Jump to content

Բիբրակտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբրակտի ճակատամարտ
Թվականմ․թ․ա․ 58 թվական
Մասն էԳալլական պատերազմներ
ՎայրԲիբրակտի (այժմ՝ Սոն է Լուար), Գալլիա
ԱրդյունքՀռոմեական հաղթանակ, հերվետների անձնատվություն
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական հանրապետությունհիմնականում հելվետներ,
նաև բոլիներ, տուլինգներ, ռաուրակներ, լատոբրիկներ
Հրամանատարներ
Հուլիոս ԿեսարԴիվիտիակ
Կողմերի ուժեր
6 հռոմեական լեգեոն
30-40 հազար ուժեր[1]
Ըստ Կեսարի՝ 368 հազար մարդ՝ 90 հազար մարտունակ և 278 հազար ոչ մարտունակ
Ըստ Օրոսիոսի՝ 157 հազար մարդ[2],
Ժամանակակից աղբյուրներ՝ 20 հազար մարդ, այդ թվում 12 հազար զինվոր[2]
Ռազմական կորուստներ
անհայտԸստ Կեսարի՝ 238 հազար մարդ սպանված կամ գերեվարված
Ըստ Օրոսիոսի՝ 47 հազար զոհ[2],
Ժամանակակից աղբյուրներ՝ 12 հազար զոհ[2]
Ընդհանուր կորուստներ

Բիբրակտի ճակատամարտ, Կեսարի և գալլական ցեղերից հիմնականում մեկի՝ հելվետների միջև տեղի ունեցած երկրորդ խոշոր ռազմական բախումը, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 58 թվականին և որտեղ Կեսարը հաղթանակի է հասել հակառակորդիների նկատմամբ և ստիպել նրանց մեծ մասին վերադառնալ սեփական տիրույթներ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հուլիոս Կեսարը ժամանում է Գալլիա, նա ձեռնամուխ է լինում հելվետների միգրացիայի վերաբերյալ խնդրի լուծմանը, սակայն նա իսկույն չի դիմում պատերազմական գործողությունների, այլ ժամանակ ձգձգելու համար խաղաղ դիվանագիտական ուղի է բռնում՝ ժամանակն օգտագործելով իր դիրքերն ուժեղացնելու համար։ Շուտով Կեսարը բացահայտ պատերազմական գործողությունների է դիմում ընդդեմ հելվետների[3]։

Հելվետները սկսում են ասպատակել սեկվանների հողերը, որոնք էլ դիմում են Կեսարին և օգնություն խնդրում։ Կեսարը իր զորքերով հասնում է Արար գետին (այժմ Սոն), որտեղ հանդիպում է հելվետների մի մասին, որոնք դեռևս չէին հասցրել անցնել գետը[4]։ Տեղի ունեցած ճակատամարտում Կեսարը հաղթանակ է տանում, իսկ հելվետների մնացած մասը շարունակում է իր առաջխաղացումը[5]։

Կեսարի առաջխաղացումը Գալլիայում մ․թ․ա․ 58 թվականին

Կեսարը անցնում է Արար գետը և սկսում մնացած հելվետների հետապնդումը, ինչի ընթացքում պարենավորման խնդիրներ են առաջանում, քանի որ էդույների առաջնորդը՝ Դումնորիգը, որը խոստացել էր պարենով ապահովել հռոմեական զորքին, երկդիմի խաղ էր խաղում։ Կեսարը ներողամիտ է գտնվում և չի պատժում նրան՝ բավարարվելով միայն պահակազոր նշանակելով։ Սակայն պարենավորման հարցը այդպես էլ չի լուծվում, ինչի արդյունքում Կեսարը ժամանակավորապես հրաժարվում է հելվետների հետապնդումից և գրավում է պարենով հարուստ Բիբրակտ քաղաքը[5][6]։

Իմանալով Կեսարի՝ հետապնդումը դադարեցնելու մասին՝ հելվետները շրջվում են և որոշում անձամբ նախահարձակ լինել նրա վրա։ Կեսարը դիրքավորվում է մի բլրի վրա, ապա հրամայում հեռացնել իր և մնացած հրամանատարների ձիերը, որպեսզի փախուստի միջոցով փրկվելու միտք անգամ չլինի։ Հռոմեական ուժերը վճռական հաղթանակ են տանում հակռակորդի նկատմամբ, ինչից հետո ռազմադաշտից սպրդած 130 հազար հելվետները սկսում են շարժվել դեպի լինգոնների մարզը, սակայն իմանալով, որ Կեսարը շարունակում է հետապնդումը՝ նրանք դեսպանություն են ուղարկում և հայտնում իրենց լիակատար հնազանդության մասին[7]։

Ճակատամարտում պարտություն կրելուց հետո հելվետները Կեսարին են հանձնում իրենց զենքերը և պատանդներ։ Հելվետները Կեսարի հրամանով պարտավորվում են վերադառնալ սեփական հողեր, վերականգնել իրենց ձեռքով հրդեհված բնակավայրերը։ Այս հաղթանակը Կեսարի առաջին ռազմական նշանավոր հաղթանակն էր Գալլիայում, ինչ արդյունքում Կեսարի հեղինակությունը բարձրանում է ամբողջ Գալլիայի տարածքում[7]։

Ըստ Կեսարի՝ հակառակորդ ցեղերից, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին 368 հազար մարդ, փրկվել են միայն 130 հազարը, որից 110 հազարը վերադարձել է սեփական տիրույթներ[2]։ Ըստ Օրոսիոսի՝ հելվետների թիվը չէր գերազանցում 157 հազարը, որից միայն 47 հազարն է զոհվել արշավանքի ընթացքում[2]։ Ստրաբոնը ավելի փոքր թիվ է նշում, կարծելով, որ ճակատամարտի արդյունքում 20 հազարից փրկվել են միայն 8 հազարը, իսկ այդ պնդումը արժանահավատ է համարվել Հանս Դելբրյուքի կողմից[2]։

Կեսարը այսպես է ներկայացնում իր հակառակորդ ցեղերի անդամների թվերը պատերազմի սկզբին՝

Ցեղ Բնակչության թիվ
Հելվետներ 263,000
Տուլինգներ 36,000
Լատոբրիկներ 14,000
Ռաուրակներ 23,000
Բոլիներ 32,000
Ընհանուր 368,000
Մարտունակ 92,000

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Caesar's Gallic War - direct translation from Latin
  • Delbrück, Hans. History of the Art of War Vol I. 978-0-8032-6584-4
  • Goldsworthy, Adrian. Caesar: Life of a Colossus. New Haven: Yale University Press, 2007. 220-223.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Delbrück, p. 471
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Delbrück, p. 475
  3. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 149.
  4. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 150.
  5. 5,0 5,1 Rickard, J., "Battle of the Arar, June 58 BC", HistoryOfWar.org, 17 March 2009
  6. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 151.
  7. 7,0 7,1 Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջ 152.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբրակտի ճակատամարտ» հոդվածին։