Պտղոմեոս XII Աուլետես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պտղոմեոս XII Նեոս Դիոնիսոս
Πτολεμαῖος Νέος Διόνυσος
Imageedit 1 2323034870.png
Պտղոմեոս XII-ի դիմաքանդակը, որը պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում՝ հունական, էտրուսկյան և հռոմեական անտիկ իրերի ցուցասրահում։
Դրոշ
Պտղոմեոսյան Եգիպտոսի փարավոն
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հույն
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր մ. թ. ա. 117
Ծննդավայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Վախճանի օր մ. թ. ա. 51
Վախճանի վայր Ալեքսանդրիա, Եգիպտոս
Դինաստիա Պտղոմեոսներ
Հայր Պտղոմեոս IX
Մայր Կլեոպատրա IV
Ամուսին Կլեոպատրա V
Զավակներ Cleopatra VI of Egypt?, Berenice IV of Egypt?, Կլեոպատրա, Arsinoe IV of Egypt?, Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր և Պտղոմեոս XIV

Պտղոմեոս XII[Ն 1], ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս Նեոս Դիոնիսոս Ֆիլոպատոր Ֆիլադելֆոս (հին հունարեն՝ Πτολεμαῖος Νέος Διόνυσος, թարգմանաբար՝ «Նոր Դիոնիսոս, հորը սիրող, եղբայրներին և քույրերին սիրող», մ. թ. ա. 117 - մ. թ. ա. 51, Ալեքսանդրիա, Եգիպտոս), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոսների արքայատոհմից, որը ընդմիջումներով կառավարել է մ․թ․ա․ 80-ից մ․թ․ա․ 58, ապա՝ մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 51 թվականներին։ Փարավոնը ավանդաբար ստացել է «Աուլետես» (հին հունարենից թարգմանաբար՝ «ֆլեյտահար») մականունը, քանի որ հայտնի էր Դիոնիսոս աստծոն նվիրված փառատոների ժամանակ ֆլեյտա և փողային երաժշտական գործիքներ նվագելու սովորությամբ։ Պտղոմեոս XII-ը Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին էր։ Նրա տատը՝ Կլեոպատրա III-ը, մ․թ․ա․ 103 թվականին իր թոռներին՝ այդ թվում նաև Պտղոմեոսին, ուղարկում է Եգեյան Կոս կղզի, որտեղ էլ վերջինս անցկացնում է իր կյանքի առաջին պարբերափուլը։ Սա նշանակում է, որ Պտղոմեոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եգիպտոսի սահմաններից դուրս՝ խորթ մնալով ավանդական եգիպտական արժեքներին։

Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 80 թվականին, Պտղոմեոս XII-ը ետ է կանչվում Միհրդատյան Պոնտոսի թագավորությունից և հռչակվում Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն։ Թագադրումից շատ չանցած նա ամուսնանում է քրոջ՝ Կլեոպատրա V-ի հետ։ Հայտնի է, որ նրանք ունեցել են առնվազն մեկ դուստր՝ Բերենիկե IV-ը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Կլեոպատրա V-ը կարող էր լինել նաև Կլեոպատրա VII-ի մայրը։ Թեև ուշ շրջանի Պտղոմեոսյան թագավորները աչքի չէին ընկնում իրենց հզորությամբ և որպես կանոն հանդես էին գալիս որպես կամակատար տիրակալներ, այնուամենայնիվ Պտղոմեոս XII Աուլետեսին հաջողվում է իր առաջին պաշտոնավարման ավարտին բարեկամական դաշինք կնքել Հռոմեական հանրապետության հետ։ Չնայած այս ամենին՝ Պտղոմեոս XII-ը մ․թ․ա․ 58 թվականին գահընկեց է արվում եգիպտացիների կողմից և քաղաքական ապաստան գտնում Հռոմում։

Օգտվելով հանրապետության հետ ունեցած արտոնյալ հարաբերություններից՝ Պտղոմեոսը կարողանում է հռոմեական ֆինանսական և ռազմական զորակցությամբ, մինչպես նաև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի զորակցությամբ վերանվաճել Եգիպտոսի գահը՝ մ․թ․ա․ 52 թվականին մահապատժի ենթարկելով իշխանությանը տիրացած դստերը՝ Բերենիկե IV-ին։ Վերահաստատվելով եգիպտական գահին՝ Պտղոմեոս XII-ը իր դուստր Կլեոպատրային ճանաչում է իր օրինական գահակից և իրավահաջորդ։ Մ․թ․ա․ 51 թվականին փարավոնը կնքում է իր մահկանացում՝ թագավորական իշխանությունը կտակելով իր երկու երեխաներին՝ Կլեոպատրային և մանկահասակ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորին։ Հետագայում նրա երեխաներից Արսինոյա IV-ը և Պտղոմեոս XIV-ը ևս դառնում են հելլենիստական Եգիպտոսի կառավարիչներ։

Նախապատմություն և վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս XII Աուլետեսը Պտղոմեոս IX Սոտերի ավագ որդին էր։ Նրա մոր ինքնությունն անորոշ է։ Հայտնի է, որ Պտղոմեոս IX-ն ամուսնացել է երկու անգամ, առաջին դեպքում մ․թ․ա․ 119 թվականին՝ քրոջ՝ Կլեոպատրա IV-ի, ապա՝ մ․թ․ա․ 115 թվականին ամուսնալուծվելուց հետո, Կլեոպատրա Սելենեի հետ։ Այնուամենայնիվ, հռոմեացի հռետոր Ցիցերոնը և անտիկ շրջանի մի շարք այլ պատմագիտական աղբյուրներ հավաստում են, որ Պտղոմեոս XII-ը եղել է ապօրինածին որդի։ Պոմպեոս Տրոգոսը վերջինիս անվանել է «նոթոս» (բաստարդ), մինչդեռ հույն աշխարհագրագետ Պավսանիասը ընդգծել է, որ Պտղոմեոս IX-ը ընդհանրապես չի ունեցել օրինական որդիներ։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ վերջինիս մայրը եղել է հեթանոս, ալեքսանդրիացի հույն, ամենայն հավանականությամբ նաև եգիպտական վերնախավի անդամ։

Պտղոմեոս IX-ի հատած մետաղադրամները։ Դարձերեսին պատկերված է արծիվ։

Պտղոմեոս XII-ի ծննդյան ամսաթիվը արդի գիտության համար անհայտ է։ Վերջինիս՝ Կլեոպատրա IV-ի որդին լինելու պարագայում, այն կարող է տատանվել մ․թ․ա․ 117 թվականի շրջակայքում։ Մ․թ․ա․ 117 թվականին Պտղոմեոս IX-ը հանդես էր գալիս Կիպրոս կղզու կառավարչի պաշտոնում, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, մասնավորապես՝ մ․թ․ա․ 116 թվականին Պտղոմեոս VIII-ի մահը, ստիպում է ապագա փարավոնին վերադառնալ Ալեքսանդրիա՝ դառնալով իր տատ Կլեոպատրա II-ի և մոր՝ Կլեոպատրա III-ի խնամակալը։ Կլեոպատրա II-ը մահանում է մ․թ․ա․ 115 թվականին և կարճ ժամանակ անց Կլեոպատրա III-ը Պտղոմեոս IX-ին ստիպում է, որպեսզի վերջինս իր քույր Կլեոպատրա IV-ին կնության տա Սելևկյանների տիրակալության կառավարիչ Անտիոքոս IX Կիզիկենոսին։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 114 թվականին Անտիոքոսը սպանվում է։ Քրոջից ամուսնալուծվելուց հետո՝ Պտղոմեոս IX-ը ամուսնանում է Կլեոպատրա Սելենեի հետ։ Վերջիններիս ամուսնական կապերի արդյունքում ծնվում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 109 թվականին Պտղոմեոս IX-ը սկսում է Պտղոմեոս XII-ին հանրային կյանքին ներկայացնելու գործընթացը։ Այդ տարում Պտղոմեոս XII-ը ծառայում էր որպես քրմապետ և հայտնիություն ձեռք բերելու նպատակով վերջինիս պատիվ Կիրենեում (Հյուսիսային Աֆրիկայում՝ ներկայիս Լիբիայի տարածքում) կազմակերպվում է փառատոն։ Այսօրինակ զարգացումների ֆոնին վատթարանում են Պտղոմեոս IX-ի և վերջինիս մոր հարաբերությունները։ Մ․թ․ա․ 107 թվականին Պտղոմեոսը սպառնալիքներից զերծ մնալու համար փախչում է Կիպրոս, իսկ նրա իշխանական լիազորություններն անցնում են իր իսկ կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս X Ալեքսանդրոսին։ Մարկոս Յուստինոսի հավաստմամբ՝ այնուամենայնիվ, Պտղոմեոս IX-ի որդիները չեն լքում Ալեքսանդրիան և մնում են հայրենիքում։

Պտղոմեոս IX-ը մ․թ․ա․ 103 թվականին փորձում է վերականգնել եգիպտական գահը՝ ներխուժելով Հրեաստան (Հուդայի թագավորություն)։ Պատերազմի սկզբնամասում Կլեոպատրա III-ն անվտանգության նկատառումներից ելնելով իր թոռներին ուղարկում է Հունաստանի Կոս կղզի։ Միհրդատյան առաջին պատերազմի շրջանակներում Պտղոմեոս XII-ի և Պտղոմեոս Կիպրացու տերությունները նվաճվում են Պոնտոսի թագավորության կողմից։ Զարմանալիորեն, միևնույն ժամանակ նրանց հայրը վերականգնում է իր իշխանությունը Եգիպտոսում։ Վերջիններս Միհրդատի արքունիքում պատանդի կարգավիճակով պահվում են մինչև մ․թ․ա․ 80 թվականը։ Այդ ընթացքում Պտղոմեոսյան արքայազնները ամուսնանում են Միհրդատի երկու դստրերի՝ Միթրիդատիսի և Նիսսայի հետ։ Պտղոմեոս IX-ը մահանում է մ․թ․ա․ 81 թվականին, սակայն նրան հաջորդում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 80 թվականին Բերենիկեն իր գահակից է նշանակում Պտղոմեոս X-ի որդուն՝ Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II-ին։ Ամուսնությունից շատ չանցած Պտղոմեոս X-ը սպանում է իր կնոջը, ապա՝ գահընկեց արվում Ալեքսանդրիայի զայրացած ամբոխի կողմից։ Այսպիսով, իրադարձությունների նման զարգացումից հետո եգիպտական ավագանին Պտղոմեոս XII-ին խնդրում է վերադառնալ Եգիպտոս և ստանձնել թագավորության ղեկը։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պտղոմեոսների համարակալումը ժամանակակից պրակտիկա է։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները կարող են չհամապատասխանել ներկայիս օրինաչափությանը։ Տարբերակման ամենաարժանահավատ ձևը մակդիրն է (օրինակ՝ Թեոս Ֆիլոպատոր՝ «աստված, որ սիրում է իր հորը»)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]