Jump to content

Լևոն Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն I (այլ կիրառումներ)
Լևոն Ա
Իշխանություն1129 - 1140
Թագադրում1129
Լրիվ անունԼևոն Ռուբինյան
Ծնվել է՝11-րդ դար
Մահացել է՝փետրվարի 14, 1140
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ՈւղեկիցԲեատրիս
ՏոհմՌուբինյաններ
միապետ
ՀայրԿոստանդին Ա
ԵրեխաներՄլեհ, Թորոս Բ, Ռուբեն Ռուբինյան և Ստեփան Ռուբինյան

Լևոն Ա Ռուբինյան, (11-րդ դար - փետրվարի 14, 1140, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան (1129-1137)։ Կոստանդին Ա -ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1129 թվականին Թորոս Ա-ի և նրա մանկահասակ որդու՝ Կոստանդինի մահից հետո Կիլիկիայի իշխանական տան կառավարումը անցնում է Լևոն Ա-ին։ Լևոն Ա-ն ըստ Դեաբոլյան պայմանագրի տիրում էր Լեռնային Կիլիկիայի որոշ շրջանների և համարվում էր Բյուզանդական կայսրության ստորական։ 1129 թվականից հետո Ռուբինյան իշխանապետությունը պայքար է սկսում Դաշտային Կիլիկիայի համար և ձեռք բերում ազդեցիկ թշնամիներ՝ Բյուզանդական կայսրությունը, Դանիշմանյան ամիրությունը, Անտիոքի լատին իշխանապետությունը[1]։ Միքայել Ասորու և Վիլհելմ Սուրացու հաղորդմամբ Թորոս Ա-ի մահից հետո Դաշտային Կիլիկիայի համար մղվող պայքարում հիշատակվում էր Բոհեմունդ Բ Անտիոքացին, ով Կիլիկիայում հետապնդում էր Հալեպի տեր Ռիդվանին։ Այս ժամանակ Բոհեմունդը հանդիպում է միմյանց դեմ պատերազմ մղող Լևոն Ա-ին և Դանիշմանյան տիրակալ ամիր Ղազիին։ Թորոս Ա-ի մահից հետո տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել էր։ Նոր իշխան դարձած Լևոն Ա-ն երկրի դաշտային հատվածը գրավելու համար պայքար է մղում Դանիշմանյան ամիրի դեմ։ Հիմնական բախումը տեղի է ունենում Դանիշմանյան թուրքերի և Անտիոքի ֆրանկների միջև։ Լևոն Ա-ն հետապնդում է ֆրանկներին ոչ թե հաղթանակ տարած Ղազի Դանիշմանյանի ջոկատներին[1]։ Այս ամենը միայն մի բացատրություն ունի․ Բյուզանդական կայսրությունը ամեն ջանք գործի էր դնում, որպիսի վերսկսի սևծովյան ափերի գրավումը։ Լևոն Ա-ն օգնելով Դանիշմանյան ամիրին, ով տվյալ պահին հանդիսանում էր Բյուզանդական կայսրության հիմնական հակառակորդը, ցանկանում էր դուրս գալ կայսրության ստորակայի կարգավիճակից։ Բյուզանդացի մատենագիր Միքայել Իտալիկոսը գրում է, որ Լևոնը չէր ընդունում բյուզանդական գերագահությունը ու իրեն թագավոր էր կարգել[1]։

Անտիոքի իշխան Բոհեմունդ Բ Անտիոքացու մահից հետո (1129-1130) Անտիոքը կորցրեց իր ազդեցիկ դիրքը և մինչև 1136 թվականը ենթարկվեց Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի, Ֆուլք Անժուացու և Եդեսիայի կոմս Ջոսլին Բ-ի հարձակմանը և դադարեց անկախ գործելու հնարավորությունից և հետևաբար մոռացավ Դաշտային Կիլիկիային տիրելու մասին[2]։ Միքայել Ասորու հաղորդմամբ Բոհեմունդ Բ-ի մահից մեկ տարի անց՝ 1130/1131, Դանիշմանյան Ղազին արշավանք է կատարում Կիլիկիա։ Ղազին նպատակ ուներ խափանելու Լևոն Ա-ի և Բյուզանդական կայսրության միջև կնքվող համաձայնությունները և Լևոն Ա-ին ներգրավել հակալատին և հակաբյուզանդական դաշինքի մեջ։ Ռուբինյանների և Դանիշմանյանների միջև կնքված հաշտությունը բավականին լուրջ դաշինք էր ընդդեմ Բյուզանդիայի։ Այս քայլով ևս մեկ անգամ Լևոնը ցույց էր տալիս, որ ինքը Բյուզանդիայի ստորական չէ։ Բացի այդ նա Դաշտային Կիլիկիայում տարածքներ է շնորհում Բյուզանդական կայսր Հովհաննես Բ Կոմնենոսի /1118-1143/ դեմ ապստամբած Իսահակ Կոմնենոսին[1]։

1129-1136 թվականները Կիլիկիայի իշխանապետությունը կենաց ու մահու կռիվ էր մղում Դանիշմանյան ամիրության, Իկոնիայի սելջուկյան սուլթանության, Բյուզանդական կայսրության դեմ։ Բախման հիմնական պատճառը Դաշտային Կիլիկիային տիրելն էր ու Լևոնն ինքն էլ արդեն չէր թաքցնում, որ դա է իր հիմնական նպատակը։ Նա ցանականում էր թոթափել բյուզանդական լուծը և իրեն անկախ հռչակել, ինչն էլ Միքայել Իտալիկոսին թույլ է տալիս նրան ինքնակոչ համարելու[1]։ Անտիոքում նոր իշխան հռչակված Ռայմոնդ Պուատիեն հասկանում է, որ զենքի ուժով չի կարող հաղթել Լևոն Ա-ին և նրան անարդարացի ձևով գերի է վերցնում։ Բյուզանդական կայսրությունը չէր կարող ձեռքերը ծալած նստել, քանի որ բացի երկու իշխանների միջև առկա խնդրից կար նաև մեկ այլ հանգամանք․ Անտիոքի իշխան Բոհեմունդ Բ-ի մահից հետո անտիոքցիները տարածաշրջան էին հրավիրել բյուզանդական կայսր Հովհաննես Բ Կոմնենոսին[1]։

Սակայն բյուզանդական զորքերի հարձակման սպառնալիքը ստիպում է Կիլիկիայի ու Անտիոքի իշխանապետություններին անհապաղ հաշտություն կնքել։ Լևոնը պարտավորվում է մուծել 60․000 դահեկան փրկագին և Մսիսը, Ադանան, և Սարվանդիքարը հանձնել Անտիոքի իշխանապետությանը[1]։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։

Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Բյուզանդացիներին հաջողվում է գրավել Լեռնային Կիլիկիայի Վահկա և Անարզաբա բերդաքաղաքները։ Սակայն Լևոն Ա-ն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռուբենին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս, իսկ Ստեփանեն ու Մլեհը ապաստան գտան Եդեսիայի կոմսությունում[2]։ Բյուզանդացիները գրավում են ամբողջ Կիլիկիան․ հերթը Անտիոքի իշխանապետությանն էր[1]։

Մինչև Խաչակրաց 2-րդ արշավանքը՝ 1149/1150, Կիլիկիայում իշխանապետությունը դադարում է գոյություն ունենալուց։ Կիլիկիայի լեռնային շրջաններին տեր են դառնում Դանիշմանյան թուրքերը։ 1143 թվականին Բյուզանդական կայսրության կայսր Հովհաննես Բ Կոմնենոսը ռազմարշավ կազմակերպեց Կիլիկիա, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն[1]։ Նրան փոխարինած Մանուել Ա կայսրը /1143-1180/ նույնպես շարունակում էր մեծ ուշադրություն դարձնել Կիլիկիային, որին ցանկանում էին տիրել բոլոր հարևան պետությունները։

1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռուբենին։ 1140-ական թվականներին Կոստանդնուպոլսում գերության մեջ վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1148 թվականի նախօրյակին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայ ժողովրդի պատմություն, հատոր 2. Երևան: Զանգակ. 2014. էջ 334. ISBN 978-9939-68-325-6.
  2. 2,0 2,1 2,2 Մութաֆյան, Կլոդ (2001). Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում. Երևան: Նաիրի. էջ 380. ISBN 5-550-D1248-0. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 589