Կոնստանտին Ստանիսլավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ստանիսլավսկի
Bundesarchiv Bild 183-18073-0003, Konstantin Sergejewitsch Stanislawski.jpg
Ծնվել է հունվարի 5 (17), 1863[1]
Ծննդավայր Մոսկվա[2]
Մահացել է օգոստոսի 7, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[2][3] (75 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ազդվել է Հենրիկ Իբսեն
Մասնագիտություն թատերական ռեժիսոր, դերասան[4] և մանկավարժ
Ամուսին Մարիա Լալինա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Constantin Stanislavski Վիքիպահեստում

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի (իրական անունը՝ Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև) (ռուսերեն՝ Константин Сергеевич Станиславский, հունվարի 5 (17), 1863[1], Մոսկվա[2] - օգոստոսի 7, 1938[2][3], Մոսկվա[2]), ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ։ Ռեալիզմի ներկայացուցիչ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։ Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։ Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, բեմադրել առաջին ներկայացումը՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։ Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թվականին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թվականին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։ Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։ Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։ Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։ Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թվական) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թվական) գրքերը։ Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թվական)։ 1948 թվականին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։ Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թվական)։

Աֆորիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը՝ թեթև, իսկ թեթևը՝ հրաշալի: Aquote2.png


Aquote1.png Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում: Aquote2.png


Aquote1.png Սովորեք լսել, հասկանալ և սիրել դաժան ճշմարտությունը ձեր մասին: Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118616765 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Станиславский Константин Сергеевич, Станиславский Константин Сергеевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Record #118616765 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]