Դերասանական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դերասանական արվեստ, կատարողական արվեստի տեսակ՝ մարդկային վարքագծի գեղարվեստական անձնավորումը բեմական-հրապարակային իրադրության մեջ, պայմանական հանգամանքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական արվեստի դրսևորման ոլորտներն են դրամատիկական թատրոնը, օպերան, օպերետը, տիկնիկային թատրոնը, բալետը, էստրադան, կրկեսը, կինոն։ Այդ արվեստի որոշիչ առանձնահատկություններից մեկը ստեղծագործության ընթացքի ու արդյունքի համաժամանակյա գոյությունն է և ստեղծագործողի ու ստեղծագործության առարկայական նույնությունը։ Բացառություն է կինոարվեստը՝ ստեղծագործական պահի պատկերաժամանակային ու հնչյունական ամրակայումը, և մասամբ՝ տիկնիկային թատրոնը, ուր բովանդակության տեսողական կողմը միջնորդավորվում է տիկնիկով։ Մյուս բոլոր դեպքերում բովանդակությունն անձնավորվում է անմիջականորեն կատարողի հոգեֆիզիկական անհատականության, մարդկային արտահայտության բոլոր դրսևորումների միջոցով, բեմական խոսքի (օպերայում՝ վոկալ արվեստի, բալետում՝ պարի), դիմախաղի ու շարժման օրգանական միասնությամբ։ Այստեղ ըստ հարկի դեր ունեն գրիմը, զգեստավորումը, որոշ դեպքերում՝ դիմակը։ Դերասանական արվեստը է նաև մնջախաղը (պանտոմիմ), որը նախատեսում է միայն տեսողական ընկալումը։ Դերասանական արվեստի արդյունքը բեմական կերպարն է՝ կենդանի իրականության փաստ, որ դրված է թատերային պայմանական միջավայրում և իմաստավորված է նրա պարտագրած հոգեբանական, ֆիզիկական, գեղարվեստական ու գաղափարական խնդիրներով։

Դերասանական արվեստի երկու էական սկզբունքներն են՝ գործողությունը և ցույցը, որոնք լինելով դերասանական անձնավորման ներքին ու արտաքին հայտանիշները, ներկայանում են օրգանական միասնությամբ։ Դերասանը ստեղծագործում է դրամատուրգիական և կենսական նյութերի հիման վրա միաժամանակ։ Դրամատուրգիական ու բեմական կերպարները օբյեկտիվ բովանդակային պլանում ներհամաձայն են, բայց բեմական կերպարն ինքնուրույն է կենսական նյութի հետ ունեցած հարաբերությամբ, որպես դերասանի անհատական ստեղծագործություն։ Այստեղ որոշիչ են կատարողի խառնվածքը, բնավորությունը, երևակայությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխարհայացքը, գաղափարագեղարվեստական նպատակները, ինչպես և բեմադրողի մտահղացումը, ներկայացման մեջ առաջացող բեմական հանգամանքներն են։ Դերասանական արվեստը սկզբնավորվել է հնագույն կրոնակենցաղային ծեսերում, ժողովրդական խաղերում և սինկրետիկ բանահյուսության մեջ, իսկ որպես պրոֆեսիոնալ արվեստ ձևավորվել ու զարգացել է հին արևելյան (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և անտիկ թատրոններում (Հունաստան, Հռոմ)։ Որպես գրականությունից անկախ երևույթ՝ իմպրովիզացիա, դերասանական արվեստը զարգացել է վաղ միջնադարյան մշակույթի օրրաններում՝ Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում։ Դերասանական իմպրովիզացիայի արվեստը ծաղկել է միջնադարյան Եվրոպայի երկրներում և զարգացման բարձրագույն աստիճանի հասել Իտալիայում։

Վերածննդի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանի թատրոնը Եվրոպայում ստեղծել է դերասանական պրոֆեսիոնալիզմի նոր որակ՝ բեմական զործողությաև ազատությանը միացնելով գրական դրամայի կայուն խոսքային նյութը։ Դերասանական արվեստը որպես գեղարվեստական համակարգ, գիտակցվել է կլասիցիզմի դարաշրջանում։ Կլասիցիստական խաղաոճը ենթադրում էր հանդիսավոր ու երգային խոսք, կեցվածքի ու շարժման մոնումենտալություն և պայմանականություն։ Լուսավորության դարաշրջանի (18-րդ դարում) դերասանական արվեստի հիմքում դրվում է բանական մարդու անձնավորման իդեալը և ռացիոնալիզմը, որը հետզհետե դուրս է մղվում դերասանական խաղի անմիջականությամբ ու հուզականությամբ։ 19-րդ դարի առաջին կեսին դերասանական արվեստը բնութագրվում է ռոմանտիկական խաղաոճի գերիշխանությամբ, որը թելադրում էր գործողության շարժում և տպավորիչ ձևեր, պաթետիկ և հուզականորեն հագեցված խոսք (դերասաններ Է․ Քինը Անգլիայում, Ֆրեդերիկ Լեմեթրը Ֆրանսիայում, Պ․ Մոչալովը Ռուսաստանում)։ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի դերասանական արվեստում հերթագայում են դասական ռեալիզմը, նատուրալիզմը, հոգեբանական ռեալիզմը և պայմանական խաղի նորագույն ձևերը։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում դերասանական արվեստի խոշոր ներկայացուցիչներն են Թ․ Սալվինին, Է․ Ռոսսին, Է․ Դուզեն (Իտալիա), Մունե Սյուլլին, Ս․ Բեռնարը (Ֆրանսիա), Է․ Պոսարտը, Լ․ Բառնայը (Գերմանիա), Տ․ Իրվինգը, Է․ Տերրին (Անգլիա), Ա․ Օլդրիջը (ԱՄՆ), Մ․ Շչեպկինը, Վ․ Դավիդովը, Մ․ Սավինան, Վ․ Կոմիսարժևսկայան (Ռուսաստան) և ուրիշներ։

Ռեալիստական դերասանական արվեստի որոնումներում մեծ դեր են խաղացել Ա․ Անտուանի «Ազատ թատրոնը» Փարիզում և գեղարվեստական թատրոնը Մոսկվայում, ուր հասունացել է հոգեբանական ռեալիզմի՝ Կ․ Ստանիսլավսկու տեսությունը, որպես դերասանի մասնագիտական ուսուցման ընդհանուր մեթոդոլոգիա։ Խորհրդային հանրապետությունների ազգային դերասանական դպրոցները, սեփական ավանդներով հանդերձ, զարգացևլ են այս ուղղությամբ։ Խորհրդային դերասանական արվեստում մեծ ավանդ ունեն գեղարվեստական թատրոնի արտիստներ Ի․ Մոսկվինը, Ն․ Խմելյովը, Մ․ Չեխովը, Ե․ Վախթանգովի դպրոցի դերասաններ Բ․ Շչուկինը, Ռ․ Սիմոնովը, Յ․ Մանսուրովան, ինչպես և Ա․ Թաիրովի ու Վ․ Մեյերխոլդի թատրոնների առաջատար դերասանները։ Խորհրդայինն դերասանական արվեստի ժամանակակից ներկայացուցիչներից են՝ Ն․ Չերկասովը, Ի․ Սմոկտունովսկին, Յու․ Բորիսովան, Մ․ Ուլյանովը, Ս․ Յուրսկին, Ե․ Եվստիգնեևը և ուրիշներ։

Ներկայիս արևմտաեվրոպական թատրոնում դերասանական արվեստը բարձր զարգացման են հասցրել Լ․ Րարրոն, Ժ․ Վիլարը, Մ․ Կազարեսը, Ժ․ Ֆիլիպը (Ֆրանսիա), Ջ․ Գիլգուդը, Վ․ Լին, Լ․ Օլիվիեն, Պ․ Սկոֆիլդը (Անգլիա), Ե․ Վայգելը (ԳԴՀ) և ուրիշներ։

Դերասանական արվեստի ինքնատիպ համակարգեր գոյություն ունեն Արևելքի (Բիրմա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա և այլ) թատրոններում։ Դերասանական արվեստը զարգացել է նաև երաժշտական թատրոնում, կինոյում, էստրադայում, կրկեսում։

Արևմտահայ և արևելահայ դերասանական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրականության մեջ դերասանական արվեստի ավանդները սկզբնավորվել են հեթանոսական շրջանում, մ․թ.ա․ 2-1-րդ դարերում, ի դեմս իմպրովիզացիոն-հրապարակային թատրոնի դերասանների՝ գուսանների, կատակների։ Գրական դրաման և կլասիցիզմն այստեղ սկզբնապես բեմական արտահայտություն են ստացել 17-18-րդ դարերում դպրոցական թատրոնում, որի պատմական դերն ավարտվել է 19-րդ դարում առաջին կեսով։ Պրոֆեսիոնալ դերասանական արվեստի սկզբնավորումը հայ իրականության մեջ կապված է «Արամյան թատրոնի» և նրա ղեկավար Հ․ Գասպարյանի անվան հետ։

Այնուհետև, 19-րդ դարում 60-70-ական թվականներին ձևավորվել են արևմտահայ և արևելահայ դերասանական դպրոցները, առաջինը՝ սենտիմենտալ-ռոմանտիկական, երկրորդը՝ կենցաղային-ռեալիստական խաղաոճի միտումներով։ Արևմտահայ դպրոցն են ներկայացնում Վահրամ Փափազյանը, Ստեփան Էքշյանը, Պետրոս Մաղաքյանը, Թովմաս Ֆասուլաճյանը և ուրիշներ։ Արևելահայ դպրոցի սկզբնավորողներն են Գ․ Չմշկյանը, Ս․ Չմշկյանը, Մ․ Ամրիկյանը, Ք․ Արամյանը, Ա․ Մանդինյանը և ուրիշներ։ 1880-ական թվականներին այդ երկու ստեղծագործական ոճերի համատեղումով կազմավորվել է ազգային միասնական դերասանական դպրոցը։ Այն կապված է Պ․ Ադամյանի, Մ․ Մնակյանի, Դ․ Թրյանցի, Ե․ և Վ․ Գարագաշյանների, Ա․ Հրաչյայի, Մ․ Նվարդի և այլ անունների հետ, որոնցից նշանավորագույնը Պետրոս Ադամյանն է՝ 19-րդ դարի հայ դերասանական արվեստի ամենաբարձր երևույթը։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ բեմում, որպես դասական ռեալիզմի վարպետներ առանձնանում են Սիրանույշը, Հ․ Աբելյանը, Գ․ Պետրոսյանը, Ս․ Ադամյանը, Տ․ Զարիֆյանը։ 20-րդ դարի առաջին կեսի հայ դերասանական արվեստում բացառիկ է Վ․ Փափազյանի դերը, որը դասական արվեստի փորձը հարստացրեց դարասկզբի թատերական արվեստի նորագույն ըմբռնումներով։ Խորհրդային շրջանի հայ դերասանական արվեստը նշանավորվում է Հասմիկի (Թ․ Հակոբյան), Ա․ Ոսկանյանի, Մ․ Ջանանի, Օ. Գուլազյանի, Վ․ Վաղարշյանի, Ա․ Ավետիսյանի, Մ․ Մանվելյանի, Հ․ Ներսիսյանի, Հ․ Խաչանյանի, Լ․ Զոհրաբյանի, Թ․ Սարյանի, Գ․ Ջանիբեկյանի, Ա․ Ասրյանի և այլոց անուններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png