Ռուբեն Ա- ն (1025 – 1095) Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրն է։ Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։
1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։
Ռուբենի գահը ժառանգեց իր որդին ՝ Կոստանդինը (Կոստանդին Ա)։
Ռուբեն Ա– ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա– ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։
Ռուբեն Ա- ը վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա– ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան ՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։