Վերգինե Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերգինե Գարագաշյան
Ծնվել է1856
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1933
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Վերգինե Գարագաշյան (1856, Կոստանդնուպոլիս - 1933, Աթենք), հայ դերասանուհի, Երանուհի Գարագաշյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Սովորել է Սկյուտարի ճեմարանում, ապա մասնավոր դասեր է վերցրել Սրապիոն Թղյանից և ֆրանսիացի կոմպոզիտոր Սոլիեյից։ Բեմ է բարձրացել 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված թատերական երեկոյին, արտասանելով Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նույն թվականից հանդես է եկել Հ.Վարդովյանի խմբում, կատարելով հիմնականում սուբրետ դերեր։ 1878 թ. քրոջ՝ Երանուհու հետ խաղացել է Ս.Պենկլյանի խմբում, շրջել մի շարք քաղաքներում։ Հաջողությամբ է կատարել «Գլերեդի» դերը Շ. Լեկոկի «Մադամ Անգո» օպերետում, «Ժիրոֆլե Ժիրոֆլայինը»՝ Շ. Լեկոկի համանուն օպերետում։ Օրեստինը «Գեղեցկուհի Հեղինեում», մանավանդ Գաթիմեի դերը Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի հոր-հոր աղա» օպերետում։ 1880-1881 թթ. թատերաշրջանում խաղացել է Թիֆլիսի բեմում, արժանացել մամուլի և հասարակության ջերմ գնահատմանը։ Թիֆլիսում խաղացել է նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»ում, փայլուն կերպով կատարելով «Լիզայի» դերը, որը հիացմունք է պատճառել նաև օտար քննադատներին։ 1881 թ. վերադարձել է Կ. Պոլիս, միացել Ս.Պենկլյանի խմբին, շրջել մի շարք երկրներ, ապա՝ խմբի քայքայումից հետո, մեկնել է Իզմիր, ամուսնացել և ընդմիշտ թողել բեմը։ Մահացել է Աթենքում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 235-236