Ագրա (անգլ.՝ Agra - Ագրա, հինդի՝ आगरा), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Ուտար Պրադեշ նահանգում, Ջամնա գետի (Գանգեսի վտակ) ափին։ Այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։ Քաղաքն ունի 1, 686, 976 բնակչություն։ Ագրա քաղաքը մայրաքաղաքի հետ կապում է արագընթաց երկաթգիծ։ Երկաթուղային հանգույց է, տնայնագործական արտադրության կենտրոն։ Համալսարանը հիմնադրվել է 1927-ին։
Առաջացել է որպես ամրոց XV դարում, քաղաք է XVI դարի սկզբից։ XVI-XVII դարերում եղել է Մեծ Մոնղոլների կայսրության մայրաքաղաքը։ Հարուստ է այդ ժամանակի ճարտարապետական հուշարձաններով (Ագրա ամրոցը, 1564-74, Մարգարտյա մզկիթը, 1646-53)։
Ագրա քաղաքի հայ համայնքը ձևավորվել է XVI դարի 2-րդ կեսին՝ մոնղոլ տիրակալ Աքբարի օրոք։ Նա հող է տրամադրել հայերին, իր թագավորության սահմաններում ազատ ելումուտի և առանց մաքսի առևտուր անելու իրավունք տվել հայ վաճառականներին։ 1562-ին Աքբարի թույլտվությամբ կառուցվել է հայկական եկեղեցի։ Հայերին վստահվել են պետական կարևոր պաշտոններ, ծագումով հայ Սիր Ադըլը եղել է երկրի բարձրագույն դատավորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի։ Հայուհի է եղել նաև Աքբարի կանանցից մեկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով։ Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ։ Համայնքը ստվարացել է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթից (XVI դարի վերջ-XVII դ. սկիզբ) հետո, երբ շատ հայեր Իրանից գաղթել են Հնդկաստան։ Մողոլների կայսրության անկումով (XVIII դարի վերջ) իր կարևորությունը կորցրել է նաև Ագրան։ Շատ ագրահայեր հեռացել են քաղաքից և հաստատվել Հնդկաստանի այլ բնակավայրերում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 53)։