Խաչիկ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչիկ, Վայոց Ձորի մարզից)
Գյուղ
Խաչիկ
По дороге в село Хачик 3.JPG
Խաչիկ գյուղի ճանապարհին
Կոորդինատներ: 39°37′18″ հս․ լ. 45°12′20″ ավ. ե. / 39.62167° հս․. լ. 45.20556° ավ. ե. / 39.62167; 45.20556
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Գյուղապետ Վարդան Ներսիսյան
ԲԾՄ 1860 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1030[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Խաչիկ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Խաչիկ (գյուղ) (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png
##Խաչիկ (գյուղ) (Աշխարհ)
Red pog.png

Խաչիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1], մարզկենտրոնից 40 կմ հեռավորության վրա, Արփա գետի ձախ կողմում, Նախիջևանի սահմանից ոչ հեռու:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան գյուղատեղիից 1,5 կմ դեպի արևմուտք գնտվել է մի քար, որի վրա գրված է եղել «Հիմնադրեցի գյուղը և այն իմ անունով կոչեցի Խաչիկ: Հիշեցեք Խաչիկ վարդապետին»: Մելորատիվ աշխատանքների ժամանակ այդ քարը ոչնչացվել է: Հետագայում Քարակոփի Խոտակերաց վանքի շրջակայքի պեղումների ժամանակ գտնվեց մի տապանաքար, որի արդեն քայքայված գրության մեջ կարդացվում է «Խաչիկ» անունը. ենթադրվում է, որ սա հենց գյուղը հիմնադրող Խաչիկ վարդապետի գերեզմանն է:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կիլոմետր դեպի արևմուտք՝ ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա՝ գտնվում է բարձր լեռնային գոտում, ունի մոտ 250 ընտանիք: Երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը՝ Նախիջևանին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր, հացահատիկային կուլտուրաներ: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ:

Խաչիկ տանող ճանապարհ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին, տարբեր տեղի հայեր գալիս և բնակվում են Խաչիկում: 1896 թվականի մարդահամարով գյուղն ունեցել է 320 ծուխ և 1350 բնակիչ: Քսաներորդ դարի դարասկզբին գյուղն ունեցել է շուրջ 290 ծուխ, 1300 բնակչով (ըստ 1896 թ. մարդահամարի), վերջնականապես ձևավորվել են նրա սահմանները՝ 800 քկմ: 1918-20 թթ. համատարած սովն ու հիվանդությունը (տիֆ, խոլերա) մասսայաբար գերեզման է տանում շատ ու շատ գյուղացիների: Կրկնվող երաշտը, ճանապարհների փակ լինելը, արոտավայրերի պակասը ստեղծում են ծանր կացություն:

Գյուղի առաջին կառույցը եղել է ցեխից պատրաստած մի բերդ՝ այսօրվա Ժամի արևմտյան կողմում: Նրան կից կառուցվել է անշուք եկեղեցի: Հետագայում այդ նույն եկեղեցու փլատակների վրա կառուցվել է (1888 թ.) այսօրվա եկեղեցին: Մինչև 1960 թվականը գյուղում չի եղել ոչ մի տանիքապատ տուն: Հիմնականում տափակ կտուրներով, չորս սյուների վրա գլխատներ էին:

1921 թվականին գյուղ են գալիս բոլշևիկները: 1922 թվականին տեղի է ունենում հողաբաժանություն, և հենց նույն թվականին էլ տեղի է ունենում գյուղական խորհրդի ընտրություն և Խաչիկի գյուղական խորհրդի առաջին նախագահ է ընտրվում Կիրակոս Մարգարյանը (պաշտոնավարել է 1922-27 թթ.): 1922 թվականին անհաջող փորձ է արվում կազմակերպել առաջին կոլեկտիվ տնտեսությունը. մի քանի տնտեսություններ միավորվում են, բայց շուտով՝ ցրվում: 1931-32 թվականներից սկսվում է համատարած կոլեկտիվացումը, և առաջին կոլտնտեսության նախագահ է ընտրվում Մամիկոն Գրիգորյանը: 1972 թվականից Խաչիկի կոլտնտեսության բազայի վրա ստեղծվել է Խաչիկի ոչխարաբուծական սովետական տնտեսությունը, որը ղեկավարում էր տնտեսության դիրեկտորը:

Գյուղատեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ գյուղի շրջապատում կան մի քանի գյուղատեղեր, որոնք աստիճանաբար մաքրվում-հերկվում են և անհետանում: Դրանցից մեկը գտնվում է գյուղի և Քարկոփի վանքի արանքում, որոտեղ կան գերեզմանող և խաչքար, այդտեղ է և ձիթահանքի մնացորդը, որի քարի վրա մնացել է Կուկեցի վարպետի արձանագրությունը: Քարկոփի վանքին մոտ մնում են մի այլ գյուղատեղի մնացորդներ, որին այժմ Ղարղաբազար(թարգմանված թուրքերենից նշանակում է ագռավների շուկա) են անվանում այդ տեղ ևս կան տապանաքարեր և մի արձանագրված խաչքար՝ Սարգիս Կրոնավորի հիշատակագրությամբ: Դեպի Ամաղու տանող ճանապարհին մի ձորի մեջ է գտնվում Առնետ կոչվող գյուղատեղին որի եզրին մնացել է Խաչիկ կրոնավորի կանգնեցրած խաչքարը:

Քարակոփի վանքի դեպի հարավ գտնվում են մի այլ գյուղատեղի ավերակները, ուր կա նաև ավերակ ջրաղաց, որի քարե նավի վրա պահպանվել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հիշատակագրությունը: Այս ջրաղացը հատկապես հետաքրքիր է և ուսումնասիրության կարոտ, որովհետև նախ՝ նավը շինված է քարերից, ապա, նրան աշխատեցնող ջուրը, որը մի փոքր առվակ է, քիչ է եղել այդ պատճառով փորվել են հորեր-քյայրիզներ, որոնց ջրերը միանալով առվակի ջրին աշխատեցրել են ջրաղացը: Հավանաբար այս առանձնահատուկ և ծանր աշխատանքները կատարվել են Ստեփանոս Օրբելյան պատմագրի օժանդակությամբ, որի համար և քարի նավի վրա գրվել է նրա հիշատակագրությունը:

Թաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի թաղերի անունները վկայում են, որ տարբեր տեղերից են եկել Խաչիկիբնակիչները. Հռոյի մահլա՝ Արևմտյան Հայաստանից եկածներ, Քյարդգյարի թաղ՝ հայի ու քրդի խառնուրդ, Զոկի թաղ՝ Նախիջևանից եկածներ, Ասի քյանդ՝ փոքր գյուղ և այլն: Իհարկե, հետագայում ստեղծվել են նաև այլ թաղեր. Փոսի թաղ, Չիլլոնց թաղ, Ուլակեր, Ժամի թաղ, Սպիտակ /Սիպտակ/ ձորի թաղ և այլն:

Տոհմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հիմնադիրները եղել են Ճաղարենք, Մուրադենք, Յարանոնք, Մխսոնք, Սաքանենք, Դումանենք, Աթինենք, Էլիքսանենք. թվով՝ յոթ տոհմեր:

Կոմունիստական կուսակցության բջիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հասարակական կյանքում նշանակալի դեր է ունեցել Կամունիստական կուսակցության տեղական բջիջը, որ կազմավորվել է 1923 թվականին: 1925 թվականից գյուղում գործել է կուսկազմակերպություն, որի առաջին քարտուղարն է եղել Աշոտ Բադալյանը: Երեսունական թվականների սկզբին Դարալագյազի բանդիտական շարժման ժամանակ Կոմունիստների թույլ տված սխալների պատճառով կազմակերպությունը ցրվել է և մինչև 1945 թվականը խաչիկում ինքնուրույն Կոմունիստական կուսակցության կազմակերպություն չի եղել:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829 թ.-ին գաղթել է Խոյից:

Խաչիկի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2004
Բնակիչ 110 968 1068 1381 1222 1062 978 1103

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդաքար, Սանսաղալասի, Մեղրաքար Գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող այս բերդը քիչ նշմարելի հետքեր ունի, բայց բնական դիրքը, որ միայն մի կողմից է հնարավոր մուտք գործել, ինքնըստինքյան խոսում է նրա անառիկության մասին: Ըստ երևույթին գործել է 1200-1500 տարի առաջ: «Սանսաղալասի» թուրքերեն անվանումն է: Բերդի անմատչելի ծերպում կա մեղվաբուն, որտեղից ժամանակին համարձակ մարդիկ մեղր են հանել:

Ջրաղացների Բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավուշ գետի (Թամաշալղի Ձոր, Խոր Ձոր) և Ջրաղացներ գնացող ներքին կեռմանների արանքում գտնվող այս բերդի հետքերն այնքան պարզ են երևում, որ կարելի է հաշվել, թե քանի բնակարան է եղել: Բերդի պարիսպների հիմքում դրված են հսկա քարաբեկորներ: Դժվար է ասել, թե նրանց բարձրությունը որքան է եղել, բայց անզեն աչքով նկատվում է, որ բերդը եղել է ապահով մի կառույց, որն ունեցել է իր բոլոր ենթակառուցվածքները:

Բերդից 500-600 մետր հեռու գտնվում է պահակակետը, որի հիմքից 1.5-2 մետր բարձրությամբ պատեր կանգուն են: Այն եղել է բավականին բարձր, որի վկայությունը քանդված պատերից ընկած քարերի առատությունն է: Բերդից միչև պահակակետը շարված է մոտ 1.5 մետր լայնությամբ պատշար: Բերդի հաբար Թեղուտից կավե խողովակներով ջուր է բերվել:

Ժամի Թիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվում է Հին Գյուղը, իսկ քիչ հեռու, բլրի կատարին՝ ընդարձակ շինության հետքեր: Կողքին՝ բավականին լավ հղկված գերեզմանաքարեր, մի քիչ հեռու՝ սովորական գերեզմաններ՝ անմշակ տապանաքարերով: Ժամի Թիլում եղել է եկեղեցի կամ ժամ, որի գավթում թաղվել են երևելի մարդիկ:

Հնգզարաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածածին: Շատ հավանական է, որ 1604 թ. Շահ Աբասի տեղահանությունից հետո կրկին հայերը վերադարձել են: Այդ շամանակաշրջանում ամբողջ գյուղատեղը պարսիկները նվիրել էին վրաց թագաժառանգին: Վերջինս բավականին կոպիտ անձնավորություն է եղել, շահագործել է առանց այն էլ սակավ ճորտերին, որոնք էլ, պայքարի որևէ ձև չիմանալով, կառուցել են Հնգզարաթը:

Պատերը շարված են կոշտ քարերով, առանց շաղախի: Կտուրը ծածկելուց հետո քանդվել է. կրկին ծածկ են դրել, բայց իզուր: Մինչև հիմա էլ մնում է «Հնգզարաթը ծածկ չի վերցնում» հավատալիքը:

Փաստորեն այն եղել է ուխտատեղի, որտեղ տարվա ընթացքում 3-4 անգամ ամբողջ գյուղը հավաքվել է: Ամենաշատը հավաքվել են «կաթնով» մատուցելու օրը:

Քարակոփ կամ Խոտակերաց վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարակոփի վանքը նախքան վերանորոգումը

Հայաստանի նշանավոր վանքերից է, որի մասին կան գիտական շատ տեղեկություններ: «Խոտակերաց» անվանումը տարբեր ձևերով են մեկնաբանում, բայց ճշմարտությունն այն է, որ վանքի համալիրի կառուցումը երկար տարիներ է տևել: Մի քանի անգամ ավերվել է, վերաշինվել: Վերջին անգամ X դարում: Պավլիկյան շարժման ժամանակ, ըստ երևույթին, վանքի սպասավորները նույնպես յուրովի ապստամբել են և գնացել քարայրեր, որտեղ էլ սնվել են խոտերով:

Վանքը վերանորոգելուց հետո Սյույաց Տիկին Շուշանիկը հրավիրում է նրանց և առաջարկում նորաստեղծ պայմաններում շարունակել ծառայել Աստծուն: Այստեղից էլ առաջացել է Խոտակերաց վանքի անունը:

Պորտախաչ (կամ Պորտավոր Խաչ)

«Քարակոփ» վանքն ունեցել է կից կառույցներ, որոնց հետքերը կան: Նրանք կառուցված են շրջապատի անտաշ քարերից, որից էլ ստացվել է անունը: Վանքն ունեցել է ճորտեր և հող: Դեռ պահպանվում է Հարթավայրում (Դույզ) Քարկոփահանդ կոչվող հսկայատարածք հողակտորը: Վանքին կից եղել է ձիթահան, ջրաղաց: Վերջինս գտնվելիս է եղել աղբյուրից 200 մետր ներքև, հետքերը դեռ կան: Ջրաղացն աշխատել է քահրիզներից դուրս եկող ջրով և Շռանի տակից եկող ջրով:

XIII դարի սկզբին Քարակոփ է գալիս Ստեփանոս Օրբելյանը, ում պատվին կանգնեցվում է ծառերից ներքև գտնվող Պորտախաչը:

Ժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղամիջում կանգնած կառույցը թվագրված է 1888 թ.: Ժամը կառուցող վարպետը եղել է Ուստա Բադամը, որ ձմռանը Ճատեյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում պատշարը: Ժամը կառուցվել է համայնքի հաշվին: Ծուխը երկու էշաբեռ անմշակ քար է բերել Աբազբչանակից, մեկ բեռը՝ Քարակոփի ավերված եկեղեցու քարերից:

Ժամում առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել 1901 թվականին:

Երկար ժամանակ անհաշտ պայքար է գնացել Սաքանենց և Դումանենց տոհմերի միջև, որոնցից ամեն մեկն ուզեցել է ինքը դառնալ եկեղեցու սպասավորը՝ երկու տոհմերում էլ կային օծված քահանաներ: Վերջին քահանան եղել է Տարսայիչ Խաչատուրի Տեր-Սիմոնյանը, ով մահացավ 1944 թվականին:

Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգ, բայց 1940 թ. հունվարին կայծակը շանթահարեց և փլեց: 1960 թվականին թիթեղապատվել է տանիքը և վերաշինվել է գմբեթը, սակայն առատ ձյան սահքից այն նորից քանդվել է:

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպի աղբյուր 19-րդ դարի 70-ական թվականներին Հակոբջանյանները բնակություն են հաստատում Խաչիկում: Տեսնելով, որ իրենց տնից քիչ հեռու կա բնական աղբյուր, որի ջուրն իզուր հոսում է, նրա շուրջը տնկել են ընկուզենու ծառեր: Նրանց օրինակին են հետևել նաև Սաղերենց (Շիվարենց) տոհմի անդամները, և, ահավասիկ, առաջացել է ընկուզենու մի գեղեցիկ պուրակ: «Մեսրոպ» անունը հայտնի չէ, թե որտեղից է առաջացել:

Ուլակեր Աղբյուրը շուրջ 200 մ հեռու է եղել բնակավայրից: Գյուղացիների նախաձեռնությամբ այն մոտեցվում է: Հաջող ավարտից հետո մի ուլ են մորթում և նշում են աղբյուրի մուտքը բնակավայր: Սկզբում կատակով կոչվում է ուլակերների աղբյուր, իսկ հետագայում՝ Ուլակեր:

Շոր աղբյուր Նույնպես տեղից է բխում: Առաջներում, ամռանը հատկապես, հնձվորները խմում էին այդ ջրից, որը համեմատաբար ուշ էր տաքանում: «Շոր» անունն առաջացել է նրա մեջ աղի քանակության շատ լինելու պատճառով:

Զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Խաչիկ գյուղի ղեկավարները նախաձեռնեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցումը: 1969 թվականի նոյեմբերի 29-ն տեղի ունեցավ աղբյուր-հուշարձանի բացման արարողությունը: Այն ամփոփում է Խաչիկցի 132 զոհվածների կորած գերեզմաններ:

Ջրաղացները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստույգ հնարավոր չէ ասել, թե երբ են կառուցվել ջրաղացները, բայց ականատեսների և հետքերի թելադրումը ապացուցում է, որ շուրջ 200 տարի սրանից առաջ, գուցե մի 20 տարի պակաս, գյուղում կամ նրա շրջակայքում եղել է ջրաղաց: (Այժմ, սակայն, գյուղի տարածքում ոչ մի կանգուն ջրաղաց չկա:)

Ջրաղացները կառուցվել են հիմնականում Խոր Ձորում, Ավուշ-չայ գետակի վրա: Հետագայում այդ ձորը, ինչպես նաև ողջ կանիոնը, ստացավ գեղեցիկ մի անուն՝ Ջրաղացների Ձոր: Իրար հերթագայում էին հետևյալ ջրաղացները.

Պետրոսենց ջրաղաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր երկու ջրերի, Ավուշից ու Խաչիկից գնացող, միախառնման վայրից 500 մետր ներքև: Կարճ է տևել նրա գոյությունը, որովհետև կառուցման ժամանակ հաշվի չէին առել հարավ-արևելքից եկող սելավը, որն էլ խորանալով վտանգել էր ջրաղացի գոյությունը: Մյուս կողմից, դեպի ջրաղաց տանող ճանապարհը եղել է շատ վատ վիճակում:

Աքելենց (Առաքելյանների) ջրաղացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Պետրոսենց ջրաղացից 350 մետր ներքև՝ Բերդաքարի ստորոտում: Շատ երկար է գոյատևել, ունեցել է հարմար դիրք, լավ բանուկ ճանապարհ: Առաքելյանները լավ վարպետներ են եղել. այսօր էլ անհավանական է թվում, թե ինչպիսի հաշվարկներով են ընդառաջվել, որ կարողացել են շատ բարդ տեղանքով ջուրը հասցնել տեղ, և ահագին մեծ ճնշման պայմաններ ստեղծել ջրաղացի անխափան աշխատանքն ապահովելու համար: Այսօր էլ կան խաղողի այգու, պտղատու ծառերի, մարգատեղերի, բարդիների հետքերը:

Այստեղ էլ, տեղանքի պատճառով 1940-ական թվականներին դադարեցրեցին ջրաղացի աշխատանքը, բայց ջրաղացի վարպետները Դումանենց ջրաղացից 200 մետր ներքև կառուցեցին նոր ջրաղաց, որին անվանում էին Սեփոյի (Ստեփանի) ջրաղաց: Այս ջրաղացն իր գոյությունը պահպանեց մինչև 1950-ական թվականները:

Դումանենց ջրաղաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարավետ մի վայրում (բոլոր առումներով) կառուցված այս ջրաղացն ամենահեղինակավորն էր: Այս տոհմի, Ուստա Օհանենց, ժառանգները լավ տիրապետել են մի քանի արհեստների, ուստի ջրաղացն էլ կատարյալ է եղել: Վարպետ Աթանը, Քրիստափորը, Սեդրակը, Գեղամը, Պարույրը ոչ միայն Խաչիկում, այլև հարևան Նորաշենում ճանաչված վարպետներ էին. ամեն ինչի, հատկապես՝ ջրաղացաշինության:

Ավանեսենց ջրաղացները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ջրաղաց իրար կից. վերև-ներքև: Հավանական է, ավելի ուշ են կառուցվել, բավականին բարդ տեղանքում: Մինչև ջրի ջրաղաց հասցնելը պատրաստել են 450 մետր ավել առու: Ջրաղացն աշխատեցնող ջուրն ընթացքը շարունակել է ևս մի քանի հարյուր մետր ու օգտագործվել որպես ոռոգման ջուր: Ըստ հետագայում կատարված (կոլխոզի կողմից) կատարված հաշվարկի ջրաղացին շրջապատող այգում կար շուրջ 90 ընկույզի ծառ (որոնցից ամեն մեկը 3-4 միջակ ծառի չափ), 150 ծիրանի, 30 տանձի, 50-60 փշատի, 100-ից ավել սալորի ու դամբուլի ծառեր, էլ չենք խոսում վայրի սնձի, տանձի և այլ ծառերի մասին: Կար նաև մեկ հա լիարժեք, բարձր տեսակի խաղողի այգի: Հսկայական տարածություն է ընդգրկել բանջարանոցը:

1935 թվականին թվականին ջրաղացներն իրենց շրջապատով հանրայնացվեցին: Կոլտնտեսությունը ոչ միայն չպակասեցրեց, այլ բարելավելով հողը, ավելացրեց տնկարքներն ու դեկորատիվ ծառերի քանակը: Ցավոք սրտի 90-ական թվականների հայտնի դեպքերից հետո ջրաղացներն աչքաթող արվեցին: Այսօր տարածքը վերածվել է անապատի:

Այլ ջրաղացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղի շրջապատում եղել են մի քանի ջրաղացներ: Ամենահինը՝ Քարակոփի աղբյուրից 150 մետր դեպի Միքայելյանների ընկուզենին, ծառին չհասած: Երեք տասնամյակ առաջ դեռ կային քարե տաշտերն ու նավերը: Այժմ մնում են միայն բեկորներ, որոնք ապացուցում են ջրաղացի գոյությունը:

Երկու ջրաղաց է եղել Չորոյենց տների գլխին, որ պատկանելիս են եղել Ղազարյաններին: Գյուղի անվանի ջրաղացպան է եղել Նիկոլայ Ղազարյանը:

Գեչավուտում էր գտնվում Անտոնենց Առաքելի ջրաղացը, որը հիմնականում ձավար էր անում: Հետագայում այդ ջրաղացից 100 մետր դեպի վերև կոլտնտեսությունը կառուցեց ևս մի ջրաղաց (1949), բայց այն աշխատեց ընդամենը 5-6 տարի, քանի որ շուտով գյուղում կառուցվեց էլեկտրաղաց, որով էլ ավարտվեցին ջրաղացների գործունեությունը:

Առաքելյան Գրիշայի տանից 20 մետր հեռու, թմբի տակ, եղել է Առաքելյան Սիմոնի ջրաղացը: Այս ջրաղացի դոնղզլղից (որտեղից ջուրը պտտեցնում էր անիվը) Ս. Առաքելյանը հիրավի հերոսական սխրագործություն է կատարել. նա այնտեղ տեղադրել է մի քանի հրացան և, երբ թուրքերը հարձակվել են, հիմնականում Նավի կողմից, նա սկսել է կրակել: Թուրքերը չեն պատկերացրել, թե որտեղից է կրակը: Նրա կրակոցներից սպանվել են բազմաթիվ ասկյարներ, իսկ հարյուրավորները, խուճապի մատնվելով, նահանջել են: Սա օգնել է մյուս տեղերում մեծ ուժեր կենտրոնացնել ու պարտության մատնել թշնամուն:

Մոտորաղաց[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Սիրիայից հայրենադարձված վարպետ Գրիգոր Անտոնյանը հայրենիք էր բերել շատ սարքավորումներ, դրանցից մեկն աղաց էր, որը տեղադրեց գյուղում: Հեղափոխություն էր մոտորաղացի հայտնվելը, որը 1951 թվականին նույնիսկ էլէկտրական լույս տվեց շուրջ 50 ընտանիքների: Իսկ 1952 թ. մոտորաղացը դարձավ էլեկտրաղաց, որն էլ անխափան աշխատում էր և ապահովում գյուղացիներին, ինչպես նաև հարևան գյուղերից եկածներին:

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի մեկ դպրոց, բուժարան և մշակույթի կենտրոն, ինչպես նաև տեղակայված է զորամաս:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]