Արեցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Արեցո
Piazza Grande, Arezzo.JPG
Կոորդինատներ: 43°27′47″ հս․ լ. 11°52′41″ ավ. ե. / 43.46306° հս․. լ. 11.87806° ավ. ե. / 43.46306; 11.87806
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Տոսկանա
Գավառ Արեցո
Մակերես 384,7 կմ²
ԲԾՄ 296±1 մետր
Բնակչություն 99 541 մարդ (հուլիսի 1, 2016)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 0575
Փոստային ինդեքսներ 52100
Ավտոմոբիլային կոդ AR
Պաշտոնական կայք comune.arezzo.it
##Արեցո (Իտալիա)
Red pog.png
##Արեցո (Տոսկանա)
Red pog.png

Արեցո (իտալ.՝ Arezzo), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզում, համանուն գավառի վարչական կենտրոնը[2]: Գտնվում է Ֆլորենցիայից 80 կմ հարավ-արևելք` Առնո գետի վերին հոսանքի բլուրների վրա: Քաղաքի բնակչությունը 91.600 մարդ է (2001):

Քաղաքի հովանավորն է համարվում սուրբ Դոնատը: Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 7-ին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ամֆիթատրոնի ավերակներ Արեցոյում

Արեցոն Տոսկանայի հնագույն քաղաքներից է: Առաջին անգամ այս կողմերում բնակություն են հաստատել մ. թ. ա. 6-րդ դարում: Շուտով Արետումը (լատ.՝ Arretium), ինչպես հետագայում քաղաքն անվանեցին հռոմեացիները, դարձել է Էտրուրիայի 12 քաղաք-պետություններից մեկը: Ամենայն հավանականությամբ, Էտրուրիայի կազմում Արեցոն զգալի վերելք է ապրել` շնորհիվ Կենտրոնական Իտալիայի այլ քաղաքների հետ ունեցած առևտրի: Մեր օրերում էտրուսկյան հին քաղաքից պահպանվել են ամրոցային պատի մնացորդները, Պաջո դել Սոլ գերեզմանոցի ավերակները, ինչպես նաև Քիմեռի և Միներվայի բրոնզե քանդակներ, որոնք գտնվում են Ֆլորենցիայի հնագիտական թանգարանում: Նույնիսկ էտրուսկական քաղաքների անկումից հետո Արետիումը պահպանում է իր նշանակությունը, զարգացում է ապրում կավե և բրոնզե իրերի պատրաստումը: Տիտոս Լիվիոսը Կիուզի և Պերուջա քաղաքների հետ Արեցոն անվանել է «էտրուսկների մայրաքաղաք»:

Քաղաքը Հին Հռոմի դեմ պայքարի առաջատարներից է եղել: Սակայն մ. թ. ա. 311 թվականին այն նվաճվել է հռոմեացիների կողմից: Քաղաքի կենտրոնը մասամբ ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել է նրա սահմաններից դուրս: Արետիումը վերածվել է հռոմեական գաղութի: Մ. թ. ա. 3-րդ դարում Արետիումը Հռոմի հետ պայքարում է գալլերի դեմ` հետագայում դառնալով Հռոմեական պետության հյուսիսային արշավանքների հիմնակետը: Մ. թ. ա. 1-ին դարում բնակավայրը ստանում է քաղաքի (լատ.՝ municipium) կարգավիճակ: Գայոս Մարիոսի և Սուլլայի միջև տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ Արետիումը պաշտպանում է Մարիոսին, ինչի պատճառով էլ Սուլլայի պարտությունից հետո քաղաքն ավերածությունների է ենթարկվում, իսկ բնակիչների մեծ մասը արտագաղթում է: Նրանց փոխարեն քաղաքը բնակեցվում է Սուլլայի բանակի վետերաններով, որոնք այստեղ հիմնում են Արետիում Ֆիդենս (լատ.՝ Arretium Fidens) գաղութը: Հուլիոս Կեսարի իշխանության տարիներին քաղաքն ընդունում է վետերանների նոր հոսք, որ ձևավորում է Արետիում Յուլիումը (լատ.՝  Arretium Julium):

Վերաբնակվողների անդադար հոսքի շնորհիվ` Արետիումի նշանակությունը հետզհետե աճում է: 1-ին դարի սկզբին նրա բնակչությունն անցնում էր 100.000-ից` քաղաքը դարձնելով բնակչության թվով երրորդ քաղաքն Իտալիայում (Հռոմից ու Նեապոլից հետո): Զգալիորեն ընդարձակվել էր նաև Արետիումի տարածքը: 2-րդ դարում կառուցվել են հասարակական բաղնիքներ և ամֆիթատրոն, որի ավերակները հասել են մեր օրեր: Քաղաքը մեծ համբավ է ձեռք բերում որպես տերակոտայի կենտրոն. արետինյան սկահակները արտահանվում էին Հռոմեական կայսրության ամենահեռավոր անկյունները: Ծագումով Արետիումից էր Գայոս Մեկենասը` Օկտավիանոս Օգոստոս կայսեր ջերմ համակիրը, որ հայտնի է արվեստի հովանավորությամբ:

Վաղ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության անկումից հետո բարբարոսների ներխուժման հետևանքով Արեցոյի բնակչությունը զգալիորեն կրճատվում է, տնտեսությունն անկում է ապրում: Սակայն Պո գետի հովտում` Հռոմ տանող ճանապարհին գտնվելը քաղաքին թույլ էր տալիս պահպանել կարևոր նշանակությունը միջնադարում: 5-6-րդ դարերում Արեցոն գտնվել է Օստգոթերի թագավորության սահմանին Ռավեննայի եքսարքոսի տիրապետության տակ, իսկ հետագայում դառնում է իտալական առաջին բնակավայրերից մեկը, որ անցնում է լանգոբարդների իշխանությանը: Վերջիններիս իշխանության ժամանակ քաղաքի էթնիկ կազմը զգալիորեն փոխվում է, առևտրական կապերը պակասում են, իսկ քաղաքի կենտրոնը տեղափոխվում է բլրի վրա, որտեղ ամրոց է կառուցվում: 8-րդ դարի վերջին Արեցոն մտնում է Կառլոս Մեծի, ապա Հռոմեական սրբազան կայսրության կազմի մեջ: Այս շրջանում քաղաքի մշակութային ու տնտեսական զարգացումը կանգ է առնում` պայմանավորված Կենտրոնական Իտալիայում ծագած երկպառակություններով:

Արետինյան հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XI—XII դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցային պատեր

Լինելով Հռոմեական սրբազան կայսրության կազմում` Արեցոն ենթարկվել է Տոսկանայի մարկային, սակայն Տոսկանայի դերկոմսերի իշխանությունը քաղաքում թույլ էր: Քաղաքի իշխանությունը կենտրոնացած էր Արեցոյի եպիսկոպոսի ձեռքերում: Քաղաքում եպիսկոպոսություն էր հիմնվել դեռևս 4-րդ դարում, և չնայած բազում պատերազմներին ու ներխուժումներին` քաղաքի եպիսկոպոսական իշխանությունը երբեք չի ընդհատվել: Հռոմեական սրբազան կայսրության կայսրերը, շահագրգռված լինելով Իտալիայում ամուր հենարան ունենալով, ակտիվորեն աջակցում էին եպիսկոպոսներին, նվիրում հողատարածքներ: 11-րդ դարի կեսերին Արեցոյի եպիսկոպոսը համարվում էր Առնոյի վերին հոսանքի շրջանի բնակավայրերի քաղաքական և հոգևոր առաջնորդը: 1059 թվականից Արեցոյի եպիսկոպոսը կրում էր նաև կոմսի տիտղոս` դրանով իրեն շնորհելով աշխարհիկ իշխանություն:

Առևտրի և արհեստների զարգացումը, որ իտալական քաղաքներում սկսվել էր 11-րդ դարում, չի շրջանցում և Արեցոն. քաղաքում ձևավորվում է առևտրականների խավ, որը դեմ էր եպիսկոպոսի իշխանությանը: Արդեն 11-րդ դարում Արեցոյում ձևավորվում է կոմունա, որ միավորում էր քաղաքի իշխանությանը հավակնող արհեստագործների շրջանակները: 1098 թվականին առաջին անգամ հիշատակվում է կոմունայի կառավարման նոր մարմինը` կոնսուլների խորհուրդը, որ կիսում էր իշխանությունը Արեցոյի եպիսկոպոսի հետ: Դերկոմսուհի Մաթիլդա Տոսկանացու մահից հետո` 1115 թվականին, Տոսկանայի կենտրոնական իշխանությունը գործնականում դադարում է գոյություն ունենալուց: Արեցոն վերածվում է անկախ քաղաք-պետության եպիսկոպոսի ու կոմունայի տիրապետության ներքո: Կոմունայի մարմիններն աստիճանաբար սահմանափակում էին եպիսկոպոսի իշխանությունը, սակայն մինչև 14-րդ դարը նա դեռ ուներ զգալի ազդեցություն քաղաքի կառավարման մեջ:

Շուտով Արետինյան հանրապետության ձևավորումից հետո կոմունան պայքար է մղում իր իշխանության տարածման համար: 12-13-րդ դարերի պատերազմական մի շարք գործողություններից հետո Արեցոյի քաղաքացիներն իշխանություն են հաստատում շրջակա մի շարք բնակավայրերի նկատմամբ: 1197 թվականին Սան Ջենեզիոյի համաժողովում համաձայնագիր է կնքվում տոսկանական քաղաք-պետությունների միջև` ազդեցության շրջանակը բաժանելով, սակայն դա ևս վերջ չի դնում հակամարտություններին: 12-րդ դարի վերջերին Արեցոյի կառավարման համակարգը զգալի փոփոխություններ է կրում. կոնսուլների խորհրդին փոպարինելու է գալիս միանձնյա պոդեստայի իշխանությունը, որ սովորաբար նշանակվում էր օտարներից, և գլխավորում էր պետության ռազմական ուժը:

Արետինյան հանրապետությունը ծաղկման շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա դելա Պիեվա բազիլիկ

Գվելֆների և գիբելինների պայքարում Արետինյան հանրապետությունը վերջիններիս է աջակցում: Այս շրջանում Արեցոյի հիմնական հակառակորդը գվելֆների իշխանությանը ենթարկվող Ֆլորենցիան էր, որ զավթողական քաղաքականություն էր իրականացնում Տոսկանայում: Չնայած հյուսիսում Արեցոն որոշակի իշխանություն է զիջում Ֆլորենցիայում, սակայն հանրապետությունը շարունակում է տիրել բավական ընդարձակ տարածությունների` Կազենտինոյի հովտից մինչև Կյանա: 1258 թվականին Արեցոյի տիրապետությանն է անցնում Կորտոնա խոշոր քաղաքը, որ Հռոմի պապի տիրապետության տակ էր գտնվում: 1260 թվականին արետինյան զորքերը մասնակցում են Մոնտապերտիի ճակատամարտին, որի արդյունքում Ֆլորենցիայի բանակը ջախջախվում է, իսկ Տոսկանան անցնում է գիբելինների տիրապետության տակ: Սակայն Բենեվենտի ճակատամարտից հետո 1266 թվականին իրադրությունը փոխվում է. գվելֆները, ստանալով Կառլ I Անժուացուաջակցությունը, վերածնունդ են ապրում: 13-րդ դարում Տոսկանայի գրեթե բոլոր կոմունաներում իշխանության են գալիս գվելֆները: Միայն Արետինյան հանրապետությունն է պահպանում իր հավատարմությունը կայսեր նկատմամբ: Հռոմի պապի ֆինանսական և Կառլ Անժուացու ռազմական աջակցությամբ Ֆլորենցիան ձևավորում է խոշոր բանակ և 1289 թվականին Կամպալդինոյի ճակատամարտում ջախջախիչ հարված է հասցնում Արետինյան կոմունային: Ճակատամարտում մահանում են Արետինյան կոմունայի առաջնորդները: Ճակատամարտը վճռորոշ դեր է խաղում Արեցոյի պատմության մեջ. զգալի տարածքներ են զիջվում Ֆլորենցիային և Սիենին, իսկ Արեցոյի դերը գնալով նվազում է:

13-րդ դարը Արետինյան հանրապետության վերելքի ժամանակաշրջանն է: Այս շրջանում կառուցվում են նոր ամրություններ, վերականգնվում է հին քաղաքի ռոմանական ոճը, որի վառ ապացույցն է Սանտա Մարիա ֆելա Պյեվեն, սկսվում է նոր մայր տաճարի շինարարությունը: 1255 թվականին Արեցոյում հիմնվում է համալսարան, որը առաջիններից մեկն էր Իտալիայում և ողջ Եվրոպայում: Զարգացում են ապրում կիրառական արվեստը և գրականությունը: Քաղաքում աշխատում են ինչպես տեղի, այնպես էլ ֆլորենտական և սիենյան դպրոցների ներկայացուցիչները, որոնք ձևավորում են Արեցոյի մայր տաճարը: Բարձր մակարդակի է հասնում արետինյան գրականությունը, որի ներկայացուցիչներից է Գվիտոնե դ'Արեցոն: 1302 թվականին քաղաքում ծնվել է Ֆրանչեսկո Պետրարկան: Գվիդո Տարլատիի մահից հետո 1327 թվականին Արեցոյի ղեկավարությունն անցնում է նրա եղբորը` Պիերո Սակոնեին, որի օրոք հանրապետությունը հայտնվում է ֆինանսական և քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Դա հանգեցնում է նրան, որ 1337 թվականին Արեցոն վաճառվում է Ֆլորենցիային 42.800 ֆլորինով:

1343 թվականին վերականգնվում է Արետինյայ հանրապետության անկախությունը, սակայն հաստատուն կառավարություն ձևավորել այդպես էլ չի հաջողվում. գվելֆների և գիբելենների կուսակցական պայքարը թուլացրել էր հանրապետությունը: Իրավիճակը բարդացնում էին նաև առանձին ազնվականական ընտանիքներ, որոնք ցանկանում էին Արեցոյում հաստատել ժառանգաբար փոխանցվող իշխանություն: Արդյունքում հանրապետության` անկախությունը պահպանելու ջանքերը ձախողվում են: 1384 թվականին քաղաքը կրկին վաճառվում է Ֆլորենցիային, և Արեցոն միացվում է Ֆլորենտական հանրապետությանը:

Արետինյան հանրապետության գոյության վերջին հարյուրամյակը առանձնանում է սեփական գեղարվեստական դպրոցի առկայությամբ, որի առավել նշանավոր ներկայացուցիչներից է Սպինելո Արետինոն (1330-1410): Այս նույն ժամանակին է վերաբերում նաև ուշ գոթիկայի ոճով կառուցված Պրիորների պալատը, Սան Ֆրանցիսկո եկեղեցին և մի քանի այլ շինություններ:

Վերածնունդ և նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեցոյի մայր տաճար

Ֆլորենտական հանրապետությանը միանալուց հետո Արեցոյի նշանակությունը սկսում է անկում ապրել: Արեցոն որոշակի ինքնուրույնություն է պահպանում, սակայն քաղաքի մշակութային, հասարակական-քաղաքական զարգացումը մայրաքաղաքի լիակատար ազդեցության տակ էր գտնվում: Վատանում է նաև քաղաքի ժողովրդագրական պատկերը (1552 թվականին` 7750 բնակիչ, 1745 թվականին` 6700 բնակիչ): Ֆլորենտական իշխանության դեմ բարձրացրած ընդվզումները շատ արագ ճնշվում էին: 1569 թվականին Արեցոն մտնում է Տոսկանայի մեծ հերցոգության մեջ: Չնայած տնտեսական ու քաղաքական իրավիճակի վատացմանը` մշակութային կյանքը քաղաքում շարունակում էր զարգանալ: Արեցոյում են ապրում ու ստեղծագործում այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո Բրունին (1374-1444), բուսաբան Անդրեա Չեզալպինոն (1519-1603), ֆիզիկոս Ֆրանչեսկո Ռեդին (1626-1698): Ծագումով Արեցոյից էր իտալացի նշանավոր բանաստեղծ, գրող Պիետրո Արետինոն (1492-1556): Կիրառական արվեստում գերիշխում էր վերածնունդը: Այդ շրջանում Արեցոն ներկայանում է այնպիսի նկարիչներով, ինչպիսիք են Բերնարդո Ռոսելինոն, Ջուլիանո դա Մայանոն, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան և վերջապես Ջորջո Վազարին:

1722 թվականին անցկացվում է բարեփոխում, որի արդյունքում Արեցոն և նրա շրջակա բնակավայրերը հայտնվում են վարչական նույն շրջանում: Դա հիմք է հանդիսանում ներկայիս Արեցո կոմունայի ձևավորման համար: 18-րդ դարի վերջին չորացվում են Կյանա հովտի ճահիճները, ինչը բարելավում է քաղաքի կլիմայական պայմանները: 19-րդ դարում սկսվում է Արեցոյի` Տոսկանայի և Իտալիայի այլ քաղաքների միջև հաղորդակցության ճանապարհների ակտիվ շինարարություն: Այս շրջանին են վերաբերում ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Պյացա դել Պոպոլոն, երկաթուղային կայարանը, Պորտ Ֆերդինանդը: 1825 թվականին ձևավորվում է Արետինյան շրջանը, որ Արեցոյի գավառի հիմքն է հանդիսանում:

Անկախության կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեցոյի միջազգային դրության վատացումը 13-14-րդ դարերում պայմանավորված էր գվելֆների և գիբելենների պայքարի սրացմամբ: Մեծացել էր հանրապետության կախվածությունը վարձկան բանակից: Լինելով գիբելենների ճամբարում` Արեցոն ստիպված էր դիմակայել գվելֆական Ֆլորենցիային և Սիենին` երբեմն դիմելով այլ երկրների օգնությանը: 1315 թվականին Ֆաջիոլայի գիբելինյան բանակը Մոնտեկատինիի ճակատամարտում ջախջախում է ֆլորենտա-նեապոլյան ուժերը: Այս քաղաքականությունը շարունակվում է եպիսկոպոս Գվիդո Տարլատիի շրջանում, ով 1320-ական թվականներին դառնում է Արետինյան հանրապետության փաստացի տիրակալը: Դաշնակցելով Ֆորլիի հետ` Գվիդո Տարլատին 1323 թվականին նվաճում է Չիտա դի Կաստելոն` ընդարձակելով սահմանները հարավային ուղղությամբ և դրանով իսկ հարուցելով Հռոմի պապի թշնամանքը:

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի միավորումից և քաղաքի վարչական ինքնիշխանության մեծացումից հետո Արեցոն զարգացում ապրեց: 1867 թվականին հաստատվում է քաղաքաշինական նոր հատակագիծը, որ թույլ էր տալիս քաղաքի տարբեր մասերի միջև լավ հաղորդակցությունը: 1881 թվականին հիմնադրվել է Արեցոյի ազգային բանկը («Banca Etruria»), որ սկսել է վարկավորել տեղի արդյունաբերությունը: 1895 թվականին քաղաքում առաջին անգամ հաստատվել է էլեկտրական լուսավորությունն: Քաղաքային հին պարիսպները մասամբ քանդվել են քաղաքի արագ զարգացման արդյունքում[3]:

Արեցոն զգալիորեն տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Քաղաքը բազմիցս ձեռքից ձեռք է անցել` ենթարկվելով դաշնակիցների ռմբակոծմանը: 1944 թվականի հուլիսի 16-ին, երբ քաղաքին են մոտեցել հակահիտլերյան կոալիցիայի ուժերը, ընդվզում է բարձրացել ֆաշիստական իշխանության դեմ: Արեցոյի բնակիչների դրսևորած հերոսության համար 1984 թվականին քաղաքը պարգևատրվել է ոսկե շքանշանով:

Արեցոյի համայնապատկեր

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գվիդո դ'Արեցո (մոտ 990 - մոտ 1050), երաժշտության տեսաբան և ռեֆորմատոր, ժամանակակից նոտագրման հիմնադիրներից:
  • Ֆրանչեսկո Պետրարկա (1304-1374), բանաստեղծ, հումանիստ, իտալական պրոտոռենեսանսի ներկայացուցիչ:
  • Սպինելո Արետինո (մոտ 1346 - 1410), ուշ միջնադարի իտալացի նկարիչ:
  • Պիետրո Արետինո (1492-1556), ուշ վերածննդի իտալացի գրող, սատիրիկ, հրապարակախոս, դրամատուրգ:
  • Ջորջո Վազարի (1511 - 1574), իտալացի նշանավոր նկարիչ, ճարտարապետ, գրող:
  • Անդրեա Չեզալպինո (1519 - 1603), իտալացի բժիշկ, բնագետ, փիլիսոփա
  • Ֆրանչեսկո Ռեդի (1626 - 1697), բժիշկ, բնագետ
  • Աննա Մարիա Ռեդի (1747 - 1770), հռոմեական կաթոլիկ եկեղցու սուրբ, միստիկ:
  • Ռոբերտո Բենինյի (ծնվ.` 1952), իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
  • Վալենտինա Ջովանյինի (1980 - 2009), էստրադային երգչուհի:
  • Դիլան և Կոուլ Սպրոուս (ծնվ.` 1992), երկվորյակ դերասաններ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիացա Գրանդե

Արեցոյի բազմաթիվ հրապարակներից ուշագրավ են Գրանդե հրապարակը (իտալ.՝ Piazza Grande) կամ Ֆերդինանդան (իտալ.՝ Ferdinanda)` սյունաշարերով, գոթական ոճի լոժայով, և հեթանոսական մեհյանի տեղում կառուցված եկեղեցին:

13-րդ դարում կառուցված տաճարը, որի ճակատային մասը շատ այլ եկեղեցիների նման ավարտին չի հասցված, ունի մարմարից հրաշալի գլխավոր խորան, որ Ջիովանի Պիզանոյի աշխատանքն է: Այլ եկեղեցիներում կան տոսկանյան դպրոցի հրաշալի նկարներ: Սան Ֆրանչեսկո բազիլիկում պահպանվել են Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի գործերը:

Արեցոն, լինելով նահանգապետի և եպիսկոպոսի նստավայրը, ունի ենթապատկան 15 եկեղեցիներ, գիտությունների ակադեմիա, գրադարան, դիվանագիտական արխիվ, հնաբանական թանգարան, պատկերասրահ, մի քանի մասնավոր թանգարաններ, գիմնազիա, հոսպիտալ, 4 մենաստան[4]: Քաղաքի փողոցներն ընդարձակ են, քաղաքային կառույցները գեղեցիկ են, ապահովված ջրով:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեցոյում, ինչպես Սիենում, կազմակերպվում են ամենամյա թատերականացված ձիարշավներ` Պալիո:

Մշակույթի պատմության մեջ Արեցոն մտել է արետինյան կերամիկայի շնորհիվ, որը ամենօրյա սպառման ապրանքի առաջին խոշոր արտադրության օրինակներից է պատմության մեջ[5]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://demo.istat.it/bilmens2016gen/index02.html
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Arezzo)»։ Վերցված է 2017 հուլիսի 22 
  3. "Allen, Silas. University of Oklahoma renovates Tuscan monastery for use as overseas campus. Daily Oklahoman, April 22, 2012". Retrieved 2012-04-24.
  4. "The University of Oklahoma Foundation Consolidated Financial Statement June 30, 2011 and 2010, Note 8" (PDF). Retrieved 2012-04-24.
  5. Unterwegs in die Vergangenheit- Verlag das Beste GmbH. 1984. Stuttgart. ISBN 3 87070 215X