Բերտ Լանկաստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտ Լանկաստեր
անգլ.՝ Burt Lancaster
Բ. Լանկաստերը «Անապատի ցասումը» ֆիլմում
Ծնվել էնոյեմբերի 2, 1913(1913-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՄանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 20, 1994(1994-10-20)[2][3][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոնաթեիզմ և չդավանող կաթոլիկ
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1946-1991
Ժանրերվեստեռն
Ամուսին(ներ)

Ջուն Էռնստ (1935–46)
Նորմա Անդերսոն (1947–69)

Սյուզան Մարտին (1990–94)
Երեխա(ներ)Բիլլ Լանկաստեր, Joanna Lancaster?, Susan Lancaster?, Sighle Lancaster? և Jimmy Lancaster?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000044

Բերտ Լանկաստեր (անգլ.՝ Burt Lancaster, իսկական անուն ազգանունը՝ Բերտոն Սթիվեն Լանկաստեր, նոյեմբերի 2, 1913(1913-11-02)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9] - հոկտեմբերի 20, 1994(1994-10-20)[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 19-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա հերոսը «Հաջողության քաղցր բույրը» ֆիլմում 35-րդն է բացասական հերոսների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտ Լանկաստերը ծնվել է 1913 թվականին Նյու Յորքում փոստի աշխատակից Ջեյմս Լանկաստերի ընտանիքում։ Լինելով բարձրահասակ և մեծ ուժի տեր երիտասարդ զբաղվում էր բեյսբոլով։ Ընդունվում է ֆիզկուլտուրայի քոլեջ, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ։ Սակայն երկրորդ կուրսից կիսատ է թողնում ուսումը և տեղավորվում է աշխատանքի կրկեսում որպես ակրոբատ։ Նա թողնում է կրկեսային կարիերան 1941 թվականին, երբ վնասում է աջ ձեռքը։ Երիտասարդ տարիքում մկանուտ կազմվածքի և մեծ ատամներ ունենալու պատճառով ստացել է «Պարոն մկաններ և ատամներ» մականունը[10]։

Դրանից հետո աշխատանքի է անցնում Չիկագոյի մեծ հանրախանութներից մեկում, ապա տեղափոխվում Նյու Յորքի համերգային բյուրո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվում է ծառայության երաժշտական բրիգադում, լինելով Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում և Ավստրիայում։ Պատերազմի ավարտից հետո պատահաբար ծանոթանում է Նյու Յորքի թատրոններից մեկի պրոդյուսերի օգնականի հետ, ով բրոդվեյական «Որսորդության ձայներ» բեմադրության համար փնտրում էր բարձրահասակ դերասանի զինվորականի դեր խաղալու համար, իսկ Լանկաստերը լիովին համապատասխանում էր այդ կերպարին, նրա հասակը 1 մ 85 սմ էր։ Չնայած ներկայացումը հաջողություն չի ունենում, սակայն Լանկաստերի ցուցադրած խաղը տեսնելուց հետո նրան հրավիրում են խաղալու կինոյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ամուսնացել է օդային գիմնաստիկուհի Ջուն Էռնեստի հետ, ով հիացրել էր Բերտին իր մարմնամարզական կարողություններով, և ում մասին նա մի առիթով ասել էր, որ նա միակ մարզուհին է Ամերիկայում, ում հաջողվում է օդում հորիզանական դիրքերով համարներ ցուցադրել։ Նրանց ամուսնությունը սակայն երկար չտևեց ու նրանք բաժանվեցին 1946 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում նա ծանոթանում է երաժշտական բրիգադում աշխատող Նորմա Անդերսոնի հետ և նրանք ամուսնանում են 1947 թվականին։ Նրանք ունենում են հինգ երեխա՝ 2 տղա և 3 աղջիկ, սակայն ամուսնալուծվում են 1969 թվականին։ Երրորդ անգամ Բերտ Լանկաստերը ամուսնանում է 1990 թվականին Սյուզան Մարտինի հետ ում հետ ապրում է մինչև իր մահը՝ 1994 թվականը։

1985 թվականին Լանկաստերը միանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումներին, այն բանից հետո երբ նրա ընկեր՝ դերասան Ռոք Հադսոնը, վարակվում է ՁԻԱՀ-ով։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանկաստերը լիբերալ քաղաքականության կողմնակից էր և հաճախ էր ելույթ ունենում ռասայական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես հիշարժան է նրա 1963 թվականի մարտ ամսին Վաշինգտոնում ունեցած ելույթը։ Նա աջակցում էր Վիետնամական պատերազմի դեմ պայքարող քաղաքական ուժերին։ 1968 թվականին Լանկաստերը ակտիվ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ի նախագահության քարոզարշավում նախագահության թեկնածու Մինեսոտա նահանգի սենատոր Յուջին Մակկարտին, ով Դեմակրատական կուսակցության ներկայացուցիչն էր, իսկ 1988 թվականի պաշտպանում էր թեկնածու Մայքլ Դուկակիսին։

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտ Լանկաստերի գերեզմանը

Տարիքի հետ Լանկաստերը սկսում է ավելի շատ տառապել աթերոսկլերոզով, իսկ 1980 թվականին հազիվ է ողջ մնում լեղապարկի բորբոքումից հետո։ Երկու անգամ սրտի կաթված տանելուց հետո 1983 թվականին նա արդեն բժիշկների հսկողության տակ էր և չնայած ծանր առողջական վիճակին նա կարողանում է 1988 թվականին դերասաններ Ջեյմս Ստյուարտի և Ջինջեր Ռոջերսի հետ միասին մասնակցել Կոնգրեսում լսումներին, ընդդեմ մեդիա-մագնատ Թեդ Թյորների, ով ցանկանում էր գունավորել 1930-40-ական թթ. սև-սպիտակ ֆիլմերը։

1990 թվականին ծանր կաթվածից հետո նրա մարմինը մասամբ անշարժանում է և գրեթե զրկվում է խոսելու կարողությունից։ Բերտ Լանկաստերը մահացել է Լոս Անջելեսի իր բնակարանում սրտի երրորդ ինֆարկտից 1994 թվականի հոկտեմբերի 20-ին, 80 տարեկան հասակում։ Նրա մարմինը հուղարկավորված է մի մեծ կաղնու ծառի տակ Westwood Memorial Park այգում։ Համաձայն նրա խնդրանքի իր գերեզմանին որևէ հուշարձան կամ քար կառուցված չէ, միայն այդ այգու դարպասներին գրված է «Բերտ Լանկաստեր 1913-1994» վերնագրով ցուցանակ։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դերը կինոյում «Անապատի Ֆուրիան» քրեական դրաման էր, ուր նա խաղում էր ոստիկանի դեր։ Չնայած նրա խաղը չի հաջողվում, սակայն նրան հրավիրում են խաղալու այլ ֆիլմերում և նրա առաջին մեծ աշխատանքը կինոյում 1946 թվականին նուար ժանրի «Մարդասպանները» ֆիլմն էր, որին հաջորդեցին 1949 թվականին նույնպես նուար ժանրի «Խաչը խաչին» ֆիլմը և 1948 թվականին «Ներեցեք, դուք սխալ համարով եք եկել» մելոդրաման։

1950 թվականին հաջողությամբ է խաղում Ժակ Թյուրների «Կրակ և նետ» ֆիլմում, գլխավոր հերոս, այսպես ասած իտալացի Ռոբին Հուդ Դարդո Բարտոլլիի դերը։ Կրկեսային կարողությունների շնորհիվ այս ֆիլմում նա կատարեց մի քանի տպավորիչ ակրոբատիկ համարներ։

1954 թվականին Ռոբերտ Օլդրիչի «Ապաչի» արկածային ֆիլմում խաղում է հնդկացի Մասսաի դերը։ Լարված սյուժեով, տարբեր հնարքներով ու հետապնդումների տեսարաններով այս ֆիլմը, նկարահանված Պոլ Ի. Ուելլմանի «Բրոնկո ապաչի» վեպի հիման վրա, կարելի է ասել դառնում է այս ժանրի առաջին աշխատանքներից մեկը համաշխարհային կինոյում, ապաչիների և ամերիկացիների հակամարտության մասին։ 1954 թվականին Լանկաստերը պրոդյուսեր Հարոլդ Հեկտի և Ջեյմս Հիլլի հետ միասին հիմնում է սեփական «Hill-Hecht-Lancaster Productions» կինոընկերությունը, իսկ ինքը Լանկաստերը խաղում է կինոընկերության կողմից ստեղծված տարբեր ժանրերի ֆիլմերում։ 1960 թվականին այդ կինոընկերությունը լուծարվում է։

1953 թվականին Լանկաստերը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետև և դարեդար» ֆիլմում, որի համար առաջադրվում է Օսկարի, իսկ ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնց թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր։ 1960 թվականի «Էլմեր Գանտրի» ֆիլմի համար ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ 1961 թվականին դեր է ստանում Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» հայտնի ֆիլմում։ Այս ֆիլմերում խաղացած դերից հետո նա դառնում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաներից մեկը։ Այս ֆիլմից հետո նա սկսում է աշխատել եվրոպացի ռեժիսորների հետ, մասնավորապես Լուկինո Վիսկոնտիի և Բեռնարդո Բերտոլուչչի հետ, ապա ամերիկացի ռեժիսոր Ջոն Ֆրանկենհայմերի հետ։ Վիսկտոնտիի «Հովազը» ֆիլմում մարմնավորած իր «հովազ» մականունով սիցիլացի հերոսը դառնում է նրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը։ Այս շրջանի մի քանի ֆիլմերում նրան ընկերակցում է ֆրանսիացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Վերջին տարիների քիչ թե շատ նշանավոր դերերից են 1979 թվականին «Զուլուսների արշալույսը» պատմական ֆիլմում գնդապետ Էնթոնի Դարնֆորդի դերը և Լուի Մալի «Ատլանտիկ Սիթի» ֆիլմում գլխավոր հերոս Լու Պասկալի դերը, որի համար նա վերջին չորրորդ անգամ առաջադրվում է Օսկարի։

1978 թվականին նկարահանված «Մեծ Հայրենականը» երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմում աշխատում է որպես ֆիլմի պատմող։

Նրա վերջին աշխատանքը կինոյում դարձավ «Առանձին, բայց հավասար» հեռուստասերիալը, որտեղ նրա խաղընկերն էր Սիդնի Պուատյեն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավա Գարդների հետ,
կադր «Մարդասպանները» ֆիլմից
կադր «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմից
Թոնի Քերթիսը, Ջինա Լոլոբրիջիդան և Բերտ Լանկաստերը,
կադր «Տրապեցիա» ֆիլմից
Բերտ Լանկաստերը «Վրեժի հովիտը» ֆիլմից

Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, մոտ 10 ֆիլմի պրոդյուսեր է։ «Մարդը Կենտուկիից» ֆիլմի ռեժիսորն է (1955 թ.)
Առավել նշանավոր ֆիլմերից են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1946 «Մարդասպանները» Ռոբերտ Սիոդմակ Ավա Գարդներ
1947 «Կոպիտ ուժ» Ժյուլ Դասսեն
1947 «Անապատի ցասումը» Լուիս Ալլեն
1951 «Վրիժառության հովիտը» Ռիչարդ Թորփ
1953 «Այսուհետև և դարեդար» Ֆրեդ Ցինեման Մոնտգոմերի Կլիֆտ
Դոննա Ռիդ
Էռնեստ Բորգնայն
Ֆրենկ Սինատրա
Դեբորա Քերր
1954 «Ապաչի» Ռոբերտ Օլդրիչ Չառլզ Բրոնսոն
1954 «Վերա Կրուզ» Ռոբերտ Օլդրիչ Գերի Կուպեր
Չառլզ Բրոնսոն
Էռնեստ Բորգնայն
1955 «Դաջված վարդը» Դենիել Մանն Աննա Մանյանի
1956 «Տրապեցիա» Քերոլ Ռիդ Ջինա Լոլոբրիջիդա
Թոնի Քերթիս
1957 «Հաջողության քաղցր բույրը» Ալեքսանդ Մակկենդրիկ Թոնի Քերթիս
1960 «Էլմեր Գանտրի» Ռիչարդ Բրուքս Ջին Սիմոնս
1960 «Չներվածը» Ջոն Հյուսթոն Օդրի Հեփբերն
Լիլիան Գիշ
1961 «Երիտասարդ վայրենիները» Ջոն Ֆրանկենհայմեր Թելլի Սավալաս
1961 «Նյուրնբերգյան դատավարություն» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Մաքսիմիլիան Շելլ
Մոնտգոմերի Կլիֆտ
Ռիչարդ Ուիդմարկ
Մառլեն Դիտրիխ
Ջուդի Գառլենդ
1962 «Թռչուն որսացողը Ալկատրասից» Ջոն Ֆրանկենհայմեր
1963 «Հովազը» Լուկինո Վիսկոնտի Ալեն Դելոն
Կլաուդիա Կարդինալե
1963 «Ադրիան Մեսսենջերի ցուցակը» Ջոն Հյուսթոն
1964 «Գնացք» Ջոն Ֆրանկենհայմեր Միշել Սիմոն
Ժաննա Մորո
1965 «Ալլելուայի արահետը» Ջոն Սթարջես Մարտին Լանդաու
1966 «Պրոֆեսիոնալները» Ռիչարդ Բրուքս Լի Մարվին
Կլաուդիա Կարդինալե
1968 «Լողորդը» Սիդնի Փոլաք
1969 «Թիթեռնիկները քամուն» Ջոն Ֆրանկենհայմեր Ջին Հեքմեն
Դեբորա Քերր
1970 «Օդանավակայան» Ջորջ Սիթոն Ջորջ Քենեդի
1974 «Ընտանեկան դիմանկարը ինտերիերում» Լուկինո Վիսկոնտի Կլաուդիա Կարդինալե
1976 «Քսաներորդ դար» Բեռնարդո Բերտոլուչչի Ռոբերտ Դե Նիրո
Ժերար Դեպարդիե
Դոնալդ Սազերլենդ
1976 «Կասսանդրայի անցումը» Ջորջ Պան Կոսմատոս Ռիչարդ Հարրիս
Սոֆի Լորեն
Ավա Գարդներ
Օ. Ջեյ Սիմփսոն
1976 «Մթնշաղի վերջին փայլատակումները» Ռոբերտ Օլդրիչ Ռիչարդ Ուիդմարկ
Ջոզեֆ Քոթթեն
Բերտ Յանգ
Օ. Ջեյ Սիմփսոն
1977 «Դոկտոր Մորոյի կղզին» Դոն Թեյլոր
1979 «Զուլուսների արշալույսը» Դուգլաս Հիքոքս Պիտեր Օ'Թուլ
Բոբ Հոսքինս
1980 «Ատլանտիկ Սիթի» Լուի Մալ Սյուզան Սարանդոն
1981 «Մաշկ» Լիլիանա Կավանի Մարչելո Մաստրոյանի
Կլաուդիա Կարդինալե
1983 «Տեղական հերոս» Բիլլ Ֆորսայթ
1983 «Օստերմանի ուիքենդը» Սեմ Պեկինպա Ռուտգեր Հաուեր
Դենիս Հոփեր
Ջոն Հյորտ
1986 «Ուժեղ տղաներ» Ջեֆ Քենյու Քըրք Դուգլաս
Էլի Ուոլլակ
1989 «Նրա երազանքի դաշտը» Ֆիլ Օլդեն Ռոբինսոն Քեվին Քոսթներ
Ռեյ Լիոտա
1990 «Ահաբեկչություն նավի վրա» Ալբերտո Նեգրին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է ընդհանուր թվով 26 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 18-ի, որոնց թվում

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 4 Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում

  • 1954 «Այսուհետև և դարեդար» - ներկայացվել է որպես լավագույն դերասան
  • 1960 «Էլմեր Գանտրի» - ստացել է որպես լավագույն դերասան
  • 1962 «Թռչուն որսացողը Ալկատրասից» - ներկայացվել է որպես լավագույն դերասան
  • 1980 «Ատլանտիկ Սիթի» - ներկայացվել է որպես լավագույն դերասան

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

5 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը լավագույն դրամայի դերասան անվանակարգում «Էլմեր Գանտրի» ֆիլմի համար

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է Բեռլինի կինոփառատոնի և Վենետիկի կինոփառատոնի 1-ական մրցանակ, 2 BAFTA, 3 Դավիդ դի Դոնատելլո և այլն։

Հոնորարներ (ողջ ամբողջական ցանկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդասպանները» - $20, 000
  • «Կոպիտ ուժ» - $45, 000
  • «Անապատի ցասումը» - $1, 250 (շաբաթական)
  • «Այսուհետև և դարեդար» - $120, 000
  • «Երիտասարդ վայրենիները» - $150, 000
  • «Թռչուն որսացողը Ալկատրասից» - $150, 000
  • «Գնացքը» - $150, 000
  • «Ալլելուայի արահետը» - $150, 000
  • «Մթնշաղի վերջին փայլատակումները» - $750, 000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andreychuk, Ed. Burt Lancaster: A Filmography And Biography. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., Publishers, 2005. ISBN 978-0786423392.
  • Buford, Kate. Burt Lancaster: An American Life. London: Aurum Press, 2008. ISBN 1845133854
  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. - М.: Советская энциклопедия, 1986. - С. 226. - 640 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]