Ռուբիկոնի գետանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբիկոնի գետանցում
Crossing the Rubicon.jpg
Կեսարի զորքը նրա հրամանատարությամբ անցնում է Ռուբիկոն գետը
ԹվականՄ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10
ՎայրՌուբիկոն գետ
Նաև հայտնի է որպեսԱնցնելուց հետո սկսվեց Կեսարի քաղաքացիական պատերազմը
ՊատճառՔաղաքացիական պատերազմ սկսելու համար
ՄասնակիցներXIII Զույգ լեգեոն
ՀետևանքՔաղաքացիական պատերազմի սկիզբ

Ռուբիկոնի գետանցում, պատմական իրադարձություն, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10-ին[1]։ Այս իրադարձության հետևանքով Հռոմեական հանրապետությունում սկսվեց Կեսարի քաղաքացիական պատերազմը, ինչը հանգեցրեց նրան, որ Կեսարը դարձավ դիկտատոր, իսկ Հռոմում շուտով սկսվեց կայսերական դարաշրջանը։ Կեսարը այդ ժամանակ նշանակված էր Հարավային Գալլիայից մինչև Իլիրիկում ընկած տարածքների ղեկավար (սկայան ոչ Իտալիայի)։ Քանի որ նրա նահանգապետության ժամկետը լրացել էր, Հռոմի Սենատը հրամայել է նրան կազմալուծել իր բանակը և վերադառնալ Հռոմ։ Նրան հարմայել են իր զորքերի հետ միասին գետանցում չիրականացնել Ռուբիկոն գետի վրայով, որը այդ ժամանակ Իտալիայի հյուսիսային սահմանն էր։ Մ․թ․ա․ 49 հունվարին Կեսարը հրամայում է XIII Զույգ լեգեոնին գետանցում կատարել Ռուբիկոնի վրայով, ինչը Հռոմի Սենատը ընդունեց որպես ապստամբություն, դավաճանություն և պատերազմ հայտարարում իրեն։ Ըստ մի շարք պատմիչների՝ հենց գետանցման ժամանակ էլ Կեսարը ասել է իր հայտնի խոսքերից մեկը՝ «Վիճակը նետված է» (լատ.՝ alea iacta est)[2]։ Այսօր «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը նշանակում է վճռորոշ, անդարձ քայլ կատարել[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարը՝ կանգնած Ռուբիկոն գետի ափին

Հռոմեական հանրապետության ժամանակաշրջանում Ռուբիկոն գետը եղել է հյուիսի-արևելքում գտնվող Ցիսալպիական Գալլիայի և հարավում գտնվող Իտալիայի սահմանը․ վերջինս ղեկավարվում էր Հռոմի Սենատի կողմից։ Հյուսիս-արևմուտքում սահմանային գետ էր հռչակվել Արնո գետը, որն ավելի լայն ու կարևոր ջրային ուղի էր և Ապենինյան լեռներից հոսում էր դեպի արևմուտք և թափվում Տիրենյան ծով։

Հռոմեական պրովինցիաների ղեկավարները ընտրվում էին պրոմագիստրատներ, որոնք զորքի վրա իշխանություն («իմպերիում» լատ.՝ imperium) ունեին։ Հռոմեական զորքերի հրամանատարները ծառայել են որպես գեներալներ իրենց իշխանության տակ եղած տարածքներում։ Ըստ հռոմեական օրենքների՝ բուն Իտալիայի ներսում զորքի հրամանատարներ կարող են լինել միայն ընտրված մագիստրոսները (կոնսուլներ և պրետորներ)։ Ցանկացած պրոմագիստրատ, ով բուն Իտալիա կմտներ որպես իր զորքերի հրամանատար, կզրկվեր իր իմպերիումից, այսինքն՝ այլևս իրավունք չէր ունենա լինել զորքի հրամանատար։

Օրենքով արգելված դեպքերում իմպերիումի օգտագործումը համարվում էր ծանր հանցագործություն։ Բացի այդ՝ այն զինվորները, որոնք ենթարկվում էին օրենքը խախտած և Իտալիա ներխուժած հրամանատարի, նույնպես դառնում էին նրա հանցակիցը։ Եթե հրամանատարը իր զորքերի հետ միասին ներխուժել է բուն Իտալիայի տարածք, ապա և՛ հրամանատարը, և՛ զինվորները, որոնք հետևել են նրա անօրինական հրամանի, դատապարտվում են մահապատժի։ Այսպիսիով Իտալիա մտնելու թույլտվություն ունենալու համար ցանկացած հրամանատար ստիպված է եղել ցրել սեփական զորքը։

Գետանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի անցումը Ռուբիկոնի վրայով

Մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը, ղեկավարելով միայն մեկ լեգեոն՝ XIII Զույգ Լեգեոնը, անցավ Ռուբիկոն գետը, որը Ցիսալպյան Գալլիայի և Իտալիայի սահամանն էր, և ուղևորվեց դեպի Հռոմ։ Այս ամենը կատարելով՝ Կեսարը փաստացիորեն խախտել էր իմպերիումին վերաբերող հռոմեական օրենքը և սկսել էր ռազմական կոնֆլիկտ Սենատի և իր միջև։ Սվետոնիոսը հայտնում է, որ Կեսարը անվճռական էր Ռուբիկոնը անցնելու հարցում։ Նա գրում է, որ Կեսարը, դիմելով իր զինակիցներին, ասել է «Դեռևս ուշ չի վերադառնալ, բայց բավական է անցնել այս փոքրիկ կամուրջը, և ամեն ինչ կորոշի զենքը»։ Ապպիանոսը Կեսարին է վերագրում հետևյալ խոսքերը․ «Եթե ետ կանգնեմ անցումից, բարեկամներ, դա փորձանքի սկիզբ կլինի ինձ համար, իսկ եթե անցնեմ՝ բոլոր մարդկանց համար»։ Իսկ Պլուտարքոսը նշում է, որ Կեսարը գիտակցում էր իր քայլի լրջությունը և գիտեր, թե ինչպես կարող է այն ընկալվել հետագա սերունդների կողմից։ Սվետոնիոսը և Պլուտաքրոսը նշում են նաև մի շարք գերբնական նշանների մասին, որոնք նախանշեցին գետանցման հաջողությունը։ Հայտնի է նաև, որ մինչև իր հայտնի գետանցումը Կեսարը նախորդ գիշեր ճաշել է Գայոս Սալլուստիոս Կրիսպոսի, Հիրտոսի, Օպպոսի Կոռնելիուս Բալբոսի, Սուլպիցիոս Ռուֆոսի հետ միասին[4]։

Սվետոնիոսը նշում է նաև, որ Կեսարը գետանցման ժամանակ ասել է իր ամենահայտնի խոսքերից մեկը՝ «Վիճակը նետված է» (լատ.՝ ālea iacta est)։ Այսօր «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը նշանակում է վճռորոշ, անդարձ քայլ կատարել[3]։ Կեսարի կողմից իրականացված գետանցման հետևանքով Պոմպեոսը, երկու ապօրինի կոնսուլները՝ Գայոս Կլավդիոս Մարցելոսը և Լուցիոս Կոռնելիուս Լենտուլոս Կրուսը, և Հռոմի Սենատի մեծ մասը, վախենալով Կեսարից, փախան Հռոմից։ Իսկ Կեսարի հաղթանակը քաղաքացիական պատերազմում թույլ տվեց, որ նա հետագայում չպատժվի իր արարքի համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբիկոնն անցնել»։ tondrak.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-20-ին։ Վերցված է 2020-03-20 
  2. «Անցնելով Ռուբիկոնը…»։ vnews.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-20 
  3. 3,0 3,1 «ռուբիկոնն անցնել - բացատրություն»։ bararanonline.com (հայերեն)։ Վերցված է 2020-03-20 
  4. Dando-Collins Stephan (2002)։ The Epic Saga of Julius Caesars Tenth Legion and Rome։ էջ 67։ ISBN 0-471-09570-2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ռուբիկոնն անցնել» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։