Ֆարսալոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆարսալոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Ֆարսալոսի ճակատամարտ
Կեսարի քաղաքացիական պատերազմ
Battle of Pharsalus, 48 BC.png
Ֆարսալոսի ճակատամարտի սխեմա
Թվական Մ․թ․ա 48 թվական
Վայր Ֆարսալոս, Հունաստան
Արդյունք Կեսարի հաղթանակ, պոմպեոսականների պարտություն
Հակառակորդներ
Հրամանատարներ
Հուլիոս Կեսար
Մարկոս Անտոնիոս
Գնեոս Դոմիցիոս Կալվինոս
Պուբլիոս Կոռնելիուս Սուլլա
Գնեոս Պոմպեոս
Տիտոս Լաբիեն
Մետելլոս Սցիպիոն
Լուցիոս Դոմիցիոս Ագենոբարբ
Լուցիոս Կոռնելիուս Լենտուլոս Կրուս
Կողմերի ուժեր
22 հազար լեգեոներ
1000 հեծյալ
40 հազար լեգեոներ[1][2][3]
3․000–6․700 հեծյալ
Կորուստներ
230-1200 զոհ[4] 6000 զոհ [5]
զորքի մեծ մասը հանձնվել է

Ֆարսալոսի կամ Ֆարսալի ճակատամարտ, Կեսարի քաղաքացիական պատերազմի վճռական ճակատամարտ։ Տեղի է ունեցել մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին կենտրոնական Հունաստանում, որտեղ միմյանց դեմ են դուրս եկել մի կողմից Հուլիոս Կեսարը իր դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հանրապետական զորքերը՝ Պոմպեոսի գլխավորությամբ։ Պոմպեոսի պաշտպանության տակ էին գտնվում նաև սենատորների մեծ մասը, որոնք հիմնականում օպտիմատներ էին։ Վերջիս զորքերը թվապես գերազանցում էին Կեսարի զորքերին։

Մի քանի ամիս շարունակվող տարակուսանքներից հետո երկու զորքերը դուրս են եկել իրար դեմ։ Կեսարը ուներ ավելի թույլ և անբարենպաստ դիրք, քան Պոմպեոսը։ Նա իր 22 հազար լեգեոներների հետ մաիասն շրջափակման մեջ էր գտնվում թշնամական երկրում, իսկ Պոմպեոսը, որի զորքերը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ էին, գտնվում էր գետի հակառակ ափին։ Պոմպեոսը ցանկանում էր ձգձգել ճակատամարտի պահը՝ կարծելով, որ հակառակորդը վերջիվերջո սովից և ուժասպառությունից կհանձնվի։ Այնուամենայնիվ, հայտնվելով սենատորների և իր սպաների ճնշման տակ՝ Պոմպեոսը ճակատամարտում է, սակայն ջախջախիչ պարտություն է կրում, փախչում է ճամբարից՝ հագնելով շարքային մարդու հագուստներ։ Շուտով Պտղոմեոս XIII-ի հրամանով Պոմպեոսը սպանվում է Պտղոմեոսյան Եգիպտոսում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարը հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր էր։ Նա հպատակեցրել է ամբողջ Գալլիան, արշավանքներ է ձեռնարկել դեպի Բրիտանիա։ Հաղթել է քաղաքացիական պատերազմն ընդդեմ պոմպեոսականների, դարձել ցմահ դիկտատոր։ Սպանվել է մ․թ․ա․ 44 թվականին Հռոմում։
Պոմպեոսը հռոմեական նշանավոր զորավար և քաղաքական գործիչ։ Նա վարել է քաղաքացիական պատերազմ ընդդեմ կեսարականների և Ֆարսալոսի ճակատամարտում պարտություն կրելով՝ երկու ամիս անց սպանվել է Եգիպտոսում՝ Պտղոմեոս XIII-ի հրամանով։

Առաջին եռապետության փլուզումից հետո սրվում են Կեսարի և Պոմպեոսի հարաբերությունները սրվում են, ինչից հետո Կեսարը, այլ ելք չտեսնելով, անցնում է Ռուբիկոնը և մեկը մյուսի հետևից գրավելով մի շարք բուն իտալական քաղաքներ՝ սկսում է Բրունդիզիայի պաշարումը, որտեղ իր զորքերով տեղակայված էր Պոմպեոսը։ Շուտով Պոմպեոսը պաշարված քաղաքի նավահանգստից նավերով սկսում է տեղափոխվել Բալկանյան թերակղզի, ինչին չի կարողանում խանգարել Կեսարը, որը համեմատաբար ավելի թույլ ծովային ուժեր ուներ։ Շուտով Կեսարը մուտք է գործում Հռոմ, իսկ որոշ ժամանակ անց արշավում դեպի Իսպանիա՝ պոմպեոսական պրովինցիա, որը հեշտությամբ հպատակեցնում է իրեն և նոր կառավարիչներ նշանակում։

Վերադառնալով Հռոմ՝ Կեսարը սկսում է Բալկաններ մեկնելու պատրաստություն տեսնել։ Շուտով՝ մ․թ․ա․ 48 թվականի հունվարի 5-ին, Կեսարը ափ է իջնում Էպիրուսում և սկսում ճակատամարտի պատրաստություններ տեսնել։ Նա կարողանում է ցամաքից շրջափակման մեջ գցել հակառակորդին, սակայն շուտով պարտություն է կրում Դիրախիումի ճակատամարտում և սկսում շարժվել դեպի կենտրոնական Բալկաններ, որտեղ Ֆարսալի մոտ հանդիպում է հակառակորդին։

Ճակատամարտի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ճակատամարտը ժամանակակից պատմաբանների կողմից հաճախ անվանվում է Ֆարսալոսի ճակատամարտ, այս անվանումը հազվադեպ է օգտագործվել անտիկ սկզբնաղբյուրներում։ Կեսարը ճակատամարտն անվանում է «proelium in Thessaliā» («ճակատամարտ Թեսալիայում»), Ցիցերոնը և Հիրտոսն այն անվանում են «Pharsālicum proelium» (Ֆարսալական ճակատամարտ) կամ «pugna Pharsālia» (Ֆարսալյան ճակատամարտ)․ նույնանման արտահայտությունները օգտագործվել են նաև այլ հեղինակների կողմից։ Սակայն Հիրտոսը (եթե նա է «Ալեքսանդրյան պատերազմի» հեղինակը) նշում է նաև, որ ճակատամարտը տեղի է ունեցել «Palaepharsalus»-ում․ նույն անունը օգտագործում է նաև Ստրաբոնը, Ֆրոնտինոսը, Եվտրոպոսը և Օրոսիուսը։ Քաղաքացիական պատերազմին նվիրված իր պոեմի մեջ Լուկանոսը հաճախակի օգտագործում է «Ֆարսալիա» անվանումը[6]: Միակ անտիկ սկզբնաղբյուրները, որոնք ճակատամարտը անվանում են Ֆարսալոսի, «Fasti Amiternini» անունով հայտնի օրացույցն է, նաև Պլուտարքոս, Ապպիանոս և Պոլիենոս պատմիչները[6]։ Ուստի որոշ գիտնականներ պնդում են, որ «Ֆարսալիա» անվանումը ավելի ճիշտ կլինի ճակատամարտի համար, քան «Ֆարսալոսը»[7]։

Հակառակորդ զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարը իր զորքի թվաքանակի մասին հայտնում է հետևյալ տվյալները․ 22 հազար մարդ 80 կոհորտաներում և 1,000 հեծելազոր[8]։

Կեսարի զորքի կազմի մեջ էին մտնում հետևյալ լեգեոնները՝

Սակայն այս լեգեոնները ուժեղ չէին։ Լեգեոններից մի քանիսը Ֆարսալոսի ճակատամարտի ժամանակ ունեին ընդամենը 1000 զինվոր, ինչի պատճառը Դիրախիումի ճակատամարտում տված կորուստներն էին, ինչպես նաև Կեսարի՝ արագ առաջ շարժվելու ցանկությունը՝ ի հակադրություն դանդաղ, բայց մեծ բանակով առաջ գնալուն[9]։

Պոմպեոսի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Իտալիայից բերված 5 լեգեոնները՝ Պոմպեոսը ուներ նաև 1 լեգեոն Կիլիկիայից, Հունաստանից և 2 լեգեոն Ասիայից, որոնք կազմավորված էին կոնսուլ Լենտինոսի կողմից[10]։ Այդ լեգեոնների մեջ բաշխել է մի շարք վետերաններ, որոնք նոր են հավաքագրվել Հունաստանից, ինչպես նաև 15 կոհորտա, որոնք գրավվել են Կեսարի աջակցի՝ Գայոս Անտոնիոսի կողմնակից Իլիրիայում[11]: Պոմպեոսի ուժերը համալրվել են նաև Կեսարի հարձակումից հետո Իսպանիայից փախած կոհորտաներով[12] և սպասում էր ևս 2 լեգեոնների, որոնք գալիս էին Սիրիայից և հավաքվել էին իր աներոջ՝ Մետելլոս Սցիպիոնի կողմից[13]։ Այդպիսով իր զորքի լեգեոնների թիվը հասնում է 11-ի, որից 88 կոհորտան ճամբարել էին Ֆարսալոսի մոտ՝ կազմելով շուրջ 40 հազար ծանրազեն հետևակ[14][Ն 1]։ Պոմպեոսի օժանդակ (օտարերկրա) ուժերը՝ հտևակը և հեծելազորը, գերազանցում էին Կեսարի տրամադրության տակ եղածին (չնայած նրա օժանդակ ուժերի մասին թվերը հստակ չեն)․ նրա զորքը բազմազգ էր և իր մեջ ներառում էր գալլական և գերմանական հեծելազոր, ինչպես նաև Արևելքի բազմալեզու ազգերի՝ փյունիկացիների, կրետեացի պարսատիկավորների, հույների, հրեաների, արաբների, անատոլիացների, հայերի և շատ այլ ազգերի ուժեր, ինչից հետո Պոմպեոսը այդ տարասեռ զորքին է միացնում նաև իր ստրուկներից զորակոչված հեծյալների գունդը[16]։ Այդ օտարերկրացիներից շատերի ղեկավարումը իրականացնում էին հենց իրենց կառավարիչները՝ տասնյակից ավել բռնապետեր և մանր թագավորներ, որոնք Արևմուտքում գտնվում էին հռոմեական ազդեցության ոլորտում կամ հանդիսանում էին Պոմպեոսի կամակատարները[16][Ն 2]։ Պոմպեոսի հեծելազորի թվաքանակի մասին կան տարբեր տեղեկություններ․ ըստ Շեպպարդի՝ Պոմպեոսը իր հետ ունեցել է 6700 հեծյալ[19], իսկ Հանս Դելբրյուկը կարծում էր, որ նրանց թիվն էլ ավելի քիչ էր՝ 3 հազար[20]։

Դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարսալոսի ճակատամարտի լեգեոնները, դրանց հրամանատարները և դասավորությունը

Ըստ Կեսարի «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» գրքի՝ Պոմպեոսի զորքի դասավորությունը հետևյալն էր․ ձախ թևում գործում էին այն երկու լեգեոնները, որոնք Սենատի որոշմամբ իրեն էր հանձնել Կեսարը, որտեղ գտնվում էր նաև Պոմպեոսը, կենտրոնական մասը հանձնված էր Մետելլոս Սցիպիոնին և նրա սիրիական լեգեոններին, իսկ աջ թևում գտնվում էին մի լեգեոն և Աֆրանիոսի ջանքերով փրկված իսպանական կոհորտաները (այդ զորքերին Պոմպեոսը համարում էր ամենավստահելին)։ Յոթ կոհորտաներ թողնվել էին ճամբարում՝ այն պաշտպանելու համար[21]։

Կեսարի զորքի դասավորությունը հետևյալն էր․ աջ թևում էր գտնվում 10-րդ լեգեոնը, ձախում՝ 8-րդ և 9-րդ լեգեոնները (2 լեգեոն, քանի որ վերջիններս մեծ կորուստներ էին կրել Դիրախիումի ճակատամարտում)։ Ձախ թևի հրամանատարությունը հանձնված էր Մարկոս Անտոնիոսին, աջինը՝ Պուբլիոս Սուլլային, իսկ կենտրոնինը՝ Դոմիցիոս Կալվինոսին։ Կեսարը հասկացել էր, որ Պոմպեոսի անհամեմատ ավելի հզոր հեծելազորը կարող է շրջանցել իր աջ թևը և հարվածել թիկունքից, ինչի պատճառով էլ նա երրորդ գծի ամեն լեգեոնից մի կոհորտա է առանձնացնում և կազմում 4-րդ գիծ՝ նրանց հայտնելով, որ հավանաբար հենց նրանք են վճռելու ճակատամարտի ելքը։ Նա 3-րդ գծի զինվորներին հրամայում է առանց ազդանշանի հարձակման չնետվել, որպեսզի հակառակորդը չնկատի առանձնացված 4-րդ գիծը[22]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Կեսարի քաղաքացիական պատերազմ․ մաս 2 (Ֆարսալոսի ճակատամարտ)
Կեսարի և իր ցենտուրիոններից մեկի խոսակցությունը ճակատամարտից առաջ

Կեսար։ Գայո՛ս Կրաստինոս, մենք հաղթելու ի՞նչ հույսեր ունենք, ինչպիսի՞ն է տրամադրությունը։

Ցենտուրիոն։ Մենք լիակատար հաղթանակ կտանենք, Կեսա՛ր։ Այսօր ողջ լինեմ թե մեռած, դու ինձ կգովես,- այդ խոսքերով Ցենտուրիոնը առաջինն է նետվում մարտի՝ իր հետևից տանելով մի ամբողջ մանիպուլ։

Ճակատամարտը սկսվում է մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին։ Առաջին հարվածը հասցնում է Կեսարի հետևակը, որն ուղղված էր ընդդեմ հակառակորդի կենտրոնական մասի։ Մինչ այնտեղ շարունակվում էր թեժ մարտերը, ինչպես սպաստվում էր, Պոմպեոսի անհամեմատ ավելի ուժեղ հեծելազորը հետ է մղում Կեսարի զորքի աջ թևում կռվող հեծյալներին և սկսում առաջ շարժվել, որտեղ գտնվում էր անպաշտպան աջ թևը։ Տեսնելով դա՝ Կեսարը ազդանշան է տալիս իր կողմից նախօրոք առանձնացրած չորրորդ գծին առաջ շարժվել, որի կատաղի գրոհի արդյունքում հանկարծակիի է գալիս պոմպեոսական հեծելազորը։ Պոմպեոսի հեծելազորը, նետաձիգները և պարսատիկավորները հանկարծակիի գալով՝ փախուստի են դիմում, ինչի արդյունքում բաց է մնում Պոմպեոսի զորքի ձախ թևը։ Հենց սա էլ վճռում է ճակատամարտի ելքը[22]։ Այդժամ Կեսարը կռվի մեջ է մտցնում նաև 3-րդ գծի թարմ ուժերը, որոնց նա նախօրոք հրամայել էր առանց ազդանշանկի մարտի մեջ չմտնել։ Այդ ամենի արդյունքում պոմպեոսականները չեն դիմանում ճնշմանը, և փախուստը համընդհանուր է դառնում։

Սակայն Կեսարը չի բավարարվում միայն այն բանով, որ հակառակորդը պարտություն է կրել ռազմի դաշտում։ Նա հետապնդման է անցնում, մեծ թվով գերիներ վերցնում, գրավում նույնիսկ հակռակորդի ռազմաճամբարը և մեծ թվով ավար գրավում։ Կեսարի զինվորները, ճամբարում այդքան ավար տեսնելով, զարմանքի են մատնվել, քանի որ դա ապացուցում է, որ հակառակորդը նույնսիկ չի էլ մտածել այն մասին, որ կարող է պարտություն կրել։ Ճակատամարտի հաջորդ իսկ օրը բոլոր այն ջոկատները, որոնք շարունակում էին դիմադրություն ցուցաբերել շրջակա բլուրներում, անձնատուր են լինում։ Կեսարը մեղմ է վարվում բորի հետ և ներում շնորհում նրանց։ Կեսարը հրամայում է նաև այրել Պոմպեոսի նամակագրությունը, որպեսզի չբացահայտվեն նրա գաղտնի կապերն ու կողմնակիցները[23]։

Արդյունք և հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի արդյունքում Կեսարը վճռական հաղթանակ է տանում, ինչը փոխում է քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքը։ Տեսնելով իր զորքի պարտությունը՝ Պոմպեոսը փախուստի է դիմում դեպի Լարիսա, որտեղից էլ պատրաստվում էր մեկնել իր ընտանիքի մոտ, վերցնել նրանց և փախուստի դիմել։ Երբ իր ընտանիքի հետ միասին նա արդեն բաց ծովում էր, միտք է հղանում մեկնել Պարթևստան, այնտեղ քաղաքական ապաստան գտնել, նոր զորք հավաքել և վերադառնալ, սակայն նրա բարեկամներն ու կողմնակիցները կտրուկ մերժում են այս առաջարկը, ինչից հետո նա ստիպված է լինում մենել Եգիպտոս՝ Պտղոմեոս XIII-ի երկիր։ Սակայն ափ իջնելով Եգիպտոսում՝ Պոմպեոսը սպանվում է հենց փարավոնի կարգադրությամբ։

Շուտով Կեսարը նույնպես ժամանում է Եգիպտոս, խառնվում ընթացքող քաղաքացիական պատերազմին և փարավոն դարձնում Կլեոպատրային։ Նա այնտեղից մեկնում է Հռոմ, ապա արշավանք ձեռնարկում դեպի Աֆրիկա, հաղթանակ տանում քաղաքացիական պետերազմում պոմպեոսական կուսակցության նոր ղեկավարի՝ Սցիպիոնի, Կատոնի նկատմամբ, ապա Իսպանիայում տեղի ունեցած Մունդայի ճակատամարտով վերջ է դնում քաղաքացիական պատերազմին, սակայն շուտով էլ սպանվում է մարտյան իդոսների ժամանակ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի անվամբ է անվանակոչվել հետևյալ գեղարվեստական աշխատությունը, աշխարհագրական միավորը և բիզնես կազմակերպությունը․

Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» գրքում հեղինակը հղում է կատարում Կեսարի հրամաններից մեկին, ըստ որի՝ նա իր զինվորների կոչ է անում հարվածել հակառակորդների դեմքին, քանի որ նրանց սնափառությունն ավելի արժեքավոր է իրենց համար, քան կյանքը[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Caesar put the strength of Pompey's legionaries at 45,000 regular soldiers plus 2,000 re-enlisted veterans in 110 cohorts (11 legions), but neglected to subtract 7 cohorts left to guard the camp and failed to mention altogether another 15 left behind at Dyrrachium on garrison duty.[1][2][3] The figure of 40,000 legionaries in 88 cohorts, which tallies with the number of cohorts detached (22 from 110), is given by Eutropius and Orosius,[15] following Livy and probably, ultimately, Caesar's officer Gaius Asinius Pollio. Brunt suggested that Caesar's figure of 47,000 corresponds to the whole of Pompey's army, not all of which fought at Pharsalus.[2][3]
  2. Caesar mentions that Pompey raised 7,000 cavalry, 3,000 archers and two 600-strong cohorts of slingers (before Dyrrachium),[17] but many of these men would be used for garrisoning and other non-combat-related duties.[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fields, 2008, էջեր 55, 62
  2. 2,0 2,1 2,2 Brunt, 1971, էջեր 691–692
  3. 3,0 3,1 3,2 Delbrück, 1975, էջ 545
  4. Appian, 2.82
  5. Goldsworthy, 2006, էջ 430
  6. 6,0 6,1 Morgan (1983), p. 27.
  7. Postgate (1905); Bruère (1951).
  8. John Leach, Pompey the Great, p. 204; P. A. Brunt, Italian Manpower, p. 691; Julius Caesar, Commentarii de Bello Civili, III, 89.2.
  9. «Battle of Pharsalus»։ militaryhistory.com։ Վերցված է 2013-06-18 
  10. Sheppard, 2006, էջ 37
  11. Sheppard, 2006, էջեր 37–38
  12. Fields, 2008, էջ 62
  13. Sheppard, 2006, էջ 38
  14. Fields 2008, pp. 55, 62; Brunt 1971, pp. 691–692; Delbrück 1975, p. 545.
  15. Eutropius, 6.20; Orosius, 6.15.23.
  16. 16,0 16,1 Sheppard, 2006, էջեր 38, 60–61
  17. Caesar, 3.88
  18. Appian, 2.49
  19. Sheppard, 2006, էջ 61
  20. Delbrück, 1975, էջ 549
  21. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար»։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1980։ էջ 294 
  22. 22,0 22,1 Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար»։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1980։ էջ 295 
  23. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար»։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1980։ էջ 296 
  24. Dumas Alexander (2009)։ The Three Musketeers։ Oxford University Press։ էջ 620։ ISBN 0199538468 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]