Թատերագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թատերագիտությունը բեմարվեստի տեսությունն ու պատմությունն ուսւոմնասիորղ գիտություն է։ Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է XX դարում։ Թատերագիտության առարկան թատրոնի բոլոր բաղադրամասերն են՝ դրամատուրգիա, դերասանական և ռեժիսորական արվեստներ, բեմանկարչություն, թատերական ճարտարագիտություն, թատերական կրթություն, թատերական գործի կազմակերպում, հանդիսատես։

Մինչև XIX դ. վերջը հիմնականում ուսումնասիրվել են դրամատուրգիան և դերասանի արվեստը։ Թատերագիտությունը անխախտելիորեն կապված է թատերական մշակույթի և արվեստի ընդհանուր վիճակի, յուրաքանչյուր դարաշրջանի գեղագիտական մտքի զարգացման հետ։ Թատերագիտության սաղմերը, որպես թատերական պրակտիկայի ընդհանրացում, արդեն գոյություն ունեին Հին Հունաստանում (Արիստոտելի «Պոետիկա»-ն) և Հին Հռոմում։ Անտիկ մտածողների ազդեցությամբ դրամայի և բեմական արվեստի տեսությունը զարգացավ Վերածննդի դարաշրջանում։ XVII դ. դրամատուրգիայում և թատրոնում տեսականորեն հաստատվեց կլասիցիզմը (Բուալո)։ XVIII դ. լուսավորիչները (Դ. Դիդրո, Գ. Լեսսինգ և ուրիշներ) ստեղծել են դրամատիկական արվեստի ռացիոնալիստական տեսությունը։ XVIII դ. վերջին և XIX դ. առաջին կեսին ռոմանտիզմի զարգացումով պայմաններ ստեղծվեցին, որպեսզի թատրոնի պատմությունն ուսումնասիրվի որպես ազգային մշակույթի կարևոր բնագավառ և մասնագիտորեն մշակվեն թատերական գեղագիտության ընդհանուր հարցերը։

Թատրոնին և դրամայի տեսությանն առնչվող եզրերն ու հասկացությունները հայ գրականության լեզվում շրջանառվում են V դարի վերջից։ Թատերագիտական նոր միտքը հայ իրականության մեջ կազմավորվել է XIX դարի 30-50-ական թվականներին։ Կլասիցիզմի տեսությունն սկսվել և ավարտվել է Ս. Տիգրանյանի «Ինչ-ինչ զեղերերգութենէ» տրակտատով, որը դրամայի պատմաքննախոսության առաջին փորձն է հայ իրականության մեջ։ 1850-60-ական թվականներին պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման շրջանում, լուսավորականությունը դարձել է գեղագիտական նախասկիզբ թատերական քննադատության մեջ, յուրացվել է եվրոպական լուսավորության թատրոնի գեղագիտությունը (Հ. Հիսարյան, Մ. Գարագաշյան, Հ. Խորասանճյան), դրամայի գերմանական տեսությունները (Ս. Նազարյան), գիտակցվել թատրոնի ազգային հայրենասիրական և սոցիալական ֆունկցիան (Մ. Պատկանյան, Մ. Նալբանդյան, Հ. Սվաճյան)։ 1870-1880-ական թվականներին թատերագիտության քննադատության մեջ սրվել է բեմական ուղղությունների խնդիրը, մի կողմից պաշտպանվել են ռոմանտիզմը և սալոնային խաղաոճը (Սպ. Սպանդարյան), մյուս կողմից՝ ազգային ռեալիստական դրամատուրգիան (Գ. Արծրունի), քննադատական ռեալիզմը և կենցաղային ու սոցիալ-հոգեբանական թատրոնը (Գ. Չմշկյան)։

1893-1905 թվականներին Թիֆլիսում լույս է տեսել Ա. Թարխանյանի «Թատրոն» հանդեսը։ Հրապարակվել է Օ. Սևումյանի «Զեկուցումը...» (1913), որն առաջադրել է թատրոնի գեղարվեստական կազմակերպական բարեփոխումների նոր ծրագիր։ Ասպարեզ է մտել թատերական քննադատների նոր խումբ (Ս. Հախումյան, Տ. Զավեն, Տ. Հովհաննիսյան, Լեո, Մ. Բերբերյան), հիմնվել են «Հուշարար» (1907), «Թատրոն և երաժշտություն» (1910) հանդեսները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 144 CC BY-SA icon 80x15.png