահանա, տիրացու և այլք։ Մինչև 1906 թ. դպրոցը մի քանի անգամ բացվել ու փակվել է։ 1906 թ Արշակ Մելյանը, ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, վերադարձել է գյուղ և բացել մի դպրոց, որտեղ սովորում էին Վերին Կարմիր Աղբյուրի և Նորաշենի 60 մանուկներ՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Տարիների ընթացքում արտագաղթի պատճառով գյուղի բնակչության թիվը նվազել է և 2020 թվականի տվյալներով դպրոցն ունի մոտավորապես 200 աշակերտ։ Իր ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալակիր, իսկ հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։

Հայտնի անձինք

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Վերին Կարմիրաղբյուր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 193» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.