Հայկական միջնադարյան գաղթավայրերն Ասիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիա
Ասիա

Հայկական միջնադարյան գաղթավայրերն Ասիայում, հայկական գաղթավայրեր, որոնք Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծվել են վաղ միջնադարում՝ հայկական պետականության անկման կամ բյուզանդա-պարսկական և արաբական նվաճումների հետևանքով, իսկ Ասիայի հեռավոր տարածքներում՝ ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։ Ասիայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

Իրանում հաստատված հայ վաճառականների շնորհիվ ուշ միջնադարում հիմնվում են հայկական առաջին գաղութները նույնիսկ Հարավային և Հարավարևելյան Ասիայում։ Դրանցից որոշները պահպանել են իրենց ինքնուրույնությունը մինչև այսօր, սակայն մեծամասամբ ներկայանում են հայկական անվանումների կամ հայկական եկեղեցիների տեսքով։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիան թերակղզի է Ասիա աշխարհամասի հարավ-արևմուտքում։ Այն հյուսիսից ողողվոում է Սև, արևելքից՝ Եգեյան, հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերով։ Այստեղ մարդկությանը հայտնի առաջին քաղաքակրթությունները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Բյուզանդական կայսրությունը վարում էր հայերի ձուլման քաղաքականություն։ Հայաստանի տարածքում ապրող նախարարները հրավիրվում էին Փոքր Ասիայի ներքին նահանգներ, փոխարենը նրանց տիրույթները անցնոււմ էին պետության ձեռքը։ Հաճախ իշխանների հետ տեղափոխվում էր մեծաքանակ հայ բնակչություն։ 11-րդ դարում Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով որպես պարգևականք տրվել էր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունուն, ով հրաժարվեց իր պապենական հայրենիքից՝ Վասպուրականի թագավորությունից (908-1021)։ Պատմական Կապադովկիայի Կեսարիա քաղաքը հանձնվեց Գագիկ Կարսեցուն, ով թողեց Կարսի թագավորությունը (963-1065)։ Կիլիկիա և Փոքր Ասիայի այլ մարզեր են տեղափոխվում Կամսարականները (Գող Վասիլ, Վասիլ Տղա), Վարաժնունիները (Փիլարտոս Վարաժնունի), Բագրատունիները (Գագիկ Բ, Աշոտ արքայազն), Ռուբինյանները և ուրիշներ։ Ժամանակավորապես Փոքր Ասիայի տարբեր վայրերով դեգերում է կաթողիկոսական աթոռը։ Հայերի հոսքը տեղի էր ունենում ոչ միայն դեպի կայսրության արևմտյան մարզեր, այլև մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Օսմանցի թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461 թվականին ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Կոստանդնուպոլսի հայկական գաղութի բնակչության մեջ մեծ էր առևտրականների և արհեստավորների դերը։ Քաղաքի աշխարհագրական հարմար դիրքը մեծապես նպաստում էր առևտրի զարգացմանը։ Հայ վաճառականներն ունեին խանութներ, իջևանատներ, պահեստներ։ Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, արծաթագործությունը, պղնձագործությունը, կաշեգործությունը, հյուսնությունը և այլն։ Դեռ 1567 թվականին այնտեղ հիմնվեց կայսրության առաջին տպարանը։ Այնուհետև հիմնադրվեցին նորերը[1]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը երկիր է Առաջավոր Ասիայում։ Պարսկաստանի հայ բնակչությունը դարերի պատմություն ունի։ Դեռ վաղ միջնադարում հայ-պարսկական պատերազմների ժամանակ գերեվարվում և Իրան էին տեղափոխվում հայ արհեստավորներ ու առևտրականներ։ Հատկապես ստվար հայկական բնակչություն է գերեվարվել 364-368 թվականների հայ-պարսկական պատերազմից հետո։ Արշակ Բ-ին կանչելով Տիզբոն, ապա փակելով Անհուշ բերդում՝ Շապուհ II Երկարակյացը ամայացնում է Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Զարեհավան, Զարիշատ քաղաքները, տեղի բնակչությանը գերեվարում Պարսկաստան։ Հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605 թվականների Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը ավելի բան 300 000 հայերի տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը զոհվեց սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների (Վենետիկ, Ջենովա) հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667 թվականին պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը Ռուսաստանում ու նրա տարածքով Եվրոպայում ազատ առևտրի իրավունք է ստանում։

Նոր Ջուղայում և Պարսկաստանի մյուս գաղթօջախներում զարգացած էր արհեստագործությունը։ Արհեստներից առաջադիմել էին հատկապես ոսկերչությունը, գորգագործությունը, կերպասագործությունը, ներկարարությունը։

Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են դպրոցներ։ Քաղաքի Ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն[2]։

Սիրիա և Լիբանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սիրիան արաբական հանրապետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին և հյուսիսից սահմակակցում է Արաբական թերակղզին։ Այն մարդկության պատմության ու քաղաքակրթության հնագույն օջախներից է։ Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 7-9-րդ դարերում Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ (Արմինիա կուսակալություն), որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման համար։

Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան դեռ հնադարում գոյություն ունեցող հայկական համայնքները, որոնք գոյություն ունեին տարբեր քաղաքներում։ Սիրիայի հայկական գաղթավայրերից եղել և մինչև Սիրիական ճգնաժամը (2011-2014) մնացել էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև 15-րդ դարի վերջը հայերի թիվն այնքան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

15-17-րդ դարերում Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս քաղաք-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն[3]։

Հարավային և Հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան և Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը երկիր է Հարավային Ասիայում։ Որպես միասնական պետություն գոյություն ունի 1947 թվականից սկսած։ Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան դեռ Քսենոփոնի (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), Զենոբ Գլակի (4-րդ դար), Մովսես Խորենացու (5-րդ դար), Պրոկոպիոս Կեսարացու (6-րդ դար) երկերում։ Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են 16-րդ դարում, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ։ Համայնքները ստվարացել են 17-18-րդ դարերում (շուրջ 20-25 հազար մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում և առևտրակայաններում (Ագրա, Կալկաթա, Սուրհաթ, Բոմբեյ, Մադրաս, Դաքա, Լահոր և այլն)։ Այս ներգաղթը կապված էր առևտրականների հետ։

Կալկաթայի հայկական եկեղեցին

Ուշ միջնադարում ծանր հարված կրեց հայ վաճառականությունը՝ կապված պարսկաթուրքական պատերազմների հետևանքով երկրի ավերման, տնտեսական կյանքի լճացման և անկման հետ։ Վիճակը քիչ թե շատ փոփոխվեց Հայաստանում միայն 17-րդ դարի առաջին կեսին, երբ զգալիորեն ընդլայնվեց երկրի ներքին շուկան և աշխուժացավ տարանցիկ առևտուրը։ Սակայն հայ վաճառականությունը մեծ հաջողությունների հասավ գաղթավայրերում՝ Նոր Ջուղայում, Հնդկաստանում, Կոստանդնուպոլսում, Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Աստիճանաբար մեծացավ և ամրապնդվեց հայ առևտրական կապիտալը։ Հայ վաճառականներն սկսեցին կարևոր դեր խաղալ Արևելք և Արևմուտք առևտրական հարաբերություններում, հաջողությամբ ծավալել ծովային առևտրուր՝ փաստորեն ստեղծելով հայ առևտրական նավատորմ։ Նրանք հաջողությամբ մրցակցում էին օտար առևտրականների հետ[4]։

Համայնքները կազմակերպչորեն ազգային-եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն հայոց կաթողիկոսությանը։ Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ էին. կային նաև պետական պաշտոնյաներ, մտավորականներ։ Հնդկաստանի կյանքում առավել նշանակալի դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացրել են առևտուրը Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ։ Հնդկաստան թափանցած հոլանդական, անգլիական, ֆրանսիական առևտրևային ընկերությունները առավելագույնս օգտվել են հայ վաճառականների ծառայություններից. 1686 թվականին Արևելա-հնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, ֆակտորիաներում բնակվելու իրավունք։ Այդ պայմանագրով միաժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրել են իրենց ինքնուրույնությունը և դուրս մղվել անգլիացի մրցակիցների կողմից։

Մադրասի հայկական եկեղեցին

Հնդկահայերը մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին։ Հնդկական իշխանությունների հովանավորած և արտոնած հայ վաճառականները հնդիկներին օգնել են ֆինանսական միջոցներ տրամադրելով, զինագործները զենք պատրաստելով, զինվորականները մտել են հնդկական բանակ և կռվել գաղութարարների դեմ։ 1662 թվականին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգալացի նվաճողների դեմ։ Հաղթանակից հետո հնդկական իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին: 1760-64 թվականներին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։ Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։

Իրանի ու Հնդկաստանի քաղաքներից որոշ թվով հայեր տեղափոխվել են նաև Մյանմա։ Դեռ 16-րդ դարում գործող հայկական համայնքերը աշխուժանում են 18-րդ դարի երկրորդ կեսին համայնքն աշխուժացել է Հնդկաստանից ու Նոր Ջուղայից եկած հայերի հաշվին։ Զբաղվել են տիկ ծառի տախտակի արտահանությամբ, որն օգտագործվում էր նավաշինության մեջ։ Հայերը մենաշնորհ են ունեցել նաև սուտակի վաճառքի ոլորտում, ունեցել են լեղակի արտադրության գործարաններ։ Հայտնի էին Խոջա Փանոս Քալանթարը, թագավորի վեզիր Խոջա Գրիգոր Այվազյանը, նավապետ Խոջա Սիմոնը, արքունի գանձապետ Նիկողայոս Աղազարյանցը, նախարար Իշխան Գրիգոր Մանուկյանը և ուրիշներ։

Հայկական փոքրաքանակ գաղութներ են եղել նաև Չինաստանի հարավային քաղաքներում։ Պատմական աղբյուրների համաձայն՝ հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն (Գուանչժոու) քաղաքում մինչև 1307 թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։ 17-րդ դարում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք։

Հնդկաչին, Ֆիլիպիններ և Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Հնդկաչին և Համեմունքների կղզիներ են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից։ 1669 թվականին Մալակկա թերակղզում բնակվել է 240 հայ, որից 90-ը՝ Սինգապուրում։ 1897 թվականին Մալայզիայում բնակվել է շուրջ 500 հայ։ Նրանք բնակվել են միայն քաղաքներում (Կուալա Լումպուր, Ջորջթաուն, Մալակկա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Սինգապուր)

Ինդոնեզիայում կազմավորված հայ համայնքի մասին առաջինը տեղեկություն տալիս է ռուս գիտնական Բակունինը, որի տվյալներով 17-րդ դարում Ճավա կղզում բնակվել է 2000 հայ։ 17-րդ դարում հայ համայնքի գոյության փաստը հաստատում է նաև Կոստանդ Ջուղայեցին «Առևտրական մատյան»-ում։

Հոլանդական Արևելա-հնդկական ընկերության 1656 թվականի արձանագրություններից մեկում հիշվում է Մակասարում բնակություն հաստատած Խոջա Սոլիմա հայ վաճառականը, իսկ 1747 թվականի մարտի 21-ի հրովարտակով հոլանդացիները ինդոնեզահայերին շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։ Հայերը Ինդոնեզիա են գաղթել հիմնականում Նոր Ջուղայից և Հնդկաստանից (Մադրաս), աննշան թվով՝ բուն հայրենիքից։ Նրանք բնակություն են հաստատել Բատավիայում (այժմ՝ Ջակարտա), Մակասարում և այլուր։ Գլխավորապես զբաղվել են վաճառականությամբ, մասամբ՝ արհեստով։

Հայ վաճառականները Ֆիլիպիններում հաստատվում են 16-17-րդ դարերում։ Եվրոպական առևտրականները հաճախ դիմում են վերջիններիս ծառայությանը։ Սովորաբար հայերը Ֆիլիպիններ նավարկում էին սեփական նավերով (հայ նավապետների ղեկավարությամբ և հայկական դրոշի ներքո), որոնք այդ շրջանում կազմել են, այսպես կոչված, «տեղական նավերի» (աշխարհի այդ շրջանի բոլոր նավերը, բացառությամբ եվրոպական փոքրաթիվ նավերի, որոնք իրավունք ունեին նավարկելու Եվրոպա՝ Աֆրիկան շրջանցելով) գերակշռող մասը։ Հայկական նավերը խարսխվում էին ոչ միայն եվրոպական գաղութներում, այլև Արևելքի պետություններում, որտեղ վայելում էին մեծ արտոնություններ։ Այդ երկրների տիրակալները, շահագրգռված լինելով հայ վաճառականների առևտրի խրախուսմամբ, հովանավորում էին նրանց, անհրաժեշտության դեպքում թույլ տալիս նավարկելու իրենց դրոշի ներքո։

Եվրոպական գաղութարարները հնարավորություն չունենալով ազնվորեն մրցակցել հայ վաճառականների հետ, որոնք գերազանցում էին փորձով, կապերով, պայմանների գիտակությամբ և վայելում էին տեղական տիրակալների հովանավորությունը, դիմում էին անսքող կամայականությունների, խտրականության, օգտվելով այդ պետությունների քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունից։ Հետագայում, երբ մանիլյան առևտուրը կորցրեց իր սկզբնական նշանակությունը, հայ վաճառականների առևտուրը շարունակում էր կապող օղակ մնալ Հնդկաստանի, Չինաստանի և Արևելքի այլ երկրների հետ ծավալվող առևտրում։ 18-րդ դարի կեսից ծովահենության ու կապերության և շարունակվող խտրականության հետևանքով Մանիլայի առևտրի հայկական մենաշնորհին վերջ տրվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոստանդնուպոլիս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Նոր Ջուղա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Սիրիայի հայկական գաղութը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Հայ վաճառականությունը և հայ առևտրական կապիտալը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]