Jump to content

Տիգրան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Փետրվարի 1, 2016 - Փետրվարի 1, 2020
Նախորդող Վիկտոր Խրիստենկո
Հաջորդող Միխայիլ Մյասնիկովիչ
Դրոշ
Դրոշ
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հուլիսի 15, 2014 - Հունվարի 12, 2016
Նախորդող Թաթուլ Մարգարյան
Հաջորդող Գրիգոր Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
(12-րդ) Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ապրիլի 8, 2008 - Ապրիլի 3, 2014
Նախորդող Սերժ Սարգսյան
Հաջորդող Հովիկ Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ
Մարտի 3, 1998 - Ապրիլի 9, 2008
Նախորդող Բագրատ Ասատրյան
Հաջորդող Արթուր Ջավադյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր և դիվանագետ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 29, 1960(1960-01-29) (64 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Զավակներ Նարինե, Աբգար, Մարկոս
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Stolypin Medal, 1st class Dostyk Order of grade II «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ և «Դանկ» մեդալ

Տիգրան Սուրենի Սարգսյան (հունվարի 29, 1960(1960-01-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Եվրասիական տնտեսական բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։ Նախկինում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի վարչապետ ու Կենտրոնական բանկի նախագահ։

1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, որի ընթացքում պարտադիր է դարձրել միջազգային հաշվապահական հաշվետվության չափանիշների կիրառումը, հիմնադրել է վճարման միջբանկային համակարգը, ազգային վճարահաշվարկային համակարգը, ֆինանսական համակարգի մեգակառավարիչը, ավանդների հատուցման համակարգը։ Վարել է գնաճի նպատակադրման ռազմավարություն։ Իր ղեկավարման տարիներին մինչև 2000-ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու դադարեցվել է գումարների անօրինական շարժը։

2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։ Վարել է տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, ստեղծել է էլեկտրոնային կառավարություն, իրականացրել է մի շարք կարևոր բարելավումներ կառավարման համակարգում։ Գործարկել է պարտադիր ավտոապահովագրություն համակարգը։ Իր կառավարման օրերին վերացվել է հեռահաղորդակցության ու օդային հաղորդակցության ոլորտների մենաշնորհային իրավիճակը։ Վարել է եվրոպական կառույցների հետ[1] ու զուգահեռաբար Եվրասիական տնտեսական միության հետ[2] մերձեցման քաղաքականություն։

2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։

Համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը[3]։ Հանդիսացել է 1993 թվականին Հայկական դրամի հիմնադիրներից, ինչպես նաև 1995 թվականին Հայաստանի բանկերի միության հիմնադրիներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Սագրսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29ին Հայկական ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1967 - 1977 թվականներին Սարգսյանը ստացել է նախնական կրթություն՝ Ա. Պուշկինի անվան դպրոցում[4]։

1977 թվականին Տիգրան Սարգսյանը ընդունվել է Երևանի տեխնիկական #14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։ Նույն թվականին նա ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։

1980 թվականին նա ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։ Այդ տարիներին նրա համակուրսեցին է եղել ապագայում Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը[5]։ 1983 թվականից Սարգսյանը շարունակել է ուսումը նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով" վերնագրով։

1994 թվականին սովորում է Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում «Օրինաստեղծ գործունեություն» բաժանմունքում։ 1996-1997 թվականներին շարունակել է ուսումը Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկի Տնտեսական զարգացման ինստիտուտում՝ «Բանկերի արդյունավետ կառավարում» բաժանմունքում[6]։

Գործունեության առաջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունների թեկնածուի կոչում ստանալուց հետո Տիգրան Սարգսյանը վերադարձել է Հայաստան ու 1987 թվականին դարձել ավագ գիտաշխատող ու Հայաստանի Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի Միջազգային տնտեսական կապերի գիտահետազոտական խմբի ղեկավար։ Աշխատել է մինչև 1990 թվականը[6]։

1988 - 1993 թվականներին եղել է Երիտասարդ մասնագետների ու գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ։

1990 - 1991 աշխատել հանդիսացել է բանկային աշխատողների համար կազմակերպվող՝ տնտեսական բարեփոխումների թեմայով սեմինարների համակարգող։

Քաղաքական գործունեության սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Տիգրան Սարգսյանը եղել է Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության հիմնադիրներից մեկը։

1993 - 1995 թվականին նա ընտրվում է Գերագույն Խորհրդի պատգամավոր որպես «Ազգային դեմոկրատներ» ֆրակցիայի անդամ, որի ղեկավարն էր Շավարշ Քոչարյանը։ Սարգսյանը ղեկավարել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովը։ Այս պաշտոնում նա զգալի ներդրում է ունեցել ազգային արժույթի ստեղծման գործընթացում։

Հայկական դրամի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ այն փաստից, որ նա ներկայացնում էր ընդդիմադիր կուսակցություն՝ Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի հետ համատեղ նա նշանակվել է դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահ, որը ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 13-ին[7]։ Հանձնաժողովը ընդունում է 20-ից ավելի կարևոր որոշումներ, որի արդյունքում 1993 թվականի նոյմեբերի 22-ին հնարավոր է դարձել Հայկական դրամի ստեղծումը։ Տպագրված թղթադրամները ունեին 10, 25, 50, 100, 200, 500 դրամ նոմինալ արժեք[8]։

Գործունեություն 1995 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսի 27-ին հիմնադրվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի առաջին նախագահը դարձավ Տիգրան Սարգսյանը[9]։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև Կենտրոնական Բանկի նախագահի պաշտոնը ստանձնելը։ 1995 թվականին նաև դարձել է Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն, որը նա զբաղեցրել է մինչև 2008 թվականը։

2005-ից 2007 թվականները նա հանդիսացել է Միջպետական բանկի խորհրդի նախագահ։

Կենտրոնական բանկ նախագահ (1998 - 2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Կենտրոնական Բանկի էմբլեմը

1998 թվականի մարտի 3-ին Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ նախագահ։ 2005 թվականին երկրորդ անգամ նշանակվել է նույն պաշտոնին[6]։ 1998 - 2008 թվականներին նրա ստորագրությունը նշված է եղել Հայկական դրամի վրա[10]։

Հաշվապահական հաշվետվության միջազգային չափանիշներ (1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանում պարտադիր են դարձվել հաշվապահական հաշվետվությունների միջազգայն չափանիշները։ Մինչ այդ հայաստանում կիրառվում էր խորհրդային ձևաչափը, որը չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Այդ համակարգը գործում է Հայաստանում առ այսօր։

Միջբանկային էլեկտրոնային դրամաշրջանառության համակարգի ստեղծում (1999)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Հայաստանում ստեղծվել է CBA.net միջբանկային էլեկտրոնային դրամաշրջանառության համակարգը, որը հանդիսանում է RTGS Payment System համակարգի մաս։ Այն թույլ է տվել ավտոմատացնել գումարների շրջանառությունը Հայաստանի բանկերի միջև։ Մինչ այդ դրամի շրջանառությունը իրականացվում էր թղթային շրջանառության միջոցով։ Այս համակարգը գործում է Հայաստանում առ այսօր։

Ազգային վճարման համակարգի ստեղծում (2001)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարտին Կենտրոնական Բանկի ու 10 առևտրային բանկերի կողմից հիմնադրվել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ը Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով։ 2001 թվականին համակարգը ներդրվել է ու գործում է մինչ այսօր[11]։ Համակարգը սկսել է սպասարկել ԱրՔա, MasterCard, VISA, American Express ու Diners Club քարտեր՝ մեկ միասնական պրոցեսինգային կենտրոնի ու միասնական տեխնոլոգիական լուծումների միջոցով[12]։

Բանկային ոլորտի ապաքրեականացում (2002 - 2004)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Սարգսյանի ղեկավարության տակ նախաձեռնել է Հայաստանի բանկային համակարգի մաքրում անբարեխիղճ բիզնեսից ու քրեական տարրերից։ 2002 թվականին ընդունվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին ու Բանկային գործունեության մասին օրենքների փոփոխությունները։ Ստանալով ավելի շատ իրավասություն ու նորմատիվ բազայի օգնությամբ հնարավոր եղավ բանկերում ու վարկային կազմակերպություններում հանցավոր միջոցներով ստացվող գումարների հոսքերը վերահսկումը։ Արդյունքում կասեցվել է մի շարք անբարեխիղճ բանկերի ու կազմակերպությունների գործունեությունը, որոնց թվում էին «Կրեդիտ Երևան», «Միավորված Բանկ», «Land Bank», «Կրեդիտ Սերվիս», «Թրասթ», ԱգրոԲանկ, «Շիրակ Ինվեստ» և այլն։ Գումարների վերահսկման արդյունքում հնարավոր եղավ բոլոր ավանդատուների գումարների փոխհատուցումը կազմակերպությունների միջոցով[7]։ 2004 թվականին ավարտվեց բանկային ոլորտի առողջացման գործընթացը, ինչը բերեց բանկերի կապիտալիզացիայի աճի տեմպերի ավելացման[13].

Լիցենզավորման նոր համակարգ (2002)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ընդունվել են Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ, ինչի արդյունքում լիցենզավորման ենթակա կազմակերպությունների թվին ավելացրել է վարկային կազմակերպությունները, կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրամային օպերացիաներով, քլիրինգային հաշվարկներով, քարտային վճարման պրոցեսինգով, և այլն։ Լիցենզավորմամբ զբաղվող կառույց է դառնում ՀՀ Կենտրոնական բանկը[7]։

Հայաստանի Հանրապետության վարչապետ (2008 - 2014)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլի 9-ին[14] Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ եւ փոխարինել այս պաշտոնում Սերժ Սարգսյանին, ով ընտրվել էր նախագահ նույն թվականին։ Ապրիլի 22-ին կառավարության առաջին կազմը սկսել է իր գործունեությունը։ Կառավարության կազմի մեջ է մտել 18 նախարարություն։ Տարածքային կառավարման նախարարը համատեղում էր փոխվարչապետի պաշտոնը։ Կառավարության կազմի մեջ էին մտել ՀՀԿ, ԲՀԿ, Դաշնակցություն ու ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչներ։

Նշանակումից երկու ամիս անց սկսվեց Ռուս-վրացական պատերազմը, որը հանդիսացավ լուրջ հարված Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսության համար, որտեղ ապրանքների 70 տոկոսը ներկրվել է Վրաստանից[15]։

ՀՀ—ԵՄ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 8-ին Եվրամիության հետ աշխատանքի արդյունքում Հայաստանը ընդգրկվել է Արտոնությունների ընդհանուր համակարգից օգտվող երկրների ցանկի մեջ, ինչի արդյունքում Հայաստանը ստացել է Եվրամիության հետ արտոնյալ պայմաններով առևտուր իրականացնելու հնարավորություն։ Շուրջ 6000 ապրանքների մաքսային դրույքաչափերը նվազեցվել կամ հանվել են[16]։

2009 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը դիմել է Եվրամիության Թվինինգ ծրագրին անդամակցելու նպատակով, որը հաստատվել է և 2012 թվականից մտել է ուժի մեջ։ Այն թույլ է տվել ԵՄ օրենսդրության և ԵՄ ուղեցույցների հիման վրա արդիականացնել ու կիրառել բազմաթիվ նորարարություններ Հայաստանի մի շարք թվային համակարգերում՝ ներառյալ վիճակագրական ծառայությունը՝ տվյալների գրագետ հավաքագրման, վերլուծության և ներկայացման համար։ Ծրագրի շրջանակներում ՀՀ վիճակագրական ծառայության գործունեությունը համապատասխանեցվել է ԵՄ կանոնակարգին՝ հաշվի առնելով հայկական բիզնեսի ժողովրդագրությունը և ազգային կարիքները[17]։ 2013 թվականի նոյեմբերին ամփոփվել է Թվինիգ ծրագրի շրջանակներում իրականացված «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագիրը, որով թափանցիկացվել են գնումների ու վերահսկողության գործընթացները, օրենսդրությունը համապատասխանեցվել է եվրոպական չափորոշիչներին[18]։

Իրականացված ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2013 թվականներին ՀՀ կառավարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր՝ այդ թվում․

  • Mulberry2008 թվականի վերջից ներդրված ամբողջական թվային համակարգ, որը ապահովել է կապը պետական 23 տարբեր կառույցների՝ ներառյալ մարզպետարանների ու նախարարությունների միջև։ Որպես ծրագրի գլխավոր առավելություն նշում են այն, որ վերահսկելի է դառնում աշխատակազմի գործունեությունը, փաստաթղթաշրջանառությունը դարձել է թվային, ինչն իր հերթին անգամներով արագացրել է կառավարության աշխատանքը[19]։
  • DataLex2009 թվականից գործարկվել էին Դատաիրավական կրպակներ Հայաստանի տարբեր կառավարական մարմիններում, իսկ 2011 թվականից ողջ հսկայական տվյալների բազան հասանելի է դարձել համացանցային կայքի միջոցով։ Համակարգի միջոցով հնարավոր է դարձել յուրաքանչյուր դատական գործ որոնեց, իմանալ դատական նիստերի ժամանակացույցը, նմանատիպ գործերի որոնման հնարավորություն, կատարել առցանց վճարումներ, դիմումներ ներկայացնել ու հետևել դրանց ընթացքին, և այլն[20][21]։
  • Հարկատու 1, 2 և 3․ Թվայնացվել է ողջ պետական եկամուտների փաստաթղթաշրջանառությունը, հնարավոր է դարձել առցանց միջոցով ներկայացնել հաշվետվություններ, հաշիվներ և այլն։ Կառավարության ներդրած Հարկատու-1 համակարգը հետագայում զարգացվել է Պետական եկամուտների ծառայության կողմից՝ հրապարակելով Հարկատու-2, իսկ այնուհետև նաև Հարկատու-3 համակարգերը[22]։
  • Պետռեգիստրի բարեփոխումներ ու մեկ պատուհանի սկզբունք․ Մինչ 2009-2011 թվականներին բարեփոխվել է իրավաբանական անձ գրանցելու գործընթացը՝ 9 անհրաժեշտ փուլերից թողնելով 5-ը։ 2011 թվականին ներդրվել է Մեկ պատուհանի սկզբունքը, ինչը թույլ է տվել գրանցել կազմակերպությունը 15 րոպեի ընթացքում։ Դրա հաշվին Հայաստանը աշխարհի պետությունների շարքում իրավաբանական անձ գրանցելու սանդղակում զբաղեցրել է 6-րդ տեղը[23]։
  • Կադաստրի համակարգում մեկ պատուհանի ներդնում․ 2010 թվականից՝ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո, Կադաստրի պետական կոմիտեում ներդրվել է «Մեկ պատուհան»-ի սկզբունքը, ինչը անգամներ թեթևացրել է քաղաքացու շփումը համակարգի հետ՝ նվազեցնելով կորուպցիոն ռիսկերը[24]։
  • Նույնականացման քարտեր․ Էլեկտրոնային կառավարության ստեղծման գործընթացների շրջանակներում 2011 թվականին ներդրվել է նույնականացման քարտերի համակարգը[25], ինչը թույլ է տվել ունենալ բոլոր քաղաքացիների թվայնացված տվյալների բազա[26], ինչն իր հերթին բարեփոխման շարունակականության դեպքում կարող է թույլ տալ քարտերը ինտեգրել առողջապահական, ոստիկանական, ընտրական, էլեկտրոնային ստորագրության, պետական ռեգիստրի՝ բազմաթիվ համակարգերի հետ ու ստեղծել ծավալուն ժամանակակից էլեկտրոնային կառավարություն։
  • ՀԴՄ-ների համակարգ․ 2008 թվականից սկվել է մշակվել ու ներդրվել է հաշվի դրամարկղային մեքենաների համակարգը, որը պարտադիր է դարձել ծառայություն մատուցող բազմաթիվ տնտեսվարողների համար։ ՀԴՄ-ների կիրառումը օգնեց սև հաշվապահության տոկոսը զգալի կերպով նվազեցնել[27]։
  • Պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ)․ Դեռևս Սերժ Սարգսյանի՝ վարչապետության օրերին ընդունված պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի շրջանակներում[28]՝ 2008 թվականից սկսվել են ԱՊՊԱ համակարգի մշակման աշխատանքները։ 2011 թվականից ներդրվեց պարտադիր ավտոապահովագրության համակարգը, ինչը բերեց ապահովագրության շուկայի աճին, իսկ վարորդների շրջանում չնայած նախնական շրջանում սուր քննադատությունների, ժամանակի ընթացքում ընկալվեց չափազանց դրական։ 2013 թվականից ներդրվեց նաև բոնուսային համակարգը, ինչը թույլ տվեց կարգապահ վարորդներին խախտում արձանագրած վարորդներից ավելի քիչ վճարել[29]։
  • Եկամտահարկի փոփոխություն
  • Շրջանառության հարկի ներդնում
  • Երկու ազատ տնտեսական գոտի՝ «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում
  • Պետական սուբսիդիաների կիրառում
  • Էլեկտրոնային առևտրի խթանման ծրագրեր․ 2013 թվականի դեկտեմբերին ներկայացվել է էլեկտրոնային առևտրի խթանման ծրագրերի փաթեթ՝ ներառյալ բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ՝ ստեղծելու բարենպաստ դաշտ օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային ստորագրության կիրառման համար։ Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը կխթանի նաև երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը[30]։
  • Start-up կազմակերպություններին հարկերից ազատելու նախագիծ (չավարտված)
  • Կենսաթոշակային ռեֆորմ (չավարտված)
  • Հյուսիս-հարավ նախագծի մեկնարկ (չավարտված)

2012 թվականի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում[31]։ 2013 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում[32]։

2014 թվականի ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է[33]։ 2014 թ. ապրիլի 3-ից 13-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էր։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան (2014 - 2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[34]՝ մինչ այդ սառեցնելով ՀՀԿ-ին իր անդամակցությունը։ Հուլիսի 15-ին նա ԱՄՆ-ում հանձնել է հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու ստանձնել դեսպանի պաշտոնը[35]։

2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[36]։

ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ (2016 - 2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշմամբ 2016 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ չորս տարի ժամկետով։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին ավարտելով իր գոծունեությունը որպես ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Բարեկամության հուշամեդալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով իր ելույթում նշել է Սարգսյանի մեծ ներդրումը ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության, ինչպես նաև նպաստել է Հայաստանի ու Ռուստաստնի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում[37]։

Հետագա գործունեություն (2020 - առ այսօր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 17-ին դարձել է Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ[38][39]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականից Սարգսյանը սովորել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» վերնագրով։

1993 - 1994 թվականներին նա դասավանդել է Բանկային գործ առարկան Երևանի պետական համալսարանում։

2005 թվականի դեկտեմբերի 2-ին նրան շնորհվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

2011 թվականին ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ։

Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է[6]։

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆշորային սկանդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. մայիսի 29-ին «Հետք» հետաքննող լրագրողներ» կայքում հայտնվեց տեղեկություն «WLISPERA HOLDINGS LIMITED» անունով կազմակերպության մասին, որը գրանցված է Կիպրոսում եւ որի բաժնետոմսերը բաշխված էին երեք անձանց անվանումների միջև՝ Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան, որոնցից վերջին երկուսը, ըստ թերթի եզրահանգումների, այդ օրերին գործող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը (աշխարհիկ անունը՝ Սամվել Կճոյան)։ Ընկերության բաժնետոմսմերից 334-ը պատկանում էին Սուքիասյանին, իսկ Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան անունով անձանց պատկանում էին 333-ական բաժնետոմս։ Նշված ընկերությանը Սուքիասյանի կողմից փոխանցվել է 350 հազար դոլար՝ Ամերիաբանկից ստացած 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկից։ Աշոտ Սուքիասյանը նշված վարկը ստացել էր Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագիր իրականացնելու համար[42]։

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով և ինչպես է գրանցել ընկերությունը[43]։ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ[44]։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում[45]։ Հունիսի 18-ին Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարեց, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[46]։

2013 թ. հուլիսի 1-ին Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության[47]։ Սակայն Երկիր Մեդիա լրատվականը գրում է 2013 թվականին Կիպրոսում գրանցված մեկ այլ՝ «Մկների ժողով լիմիթեդ» ընկերության մասին, որի գրանցման ընթացքում օգտագործվել են կեղծ անձանց անուններ ու բնակության հասցեներ, ինչը փաստորեն հակասում է Կլերիդիսի խոսքերին[48]։

2017 թվականին Աշոտ Սուքիասյանը դատապարտվել է 16 տարի ազատազրկման, կալանավորվել, սակայն 2020 թվականին վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել[49]։ Աշոտ Սուքիասյանը, ներկայացնելով մանրամասներ, պատմել է, որ նա զգալի գումարներ է ծախսել Փայլակ Հայրապետյանի՝ կալանքի տակ դրված գույքը կալանքից հանելու համար, ինչից հետո միասին դիմել են Ամերիաբանկին, ստացել վարկ։ Վարկի հաստատումից հետո Հայրապետյանը պնդել է, որ գումարը փոխանցվի իր անձնական հաշվին, ու որ գրավի տակ դրված գույքը իրեն այլևս պետք չէ։ Սուքիասյանը չի համաձայնվել, ստեղծել է օֆշորում մի կազմակերպություն, որին էլ փոխանցել է գումարը։ Սուքիասյանը պնդել է, որ Հայրապետյանը պատվիրել է սպանել իրեն։ Կիպրոսում կազմակերպությունը գրանցելիս իր փաստաբանի առաջարկով նշել է Հայաստանում ազդեցիկ անձնանց անուններ, որպեսզի մեծ գումարներ փոխանցելիս կասկածներ չառաջանան[50]։

«Չստացված ավանտուրիստի» մեղադրանքներն ընդդեմ Սարգսյանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից սկսած Սլովակիայում գրանցված EU-ASIA Business Finance Centre ընկերության ղեկավար Աշոտ Գրիգորյանը մի շարք հանրային հայտարարություններ է արել՝ մեղադրելով Տիգրան Սարգսյանին Նաիրիտ գործարանը «300 մլն դոլարի չափով թալանելու մեջ»[51]։ Նա պնդել է, որ պատրաստ է խոշոր ներդրումներ ապահովել գործարանը վերագործարկելու նպատակով, սակայն հանդիպում է պետության կողմից խոչընդոտների։

Հայտարարություններին հետևել է Տիգրան Սարգսյանի դատական հայցը նշված Աշոտ Գրիգորյանի ու մի շարք լրատվականների դեմ՝ տարածած զրպարտությունը հերքելու պահանջով[52]։

2018 թվականի օգոստոսին Աշոտ Գրիգորյանը ստորագրել է հուշագիր այդ օրերին ՀՀ Տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ՝ սպասվելիք ներդրումներին ընդառաջ։

2018 թվականի հոկտեմբերին 24news.am լրատվականը հրապարակել է հետաքննության արդյունքները, որտեղ բացահայտվում է, որ Աշոտ Գրիգորյանին պատկանող մի շարք ընկերություններ, որոնց թվում նաև նշված EU-ASIA Business Finance Centre ընկերությունը, վերջին տարիներին չեն ունեցել որևէ շրջանառություն, գրանցված են ոչ իրական հասցեներով։ Ինքը՝ Գրիգորյանը ունի պարտք Սլովակիայի պետությանը մոտ 50 հազար եվրո ու իր հաշիվները գտնվում են կալանքի տակ[53]։ Բացահայտվել է, որ նա ներկայանում է որպես գիտությունների դոկտոր ու ԵՊՀ դասախոս, սակայն ԵՊՀ-ում հերքել են այդ անունով դասախոս ունենալու փաստը։ Հերքվել է նաև նրա՝ դոկտոր լինելու պնդումը։ Բացահայտվել է, որ Գրիգորյանը Սլովակիայում իր մեքենայի վրա օգտագործել է դիվանագիտական անձանց կողմից կիրառվող նշան՝ չհանդիսանալով այդպիսին[54]։ Ի պատասխան հետաքննության, Աշոտ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել լրատվականի, ՀՀ ԱԳՆ ու Չեխիայում ու Սլովակիայում դեսպան Տիգրան Սեյրանյանի դեմ։

2019 թվականի ապրիլի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով մինչ այդ վարել է բանակցություններ Աշոտ Գրիգորյանի հետ, հայտարարել է, որ վերջինս «չստացված ավանտյուրիստ է», ու ներկայացրել վերջինիս իրականացրած մեքենայությունները ու խոստացված ներդրումների անհնարինության հիմքերը[55]։

2019 թվականի մայիսի 14-ին երկու տարի անց Առաջին ատյանի դատարանը բավարարել է Տիգրան Սարգսյանի հայցը ու պարտավորեցրել Աշոտ Գրիգորյանին հերքել հրապարակային զրպարտությունները, ինչպես նաև հօգուտ Սարգսյանի բռնագանձել է 1 մլն դրամ։ Որոշմամբ դատարանը նաև պարտավորեցրել է նաև մի քանի լրատվական կայքերի հերքել Գրիգորյանի՝ իրենց մոտ տեղակայված կեղծ հայտարարությունները[56]։

Տիգրան Սարգսյանը նաև երկրորդ հայցն էր ներկայացրել ընդդեմ Աշոտ Գրիգորյանի։ Դատարանը 22.02.2022 թվականին կայացրել է վճիռ, որով պարտավորեցրել է Գրիգորյանին հերքել «Նաիրիտ» գործարանի հետ կապված իր հայտարարությունները, ինչպես նաև գտել է, որ Աշոտ Գրիգորյանի հայտնած տեղեկությունները՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերությունների վրա գումարներ տեղավորելու, փողերի լվացմամբ զբաղվելու մասին չեն համապատասխանում իրականությանը[57]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Тигран Саргсян: «Евроинтеграция по-прежнему остаётся приоритетом»
  2. Тигран Саргсян - «Для интеграции нужно создать экономические стимулы»
  3. Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը. «Ժողովուրդ»
  4. TIGRAN SARGSYAN APPOINTED AS PRIME MINISTER
  5. «"Тигран Саркисян вернётся в Центробанк. Но в российский"?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան
  7. 7,0 7,1 7,2 Կենտրոնական բանկ — Հայաստանի ֆինանսավարկային համակարգի զարգացումները
  8. Central Bank of Armenia — National Currency
  9. «A STATISTICAL ANALYSIS OF BANKS IN ARMENIA» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  10. Росинвест — Армянский драм
  11. Արմենիան Քարդ. Մեր մասին
  12. Քարտային վճարային համակարգեր
  13. «СТРАТЕГИЯ ЦЕНТРАЛЬНОГО БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ на 2015—2017 гг» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին
  15. Армения приветствует открытие российско-грузинской границы
  16. «Արխիվացված պատճենը». www.petekamutner.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  17. «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում - փուլ II». Danmarks Statistik. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  18. «Ավարտվել է Հայաստանում շուկայի վերահսկողության համակարգի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը». բիզնես.հայ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգ - Հոդվածներ - Հրապարակումներ - Ինֆորմացիայի ազատության կենտրոն». www.foi.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  20. «Դատալեքսն արդեն ինտերնետում է - Հոդվածներ - Հրապարակումներ - Ինֆորմացիայի ազատության կենտրոն». www.foi.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  21. «DataLex ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ». www.datalex.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  22. «Արխիվացված պատճենը». petekamutner.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  23. «Կազմակերպությունների գրանցում` 15-20 րոպեում, ձեռնարկատիրոջ հաշվառում` 5 րոպեում. պետռեգիստրը 20 տարեկան է». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  24. «Մուտքը կադաստր՝ «մեկ պատուհանից»». Առավոտ օրաթերթ. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  25. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  26. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ» (PDF). e-gov.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  27. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  28. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  29. «Հաշվառված տրանսպորտային միջոցների 80 տոկոսը արդեն ԱՊՊԱ ունի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  30. «Ներկայացվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղված օրենսդրական փոփոխությունները». բիզնես.հայ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  31. Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին
  32. Տ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին
  33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
  34. Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  35. «Sargsyan Begins Ambassadorship in US». Asbarez. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  36. Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  37. «Տիգրան Սարգսյանին Պուտինը շքանշան շնորհեց․ «Մեծ ներդրում ունեք ԵԱՏՄ-ի զարգացման գործում»». 24news. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «Члены Правления – Евразийский Банк Развития». eabr.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  39. «Члены Правления – Евразийский Банк Развития». web.archive.org. 2020 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  40. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  41. Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  42. Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը
  43. Վարչապետը դիմել է դատախազություն
  44. Կճոյանը հերքում է ամեն ինչ
  45. Աշոտ Սուքիասյանը հետախուզվում է
  46. Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»
  47. Կիպրոսի դատախազը բացառում է ՀՀ վարչապետի բացատրությունը
  48. «Օֆշորային նոր սկանդալ. ո՞ւմ է պատկանում "Մկների ժողով լիմիթեդը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  49. ««Օֆշորի» գործով մեղադրյալն արդարացվել է. «Ժողովուրդ» | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  50. «Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  51. Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Նաիրիտից մոտ 300 միլիոն դոլար է գողացել
  52. ««Աշոտ Գրիգորյանն ընդդեմ Տիգրան Սարգսյանի» գործով». Առավոտ. 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ Հոկտեմբերի 9-ին.
  53. «Հետաքննություն․ ո՞վ է «մեծ կոմբինատորը» Սլովակիայից». 24news. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  54. Հետաքննություն. ո՞վ է մեծ կոմբինատորը Սլովակիայից (մաս 2), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին
  55. Աշոտ Գրիգորյանը չկայացած ավանտյուրիստ է. կառավարության ներկայացուցիչ, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին
  56. «Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտությունները». 24news. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  57. «Ավանտյուրիստը կրկին պարտվել է | 24news». 24news.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
Տիգրան Սարգսյան

1998 - 2008 թ. ապրիլի 9
Հաջորդող
Արթուր Ջավադյան
Նախորդող
Սերժ Սարգսյան
Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսյան

2008 թ. ապրիլի 9- 3 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան
Նախորդող
Թաթուլ Մարգարյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան Սարգսյան

26 հունիսի 2014 թ. - 12 հունվարի 2016 թ.
Հաջորդող
Գրիգոր Հովհաննիսյան
Նախորդող
Վիկտոր Խրիստենկո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Տիգրան Սարգսյան

1 փետրվարի 2016 թ. -
Հաջորդող
Միխայիլ Մյասնիկովիչ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Սարգսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Սարգսյան» հոդվածին։