Jump to content

Մասնակից:DreamerOfFreedom/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական հասարակության միջազգային շաբաթ, 2019 թվական

Քաղաքացիական հասարակություն, ընդունված է անվանել նաև հասարակության «երրորդ հատված», պետական համակարգից ու բիզնեսից առանձին ոլորտ, որը ի թիվս այլ ոլորտների՝ ներառում է նաև ընտանիքն ու հանրային հատվածը[1]:

Այլ հեղինակների կողմից «քաղաքացիական հասարակություն» եզրույթն օգտագործվում է հետևյալ իմաստներով․ 1) քաղաքացիների շահերն ու կամքը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և ինստիտուտների ամբողջություն, 2) կառավարությունից անկախ գործող անհատներ և կազմակերպություններ[2]։

Երբեմն «քաղաքացիական հասարակություն» եզրույթն օգտագործվում է ավելի ընդհանուր իմաստով՝ ընդգրկելով «ժողովրդավարական հասարակությունը կազմող տարրերը, ինչպիսիք են խոսքի ազատությունը, անկախ դատական ​​համակարգը և այլն, որոնք ձևավորում են ժողովրդավարական հասարակությունը»[3]:

Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի իրավագիտական և քաղաքագիտական քննարկումներում և աշխատություններում քաղաքացիական հասարակությունը դիտվում է նաև որպես քաղաքացիական արժեքների նորմատիվ հասկացություն։

Քաղաքացիական հասարակություն եզրույթից զատ կան նույն կամ համանման իմաստն արտահայտող այլ եզրույթներ ևս, սակայն ավելի շատ օգտագործվում են «քաղաքակիրթ հասարակություն», «քաղաքակիրթ քաղաքացիների հասարակություն», «իրավական հասարակություն», «ազատ և փոխօգնության հասարակություն», «զանգվածային հասարակություն», «ժամանակակից հասարակություն», «դեմոկրատական հասարակություն» հասկացությունները։

Քաղաքացիական հասարակությունը Օրհուսի կոնվենցիայում սահմանվում է որպես գիտակից հանրություն, որն իր ակտիվ մասնակցությամբ հակակշռում և հավասարակշռում է պետական մեքենային:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական հասարակություն» եզրույթը ծագում է Արիստոտելի «koinōnía politikḗ» (κοινωνία πολική) արտահայտությունից, որը նա կիրառել է իր  «Քաղաքականություն» աշխատության մեջ։ Արիստոտելն այս եզրույթով մատնանշում էր հունական քաղաք-պետությանը (պոլիս) համարժեք «քաղաքական համայնքին», որը բնորոշվում էր որպես մարդկանց կողմից ստեղծված խումբ՝ հանուն իրենց հավաքական գոյատևման[4]։ Թելոսը կամ քաղաքացիական հասարակության վերջնանպատակը էվդեմոնիզմն էր (τὸ εὖ ζῆν, tò eu zēn) (հաճախ թարգմանվում է որպես մարդկանց բարգավաճում կամ հավաքական բարեկեցություն, երջանկություն), քանի որ մարդը սահմանվում էր որպես «քաղաքական (սոցիալական) կենդանի» (ζῷονζῷον πολιτικόν zōon politikón)[5][6][7][8]։

Այս հայեցակարգն օգտագործվել է հռոմեացի փիլիսոփաների կողմից, օրինակ՝ Կիկերոնի, որտեղ խոսքը գնում էր «հանրապետություն» եզրույթի հնագույն ընկալման մասին (res publica):

Հայեցակարգը կրկին մտավ արևմտյան քաղաքական դիսկուրս, երբ Լեոնարդո Բրունին ուշ միջնադարում Արիստոտելի «Քաղաքականությունը» թարգմանեց լատիներեն։ Նա առաջինն էր, որ «koinōnía politikḗ»-ն թարգմանեց որպես քաղաքացիական հասարակություն (societas civilis

Միապետական ​​ինքնավարության և հանրային իրավունքի միջև տարբերակման ի հայտ գալուց հետո՝ այս եզրույթը լայն տարածում գտավ՝ սկսելով բնորոշել նաև հողատերերի ֆեոդալական վերնախավի կորպորատիվ կալվածքները (Ständestaat) և ազդեցությունը, որը տարբերվում էր թագավորական ընտանիքի ունեցած իշխանությունից և լիազորություններից[9]:

Պատմության ընթացքում «պետություն» երևույթի զարգացման գործում «քաղաքացիական հասարակություն» երևույթն ունի երկար պատմություն և 20-րդ դարի վերջին դարձավ Արևելյան Եվրոպայում հակակոմունիստական պայքարի հիմնական գրավականներից մեկը։ Այդ ժամանակ այլախոհները, ինչպես օրինակ Վացլավ Հավելը, այն օգտագործել են դեռևս 1990-ականներին՝ ընդգծելու քաղաքացիական միավորումների ոլորտը, որոնց գոյությանը մինչ այդ սպառնում էին կոմունիստական ​​Արևելյան Եվրոպայի գերիշխող վարչակարգերը[10]։  

Մեր օրերում «քաղաքացիական հասարակություն» եզրույթն առաջին անգամ իր աշխատություններում կիրառել է Ալեքսանդր Սմոլարը՝ 1978-1979 թվականներին[11]։ Դրանով նա բնորոշում էր քաղաքական ընդդիմությանը։ Սակայն այս տերմինը 1980-1981 թվականներին չի կիրառվել «Համերաշխություն» արհմիության կողմից, որը Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրներում առաջին արհմիությունն էր, որը ճանաչվել էր պետության կողմից[11]։

Ժողովրդավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական քաղաքական հասարակության միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունը սկիզբ է առնում Շոտլանդիայում լուսավորության դարաշրջանի փիլիսոփայությունից՝ մասնավորապես Ադամ Ֆերգյուսոնի «Քաղաքացիական հասարակության պատմության ակնարկ»-ից, ինչպես նաև Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելից, որի հայեցակարգերն ադապտացվել են Ալեքսիս դը Տոկվիլի[12], Կարլ Մարքսի[13] և Ֆերդինանդ Տյոնիսի կողմից։

Այդ մոտեցումները զարգացրել են նաև 20-րդ դարի քաղաքագետներ Գաբրիել Ալմոնդը և Սիդնի Վերբան, որոնք կարևորել են քաղաքական մշակույթի դերը ժողովրդավարական կարգերում[14]:

Նրանք պնդում էին, որ քաղաքական կազմակերպությունների՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելը նպաստում է տեղեկացվածության տարածմանը և առավել իրազեկ քաղաքացիների առկայությանը, որոնք քվեարկության ժամանակ ավելի լավ ընտրություն են կատարում, մասնակցում են քաղաքական գործընթացներին և արդյունքում կառավարությունից պահանջում են ավելի մեծ հաշվետվողականություն[14]:

Քաղաքացիական հասարակությունը համընդհանուր նպատակներ և շահեր ունեցող մարդկանց համար հանդես է գալիս որպես ֆորում՝ ժողովրդավարական իդեալների հետագա զարգացման համար, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ավելի ժողովրդավարական պետության[15]:

Այս տեսակի միավորումներին անդամակցությունը ծառայում է որպես տեղեկատվության աղբյուր, որը նվազեցնում է հավաքական գործողությունների խոչընդոտները[16]: Այդ խմբերն այնուհետև ազդում են իրականացվող քաղաքականության վրա՝ ճնշում գործադրելով կառավարությունների վրա:[17] Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը նպաստում է պետական իշխանության հավասարակշռմանը։[18]

Այս կազմակերպությունների կանոնադրությունները տվյալ կառույցի ներսում համարվում են միկրոսահմանադրություններ, քանի որ դրանք ստիպում են անդամներին առաջնորդվել ժողովրդավարական որոշումների կայացման ընթացակարգերով։

Որոշ գիտնականներ հիմնվում են Ռոբերտ Փաթնամի պնդումների վրա և նշում, որ քաղաքացիական հասարակության հատուկ տեսակի կազմակերպությունների, մասնավորապես՝ ոչ քաղաքական կազմակերպությունների մասնակցությունը ժողովրդավարական անցումային գործընթացին, նպաստում է այդ անցման հաջողությանը[19]:

Վերջին շրջանում Ռոբերտ Փաթնամը պնդում էր, որ քաղաքացիական հասարակության նույնիսկ ոչ քաղաքական կազմակերպությունները կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության համար, քանի որ դրանք հասարակության ներսում ստեղծում են սոցիալական կապիտալ, վստահություն և ընդհանուր արժեքներ:

Սոցիալական կապիտալը, որը, ըստ Փաթնամի, բնութագրվում է սոցիալական ցանցերով և դրանց ներսում փոխադարձության նորմերով, կարող է օգնել հասարակություններին լուծել հավաքական գործողությունների երկընտրանքները։ Սոցիալական մեծ կապեր ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ վստահեն հասարակության մյուս անդամներին և օգտագործեն իրենց սոցիալական կապիտալը հանրային բարիքներ ստեղծելու համար[19]: Ավելին, ուժեղ քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներն ավելի հավանական է, որ հաջողեն որպես ժողովրդավարական երկրներ: Որոշ գիտնականներ շարունակում են զարգացնել Փաթնամի պնդումը և նշում են, որ դեպի ժողովրդավարություն հաջող անցումներն արվում են քաղաքացիական հասարակության որոշակի կատեգորիայի կազմակերպությունների ակտիվ ներգրավման շնորհիվ: Այս կազմակերպությունները բնութագրվում են իրենց ոչ քաղաքական բնույթով և խորապես ընդգրկված են առօրյա հարաբերությունների և գործունեության մեջ: Ըստ այս գիտնականների՝ նման ոչ քաղաքական կազմակերպությունների մասնակցությունն է, որ խթանում է սոցիալական համախմբվածությունը և ներգրավվածությունը ժողովրդական մակարդակում, որը վճռորոշ կատալիզատոր է ծառայում դեպի ժողովրդավարություն հաջող անցում կատարելու համար[20]: Ջիանֆրանկո Պոգին ևս առաջ է քաշում այս պնդումը՝ նշելով, որ հանրապետական հասարակության պահպանման համար անհրաժեշտ է միջանձնային վստահություն[21]։

Մյուսները, սակայն, կասկածի տակ են դնում քաղաքացիական հասարակության և կայուն ժողովրդավարության միջև կապը: Ինչպես նշում է Թոմաս Քարոթերսը, քաղաքացիական հասարակությունը պարտադիր չէ, որ ձևավորվի լավ նպատակների համար և ոչ էլ պարտադիր է, որ առաջ մղի ժողովրդավարական արժեքները[22]: Օրինակ, Շերի Բերմանը պնդում էր, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են օգտագործվել մարդկանց ժողովրդավարության դեմ մոբիլիզացնելու համար[23]: Դա ակնհայտ դարձավ Գերմանիայում Վայմարյան հանրապետության անկման ժամանակ։ Վայմարյան հանրապետության՝ տնտեսական դեպրեսիայի և ներքին հակամարտությունների կործանարար հետևանքները հաղթահարելու անկարողությունը Գերմանիայում հանգեցրեց բազմաթիվ քաղաքացիական հասարակությունների առաջացմանը[23]: Այս խմբերի որոշիչ և վիճելի ճակատագրական թերությունն այն էր, որ նրանք գերմանացիների շրջանում մեծացնում էին սոցիալական հակամարտությունները և տարաձայնությունները[24]։ Գերմանական հասարակության՝ տարբեր սոցիալական խմբերի այս բաժանումը նշանակում էր, որ նրանք խիստ խոցելի էին ազգայնական գաղափարների նկատմամբ[24]: Նացիստները ներթափանցեցին այս խմբերի կազմ, իսկ խմբերն ի վերջո դարձան Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության և դրա քարոզչության հենարանն ու հիմքը:

Արդյունքում Նացիստական ​​կուսակցությունը 1932 թվականի ընտրություններից հետո քաղաքականապես անպիտան կուսակցությունից դարձավ Գերմանիայի Ռայխստագի ամենամեծ կուսակցությունը[25]։ Հակառակ Փաթնամի փաստարկների՝ այս դեպքում քաղաքացիական հասարակության այս մեծ ցանցը վնաս հասցրեց ժողովրդավարությանը: Նացիստական ​​կուսակցությունը, օգտագործելով գոյություն ունեցող սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերը, կարողացավ ձեռք բերել իշխանություն և ազդեցություն։ Սա, ի վերջո, հանգեցրեց Վայմարյան հանրապետության փլուզմանը, որը Գերմանիայի առաջին փորձն էր՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարություն:

Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում հատուկ շահեր ունեցող խմբերի աճող թիվը, որոնք վկայում են կենսունակ քաղաքացիական հասարակության մասին, կարող են խոչընդոտել ներկայացուցչական ինստիտուտների արդյունավետությանը և կողմնակալ քաղաքական որոշումների կայացմանը՝ հօգուտ այն խմբերի, որոնք հարուստ են, լավ կապեր ունեն կամ լավ կազմակերպված են[26]: Ավելին, Քենեթ Նյուտոնի կողմից իրականացված հարցման տվյալների համաձայն՝ կան քիչ ապացույցներ այն մասին, որ սոցիալական և քաղաքական վստահությունը մասամբ համընկնում են, ինչը հնացած է դարձնում քաղաքացիական հասարակության հզորության և ժողովրդավարության միջև կապը[27]: Ինչպես պնդում է Լարի Դայմոնդը, հասկանալու համար, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունն աջակցում ժողովրդավարությանը, պետք է նաև հասկանալ այն լարվածությունն ու հակասությունները, որոնք այն ստեղծում է ժողովրդավարական համակարգերում[28]:

Տոկվիլը պնդում է, որ Միացյալ Նահանգներում միավորումներ ստեղծելու միտումը, որոնք հետագայում դառնալու էին ամերիկյան քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ մաս, նպաստեց Միացյալ Նահանգներում ժողովրդավարության կայացմանն ու ժողովրդավարական կառավարությունների ձևավորմանը[29]: Փաթնամը պնդում է, որ Միացյալ Նահանգներում քաղաքացիական հասարակության հզորությունը պատմականորեն քաղաքացիներին ավելի շատ սոցիալական վստահություն և սոցիալական կապիտալ է բերել[30]: Մյուսներն էլ նշում են, որ քաղաքացիական հասարակությունից կախվածությունը կարող է պատճառ դառնալ, որ քաղաքացիները կասկածի տակ դնեն ԱՄՆ կառավարության արդյունավետությունը, ինչն էլ կարող է հանգեցնել անկայունության՝ պառակտելով հասարակությունը:[31]

Յուվալ Լևինը գրում է, որ ժամանակակից Ամերիկայում քաղաքացիական հասարակությունը համարվում է ԱՄՆ կառավարության և քաղաքացիների միջև կամուրջ[32]։ Ոմանք պնդում են, որ քաղաքացիական հասարակությունն օգնում է պահպանել անհատական ​​ազատությունները՝ որպես ԱՄՆ կառավարության իշխանության զսպիչ գործոն, մինչդեռ մյուսները նրա դերը տեսնում են որպես պետության ջանքերին օժանդակող երևույթ՝ օգնելով նրան խթանել սոցիալական նախաձեռնությունները՝ միաժամանակ զսպելով իշխանության ոչ ժողովրդավարական համախմբումը[32]: Տեսաբանների մեկ այլ խումբ էլ, ինչպես օրինակ՝ Դևվիդ Ռիֆը, նշում են, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսապես առավել պատրաստված է սոցիալական խնդիրները լուծելու հարցում, քան քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ՀԿ-ները, որոնք երբեմն բավարար ռեսուրսներ չունեն այդ խնդիրները լուծելու համար[33]: Հարվարդի պրոֆեսոր Թեդա Սկոչպոլի հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև քաղաքացիական հասարակությունը նպաստել է Միացյալ Նահանգներում ժողովրդավարության զարգացմանն ու կայացմանը, մեծ արհմիություններից և կազմակերպություններից անցումը դեպի ավելի փոքր շարժումներ, որոնք կենտրոնացած են կոնկրետ խնդիրների լուծման վրա, դժվար թե խթանի լայնածավալ մասնակցությունը ժողովրդավարությանը, ինչպես դա լինում էր արհմիությունների կամ խոշոր կազմակերպությունների պարագայում[34]։ Գալսթոնը և Լևինը պնդում են, որ ժամանակակից քաղաքացիական հասարակության սուբյեկտներն ավելի քիչ է հավանական, որ ներգրավվեն քաղաքական գործընթացներին, բայց ավելի հավանական է, որ նպաստեն սոցիալական ակտիվության բարձրացմանը[35]:

Քաղաքական մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քաղաքացիներին տրամադրում են քաղաքական մասնակցության համար կարևոր գիտելիքներ, ինչպիսիք են՝ պետական գործընթացների ժամանակ քաղաքացիների պարտականություններն ու իրավունքները, իրազեկում են տարբեր տեսակի քաղաքական հիմնախնդիրների և քաղաքական օրակարգերի վերաբերյալ, առաջարկում են քաղաքացիների միջև համագործակցության ուղիներ՝ սոցիալական խնդիրները լուծելու համար և մշակում են համայնքներում նպատակային փոփոխություններ իրականացնելու մոտեցումներ և ռազմավարություններ[36]:

Քարյու Է. Բոուլդինգը և Ջեյմի Նելսոն Նունյեսը պնդում են, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ծառայում են որպես կոլեկտիվ գործողությունների հարթակներ, որտեղ անհատները կարող են համախմբվել ընդհանուր նպատակների և շահերի շուրջ՝ խթանելով համերաշխության զգացումը և ավելի խրախուսելով ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում[16]:

Այնուամենայնիվ, որոշ այլ գիտնականներ նշում են, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ունեն որոշակի սահմանափակումներ՝ կապված քաղաքական ներգրավվածության և քաղաքականություն մշակելու գործընթացների հետ[37]: Թոմաս Քարոթերսը բացատրում է, որ, քանի որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ազդեցիկ դեր են խաղում քաղաքական մասնակցության մեջ, այս կազմակերպությունների թվի աճի պատճառով կառավարությունները դժվարանում են բավարարել ինչպես քաղաքական նախապատվությունների աճող սպեկտրը, այնպես էլ արագ փոփոխվող սոցիալական կարիքները[38]:

Դևիդ Ռիֆը քննարկում է քաղաքացիական հասարակության և քաղաքական մասնակցության հետ կապված ևս մեկ ասպեկտ՝ միայն մեկ խնդրի վրա կենտրոնացած ակտիվիզմը[39]:

Քանի որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծամասնությունը կենտրոնանում է մեկ ոլորտի կամ սոցիալական խնդրի վրա, դա երբեմն ստիպում է ընտրողներին շեղել իրենց ուշադրությունը հասարակության առջև ծառացած բազմաբնույթ, առավել խոշոր խնդիրներից, ինչպիսիք են՝ գլոբալիզացիայի մարտահրավերները, և փոխարենը քարոզարշավի կենտրոնում հայտնվում են կոնկրետ մի քանի թեժ, վիճահարույց թեմաներ, ինչպիսին օրինակ աբորտի թեման է, որը մեծապես քննարկվում է Միացյալ Նահանգներում։

Կան մեծ քանակությամբ տվյալներ, որոնք հաստատում են այն կարծիքը, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զգալիորեն նպաստում են քաղաքական մասնակցության ընդլայնմանը:

Ռոբերտ Փաթնամը ուսումնասիրել է Իտալիայում 1900-ականների կեսերին քաղաքացիական հասարակության վիճակը և պարզել, որ նրանք, ովքեր ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, ավելի մեծ «քաղաքական փորձառություն, սոցիալական վստահություն, քաղաքական մասնակցություն» և «սուբյեկտիվ քաղաքացիական կոմպետենտություն» են ցուցաբերել, քան նրանք, ովքեր ներգրավված չեն եղել նմանատիպ կազմակերպություններում[40]:

Նմանապես, Շերի Բերմանը պարզել է, որ Գերմանիայի նացիստական ​​կուսակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգտագործում էր միջին խավի շրջանում  համախմբման և Նացիստական Գերմանիայի քաղաքական կյանքին մասնակցությունը խթանելու համար[41]։

Այդ ջանքերի հզոր ազդեցության մասին է վկայում այն ​​փաստը, որ այս կուսակցությունը  1930-ականների սկզբին դարձավ Գերմանիայի ամենահզոր քաղաքական ուժը[41]։

Այս դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս սոցիալական կապերի կարևոր դերը քաղաքական մասնակցության և քաղաքացիական ներգրավվածության խթանման գործում[42]:

Տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ քաղաքացիական հասարակություն ունենալը կարևոր է տնտեսական աճի համար, քանի որ այն կարող է կարևոր ներդրում ունենալ տնտեսական որոշումների կայացման գործում, աջակցել մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը և պետությանը թույլ չտալ ճնշել տնտեսությունը[43]։

Օրինակ՝ արհմիությունների ղեկավարները կարող են երաշխավորել, որ տնտեսական աճն օգուտ կբերի աշխատողներին, կրոնական առաջնորդները կարող են քարոզել տնտեսական հարցերում ավելի մեծ մասնակցություն ունենալ, ՀԿ-ները կարող են նշել և փաստագրել այն բիզնեսների գործունեությունը, որոնք վնասակար են շրջակա միջավայրի ու հանրության համար և այլն[44]:

Ըստ էության, քաղաքացիական հասարակությունը ստեղծում է սոցիալական կապիտալ, որը Համաշխարհային բանկը սահմանում է որպես «հասարակության սոցիալական փոխազդեցությունների որակն ու քանակը ձևավորող ինստիտուտներ, հարաբերություններ և նորմեր»[45]: Բարձր սոցիալական կապիտալի հետ մեկտեղ առաջանում է ավելի մեծ սոցիալական փոխկախվածություն, ինչը մեծացնում է արտադրողականությունը և տնտեսական աճը[45]: Օրինակ՝ ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ հասարակության մեջ առկա սոցիալական կապերն ավելի մեծ են, ավագ դպրոցից դուրս մնալու տոկոսն ավելի ցածր է եղել, քան ավելի թույլ սոցիալական կապեր ունեցող  շրջաններում[46]:

Որոշ գիտնականներ, ինչպես օրինակ՝ Թոմաս Քերոթերսը, որոշակիորեն վիճարկում են այս թեզը[43]։ Քերոթերսը պնդում է, որ թեև քաղաքացիական հասարակությունը կարևոր է տնտեսական աճի համար, սակայն դա պարտադիր պայման չէ՝ որպես օրինակ բերելով Հարավային Կորեայի  տնտեսական մեծ հաջողությունը, որին Սեուլը հասավ առանց ուժեղ քաղաքացիական հասարակություն ունենալու։ Քաղաքացիական հասարակությունն ի հայտ եկավ միայն այն բանից հետո, երբ տնտեսական աճը սկսեց էապես արագանալ։ Բացի այդ, նա բերում է նաև Բանգլադեշի օրինակը։ Այս երկիրն ունի զարգացած քաղաքացիական հասարակություն, սակայն չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը՝ մնալով աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը[43]: Ավելի հեռուն գնալով՝ Քերոթերսն ընդգծում է, որ չափազանց մեծ քաղաքացիական հասարակությունը, գոնե որոշ ոլորտներում, կարող է հանգեցնել վնասակար տնտեսական հետևանքների։ Որպես իր պնդման օրինակ նա բերում է Լատինական Ամերիկան։ Ըստ նրա՝ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ Լատինական Ամերիկայի արհմիությունները սահմանափակում են այդ տարածաշրջանի երկրների տնտեսական աճը[43]:

Սահմանադրական տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական տնտեսագիտությունը տնտեսագիտության և սահմանադրականության ոլորտ է, որը նկարագրում և վերլուծում է սահմանադրական հիմնախնդիրների և տնտեսության գործունեության՝ ներառյալ բյուջետային գործընթացների կոնկրետ հարաբերությունները: «Սահմանադրական տնտեսագիտություն» տերմինն օգտագործել է ամերիկացի տնտեսագետ Ջեյմս Բյուքենանը որպես նոր բյուջետային պլանավորման անվանում։ Վերջինիս թափանցիկությունը քաղաքացիական հասարակության համար առաջնային նշանակություն ունի՝ օրենքի գերակայության իրացման համար: Բացի այդ, արդյունավետ դատական համակարգի առկայությունը, որը քաղաքացիական հասարակության կողմից կարող է օգտագործվել պետական միջոցների անարդյունավետ ծախսման և գործադիրի կողմից նախկինում հաստատված հատկացումները հետ բռնագանձելու դեպքերը լուծելու համար, կարևոր գործոն է ցանկացած ազդեցիկ քաղաքացիական հասարակության հաջողության համար[47]։

Գլոբալիզացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրային դասախոսություն Բուդապեշտի «Brain Bar»-ում

Քննադատներն ու որոշ ակտիվիստներ «քաղաքացիական հասարակություն» եզրույթը ներկայումս օգտագործում են սոցիալական կյանքի այն ոլորտները բնորոշելիս, որոնք, ըստ նրանց, պետք է պաշտպանվեն գլոբալացումից։ Նրանք քաղաքացիական հասարակությունը երբեմն էլ դիտարկում են որպես մի տիրույթ, որը գործում է որոշակի սահմաններից դուրս և տարբեր տարածաշրջաններում՝ որպես գլոբալացման և դրա ազդեցության դեմ դիմադրության աղբյուր[48]:

Այդուհանդերձ, կան նաև քննադատներ, որոնք պնդում են, թե քաղաքացիական հասարակությունն ինքնին ձգտում է գլոբալացման տարածմանը։ Նրանց կարծիքով՝  քաղաքացիական հասարակությունը կամ դրա առանձին կազմակերպություններ կարող են  ֆինանսավորվել և ղեկավարվել այն ձեռնարկությունների և հիմնադրամների կողմից (հատկապես եվրոպական և ամերիկյան դոնորների կողմից), որոնք աջակցում են գլոբալացմանը[49]։

Կոմունիստական ​​համակարգի անկումից հետո քաղաքացիական հասարակության համաշխարհային մասշտաբով արագ զարգացումը նեոլիբերալ ռազմավարության մի մասն էր, որը կապված էր Վաշինգտոնի կոնսենսուսի հետ[50]:

Հրապարակվել են նաև որոշ ուսումնասիրություններ, որոնք անդրադառնում են տերմինի օգտագործման հետ կապված որոշակի խնդիրների Խոսքն այն մասին է, որ որոշ քննադատներ քաղաքացիական հասարակությունը պրոյեկտում են նաև միջազգային օգնության համակարգի վրա՝ նշելով, թե քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների միջոցով օտարերկրյա այդ կազմակերպությունները ձգտում են հասնել կոնկրետ երկրի տարածքում իրենց նպատակների իրականացմանը։

Մյուս կողմից, փորձագետների մյուս մասն էլ գլոբալացումը դիտարկում է որպես սոցիալական երևույթ, որն ընդլայնում է դասական լիբերալիզմը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքացիական հասարակության դերի ուժեղացմանը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինտեգրված համակարգը (iCSO)[51], որը մշակվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի (DESA) կողմից, նպաստում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և «DESA»-ի միջև փոխգործակցությանը[52]:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, շարժումները և առանձին անհատները մշտապես ներգրավվում են բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացում: Այս խմբերն ազդում են բնապահպանական քաղաքականության վրա՝ մշակելով շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման օրակարգ: Նրանք նաև հանրությանը իրազեկում են բնապահպանական խնդիրների մասին, ինչը մեծացնում է շրջակա միջավայրի փոփոխության հանրային պահանջարկը[53]:

Պատմական տեսանկյունից «քաղաքացիական հասարակություն» հասկացության իրական իմաստը երկու անգամ փոխվել է իր սկզբնական դասական իմաստից: Առաջին փոփոխությունը տեղի է ունեցել Ֆրանսիական հեղափոխությունից հետո, երկրորդը՝ Եվրոպայում կոմունիզմի անկման ժամանակ։

Անտիկ աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական հասարակություն» հասկացությունն իր նախամոդեռն, դասական հանրապետական ​​իմաստով, ընդհանուր առմամբ, կապված է 18-րդ դարի սկզբի լուսավորական մտքի հետ: Սակայն քաղաքական մտքի տեսանկյունից՝ այն ​​շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակությունը բնորոշվում էր որպես քաղաքական միավորում, որը, սահմանված կանոնների համաձայն, կարգավորում էր սոցիալական հակամարտությունները, որոնք քաղաքացիներին զերծ էին պահում միմյանց վնասելուց[54]:

Դասական ժամանակաշրջանում այս հասկացությունն օգտագործվում էր որպես լավ հասարակության հոմանիշ և չէր տարբերվում կամ առանձնացվում պետությունից: Օրինակ՝ Սոկրատեսը հայտարարում էր, որ հասարակության ներսում կոնֆլիկտները պետք է լուծվեն հանրային բանավեճի միջոցով՝ օգտագործելով «դիալեկտիկա», որը ճշմարտությունը բացահայտելու ռացիոնալ երկխոսության ձև է:

Սոկրատեսի կարծիքով՝ «դիալեկտիկայի» միջոցով հանրային բանավեճն անհրաժեշտ էր մարդկանց «լավ կյանքը» և պոլիսներում «քաղաքավարությունը» ապահովելու համար[55]:

Պլատոնի համար իդեալական պետությունն արդար հասարակությունն էր, որտեղ մարդիկ իրենց նվիրում են ընդհանուր բարօրությանը, կիրառում են քաղաքացիական արժանիքներ, ինչպիսիք են իմաստությունը, քաջությունը, չափավորությունը և արդարությունը, և կատարում են այն մասնագիտական ​​դերերը, որոնց նրանք լավագույնս համապատասխանում են: «Փիլիսոփա թագավորի» պարտականությունն էր բարեկիրթ ձևով հոգ տանել իր քաղաքացիների մասին։

Արիստոտելը կարծում էր, որ պոլիսը «միավորումների միավորում» է, որը թույլ է տալիս քաղաքացիներին մասնակցել կառավարելու և կառավարվելու առաքինի գործին[54]: Նրա «koinonia politike»-ն դիտվում էր որպես քաղաքական համայնք։

«Societas civilis» հասկացությունը հռոմեական է և առաջին անգամ կիրառվել է Կիկերոնի կողմից: Դասական շրջանի քաղաքական դիսկուրսը մարդկանց մեջ խաղաղություն և կարգուկանոն ապահովելու համար մեծ նշանակություն էր տալիս «լավ հասարակության» գաղափարին։ Դասական շրջանի փիլիսոփաները ոչ մի տարբերակում չէին դնում պետության և հասարակության միջև։ Ավելի շուտ նրանք կարծում էին, որ պետությունը ներկայացնում է հասարակության քաղաքացիական ձևը, իսկ «քաղաքավարությունը» ներկայացնում է լավ քաղաքացի լինելու պահանջը[54]: Ավելին, նրանք կարծում էին, որ մարդիկ իրենց էությամբ ռացիոնալ են, ուստի նրանք կարող են միասնաբար ձևավորել այն հասարակության բնույթը, որին պատկանում են: Բացի այդ, մարդիկ կարող են կամավոր համախմբվել հանուն ընդհանուր նպատակի և հասարակության մեջ խաղաղություն պահպանել: Ըստ այս տեսակետի՝ դասական շրջանի քաղաքական մտածողները հավանություն էին տալիս քաղաքացիական հասարակության՝ իր սկզբնական իմաստով ծագմանը։

Միջնադարում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքական փիլիսոփաների կողմից քննարկվող թեմաներում։ Ֆեոդալիզմի յուրահատուկ քաղաքական կառուցվածքի պատճառով՝ քաղաքացիական հասարակության դասական իմաստը գործնականում անհետացավ հիմնական քննարկումներից: Փոխարենը գերիշխում էին արդար պատերազմի խնդրի մասին քննարկումները, որը շարունակվեց մինչև Վերածննդի դարաշրջանի ավարտը։

Վաղ ժամանակակից պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսնամյա պատերազմը և դրան հաջորդած Վեստֆալյան պայմանագիրն ազդարարեցին ինքնիշխան պետությունների համակարգի ծնունդը: Պայմանագրում պետությունները դիտարկվում էին որպես տարածքային հատկանիշի վրա հիմնված քաղաքական սուբյեկտներ, որոնք ունեն ինքնիշխանություն։ Արդյունքում, շրջանցելով ֆեոդալներին, միապետները կարողացան ստեղծել իրենց զինված ջոկատները և ներքին վերահսկողություն իրականացնել[56]։ Այդ ժամանակվանից սկսած՝ միապետները կարող էին ձևավորել ազգային բանակներ և օգտագործել պրոֆեսիոնալ ​​բյուրոկրատական ​​և ֆիսկալ գերատեսչություններ, որը նրանց թույլ էր տալիս անմիջական վերահսկողություն և իշխանություն ունենալ իրենց հպատակների նկատմամբ: Վարչական ծախսերը հոգալու համար միապետները խստացրել էին տնտեսության վրա իրենց վերահսկողությունը։ Սա նպաստեց բացարձակ միապետության առաջացմանը[57]։ Մինչև տասնութերորդ դարի կեսերը վերջինս համարվում էր Եվրոպայում կառավարման գլխավոր ձևը[57]։

Պետության բացարձակ միապետական հայեցակարգը վիճարկվում էր Լուսավորության շրջանում[58]։ Որպես Վերածննդի, հումանիզմի և գիտական հեղափոխության բնական հետևանք՝ լուսավորության դարաշրջանի մտածողները բարձրացրել են այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են՝ «ի՞նչ լեգիտիմություն է տալիս ժառանգականությունը», «ինչո՞ւ են ստեղծվում կառավարությունները», «ինչո՞ւ որոշ մարդիկ ունեն ավելի շատ հիմնարար իրավունքներ, քան մյուսները» և այլն: Այս հարցերը նրանց ստիպեցին որոշակի ենթադրություններ անել մարդկային մտքի բնույթի, քաղաքական և բարոյական հեղինակության աղբյուրների, բացարձակ միապետության հիմքում ընկած պատճառների և դրա սահմաններից դուրս գալու մասին։ Լուսավորության դարաշրջանի մտածողները հավատում էին մարդկային մտքի առողջ տրամաբանելու ունակությանը: Նրանք դեմ էին պետության և եկեղեցու միջև դաշինքին՝ որպես մարդկության առաջընթացի և բարօրության թշնամի, քանի որ պետության հարկադիր ապարատը զսպում էր անհատների ազատությունը, իսկ եկեղեցին օրինականացնում էր միապետներին՝ առաջ քաշելով աստվածային ծագման տեսությունը: Ուստի երկուսն էլ համարվում էին ժողովրդի կամքին դեմ։

Երեսնամյա պատերազմի վայրագությունների պատճառով ժամանակի քաղաքական մտածողները կարծում էին, որ սոցիալական հարաբերությունները պետք է տարբերվեն բացառապես բնական իրավունքի վրա հիմնված սկզբունքներից։ Նրանց որոշ փորձեր հանգեցրին սոցիալական պայմանագրերի տեսության առաջացմանը, որը վիճարկեց այն գաղափարը, որ սոցիալական հարաբերությունները պետք է հիմնված լինեն բացառապես մարդկային էության վրա: Նրանք կարծում էին, որ մարդկային էությունը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով օբյեկտիվ իրականություններն ու բնական իրավունքի պայմանները։ Այսպիսով, նրանք պնդում էին, որ մարդու էությունը պետք է արտացոլվի պետության ուրվագծերում և հաստատվի պոզիտիվ օրենքներով: Թոմաս Հոբսն ընդգծել է հզոր պետության անհրաժեշտությունը՝ հասարակության մեջ բարեկրթությունը պահպանելու համար։ Ըստ Հոբսի՝ մարդիկ մոտիվացվում են եսասիրական շահերով: Ավելին, այդ եսասիրական շահերը հաճախ հակասական են, ինչի արդունքում առաջացավ բոլորը բոլորի դեմ պատերազմելու մտադրություն։ Նման իրավիճակում կյանքը «մեկուսի էր, աղքատ, գարշելի, դաժան և կարճ»: Գիտակցելով անարխիայի վտանգը՝ մարդիկ գիտակցեցին նաև իրենց պաշտպանելու մեխանիզմի անհրաժեշտությունը։ Հոբսի տեսանկյունից՝ ռացիոնալությունն ու անձնական շահերը մարդկանց դրդում էին գալ համաձայնության և ինքնիշխանությունը փոխանցել ընդհանուր իշխանությանը: Հոբսն այս ընդհանուր իշխանությունը՝ պետությունը, անվանեց Լևիաթան:

Ջոն Լոքն Անգլիայում քաղաքական իրավիճակի մասին ուներ նույն պատկերացումը, ինչ Հոբսը։ Դա Պանծալի հեղափոխության շրջանն էր, որը նշանավորվեց բրիտանական թագի աստվածային իրավունքի և խորհրդարանի քաղաքական իրավունքների միջև պայքարով։

Սա ներշնչեց Լոքին մշակելու սահմանափակ պետության և հզոր հասարակության սոցիալական պայմանագրային տեսությունը: Ըստ Լոքի՝ երբ մարդ արարածն ապրել է առանց կարգ ու կանոնի, հնարավոր է եղել իրավիճակը որոշ չափով կառավարել՝ առանց համապատասխան համակարգ ունենալու: Այդ հիմնական մտահոգությունից ելնելով՝ մարդիկ հավաքվեցին ու ստորագրեցին պայմանագիր, որի արդյունքում ձևավորվեց ընդհանուր հանրային իշխանություն: Այնուամենայնիվ, Լոքը գտնում էր, որ քաղաքական իշխանության համախմբումը կարող է վերածվել բռնապետության, եթե չլինեն խիստ սահմանափակումներ: Ուստի, Լոքը ձևակերպեց կառավարության երկու պայմանագիր՝ փոխադարձ պարտավորություններով։ Առաջին պայմանագրում մարդիկ ենթակա են ընդհանուր հանրային ​​իշխանությանը: Այս իշխանությունն իրավունք ունի մշակել ու ընդունել օրենքներ: Երկրորդ պայմանագիրն էլ սահմանում է իշխանության լիազորությունների սահմանափակումները, այդ թվում՝ պետությունն իրավունք չունի ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Ըստ Լոքի՝ մարդու հիմնարար իրավունքները կյանքի, ազատության և սեփականության իրավունքներն են։ Ավելին, նա կարծում էր, որ պետությունը պետք է գործի քաղաքացիական և բնական օրենքների շրջանակներում։

Ե՛վ Հոբսը, և՛ Լոքը մշակեցին մի համակարգ, որտեղ մարդկանց խաղաղ գոյակցությունը կարող էր ապահովվել սոցիալական դաշնագրերի կամ պայմանագրերի միջոցով: Նրանք քաղաքացիական հասարակությունը դիտարկում էին որպես քաղաքացիական կյանքին աջակցող համայնք, հարթություն, որտեղ քաղաքացիական առաքինություններն ու իրավունքները բխում են բնական օրենքներից: Այնուամենայնիվ, նրանք քաղաքացիական հասարակությունը պետությունից առանձին ոլորտ չէին համարում, այլ ավելի շուտ ընդգծեցին պետության և քաղաքացիական հասարակության համակեցությունը։ Հոբսի և Լոքի համակարգային մոտեցումների (սոցիալական հարաբերությունների վերլուծության մեջ) վրա մեծապես ազդել են իրենց ժամանակաշրջանի փորձառությունները։ Նրանց փորձերը բացատրելու մարդկային բնույթը, բնական օրենքները, սոցիալական պայմանագիրը և կառավարության ձևավորումը մարտահրավեր էին նետել թագավորների աստվածային իրավունքի տեսությանը: Ի տարբերություն աստվածային իրավունքի՝ Հոբսն ու Լոքը պնդում էին, որ մարդիկ կարող են ստեղծել իրենց քաղաքական կարգը: Այս միտքը մեծ ազդեցություն ունեցավ լուսավորության դարաշրջանի մտածողների վրա։

Լուսավորչական մտածողները պնդում էին, որ մարդիկ խելացի են և կարող են ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Հետևաբար, նրանց վերահսկելու համար բացարձակ իշխանության կարիք չկա։ Ե՛վ Ժան-Ժակ Ռուսոն, որը քաղաքացիական հասարակության քննադատներից էր, և՛ Իմանուիլ Կանտը պնդում էին, որ մարդիկ սիրում են խաղաղություն, իսկ պատերազմները բացարձակ ռեժիմների արգասիքն են: Կանտի կարծիքով՝ այս համակարգը արդյունավետ էր միայն մեկ շահի գերակայությունից պաշտպանվելու և մեծամասնության բռնակալությունը զսպելու համար:

Քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության համար Կանտը կարևորում էր հասարակության յուրաքանչյուր անդամի ազատությունը, հավասարությունը և ինքնուրույնությունը: Ժան-Ժակ Ռուսոն էլ կարծում էր, որ քաղաքական օրգանիզմի էությունը պետական իշխանությանը հնազանդվելու և ազատությունների համաձայնության փոխըմբռնման մեջ է:

Կարլ Շմիդտն էլ առաջ էր քաշում այն միտքը, որ մասնավորի և հրապարակայինի փոխկապվածությունը չի կարող անհետանալ ազատական հասարակության մեջ, որովհետև կոլեկտիվ կամքի ձևավորումը եզակի լեգիտիմ միջոց է:

Հաննա Արենդտը ևս անդրադարձել է քաղաքացիական հասարակության խնդրին։ Վերջինս նա դիտարկում էր որպես մի ոլորտ, որտեղ ծաղկում է փոխգործակցության հատուկ եղանակը, ինչը նշանավորվում է քաղաքացիների միջև խաղաղ երկխոսությամբ և տարբեր կարծիքների անսահմանափակ փոխանակմամբ: Ռոբերտ Կոզելեկն էլ նկատում է, որ Լուսավորության դարաշրջանում հասարակությունն արդեն ձևավորվում էր մասնավոր ակումբների, գրադարանների, միությունների և այլ կազմակերպությունների միջոցով, որոնք հաճախ ստանում էին կառավարության աջակցությունը: Չնայած այդ աջակցությանը՝ այս միավորումները հաճախ որդեգրում էին պետության հանդեպ ընդդիմադիր դիրքորոշում, նույնիսկ երբեմն թշնամական՝ դրանով իսկ ունենալով որոշակի անկախություն և ինքնավարություն:

Ժամանակակից պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեգելն[59] ամբողջությամբ փոխեց քաղաքացիական հասարակության իմաստը՝ առաջ քաշելով դրա ժամանակակից լիբերալ ըմբռնումը որպես ոչ քաղաքական հասարակության ձև՝ ի հակադրություն ժամանակակից ազգային պետության ինստիտուտների[12]: Մինչ դասական հանրապետականության մեջ քաղաքացիական հասարակությունը հոմանիշ էր քաղաքական հասարակությանը, Հեգելը տարբերակում էր քաղաքական պետությունը և քաղաքացիական հասարակությունը, որին հաջորդեց Տոկվիլի տարբերակումը քաղաքացիական և քաղաքական հասարակությունների ու միավորումների միջև։ Դա կրկնեցին նաև Մարքսը և Տյոնիսը:[12]

Ի տարբերություն իր նախորդների՝ Հեգելը քաղաքացիական հասարակությունը (գերմ.՝ bürgerliche Gesellschaft) դիտարկում էր որպես առանձին ոլորտ՝ «կարիքների համակարգ», այսինքն՝ «ընտանիքի և պետության միջև առաջացող տարբերության փուլ»[60]։ Քաղաքացիական հասարակությունը ժամանակակից արդյունաբերական կապիտալիստական հասարակության[61] մեջ տնտեսական հարաբերությունների տիրույթն է, քանի որ այն առաջացել է կապիտալիզմի որոշակի ժամանակահատվածում և ծառայել նրա շահերին՝ անհատական իրավունքներին և մասնավոր սեփականությանը[62]: Ուստի, Հեգելն օգտագործեց գերմաներեն «bürgerliche Gesellschaft» եզրույթը՝ քաղաքացիական հասարակությանը բնորոշելու որպես «քաղաքացիական հասարակություն»՝ այսինքն քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող ոլորտ: Քաղաքացիական հասարակության մասին այս նոր մոտեցմանը հետևեցին նաև Ալեքսիս դե Տոկվիլը և Կարլ Մարքսը[12]։ Հեգելի կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունը հակասական դինամիկա է ցուցաբերել։ Լինելով կապիտալիստական շահերի տիրույթ՝ դրա ներսում կա կոնֆլիկտների և անհավասարությունների հավանականություն (օրինակ՝ մտավոր և ֆիզիկական կարողություններ, տաղանդներ և ֆինանսական հանգամանքներ)։ Նա պնդում էր, որ հասարակության մեջ առկա անհավասարությունները ազդում են անհատների ընտրության վրա՝ կապված, թե ինչ տեսակի աշխատանք են նրանք անելու: Քաղաքացիական հասարակության մեջ տարբեր դիրքերը բաժանվում են երեք կատեգորիաների՝ հիմնական դաս (գյուղատնտեսություն), ֆորմալ դաս (առևտուր և արդյունաբերություն) և ընդհանուր դաս (քաղաքացիական հասարակություն):[63] Մարդը կարող է ընտրել իր դասը, բայց նրա ընտրությունը սահմանափակվում է վերը նշված անհավասարություններով։ Այնուամենայնիվ, Հեգելը պնդում է, որ այս անհավասարությունը հնարավորություն է տալիս համալրել քաղաքացիական հասարակության բոլոր դասերը, ինչը հանգեցնում է ընդհանուր առմամբ ավելի արդյունավետ համակարգի:

Կարլ Մարքսը հետևեց «քաղաքացիական հասարակություն» հասկացության օգտագործման հեգելյան ձևին։ Ըստ Մարքսի՝ ժամանակակից պետության զարգացումը առաջացրել է քաղաքացիական հասարակության մի տիրույթ, որտեղ հասարակական փոխազդեցությունները կենտրոնացել են հակասական մասնավոր շահերի շուրջ:  Քաղաքական հասարակությունն ինքնավար էր պետության ներսում, որն էլ իր հերթին կառավարվում էր բուրժուական դասակարգի կողմից (ընտրելու իրավունքն այն ժամանակ պատկանում էր միայն ունևոր մարդկանց): Մարքսն իր վաղ աշխատություններում կանխատեսում էր պետության և քաղաքացիական հասարակության միջև տարանջատման վերացումը և հույս ուներ, որ մասնավոր և հանրային/քաղաքական ոլորտները կվերամիավորվեն: Մարքսը համաձայն չէր պետության դրական դերի մասին Հեգելի տեսակետի հետ։ Նա պնդում էր, որ խնդիրներ լուծելու տեսանկյունից պետությունը չի կարող լինել չեզոք։ Ավելի շուտ, նա պետությունը բնորոշում էր որպես բուրժուազիայի շահերի պաշտպան։ Մարքսը պետությունը դիտարկում էր որպես բուրժուազիայի օրակարգին ծառայող գործադիր մարմին: Ըստ նրա՝ երբ բանվոր դասակարգը ժողովրդավարական վերահսկողություն հաստատի հասարակության վրա, պետությունը կդադարի գոյություն ունենալ[64]:

Անտոնիո Գրամշին քննադատել է քաղաքացիական հասարակության վերաբերյալ վերոհիշյալ տեսակետը: Որոշ չափով հեռանալով Մարքսի մոտեցումներից՝ Գրամշին քաղաքացիական հասարակությունը չէր դիտարկում որպես մասնավոր և օտարված հարաբերությունների ոլորտ։ Ավելի շուտ, Գրամշին քաղաքացիական հասարակությունը տեսնում էր որպես բուրժուական հեգեմոնիայի միջոց, թեև այն պարզապես ներկայացնում է հասարակության որոշակի դաս: Նա ընդգծեց քաղաքացիական հասարակության վճռորոշ դերը՝ որպես կապիտալիստական ​​հեգեմոնիայի գոյատևման համար անհրաժեշտ մշակութային և գաղափարական կապիտալի աղբյուր[65]։ Քաղաքացիական հասարակությունը որպես խնդիր տեսնելու փոխարեն, ինչպես ավելի վաղ ժամանակաշրջանի մարքսիստական ​​հայեցակարգերում էր, Գրամշին քաղաքացիական հասարակությունը դիտարկում էր որպես խնդիրների լուծման հարթակ: Սխալ ընկալելով Գրամշիի մոտեցումները՝ «Նոր ձախեր» քաղաքական շարժումը քաղաքացիական հասարակությանը վերապահեց առանցքային դեր՝ պաշտպանել մարդկանց պետությունից և շուկայից ու ազդել պետության վրա ժողովրդավարական ​​կամքի հաստատման գործում[66]:

Միևնույն ժամանակ, նեոլիբերալ մտածողները քաղաքացիական հասարակությունը դիտարկում են որպես կոմունիստական ​​և ավտորիտար ռեժիմների տապալման համար պայքարի հարթակ[67]: Այսպիսով, «քաղաքացիական հասարակություն» եզրույթը կարևոր տեղ է զբաղեցնում «Նոր ձախերի» և նեոլիբերալների քաղաքական դիսկուրսներում։

Պոստմոդեռնիստական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյակներ շարունակ ազգային տոների արգելքից հետո, 1989 թվականի մարտի 15-ին Հունգարիայի կոմունիստական վարչակարգը մարդկանց թույլ տվեց տոնել Հունգարական հեղափոխության տոնը, որը տեղի էր ունեցել 1956 թվականին: Ազգային թանգարանում, պետական ​​տոնակատարություններին զուգահեռ, անկախ կազմակերպությունները հանրությանը կոչ արեցին հավաքվել Շանդոր Պետեֆիի արձանի մոտ։

Ընդունված է համարել, որ քաղաքացիական հասարակության ընկալման պոստմոդեռնիստական ձևն առաջին անգամ մշակվել է 1980-ական թվականներին Արևելյան Եվրոպայի կոմունիստական երկրների քաղաքական ընդդիմության կողմից: Այնուամենայնիվ, հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այս երևույթի զարգացման և հանրահռչակման վրա ամենակարևոր ազդեցությունն ունեցել է կոմունիստական ​​քարոզչությունը՝ փորձելով լեգիտիմացնել 1989 թվականին տեղի ունեցած նեոլիբերալ վերափոխումները[11]։ Սոցիալական ապահովության համակարգերի վերակազմավորման տեսության համաձայն՝ «քաղաքացիական հասարակություն» հասկացության կիրառման նոր ձևը դարձավ նեոլիբերալ գաղափարախոսությունը, որն օրինականացրեց երրորդ հատվածի զարգացումը՝ որպես սոցիալական պետությանը փոխարինող։ Երրորդ հատվածի վերջին զարգացումը ոչ թե ժողովրդավարացման, այլ սոցիալական ապահովության համակարգի վերակառուցման արդյունք է[11]:

Հենց այդ ժամանակվանից էլ սկիզբ առավ «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը «քաղաքական հասարակություն» հասկացության փոխարեն օգտագործելու քաղաքական պրակտիկան: Հետևաբար, քաղաքացիական հասարակություն հասկացության պոստմոդեռնիստական կիրառումը նպաստեց երկու հիմնական մեկնաբանությունների ի հայտ գալուն. մեկը քաղաքացիական հասարակությունը դարձյալ դիտարկում էր որպես քաղաքական հասարակություն, իսկ մյուսը, բազմաթիվ սահմանումներից զատ, դիտարկում էր որպես երրորդ հատված[11]:

1990-ականներին կիրառված վաշինգտոնյան կոնսենսուսը, որը ենթադրում էր Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պարտքերի տակ գտնվող երկրներին պայմանական վարկերի տրամադրում, ճնշում գործադրեց այդ երկրների վրա՝ ստիպելով նրանց նվազեցնել իրենց ծախսերը[50]: Այս ամենն իր հերթին քաղաքացիական հասարակության մեջ հանգեցրեց  գործնական փոփոխությունների, ինչը հետագայում ազդեց տեսական բանավեճերի վրա: Ի սկզբանե, նոր իրողությունները հանգեցրին «քաղաքացիական հասարակության» վրա էլ ավելի մեծ շեշտադրմանը՝ որպես պետությանը փոխարինող ծառայությունների և սոցիալական բարեկեցության հարցում[50]: Իսկ արդեն Հալմը և Էդվարդսը ենթադրում էին, որ այն այժմ ընկալվում է որպես «կախարդական փայտիկ»:

1990-ականների վերջին քաղաքացիական հասարակությունն այլևս չէր ընկալվում որպես պետությանը փոխարինող՝ հակագլոբալիստական շարժման աճի և շատ երկրների կողմից ժողովրդավարական կարգերին անցում կատարելու պայմաններում։ Փոխարենը, քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի էր ստիպված լինում ապացուցել իր լեգիտիմությունը և ժողովրդավարական լիազորությունները: Արդյունքում, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեց բարձր մակարդակի հանձնաժողով՝ նվիրված քաղաքացիական հասարակությանը[68]: Այնուամենայնիվ, 1990-ական թվականներին հասարակական կազմակերպությունների և սոցիալական նոր շարժումների ի հայտ գալով՝ ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակությունը, լինելով երրորդ հատված, սկսեց համարվել նաև որպես «այլընտրանքային սոցիալական և համաշխարհային կարգի» կառուցմանն ուղղված ռազմավարական գործողությունների առանցքային միջոց: Քաղաքացիական հասարակության պոստմոդեռնիստական տեսությունը հիմնականում վերադարձել է ավելի չեզոք դիրքի, թեև նկատելի տարբերություններ կան զարգացած հասարակություններում քաղաքացիական հասարակության ուսումնասիրության և զարգացող երկրներում քաղաքացիական հասարակության վերլուծության միջև:

Կապը հանրային ոլորտի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգեն Հաբերմասը նշում է, որ հանրային ոլորտը նպաստում է ռացիոնալ կամքի ձևավորմանը. դա ռացիոնալ և ժողովրդավարական սոցիալական փոխգործակցության ոլորտ է։ Հաբերմասը քաղաքացիական հասարակությունը վերլուծում է որպես «ապրանքների փոխանակման և սոցիալական աշխատանքի» ոլորտ, իսկ հանրային ոլորտը՝ որպես քաղաքական ոլորտի մաս[69]։ Հաբերմասը պնդում է, որ չնայած հասարակությունը, որպես այդպիսին, բնորոշ է կապիտալիստական ​​հասարակություններին, կան որոշ ինստիտուտներ, որոնք քաղաքական հասարակության մաս են կազմում: Տնտեսության մեջ փոփոխությունները հանգեցրել են նաև հանրային ոլորտում փոփոխությունների։ Քաղաքացիական հասարակությունը դառնում է քաղաքական, երբ այն դադարում է կախված լինել բացառապես տնտեսությունից և սկսում է ընդգրկել ավելի մեծ թվով բնակչություն, ինչպես նաև այն դեպքում, երբ պետության քաղաքական համակարգը ներկայացնում է մեկից ավելի քաղաքական կուսակցություն: Պետք է լինի իշխանության օջախ, և այստեղ է, որ հասարակությունը կարող է սկսել մարտահրավեր նետել իշխանությանը: Ջիլիան Շվեդլերը նշում է, որ քաղաքացիական հասարակությունը ի հայտ է գալիս հանրային ոլորտի վերածննդով, երբ անհատներն ու խմբերը սկսում են խախտել թույլատրելի վարքագծի սահմանները, օրինակ՝ հանդես են գալիս վարչակարգի դեմ կամ կառավարությունից պահանջում են բավարարել սոցիալական կարիքները։ Նրա կարծիքով՝ հենց այս ժամանակ էլ սկսում է ձևավորվել քաղաքացիական հասարակությունը[70]։

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին, որը համայնքների կարիքները բավարարելու համար զբաղվում էր քաղաքացիական և կամավոր գործունեությամբ: Հայաստանի առաջին հանրապետության անկախության շրջանում՝ 1918-1920 թվականներին, գործում էին  մարդասիրական, մշակութային և կրթական նախաձեռնություններ։

Խորհրդային տարիներին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Միացյալ Նահանգների հայկական սփյուռքի կազմակերպությունները, որոնց թվում էին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Ամերիկայի հայկական կոնգրեսը, ձեռնարկեցին մշակութային և կրթական տարբեր նախաձեռնություններ: Սփյուռքի կազմակերպությունները զգալի դեր են խաղացել Հայաստանից դուրս հայ ազգային ինքնության պահպանման, Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող դպրոցներ ու համայնքային կենտրոններ հիմնելու գործում

Սփյուռքի օգնությունը Հայաստանին, հատկապես Սպիտակի երկրաշարժից և Արցախյան հակամարտությունից հետո, ի սկզբանե միտված էր խոցելի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն և ենթակառուցվածքների վերականգնմանը: 2005 թվականից ի վեր Սփյուռքի հայ մտավորականների և ակտիվիստների աջակցության կենտրոնացումը տեղափոխվել է մարդու իրավունքների և ընտրական գործընթացների ոլորտ: Ժամանակի ընթացքում սփյուռքի կազմակերպություններին և մտավորականներին աջակցությունն ընդլայնվել է՝ ներառելով կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, համայնքների հզորացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը նպաստող նախաձեռնություններ:

Սփյուռքի աջակցությունը որոշիչ դեր խաղաց 20-րդ դարի վերջին Հայաստանի քաղաքացիական հասարակության կառուցվածքի և լանդշաֆտի ձևավորման գործում: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ամերիկայի հայկական կոնգրեսը և Հայ օգնության ֆոնդը, ամրապնդել են կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև:

1990-ականների վերջից մինչև 2000-ականների սկիզբը միջազգային տարբեր հիմնադրամների և կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում սկսեց զարգանալ քաղաքացիական հասարակություն: Միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և այլն, նպաստել են դրա զարգացմանը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ժողովրդավարության տարածման, շրջակա միջավայրի պահպանությանմարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և լրատվամիջոցների զարգացման վրա:

Հայաստանի պետական ​​ռեգիստրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ, պաշտոնապես գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներառում են՝ 4222 ՔՀԿ, 1120 հիմնադրամ, 645 մասնագիտական ​​միավորումներ և իրավաբանական անձանց 244 միավորում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 46-րդ հոդվածն ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորվելու ազատությունը և սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կամավոր ձևավորել կամ միանալ խմբերին։

Հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեսակների թվում են.

Քաղաքացիական հասարակության տեսաբաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. What is Civil Society civilsoc.org Արխիվացված 2 Մայիս 2009 Wayback Machine
  2. «Civil society – Define Civil society at Dictionary.com». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 25 December 2014-ին. Վերցված է 24 January 2012-ին.
  3. «Civil society definition and meaning | Collins English Dictionary». www.collinsdictionary.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 28 April 2019-ին. Վերցված է 2019-11-25-ին.
  4. Tugendhat, Ernst (1986). Self-Consciousness and Self-Determination. էջ 239.
  5. Aristotle, Politics, Bk. 1 passim, esp. 1252a1–6
  6. Jean L. Cohen,Civil Society and Political Theory, MIT Press, 1994 pp. 84–85.
  7. Bruno Blumenfeld The Political Paul: Democracy and Kingship in Paul's Thought, Sheffield Academic Press, 2001 pp. 45–83
  8. Michael Davis,The Politics of Philosophy: A Commentary on Aristotle's Politics, Rowman & Littlefield 1996 pp. 15–32
  9. Jean L. Cohen,Civil Society and Political Theory, MIT Press, 1994 p. 86.
  10. Frederick W. Powell,The Politics of Civil Society: Neoliberalism Or Social Left?, Policy Press, 2007. pp. 119–20, 148–49.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pawel Stefan Zaleski, Neoliberalizm i spoleczenstwo obywatelskie (Neoliberalism and Civil Society), Wydawnictwo UMK, Torun 2012
  12. 12,0 12,1 12,2 12,3 Zaleski, Pawel Stefan (2008). «Tocqueville on Civilian Society. A Romantic Vision of the Dichotomic Structure of Social Reality» (PDF). Archiv für Begriffsgeschichte. Felix Meiner Verlag. 50. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 October 2018-ին.
  13. See, for example, Civil Society and the Conception of History Արխիվացված 2 Հունվար 2015 Wayback Machine in the Critique of the German Ideology.
  14. 14,0 14,1 Almond, G., & Verba, S.; 'The Civic Culture: Political Attitudes And Democracy In Five Nations; 1989; Sage
  15. Barber, Benjamin (1998). Place for us. Hill & Wang. ISBN 0-8090-7656-X. OCLC 173086879.
  16. 16,0 16,1 Boulding, Carew E.; Nelson-Núñez, Jami (2014). «Civil Society and Support for the Political System in Times of Crisis». Latin American Research Review. 49 (1): 128–154. doi:10.1353/lar.2014.0015. ISSN 0023-8791. JSTOR 43670156. S2CID 73712285. Արխիվացված օրիգինալից 3 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  17. Carothers, Thomas (1997). «Think Again: Democracy». Foreign Policy (107): 11–18. doi:10.2307/1149329. JSTOR 1149329. Արխիվացված օրիգինալից 4 April 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  18. Fukuyama, Francis; FFukuyama@imf.org (2000). «Social Capital and Civil Society». IMF Working Papers (անգլերեն) (74): 1. doi:10.5089/9781451849585.001. ISSN 1018-5941. Արխիվացված օրիգինալից 2 July 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  19. 19,0 19,1 Robert D. Putnam, Robert Leonardi, Raffaella Y. Nanetti; Robert Leonardi; Raffaella Y. Nanetti (1994). Making Democracy Work: Civic Traditions in Modern Italy. Princeton University Press. ISBN 0-691-07889-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Pinckney, Jonathan. «Organizations, Resistance, and Democracy: How Civil Society Organizations Impact Democratization». International Studies Quarterly. Արխիվացված օրիգինալից 3 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  21. D., Putnam, Robert (1993). Making democracy work : civic traditions in modern Italy. Princeton Univ. Press. ISBN 0-691-07889-0. OCLC 246779019. Արխիվացված օրիգինալից 2 July 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Carothers, Thomas; Barndt, William (1999). «Civil Society». Foreign Policy. 117 (1999): 18–29. doi:10.2307/1149558. JSTOR 1149558. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  23. 23,0 23,1 Berman, Sheri (1997). «Civil Society and the Collapse of the Weimar Republic». World Politics. 49 (3): 401–429. doi:10.1353/wp.1997.0008. JSTOR 25054008. S2CID 145285276. Արխիվացված օրիգինալից 7 June 2021-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  24. 24,0 24,1 Berman, Sheri (13 May 2021). «Revisiting "Civil Society And The Collapse Of The Weimar Republic"». HistPhil. Արխիվացված օրիգինալից 3 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  25. Voigtländer, Nico; Voth, Hans-Joachim; Satyanath, Shanker (5 August 2013). «Bowling for Adolf: How social capital helped to destroy Germany's first democracy». VoxEU - CEPR. Արխիվացված օրիգինալից 3 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  26. Carothers, Thomas (1997). «Think Again: Democracy». Foreign Policy (107): 11–18. doi:10.2307/1149329. ISSN 0015-7228. JSTOR 1149329.
  27. Newton, Kenneth (April 2001). «Trust, Social Capital, Civil Society, and Democracy». International Political Science Review. 22 (2): 201–214. doi:10.1177/0192512101222004. ISSN 0192-5121. S2CID 145126824. Արխիվացված օրիգինալից 2 July 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  28. Diamond, Larry Jay (1994). «Toward Democratic Consolidation». Journal of Democracy. 5 (3): 4–17. doi:10.1353/jod.1994.0041. ISSN 1086-3214. S2CID 153922136.
  29. «Making democracy work». Princeton University Press. 11 March 1993. Վերցված է 11 March 2023-ին – via Internet Archive.
  30. Carothers, Thomas; Barndt, William (1999). «Civil Society». Foreign Policy (117): 18–29. doi:10.2307/1149558. JSTOR 1149558. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  31. Berman, Sheri (1997). «Civil Society and the Collapse of the Weimar Republic». World Politics. 49 (3): 401–429. doi:10.1353/wp.1997.0008. S2CID 145285276.
  32. 32,0 32,1 «The American Context of Civil Society (SSIR)». ssir.org. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  33. Rieff, David (4 February 1999). «The False Dawn of Civil Society». {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  34. «Civil Society in the United States». Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 4 March 2023-ին.
  35. Why Civil Society? Why Now? Արխիվացված 4 Մարտ 2023 Wayback Machine Brookings
  36. «Civil Society | Social Science | Britannica». www.britannica.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 21 February 2023-ին. Վերցված է 2023-03-03-ին.
  37. Carothers, Thomas; Barndt, William (1999). «Civil Society». Foreign Policy (117): 18–29. doi:10.2307/1149558. ISSN 0015-7228. JSTOR 1149558. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  38. Carothers, Thomas; Barndt, William (1999). «Civil Society». Foreign Policy (117): 18–29. doi:10.2307/1149558. ISSN 0015-7228. JSTOR 1149558. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  39. Rieff, David (1999-02-04). «The False Dawn of Civil Society» (ամերիկյան անգլերեն). ISSN 0027-8378. Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 2023-03-04-ին.
  40. Putnam, Robert D.; Leonardi, Robert; Nonetti, Raffaella Y. (1994-05-27). Making Democracy Work. Princeton University Press. doi:10.2307/j.ctt7s8r7. ISBN 978-1-4008-2074-0. Արխիվացված օրիգինալից 2 July 2023-ին. Վերցված է 4 March 2023-ին.
  41. 41,0 41,1 Berman, Sheri (1997). «Civil Society and the Collapse of the Weimar Republic». World Politics. 49 (3): 401–429. doi:10.1353/wp.1997.0008. ISSN 0043-8871. JSTOR 25054008. S2CID 145285276. Արխիվացված օրիգինալից 7 June 2021-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  42. Galston, Peter Levine and William A. (1997). «America's Civic Condition: A Glance at the Evidence». Brookings (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 4 March 2023-ին. Վերցված է 2023-03-04-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 «Foreign Policy: Think Again: Civil Society». ciaotest.cc.columbia.edu. Արխիվացված օրիգինալից 19 May 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  44. «Civil Society». World Economic Forum. Արխիվացված օրիգինալից 11 March 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  45. 45,0 45,1 «Civil Society, Social Capital and Economic Development». ciaotest.cc.columbia.edu. Արխիվացված օրիգինալից 22 May 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  46. Coleman, James S. (1988). «Social Capital in the Creation of Human Capital». American Journal of Sociology. 94: S95–S120. doi:10.1086/228943. JSTOR 2780243. S2CID 51859022. Արխիվացված օրիգինալից 12 February 2023-ին. Վերցված է 3 March 2023-ին.
  47. Peter Barenboim, Natalya Merkulova. "The 25th Anniversary of Constitutional Economics: The Russian Model and Legal Reform in Russia, in The World Rule of Law Movement and Russian Legal Reform Արխիվացված 5 Հուլիս 2016 Wayback Machine", edited by Francis Neate and Holly Nielsen, Justitsinform, Moscow (2007).
  48. Mann, Michael; 1984; "The Autonomous Power of The State: Its Origins, Mechanisms and Results"; European Journal of Sociology 25: pp. 185–213
  49. «NGOs NGO civil society partnerships UN United Nations». un.org. Արխիվացված օրիգինալից 15 July 2017-ին. Վերցված է 28 June 2017-ին.
  50. 50,0 50,1 50,2 Pawel Stefan Zaleski Global Non-governmental Administrative System: Geosociology of the Third Sector, [in:] Gawin, Dariusz & Glinski, Piotr [ed.]: "Civil Society in the Making," IFiS Publishers, Warszawa 2006 [1] Արխիվացված 9 Հոկտեմբեր 2018 Wayback Machine
  51. «The integrated Civil Society Organizations (iCSO) System». NGO Branch. United Nations Department of Economic and Social Affairs. Արխիվացված օրիգինալից 4 February 2013-ին. Վերցված է 4 July 2012-ին.
  52. Basta! Rio+20 Walkout. Vimeo.
  53. Dodge, Jennifer (5 June 2014). «Civil society organizations and deliberative policy making: interpreting environmental controversies in the deliberative system». Policy Sciences. 47 (2): 161–185. doi:10.1007/s11077-014-9200-y. S2CID 143686130.
  54. 54,0 54,1 54,2 Edwards 2004. p. 6.
  55. O'Connell 1999
  56. Brown 2001:70
  57. 57,0 57,1 Knutsen, Torbjorn L. (1997). History of International Relations Theory. Manchester University Press. էջեր 83–114. ISBN 9780719049309. Արխիվացված օրիգինալից 2 July 2023-ին. Վերցված է 24 October 2022-ին.
  58. Chandhoke, Neera (1995). State and Civil Society: Explorations in Political Theory. Sage Publications. էջ 88. ISBN 9788170364764.
  59. Hegel, G. W. F. (1821), PR § 157 Արխիվացված 10 Հունվար 2020 Wayback Machine
  60. Hegel, G. F. W., Elements of the Philosophy of Right, edited by Allen W. Wood (Cambridge University Press, 1991), §184
  61. Stillman, Peter G. Hegel’s Civil Society: A Locus of Freedom, appearing in Polity, Vol. 12, No. 4 (Summer 1980), pp. 622–46. p. 623
  62. Dhanagare, D.N. (September 2001). «Civil Society, State and Democracy: Contextualising a Discourse». Sociological Bulletin. 50 (2): 169. doi:10.1177/0038022920010201. JSTOR 23619837. S2CID 151968126.
  63. Hegel, G. F. W., Elements of the Philosophy of Right, edited by Allen W. Wood (Cambridge University Press, 1991), §202
  64. See V. I. Lenin, Imperialism, the Highest Stage of Capitalism, (2010), for a summary of Marx's thought on the State and an introduction to Marxist thought on the state up until 1917. For a detailed discussion of Marx's thought on the state and civil society see Draper, 1977 & 1986 (Volumes 1 and 2)
  65. Ehrenberg 1999:208
  66. Ehrenberg 1999:30
  67. Ehrenberg 1999:33
  68. «Reforming the United Nations». Արխիվացված օրիգինալից 2 October 2008. Վերցված է 8 October 2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  69. Habermas, J. (1974). The public sphere: an encyclopaedia article. New German Critique, 3, 49–55.
  70. Schwedler, 1995:5
  • Alagappa, Muthiah. Civil Society and Political Change in Asia. Stanford: Stanford University Press, 2004. 0-8047-5097-1
  • Colletti, Lucio. ‘Introduction’, in Karl Marx, Early Writings, Pelican, 1975, pp. 7–56. 0140216685.
  • Edwards, Michael. Civil Society. Cambridge, England: Polity Press, 2004. 0-7456-3133-9.
  • Draper, Hal. Karl Marx's Theory of Revolution (Volume 1: State and Bureaucracy, Volume 2: The Politics of Social Classes). New York: Monthly Review Press, 1977 & 1986.
  • Ehrenberg, John. Civil Society: The Critical History of an Idea. New York: New York University Press, 1999.
  • Ginsborg, Paul. Italy and Its Discontents: Family, Civil Society, State (2003)
  • Gosewinkel, Dieter: Civil Society, European History Online, Mainz: Institute of European History, 2011, retrieved: 24 August 2011.
  • Hemmati, Minu. Dodds, Felix. Enayati, Jasmin. and McHarry,Jan downloadable copy of Multistakeholder Processes for Governance and Sustainability:Beyond Deadlock and Conflict
  • O'Connell, Brian. Civil Society: The Underpinnings of American Democracy. Medford, Mass:Tufts University Press, 1999. 0-87451-924-1.
  • Perlas, Nicolas. Shaping Globalization – Civil Society, Cultural Power and Threefolding. 0-9583885-8-X.
  • Pollock, Graham. "Civil Society Theory and Euro-Nationalism," Studies In Social & Political Thought , Issue 4, March 2001, pp. 31–56. online
  • Soper, Steven C. Building a Civil Society: Associations, Public Life, and the Origins of Modern Italy (2013)
  • Tvedt, Terje. Angels of Mercy or Development Diplomats. NGOs & Foreign Aid. Oxford: James Currey, 1998.
  • Whaites, Alan, Let's get civil society straight: NGOs and Political Theory, Development in Practice, 1996, [2](չաշխատող հղում)
  • Whaites, Alan, NGOs, Civil Society and the State: Avoiding theoretical extremes in real world issues,' Development in Practice 1998 [3](չաշխատող հղում)
  • Zaleski, Pawel Stefan, Tocqueville on Civilian Society: A Romantic Vision of the Dichotomic Structure of Social Reality, Archiv für Begriffsgeschichte Bd. 50/2008 [4]
  • Helmut K. Anheier, Stefan Toepler, International Encyclopedia of Civil Society, Springer-Verlag New York Inc., New York 2010, 978-0-387-93996-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Քաղաքացիական հասարակություն Կատեգորիա:Համայնքաշինություն Կատեգորիա:Սոցիալական տնտեսագիտություն Կատեգորիա:Ժողովրդավարություն