Jump to content

Կեսարի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարի քաղաքացիական պատերազմ
Հռոմի քաղաքացիական պատերազմներ

Կեսարի արշավանքները պատերազմի ամբողջ ընթացքում
Թվական Մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10 - 45 թվականի մարտի 17 (4 տարի, 2 ամիս, 1 շաբաթ)
Վայր Հռոմեական Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Իլլիրիկում, Եգիպտոս, Աֆրիկա
Արդյունք Կեսարականների հաղթանակ
Հակառակորդներ
Կեսարականներ (պոպուլյարներ) Պոմպեոսականներ (օպտիմատներ)
Հրամանատարներ
Հուլիոս Կեսար
Մարկոս Անտոնիոս
Գայոս Սկրիբոնիոս Կուրիոն
Պուբլիոս Կոռնելիուս
Գնեոս Դոմիցիոս Կալվինոս
Դեցիմուս Յունիոս Բրուտոս Ալբինոս
Գայոս Տրեբոնիոս
Պոմպեոս  Ենթարկվել է մահապատժի
Տիտոս Լաբիեն
Սցիպիոն Ենթարկվել է մահապատժի
Կատոն Ենթարկվել է մահապատժի
Գնեոս Պոմպեոս
Պուբլիոս Ատտիոս Վարոս
Լ․ Դոմիցիոս Ագենոբարբ
Լուցիոս Աֆրանիոս Ենթարկվել է մահապատժի
Մարկոս Պետրեոս Ենթարկվել է մահապատժի
Սեքստոս Պոմպեոս
Արքա Յուբա Նումիդիացի Ենթարկվել է մահապատժի
Կեսարի քաղաքացիական պատերազմ
Մասսիլիա (ցամաքային), Իլերդա, Մասիլիա (ծովային), Ուտիկա, Բագրադա, Դիրախիում, Ֆարսալոս, Ռուսպինա, Տապսոս, Մունդա, Լաուրո

Կեսարի քաղաքացիական պատերազմ կամ Հռոմեական մեծ քաղաքացիական պատերազմ, Հռոմեական հանրապետության վերջին քաղաքական-ռազմական կոնֆլիկտներից մեկը, որը նախորդել է Հռոմեական կայսրության ստեղծմանը։ Դրա ընթացքում տեղի են ունեցել մի շարք քաղաքական և ռազմական առճակատումներ մի կողմից Կեսարի (մ․թ․ա․ 100-44 թվականներ), նրա կողմնակիցների (պոպուլյարներ) և լեգեոնների, իսկ մյուս կողմից՝ օպտիմատների, Սենատի, նրանց աջակցող Պոմպեոսի (մ․թ․ա․ 106-48 թվականներ) և նրա լեգեոնների միջև[1]։

Մինչև պատերազմի սկիզբը Կեսարը 8 տարի ծառայել էր Գալլիայում՝ հաղթանակ տանելով Գալլիական պատերազմներում։ Մ․թ․ա․ 60 թվականին Կեսարը, Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը հիմնադրել են առաջին եռապետությունը, որի միջոցով նրանք Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանել էին ազդեցության ոլորտների։ Կեսարը շուտով հասարակ ժողովրդի համար սիրելի է դարձել, իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Սենատը վախենում էր նրանից, ինչի հետևանքով պահանջել է նրանից վայր դնել իր լեգեոնների հրամանատարությունը և վերադառնալ Հռոմ։ Նա հրաժարվել է, անցել Ռուբիկոնը և իր զորքով շարժվել դեպի Հռոմ, ինչը հռոմեական իրավունքի կոպտագույն խախտում էր և պատժվում էր մահապատժով։ Այդ ժամանակ Պոմպեոսը փախել է Հռոմից և տեղափոխվել Հարավային Իտալիա՝ ընդդեմ Կեսարի զորք հավաքելու համար։

Պատերազմը 4 տարի շարունակ հանգեցրել է մի շարք քաղաքական և ռազմական բախումների Հռոմեական Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Իլլիրիկում, Եգիպտոս, Աֆրիկա պրովինցիաներում։ Պոմպեոսը կարողացել է Դիրախիումի ճակատամարտում հաջողության հասնել Կեսարի հանդեպ, սակայն ծանր պարտություն է կրել Ֆարսալոսի ճակատամարտի ժամանակ։ Մարկոս Բրուտոսի և Ցիցերոնի հրամանատարության ներքո մարտնչող օպտիմատները հանձնվել են, իսկ Կատոն Կրտսերի և Սցիպիոնի հրամանատարության տակ կռվողները՝ շարունակել պայքարը։ Պոմպեոսը փախել է Եգիպտոս և ժամանելուն պես սպանվել։ Մ․թ․ա․ 46 թվականին Սցիպիոնը պարտություն է կրել Հյուսիսային Աֆրիկայում՝ Տապսոսի ճակատամարտում։ Նա և Կատոնը ճակատամարտից քիչ անց ինքնասպանություն են գործել։ Հաջորդ տարի կեսարական ուժերը Մունդայի ճակատամարտում հաղթանակի է հասել վերջին օպտիմատների նկատմամբ և դարձել Հռոմի «ցմահ դիկտատոր»[2]։ Այս ամենը հետագայում հանգեցրել է Հռոմեական հանրապետության (մ․թ․ա․ 509-27 թվականներ) վերացմանը և Հռոմեական կայսրության (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476 թվականներ) ստեղծմանը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարի, Մարկոս Կրասսոսի և Գնեոս Պոմպեոսի միջև մ․թ․ա․ 60 թվականին Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանել են ազդեցության գոտիների, որով ստեղծվել է նոր համակարգ՝ հայտնի Առաջին եռապետություն անվամբ։ Մ․թ․ա․ 59 թվականին Կեսարն ընտրվել է Հռոմեական հանրապետության կոնսուլ, իսկ մ․թ․ա․ 58 թվականից սկսած 8 տարի շարունակ՝ Գալլիայի պորկոնսուլ։ Ժամանելով ներկայիս Ֆրանսիայի տարածքի հարավային մասում գտնվող հռոմեական պրովինցիա՝ Անդրալպյան (Նարբոնական) Գալլիա՝ Կեսարը գալլական ցեղերի դեմ պայքար է սկսել։ Գալլիական պատերազմները տևել են շուրջ 8 տարի։ Մ․թ․ա․ 50 թվականին, երբ ավարտվում էր Կեսարի պրոկոնսուլության ժամկետը, ամբողջ Գալլիան գտնվել է Հռոմի ենթակայության տակ։ Կեսարը հաճախ խնդիրներ է ունեցել Սենատի հետ, քանի որ նա պաշտպանել է պոպուլյարների շահերը։

Հռոմեական առաջին եռապետություն
Հուլիոս Կեսար (մ․թ․ա․ 100-մ․թ․ա․ 44)

Հուլիոս Կեսարը հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր էր։ Նա հպատակեցրել է ամբողջ Գալլիան, արշավանքներ է ձեռնարկել դեպի Բրիտանիա։ Հաղթել է քաղաքացիական պատերազմն ընդդեմ պոմպեոսականների, դարձել ցմահ դիկտատոր։ Սպանվել է մ․թ․ա․ 44 թվականին Հռոմում։


Պոմպեոս (մ․թ․ա․ 106-մ․թ․ա․ 48)

Պոմպեոսը հռոմեական նշանավոր զորավար և քաղաքական գործիչ։ Նա վարել է քաղաքացիական պատերազմ ընդդեմ կեսարականների և Ֆարսալոսի ճակատամարտում պարտություն կրելով՝ երկու ամիս անց սպանվել է Եգիպտոսում՝ Պտղոմեոս XIII-ի հրամանով։


Կրասսոս (մ․թ․ա․ 105 (102)-մ․թ․ա․ 53)

Մարկոս Կրասսոսը հռոմեացի նշանավոր ռազմական և քաղաքական գործիչ, որը կարևոր դեր է խաղացել Հռոմեական հանրապետությունից կայսրության անցման գործում։ Նա համարվել է նաև «Հռոմի ամենահարուստ մարդը»։ Նա զոհվել է Խառանի ճակատամարտում մ․թ․ա․ 53 թվականին։


Նույն ժամանակ մյուս եռապետերը (նաև կոչվում են տրիումվիրներ)՝ Պոմպեոսը և Կրասսոսը, նույնպես ղեկավարում էին հռոմեական տարբեր պրովինցիաներ։ Պոմպեոսը ղեկավարում էր Հեռավոր և Մերձավոր Իսպանիա, իսկ Կրասսոսը՝ Սիրիա պրովինցիաները։ Եռապետությանը մեծ հարված է հասցրել Կրասսոսի մահը Խառանի ճակատամարտում։ Կրասսոսի հարստությունն ու ազդեցությունը հաճախ հարթում էր Կեսարի և Պոմպեոսի տարաձայնությունները։ Մ․թ․ա․ 53 թվականին Կեսարը Պոմպեոսից խնդրել է նրա լեգեոններից մեկը՝ գալլական ցեղերի դեմ պայքարում այն օգտագործելու համար, իսկ Պոմպեոսն ընդառաջել է նրան, ինչը ցույց է տալիս նրանց բարեկամական հարաբերությունները։ Հետագայում, երբ ծննդաբերության ժամանակ մահանում է Հուլիոս Կեսարի աղջիկը, որը Պոմպեոսի կինն էր, Կեսարը Պոմպեոսին առաջարկում է նոր դինաստիական ամուսնության միջոցով ամրապնդել իրենց հարաբերությունները, սակայն այս առաջարկը մերժվում է Պոմպեոսի կողմից, որն ամուսնանում է Կեսարի վաղեմի թշնամու՝ Սցիպիոնի դստեր հետ՝ սկսելով մերձենալ օպտիմատների հետ։

Կեսարը և Պոմպեոսը հայտնվում են տարբեր ճամբարներում․ Կեսարն աջակցում էր պոպուլյարներին, իսկ Պոմպեոսը՝ օպտիմատներին։ Մ․թ․ա․ 52 թվականին, Պոմպեոսը Սենատի նախաձեռնությամբ ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Նա մի շարք օրենքներ է ընդունում, որոնք ուղղված էին Կեսարի դեմ։ Մ․թ․ա․ 50 թվականի կոնսուլական ընտրություններում հաղթնակ են տոնել Գայոս Կլավդիոս Մարցելոսը և Լուցիոս Էմիլիոս Պաուլոսը, որոնց ընտրվելը նպաստավոր էր Կեսարի համար։ Նա կարողանում է կաշառել իր վաղեմի թշնամիներից մեկին՝ Գայոս Սկրիբոնիոս Կուրիոնին[3], որը, օգտագործելով իր վետո տրիբունական իրավունքը, կարողանում է չեղարկել Կեսարի դեմ ընդունված օրենքները։ Շուտով նրա դիրքերը թուլացնելու համար Սենատը նրա մոտից հետ է կանչում 2 լեգեոններ՝ պատճառաբանելով պարթևական վտանգը։ Որոշ ժամանակ անց նրա և Պոմպեոսի հարաբերություններն ակնհայտ թշնամական բնույթ են ստանում։

Հռոմեական հանրապետությունը մ․թ․ա․ 49 թվականին

Մ․թ․ա․ 49 թվականի պլեյբեյական (ժողովրդական) տրիբուններ են ընտրվում Կեսարի կողմնակիցներ Մարկոս Անտոնիոսը և Քվինտոս Կասիոս Լոնգինուսը, սակայն Կեսարի թեկնածուն՝ Սուլպիցիոս Գալբան, չի կարողանում ընտրվել կոնսուլ։ Կոնսուլական ընտրություններում հաղթանակ էին տոնել Հուլիոս Կեսարի գաղափարական հակառակորդներ Գայոս Կլավդիոս Մարցելոսը և Լուցիոս Կոռնելիուս Լենտուլոս Կրուսը։ Դրությունը մնում էր չափազանց լարված․ Հռոմեական հանրապետության գլխին կախված էր նոր քաղաքացիական պատերազմ։ Հռոմում կեղծ լուրեր են տարածվում, որ Կեսարն անցել է Ալպերը և շարժվում է դեպի Հռոմ։ Ստեղծված իրավիճակում Կատոնը հանդես է գալիս խուճապային հայտարարություններով, ինչի հետևաքնով կոնսուլ Մարցելոսը (նա դեռևս կոնսուլ էր և գործելու էր մինչև մ․թ․ա․ 50 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ պաշտոնը կստանձնեին նոր կոնսուլները) հրավիրել է Սենատի արտահերթ նիստ և առաջարկել, որ այն երկու լեգեոնները, որոնք Կեսարը հետ էր ուղարկել Գալլիայից, և որոնոք Կապուայում գտնվում էին մարտական դրության մեջ, հանել Կեսարի դեմ և նրան ճանաչել ժողովրդի թշնամի։ Կուրիոնի՝ Կեսարի դեմ այս որոշման ընդունմանը խոչընդոտելու ջանքերից հետո կոնսուլ Մարցելոսն ասում է, որ եթե իրեն խանգարում են ընդհանուր որոշում կայացնել, ապա նա այն անց կկացնի իր անունից։ Նա իր համակիրների և նորընտիր կոնսուլների հետ միասին հանդիպում է քաղաքից դուրս գտնվող Պոմպեոսի հետ։ Կոնսուլը նրան հրամայում է պաշտպանել հանրապետությունը, Պոմպեոսին է հանձնվում նոր հավաքագրված լեգեոնների հրամանատարությունը, ապա սկսվում է նոր զորահավաք։ Ստեղծված իրավիճակում Կուրիոնը ժողովրդական ժողովում խիստ քննադատում է կոնսուլի հակաօրինական քայլերը[4], ապա լքում է Հռոմը և մեկնում Կեսարի մոտ, որը գտնվում է Հռավեննայում՝ իր իշխանության տակ եղած մի իտալական քաղաքում։

Ժամանելով Հռավեննա՝ Կուրիոնը խորհուրդ է տալիս Կեսարին ժամանակ չկորցնել և առաջին հարվածը հասցնել Սենատին և Պոմպեոսին, սակայն նա Կեսարին գտնում է անվճռականության մեջ։ Կեսարը պատրաստ էր պատերազմի, սակայն փորձում էր հնարավորության դեպքում խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Կեսարը պատրաստ էր լուրջ զիջումների․ նա համաձայն էր մ․թ․ա․ 49 թվականի մարտին վայր դնել 8 լեգեոնների հրամանատարությունը, իր մոտ պահել միայն 2 լեգեոն, թողնել Անդրալպյան Գալլիայի կառավարումը՝ իր մոտ թողնելով Այսրալպյան (Ցիսալպիան) Գալլիան և Իլլիրիկումը։ Կեսարը համաձայն էր կատարել վերոնշյալ դրույթները միայն այն դեպքում, եթե նույնը կատարեր նաև Պոմպեոսը։ Ցիցերոնը նույնպես դեմ չէր բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը, սակայն պատերազմի դեպքում պատրաստ էր աջակցել Պոմպեոսին։ Նա երկու հանդիպում է ունենում Պոմպեոսի հետ, որոնց մասին գրված իր նամակներից պարզ է դառնում, որ չնայած Պոմպեոսը նույնպես զերծ չէր անվճռականությունից, սակայն դեմ էր բանակցություններին և ցանկանում էր խնդիրը լուծել պատերազմի միջոցով։ Կեսարի՝ բանակցությունների մասին առաջարկները Սենատի կողմից անպատասխան են մնում։

Մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 1-ին նոր կոնսուլներն անցան իրենց պարտականությունների կատարմանը։ Նույն ժամանակ Կեսարի մոտից Հռոմ էր վերադարձել նաև Կուրիոնը՝ իր հետ բերելով Կեսարի նամակը։ Նա հասնում է Սենատում նամակի ընթերցմանը[5]։ Կեսարն իր նամակում մանրամասնորեն թվարկում էր իր՝ Հռոմեական հանրապետությանը մատուցած ծառայությունները, ապա հայտարարում, որ եթե Պոմպեոսը պահպանի իր իշխանությունը, ապա ինքն էլ դրանից չի հրաժարվի, այլ նույնիսկ այն կկարողանա օգտագործել։ Հենց այս տողերի համար նամակը Ցիցերոնի կողմից անվանվում է «կոպիտ և սպառնալիքներով լի»[6][7][8][9]։ Կեսարի նամակը որևէ ազդեցություն չի ունեցել Սենատի վրա։ Այդ ժամանակ նորընտիր կոնսուլ Լենտուլոսը հայտարարում է, որ ինքը բավականաչափ վճռական և հաստատակամ է այս հարցում, և եթե սենատորներն անվստահություն չցուցաբերեն, ապա խնդիրը կլուծվի։ Պոմպեոսի աներ Սցիպիոնն ավելացրել է, որ Պոմպեոսը նույնպես կօգնի Սենատին և առաջարկել է անցնել անհապաղ գործողությունների։ Նրա առաջարկությունը, որն առաջարկում էր Կեսարին տալ որոշակի ժամանակ իր լիազորությունները վայր դնելու համար, ընդունվել է։ Եթե Կեսարը չկատարեր Սենատի որոշումը, կհայտարարվեր հայրենիքի թշնամի, որը պետական հեղաշրջում է ծրագրում։ Ժողովրդական տրիբուններ Մարկոս Անտոնիոսը և Կասսիոս Լոնգինը վետո են (արգելք) դրել այդ որոշման վրա։

Հռոմեական առաջին եռապետության եռապետերը՝ աջից՝ Հուլիոս Կեսար, կետրոնում՝ Կրասսոս, ձախից՝ Պոմպեոս

Կատոնի կուսակիցները, որոնց թիկունքում կանգնած էր Պոմպեոսը, հունվարի 7-ին Սենատում կարողացել են հասնել Հռոմեական հանրապետութունում արտակարգ դրություն (senatusconsultum ultimum) հայտարարմանը, ինչի հետևանքով կոնսուլները, պրետորները, տրիբունները և պրոկոնսուլության իրավունքով օժտված քաղաքին մոտ գտնվող անձինք օժտվեցին անսահմանափակ իրավունքներով։ Դրանով վտանգվում էր Կեսարի կողմնակիցների՝ կեսարականների անվտանգությունը։ Անտոնիոսը, Կուրիոնը և Կասսիոսը, վախենալով իրենց կյանքի համար, հագնելով ստրուկների շորեր, վարձու կառքով փախչում են Հռոմից և միանում Կեսարին[10][11][12]։ Հունվարի 8-ին և 9-ին տեղի են ունեցել Սենատի նիստեր, որոնք անց են կացվել Հռոմից դուրս, որպեսզի հնարավորություն տան մասնակցել նաև Պոմպեոսին։ Այստեղ վերջնական ընդունվում Սցիպիոնի՝ հունվարի 1-ի նիստի ժամանակ հնչեցված առաջարկը (քանի որ տրիբունները փախել էին Հռոմից, որոշումն անարգել ընդունվել է)։ Պոմպեոսն իրավունք է ստանում օգտագործել պետական գանձարանի միջոցները, հավաքագրել նոր զորքեր, տեղի է ունենում նաև պրովինցինցիաների վերաբաշխում։ Սցիպիոնը ստանում է Սիրիան, Կեսարի պրովինցիաներից Այսրալպյան Գալլիան ստանում է Դոմիցիոս Ագենոբարբը, իսկ Անդրալպյան Գալլիան՝ Կոնսիդիոս Նոնիանը[13]։ Նույն նիստին Պոմպեոսը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իր տրամադրության տակ կան 9 լեգեոններ, որոնք պատրաստ են մտնել ռազմական բախման մեջ, իսկ ըստ իր հավաստի տվյալների՝ Կեսարը հեղինակություն չունի իր զորքի շրջանում, որը մտադիր չէ նրան պաշտպանել[14]։ Այս ամենն ի չիք են դարձնում Կեսարի՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը, և նա պատրաստվում է անցել Ռուբիկոնը և շարժվել դեպի Հռոմ[15]։

Քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբիկոնի գետանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեսարի հրամանատարությամբ Ռուբիկոնի գետանցումը՝ ըստ Ձեյքոփ Աբբոթի

Հունվարի 12-ին Կեսարը հավաքում է իր տրամադրության տակ տվյալ պահին եղած միակ լեգեոնը՝ 13-րդը, և հանդես գալիս ազդեցիկ կառուցված ճառով։ Նա իր ճառում նշում է, որ իր հակառակորդները Պոմպեոսին շեղել են ճիշտ ճանապարհից, ում նկատմամբ ինքը՝ Կեսարը, միշտ բարեկամական է տրամադրված եղել։ Նա նշում է, որ ոտնահարված են տրիբունների իրավունքները, որոնք չեն ոտնահարվել նույնիսկ Սուլլայի ժամանակաշրջանում։ Կեսարը խնդրում է իր զինվորներին պաշտպանել իրենց զորավարի բարի անունը, որի հետ միասին նրան 10 տարի շարունակ հաղթական կռիվներ են մղել Գալլիայում և Բրիտանիայում։ Զինվորները բարձր բացականչություններով հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանելու իրենց զորավարին և ժողովրադական տրիբուններին[16]։

Մինչև որոշված գետանցումը կատարելը՝ Կեսարն իր մոտ է կանչում նաև Ալպերի մյուս կողմում մնացած սեփական զորքերին, սակայն չի սպասում նրանց ժամանմանը և մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 13-ին նա, ղեկավարելով միայն XIII Զույգ լեգեոնը, անցնում է Ռուբիկոն գետը։ Գետանցման պահին Կեսարի տրամադրության տակ եղել է 5000 հետևակ և 300 հեծյալ, որոնց թիվը հետագայում մեծացել է Ալպերից այն կողմ գտնվող զորքերի ժամանմամբ։ Մինչ այդ Կեսարը միայն Հարավային Գալլիայից մինչև Իլլիրիկում ընկած տարածքների ղեկավարն էր։ Զորքերի հետ գետանցումն արգելված էր հռոմեական օրենքներով․ եթե զորավարը կանչվել էր Հռոմ կամ անհրաժեշտ էր մտնել բուն Իտալիա, ապա զորքերի հրամանատարը պարտավոր էր վայր դնել իր իմպերիումը (զորքերի հրամանատարության իրավունքը), ցրեր բոլոր զորքերը և այդպես միայն մտներ Իտալիա։ Նրա հետ մեղավոր էին ճանաչվում նաև այն զինվորները, որոնք ենթարկվել էին այդ անօրինական հրամանին և հատել սահմանը՝ այս դեպքում Ռուբիկոնը, որը հյուիսի-արևելքում գտնվող Այսրալպիան Գալլիայի և հարավում գտնվող Իտալիայի սահմանն էր։ Ե՛վ զորքերի հրամանատարը, և՛ զինվորներն այս օրենքը խախտելու հետևանքով ինքնաբերաբար դատապարտվում էին մահապատժի։ Գետանցումը Սենատի կողմից ընդունվում է որպես ապստամբություն, դավաճանություն և պատերազմ հայտարարում իրեն։ Ըստ մի շարք պատմիչների՝ Կեսարը հենց գետանցման ժամանակ է ասել իր հայտնի խոսքերից մեկը՝ «Վիճակը նետված է» (լատին․՝ alea iacta est)[17]։ Այսօր «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը որպես դարձվածք մտել է մի շարք լեզուներ և նշանակում է վճռորոշ, անդարձ քայլ կատարել[18]։ Սակայն Կեսարը, ըստ Սվետոնիոսի, գետանցման ժամանակ փոքր-ինչ անվստահ է եղել։ Նա հայտնում է, որ Կեսարը դիմել է իր զինակիցներին՝ ասելով․ «Դեռևս ուշ չի վերադառնալ, բայց բավական է անցնել այս փոքրիկ կամուրջը, և ամեն ինչ կորոշի զենքը»։ Մեկ այլ պատմիչ՝ Ապպիանոսը, հայտնում է, որ Կեսարն ասել է․ «Եթե ետ կանգնեմ անցումից, բարեկամնե՛ր, դա փորձանքի սկիզբ կլինի ինձ համար, իսկ եթե անցնեմ՝ բոլոր մարդկանց համար»[19][20][21]։ Պլուտարքոսը նշում է, որ Կեսարը գիտակցել է իր քայլի լրջությունը և գիտեր, որ հետագա սերունդների կողմից այն կարող էր ընկալվել որպես դավաճանություն։ Սվետոնիոսը և Պլուտաքրոսը նշում են նաև մի շարք գերբնական նշանների մասին, որոնք «նախանշում էին» գետանցման հետագա հաջողությունը[19][22]։ Անցնելով Ռուբիկոնը՝ Կեսարը նախ սկսել է շարժվել դեպի Արիմինի[23]։

Երթ դեպի Հռոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբիկոնի գետանցումից հետո՝ նույն գիշերը, գրավվում է Արմինը, որտեղ Կեսարի ուժերը ոչ մի դիմադրության չեն հանդիպում։ Հունվարի 16-ին Արմինի գրավման մասին լուրը հասել է Հռոմ, իսկ հաջորդ օրը լուր է եկել Պիզավ, Անկոնա, Արրետիում քաղաքների գրավումների մասին։ Հռոմում խուճապ է սկսվում․ նույն օրը Սենատը արտահերթ նիստ է հրավիրում, որտեղ Պոմպեոսից պահանջվում է պատասխան, այն մասին, թե որտեղ է նրա զորքը։ Սենատորներից մեկը բացահայտորեն մեղադրում է Պոմպեոսին խաբեության մեջ, քանի որ պարզվում է, որ տվյալ պահին զորավարի տրամադրության տակ Կեսարին դիմադրելու համար բավարար քանակությամբ ուժեր չկային։ Առաջարկություն է լինում Կեսարի մոտ պատվիրակություն ուղարկել, ինչին կողմ է արտահայտվում Ցիցերոնը, սակայն առաջարկությունը մերժվում է։ Սենատն ընդունում է Կատոնի առաջարկը, ըստ որի՝ առաջարկվում էր զորքերի հրամանատարությունը հանձնել Պոմպեոսին, քանի որ «այդ մեծ աղետների մեղավորն ինքը պետք է դրանց վերջ տա»[24][25][26]։ Այդ ժամանակ Պոմպեոսն արտահայտում է մի առաջարկ, ըստ որի՝ պետք էր թողնել Հռոմը։ Նա կոչ է անում մագիստրոներին և սենատորներին հետևել իրեն և լքել Հռոմը, իսկ այն պաշտոնյաները, որոնք կմնային Հռոմում, կհամարվեին Կեսարի կողմնակից և հայրենիքի թշնամի[27]։

Ռուբիկոնի գետանցումը և ռազմական գործողությունները մինչև Կեսարի՝ Հռոմ մտնելը
Հռոմը նմանվում էր մի նավի, որը վարում էին հուսահատված նավավարները, նավի, որը դեգերում էր ալիքների մեջ և թողնված էր կույր ճակատագրի քմահաճույքին։

- Պլուտարքոս Հռոմի վերաբերյալ[28]

Պոմպեոսը հունվարի 17-ին թողել է Հռոմը և կոնսուլների, սենատորների մեծ մասի հետ հեռացել Հռոմից։ Այս փախուստն այնքան հապշտապ էր, որ նա նույնիսկ չի հասցնում իրականցնել պատերազմից առաջ կատարվող ծիսակատարությունները։ Նույն ժամանակ Կեսարի մոտ են գալիս Պոմպեոսի կողմից ուղարկված բանագնացները՝ Ռոսցիոսը և Լուցիոս Հուլիոս Կեսար Կրտսերը, որոնք ձևակերպու են Պոմպեոսի առաջարկները։ Այնժամ Կեսարը Պոմպեոսին պատասխանում է իր նախկին առաջարկությամբ՝ միաժամանակ ցրել բոլոր զորքերը և մասնակցել ընտրությունների։ Բանագնացները Պոմպեոսի մոտ են վերադառնում հունվարի 23-ին։ Այդ ժամանակ Պոմպեոսը գտնվում էր Կապուայում։ Կեսարի առաջարկները բավարար ընդունելության չեն արժանանում. որպես պատասխան առաջ է քաշվում այնպիսի պայմաններ, որոնք Կեսարի համար սկզբունքայնորեն անընդունելի էին։ Այս վճռանական պատասխանի գործում հնարավոր է որոշ դեր է խաղացել այն հանգամանքը, որ նախորդ օրը Պոմպեոսը հանդիպել էր Կեսարի հակառակորդ Լաբիենի հետ և տեղեկացել, որ Կեսարի զորքը թույլ ու անհուսալի է։

Քանի որ իր առաջարկները չեն ընդունվում Պոմպեոսի կողմից, Կեսարը շարունակում է իր առաջխաղացումը դեպի բուն Իտալիա։ Նա իր զորքից առանձնացրել է 3 կոհորտա և Կուրիոնի ղեկավարությամբ ուղարկել Իգուվի, իսկ իր 13 կոհորտաներով շարժվել դեպի Աուկսիմ։ Երկու քաղաքներն էլ առանց դիմադրություն ցուցաբերելու հանձնվել են Կեսարին․ քաղաքների կայազորների հրամանատարները՝ Թերմը և Ատտիոս Վարոսը փախչում են[29]։ Աուկսիմից հետո Կեսարն առանց դիմադրության հանդիպելու արագորեն գրավում է ամբողջ Պիցենիայի մարզը։ Ցինգուլ քաղաքի հանձնվելուց հետո Կեսարի մոտ է հասնում նրա՝ Անդրալպյան Գալլիայից եկած 12-րդ լեգեոնը։ Միացյալ լեգեոններով Կեսարը հեշտությամբ տիրում է մարզի կենտոնին՝ Պիցենյան Ասկուլին։ Նույն ժամանակ Պոմպեոսի գլխավոր ուժերը տեղակայված էին Իտալիայի հարավում՝ Կամպանիայում և Ապուլիայում, իսկ միջին Իտալիայում՝ Կորփինիայում, Կեսարի դեմ ուժեր էր հավաքագրել նրա հակառակորդ Դոմիցիոս Ագենոբարբը։ Այս ուժերի միացման դեպքում Պոմպեոսը շանս կունենար դիմակայել Կեսարին, սակայն զորքերի միացում տեղի չի ունենում, քանի որ Ագենոբարբը փոխում է իր միտքը և մնում Կորփինիայում՝ պատրաստվելով պաշտպանության[30]։

Ի վերջ Կեսարը պաշարում է Կորփինիան և սկսում դանդաղորեն հյուծել այն։ Ագենոբարբի տրամադրության տակ կար 30 կոհորտա։ Վտանգ կար, որ պաշարումը կարող է երկար տևել, սակայն Կեսարի կիրառած ռազմավարության շնորհիվ այն տևում է ընդամենը 7 օր[31][32]։ Փետրվարի 19-ին գրավվում է Կորփինիան, իսկ Ագենոբարբը փորձում է փախուստի դիմել, սակայն բռնվում է քաղաքի բնակիչների կողմից և ներկայացվում Կեսարին։ Այդ ժամանակ Կեսարը քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին անգամ ակնառու կերպով գործածում է «գթասրտության քաղաքականությունը» և խրատելով քաղաքի ամբողջ վերնախավին՝ սենատորներին, զինվորական տրիբուններին, ինչպես նաև Ագենոբարբին (շուրջ 50 հոգի)՝ բոլորին բաց է թողնում։ Հետագայում բաց թողնվածների մեծամասնությունը շարունակում է սպասարկել Պոմպեոսի շահերը։ Կեսարի այս քայլի լուրը տարածվում է ամբողջ Իտալիայում, ինչի շնորհիվ Կեսարը սկսում է լայն ժողովրդավարություն վայելել։

Շուտով Պոմպեոսն իմանում է Կորփինիայի անկման մասին[33] և մեկնում Կանուս, իսկ այնտեղից՝ Բրունդիզիա[34], որտեղ պատրաստվում էր կենտրոնացնել նոր հավաքվող զորքերը։ Հավանաբար նա արդեն կայացրել էր իր՝ Բալկանյան թերակղզի մեկնելու որոշումը։ Երբ մարտի 2-ին Կեսարը դուրս է եկել Կորփինիայից, փորձել է կապ հաստատել կոնսուլ Լենտուլոսի հետ և հեռացնել նրան Պոմպեոսից, սակայն դա չի ստացվել, քանի որ կոնսուլները և Պոմպեոսի զորքերի մի մասն արդեն ուղարկված էին Բալկանյան թերակղզի՝ Դիրախիում։ Այդ ժամանակ Կեսարը կատարում է ևս 2 փորձ՝ Պոմպեոսին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար, սակայն այդ դեմարշներից առաջինը բնավ պատասխան չի ստանում, իսկ երկրորդին ի պատասխան՝ Պոմպեոսը հայտարարում է, որ քանի որ կոնսուլները բացակայում են, բանակցություններ վարելու հնարավորություն չկա։

Բրունդիզիայի պաշարումը Կեսարի կողմից

Կեսարը Բրունդիզիային է մոտենում միայն մարտի 9-ին, երբ իր տրամադրության տակ ուեր 6 լեգեոն։ Նա սկսում է պաշարումը, ապա աշխատանքներ տանում նաև ծովային դիրքերն ամրապնդելու նպատակով, սակայն վերջինս նրա մոտ հաջող չի ընթանում, և Պոմպեոսն իր զորքերի հետ միասին մարտի 17-ին նստում է Դիրախիումից հետ եկած նավերը և ինքն էլ ուղևորվում այնտեղ։ Քանի որ ամբողջ առկա նավատորմը գտնվում էր Պոմպեոսի տրամադրության տակ, Կեսարն ի վիճակի չէր այդ պահին սկսել իր հակառակորդի հետապնդումը ծովում։ Ըստ Պլուտարքոսի՝ Պոմպեոսի «փախուստը» ծովով մեծ զարմանք էր պատճառել Կեսարին, քանի որ նա իր տրամադրության տակ ուներ լավ բանակ և ամուր քաղաք, իսկ ինքը՝ Պլուտարքոսը, այդ գործողությունը համարում է բավականին հաջողված ռազմական գործողություն։ Կեսարը մնում է Իտալիայում և 60 օրվա ընթացքում առանց որևէ արյունահեղության իրեն ենթարկում ամբողջ Իտալիան[35]։

Պոմպեոսի հեռացումն Իտալիայից հիասթափություն է առաջացնում իր համակիրների շարքերում։ Այդ հիասթափությունը զգացվում է Ցիցերոնի նամակագրություններում։ Երբ Ցիցերնը նոր էր վերադարձել իր՝ պրոկոնսոլական իշխանության տակ գտնվող պրովինցիայից, Պոմպեոսի քայլերն անհանգստություն էին պատճառում նրան։ Ավելի ուշ, երբ Կեսարն արդեն անցել էր Ռուբիկոնը, Ցիցերոնը հայտարարում է, որ «Պոմպեոսը չափազանց ուշ էր սկսել վախենալ Կեսարից», ապա հայտնի փիլիսոփան բացահայտորեն սկսում է հավանություն չտալ Պոմպեոսի քայլերին և հրապարակայնորեն նրան համեմատում է Թեմիստոկլեսի հետ, իսկ հունվարի վերջին խոսում էր Պոմպեոսի՝ որպես զորավարի, անընդունակության մասին[36]։ Նա Պոմպեոսի՝ Իտալիան թողնելը համարում է դավաճանություն իրենց գործին։ Սակայն Ցիցերոնը երկար ժամանակ հույս էր փայփայում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Մեր Պոմպեոսը ոչ մի խելացի, ոչ մի քաջարի բան չարեց և, վերջապես, ոչ մի բան չարեց, որը չհակասեր իմ խորհուրդներին ու իմ հեղինակությանը։ Ես գիտեմ, թե ումից փախչեմ, բայց չգիտեմ, թե ում հետևեմ։ Ինքը սնեց-աճեցրեց Կեսարին, ինքն էլ հանկարծ սկսեց վախենալ Կեսարից, խաղաղության ոչ մի պայմանի հավանություն չտվեց, պատերազմի համար ոչինչ չնախապատրաստեց, Հռոմը թողեց, Պիցենյաց մարզը կորցերց իր մեղքով, Ապուլիայում երկար նստեց, վերջապես սկսեց Հունաստանի գնալու մասին մտածել, առանց մեզ դիմելու, թողնելով մեզ անմասն այդքան կարևոր և այդքան արտասովոր որոշում կայացնելու հարցում։

- Ցիցերոնի վերաբերմունքը Պոմպեոսի հանդեպ իր նամակներից մեկում, մ․թ․ա․ 49 թվականի փետրվարի երկրորդ կես

Կեսարը Բրունդիզիայից մեկնում է Հռոմ։ Այստեղ նրան էին սպասում Սենատի այն ներկայացուցիչները, որոնք չէին հետևել Պոմպեոսի խորհրդին և չեն հեռացել Հռոմից, սակայն վախենում էին նաև մնալուց[35][37]։ Հռոմ վերադառնալու ճանապարհին Կեսարը նամակով դիմում է Ցիցերոնին և նրան առաջարկում ներկա գտնվել ապրիլի 1-ին տեղի ունենալիք Սենատի նիստին, ապա դեմ առ դեմ հանդիպման ժամանակ շարունակում այդ անհաջող փորձերը․ Ցիցերոնը մերժում է այդ առաջարկը։ Սենատի նախատեսվող նիստն այնուամենայնիվ տեղի է ունենում, որտեղ Կեսարը հանդես է գալիս ճառով։ Նա ստեղծված իրավիճակի համար մեղադրում է թշնամիներին, քանի որ նրանք անարդար էին վարվել և իրեն հասցրել էին վիրավորանքներ։ Կեսարը Սենատին առաջարկում է նաև համագործակցել իր հետ, հասկացնելով, որ առանց դրա էլ ինքը գլուխ կհանի։ Իր ճառի վերջում Կեսարը պնդում էր, որ Պոմպեոսի հետ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է պատվիրակություն ուղարկել Բալկանյան թերակղզի։ Այս որոշումն ընդունվում է, սակայն հնարավոր չի լինում այն կյանքի կոչվել, քանի որ որպես պատվիրակ Պոմպեոսի մոտ գնալ ցանկացողներ չեն գտնվում։

Հետագա պատերազմը վարելու համար Կեսարին անհրաժեշտ էին միջոցներ։ Այդ միջոցները հայթայթելու համար Կեսարն օգտագործում է պետական գանձարանը։ Այս հարցում Կեսարը հանդիպում է ժողովրդական տրիբուն Ցեցիլիոս Մետելլոսի դիմադրությանը, սակայն առաջին անգամ դիմում է ուժի և կոտրում գանձարանի դռները, իսկ տրիբունին մահվան սպառնալիք տալիս՝ ասելով, որ իր համար այդ բանն ասելն ավելի դժվար է, քան անելը։ Սակայն Կեսարը կատարում է նաև մի շարք բարեփոխումներ։ Նա վերականգնում է բոլոր նրանց երեխաների իրավունքները, որոնք Սուլլայի բռնապետության տարիներին ընկել էին պրոսկրիցիայի ենթարկվածների ցանկի մեջ։ Կեսարը Հռոմի բնակիչներին բաժանում է հաց և որոշակի դրամական պարգև։ Այս ամենից հետո Կեսարը սկսում է Հռոմը թողնելու պատրաստություններ տեսնել։ Նա տարբեր պրովինցիաներում պոմպեոսական պրոկոնսուլներին սկսում է փոխարինել իրեն հավատարիմ մարդկանցով։ Քաղաքային գործերի համակարգող է նշանակվում պրետոր Էմիլիոս Լիպիդը, իսկ Իտալիան հանձնվում է տրիբուն Մարկոս Անտոնիոսին։ Կեսարը Հռոմը լքել է ապրիլի առաջին օրերին և սկսել շարժվել Իսպանիա, որը տարիներ շարունակ եղել էր Պոմպեոսի պրոկոնսուլական պրովինցիան[38]։

Առաջին իսպանական արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասսիլիայի պաշարում, մ․թ․ա․ 9թ վական

Դուրս գալով Հռոմից՝ Կեսարը տեղեկանում է, որ Պոմպեոսն Ագենբորբին, որին ինքը՝ Կեսարը, ազատ էր արձակել, ուղարկել է Մասսիլիա (այժմ՝ Մարսել) քաղաքը գրավելու։ Կեսարը և Ագենոբարբը գրեթե միաժամանակ են մոտենում քաղաքին։ Այդժամ Մասսիլիայի սենատը չեզոքություն է հայտարարում, սակայն քիչ անց պարզվում է, որ ոչ միայն հոժարակամ ընդունել էր Ագենոբարբին, այլ նաև նրան նշանակել քաղաքի պարետ։ Այս ամենը բարկություն է առաջացնում Կեսարի մոտ, որը հրամայում է պաշարել քաղաքը և՛ ցամաքային, և՛ ծովային կողմերից։ Այս նպատակի համար կառուցվում է նաև նավատորմիղ։ Մասսիլիայի պաշարման գործողության ղեկավարումը հանձնելով Դիցիմուս Յունիոս Բրուտոսին և Գայոս Տրեբոնիոսին՝ Կեսարը շարժվում է դեպի «Պոմպեոսի պրովինցիա»՝ Իսպանիա։

Իսպանական արշավանքի ընթացքում Կեսարին հիմնականում անհարաժեշտ է լինում պայքարել Պոմպեոսի երկու լեգատների՝ Լուցիոս Ափրանիոսի և Մարկոս Պետրեոսի դեմ։ Ռազմական գործողությունների կենտրոնը հիմնականում Իլերդա քաղաքն էր։ Սկզբում ռազմական գործողությունները Կեսարի համար հաջող չընթացան։ Սիկարիս գետի վարար հոսանքի արդյունքում ջարդուփշուր եղան Կեսարի կառուցած կամուրջները, ինչի հետևանքով Կեսարը հայտնվում է շրջափակման մեջ՝ կտրված մթերքից և պարենից։ Ըստ Կեսարի՝ Ափրանիոսն ու Պետրեոսն այդ ժամանակ սկսել էին արդեն հաղթական նամակներ հղել Հռոմ՝ կանխատեսելով պատերազմի ավարտ հօգուտ պոմպեոսականների[39][40]։ Այս ժամանակ էլ, ինչպես նշում է Կեսարը, շատ սենատորներ վերջնական որոշում են ընդունում փախչել Պոմպեոսի մոտ և իրենց հավատարմությունը հայտնել նրան․ այդ սենատոնրների շարքում էր նաև Ցիցերոնը, որը, չնայած Հուլիոս Կեսարի նամակներին և Մարկոս Անտոնիոսի կտրուկ արգելքին, մեկնում է Հունաստան[41]։

Կեսարի անցած ուղին առաջին իսպանական արշավանքի նախօրյակին, Մասսիլիայի պաշարում

Սակայն շուտով Կեսարի դրությունը լավանում է։ Նա կարողանում է հակառակորդից գաղտնի, իր ճամբարից մոտ 30 կմ հեռավարության վրա, կամուրջ կառուցել և այդպիսով վերականգնել իր զորքի պարենավորման հարցը։ Նույն ժամանակ լուր է ստացվում նաև Մասսիլիայից, որ Դիցիմոս Բրուտոսը կարողացել էր իր նավատորմով պարտության մատնել հակառակորդի՝ շրջափակումը ճեղքել ցանկացող նավատորմին։ Պատերազմում կարևոր նշանակություն է ունենում այն, որ Իբերից հյուսիս ընկած 5 համայնքներ անցնում են Կեսարի կողմը, ինչին հաջորդում է նաև մի քանի այլ համայնքների հավատարմություն հայտնելը Կեսարին։ Այս ամեն ինչի համար հիմք է հանդիսացել ոչ միայն Կեսարի ունեցած համբավը, այլ նաև այն, որ երբ Կեսարը եղել էր Հեռավոր Իսպանիայի պրոպրետոր, ազատել էր այս համայնքներին Մետելլոս Պիոսի դրած ռազմատուգանքից[42]։ Դրությունն այնքան է փոխվում պոմպեոսականների համար, որ Պետրեոսը և Ափրանիոսը ստիպված էին նահանջել կելտիբերների մարզ, որտեղ պոմպեոսականների դիրքերն ավելի ամուր էին։ Սակայն Կեսարը կարողացավ ճշգրիտ մանևրման միջոցով կտրել նրանց՝ Իբեր տանող ճանապարհը և ստիպել հետ նահանջել դեպի Իլերդա, որտեղ առանց որևէ արյունահեղության Կեսարը մի ջրազուրկ վայրում կարողանում է շրջապատել Ափրանիոսին և Պետրեոսին և ստիպել անձնտուր լինել։ Այս անձնատվության հարցում կարևոր դեր խաղաց նաև պոմպեոսականների զորքի կարգապահության բացակայությունը։ Օգոստոսի 2-ին սկսվում են բանակցություններ, որտեղ Ափրանիոսը և Պետրեոսը ստիպված էին ընդունել Կեսարի բոլոր պայմանները։ Դրանք ընդունելի էին ամբողջ զորքի համար։ Ըստ դրանց՝ պետք է ցրվեր Պետրեոսի և Ափրանիոսի զորքը, որի իսպանացի զինվորներն արձակվում էին անմիջապես, իսկ մյուսները՝ Վարա գետի մոտ, որն Իսպանիայի և Գալլիայի սահմանային գետն էր։

Դրությունն այլ էր Հեռավոր Իսպանիայում։ Իսպանիայում վերջնական հաղթանակ տանելու համար Կեսարը պետք է հաղթեր այստեղի կառավարչին՝ Մարկոս Տերենտիոն Վարրոնին, որը, ըստ Կեսարի, «տատանվում էր բախտի տատանմանը զուգընթաց»։ Երբ Կեսարը պատերազմի ընթացքում հայտնվել էր շրջափակման մեջ, այդ ժամանակ էլ Վարրոնը սկսել էր պատրաստվել Կեսարի դեմ պատերազմի։ Երբ արդեն դրությունը փոխվում է հօգուտ Կեսարի, Վարրոնն ուզում էր 2 լեգեոնով գնալ Գադես, որտեղ նա ցանկանում էր կենտրոնացնել զորքը, նավերը և պարենը, սակայն մինչև նրա՝ Գադես հասնելը տարածաշրջանի բոլոր համայնքները, այդ թվում նաև Գադեսը, անցել էին Կեսարի կողմը։ Կեսարի կողմ է անցնում նաև հակառակորդի մի դասալիք լեգեոն։ Ստեղծված իրավիճակում Վարրոնին ոչ մի բան անել չէր մնում, քան հանձնել զորքերի ղեկավարությունը Կեսարի կողմից նշանակված մի սպայի և ներկայանալ Կորդուբա, որտեղ տեղի էր ունենալու տեղական բոլոր իշխանությունների ղեկավարների հավաք։ Այստեղ Կեսարը հրավիրում է ժողովրդական ժողով և հանդես գալիս հանդիսավոր ճառով, շնորհակալություն հայտնում իր բոլոր աջակիցներին և հավատարիմներին։ Նա նաև պարգևներ է տալիս բոլոր այն համայնքներին, որոնք աջակցել էին իրեն։ Կեսարը Կորդուբայից մեկնում է Գադես, ապա Տարրակո, որտեղ նա սպասում էր Մերձավոր Գալլիայի դեսպանությանը։ Այստեղ նույնպես տեղի է ունենում հանդիսավոր ժողով, պարգևատրումներ։

Սվետոնիոսը Իլերդայի ճակատամարտի մասին

Երբ Իլերդայի մոտ բանակցություններ էին վարում հանձնվելու մասին և երկու զորքերն էլ արդեն գտնվում էին անընդմեջ շփման և հարաբերությունների մեջ, Ափրանիոսը և Պետրեոսը, անսպասելիորեն փոխելով մտքները, հանկարծակիի բերեցին և մահապատժի ենթարկեցին իրենց բանակատեղիում գտնվող Կեսարի բոլոր զինվորներին, բայց Կեսարը չընդօրինակեց իր ճաշակած ուխտադրժությունը։

Կեսարի առաջին իսպանական արշավանքը՝ Մասսիլիայից մինչև Իլերդա։

Սակայն պատերազմն ամբողջապես ավարտելու համար դեռ անհրաժեշտ էր գրավել Մասսիլիան[43]։ Քաղաքը լավ ամրացված էր, այդ պատճառով կարողացավ շուրջ կես տարի դիմադրել Կեսարի բանակին։ Չնայած մասսիլիացիները պարտություն էին կրել ծովային մի քանի ճակատամարտերում և բազմաթիվ գրոհների արդյունքում մեծ կորուստներ էին ունեցել՝ նրանք հանձնվում են միայն այն ժամանակ, երբ դրությունը բացահայտ անհուսալի է դառնում։ Ագենոբարբին այս անգամ նույնպես հաջողվում է աճապարել մի արագընթաց նավով։ Կեսարն ընդունում է քաղաքի անձնատվությունը։ Ըստ նրա պայմանների՝ մասսիլիացիները պետք է հանձնեին ամբողջ զենքը, նավատորմը, քաղաքային գանձարանը։ Որպես կայազոր քաղաքում մնալու էր միայն 1 լեգեոն։ Դրա փոխարեն քաղաքը չէր ավերվում, պահպանում էր իր թեկուզ ձևական անկախ դրությունը։ Ըստ Կեսարի՝ նա այդ քայլին է գնացել՝ «նկատի առնելով քաղաքի փառավոր անունը և հին ծագումը»[44]։

Կեսարը դեռևս Մասսիլիայի պարիսպների տակ գտնվելու ժամանակ Էմիլիոս Լեպիդի կողմից հռչակվել էր դիկտատոր[45]։ Դա Կեսարին, ի թիվս մի շարք այլ իրավունքների, իրավասություն էր վերապահում կոմիցիաներ հրավիրել և նոր կոնսուլական ընտրություններ անց կացնել։ Սակայն Կեսարի համար կային նաև աննպաստ իրադարձություններ։ Երբ Կատոնը լքում է Սիցիլիան, իսկ Կուրիոնը 4 լեգեոնով անարգել ափ իջնում այնտեղ, նա, արբեցած իր տարած հաջողություններով, վերցնելով ընդամենը 2 լեգեոն և 500 հեծյալ, մեկնում է Աֆրիկա՝ այն նույնպես իր իշխանությանը ենթարկելու։ Նա այստեղ բախման մեջ է մտնում պոմպեոսական Ատտիոս Վարոսի հետ։ Սկզբում իրադարձությունները Կուրիոնի համար լավ զարգացումներ են ունենում․ նա հաղթանակ է տանում մի քանի ճակատամարտերում։ Սակայն Բագրադա գետի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ Վարոսին օգնության է հասնում նումիդիական թագավոր Յուբան։ Տեղի ունեցած ճակատամարտում Կուրիոնը պարտություն է կրում և զոհվում։ Անհաջողություններ են տեղի ունենում նաև Իլլիրիայի ափի մոտ, որտեղ Դորբելլան կորցնում է իր ողջ նավատորմը՝ շուրջ 40 նավ, իսկ 15 կոհորտայով նրան օգնության շտապող Գայոս Անտոնիոսը շրջապատվում է Օկտավիոսի և Սկրիբոնիոսի կողմից, ինչից հետո ստիպված անձնտուր է լինում։

Կուրիոնի աֆրիկյան արշավանք

Այս անհաջողությունները կասկածի տակ էին դնում Կեսարի իսպանական արշավանքի հաջողությունը, քանի որ այժմ Իսպանիան այլևս ապահովագրված չէր Աֆրիկայի կողմից հարձակումից, իսկ Այսրալպյան Գալլիան՝ Մակեդոնիայի կողմից։ Այդ պատճառով Կեսարն սկսում է արագորեն վերադառնալ Հռոմ, սակայն ճանապարհին տեղի է ունենում մի դեպք, որը հազվադեպ կարելի է նկատել Կեսարի բանակում։ Դա Պլացենտիայում գտնվող 9-րդ լեգեոնի ապստամբությունն էր, որի զինվորները պահանջում էին իրենց խոստացված վարձատրությունը, որը կատարվելու էր պատերազմից հետո։ Նրանք կարծում էին, որ Կեսարն արհեստականորեն ձգձգում է պատերազմը՝ իրենց վարձը հետաձգելու համար։ Կեսարը Մասսիլիայից գալիս է Պլացենտիա և հայտարարում, որ հիմնվելով «հայրենական օրենքի» վրա՝ անց է կացնելու լեգեոնի դեցիմացիա, այսինքն՝ շարքի մեջ յուրաքանչյուր 10-րդ զինվորի մահապատիժ։ Ըստ Ապպիանոսի՝ այդ հայտարարությունն այնպիսի տպավորություն է գործում, որ «ողջ լեգեոնը վայնասուն է բարձրացնում, նրա հրամանատարները, ծնկի գալով, Կեսարին աղերսում էին ներել»։ Կեսարը երկար ժամանակ չի համաձայնվում փոխել ընդունած որոշումը, սակայն ի վերջո կարգադրում է դեցիմացիայի ենթարկել միայն 120 հոգու, որոնք եղել էին որպես խռովարարներ (այսինքն մահապատժի էին ենթարկվելու միայն 12 զինվոր), սակայն այնժամ պարզվում է որ այդ 12-ից մեկին իր ցենտուրիոնն է սուտ ամբաստանել, այդ պատճառով մնացած 11-ի հետ մահապատժի է ենթարկվում սուտասան ցենտուրիոնը[46][47][48]։ Սեղծված իրավիճակում Կեսարը ստիպված էր արագ վերադառնալ Իտալիա և կատարել մի շարք քաղաքական և ռազմական միջոցառումներ՝ նախապատրաստվելու ապագա ռազմական գործողություններին։ Կեսարը Հռոմ է ժամանում միայն մ․թ․ա․ 49 թվականի նոյեմբերի վերջին[49]։

Բալկանյան արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանելով Հռոմ՝ Կեսարը սկսում է օգտագործել իրեն շնորհված նոր իրավունքները, որը նա ձեռք էր բերել դիկտատորի կոչում ստանալով։ Նա դեռևս շատ հռոմեացիների աչքում մնում էր անօրեն ճանապարհով իշխանության հասած անձ, ինչի պատճառով էլ նա Հռոմում անցկացրած 11 օրն օգտագործում է կոնսուլական նոր ընտրություններ անցկացնելու համար, ինչի արդյունքում Կեսարը և Պուբլիոս Սերվիլիոս Իսավրիկն ընտրվում են կոնսուլներ։ Վերջինս այն Սերվիլիոսի որդին էր, որի մոտ Կեսարը ծառայել էր երիտասարդ տարիքում։ Կեսարի աջակիցներն ընտրվում են նաև մի շարք այլ պաշտոններում։ Կեսարն անց է կացնում նաև Յուպիտեր Լատիարիային նվիրված ավանդական տոնախմբություն, որը տեղի չէր ունեցել ընթացիկ տարվա սկզբին, քանի որ կոնսուլները փախել էին Հռոմից։ Նույն 11 օրերի ընթացքում կատարվում են նաև օրենսդրական փոփոխություններ․ անդրպադանցիներին և Գադեսի բնակիչներին տարվում է հռոմեական քաղաքացիության իրավունք (դա առաջին դեպքն էր, որ այդ իրավունքը տարածվում էր մի ամբողջ պրովինցիայի վրա), աքսորից վերադարձվում են Պոմպեոսի կոնսուլության ժամանակ աքսորվածներին։ Ավելի մեծ նշանակություն է ունենում վարկային հարաբերությունների և տնտեսական գործունեության կարգավորմանն ուղղված օրենքը, ինչը խախտված էր քաղաքացիական պատերազմի առաջին իսկ օրերից։ Այդ օրերին բոլոր պարտապանները խնդրում էին, որ Կեսարը հայտարարի «պարտքերի վերացում» (լատին․՝ tabulae novae), ինչպես ժամանակին արել էր Կատիլիան, սակայն Կեսարը չի գնում այդ քայլին։ Նա նշանակում է հաշտարար դատավորներ, որոնք իրականացնում էին շարժական գույքի և հողատարածքների գնահատում նախապատերազմական գներով և բավարարեին պարտատերերին։ Դրամաշրջանառությունը կարգավորելու համար ընունվում է օրենք, որով արգելվում էր 15 հազար դինարեից ավել կանխիկ գումար ունենալ[50][51][52][53]։ Կեսարը մինչև Հռոմից հեռանալը կատարում է նաև հացի հերթական բաշխում։

Կեսարի և Պոմպեոսի անցած ուղիները բալկանյան արշավանքի ժամանակ

Դրությունն այլ էր հակառակ ճամբարում։ Պոմպեոսն իր տարամադրության տակ ուներ ավելի քան մեկ տարի՝ սպասվող բախմանը պատրաստվելու համար։ Նա օգտագործում է այդ ժամանակը և մեծ ուժեր հավաքում։ Հունաստանի արևմտյան ափերում կենտրոնացվում է մի հսկայական նավատորմ, որոնց կազմի մեջ էին մտնում 500 ռազմանավ և մեծ թվով թեթև ու պահակային նավեր․ այս նավատորմի ղեկավարը Կեսարի ոխերիմ թշնամի Մարկոս Կալպուռնիոս Բիլբուլն էր։ Մակեդոնիայում գտնվում էր պոմպեոսական 9 լեգեոն հետևակ զորք։ Սիրիայից 2 լեգեոնով Պոմպեոսի մոտ էր շտապում Սցիպիոնը, Արևելքի՝ հանրապետականներին օժանդակող դաշնակիցները նույնպես օգնական ջոկատներ էին ուղարկում Պոմպեոսին։ Պոմպեոսի հեծելազորի թիվը կազմում էր 7 հազար, որի մեջ, ըստ Պլուտարքոսի, գտնվում էին իտալական և հռոմեական երիտասարդական վերնախավը։ Լինելով հմուտ զորավար՝ Պոմպեոսն անձամբ էր գլխավորում սեփական զորքի զորավարժությունները։ Պոմպեոսը պատրաստվում էր ձմեռել իլլիրիական ծովափին, որտեղ իրեն հարմարավետ էր զգում, քանի որ գտնվում էր իր նավատորմի պաշտպանության տակ։ Իլլիրական ծովափը հարմար էր նաև հաջորդ տարի արագորեն Իտալիա ներխուժելու համար։

Կեսարը հնարավորությունները, ի համեմատություն Պոմպեոսի, մեծ չէին։ Նա իր տրամադրության տակ ուներ 12 լեգեոն, որոնց մարտունակությունը, սակայն, հավասարազոր չէր Պոմպեոսի զորքի մարտունակությանը, քանի որ Գալլիական պատերազմներից հետո զորքի մեծ մասը սպասում էր բաղձալի զորացրմանը, իսպանական արշավանքը նույնպես հյուծել էր զինվորներին։ Սակայն ամենամեծ անհաջողությունն այն էր, որ երբ Կեսարը հասնում է Բրունդիզի, իմացավ, որ իր ամբողջ զորքը չի կարող տեղափոխել Բալկանյան թերակղզի, քանի որ նավերը բավարար չէին։ Այս ամենը չի կանգնեցնում Կեսարին։ Նա այս անգամ նույնպես նախընտրում է կայծակնային գործողությունները, քան մանրակրկիտ նախապատրաստությունը։ Նա, իր հետ վերցնելով ընդամենը 20 հազար զինվոր, մ․թ․ա․ 48 թվականի հունվարի 5-ին թշնամու պահակային նավատորմից աննկատ փոխադրվում է Էպիրոսի ափ։

Փորձելով օգտվել իր՝ Բալկանյան թերակղզում հանկարծակի հայտնվելուց հետո առաջացած խառնաշփոթից՝ Կեսարը ևս մեկ անգամ խաղաղ բանակցությունների առաջարկ է անում[54]։ Որպես դեսպան ընտրվում է Վիբուլիոս Ռուֆը, որը երկու անգամ գերեվարվել էր իր կողմից, մի անգամ Կորփինիայում, ապա՝ Իսպանիայում։ Ռուֆն արագորեն մեկնում է Պոմպեոսի ճամբար՝ ցանկանալով ավելի շատ հայտնել ոչ թե Կեսարի առաջարկի, այլ նրա՝ Բալկանյան թերակղզում հայտնվելու մասին։ Այդ ժամանակ Պոմպեոսը գտնվում էր Մակեդոնիայից Դիրախիում տանող ճանապարհի վրա։ Տեղեկանալով Կեսարի հայտնվելու մասին՝ Պոմպեոսն արագացնում է իր զորքի ընթացքը, որպեսզի թույլ չտա Կեսարին գրավել արևմտյան ծովափի քաղաքները։ Կեսարը նույնպես արդյունավետ էր օգտագործում ժամանակը․ նա ափ իջնելուց անմիջապես հետո հետ է ուղարկում բոլոր նավերը՝ զորքի մնացած մասը Բալկանյան թերակղզի փոխադրելու համար, սակայն նավատորմի ղեկավարը՝ Բիլբուլը, զայրանալով, որ իր ձեռքից բաց է թողել Կեսարին, հետապնդում է դատարկ նավատորմը և ամբողջովին ոչնչացնում այն։ Ամբողջ ծովափի երկայնքով հաստատվում է խիստ հերթապահություն, որպեսզի Կեսարի՝ Իտալիայում մնացած զորքը չկարողանա միանալ իր զորավարին[55]։

Դիրախիումի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 1 (Դիրախիումի ճակատամարտ)


Կեսարն ափ իջնելու առաջին իսկ օրը մեկնում է Օրիկա, որտեղ հանդիպում է պոմպեոսական պարետի կազմակերպած դիմադրությանը, սակայն քաղաքի բնակիչներն ու կայազորը դիմադրու է և քաղաքի բանալիները հանձնվում են Կեսարին։ Նույնը տեղի է ունենում նաև Ապոլոնիայում և Էպիրոսի մյուս ափամերձ քաղաքներում։ Տեղեկանալով այս ամենի մասին՝ Պոմպեոսը փորձում էր արագ հասնել ծովափ՝ գոնե Դիրախիումը գրավելու հնարավորություն չտալու համար։ Դրա համար նա իր զորքին հրամայում էր առաջ շարժվել նույնիսկ գիշերները, ինչը նրա զորքի շրջանում դժգոհության պատճառ է դառնում։ Պոմպեոսին հաջողվում է Կեսարից շուտ հասնել Դիրախիում և ճամբար զարկել քաղաքի մոտ՝ Ապս գետի ափին։ Կեսարը, հասնելով այդտեղ, ճամբար է զարկում գետի հակառակ ափին։

Շուտով հիվանդանում է և մահանում նավատորմի հրամանատար Բիլբուլը։ Նույն ժամանակ հայտնի է դառնում նաև Պոմպեոսի պատասխանը Կեսարին, որը բացասական էր, քանի որ առաջարկվում էր պայքարը վարել քաղաքական ոլորտում, որտեղ Պոմպեոսի դիրքերն էականորեն ավելի թույլ էին, քան Կեսարինը, իսկ ռազմական ոլորտում Պոմպեոսը կարող էր իր հմտությունները չափվել Կեսարի հետ։ Պոմպեոսը հայտարարում է, որ միայն այն միտքը, որ իր կյանքը և իշխանությունը պահպանում է կարծես Կեսարի բարեհոգության շնորհիվ, իրեն նողկանք է պատճառում։ Այդ ժամանակ Կեսարը դիմում է մեկ այլ քայլի։ Քանի որ երկու հակառակորդների ճամբարում էլ գտնվում էին նույն ազգի ներկայացուցիչներ, զիվորների միջև շփում էր սկսվել։ Կեսարն օգտագործում է այս հանգամանքը հօգուտ իրեն և իր լեգատներից մեկին հանձնարարում է հակառակորդի զորքին դիմել խաղաղասիրական առաջարկով։ Նշանակվում է բանակցության օր, հավաքվել էր մեծ թվով զորք, սակայն պոմպեոսական Լաբիենը ելույթ է ունենում՝ ասելով, որ խաղաղության մասին խոսք անգամ գնալ չի կարող մինչև իրենց չհանձնեն Կեսարի գլուխը[56]։

Կեսարի կատարած ռազմական գործողության արդյունքում ստեղծված իրավիճակը (կապույտ՝ Կեսար, կարմիր՝ Պոմպեոս)

Կեսարի՝ Բրունդիզիայում մնացած զորքերը մինչև ձմռան վերջ չէին կարողանում փոխադրվել Բալկանյան թերակղզի։ Այս իրավիճակում Կեսարը որոշում է անձամբ մեկնել Բրունդիզիա և ղեկավարել զորքերի մնացած մասի անցումը։ Կեսարը, ստրուկի շորեր հագած, գիշերով բարձրանում է մի նավի վրա, որը մեկնում էր Բրունդիզիա, սակայն փոթորիկ է սկսվում և նավապետը հրաժարվում է շարունակել ճանապարհը։ Կեսարն այդժամ բացահայտում է իր ով լինելը՝ ասելով․ «Խիզախի՛ր, դու տանում ես Կեսարին ու նրա երջանկությունը»։ Սակայն փոթորիկն այնուամենայնիվ խանգարում է շարունակել հետագա ճանապարհը[57][58][59]։ Այս ժամանակ տեղի է ունենում մի իրադարձություն։ Ականջալուր լինելով Կեսարի համառ պահանջներին՝ Մարկոս Անտոնիոսը և Ֆուֆիոս Կալենոսը կարողանում են Բրունդիզիայից հանել նավերն ու ապրիլի 10-ին Կեսարի և Պոմպեոսի աչքի առաջ ափ իջնել իլլիրիական ծովափում՝ Լիսս քաղաքի մոտ, որը մեծ հաճույքով ընդունում է կեսարական բանակին։ Այս զորաշարժի արդյունքում Կեսարն արդեն կարող էր ղեկավարել 34,000 հետևակ և 1,400 հեծյալ։

Կեսարը թիկունքի ապահովության և պարենամատակարարման համար ստիպված էր իր զորքի մի մասն ուղարկել Թեսալիա և Մակեդոնիա։ Մակեդոնիա մեկնած լեգեոնների առջև դրված էր նաև մեկ այլ խնդիր․ թույլ չտալ Սցիպիոնի լեգեոնների միավորում Պոմպեոսի հետ։ Չնայած Իտալիայից ժամանակ լեգեոնների՝ Պոմպեոսը դեևս կրկնակի մեծ զորքի էր տիրապետում քան Կեսարը, սակայն վերջինս հաճախ հրահրում էր ճակատամարտ սկսել։ Պոմպեոսը գիտեր, որ ժամանակն իր օգտին է աշխատում, այդ պատճառով պաշտպանողական դիրք էր բռնել։ Այդ ժամանակ Կեսարը կարողանում է հաջող զորաշարժի արդյուքնում Պոմպեոսին կտրել Դիրախիումից, ինչից հետո Պոմպեոսին մնում էր միայն մի ավելի հարմար ճամբար ընտրել, որն էլ անում է՝ իր ճամբարը տեղափոխելով ծովափին գտնվող ժայռոտ մի բարձունքի վրա։ Կեսարը դիմում է մի ռազմավարության, որը հազվադեպ է հանդիպում ռազմարվեստի մեջ։ Նա փորձում է իր անհամեմատ ավելի փոքր բանակով օղակել և շրջափակել քանակապես ավելի մեծ բանակին։ Այս ծրագիրը հաջողվում է իրականացնել։

Պլուտարքոսը և Ապպիանոսը Դիրախիումի ճակատամարտի մասին

«Խանդակները լի էին դիակներով,– գրում է Պլուտարքոսը իր «Զուգահեռ կենսագրություններ» գիրքում,– Կեսարի զինվորներն անկանոն փախչելիս, թշնամու զինվորներից խոցված, ընկնում էին իրենց հողապատնեշի ու ցցապատի կողքին»։

«Բոլորն ամոթն ու դատողությունը կորցրած վազում էին ուր պատահի, առանց ետ նայելու, առանց ականջ դնելու որևէ հրամանի»․ գրում է Ապպիանոսը իր «Հռոմեական պատմություն» գրքում։

Այս դիրքային պատերազմը մ․թ․ա․ 48 թվականի ապրիլից շարունակվում է մինչև հուլիս։ Երկու ճամբարներն էլ խնդիրներ ունեին․ պոմպեոսականների շրջանում մեծանում էր անհամբերությունը, իսկ կեսարականները խնդիրներ ունեին մատակարարման ոլորտում։ Վերջիններս ստիպված էին արմտիքից հաց թխել, որը կտրատում էին և կաթի հետ խառնում։ Ըստ մի ավանդության՝ հաճախ կեսարականները նետել են այս հացերը պոմպեոսականների ճամբար, իսկ Պոմպեոսը համտես է արել այդ հացից և սոսկացել՝ այդ կերակուրով սնվողներին անվանելով վայրի գազաններ։ Հուլիսին սկսվում են հաճախակի բախումները։ Նույն ամսվա սկզբին Կեսարը փորձում է գրավել Դիրախիումը, ինչը պսակվում է անհաջողությամբ։ Երբ Կեսարն այս գործողությամբ էր զբաղված, օգտվելով նրա բացակայությունից՝ Պոմպեոսը հրամայում է հարձակում սկսել մի քանի ռեդուտների վրա, ինչը ծանր պայքարից հետո ավարտվում է պոմպեոսականների պարտությամբ[60]։

Հուլիսի կեսերին Պոմպեոսին հաջողվում է ճեղքել Կեսարի պաշարման գիծը ճամբարի ամենահեռավոր հատվածում, որտեղ այդ գիծն ընդհուպ մոտենում էր ծովին։ Ըստ Կեսարի՝ այդ թույլ օղակի մասին Պոմպեոսին տեղեկություն է տվել ալլոբրոգների ցեղին պատկանող երկու դավաճան եղբայրները, որոնք փախել էին Պոմպեոսի մոտ։ Կեսարը, փորձելով հատուցել վնասները, 33 կոհորտայով հարձակվում է Պոմպեոսի մեկուսացված լեգեոններից մեկի վրա։ Թեժ ճակատամարտ է սկսվում, սակայն Պոմպեոսը կարողանում է ժամանակին հասնել և կռիվ մեջ մտցնել 5 լեգեոն և հեծելազոր։ Այս ամենը Կեսարի զորքի շարքերում խուճապ է մտցնում, ինչին հաջորդում է փախուստը։ Փախչողներին կանգնեցնելու փորձերից մեկի ժամանակ էլ քիչ էր մնում, որ զոհվեր Կեսարը, սակայն զինակիրը կարողանում է փրկել նրան։ Պոմպեոսն ամբողջովին չի օգտագործում իր հաջողությունը և չի հարձակվում Կեսարի ճամբարի վրա։ Կեսարը տվել էր 1000-ից ավել հետևակ և հեծյալ զոհ։ Նույն օրը Կեսարը, դիմելով իր բարեկամներին, ասել է․ «Պատերազմն այսօր կարող էր ավարտվել լիակատար հաղթանակով, եթե հակառակորդները հաղթելու ունակ առաջնորդ ունենային»[61]։

Ֆարսալոսի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 2 (Ֆարսալոսի ճակատամարտ)


Եթե հաջողությունը միշտ և ամեն ինչում չէ, որ ուղեկցում է մեզ, ապա ճակատագրին օգնության պիտի գան սեփական ջանքերը։

- Հատված Հուլիոս Կեսարի ճառից

Դիրախիումի պարտությունից հետո Կեսարը փոխում է իր արշավաքնի նախագիծը։ Նա որոշում է պատերազմի թատերաբեմը տեղափոխել Հունաստանի այլ մարզեր, որտեղ Պոմպեոսը զրկված կլիներ ծովային օգնությունից։ Դա թույլ կտար Կեսարին Պոմպեոսի դեմ դուրս գալ որպես հավասարը հավասարի։ Կեսարը որոշում է մեկնել Թեսալիա, Մակեդոնիա․ այս զորաշարժի նպատակներից էր նաև Սցիպիոնին ջախջախելը։ Պարտության իսկ առաջին գիշերը Կեսարը հեռանում է, հրավիրում է ռազմական խորհուրդ, որտեղ ճառով դիմում է իր զինվորներին։ Այս ճառի միջոցով Կեսարը ձգտում էր քաջալերել իր զինվորներին և թույլ չտալ խուճապի մատնվել։ Այս ճառից հետո Կեսարն արշավի հրաման է տալիս[62]։

Ապոլոնիայում կարճ դադար առնելուց հետո Կեսարն առաջ է շարժվում Էպիրոսի միջով։ Թեսսալիական Էգինի քաղաքի մոտ Կեսարին է միանում Դոմիցիոս Կալվինոսը, որը կարողացել էր խուսափել Պոմպեոսի շրջափակումից։ Կեսարը մոտենում է թեսսալիական Գոմֆ քաղաքին, որը վերջերս պատվիրակություն էր ուղարկել իր մոտ և կայազոր խնդրել՝ հայտնելով իր հնազանդության մասին, սակայն քաղաքն իմացել էր Կեսարի պարտության մասին և փակել քաղաքի դարպասները[63]։ Կեսարը կայծակնային գրոհով գրավում է քաղաքը։ Այստեղից նա շարժվում է դեպի Մետրոպոլիա, որը, տեղյակ լինելով Գոմֆ քաղաքի ճակատագրին, դիմադրություն ցույց չի տալիս ու անվնաս մնում․ նույնը տեղի է ունենում նաև թեսսալիական մնացած քաղաքների հետ։ Այդպես լուծվում է նաև զորքի պարենամատակարարման հարցը, ինչից հետո Կեսարը ճամբար է խփում Ֆարսալոս քաղաքից հյուսիս-արևմուտք և սկսում սպասել հակառակորդին։

Նույն պահին Պոմպեոսը Հերակլեի մոտ արդեն միավորվել էր Սցիպիոնի հետ, ինչից մի քանի օրից հասնում է Թեսալիա։ Նա իր ճամբարը խփում է Կեսարի բանակատեղից արևմուտք ընկած բլուրների վրա։ Պոմպեոսականների ճամբարում լիովին հաղթական տրամադրություններ էին տիրում։ Նրանք արդեն սկսել էին մտածել Հռոմ վերադառնալու մասին, քանի որ Կեսարին արդեն պարտված էին համարում։ Պաշտոնյաների մեծ մասն արդեն միմյանց մեջ բաժանել էին այն պաշտոնները, որոնք պետք է զբաղեցնեին Հռոմ վերդառնալուց հետո։ Սակայն կային նաև հակասություններ․ Պոմպեոսի ճամբարում գտնվող պաշտոնյաները պնդում էին, որ զորավարը դիտմամբ է ձգձգում պատերազմը՝ կոնսուլների վրա ունեցած իր իշխանությունը վայելելու համար։ Ի վերջո Պոմպեոսը հակվում է ճակատամարտին[64]։

Սցիպիոնի զորքի հետ միավորվելուց հետո Պոմպեոսի զորքերի թիվը հասնում է 50 հազարի։ Այդ թիվը մեկ ու կես անգամ գերազանցում էր Կեսարի զորքերի թվին։ Պոմպեոսի զորքի մեջ մեծ էր հեծելազորի թիվը․ նրա 7000 հեծյալների առջև կանգնած էին կեսարական 1000 հեծյալներ։ Պոմպեոսը ռազմական խորհուրդի ժամանակ նշում է, որ մեծ հույսեր է կապում հեծելազորի հաշվին ունեցած առավելության հետ։ Նույն խորհրդի ժամանակ Կեսարի զորքի դեմ արհամարհանքով է արտահայտվում նաև Լաբիենը, որը նշում է, որ Կեսարի զորքում չեն մնացել գալլիական պատերազմների ժամանակ կոփված զինվորները, ապա վերջում երդվում է միայն հաղթանակով վերադառնալ ճամբար։

Ֆարսալոսի ճակատամարտի լեգեոնները, դրանց հրամանատարները և դասավորությունը

Կեսարն իր «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» գրքում մանրամասն նկարագրում է Ֆարսալոսի ճակատամարտը։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին։ Պոմպեոսի զորքի դասավորությունը հետևյալն էր․ ձախ թևում էին այն երկու լեգեոնները, որոնք Սենատի որոշմամբ իրեն էր հանձնել Կեսարը, այդտեղ էր գտնվում նաև Պոմպեոսը, կենտրոնական մասը վստահված էր Մետելլոս Սցիպիոնին և նրա սիրիական լեգեոններին, իսկ աջ թևում գտնվում էին մի լեգեոն և Աֆրանիոսի ջանքերով փրկված իսպանական կոհորտաները (այդ զորքերին Պոմպեոսը համարում էր ամենավստահելին)։ Քանի որ աջ թևը գտնվում էր գետակին կից, Պոմպեոսն իր ամբողջ հեծելազորը, նետաձիգներին և պարսատիկավորներին կենտրոնացնում է ձախ թևում։ Յոթ կոհորտաներ թողնված էին ճամբարը պաշտպանելու համար։ Կեսարի զորքի դասավորությունը հետևյալն էր․ աջ թևում տեղավորված էր 10-րդ լեգեոնը, իսկ ձախում՝ 8-րդ և 9-րդ լեգեոնները (2 լեգեոն, քանի որ վերջինս նոսրացել էր Դիրախիումի ճակատամարտից հետո)։ Ձախ թևի հրամանատարությունը հանձնված էր Մարկոս Անտոնիոսին, աջ թևինը՝ Պուբլիոս Սուլլային, իսկ կենտրոնինը՝ Դոմիցիոս Կալվինոսին։ Կեսարը հասկացել էր, որ Պոմպեոսի հեծելազորը կարող է շրջանցել իր աջ թևը և հարվածել թիկունքից։ Այդ պատճառով նա երրորդ գծի ամեն լեգեոնից մի կոհորտա է առանձնացնում և կազմում 4-րդ գիծ՝ զգուշացնելով, որ հավանաբար նրանք են վճռելու ճակատամարտի ելքը։ Նա 3-րդ գծի զինվորներին հրամայում է առանց ազդանշանի հարձակման չանցնել, որպեսզի հակառակորդը չնկատի առանձնացված 4-րդ գիծը։

Կեսարի և իր ցենտուրիոններից մեկի խոսակցությունը ճակատամարտից առաջ

Կեսար։ Գայո՛ս Կրաստինոս, մենք հաղթելու ի՞նչ հույսեր ունենք, ինչպիսի՞ն է տրամադրությունը։

Ցենտուրիոն։ Մենք լիակատար հաղթանակ կտանենք, Կեսա՛ր։ Այսօր ողջ լինեմ թե մեռած, դու ինձ կգովես,- այդ խոսքերով ցենտուրիոնը առաջինն է նետվում մարտի՝ իր հետևից տանելով մի ամբողջ մանիպուլ։

Սկսվում է Ֆարսալոսի ճակատամարտը։ Առաջին հարվածը հասցնում է Կեսարի հետևակը։ Մինչև կենտրոնում շարունակվում էր հետևակի մարտը, պոմպեոսական ձախ թևի հեծելազորը, ինչպես և պլանավորված էր, հետ է մղում Կեսարի թույլ հեծելազորը և անցավ հակահարձակման։ Պոմպեոսի հեծելազորը շրջանցում է Կեսարի անպաշտպան աջ թևը։ Նկատելով դա՝ Կեսարն ազդանշան է տալիս իր առանձնացրած 4-րդ գծին, որպեսզի նրանք հարձակման անցնեն։ Հեծելազորը, անսպասելի հարվածից խուճապի մատնվելով, չի կարողանում դիմադրել և խուճապահար փախուստի է դիմում։ Անպաշտպան մնալով՝ նետաձիգները և պարսատիկավորները գրեթե ամբողջությամբ ոչնչացվում են։ Այդ ժամանակ Կեսարը կռվի մեջ է մտցնում թարմ 3-րդ գիծը։ Չկարողանալով դիմադրել այս ճնշմանը՝ Պոմպեոսի զորքերի նահանջը և փախուստը համընդհանուր է դառնում։

Սակայն ի տարբերություն հակառակորդի՝ Կեսարը չի բավարարվում անավարտ հաջողությամբ։ Նա իր զորքերով հարձակվում է թշնամու ճամբարի վրա և գրավում այն։ Պոմպեոսը, տեսնելով իր լավագույն ջակատների փախուստը, մատնվում է հուսահատության։ Նա «նման էր մի մարդու, որին աստվածները զրկել էին բանականությունից»։ Նա այնքան էր անուշադրության մատնել ճակատամարտը, որ երբ Կեսարն արդեն հաղթելով ճակատամարտը մտնում էր Պոմպեոսի ճամբար, միայն այդ ժամանակ է հասկանում, թե ինչ է կատարվում և հանելով ռազմական ասպազենը՝ մի խումբ բարեկամների հետ ճամբարի հետևի մուտքով փախչում է Լարիսայի ուղղությամբ։ Կեսարի զինվորները, ի զարմանս իրենց, Պոմպեոսի ճամբարում տեսան հսկայական հարստություն։ Դա վկայում է այն մասին, որ ճակատամարտից առաջ պոմպեոսականների մտքով անգամ չի անցել, որ իրենք կարող են պարտվել։

Կեսարը սկսում է հակառակորդի փախչող ջոկատների հետապնդում։ Ճակատամարտի հաջորդ օրը նրանք ի վերջո անձնտուր եղան։ Կեսարն այս անգամ ևս ի ցույց է դնում իր «գթասրտության քաղաքականությունը» և շատ մեղմ վարվում պարտվողների հետ՝ բոլորին ներում շնորհելով։ Կեսարը նույնիսկ հրամայում է այրել Պոմպեոսի այն նամակները, որոնք մնացել էին ճամբարում, որպեսզի չբացահայտվեն նրա մինչև այդ այդպես էլ չբացահայտված կողմնակիցները։ Նույն օրը Կեսարը մի քանի լեգեոններով հասնում է Լարիսա, սակայն Պոմպեոսն այդտեղից ևս հեռացել էր։ Ամբողջ օրն արշավելով՝ նա հասել էր ծովափ և պատրաստվում էր ծովով տեղափոխվել Եգիպտոս։ Ըստ Կեսարի տվյալների՝ ճակատամարտի ընթացքում Պոմպեոսի զորքից զոհվել էր 15 հազար, գերի ընկել՝ 24 հազար զինվոր։ Նահանջի ժամանակ զոհվել էր նաև Ագենոբարբը։ Կեսարը գրավել էր 180 դրոշ, 9 լեգեոնային արծիվ։ Ըստ Կեսարի՝ իր զոհերի թիվը 200 էր, որից 30-ը ցենտուրիոն, սակայն այս թվերը կարող են չհամապատասխանել իրականությանը։ Այս ճակատամարտով ավարտվում է բալկանյան արշավանքը[65]։

Սվետոնիոսը բալկանյան արշավանքի մասին
․․․իսկ թե ինչպիսի արիությամբ էին նրանք մարտնչում, երևում է նրանից, որ Դիրրաքիայի միակ անհաջող կռվից հետո նրանք ինքներն իրենց պատիժ պահանջեցին, այնպես որ զորավարն ստիպված եղավ ավելի շատ մխիթարել նրանց, քան պատժել։
Ֆարսալի մոտ նա կոչ արեց իր ռազմիկներին խնայել հռոմեական քաղաքացիների կյանքը, իսկ հետո յուրայիններից ամեն մեկին թույլատրեց պահպանելու հակառակորդներից մեկի կյանքը։
«Տասներկու Կեսարների կյանքը», Սվետոնիոս

Քաղաքական իրադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Դիրախիումի ճակատամարտը Հռոմում տեղի էն ունենում քաղաքական փոփոխություններ, որոնք մեծ անհանգստություններ էին պատճառում Կեսարին։ Ցելիոս Ռուֆը նորից փոխել էր իր դիրքորոշումը և այս անգամ ևս հանդես էր գալիս որպես պոմպեոսական։ Այս փոփոխությունների հիմնական պատճառն այն էր, որ Կեսարը քաղաքի պրետորի բարձր պաշտոնը հանձնել էր ոչ թե իրեն, այլ Տրեբոնիոսին։ Այդ պատճառով Ռուֆն ամեն կերպ փորձում էր վիժեցնել Կեսարի ընդունած օրենքները։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է լսել բոլոր նրանց բողոքները, որոնք դժգոհ են մնացել պարտքերը գնահատելու համար նշանակված դատավորների որոշումներից։ Նա մի շարք նախագծեր է առաջ քաշում, որոնք հակառակ էին Կեսարի տեսակետին, դա պատճառ է հանդիսանում այն բանի համար, որ նա քննադատվում է սենատորների կողմից։ Հռոմում կոնսուլ Սերվիլիոսը մի շարք լուրջ միջոցառումներ է ձեռք առնում, որպեսզի կանխվեն այս գործողությունները։ Նա Հռոմի մատույցներում և Կեսարին հավատարիմ զորքերի պաշտպանության տակ Սենատի ժողով է հրավիրում, որտեղ Ռուֆին առաջարկվել է ետ վերցնել առաջարկված նախագծերը․ այդ առաջարկը մերժվել է։ Այնուհետև Ռուֆը պաշտոնանկ է արվել, նրան արգելվել է հաճախել Սենատի նիստերին և ժողովրդական ժողովներ հրավիրել, կարգադրվում է նաև կոտրել նրա դատավորական բազկաթոռը։ Այս ամենից հետո Ցելիոս Ռուֆը հեռանում է Հռոմից և մեկնում Իտալիայի հարավ։ Քանի որ նրա առաջարկած նախագծերը ժողովրդի մեծ մասի կյանքը հեշտացնում էին, նա ժողովրդավարություն էր վայելում՝ չնայած Կեսարն իր «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» գրվածքում նշում է, որ նրա համակիրների թիվն այդքան էլ մեծ չէր։ Իտալիայի հարավում նա կարողանում է զորք կուտակել և պաշարել Կոսու ամրոցը, սակայն ամրոցը գրավել չի ստացվում։ Նա փորձում է հեղաշրջում կատարել Կապուայում, սակայն դա նույնպես անհաջողությամբ է պսակվում։ Նա տեղափոխվում է Տուրիա և այստեղ փորձում հրահրել դժգոհություններ, սակայն սպանվում է Կեսարին հավատարիմ զինվորներից մեկի ձեռքով[66][67]։

Կեսարի՝ Ֆարսալոսի ճակատամարտում տարած հաղթանակի մասին լուրերը հասան նաև Հռոմ, որտեղ ժողովուրդը հարձակվում է Սուլլայի և Պոմպեոսի արձանների վրա և ավերում այն։ Սենատն ավելի զգուշավոր դիրք է բռնում՝ սպասելով մինչև Պոմպեոսի վերջնական վախճանման մասին լուրերի հաստատմանը։ Դրանից հետո Սենատը սկսում է Կեսարին օժտել մի շարք իրավունքներով։ Կեսարն այլևս կարող էր պոմպեոսականների հետ վարվել ըստ իր հայեցողության, առանց Սենատի և ժողովրդի հաստատման պատերազմ հայտարարել և հաշտություն կնքել, 5 տարի շարունակ իր թեկնածությունն առաջադրել կոնսուլական ընտրություններում, իր ցանկացած թեկնածուներին առաջադրել ընտրական կոմիցիաների ժամանակ (բացի ժողովրդական տրիբուններից), պրետորական պրովինցիաները բաշխել ոչ թե վիճակահանությամբ, այլ իր ցանկությամբ։ Կեսարը երկրորդ անգամ հռչակվում է դիկտատոր, սակայն այս անգամ՝ ցմահ[68]։

Ալեքսանդրյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարսալոսի ճակատամարտից հետո Պոմպեոսի փախուստի ուղղին դեպի Եգիտոս

Պոմպեոսը Ֆարսալոսի ճակատամարտից անմիջապես հետո սկսում է փախուստը։ Նա մեկնում Լարիսա, ապա Ամֆիպոլիս։ Նա նավարկություն է սկսում և նախ ուղևորվում Լեսբոս կղզու Միտիլես քաղաք, որտեղ գտնվում էին իր կինը՝ Կոռնելիան և որդիներից մեկը։ Նրա մոտ հղանում է Պարթևստան փախչելու և այնտեղ ապաստան գտնելու պլանը։ Նա նպատակ ուներ այնտեղ նոր զորք հավաքել և վերադառնալ Հռոմեական հանրապետություն, սակայն այս ծրագիրը կտրականապես մերժվում է նրա ազգականների կողմից։ Որոշվում է մեկնել Եգիպտոս, որի մանկահասակ արքան՝ Պտղոմեոս XIII-ը, իր գահը պարտական էր Պոմպեոսին։ Իմանալով, որ Պտղոմեոս XIII-ը պատերազմում է իր քրոջ՝ Կլեոպատրայի դեմ՝ Պոմպեոսն ուղևորվում է Պելուսիա՝ նախօրոք ուղարկելով դեսպաններ։

Տեղեկանալով Պոմպեոսի՝ Եգիպտոս գալու մտադրության մասին՝ Եգիպտոսի փաստացի ղեկավարները՝ արքայի խորհրդականներ ներքինի Պոտինը, դաստիարակ Թեոդոտը և զորապետ Աքիլլեսը որոշում են սպանել Պոմպեոսին և այդ քայլով հաճոյանալ Կեսարին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նրանք դա անում են Կեսարի խնդրանքով։ Դավադրության իրականացումը հանձնարարվում է Աքիլլեսին, որն իր հետ վերցնում է ոմն Սեպտիմոսին՝ Պոմպեոսի զինվորական նախկին տրիբունին, և ցենտուրիոն Սալվիյանոսին։ Աքիլլեսը մի փոքրիկ ձկնորսական նավակով ընդառաջ է գնում Պոմպեոսի նավերին։ Երբ Պոմպեոսն իջնում է նավից, նա հանկարծակի շրջվում է և իր կնոջ ու որդու համար Սոֆոկլեսից երկու քառյակ արտասանում։ Այդ բանաստեղծության իմաստն այն էր, որ երբ մարդը բռնակալի տուն է ոտք դնում, նա ստրուկ է դառնում։ Հենց այդ ժամանակ էլ Սեպտիմոսն առաջին հարվածն է հասցնում Պոմպեոսին։ Դա տեսնելով՝ հռոմեացիները բարձրացնում են խարիսխը, անմիջապես դուրս գալիս բաց ծով և փախուստի դիմում։ Պոմպեոսը զոհվում Ֆարսալոսի ճակատամարտից շուրջ 2 ամիս անց։

Երբ Կեսարը Ֆարսալոսի ճակատամարտից անմիջապես հետո սկսում է Պոմպեոսի հետապնդումը։ Նա կարծում էր, որ կհասնի հակառակորդին Ամֆիպոլիսում, սակայն նա, տեղեկանալով, որ Պոմպեոսն արդեն հեռացել է, պատրաստվում է Հելեսպոնտոսից նավարկության դուրս գալու։ Այդ պատրաստության ժամանակ Կեսարի թեթև ու համեմատաբար ավելի անպատրաստ նավերը պատահականորեն ծովում հանդիպում են հակառակորդի նավերին, որոնք ղեկավարվում էին Կասսիոսի կողմից, սակայն հակառակորդը մարտի մեջ չի մտնում, այլ ներում է խնդրում Կեսարից և իր ամբողջ նավատորմը հանձնում նրան։ Այդժամ Կեսարը մի շարք կառավարիչներ է նշանակում պրովինցիաներում և մեկնում Հռոդոս կղզի։ Այստեղ նա վերջնական տեսքի է բերում նավատորմը, որը կազմված էր հռոդացիների և Կասսիոսի նավերից և մ․թ․ա․ 48 թվականի հոկտեմբերի սկզբին իր զորքի մի մասով՝ 3200 զինվորներով և 800 հեծյալներով հայտնվում Ալեքսանդրիայի նավահանգստում։ Այստեղ նրան են հանձնում Պոմպեոսի գլուխն ու մատանին, սակայն նա չի ընդունում այդ ընծան, ընդհակառակը՝ նրա աչքերն արցունքով են լցվում։ Այստեղ նա նորից հավատարիմ է մնում իր «գթասրտության քաղաքականությանը» և ներում է շնորհում այնտեղ գտնվող բոլոր պոմպեոսականներին։

Կեսարի՝ Եգիպտոսում հայտնվելը դժգոհությամբ է ընդունվում[69]։ Այդ պատճառով նա Ասիայից ևս 2 լեգեոն է կանչում։ Կեսարը մտադիր չէր երկար մնալ Եգիպտոսում։ Ինչպես նա է գրում իր «Նոթեր»-ում, իր՝ Եգիպտոսում երկար մնալու պատճառն անբարենպաստ քամիներն էին[70]։ Սակայն Կեսարը նույնպես շահագրգռված էր Եգիպտոսում մնալու մեջ, քանի որ անհրաժեշտ էր ֆինանսական միջոցներ ներգրավել՝ զորքի ծախսերը հոգալու համար, իսկ Եգիպտոսի ներկայիս արքայի հայրը՝ Պտղոմեոս Աուլետեսը, Կեսարին 17 միլիոն դինարե էր պարտք, որի վճարումը պարտավոր էր կատարել նրա ժառանգը՝ Պտղոմեոս XIII-ը։ Կեսարն այդ պարտքից պահանջում է միայն 10 միլիոն դինարեն, սակայն Պոտինը՝ Եգիպտոսի փաստացի ղեկավարը և ֆինանսների նախարարը, անընդհատ արհեստական արգելքներ էր ստեղծում այդ վճարումը կատարելու համար։ Նա Կեսարի զինվորներին չոր հաց էր տալիս, իսկ Կեսարի և նրա մերձավորների համար ուտեստները մատուցում էին կավե և փայտե սկուտեղներով՝ պատճառաբանելով, որ ոսկե ու արծաթե սկուտեղներն օգտագործվում են պարտքի վճարման համար։

Այս ամենը պատճառ է հանդիսանում, որ Կեսարը միջամտի Եգիպտոսի ներքին գործերին։ Ըստ Պտղոմեոս Աուլետեսի կտակի՝ Եգիտոսի գահը պետք է ժառանգեին Պտղոեոս Դիոնիոսը և նրա քույր ու կին Կլեոսպատրան, սակայն վերջինս արտաքսվել էր արքունիքից իր եղբոր կողմից, որին դրա մեջ աջակցում էր Պոտինը։ Կեսարը գաղտնի իր մոտ է հրավիրում Կլեոպատրային, իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ Կլեոպատրան ինքն է գալիս Կեսարի մոտ՝ գորգի մեջ փաթաթված աննկատ հայտնվելով նրա սենյակում։ Հենց առաջին հանդիպման ժամանակ Կեսարը հիանում է Կլեոպատրայի խելքով և գեղեցկությամբ։ Նրա ջանքերով Պտղոմեոս XIII-ը հաշտվում է իր քրոջ՝ Կլեոպատրայի հետ։

Ալեքսանդրիան և Ֆարոս կղզու տեղադրությունը, արհեսատական հողաթումբը

Այս ամենը դուր չի գալիս ներքինի Պոտինին, որը Պելուսիայից հետ է կանչում իրեն հավատարիմ Աքիլլեսի ուժերը, որոնք կազմված էին 20 հազար զինվորից։ Այս ամենը ծանր դրության մեջ է դնում Կեսարին։ Նա ստիպված էր փողոցային մարտեր մղելու միջոցով պաշտպանվել՝ փաստացի պաշարված լինելով քաղաքի արքունիքում։ Պոտինն ամեն կերպ փորձում էր Կեսարին կտրել ծովից։ Այս իրավիճակում Պտղոմեոս XIII-ը Կեսարի մոտ պահվում էր գերու կարգավիճակում։ Մարտեր են ընթանում նավահանգստի շրջանում, որի ընթացքում Կեսարը ստիպված հրդեհում է նավերը․ կրակը տարածվում և այրում է նաև Ալեքսանդրիայի գրադարանի մի մասը։ Կեսարը կարողանում է տեղափոխվել Ֆարոս կղզի, որն արհեստական թմբով միացված էր Ալեքսանդրիային։

Պայքարն ընթանում էր փոփոխակի հաջողություններով։ Հակակեսարական գլխավոր պարագլուխ ներքինի Պոտինը բռնվում և մահապատժի է ենթարկվում, սակայն դա չի փոխում պատերազմի ընթացքը։ Թագավորի կրտսեր դուստր Արսինոյան փախուստի էր դիմել և միացել Աքիլլեսին։ Նրանք միասին ղեկավարում էին հակակեսարական ուժերը, սակայն քիչ անց գժտություն է ծագում նրանց միջև և Արսինոյան սպանել է տալիս Աքիլլեսին, ապա նրա փոխարեն զորքերի հրամանատար նշանակում իր դաստիարակ ներքինի Հանիմեդին։ Կեսարը, հասկանալով, որ գործը չի կարող վերջնական ավարտվել առանց դրսից օգնության, Միհրդատ Պերգամացուն՝ իր հավատարիմ մերձավորին, ուղարկում է Սիրիա և Կիլիկիա՝ նոր ուժեր հավաքագրելու և բերելու համար։

Շուտով Կեսարին է միանում Դոմիցիոս Կալվինոսի ուղարկած 37-րդ լեգեոնը, նաև մթերք, զենք, նետիչ մեքենաներ։ Հաջող էր գործում նաև Կեսարի նավատորմը, որը ղեկավարվում էր հույն Էֆրանորն։ Մի անգամ Կեսարը զգալի անհաջողություն է կրում՝ կորցնելով շուրջ 400 զինվոր, երբ ցանկանում էր գրավել Ֆարոս կղզի տանող մի կամուրջ։ Ըստ ավանդության՝ Կեսարն այդ ժամանակ լողալով է փրկվել։ Նա լողացել է մեկ ձեռքը բարձր պահած, որտեղ գտնվում էր նրա «Նոթերը», իսկ բերանով բռնել էր ծիրանին, որպեսզի այն հակառակորդի համար ավար չդառնա, սակայն այնուամենայնիվ ծիրանին ընկնում է հակառակորդի ձեռքը[71][72][73][74]։

Այդ ժամանակ Կեսարին են դիմում ալեքսանդրիացիների կողմից լիազորված մարդիկ, որոնք խնդրում են Կեսարին հետ վերադարձնել արքային՝ պայմանով, որ նրանք պատրաստ են ենթարկվել Կեսարին։ Հռոմեացի զորավարը չէր կարծում, որ նրանց դիմումն անկեղծ է, սակայն ելնելով նաև մի շարք այլ պատճառներից համաձայնում է, երբ մանկահասակ արքան արցունքն աչքերին խնդրում է իրեն բաց թողնել[75]։ Սակայն Կեսարի կասկածները զուր չէին․ հայտնվելով ազատության մեջ՝ Պտղոմեոս XIII-ն անմիջապես սկսում է ղեկավարել հակակեսարական պայքարը։ Իրավիճակը նորից վատանում է․ Կեսարն ի վիճակի չէր բաց դաշտում ճակատամարտ տալ և վերջապես լուծել խնդիրը։ Սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը դառնում է նպաստավոր, քանի որ Միհրդատ Պերգամացին կատարել էր իր առջև դրած խնդիրը։ Նա ոչ միայն մեծ ուժեր էր հավաքել, այլև մոտեցել էր Պելուսիային և անակնկալ գրոհով գրավել լավ ամրացված քաղաքը։ Այնտեղ կայազոր թողնելով՝ նա շարժվել էր Կեսարի մոտ՝ գրավելով ճանապարհի համայնքները։

Շուտով եգիպտացիները խոշոր զորք են ուղարկում ընդդեմ Միհրդատի, իսկ Կեսարը կարողանում է իր ուժերով միավորել Միհրդատի հետ։ Ճակատամարտը տեղի է ունենում Նեղոսի դելտայում։ Զորքերի այս հարաբերակցությունն արդեն ընդունելի էր Կեսարի համար։ Երկօրյա ճակատամարտից հետո եգիպտական զորքը պարտություն է կրում, իսկ հաջորդ օրը Կեսարը գրավում է նաև հակառակորդի ճամբարը։ Պտղոմեոս XIII-ը փոխչու է մի նավով, որը քիչ անց ջրասույզ է լինում, իսկ թագավորը՝ մահանում։ Ճակատամարտն ավարտվել է մ․թ․ա․ 47 թվականի մարտի 27-ին, իսկ նույն օրը երեկոյան Կեսարը մտել է Ալեքսանդրիա՝ ընդունելով քաղաքի կապիտուլացիան։ Կատարելով Պտղոմեոս Աուլետեսի կամքը և կտակը՝ Կեսարը Եգիպտոսի գահը հանձնում է Կլեոպատրային, սակայն քանի որ նրա ավագ որդին զոհված էր՝ նրա հետ գահ է բարձրացվում Կլեոպատրայի կրտսեր եղբայրը։ Պատերազմի ավարտից հետո Կեսարը երկու ամիս շարունակ մնում է Եգիպտոսում։ Նա Կլեոպատրայի հետ ճանապարհորդում է Նեղոսի հոսանքն ի վար՝ հասնելով մինչև երկրի հարավային սահմանները՝ այդ ընթացում վայելելով, ինչպես Ապպիանոսն է գրում, «նաև այլ հաճույքներ»[76]։

Պատմիչներն Ալեքսանդրյան պատերազմի մասին
Գրողներից ոմանք գտնում են, որ պատերազմը բոլորովին էլ անհրաժեշտ չէր ու այդ վտանգավոր, Կեսարի համար անփառունակ արշավի միակ պատճառը նրա կիրքն էր Կլեոպատրայի նկատմամբ, մյուսները մեղադրում են թագավորական արքունիքը և, հատկապես՝ ներքին հզոր Պոտինին, որն այդ դեպքից քիչ առաջ սպանել էր Պոմպեոսին, արտաքսել Կլեոպատրային և արդեն Կեսարի դեմ էր չարիք նյությում։
Պլուտարքոս
Եգիպտական իննամսյա ինտերմեցցոն Կեսարի կյանքի յուրաքանչյուր ուսումնասիրողի համար լուրջ առեղծված է։
Գելցերն

Իրավիճակի բարդացումը կեսարականների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարը դեռևս գտնվում էր Եգիպտոսում, երբ սկսում են անբարենպաստ լուրեր հասնել ննրան։ Կեսարի համար վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել Փոքր Ասիայում։ Միհրդատ Պոնտացու որդին՝ Փառնակ II-ը ոտնձգություններ էր սկսել Կեսարի դաշնակիցներ Փոքր Հայքի թագավոր Դեյոտարի և Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսի տիրույթների դեմ։ Փառնակը, օգտվելով Հռոմում տիրող ներքաղաքական խառն իրավիճակից, զորք է հավաքում և փորձում վերականգնել իր հոր՝ Միհրդատի Պոնտոսի թագավորության փառքը։ Փոքր Ասիայում տեղապահ նշանակված Դոմիցիոս Կալվինոսը դիմում է Փառնակին և պահանջում անմիջապես ազատել Փոքր Հայքը և Կապադովկիան։ Նա հավաքում է մի քանի լեգեոն և փորձում զենքի ուժով վերջ դնել հակառակորդի ոտնձգություններին, սակայն Փառնակին հաջողվում է հաջողության հասնել և հաղթել Կալվինոսին, որը ստիպված վերադառնում է Փոքր Ասիա, իսկ Փառնակը գրավում է Պոնտոսը և շարժվում դեպի Վաֆինիա։

Դրությունը լուրջ էր նաև Իլլիրիկումում, որը Կեսարը համարում էր մարտավարական նշանակություն ունեցող տարածք։ Այստեղ գործում էր պոմպեոսական Օկտավիանոսի նավատորմը և Ֆարսալից փախչել կարողացած պամպեոսական զորքերը, որոնք սկսել էին հարձակումներ իրականացնել։ Կեսարն այստեղ է ուղարկում զորավար Ավլոս Գաբինիոսին, սակայն նա անհաջողություններ է կրում և զոհվում։ Դրությունը կարողանում է փրկել Բրունդիզիումի պարետ Պուբլիոս Վատինիոսը, որն անհամամեմատ ավելի թույլ զորքով կռվի է բռնվում Օկտավիանոսի նավատորմիղի հետ և ծովային ճակատամարտում հաղթանակի հասնում նրա հանդեպ՝ այդպես ազատելով ամբողջ Ադրիատիկ ծովը հակառակորդներից։

Դրությունը բարդացել էր նաև Իսպանիայում, որտեղ տեղապահ Կվինտոս Կասիոս Լոնգինն ատելի էր դարձել տեղի բնակիչների համար, քանի որ վարում էր ծանր հարկային քաղաքականություն։ Նրա դեմ կազմակերպվել էր մահափորձ, ինչը հաջողությամբ չէր պսակվել։ Լոնգինը խիստ պատիժներ էր սահմանել մահափորձի կազմակերպիչների համար, ինչի համար էլ ապստամբություն էր սկսվել Հեռավոր Իսպանիայում[77]։ Դրությունը փրկում է Մերձավոր Իսպանիայի պրոկոնսուլ Էմիլիոս Լեպիդոսը, որի միջամտությամբ գործը ճակատամարտի չի հասնում։ Կեսարը Հեռավոր Իսպանիայի նոր պրոկոնսուլ է նշանակում Գայոս Տրեբոնիոսին, որի գալուց հետո Լոնգնինը նստում է նավ և ուղևորվում Իտալիա, սակայն փոթորկի ժամանակ նավը ջրասույզ է լինում, իսկ Լոնգինը՝ մահանում։ Սակայն այս ապստամբությունը հետագա պայքարի ժամանակ ունենում է բացասական ազդեցություն։

Մարկոս Անտոնիոսի կիսանդրին

Հռոմում դժվարություններ էր ստեղծել նաև Մարկոս Անտոնիոսը, որը Ֆարսալոսի ճակատամարտից հետո զորքի մի մասի հետ ուղարկվում է Իտալիա, որտեղ դառնում է Հռոմի միանձնյա կառավարիչ։ Նա փորձված և հմուտ ռազմական գործիչ էր, սակայն որպես քաղաքական գործիչ նա բարձրության վրա չէր։ Նրա կազմակերպած խրախճանքները, իր թեթև վարքը, կանանց հետ ունեցած աղմկոտ պատմությունները, հարբեցողությունը հեղինակազրկել էին նրան[78]։ Շուտով Անտոնիոսի և Դոլաբելլայի միջև հուզումներ են տեղի ունենում։ Վերջինս վերսկսել էր Ռուֆի ընդունած օրինագծերի վերաառաջադրումը, ինչը պայքարի առիթ էր դարձել։

Աշխուժություն է նկատվում նաև Հյուսիսային Աֆրիկայում։ Ֆարսալոսի ճակատամարտից հետո հակակեսարական ուժերը մնացել էին Հունաստանի հարավում, որտեղ հասկանալով, որ իրենց ենթակայության տակ եղած զորքերով անհնար է պայքարել Աքայայի տեղապահի՝ Ֆուֆիոս Կալենոսի դեմ՝ պոմպեոսականներ Կատոնը, Լաբիենը, Աֆրանիոսը, Պետրեոսը հեռանում են Հյուսիսային Աֆրիկա, որտեղ Պոմպեոսի որդուց՝ Սեքստոսից, իմանում են Պոմպեոսի մահվան մասին։ Այդ ժամանակ հակակեսարական պայքարի ղեկավարությունը ստանձնում է Կատոնը, իսկ զորքերի ղեկավարումը հանձնվում է Մետելլոս Սցիպիոնին։ Նրանց են միանում նաև պոմպեոսականներ Ատտիոս Վարրոսը և Նումիդիական թագավորության արքա Յուբան։ Նրանց ղեկավարության տակ կար 10 հռոմեական լեգեոն, 4 նումիդիական լեգեոն, հեծյալների խոշոր զորք և 120 մարտական փիղ։ Նրանք ունեին նաև բավականին հզոր նավատորմիղ, որը հաճախ հարձակումներ էր իրականացնում Սիցիլիայի և Սարդինիայի ափերի վրա, կապ էր հաստատում Իսպանիայի պոմպեոսականների հետ և նույնիսկ նախագծում էր ներխուժել Իտալիա[79]։

Պայքար Փառնակ II-ի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկա, տեսա, հաղթեցի
(բնօրինակ՝ Veni, vidi, vici)

- Կեսարը Փառնակ II-ի դեմ արշավանքի մասին

Կեսարը որոշում է այս բոլոր խնդիրներից առաջինը կարգավորել Արևելքի անհետաձգելի գործերը, որտեղ ասպատակություններ էր ծավալում Փառնակ II-ը։ Նա Սիրիայի և Կիլիկիայի վրայով շարժում է դեպի Փոքր Ասիա, որի ճանապարհին նա լինում է բոլոր նշանավոր քաղաքներում, պարգևատրում է գործի աջակիցներին, նրան ներկայացած բոլոր իշխաններին և թագավորներին խոստանում իր հովանավորությունը, եթե նրանք պահեն և պաշտպանեն պրովինցիան[80]։ Նա ծովային ճանապարհով հասնում է Կիլիկիա, որտեղ ժողովներ է հրավիրում, լուծում տեղական նշանակության հարցեր, ներումներ շնորհում պոմպեոսական նշանավոր գործիչների։ Նա իր նամակներից մեկում գրել է, որ իր համար հաճելի է ոչ թե հաղթանակներ տանելը, այլ իր հակառակորդիներին ներում շնորհելը։ Այդ ժամանակ նրա կողմն անցան նաև Բրուտոսը և Կասիոսս, որոնք հետագայում Կեսարի սպանության գլխավոր կազմակերպիչները դարձան։

Կեսարի արշավանքը Հռոմից մինչև Զելա

Կեսարն ունենալով չորս լեգեոն՝ շարժվում է դեպի Պոնտոս։ Փառնակը կարծում էր, որ Կեսարը շտապում է Հռոմ, այդ խատճառով կբավարարվի միայն բանակցություններով, կհավատա իր խոստումներին, սակայն Կեսարն այդպես չի վարվում։ Փառնակը ճամբար էր խփել պոնտական Զելա քաղաքի մոտ, որտեղ տարիներ առաջ նրա հայրը հայկական ուժերի հետ հաղթանակ էր տարել հռոմեացիների դեմ։ Կեսարը, համոզվելով որ տեղանքը ռազմական տեսանկյունից հարմար է, ճամբար է խփում դիմացի բլուրին։

Ճակատամարտը տեղի է ունենում մ․թ․ա 47 թվականի օգոստոսի 2-ին։ Նախահարձակ եղան պոնտական ուժերը, սակայն հռոմեական հմուտ 6-րդ լեգեոնի ակտիվ գործողությունների արդյունքում պոնտական ուժերը պարտություն են կրում և փախուստի դիմում․ Փառնակ II-ը կարողնում է ճողոոպրել, սակայն քիչ անց սպանվում է։ Կեսարը ճակատամարտի հենց հաջորդ օրը երկու լեգեոն թողնում է Պոնտոսում, 6-րդ լեգեոնը, որը վճռել էր ճակատամարտի ելքը, ուղարկում է Հռոմ՝ պարգևատրվելու համար։ Այս ամենից հետո Կեսարը Միհրդատ Պերգամացուն իր մատուցած ծառայությունների համար թագավոր է օծում գալաթական իշխանություններից մեկը և մինչ այդ Փառնակի իշխանության տակ եղած Բոսֆորը, Արիոբարզանեսին է հանձնվում Փոքր Հայքը, իսկ Դեյոտարին՝ Գալաթիայի նշանավոր մասը։

Կեսարն իր Հռոմում գտնվող իր ընկերոջը՝ Մատիոսին, իր հաղթանակի կապակցությամբ գրում է մի նամակ, որը կազմված էր երեք բառից՝ «Veni, vidi, vici, հետագայում այս արտահայտությունը դառնում է թևավոր խոսք։ Հետագայում նա շատ անգամ է հեգնանքով նշել, որ Պոմպեոսից Պոնտոսի դեմ արշավանքը հաղթելու համար պահանջվել են տարիներ, իսկ իրենից՝ 5 օր[81][82][83]։

Վերադարձ Հռոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ տանելով Փառնակ II-ի դեմ՝ Կեսարն ուղևորվում է Հռոմ։ Ճանապարհին նա այցելում է Հունաստանի մայրաքաղաք Աթենք, լինում նաև Կորոնթոսի ավերակներում, իսկ սեպտեմբերի 26-ին ափ իջնում Տարենտում։ Դեպի Բրունդիզիա գնալու ճանապարհին Կեսարը հանդիպում է Ցիցերոնին, որի հանդեպ շատ սիրալիր է վարվում՝ չնայած նրա դիրքորոշմանը[84]։ Ֆարսալոսի ճակատամարտից հետո Ցիցերոնը վերադարձել էր Իտալիա, բայց չէր համարձակվել մեկնել Հռոմ։ Կեսարի հետ հանդիպումից հետո նա ուղևորվում է մայրաքաղաք։ Կեսարի՝ Հռոմում հայտնվելուց հետո բոլոր բախումները, որոնք ընթանում էին Մարկոս Անտոնիոսի և Դոլաբելլայի միջև, անմիջապես դադարում են։ Սակայն Կեսարն ամբողջովին չի վերացնում վերջինիս նախագծերը, այլ որոշ զիջումների է գնում։ Նա հատուկ օրենք է սահմանում, ըստ որի՝ իջեցվում էր բնակվարձը (Հռոմի բնակիչների համար՝ մինչև 2000 սեստերց, իսկ մնացած քաղաքների՝ 500)։ Փոփոխություն է մտցվում նաև նախկինում ընդունված օրենքի մեջ՝ հօգուտ պարտապանների։

Կեսարը դեռևս Ասիայից հրամայել էր, որ իր ուժերը Կամպանիայից տեղափոխեն Սիցիլիա, սակայն 10-րդ լեգեոնն ապստամբելով հրաժարվել է կատարել այդ հրամանը և մտենլով Հռոմի Մարսյան հրապարակ՝ բողոքի ցույց անում։ Կեսարը, չնայած իր կյանքին սպառնացող վտանգի, դուրս է գալիս իր զինվորների առջև և ելույթ ունենում։ Այդ ելույթն ամենայն մանրամասնություններով պահպանվել է Ապպիանոսի կողմից։ Ըստ դրա՝ Կեսարը հանկարծակի հայտնվում է իր զինվորների ամբոխի մեջ, ինչից հետո զինվորները խմբվում են նրա ամբիոնի շուրջ՝ ողջունելով իրենց կայսրին։ Այդ ժամանակ Կեսարը հարցնում է իր զինվորներին, թե ինչ են ցանկանում նրանք, ինչին ի պատասխան՝ զինվորներն ամաչում են խոսել պարգևատրման մասին և պահանջում են զորացրում։ Ի զարմանս նրանց՝ Կեսարը պատասխանում է․ «Ես զորացրում եմ ձեզ», ապա ավելացնում է․ «Իմ խոստացած բոլոր պարգևները կտամ, երբ երբ զորահանդես տոնեմ ուրիշ զորքերի հետ»։ Բացի դրանից, այդ րոպեից սկսած նա վետերաններին դիմելիս ոչ թե սովորականի պես «զինվորներ» է անվանում, այլ պարզապես «քաղաքացիներ»։ Այս ամենը, ըստ Սվետոնիոսի, բեկում է մտցնում զինվորների տրամադրության մեջ և նրանք սկսում են ներում աղերսել՝ պատրաստակամություն հայտնելով կամովի պատիժներ կրել, եթե Կեսարն իրենց իր հետ Աֆրիկա տաներ։ Կեսարն անմիջապես ներում է 10-րդ լեգեոնին, որն իր սիրելի լեգեոններից էր, սակայն պատժում է ապստամբության պարագլուխներին և մեկ երրորդով կրճատում խոստացված պարգևները[85]։ Մ․թ․ա․ 46 թվականին, Կեսարը և Մարկոս Էմիլիոս Լիպիդոսն ընտրվում են կոնսուլներ[86]։

Երկրորդ արշավանք դեպի Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարը Հռոմում մնում է շուրջ 3 ամիս և մ․թ․ա․ 47 թվականի դեկտեմբերին ուղևորվում Աֆրիկա։ Նա անցնում է Սիցիլիայի Լիլբեյ քաղաք, որտեղից էլ պատրաստվում էր սկսել իր աֆրիկյան երկրորդ արշավանքը, սակայն անբարենպաստ եղանակը թույլ չէր տալիս իր մշտական սովորության համաձայն արագ գործել[87]։ Ի վերջո մ․թ․ա․ 47 դեկտեմբերի 25-ին Կեսարը դուրս է գալիս բաց ծով՝ իր հետ տանելով 6 լեգեոն, որոնցից 5-ը նորակոչիկներ էին, և 2 հազար հեծյալ։ Կեսարն իր զորքերի մի փոքր մասի՝ շուրջ 3000 հետևակի և 150 հեծյալի հետ ափ էր իջել Հադրումետ քաղաքի շրջանում, իսկ մնացած նավերը մոլորվել էին, քանի որ անբարենպաստ հոսանքը ցրել էր նրանց։

Սվետոնիոսն աֆրիկյան երկրորդ արշավանքի մասին
Բնավ երբեք ոչ մի սնապաշտություն չի ստիպել նրան թողնելու կամ հետաձգելու իր ձեռնարկումը։ Նա չհետաձգեց իր ձեռնարկումն ընդդեմ Սկիպիոնի կամ Յուբայի այն պատճառով, որ զոհաբերության ժամանակ կենդանին դուրս էր պրծել իր ձեռքից։ Անգամ երբ նա գայթեց նավից իջնելիս, ապա վերածեց այն լավ նախանշանի՝ բացականչելով՝ «Դու իմ ձեռքերում ես, Աֆրիկա»։
«Տասներկու Կեսարների կյանքը», Սվետոնիոս

Հադրումետը լավ ամրացված քաղաք էր, ինչի պատճառով Կեսարն անիմաստ է համարում փոքր ուժերով սկսել քաղաքի պաշարումը։ Նա սկսում է հարավ շարժվել, սակայն երթի ժամանակ Կեսարի վերջնապահ ջոկատների վրա է հարձակվում Յուբայի այրուձին։ Անհավասար մարտում Կեսարի 200-ից պակաս գալլիական հեծելազորը հաղթանակ է տանում հակառակորդի 2000-անոց այրուձիու նկատմամբ[88]։ Շարժվելով հարավ՝ Կեսարը մոտենում է Լեպտիս քաղաքին, որից պատվիրակություն է գալիս և նշում, որ իրենք ամբողջովին հպատակվում են Կեսարին։ Դրանից հետո Կեսարը ճամբար է խփում քաղաքին կից, ապա պահակներ նշանակում քաղաքի դարպասների մոտ, որպեսզի իր զինվորները քաղաք չմտնեն և անհանգստություն չպատճառեն բնակիչներին։ Շուտով Կեսարը շարժվում է հյուսիս և բանակում Ռուսպինայի մոտ՝ սպասելով իր մոլորված լեգեոնների ժամանելուն, որոնք ի վերջո կարողանում են գտնել ուղին և վերադառնալ Կեսարի մոտ[89]։

Ռուսպինայի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 3 (Ռուսպինայի ճակատամարտ)


Մ․թ․ա․ 46 թվականի հունվարի 4-ին, երբ Կեսարը, իր հետ վերցրած 30 կոհորտա հետևակ, 400 հեծյալ և 10 նետաձիգ, մեկնել էր զորքի համար հաց հայթայթելու, հետախույզները լուր բերին, որ հակառակորդի անհամեմատ ավելի մեծ ուժերը, որոնք կազմված էին հեծելազորից և թեթևազեն հետևակից, մոտենում են իրենց․ դրանց հրամանատարը Լաբիենն էր։ Սկսված ճակատամարտի ժամանակ օգտվելով իր թվային գերակշռությունից՝ Լաբիենը կարողանում է շրջապատել Կեսարի ուժերին, սակայն Կեսարին հաջողվում է զորաշարժի արդյունքում ճեղքել հակառակորդի շրջապատման օղակները և հակառակորդին փախուստի մատնել։ Վախենալով, որ հակառակորդը կարող է դարանակալել՝ Կեսարը սկսում է նահանջել դեպի իր ճամբար, սակայն ճանապարհին նրա վրա է հարձակվում հակառակորդի մեկ այլ զորաջոկատ՝ Պետրեոսի հրամանատարությամբ։ Լարված ճակատամարտի ընթացքում, որը տևում է մինչև մայրամուտ, Կեսարի ուժերը կարողանում են նահանջել դեպի սեփական ճամբար։ Ըստ «Աֆրիկյան պատերազմի» անհայտ հեղինակի՝ այդ ճակատամարտերը երկրորդական բնույթ ունեին և կարևոր նշանակություն չեն ունեցել, սակայն Ապպիանոսը վստահորեն պնդում է, որ Կեսարը պարտություն է կրել Լաբիենի և Պետրեոսի դեմ մղած այդ երկու ճակատամարտերում։ Ինչպես Դիրախիումի ճակատամարտում, այս անգամ նույնպես պոմպեոսականները հնարավորություն ունեին ամբողջությամբ հաղթանակի հասնել Կեսարի նկատմամբ, սակայն Պետրեոսը դադարեցնում է հետապնդումը՝ ասելով․ «Եկեք մեր զորավար Սցիպիոնից հաղթանակը չխլենք»։

Կեսարի անցած ճանապարհը Հռոմից մինչև Տապսոս

Սակայն պոմպեոսականների վիճակը նույնպես կատարյալ չէր, քանի որ նրանք նույնպես չէին հասցրել միավորել սեփական զորքերը։ Ուտիկայում թողնելով մեծ կայազոր, Սցիպիոնը 8 լեգեոնով և 3000 հեծյալներով շարժվել էր դեպի Լաբիենը և Պետրեոսը։ Նրանք ճամբար են զարկում Կեսարի դիրքերից 3 մղոն հեռավորության վրա։ Իր ուժերով նրանց պետք է միանար նաև Յուբա թագավորը, ինչի դեպքում Կեսարի վիճակը սպառնալից կդառնար։ Հենց այդ պահին Յուբան իմանում է, որ մավրիտանական թագավոր Բոկհը ներխուժել էր իր տիրույթներ և գրավել մի շարք քաղաքներ՝ այդ թվում նաև գլխավոր քաղաք Ցիրտուն։ Իմանալով դրա մասին՝ Յուբան որոշում է հետ վերադառնալ և լուծել նախ և առաջ իր թագավորության խնդիրները, այդ պատճառով հետ է կանչում նաև մինչ այդ Սցիպիոնին ուղարկված սեփական ուժերը։ Այդպիսով՝ պոմպեոսականների ուժերի միավորում առայժմ տեղի չի ունենում։

Կեսարը հրամայում է նոր ուժեր ուղարկել Սիցիլիայից՝ ասելով, որ ոչ մի պատճառաբանություն, որը կվերաբերի վատ եղանակին և ձմռանը, չի ընդունվի։ Այդ ժամանակ հակառակորդները շարունակում էին բավարարվել միայն փոքր ընդհարումներով, իսկ մինչ այդ Կեսարն ամրապնդում էր իր դիրքերը։ Հունվարի կեսին ժամանում է երկրորդ նավատորմը՝ իր հետ բերելով 2 լեգեոն, 800 հեծյալ և 1000 նետաձիգ։ Նույն ժամանակ Կեսարը կարողանում է նաև Կերկին (Փոքր Սիրտ) կղզու վրա հացի մեծ պաշարներ հայթայթել՝ լուծելով պարենի հարցը։ Այս ամենից հետո Կեսարը, ի զարմանս իր հակառակորդների, ճանապարհ է ընկնում դեպի Ռուսպիանյի հարավում գտնվող Ուզիտա քաղաք, ինչի ընթացքում՝ թեթև բախման ժամանակ, հաղթանակ է տանում հակառակորդի նկատմամբ։ Կեսարը փորձում էր վճռական ճակատամարտ պարտադրել Ուզիտայի մոտ, սակայն դա չի ստացվում Սցիպիոնի պաշտպանողական դիրք բռնելու պատճառով[90]։

Սցիպիոնը Յուբայից պահանջում էր իրեն օգնություն տրամադրել, որը փոքր-ինչ կարգավորելով իր թագավորության գործերը՝ 3 լեգեոնով, 30 փղերով, մեծ թվով հեծյալների հետ միանում է Սցիպիոնի ուժերին։ Տեղի ունեցող բախումների ժամանակ Կեսարի ուժերը հիմնականում կարողանում էին հաղթանակ տանել, սակայն հակառակորդն այդպես էլ չէր համարձակվում վճռական ճակատամարտ տալ։ Այդ ժամանակ Կեսարին են միանում նաև վետերանների 2 լեգեոն՝ 9-րդ և 10-րդ լեգեոնները[91]։

Տապսոսի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 4 (Տապսոսի ճակատամարտ)


Կեսարը չէր ցանկանում ձգձգել պատերազմը, այդ պատճառով նա տեղափոխվում է Տապսոս քաղաքի մոտ և ճամբար զարկում այնտեղ։ Հաջորդ օրը Կեսարը ցամաքային և ծովային պաշարում է սկսում, որը ոչ թե քաղաքը գրավելու համար էր, այլ մարտահրավեր էր հակառակորդին։ Տապսոսի ճակատամարտը տեղի է ունենում մ․թ․ա․ 46 թվականի ապրիլի 6-ին։ Տեսնելով պոմպեոսականների ճամբարում տիրող շփոթմունքը՝ Կեսարի զինվորները թախանձում են ճակատամարտի հրաման արձակել, սակայն Կեսարը դիմադրում է, հակաճառում։ Այդ ժամանակ կեսարակնների զորքի աջ թևում մարտի ազդանշան է լսվում, ինչից հետո զինվորները սկսում են գրոհը։ Կեսարը, տեսնելով այդ ամենը, մարտի հրաման է տալիս։

Ըստ «Աֆրիկյան պատերազմի» անհայտ հեղինակի՝ ճակատամարտն արագընթաց է եղել, իսկ հաղթանակը՝ լիակատար։ Ճակատամարտի մանրակրկիտ նկարագրություն չի պահպանվել։ Պոմպեոսականների փախչող զինվորները փորձել են նահանջել դեպի սեփական ճամբարը, սակայն տեսել են, որ դրանք նույնպես գրավված են Կեսարի ուժերի կողմից։ Ըստ վերոնշյալ աղբյուրի՝ հակառակորդը տվել է 10 հազար զոհ, իսկ Կեսարի վնասներն աննշան էին՝ ըստ տարբեր աղբյուրների՝ 50-ից մինչև 1000 զինվոր։ Ըստ Ապպիանոսի՝ ճակատամարտը երկար է տևել՝ մինչև երեկո, իսկ Պլուտարքոսը պնդում է, որ Կեսարն անձամբ չի մասնակցել ճակատամարտին, քանի որ հենց դրանից առաջ նրա մոտ տեղի է ունեցել ընկնավորության նոպա։

17-րդ դարի վերակազմություն, որտեղ երևում է Տապսոսի ճակատամարտի կողմերի ռազմական ուժերի դասավորությունը մինչև ճակատամարտ

Տապսոսի պաշարումը շարունակելու համար Կեսարն այնտեղ թողնում է 3 լեգեոն, իսկ Տիզդրա քաղաքի մոտ՝ 2 լեգեոն, ապա շարժվում դեպի Ուտիկա՝ պոմպեոսականների վերջին հենակետն Աֆրիկայում։ Այնտեղ էր գտնվում Կատոն Կրտսերը, որը քաղաքը լավ ամրացրել էր և պատրաստվում էր համառ դիմադրություն ցուցաբերել, սակայն քաղաքի բնակչությունը չէր համակրում նրան, իսկ պամպեոսականները պատրաստվում էին փախուստի դիմել։ Հասկանալով իրավիճակի բարդությունը՝ Կատոնն այլևս չէր էլ փորձում հետ պահել փախչողներին, նույնիսկ օգնում էր նրանց՝ տրամադրելով նավեր և սննդամթերք։ Շուտով Կատոնն ինքնասպանություն է գործում, քանի որ նույնիսկ զզվելի էր համարում Կեսարի կողմից ներում ստանալը[92]։ Պոմպեոսականների մի մասը ներում է խնդրում Կեսարից և ստանում այն, մի մասն էլ փախչում է՝ պայքարը շարունակելու մտադրություն ունենալով։ Ֆաուստ Սուլլան և Լուցիոս Աֆրանիոսը փորձում են փախչել Իսպանիա, սակայն ծովում բռնվում են Պուբլիոս Սիտիոսի կողմից, որը հաղթել էր Յուբայի զորավարներից մեկին և շարժվում էր դեպի Ուտիկա։ Հետագայում նրա ձեռքն է ընկնում նաև Իսպանիա շտապող պոմպեոսականների գլխավոր հրամանատար Մետելլոս Սցիպիոնը, որը գերի ընկնելուց հետո ինքնասպան եղավ։ Յուբան և Պետրեոսը փախչում են Զամա քաղաք, որտեղ գտնվում էր Յուբայի ընտանիքը և ողջ հարստությունը, սակայն քաղաքի բնակչությունը չի ընդունում փախստականներին և դիմում է Կեսարին, այդ ամենից հետո նրանք ինքնասպանություն են գործում։ Իսպանիա հասնել է հաջողվում միայն Լաբիենին, Ատտիոս Վարոսին և Պոմպեոսի երկու զավակներին՝ Գնեոսին և Սեքստոսին։

Կեսարը Նումիդիական թագավորությունը վերածվում է հռոմեական պրովինցիայի՝ անվանելով այն Նոր Աֆրիկա։ Այստեղ պրոկոնսուլ է նշանակվում Սալյուստինոսը, իսկ Սիտտիոսին է հանձնվում մի քանի նումիդիական նահանգներ՝ իր ցուցաբերած ծառայությունների համար։ Մի քանի մեծ քաղաքների վրա, որոնք աջակցել էին պոմպեոսականներին, ինչպիսիք էին Ուտիկան և Լեպտիսը, դրվում են ռազմատուգանքներ։ Պատերազմը հաղթելուց հետո նա զորացրում է իր զորքերի մի մասը, որոնց նա համարում էր ավելի անհանգիստ, ապա սկսում է վերադարձը դեպի հայրենիք։ Մ․թ․ա․ 46 թվականի հուլիսի 13-ին Կեսարն Ուտիկայից դուրս է գալիս բաց ծով, 2 շաբաթից հասնում է Սարդինիա, որտեղից ճանապարհվում է դեպի Իտալիա, սակայն վատ եղանակի պատճառով Հռոմ է հասնում միայն մ․թ․ա․ 46 թվականի հուլիսի 25-ին[93][94]։

Իսպանական երկրորդ արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Հռոմ՝ Կեսարը նախ և առաջ սկսում է ազդել հասարակական կարծիքի վրա։ Նա ելույթներ է ունենում Հռոմում՝ նշելով, որ ինքը ոչ մի բռնակալական նկրտումներ չունի, ընդհակառակը՝ իր գրաված նոր տարածքները միայն ավելի բարեկարգ կյանք էին ապահովելու իր համերկարցիների համար։ Մ․թ․ա․ 46 թվականի օգոտստոսին Կեսարը 4 օր շարունակ մեծ շուքով նշում է Գալլիայի, Եգիպտոսի, Պոնտոսի և Աֆրիկայի հանդեպ տարած հաղթանակները։ Որպես պատվավոր գերիներ՝ շքերթի ժամանակ տարվում էին Վերցինգետորիքսը, Կլեոպատրայի քույր Արսինոյանը, Յուբա արքայի 4-ամյա որդին։ Այդ օրերին Կեսարին բազում նվերներ են տրվում, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 65 հազար տաղանդ․ հենց այդ գումարից էլ Կեսարը վճարում էր իր զինվորներին խոստացած պարգևները՝ յուրաքանչյուր շարքային զինվորի՝ 5 հազար ատտիկական դրահմա, ցենտուրիոնի՝ 10 հազար, տրիբուններին և հեծելազորային պետերին՝ 20 հազար։ Կազմակերպված էր մեծ հյուրասիրություն, հանդեսներ, խաղեր, որոնց հետևակից բացի նույնիսկ մարտական փղեր էին մասնակցում։

Կեսարի արշավանքը Հռոմից մինչև Մունդա

Այս անգամ Կեսարը Հռոմում մնում է ավելի երկար, քան մնացած անգամները։ Շուտով նա ստիպված էր թողնել բարենորոգչական գործունեությունը և մեկնել Իսպանիա, որտեղ դժվարին կացություն էր ստեղծվել։ Այստեղ գտնվող 2 լեգեոնները, որոնք նախկինում նույնպես ապստամբել էին, նորից ապստամբել էին և վտարել Գայոս Տրեբոնիոսին՝ հայտարարելով, որ առաջկցում են պոմպեոսականներին։ Պոմպեոսականների հրամանատար է դառնում Պոմպեոսի ավագ որդին՝ Գնեոսը, որին հետ էին նաև իր կրտսեր եղբայր Սեքստոսը, Լաբիենը և Ատտիոս Վարոսը։ Նրանց հետ էր նաև Աֆրիկայում կռված պոմպեոսական զորքի մնացորդները, հավաքագրված մեծ ուժեր, որոնք միասին կազմում էին շուրջ 13 լեգեոն՝ չհաշված Մավրիտանիայի թագավոր Բոկխի ուժերը, որը Կեսարից հեռացել էր, քանի որ դժգոհ էր Նումիդիայի հարցի լուծմամբ։ Այսպիսի իրավիճակում Կեսարի ներկայությունն անհրաժեշտություն էր[95]։

Կեսարը ստիպված էր կիսատ թողնել իր անավարտ գործերը, միջոցառումները և մեկնել Իսպանիա։ Պահը հարմար չէր, քանի որ իր տանն էր գտնվում նաև Կլեոպատրան, որն իր հետ բերել էր Կեսարի նորածին ապօրինի երեխային և թույլտվություն էր խնդրում երեխային Կեսարի անունը տալ՝ անվանելով նրան Կեսարիոն։ Այդ փաստը, որ Կեսարն իր կնոջ ներկայությամբ նրան իր տուն էր ընդունել, Կեսարի համար տհաճ քննարկումների առիթ էր դարձել[96]։ Նա իր տեղապահ է նշանակում Էմիլիոս Լեպիդոսին, որը նաև կոնսուլ էր։ Կեսարը Հռոմը թողնում է մ․թ․ա․ 45 թվականի դեկտեմբերի սկզբին և 27 օրից հասնում է իր լեգատների՝ Կվինտոս Պեդիոսի և Ֆաբիոս Մաքսիմոսի բանակատեղի։

Ինչպես բալկանյան և աֆրիկյան արշավանքների սկզբում, այս անգամ ևս Կեսարը թվապես զիջում էր հակառակորդին և չուներ մթերքի բավական պաշարներ, սակայն այս անգամ ևս հակառակորդը չի կարողանում օգտագործել Կեսարի անբարնպաստ դրությունը և որոշ ժամանակ անց նրանց ուժերը գրեթե հավասարվում են։ Գնեոս Պոմպեոս Կրտսերը մի քանի ամիս շարունակ պաշարել էր Ուլիա քաղաքը, որը համառորեն դիմադրում էր, քանի որ հավատարիմ էր Կեսարին։ Վերջինս օգնական ուժեր է ուղարկում քաղաք՝ կատարելով հաջող շեղիչ զորաշարժ։ Նա գնում է դեպի Կորդուբա քաղաքը, որը պրովինցիայի մայրաքաղաքն էր։ Այնտեղ էր գտնվում Սեքստոս Պոմպեոսը, ինչի համար էլ Գնեոս Պոմպեոս Կրտսերը թողնում է Ուլիայի պաշարումը։ Հունվարին Կեսարն ինքն արդեն պաշարում է մթերքի մեծ պաշարներ ունեցող Ատտեգուա քաղաքը, որը մ․թ․ա․ 45 թվականի փետրվարի 19-ին, չնայած համառ դիմադրությանը, գրոհով վերցվում է Կեսարի կողմից։ Այս լավ ամրացված քաղաքի անկումը խուճապ և դասալքություն է մտցնում հակառակորդի շարքերը, իսկ իսպանական մի շարք համայնքներ սկսում են հակվել Կեսարի կողմը[97]։

Մունդայի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 5 (Մունդայի ճակատամարտ)


Պոմպեոսի կրտսեր որդու՝ Սեքստոս Պոմպեոսի հատած դրամը, որի վրա պատկերված է ինքը

Վճռական ճակատամարտը տեղի է ունենում մ․թ․ա 45 թվականի մարտի 17-ին Մունդայի մոտ[98]։ Կեսարի տրամադրության տակ կար շուրջ 80 կոհորտա հետևակ և 9 հազար հեծյալ։ Պոմպեոսականների դիրքը բարձրադիր էր։ Կեսարը սպասում էր, որ նրանք կիջնեն հարթավայր և կսկսվեր ճակատամարտը, սակայն նրա ենթադրությունները սխալ էին։ Երբ Կեսարը մոտենում է գետակին, հակառակորդը չի առաջանում դեպի իրեն։ Սկսվում է մարտը, որը երկար է տևում, իսկ կեսարակնների շարքերը մի պահ նույնիսկ տեղի տվեղի էին տալիս։ Այդ ժամանակ Կեսարն իջնում է ձիուց, խլում մի վահան և նիզակների տարափի տակ նետվում թշնամու վրա՝ գոռալով, որ դա թող իր վերջին օրը լինի, իսկ զինվորների՝ վերջին արշավանքը։ Այս քայլը բեկում է մտցնում ճակատամարտի մեջ, և Կեսարի զինվորները նոր ուժերով և դաժանությամբ նետվում են մարտի մեջ՝ պաշտպանելու իր հրամանատարին։ Մավրիտանական արքա Բոգուդը, որը պոմպեոսական Բոկխի եղբայրն էր, Մավրիտանիայի համակառավարիչը և Կեսարի դաշնակիցը, սեփական նախաձեռնությամբ հեծելազորային շրջանցում է անում դեպի հակառակորդի թիկունք և հարձակվում պոմպեոսականների ճամբարի վրա։ Նկատելով այդ շարժումը՝ Լաբիենը հետ է քաշում իր 5 կոհորտաները՝ թուլացնելով պոմպեոսականների դիմադրությունը։ Դա վճռում է ճակատամարտի ելքը․ պոմպեոսականները փախուստի են դիմում՝ տալով 30 հազար սպանված, երբ Կեսարի կորուստները չէին անցնում 1000 մարդուց։ Զոհվել էին նաև Լաբիենը և Ատտիոս Վարոսը, որոնց մարմինները Կեսարի հրամանով հանձնվում է հողին։ Ճակատամարտից հետո Կեսարը նշել է, որ ինքը շատ անգամներ է պայքարել հաղթելու համար, սակայն այս անգամ նա պայքարում էր ապրելու համար[99]։

Կեսարին անձնտուր եղան Կորդուբա, Գիսպալ, Մունդա քաղաքները։ Սեքստոս Պոմպեոսին հաջողվում է փախչել Կորդուբայից, իսկ Գնեոս Պոմպեոս Կրտսերըը սպանվում է փախուստի փորձի ժամանակ․ նրա գլուխը Գիսպալում ցուցադրվել է ժողովրդին։ Պոմպեոսականներին աջակցած քաղաքների վրա, ինչպիսիք էին Կորդուբան և Գիսպալը, մեծ ռազմատուգանքներ են դրվում, իսկ Կեսարին աջակցած համայնքները ստանում են արտոնություններ։ Կեսարը մինչև մ․թ․ա․ 45 թվականի ապրիլը մնում է Գիսպալում, ապա մեկնում Գադես, իսկ Իտալիա վերադառնալիս Իսպանիայի ղեկավար է նշանակում Գայոս Կարրինոսին։ Նրան Նարբոնական Գալլիայում դիմավորում է Մարկոս Անտոնիոսը, որի հետ էլ նա շարունակում է վերադառնալ Հռոմ, իսկ սեպտեմբերի 13-ին Կեսարը կանգ է առնում իր լավիկանական կալվածքում, որտեղ էլ կազմում է իր կտակը։ Կեսարը Հռոմ է ժամանում միայն հոկտեմբերի սկզբներին[100]։

Պատերազմի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական հանրապետությունը Կեսարի օրոք

Մունդայի ճակատամարտով և Իսպանիայի գրավմամբ ավարտվում է Կեսարի քաղաքացիական պատերազմը, որը տևել է 4 տարի, 2 ամիս, 1 շաբաթ։ Իսպանիայից վերադառնալուց հետո Կեսարը տոնել է իր 5-րդ հաղթահանդեսը (տրիումֆ)։ Նա երկու անգամ հյուրասիորւթյուն է կազմակերպել․ առաջինը նրան աղքատիկ է թվում, ինչի պատճառով նա 4 օրից կրկնում է այն։ Տրիումֆը հռոմեացիների վրա ծանր տպավորություն է թողել, քանի որ այն նշվում էր ոչ թե օտարների դեմ տարած հաղթանակների համար, այլ հռոմեացիների։ Այսպիսով քաղաքացիական պատերազմը, որը սկիզբ է դրել հանրապետական համակարգի քայքայմանը, ավարտված էր Կեսարի հաղթանակով, երկրի վիճակը կարգավորվում էր, Հռոմի և պրոինցիաների ղեկավարումն ավելի ու ավելի էր հունի մեջ ընկնում[101]։

Կեսարը հայտարարում է, որ իր բոլոր թշնամիներին թույլ է տալիս վերադառնալ Իտալիա, որոնք կարող էին զբաղեցնել նաև ռազմական և քաղաքական պաշտոններ։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Կեսարը սկսում է մեծ հարգանքով վերաբերվել Գնեոս Պոմպեոսին։ Նա հրամայում է վերականգնել նրա անդրին, որը Ֆարսալոսի ճակատամարտից հետո քանդվել էր ժողովրդի կողմից։

Հետագա դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Կեսարը շարունակում էր իր բարենորոգչական աշխատանքները, սակայն մ․թ․ա 44 թվականին մի շարք սենատորներ և քաղաքական գործիչներ, որոնց ղեկավարներն էին Մարկոս Բրուտոսը, Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Դեցիմուս Յունիոս Բրուտոս Ալբինոսը և Գայոս Տրեբոնիոսը, կազմակերպում են դավադրություն ընդդեմ Կեսարի։ Այդ դավադրության նպատակը Կեսարի սպանությունն էր, քանի որ նրանք կարծում էին, որ Կեսարը ցանկանում է դառնալ թագավոր և վերացնել հանրապետական համակարգը։ Սպանությունից առաջ Կեսարին շատ մարդիկ զգուշացրել են դրա մասին, սակայն ըստ իր սովորության, Կեսարն ուշադրություն չի դարձրել ո՛չ պայծառատեսների գուշակություններին, ո՛չ մերձավորների զգուշության կոչերին։

Կարլ ֆոն Պիլոտիի կողմից ստեղծված «Կեսարի սպանությունը», 1865 թվական, Ստորին Սաքսոնիայի պետական թանգարան

Դավադրությունը տեղի է ունենում մարտյան իդոսների ժամանակ՝ մարտի 15-ին, Պոմպեոսի կուրիայում Սենատի հերթական նիստի ժամանակ։ Նիստի սկսվելուց հետո դավադիրները խմբվել են Լոցիոս Տիլիոս Ցիմբերի շուրջը, որը Կեսարից ներում էր հայցում իր եղբոր համար, իսկ մյուս խումբը կանգնած է եղել Կեսարի թիկունքում։ Երբ Ցիմբերն սկսել է քաշել տոգան Կեսարի վզից՝ նշան տալով դավադիրներին, Կեսարի հետևում կանգնած Պուբլիոս Սերվիլիոս Կասկան դիկտատորի վզին հասցրել է առաջին հարվածը[102]։ Կեսարը սկսել է պաշտպանվել, սակայն երբ տեսել է Մարկոս Բրուտոսին՝ իր ապօրինի զավակին և «հավատարիմ» մերձավորին, ըստ ավանդության, հունարեն ասել է՝ «Եվ դո՞ւ, որդյակ իմ» (հին հունարեն՝ καὶ σὺ τέκνον)[103], իսկ ըստ Պլուտարքոսի գրքի՝ Կեսարը, տեսնելով Բրուտոսին, լռել ու դադարեցրել դիմադրությունը։ Նույն հեղինակը նշում է, որ Կեսարի մարմինը պատահմամբ հայտնվել է շենքում տեղադրված Պոմպեոսի արձանի մոտ կամ դավադիրների կողմից դիտմամբ տեղափոխվել է այնտեղ։ Ընդհանուր առմամբ Կեսարի մարմնի վրա հայտնաբերվել է 23 վերք, որոնցից միայն մեկն է եղել մահացու[104]։

Դավադիրները հանդես են գալիս որպես Լիբերատորներ, ինչից հետո պայքար է սկսում կեսարականների և լիբետատորների միջև, որը հայտնի է Լիբետաորների քաղաքացիական պատերազմ անունով։ Շուտով ստեղծվում է նաև երկրորդ եռապետությունը, որի եռապետեր էին Մարկոս Անտոնիոսը, Օկտավիանոս Օգոստոսը և Մարկոս Լեպիդոսը։ Ի վերջո Լիբերատորները պարտություն են կրում, ապա պայքար է սկսվում եռապետերի միջև, ինչն ավարտվում է Ակցիումի ճակատամարտում՝ Օկտավիանոսի հաղթանակով, որը հռչակվում է Հռոմեական կայսրության առաջին կայսր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kohn, G.C. Dictionary of Wars (1986) p. 374
  2. Hornblower, S., Spawforth, A. (eds.) The Oxford Companion to Classical Civilization (1998) pp. 219–24
  3. Vell., 2, 48
  4. Ցիցերոն, 8, 11, 3
  5. Կեսար, b. c., 1, 1
  6. Ապպիանոս, 2, 32
  7. Դիոն Կասիոս, 41, 1
  8. Սվետոնիոս, մաս 1, 29
  9. Ցիցերոն, 16, 11, 2
  10. Կեսար, 1, 1-5
  11. Ապպիանոս, 2, 32-33
  12. Պլուտարքոս, Կեսար, 30-31
  13. Կեսար, 1, 5; 6
  14. Ibidem
  15. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 244–258.
  16. Կեսար, 1, 7
  17. «Անցնելով Ռուբիկոնը…». vnews.am. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  18. «ռուբիկոնն անցնել - բացատրություն». bararanonline.com. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  19. 19,0 19,1 Պլուտարքոս, Կեսար, 32
  20. Սվետոնիոս, մաս 1, 31
  21. Ապպիանոս, 2, 34
  22. Սվետոնիոս, մաս 1, 32
  23. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 258–264.
  24. Պլուտարքոս, Պոմպեոս, 60-61, Կեսար, 33
  25. Ապպիանոս, 36-37
  26. Դիոն Կասսիոս, 41, 4
  27. Սվետոնիոս, մաս 1, 75
  28. Պլուտարքոս, Կեսար, 34
  29. Կեսար, 1, 12-13
  30. Ցիցերոն, 8, 12B
  31. Կեսար, 1, 16-23
  32. Ապպիանոս, 2, 38
  33. Ферреро С. 361—362
  34. Կեսար, «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին», I, 24.
  35. 35,0 35,1 Պլուտարքոս, Կեսար, 35
  36. Ցիցերոն, fam. 16. 11. 3
  37. Կեսար, 1, 32-33
  38. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 265–274.
  39. Կեսար, b.c. 1, 53
  40. Ապպիանոս, b.c. 2, 42
  41. Ցիցերոն, Att. 10, 9A
  42. M. Gelzer, Հուլիոս Կեսար, էջ 222
  43. Կեսար, b.c., 2, 21
  44. Կեսար, b.c., 2, 22
  45. M. Gelzer, Հուլիոս Կեսար, էջ 225
  46. Սվետոնիոս, մաս 1, 69
  47. Դիոն Կասսիոս, 41, 26-35
  48. Ապպիանոս, b.c. 2, 47
  49. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 274–280.
  50. Կեսար, b.c. 3, 1
  51. Սվետոնիոս, մաս 1, 42
  52. Ապպիանոս, b.c., 2, 48
  53. Դիոն Կասսիոս, 41, 37-38
  54. Կեսար, b.c., 3, 10
  55. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 280–285.
  56. Կեսար, b.c., 3, 18-19
  57. Պլուտարքոս, Կեսար, 38
  58. Ապպիանոս, b.c. 2, 48
  59. Սվետոնիոս, 1-ին մաս, 69
  60. Կեսար, b.c., 3, 51-53
  61. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 285–290.
  62. Կեսար, b.c., 3, 73
  63. Կեսար, b.c., 3, 80
  64. M. Gelzer, Հուլիոս Կեսար, էջ 244
  65. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 290–304.
  66. Կեսար, b.c., 3, 22
  67. Դիոն Կասսիոս, 42, 24 sqq.
  68. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 304–309.
  69. Կեսար, b.c., 3, 106
  70. Կեսար, b.c., 3, 107
  71. Սվետոնոիոս, մաս 1, 64
  72. Պլուտարքոս, Կեսար, 49
  73. Դիոն Կասսիոս, 42, 46
  74. Ապպիանոս, b.c., 2, 90
  75. Կեսար, Alex, 24
  76. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 306–315.
  77. Կեսար, Alex, 55
  78. Կեսար, Alex, 59
  79. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 315–324.
  80. Կեսար, Alex, 65
  81. Կեսար, Alex, 69-75
  82. Դիոն Կասսիոս, 42, 47
  83. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 324–326.
  84. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 327.
  85. Սվետոնիոս, մաս 1, 41-42
  86. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 326–330.
  87. «Աֆրիկյան պատերազմը»., 1
  88. «Աֆրիկյան պատերազմը»., 6
  89. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 330–332.
  90. «Աֆրիկյան պատերազմը»., 50-52
  91. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 332–335.
  92. «Աֆրիկյան պատերազմը»., 88
  93. Ibid. 98
  94. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 335–341.
  95. «Իսպանական պատերազմը», 2
  96. Գ․ Ֆարերրո, II հատոր, 278, 285
  97. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 365–369.
  98. «Իսպանական պատերազմը»., 30
  99. «Աֆրիկյան պատերազմը»., 28-31
  100. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 369–372.
  101. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 373.
  102. Утченко, 1976, с. 328—333
  103. (Suet. Iul. 82) Սվետոնիոս, Աստվածային Հուլիոս, 82։
  104. (Plut. Caes. 66) Պլուտարքոս, Կեսար, 66։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսարի քաղաքացիական պատերազմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 158