Հանրագիտարան
Հանրագիտարան, գիտական կամ գիտահանրամաչելի տեղեկատու, որը առավել էական տեղեկություն է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր (համապարփակ) կամ առանձին (ճյուղային) բնագավառների վերաբերյալ[1]։
Հայերեն Հանրագիտարան (հանր (հանրային, ընդհանուր) + ա (հոդակապ) + գիտ (գիտելիք, գիտություն) + արան (տեղ բնորոշող գոյականակերտ վերջածանց)) բառը (Տեղեկատու ձեռնարկ գիտության բոլոր կամ առանձին ճյուղերի մասին[2]) աշխարհի շատ լեզուներով հնչում է «էնցիկլոպեդիա» կամ «էնսայքլոփիդիա» և տառադարձված է հին հունարեն «ἐγκυκλοπαιδεία»[3] բառից, որը սերում է «ἐγκύκλιος παιδεία»[4] «էնկյուկլիոս պայդեա» արտահայտությունից («էնկյուկլիոս»(ἐγκύκλιος)[5] և նշանակում է «համապարփակ» կամ «շրջանառված», իսկ «պայդեա» (παιδεία) նշանակում է «մանկավարժություն»[6])։ Արտահայտությունը տառացիորեն կարելի է թարգմանել «համապարփակ կրթություն» կամ «ուսուցում գիտելիքների ընդհանուր շրջանում»։
Հանրագիտարան ընդհանուր հասկացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև գիտելիքների հավաքական ամբողջության գաղափարը հազարամյակների պատմություն ունի, «կյուկլոպեդիա» եզրը որպես գրքի վերնագիր առաջին անգամ օգտագործվել է 1541-ին՝ Ջոաքիմուս Ֆորտիուս Ռինգելբերգիուսի կողմից, «Lucubrationes vel potius absolutissima kyklopaideia» (Բազել, 1541)։ «Էնցիկլոպեդիա» բառը առաջին անգամ որպես գրքի վերնագիր օգտագործվել է խորվաթ էնցիկլոպեդիստ Պավաո Սկալիկի կողմից «Encyclopaedia seu orbis disciplinarum tam sacrarum quam prophanarum epistemon» (Գիտական առարկաների աշխարհի գիտելիքների Էնցիկլոպեդիա, Բազել,1559). Խոսակցության մեջ հայտնի ամենահին օգտագործումներից մեկը եղել է Ֆրանսուա Ռաբլեի «Պանտագրյուել» գրքում 1532-ին[8]
Հանրագիտարանների տեսակներ ու առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր հանրագիտարան բնորոշվում է չորս հիմնական տարրերով։ Դրանք են՝ թեմատիկ ուղղվածությունը, ընդգրկման ծավալը, կառուցվածքային մեթոդները և ստեղծման մեթոդները։
Հանրագիտարանների և բառարանների տարբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից հանրագիտարանը զարգացել է 18-րդ դարի բառարանից։ Պատմականորեն և՛ հանրագիտարանները, և՛ բառարանները հետազոտվել ու գրվել են բազմակողմանիորեն կրթված ու բովանդակությունից լավ իրազեկ մարդկանց կողմից, բայց դրանք նշանակալիորեն տարբեր են իրենց կառուցվածքով և բովանդակությամբ։ Բառարանը լեզվագիտական աշխատություն է, որը առաջին հերթին կենտրոնանում է այբբենական կարգով դասավորված բառերի և նրանց իմաստի բնորոշման վրա։ Հոմանիշները և մեկ ընդհանուր թեմայով փոխկապակցված բառերը կարող են տարածված լինել ամբողջ բառարանում, ըստ էության տեղ չթողնելով դրանց իմաստային ավելի խոր մեկնաբանության համար։ Ուստի բառարանները սովորաբար սահմանափակ տեղեկույթ են տալիս, կամ շատ քիչ բան են ասում բացատրվող բառի ծագման կամ դրա հիմքում ընկած իմաստաբանական պատմության մասին։ Բառարանները կարող են տալ բառի բացատրությունը, սակայն մինչև վերջ չբացահայտել լեզվական եզրի իմաստաբանական կապերը կամ իմաստաբանական նշանակությունը կամ սահամանփակումները, կամ թե ինչպես է այդ եզրը առնչվում իմացության ավելի լայն ոլորտների հետ։
Այդ կարիքներին բավարարելու համար հանրագիտարանի տիպական հոդվածը ոչ լեզվական բացատրության բնույթ ունի և բացահայտում է ոչ միայն բառի իմաստը, այլ նաև առարկայի կամ կատեգորիայի, նաև բնորոշելով և թվարկելով թեմայի հետ կապված հոմանիշ եզրերը։ Հանրագիտական հոդվածն առավել խորությամբ է բացահայտում ու նկարագրում եզրի իմաստը և փոխանցում է դրա հետ անմիջականորեն կապված ամբողջ առկա կուտակված իմացությունը։ Հանրագիտարանները ի տարբերություն բառարանների պարունակում են նաև աշխարհրագրական քարտեզներ և պատկերազարդումներ և տեղեկատվական աղբյուրների ցանկեր։
Հանրագիտարանները ինչպես և բառարանները սովորաբար կառուցվում են այբբենական կարգով դասավորված հոդվածներով։ Նյութերի համակարգումը կարող է լինել նաև ըստ թեմաների կամ ճյուղային բնագավառների, թեև կարող են լինել նաև թեմատիկ բառարաններ։ Ի տարբերություն բառարանների, որոնք հիմնականում կենտրոնանում են բառերի օգտագործման իմաստաբանական բացատրական, լեզվաբանական, ծագումնաբանական և օգտագործման կողմերի վրա, հանրագիտարանի յուրաքանչյուր հոդված նվիրվում է մեկ առանձին հայեցակարգի կամ հասկացության բազմակողմանի և բազմաշերտ լուսաբանմանը։
Հանրագիտական հրատարակությունների լայն զարգացումը սկսվել է 1751-80 թվականներին Ֆրանսիայում Դենի Դիդրոյի և Ժան Լը Ռոն Դ'Ալամբերի խմբագրությամբ հրատարակված "Հանրագիտարան, կամ գիտությունների, արվեստների և արհեստների բացատրական բառարան"-ից։ Ըստ էության առաջին հանրագիտարանների համար որպես հիմք և օրինակ ծառայել են հենց բառարանները։
Որոշ աշխատություններ, կարող են "բառարան" կոչվել, բայց իրականում նման լինել հանրագիտարանների, հատկապես նրանք, որոնք ծավալվում են որոշակի ոլորտի շուրջը (ինչպես օրինակ Ջոզեֆ Սթրեյերի Միջին դարերի բառարանը, որը 13 հատորներից բաղկացած հանրագիտարան է նվիրված Միջնադարին և առաջին անգամ տպագրվել է «American Council of Learned Societies» հասարակական կազմակերպության կողմից 1982-1989 թվականներին, Ամերիկյան ծովային մարտանավերի բառարանը[9], Հենրի Քեմփբել Բլեքի Իրավագիտության բառարանը[10], Ավստրալիական անգլերենի Մաքվեյրի բառարանը[11]
Թեև հանրագիտարանի և բառարանի միջև եղած սահմանագիծը հստակ չէ, այդուհանդերձ հանրագիտարանային հոդվածները կարելի է տարբերակել այն հանգամանքով, որ դրանց անունները սովորաբար կարող են բազմաթիվ հոմանիշային ձևեր ունենալ նույնիսկ տարբեր լեզուներով, մինչդեռ բառարանային հոդվածը արվում է միայն մեկ կոնկրետ լեզվով, որը չի կարող թարգմանվել հոմանիշային եզրի, և ուստի (բացատրական) բառարանի հոդվածները սովորաբար չեն թարգմանվում, մինչդեռ հանրագիտարանային հոդվածները կարող են թարգմանվել։
Բառարանները և հանրագիտարանները, առնվազն որոշ մշակույթներում, պատմականորեն զարգացել են նույն ակունքներից։ Այժմ դրանք տարբերվում են իրենց կառուցվածքով, հոդվածների և յուրաքանչյուր հոդվածում պարունակվող տեղեկույթի բնույթով։ Հանրագիտարանի հոդվածների անունները միշտ գոյականներ են և հատուկ անուններ։ Սակայն այդ գոյականները չեն այն միկրոկառուցվածքային տեղեկույթի առարկան, որը պարունակվում է հոդվածներից յուրաքանչյուրի մեջ, դրանք ընդամենը խորհրդանշաններ են, ճիշտ ինչպես ճանապարհային երթևեկության նշանները, որոնք ցույց են տալիս, թե ինչի մասին է հոդվածի պարունակությունը։ Դրանք հոդվածներին կպցրած պիտակներ են, զուտ հղումների հարմարության համար։ Օրինակ՝ «այգի» վերնագրված հանրագիտական հոդվածը, կպարունակի ոչ թե այդ բառի իմաստի հետազոտությունը, կամ այդ բառի ծագումնաբանության հետազոտությունը և այլն, այլ այգեգործության պատմությունը և աշխարհագրությունը, այգեգործության կամ այգի մշակելու տարբեր եղանակների բացատրությունը և այլն։ Շատ հոդվածանունների համար միանգամայն կարող է նաև բոլորովին այլ անվանում ընտրվել և դա նշանակալիորեն չի փոխի հոդվածի բովանդակությունը։ Ահա թե ինչու հանրագիտական հոդվածը կարելի է թարգմանել, իսկ բառարանի հոդվածը թարգմանել անհնար է։ - Հենրի Բեջոյնթ (Ժամանակակից լեքսիկոլոգիա)[12]
|
Հանրագիտական հոդվածների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտական հոդվածները լինում են հոդված-ամփոփում, հոդված-տեղեկություն, հոդված-բացատրություն տեսակների։ Առաջին երկու տեսակի հոդվածները պարունակում են հարցի էության մասին հիմնական տեղեկություններ։ Հոդվածների մեջ արվում են հղումներ և տրվում ուղիներ առավել խոր և մանրամասն տեղեկություններ ստանալու համար[13]։ Ներկայիս տեսքը հանրագիտարանները ստացել են 17-րդ դարում։ Հանրագիտական հոդվածը նաև հաճախ պարունակում է քարտեզներ և պատկերազարդումներ, ինչպես նաև կենսագրություններ, վիճակագրություն, ցանկեր։
Հանրագիտարաններում ընդգրկված գիտելիքների բնագավառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտարանները կարող են լինել ընդհանուր բնույթի և պարունակել հոդվածներ ընդհանրապես ամեն ինչի մասին (օրինակ հանրահայտ անգլերեն Բրիտանիկա և գերմաներեն Բրոքհաուսի հանրագիտարանները), «Վիքիպեդիան»։ Ընդհանուր հանրագիտարանները հաճախ պարունակում են տարբեր գործողություններ կատարելու հրահանգային ուղեցույցներ, ինչպես նաև ներկառուցված բառարաններ և աշխարհագրական տեղեկատուներ[14]։ Հանրագիտարանները կարող են նաև նվիրված լինել գիտության որոշակի ոլորտների, կամ ընդգրկել թեմաների մեծ ընտրանի, որոնք սակայն լուսաբանվում են որոշակի մշակութային, էթնիկական կամ ազգային տեսակետներից, ինչպես օրինակ Հայկական սովետական հանրագիտարանը կամ Եբրայական հանրագիտարանը, կամ նվիրված լինել գիտության և իմացության որոշակի ոլորտների, ինչպես օրինակ ռուսերեն Ի. Մ. Վինոգրադովի խմբագրությամբ 1977-1985 թվականներին 5 հատորով հրատարակված «Մաթեմատիկական հանրագիտարանը», հին դարերի հայկական մատենագիր աշխատությունները, որոնք կարելի է ոլորտային հանրագիտարաններ անվանել, օրինակ՝ Ներսես Շնորհալու “Երկնքի և նրա զարդերի մասին” աշխատությունը, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցն» աշխատությունը աշխարհագրության մասին, նաև կրոնին, որոշակի տեխնոլոգիաներին, մարդկանց կենսագրություններին կամ արվեստի ձևերին նվիրված հանրագիտարաններ։
Հանրագիտական ծավալի աշխատությունների նպատակն է կուտակված կարևոր իմացություն փոխանցել իրենց թեմատիկ տիրույթի մասին, ինչպես օրինակ անում են բժշկական, փիլիսոփայական կամ իրավագիտական հանրագիտարանները։ Այդ աշխատությունները տարբերվում են ընդգրկված նյութերի ծավալով և դրանց քննարկման խորությամբ, կախված թիրախային ընթերցողներից։ (Օրինակ՝ A.D.A.M., Inc. հրատարակչության կողմից ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի համար հրատարակված Բժշկական հանրագիտարանը[15])։
Հանրագիտարանների կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն հայտնի են տպագիր հանրագիտարանների կառուցվածքի երկու մեթոդներ՝ այբբենական կառուցվածք (որը կազմված է այբբենական կարգով կազմակերպված մի շարք իրարից անջատ հոդվածներից)։ Նման կառուցվածք ունեցող հանրագիտարանները կոչվում հանրագիտական բառարաններ, օրինակ 86 հատորից բաղկացած ռուսերեն Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանը, 58 հատորից բաղկացած ռուսերեն Գրանատ հանրագիտական բառարանը[16] Կառուցվածքի մյուս տեսակը հիերարխիկ կամ աստիճանակարգային կամ տրամաբանական թեմատիկ կառուցվածքն է, որը մեր օրերում թերևս ամենատարածվածն է, հատկապես ընդհանուր բնույթի հանրագիտարաններում։ Էլեկտրոնային միջավայրի ճկունությունը նոր հնարավորություններ է ստեղծում միևնույն բովանդակության կազմակերպման բազմապիսի մեթոդների օգտագործման համար։ Դեռ ավելին, էլեկտրոնային միջավայրն առաջարկում է որոնման, ինդեքսավորման և խաչաձև հղումների նախկինում աներևակայելի հնարավորություններ։ Ժամանակակից մուլտիմեդիա կիրառումների և տեղեկատվական դարի զարգացման հետ մեկտեղ նոր էլեկտրոնային տեխնոլոգիաներն աներևակայելի մեծ հնարավորություններ են բացել ամեն տեսակի տեղեկույթի հավաքման, վավերացման, ամփոփման և ներկայացման համար։ Նման նոր տեսակի հանրագիտարանների օրինակներ են «Everything2»[17], «Encarta»[18], «h2g2»[19] և Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանները։
Հանրագիտարանների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ համակարգված հանրագիտարանները համեմատաբար նոր դարաշրջանի ծնունդ են, իսկ էլեկտրոնային հանրագիտարանների պատմությունը սկսվել է 20-րդ դարի 90-ականներից, սակայն մարդկությանը հայտնի առաջին հանրագիտարանները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Տերմինաբանական հանրագիտարաններ սկսել են կազմել դեռ Հին Եգիպտոսում, Միջին թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։ Գիտելիքների հավաքածուներ ստեղծվել են Հին Չինաստանում (մ.թ.ա 12-րդ դար-ից մինչև մ.թ.ա. 10-րդ դար)։ Հանրագիտական աշխատությունները մեծ հեղինակություն են ունեցել նաև միջնադարյան Եվրոպայում։ Արևմուտքում՝ Իսիդոր Սևիլացու հանրագիտարանը, իսկ արևելքում «Սուդա» բյուզանդական բառարանը։
Միջնադարի միջին ժամանակաշրջանում Եվրոպայի արևմուտքում հայտնի էին հանրագիտական աշխատությունների մի քանի տեսակներ, այսպես կոչված «արտացոլանք» (լատին․՝ speculum) գործեր, կոմպենդիում կամ «հավաքական» (լատին․՝ compedium) գործեր, որոնք ավելի շատ կրթական նշանակություն ունեին, «ամփոփում» (լատին․՝ summae) տեսակի գործեր, որոնք ծառայում էին որպես կրթական ձեռնարկներ սովորաբար համալսարանների առաջին կամ ցածր դասի բաժիններում, օրինակ Դոմինիկյան միաբանության վանական Վինսենթ Բովեացու աշխատությունը (12-րդ դարի կեսերին) «Bibliotheca Mundi» («Համաշխարհային գրադարան») (լատին․՝ Speculum majus)՝ գրված 80 հատորով և կազմված երեք հիմնական մասերից։ Մինչև 12-րդ դար Եվրոպայում բոլոր նմանատեսակ հրատարակությունները լինում էին լատիներեն, և հենց Միջնադարից սկսեցին հայտնվել գլոսսարիումները՝ քիչ օգտագործվող կամ նորաստեղծ բառերի ու արտահայտությունների բառարանները։
Հանրագիտական մշակույթը մեծ վերելք ունեցավ Վերածնունդի ժամանակաշրջանում 14-ից մինչև 16-րդ դարեր, այդ թվում նաև շնորհիվ Յոհան Գուտենբերգի կողմից արված գրատպագրության հայտնագործության։
Հայտնի ամենահին հանրագիտական տեղեկատուներից են «Naturalis Historia» հանրագիտարանը, որը գրվել է հին հռոմեական ժամանակներում Պլինիոս Ավագի կողմից, և 11 000 հատորից կազմված, մարդկությանը հայտնի ամենամեծ թղթե, չինական Յունգլո Դադյան հանրագիտարանը։ Մեր ժամանակակից հանրագիտարանները ծնվել են 17-րդ դարի բառարաններից։ Պատմականորեն հայտնի շատ հանրագիտարաններ ընդամենը մեկ հատորից են կազմված, բայց շատ ուրիշները, ինչպես օրինակ հանրահայտ Բրիտանիկա հանրագիտարանը զարգանալով դարձել են հսկայածավալ բազմահատոր տեղեկատուներ։ Հանրագիտարանների զարգացման ներկայիս փուլը էլեկտրոնային է, և ժամանակակից էլեկտրոնային հանրագիտարանները հաճախ ազատ ու անվճար մատչելի են բոլորի համար։
Պլինիոս Ավագի «Բնական պատմությունը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև մեր ժամանակները հասած ամենահին հանրագիտարաններից մեկը Պլինիոս Ավագի «Naturalis Historia» հանրագիտարանն է, որը գրվել է մ.թ. առաջին դարում Հին Հռոմում ապրող մի վաճառականի կողմից։ Պլինիոսի աշխատությունը կազմված էր բնական պատմությանը, արվեստին ու ճարտարապետությանը, բժշկությանը, աշխարհագրությանը, երկրաբանությանը և կյանքում նրան շրջապատող գրեթե բոլոր իրողությունների նկարագրությանը նվիրված 37 գլուխներից։ Նախաբանում Պլինիոսը գրել էր, որ ինքը հավաքել է 200 հեղինակների 2 000 տարբեր աշխատություններից քաղված 20 000 փաստեր և ավելացրել նաև սեփական փորձից կուտակած շատ այլ փաստեր։ Նրա աշխատությունը հրատարակվել է մ.թ. 80-ին, թեև ամենայն հավանականությամբ, նա այդպես էլ չի հասցրել վերջնականապես սրբագրել այն, որովհետև վախճանվել է մ.թ. 79-ին Վեզուվի հրաբուխի ժայթքումի ժամանակ։
Պլինիոսի աշխատությունը շատ ծավալուն էր և բազմակողմանի։ Նա ինքը գրում էր նման աշխատության հետ կապված խնդիրների մասին.
Թեև հայտնի են նմանատեսակ բնույթի ավելի վաղ ժամանակաշրջանի աշխատություններ, օրինակ Մարկուս Տերենտիուս Վարրոյի գրած հանրագիտարանը, այդուհանդերձ Պլինիոսի աշխատությունը միակն է, որը գոյատևել է Մութ դարերում։ Այն մեծապես ճանաչված է եղել ամբողջ Հռոմեական աշխարհում և գուցե դրա շնորհիվ Պլինիոսի հանրագիտարանի բազմաթիվ օրինակներ պահպանվել ու տարածվել են նաև արևմտյան աշխարհում։ Պլինիոսի հանրագիտարանը դարձավ 1470-ին տպագրված առաջին դասական ձեռագրերից մեկը և մինչև օրս մեծ ժողովրդականություն է վայելում որպես Հռոմեական աշխարհի և հատկապես Հռոմեական արվեստի, տեխնոլոգիաների և ճարտարագիտության մասին համապարփակ տեղեկատու։ Այն ճանաչված գրական աղբյուր է նաև այդ ժամանակների բժշկության, ապարագիտության, կենդանաբանության, կենսաբանության, երկրաբանության և շատ այլ թեմաների համար, որոնք չեն քննարկվել այլ դասական հեղինակների կողմից։ Այդ հանրագիտարանում բազմաթիվ այլ հետաքրքիր հոդվածների թվում զետեղված են առաջին գրավոր տեղեկությունները փղերի և մուաքս խխունջների մասին, որոնք գիտնականների կողմից երկար որոնված հանրահայտ թիրյան բոսորագույն կամ «արքայական բոսորագույն» ներկի աղբյուրն են եղել։
Թեև Պլինիոսի աշխատանքը քննադատության է ենթարկվել հավաստիության ու փաստերի վավերականության առումով, այդուհանդերձ նրա հոդվածներից շատերի վավերականությունը հաստատվել է վերջին ժամանակներում կատարված հետազոտությունների ապշեցուցիչ արդյունքների շնորհիվ։ Ինչպես օրինակ Հռոմեական ոսկու հանքերը Իսպանիայում, հատկապես Լաս Մեդուլաս բնակավայրում, որոնք ամենայն հավանականությամբ Պլինիոսը տեսել է աշխատանքի մեջ, այն ժամանակ, երբ այդ բնակավայրի Պրոկուռատորն էր մինչև հանրագիտարան գրելը։ Թեև նրա նկարագրած հանքարդյունաբերական մեթոդներից շատերը վաղուց հնացել են, սակայն նա նաև մեծագույն մանրամասնությամբ նկարագրում է մի շարք այնպիսի դեռ ընդունված մեթոդներ, որոնք շատ բան են ասում այն ժամանակների տեխնոլոգիական զարգացման մակարդակի մասին։ Պլինիուսը իր աշխատության առաջաբանում հստակ գրում է, որ ինքը ստուգել է իր հավաքած փաստերը՝ ընթերցելով և համեմատելով այլ հեղինակների աշխատությունները, ինչպես նաև հղումների է անում հիշատակելով շատերի անունները։ Այդ մյուս հեղինակների գրքերից շատերը չեն հասել մինչև մեր օրերը, ինչպես և Պլինիոսից մեկ դար առաջ գրված Վիտրիվիուսի աշխատության մեջ հիշատակված աղբյուրները։
Միջնադարյան հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Միջնադարի առաջին հայտնի հանրագիտարանի հեղինակ ընդունված է համարել վաղ միջնադարի մեծագույն գիտնականներից մեկին՝ Սուրբ Իսիդոր Սեվիլացուն, որի աշխատությունը կոչվում էր «Etymologiae» (մոտավորապես 630 թ.), և որտեղ նա հավաքել էր իր ժամանակներում առկա արդի և հին իմացության բավականին նշանակալի ծավալներ։ Նրա հանրագիտարանը կազմված է 448 գլուխներից, որոնք զետեղված են 20 հատորներում, և այն արժեքավոր է շնորհիվ բազմաթիվ ցիտումների և այլ հեղինակներից մեջբերված քաղվածքների, որոնք կորած կլինեին մեր ժամանակակիցների համար, եթե միայն հավաքված չլինեին Սուրբ Իսիդորի աշխատության մեջ։
Ուշ միջնադարում առավել շատ ընթերցված և հղված հանրագիտարանը Բարթողոմեոս Անգլիկուսի De proprietatibus rerum (1240) հանրագիտարանն էր[20]։ Հայտնի է ևս մեկ հանրագիտարան, Վինսենթ Բովեացու Speculum Majus (1260) աշխատություն, որը համարվում է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի ամենահավակնոտ հանրագիտարանը իր շուրջ 3 միլիոն բառերով[20]։
Արաբական և պարսկական հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերից հայտնի են վաղ մուսուլմանական ժամանակաշրջանի բազմաթիվ հանրագիտական աշխատություններ։ 960 թ․-ից սկսած Բասրայի Առաքինության եղբայրություն միաբանությունը[21] ընդգրկված է եղել Առաքինության եղբայրության հանրագիտարան աշխատության կառուցման մեջ։ Նշանակալի մուսուլմանական հանրագիտական գործերից են Աբու Բեքր ալ-Ռազիի գիտությունների հանրագիտարանը, Ալ-Քինդիի Մութազիլիտ բեղմնավոր աշխատությունը՝ կազմված 270 գրքերից և Իբն Սինայի (Ավիցենայի) բժշկական հանրագիտարանը, որը դարեր շարունակ համայն աշխարհի համար ավանդական տեղեկատու է եղել։ Պետք է հիշատակել նաև ընդհանուր պատմությանը (կամ հասարակագիտությանը) նվիրված Աշարիտի աշխատությունը, Թաբարիի Մարգարեների և արքաների պատմություն և Իբն Խալդունի Մուգադիմմահ աշխատությունները, Ալ-Թաբրիի, Ալ-Մասուդիի, Իբն Ռուստահի, Ալ-Աթիրի գործերը։ Մուսուլմանական միջնադարյան հանրագիտարանների գիտական հետազոտման և գրավոր տեղեկությունների վավերացման առաջարկները կիրառելի են մինչև օրս։ Այդ գիտնականները անգերագնահատելի ազդեցություն են ունեցել գիտական հետազոտության մեթոդների և խմբագրման մոտեցումների վրա, մասամբ շնորհիվ իսնադ[22] կոչվող իսլամական հոգևոր ավանդույթի, որը պահանջում է պահպանել գրառված հոգևոր աղբյուրների նկատմամբ հավատարմությունը։
Շատ իսլամական հանրագիտարաններ բազմաթիվ թարգմանություններ են պարունակում հունական և լատինական սկզբնաղբյուրներից՝ այդպիսով պահպանելով հին դարերի իմացության ժառանգությունը, օգնելով զարգացնել գիտական հետազոտության և բնական փիլիսոփայության մեթոդները, որոնք հետո կրկին վերածնվեցին Վերածնունդի ժամանակաշրջանում։
Չինաստանի հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակների խոշորագույն գիտական գրական գործերից մեկը եղել է 11-րդ դարի ընթացքում Սոնգ դինաստիայի (960–1279) վաղ ժամանակաշրջանում կազմված հսկայական չինական հանրագիտարանը՝ Սոնգի չորս մեծ գրքերը։ Այդ չորսից վերջին հանրագիտարանը, որը ժամանակին կոչում էին նաև Գրանցումների ատյանի գլխավոր կրիա, պարունակում էր 9.4 միլիոն չինական հիերոգլիֆներ, զետեղված 1 000 ձեռագիր հատորներում։ Չինաստանի պատմության մեջ բազմաթիվ մեծագույն գիտնականներ են եղել, ովքեր իրենց կյանքը նվիրել են հանրագիտարանների կառուցմանը և նրանցից մեկը գիտնական և պետական գործիչ Շեն Քուոն է (1031–1095), որը հայտնի է 1088-ին գրած Երազների լճակի ակնարկներ աշխատությամբ, նաև պետական գործիչ, գյուտարար և գյուղատնտես Վանգ Ժենը (մոտ 1290–1333), իր գրած Նոնգ Շու աշխատությամբ (1313), և Սոնգ Յինգքսինգ-ը (1587–1666), որին բրիտանացի պատմաբան Ջոզեֆ Նիդմանը անվանում էր "Չինաստանի Դիդրո"[23]։ Չինական Մինգ դինաստիայի կայսր Յունգլոյի օրոք ավարտվեց Յունգլո հանրագիտարանի կառուցումը, որը մարդկության պատմության մեջ ամենախոշոր հանրագիտարաններից մեկն է եղել՝ ավարտված մոտավորապես 1408-ին և կազմված ավելի քան 370 միլիոն չինական հիերոգլիֆներից, զետեղված 11 000 ձեռագիր հատորներում, որոնցից մինչև մեր օրերը հասել են միայն շուրջ 400-ը։ Հաջորդ Քինգ դինաստիայի կայսր Քիանլոգը անձամբ կազմել է 40 000 չափածո պոեմներից բաղկացած մի հավաքածու, 4 բաժիններից և 4,7 միլիոն էջերից բաղկացած իր կայսերական գրադարանի համար, այդ թվում նաև հազարավոր այլ աշխատություններ, որոնք ամբողջության մեջ կոչվում էին Սիկու Քվանշու։ Այդ գրադարանը կարելի է համարել աշխարհում գրքերի ամենամեծ հավաքածուն։
17-ից 19-րդ դարերի հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 18-րդ դարի սկիզբը Եվրոպայում եղել է ընդհանուր նպատակային բնույթի հանրագիտական տեղեկություններ պարունակող աշխատությունների տպագրության բավականին մեծ ալիք։ Սակայն Եփրեմ Չամբերսի' Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences (1728), և Դիդրոյի ու դ'Ալամբերի Encyclopédie (սկսած 1751-ից), ինչպես նաև Բրիտանիկա հանրագիտարանը «Encyclopædia Britannica» և Բրոքհաուսի հանրագիտարանը «Conversations-Lexikon», առաջինն էին, որ սկսեցին օգտագործել այն ձևաչափերը, որոնք ընդունված են այսօր, ներառյալ թեմաների բազմակողմանի ընդգրկումը, քննարկման խորությունը և հոդվածների կազմակերպման հեշտ ընկալվող ու համակարգված մեթոդը։ Արժե հիշատակել նաև, որ Չամբերսը 1728-ին, ամենայն հավանականությամբ հետևել է ավելի վաղ 1704-ին տպագրված Ջոն Հարրիսի «Lexicon Technicum» աշխատության ձևաչափին, որն ըստ իր վերնագրի և բովանդակության նույնպես եղել է ընդհանուր բնույթի բառարան՝ «A Universal English Dictionary of Arts and Sciences: Explaining not only the Terms of Art, but the Arts Themselves», նվիրված ոչ միայն արվեստին վերաբերող եզրերի բացատրությանը, այլ նաև հենց արվեստների նկարագրությանը։
Ֆրանսիական Վերածնունդի ժամանակաշրջանի հանրագիտական նախաձեռնություններին բնորոշ էր մեկ այլ մոտեցում՝ ընտրողաբար վերաբերվել հանրագիտական բովանդակությանը, այսինքն ընտրվում էին ոչ համապարփակ բազմակողմանի թեմաներ, այլ միայն նրանք, որոնք հեղինակները անհրաժեշտ էին գտնում, ընտրությունը կատարելով ըստ մի շարք չափանիշների, և արդյունքում ստացվում էին շատ տարբեր չափեր ունեցող աշխատություններ։ Օրինակ Բերոալդ դե Վերվիլը որպես իր հանրագիտական աշխատության ձևաչափ ընտրել էր հեքսամետրիկ կամ վեց հանգանի բանաստեղծական ձևը՝ վերնագրելով այն Les cognoissances nécessaires, այսինքն «անհրաժեշտ գիտելիքներ»։ Շատ հաճախ ընտրության չափանիշները բարոյական հիմք էին ունենում, ինչպես օրինակ Պյեռ դե Լա Պրիմոդեյի L'Academie Française / «Ֆրանսիական ակադեմիան» և Գիյոմ Տելանի Bref sommaire des sept vertus/ «Յոթ առաքինությունների համառոտ ամփոփագիրը»։ Այս մոտեցման մեջ էնցիկլոպեդիստները մի շարք խնդիրներ էին ունենում, ներառյալ նաև այն, թե ինչպես որոշել ինչի մասին խոսել որպես բացարձակ անհրաժեշտության և ինչն անտեսել, որպես ոչ անհրաժեշտ, կամ ինչպես համակարգել այն գիտելիքները, որոնք դիմադրում են համակարգմանը (հաճախ զուտ այն պատճառով, որ կարևոր տեղեկատվության ծավալը, որն արժե ընդգրկել իրոք շատ մեծ է լինում), և ինչպես վարվել նոր բացահայտված գիտելիքների հոսքի և նախկինում ընդունված համակարգված կառուցվածքների վրա դրանց ունեցած ազդեցության հետ[24]։
«Էնցիկլոպեդիա» եզրը առաջին անգամ օգտագործվել է 15-րդ դարի հումանիստների կողմից, ովքեր սակայն սխալ մեկնաբանելով Պլինիոս Ավագի և Քվինտիլիանի տեքստերը հունական "enkyklios և paideia" երկու բառերը կապակցել էին մեկ բառի մեջ։
Անգլիացի բժիշկ և փիլիսոփա Սըր Թոմաս Բրաունին, մասնավորապես օգտագործել է «էնցիկլոպեդիա» բառը 1646-ին իր «Pseudodoxia Epidemica» աշխատության՝ ընթերցողին ուղղված նախաբանում։ Բրաունին իր հանրագիտարանը կառուցել էր Վերածնունդի ժամանակաշրջանում ընդունված մարդկային ժամանակագրության սխեմայով, ըստ այսպես կոչված «արարման ժամանակային հերթականության», որը աստիճանակարգային սանդուղքով բարձրանում է սկսած ապարներից, բույսերից, կենդանիներից, մինչև մարդ արարածը և տիեզերական աշխարհները։ Բրաունիի հանրագիտարանը ունեցել է ոչ պակաս քան հինգ ամբողջական խմբագրումներ, ամեն անգամ խմբագրումից բացի նաև ընդլայնվելով և խորացվելով և վերջին խմբագրության հրատարակումը եղել է 1672-ին։ Pseudodoxia Epidemica հանրագիտական աշխատությունը հետագայում սեղանի գիրք դարձավ Եվրոպայի բազմաթիվ կրթված ընթերցողների համար ընդհուպ մինչև ուշ 17-րդ և վաղ 18-րդ դարերը։ Այն նաև թարգմանվել է տարբեր լեզուներով։
Հոդվածների դասակարգման այբբենական կարգը առաջին անգամ կիրառվել է Ջոն Հարրիսի կողմից 1704-ին անգլերեն Lexicon Technicum: Or, A Universal English Dictionary of Arts and Sciences: Explaining not only the Terms of Art, but the Arts Themselves աշխատության մեջ։ Այդ աշխատության բովանդակությունը, ինչպես նշված է վերնագրում, իրոք պարունակում է այբբենական կարգով դասակարգված բացատրություններ, որոնք վերաբերում են ոչ միայն արվեստների և գիտությունների մեջ օգտագործված եզրերին, այլ հենց արվեստներին և գիտություններին։ Սըր Իսահակ Նյուտոնը 1710-ին այդ աշխատության առաջին հատորի մեջ դրեց քիմիային նվիրված իր միակ տպագիր գործը։ Աշխատության մեջ հիմնական շեշտը դրվում էր գիտության և 18-րդ դարում տարածված «գիտություն» եզրի համընդհանուր ընկալման վրա, որի ներկայացումն այնքան էր ծավալվում և խորանում, որ կարող է տարածվել մեր օրերում տեխնոլոգիա կոչվող թեմաների վրա։ Հարրիսի հանրագիտարանում ընդգրկվեկ էին նաև հումանիտար գիտություններ և արվեստ, այդ թվում և բավականին մեծ թվով հոդվածներ՝ նվիրված իրավաբանությանը, առևտրային հարաբերություններին, երաժշտությանը և հերալդիկային կամ զինանշագիտությանը, թեև իր 1 200 էջ ծավալով այն կարող էր դիտարկվել ավելի շուտ որպես հանրագիտական բառարան, քան իսկական հանրագիտարան։
Եփրեմ Չամբերսը հրատարակել է Cyclopaedia աշխատությունը 1728-ին։ Բովանդակության մեջ ընդգրկված էին շատ բազմապիսի և ծավալուն բնույթի թեմաներ, դասակարգված այբբենական կարգով, որոնք շատ տարբեր ներդրողներից էին գալիս, և այդ աշխատությունը իր մեջ ուներ նաև հոդվածների միջև արվող փոխհղումների նորամուծությունը։ Չամբերսին այս երկու հատորանոց աշխատության համար ընդունված է համարել ժամանակակից հանրագիտարանի հայրը։
Չամբերսի աշխատության ֆրանսերեն թարգմանությունը ոգեշնչեց Դիդրոյին և դ՛Ալամբերին գրել Encyclopédie գործը, որը թերևս ամենահանրաճանաչ առաջին հանրագիտարաններից մեկն է մեզ ծանոթ ձևաչափով, և որը որոշակի անհերքելի ազդեցություն ունեցավ ֆրանսիական հեղափոխությունից առաջ Ֆրանսիայում կատարվող քաղաքական և մշակութային զարգացումների վրա։ Encyclopédie-ն Ժան լե Ռոնդ դ՛Ալամբերի և Դենի Դիդրոյի համատեղ խմբագրած գործն էր և հրատարակվել է 17 հատորներով՝ 1751-ից մինչև 1765 ժամանակաշրջանում, ևս 11 հատոր պատկերազարդումներ հրատարակվեցին 1762 -ից 1772, որոնց հաջորդեցին Շառլ Ժոզեֆ Պանկուկի կողմից խմբագրված ևս հինգ հատոր լրացուցիչ նյութեր և երկու հատոր ինդեքսը 1776 -ից 1780։
Դիդրոյի Encyclopédie-ն իր հերթին ոգեշնչեց Բրիտանիկա հանրագիտարանի ստեղծումը ( Encyclopædia Britannica), որի առաջին համեստ խմբագրումը հրատարակվել է Շոտլանդիայում 1768-ից մինչև 1771, բաղկացած ընդամենը երեք հապշտապ կազմված հատորներից, որոնք ընդհանուր առմամբ ունեին 2 391 էջ։ Մինչև 1797 երրորդ խմբագրումը այն ընդլայնվեց մինչև 18 հատորների և ընդգրկեց շատ ավելի բազմակողմանի թեմաներ և հոդվածներ, որոնք հանրագիտարանի մեջ ներդրվել էին իրենց բնագավառներում մեծ հեղինակություն վայելող անձանց կողմից։
Գերմաներեն Բրոքհաուսի հանրագիտարանը «Conversations-Lexikon» հրատարակվել է Լայպցիգում 1796-ից 1808 թ․՝ 6 հատորով։ 18-րդ դարի մյուս հանրագիտարանների նման նրա ծավալը շատ ավելի մեծ էր համեմատած ավելի վաղ ժամանակաշրջանի հանրագիտարանների հետ և այն իր ոճով ձգտում էր հասնել ամբողջական բազմակողմանիության։ Սակայն այն նախատեսված էր ոչ գիտական օգտագործման համար, և հետազոտական ու գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնում էր ամենահասարակ, հանրամատչելի ձևով, առանց մեծ խորության կամ մանրամասների։ Այս ֆորմատը ի հակադրություն Բրիտանիկա հանրագիտարանի մեծ ժողովրդականություն էր վայելում և լայնորեն կրկնօրինակվում էր 19-րդ դարի հանրագիտարաններում, որոնք հրատարակվում էին Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլ երկրներում։
19-րդ դարի սկզբում հանրագիտարանների հարտարակությունը ծաղկունք էր ապրում ամբողջ Եվրոպայում, Միացյալ թագավորությունում և Ամերիկայում։ Անգլիայում հրատարակվեց Rees's Cyclopaedia (1802–1819) հանրագիտարանը, որը պարունակում է ահռելի քանակության տեղեկություններ ժամանակի արդյունաբերական և գիտական հեղափոխությունների մասին։ Այդ հրատարակումների մեծ արժանիքներից մեկն էլ բարձրորակ պատկերազարդումների ներկայությունն է, որոնք արվում էին ժամանակի ճանաչված փորագրանկարիչների կողմից, ինչպես օրինակ Վիլսոն Լաուրիի կամ Ջոն Վարեյ Կրտսերի։ Բրոքհաուսի Conversations-Lexikon հանրագիտական բառարանը համարվում է ուշ 18-րդ դարի և վաղ 19-րդ դարի ամենանշանակալի հանրագիտարաններից մեկը և իր ֆորմատով ամենամոտն է մեր ժամանակակից հանրագիտարաններին։
Ֆրանսիայում 1866-ից մինչև 1890 տպագրվեց 17 հատորից բաղկացած Grand dictionnaire universel du XIXe siècle/ «19-րդ դարի մեծ համապարփակ բառարան» հանրագիտարանը։
«Encyclopædia Britannica»/Բրիտանիկա հանրագիտարանը բազում խմբագրություններով հրատարակվեց ամբողջ հարյուրամյակի ընթացքում, իսկ հանրային կրթության և Մեխանիկական ինստիտուտների տարածումը հանգեցրեց Անգլիայում այսպես կոչված «Penny Cyclopaedia»-ի հրատարակմանը, որն, ինչպես հուշում է անունը, տառացիորեն մեկ պեննի արժեր և մեծ տիրաժներով հրատարակվում էր շաբաթաթերթի նման։
20-րդ դարի սկզբում Բրիտանիկա հանրագիտարանը հասավ իր տասնմեկերորդ հրատարակությանը, և սկսեցին հայտնվել նաև այլ թանկարժեք հանրագիտարաններ, ինչպես օրինակ Harmsworth's Universal Encyclopaedia «Հարմսվորթի ունիվերսալ հանրագիտարանը» և Everyman's Encyclopaedia կամ «Բոլորի հանրագիտարանը»։ Գերմաներեն Բրոքհասուի և անգլերեն Բրիտանիկա հանրագիտարաններն իրենց հերթին ոգեշնչեցին ռուսերեն Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանի հրատարակումը (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона), որը կազմված էր 35 հատորներից (փոքր տարբերակում) և 86 հատորներից (մեծ տարբերակում)։ Ըստ էության ոճով և ծավալով այն Բրիտանիկայի կրկնությունն էր։ Պարունակում էր 121 240 հոդված, 7 800 պատկեր և 235 քարտեզ, և հրատարակվեց Կայսերական Ռուսաստանում 1890-1906 թվականներին, Լայպցիգի ու Սանկտ Պետերբուրգի հրատարակիչների համատեղ նախաձեռնության արդյունքում։ Հոդվածները գրվել էին հանրահայտ ռուս գիտնականների կողմից, որոնց թվում էին նաև Դմիտրի Մենդելեևը և Վլադիմիր Սոլովյովը։ Այս հանրագիտարանը Խորհրդային Միության փլուզումից հետո նորից հրատարակվել է Ռուսաստանում։
19-րդ դարի վերջին սեփական ազգային հանրագիտարաններ հայտնվեցին Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Դանիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, ինչպես նաև Ավստրալիայում և ԱՄՆում։
20-րդ դարի հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրամատչելի և ոչ թանկարժեք հանրագիտարաններ ինչպես օրինակ Harmsworth's Universal Encyclopaedia / «Համսվորթի ունիվերսալ հանրագիտարանը» և առաջին անգլերեն «Մանկական հանրագիտարանը» սկսեցին հրատարակվել սկսած 1920-ականներից։
Միացյալ Նահանգներում 1950-ականներին և 1960-ականներին լույս տեսան մի քանի խոշոր հանրամատչելի հանրագիտարաններ, որոնք հաճախ վաճառվում էին նույնիսկ ապառիկ։ Դրանցից ամենահանրահայտը «World Book» և «Funk and Wagnalls» հանրագիտարաններն էին։
20-րդ դարի երկրորդ կեսին նույնպես հրատարակվեցին մի շարք նշանակալի հանրագիտարաններ, որտեղ մանրամասն նկարագրվում էին որոշակի կարևոր ոլորտների գիտելիքներ, և շատ հաճախ ականավոր հետազոտողների գրած աշխատանքների միջոցով։ Նման հանրագիտարաններից էին անգլերեն The Encyclopedia of Philosophy / «Փիլիսոփայության հանրագիտարանը» (որն առաջին անգամ հրատարակվել է 1967-ին), և Elsevier's Handbooks In Economics / «Էլսվիրի տնտեսագիտական ձեռնարկը»[25]։ Գրեթե բոլոր ակադեմիական առարկաների համար ներկայումս տարբեր լեզունրով կան մեկ-երկու հատորով համառոտ նեղ մասնագիտական հանրագիտարաններ։
Արդեն 20-րդ դարի վերջում հանրագիտարանները հրատարակվում էին CD-ROM խտաշարերի վրա՝ հարմարեցված անձնական օգտագործման համակարգիչներին, ինչպես Մայքրոսոֆթի Encarta հանրագիտարանը, որի առաջին թողարկումը եղավ 1993 թվականին, և որն ինքնին յուրօրինակ շրջադարձային թողարկում էր, որովհետև չուներ տպագիր տարբերակը։ Հոդվածները նմանատեսակ հանրագիտարաններում համալրված են տեսա և լսողական հավելյալ նյութերով, ինչպես նաև բազմաթիվ բարձրորակ պատկերներով։ Տասնվեց տարի անց Մայքրոսոֆթը 2009 թվականին դադարեցրեց Էնկարտա ապրանքաշարի թողարկումը[26][27],
Ավանդական հանրագիտարանները գրվում են մասնագետների կողմից, ովքեր սովորաբար ակադեմիական գիտական աստիճան ունեցող մարդիկ են, և դրանք իրացվում են որպես մտավոր սեփականություն պարունակող բովանդակություն։
Գրեթե բոլոր հանրագիտարանները կառուցվել են մեկը մյուսի հենքի վրա, մասնավորապես 19-րդ դարը հայտնի է եղել հեղինակային իրավունքների խախտումներով, որը տարածված երևույթ էր խմբագիրների շրջանում։ Սակայն ժամանակակից հանրագիտարանները զուտ ավելի մեծ տեղեկատվական հավաքածուներ չեն՝ իրենց մեջ ներառնելով այն ամենը, ինչ եղել է նրանցից առաջ։ Ժամանակակից ավելի արդի թեմաներին տեղ տալու համար պարբերաբար հեղինակները ստիպված էին լինում հրաժարվել որոշակի արժեքավոր պատմական նյութերից, առնվազն մինչև թվային հանրագիտարանների ի հայտ գալը։ Դեռ ավելին, որևէ առանձին վերցրած սերնդի կարծիքները և աշխարհայացքները կարող են նույնսիկ փոփոխության ենթարկվել որևէ մեկ հանրագիտարանի գրելու ժամանակաընթացքում։ Այդ պատճառներով հին հանրագիտարանները պատմական տեղեկատվության օգտակար աղբյուրներ են, հատկապես գիտության և տեխնոլոգիաների մեջ տեղ գտած փոփոխությունների դիտարկման տեսակետից[28]։
Սկսած 2007 թվականից Բրիտանիկայի 1911 թվականի հրատարակությունը, որի հեղինակային իրավունքների ժամկետները լրացել են, ազատ բովանդակությամբ տպագիր անգլերեն հանրագիտարան է։ Ազատ բովանդակությամբ տպագիր հանրագիտարաններ են նաև Մեծ Սովետական հանրագիտարանը ռուսերեն և Հայկական սովետական հանրագիտարանը հայերեն։
Հայկական հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտական բառարաններ կազմելու փորձեր հայ իրականության մեջ արվել են շատ վաղ ժամանակներից։ Միջնադարից հայտնի են հանրագիտական բնույթ կրող ձեռագրային պատառիկներ և առանձին հատվածներ։
Ամբողջական այդպիսի աշխատություն է Արսեն Դպիր Կոնստանդնուպոլսեցու «Գիրք Սահմանաց յոգնադիմի աստուածաբանական, բնական, բարոյական և քաղաքական իրողութնանց գիտութիւնք» հանրագիտական բառարանը, որ լույս է տեսել 1749-ին Կոստանդնուպոլսում։ 19-20-րդ դարերի հանրագիտական հրատարակություններից են Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն Սրբոց» (12 հատոր, 1810-1815), Մատթեոս Թեոփիլյանի «Կենսագրական երեւելի արանց» երկհատոր աշխատությունը (1839), Մինաս Բժշկյանի «Համառօտ նկարագիր վարուց երևելի արանց» (1839), Նշան Ճիվանյանի «Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց» (1879), Կարապետ Աքրըյանի «Պատկերազարդ նոր Կաղանդըչեք համառօտ կենսագրությիւն երևելի արանց» (1891), Սուքիաս Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան» (2 հատոր, 1902-1907), Հայկ Տեր-Աստվածատրյանի «Բառարան հայ կենսագրությանց» (1904), Համբարձում Առաքելյանի «Հանրագիտական բառարան» (1915), Մկրտիչ Պոտուրյանի «Հայ հանրագիտակ»-ը (1938)։ Հանրագիտական բնույթի կարևոր տեղեկություններ են պարունակում հայերեն տարեգրքերը, մասնավորապես Թեոդիկի «Ամենուն Տարեցույցը»։
1932-1936 թվականներին ՀՍՍՀ-ում կատարվել է հանրագիտարան ստեղծելու փորձ։ Բայց լույս է տեսել Հայկական Խորհրդային հանրագիտարանի առաջին հատորի առաջին պրակը միայն։
Մասնագիտացված հանրագիտական բառարանի արժեք ունի Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (5 հատոր, 1946-1962), 1973-ին սկսեց հրատարակվել Գառնիկ Ստեփանյանի եռահատոր «Կենսագրական բառարանը»։ Հանրագիտական բնույթի տեղեկություններ է պարունակում նաև Հայկ Խաչատրյանի «Գրական տեղեկատուն» (1975)[29]
Հանրագիտական բնույթի տեղեկություններ է պարունակում նաև Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի 2003-ին, հրատարակված «The Catholicoi of Etchmiadzin» «Ս. Էջմիածին. ուղեգրություններ» աշխատությունը[30]։
Ազատ հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր ազատ հանրագիտարանների գաղափարը առաջին անգամ արծարծվեց 1993-ին, երբ եղավ Usenet-ում «Interpedia» ստեղծելու առաջարկը, որը պետք է լիներ համացանցային հիմքով բոլորի համար ազատ ու մատչելի առ-ցանց հանրագիտարան, որին ցանկացած ոք կարող էր բովանդակություն ավելացնելը։ Այս բնագավառի զարգացման վաղ շրջանի նախագծերից էին Everything2 և Open Site ազատ կայքերը։ 1999-ին Ռիչարդ Սթոլմանը առաջարկեց GNUPedia-ի գաղափարը՝ առ-ցանց գործող հանրագիտարան, որը GNU operating system-ի նման պետք է դառնար ընդհանուր տեղեկատվական աղբյուր։ Գաղափարը շատ նման էր «Interpedia»-ին, բայց ավելի հակված դեպի Սթոլմանի GNU մոտեցման փիլիսոփայությունը։
Սակայն միայն Նուպեդիա և ավելի ուշ Վիքիպեդիա նախագծերի իրականացման հետ համացանցում հայտնվեցին հիրավի ազատ հանրագիտական նախագծեր։
Անգլերեն Վիքիպեդիան արդեն 2004 թվականին դարձավ աշխարհի ամենախոշոր հանրագիտարանը, երբ անցավ 300 000 հոդվածի սահամանգիծը[31], իսկ ավելի ուշ, 2005 թվականին Վիքիպեդիան ուներ արդեն ավելի քան 2 միլիոն հոդված, ավելի քան 80 լեզուներով բովանդակությամբ, որը արտոնագրված է GNU Free Documentation License համակարգով։ 2010 թվականի մայիսի դրությամբ Վիքիպեդիան ունի 3 միլիոնից ավելի անգլերեն հոդվածներ, ավելի քան 15 միլիոն հոդվածներ գրված ավելի քան 250 լեզուներով և 23,5 միլիոնից ավելի մասնակից[32]։ 2003 թվականից ի վեր հայտնվել են նաև այլ ազատ հանրագիտարաններ, ինչպես Citizendium-ը[33] և Knol-ը[34]։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտարանների հիերարքիկ կամ աստիճանակարգային կառուցվածքը և անդադար զարգացող բնույթը շատ լավ են հարմարվում խտաշարի նման կուտակիչների կամ առցանց գործող համակարգչային կառուցվածքների հետ, և ուստի բոլոր հիմնական տպագիր բազմաբովանդակ հանրագիտարանները սկսել են 20-րդ դարի սկզբներից տեղափոխվել նման էլեկտրոնային միջներեսով տեղեկատվական ձևերի վրա։ Խտաշարի վրա գրանցված, սովորաբար DVD-ROM կամ CD-ROM ձևով, հանրագիտարանները մի շարք առավելություններ ունեն։ Նախ էժան է դրանց արտադրությունը, դրանք թեթև են, տեղ չեն զբաղեցնում և հեշտ են փոխադրվում։ Դրանից բացի դրանցում կարող են լինել նաև էլեկտրոնային կրիչների այնպիսի ձևեր, որոնք անհնար է ունենալ տպագիր տեսքով, ինչպես օրինակ անիմացիաները, ձայնագրությունները և տեսագրությունները։ Իմաստով կամ գաղափարապես փոխկապակցված նյութերի միջև հիպերկապեր կիրառելու հնարավորությունը նույնպես էլեկտրոնային հանրագիտարանների նշանակալի առավելություններից մեկն է, թեև դա նորամուծություն չէ, և փոխադարձ հղումների մոտեցման կիրառումը սկսվել է դեռևս Դիդրոյի հանրագիտարանից։ Առցանց գործող հանրագիտարանները նաև այն առավելությունը ունեն, որ դրանք հարաշարժ են զարգացման տեսակետից։ Անդադար կատարվում է տեղեկույթի արդիականացում, և նոր տեղեկությունները կամ տվյալները տեղադրվելուց հետո կարող են գրեթե ակնթարթորեն մատչելի դառնալ հանրագիտարանի ընթերցողներին, մինչդեռ տպագիր տարբերակում պետք կլիներ սպասել մինչև հաջորդ թղթային հրատարակումը։ Խոշոր տպագիր հանրագիտարանները ավանդաբար ամեն տարի հրատարակում են տարեկան հավելյալ հատորներ՝ խմբագրումների միջև կատարված իրադարձությունների մասին արդիական տեղեկատվությամբ։ Բայց դա միայն մասնակիորեն է լուծում միշտ արդի լինելու խնդիրը։ Դրանից բացի նման մոտեցումը այնքան էլ հարմար չէ ընթերցողների համար, որովհետև պահանջում է ստուգել հավելյալ հատորների մեջ գրանցված փոփոխությունները՝ համեմատելով դրանք հիմնական հատորների հետ։ Որոշ խտաշարային հենքով հանրագիտարաններ առաջարկում են անգամ բաժանոդրագրվել առցանց արդիականացումներին, ինչը թույլ է տալիս բովանդակությունը արդիականացնել անմիջականորեն օգտագործողի հիմնական խտաշարի վրա, իսկ դա միանգամայն անհնար է անել տպագիր հանրագիտարանների դեպքում։
Տպագիր հանրագիտարաններում զետեղված տեղեկույթը պարտադիր որոշակի աստիճանակարգային կառուցվածքի կարիք ունի։ Ավանդաբար դրանք կիրառում են նյութերն ըստ հոդվածի վերնագրի այբբենական կարգով ներկայացնելու եղանակը։ Սակայն հարաշարժ էլեկտրոնային ձևերի հայտնվելու հետ այժմ կանխապես որոշված կառուցվածքին հետևելու կարիքի անհրաժեշտությունը պակասել է։ Այդուհանդերձ էլեկտրոնային հանրագիտարանների մեծ մասը դեռ շաորունակում են առաջարկել հոդվածների ներկայացման որոշակի կառուցվածքային կազմակերպված մոտեցումներ, ինչպես օրինակ դրանց դասավորությունը ըստ թեմաների, ըստ առնչվող ոլորտների կամ այբբենական դասավորությամբ։
Խտաշարերի կամ CD-ROM-երի վրա գրված և համացանցային հիմքով հանրագիտարանները ամեն ինչից բացի նաև տալիս են շատ ավելի մեծ ու հարմար որոնման հնարավորություններ՝ համեմատած տպագիր հանրագիտարանների հետ։ Տպագիր հանրագիտարանների դեպքում սովորաբար որոնման հիմնական գործիքը ինդեքսն է։ Համակարգչային հիմքով հանրագիտարաններում որոնման գործիքները կարող են բոլոր տեքստային հոդվածներում որոնում իրականցնել որևէ հիմնական բառի կամ արտահայտության համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրագիտարանների ցանկ en:List of encyclopedias
- Առցանց հանրագիտարանների ցանկ en:List of online encyclopedias
- Բառարան
- Բացատրական բառարան
- Կենսագրական բառարան
- Հանրագիտական բառարան
- Գիտության և տեխնոլոգիաների պատմություն
- Բառագիտություն
- Թեզաուրուս
- Գլոսարիում
- Գրադարանային գիտություն
- Մատենադարան
Ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասարան․ամ ֊ դպրոցական հանրագիտարան
- Արմենիապեդիա ֊ հայկական հանրագիտարան (անգլ.)
- Իրանիկա - պարսկական հանրագիտարան (անգլ.)
- Ուկրաինական հանրագիտարան (անգլ.)
Ընդհանուր բնույթի հանրագիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Հանրագիտարան - Հանրագիտարան և բառարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հատոր 3, Հայկական ՍՍՀ Գիտություններիր ակադեմիա, Երևան, Գլխավոր խմբագիր Հ.Բ.Ջահուկյան, 1974
- ↑ Ἐγκυκλοπαιδεία, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus project
- ↑ Eγκύκλικος παιδεία, Quintilian, Institutio Oratoria, 1.10.1, at Perseus project
- ↑ Eγκύκλιος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus project
- ↑ Παιδεία, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus project
- ↑ Denis Diderot and Jean le Rond d'Alembert Encyclopédie. University of Michigan Library:Scholarly Publishing Office and DLXS. Retrieved on: November 17, 2007
- ↑ Sorcha Carey (2003). «Two Strategies of Encyclopaedism». Pliny's Catalogue of Culture: Art and Empire in the Natural History. Oxford University Press. էջ 17. ISBN 0199259135.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ http://www.worldcat.org/title/blacks-law-dictionary/oclc/44045815/editions
- ↑ http://www.macquariedictionary.com.au/anonymous@9c9612510081/-/p/dict/index.html(չաշխատող հղում)
- ↑ Modern lexicography By Henri Béjoint pg 30
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատորներ 1-2, Երևան, 1980
- ↑ http://www.nlm.nih.gov/medlineplus/encyclopedia.html
- ↑ Деятели СССР и революционного движения России. Энциклопедический словарь Гранат. М: Советская энциклопедия, 1989. ISBN 5-85270-028-2,
- ↑ http://everything2.com/index.pl?node_id=124
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/186436/Encarta
- ↑ http://www.bbc.co.uk/dna/h2g2/
- ↑ 20,0 20,1 Տես "Encyclopedia" բառը Միջին դարերի բառարանում (Dictionary of the Middle Ages).
- ↑ P.D. Wightman (1953), The Growth of Scientific Ideas
- ↑ http://dictionary.reference.com/browse/isnad
- ↑ Needham, Volume 5, Part 7, 102.
- ↑ Neil Kenny (1991). The Palace of Secrets: Beroalde de Verville and Renaissance Conceptions of Knowledge. Oxford University Press. էջեր 12–13. ISBN 0198158629.
- ↑ Economics and Finance - Elsevier
- ↑ Important Notice: MSN Encarta to be Discontinued Արխիվացված 2009-10-27 Wayback Machine (MSN Encarta).
- ↑ Archived 2009-10-31
- ↑ Kobasa, Paul A. "Encyclopedia." World Book Online Reference Center. 2008. [Place of access.] 13 Jan. 2008 <http://www.worldbookonline.com/wb/Login?ed=wb&tu=%2Fwb%2FArticle%3Fid%3Dar180800 Արխիվացված 2023-09-09 Wayback Machine>
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան 1980, հատոր 6, էջ 224
- ↑ Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյան «Ս.Էջմիածին. ուղեգրություններ», 2003, Մուղնի հրատարակչություն, Երևան, 2003
- ↑ "Wikipedia Passes 300,000 Articles making it the worlds largest encyclopedia" Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, Linux Reviews, 2004 July 7.
- ↑ http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm
- ↑ http://en.citizendium.org/wiki/Welcome_to_Citizendium
- ↑ http://googlesystem.blogspot.com/2007/12/google-knol-encyclopedia-written-by.html
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- EtymologyOnline
- Bergenholtz, H., Nielsen, S., Tarp, S., ed. (2009). Lexicography at a Crossroads: Dictionaries and Encyclopedias Today, Lexicographical Tools Tomorrow. Peter Lang. ISBN 978-3-03911-799-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - Blom, Phillip (2004). Enlightening the World: Encyclopédie, the Book that Changed the Course of History. New York; Basingstoke: Palgrave Macmillan. ISBN 9781403968951. OCLC 57669780.
- Collison, Robert Lewis (1966). Encyclopaedias: Their History Throughout the Ages (2nd ed.). New York, London: Hafner. OCLC 220101699.
- Darnton, Robert (1979). The business of enlightenment : a publishing history of the Encyclopédie, 1775–1800. Cambridge: Belknap Press. ISBN 0-674-08785-2.
- Kafker, Frank A., ed. (1981). Notable encyclopedias of the seventeenth and eighteenth centuries: nine predecessors of the Encyclopédie. Oxford: Voltaire Foundation. ISBN 9780729402569. OCLC 10645788.
- Kafker, Frank A., ed. (1994). Notable encyclopedias of the late eighteenth century: eleven successors of the Encyclopédie. Oxford: Voltaire Foundation. ISBN 9780729404679. OCLC 30787125.
- Needham, Joseph (1986). «Part 7, Military Technology; the Gunpowder Epic». Science and Civilization in China. Vol. 5 - Chemistry and Chemical Technology. Taipei: Caves Books Ltd. ISBN 9780521303583. OCLC 59245877.
- Rosenzweig, Roy (2006 թ․ հունիս). «Can History Be Open Source? Wikipedia and the Future of the Past». Journal of American History. 93 (1): 117–46. ISSN 1945-2314.
- Walsh, S. Padraig (1968). Anglo-American general encyclopedias: a historical bibliography, 1703–1967. New York: Bowker. էջ 270. OCLC 577541.
- Yeo, Richard R. (2001). Encyclopaedic visions : scientific dictionaries and enlightenment culture. Cambridge, New York: Cambridge University Press. ISBN 9780521651912. OCLC 45828872.
- Кауфман И. М., Русские энциклопедии, в. 1, М., 1960.
- Деятели СССР и революционного движения России. Энциклопедический словарь Гранат. М: Советская энциклопедия, 1989. ISBN 5-85270-028-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CNET's encyclopedia meta-search Արխիվացված 2005-02-06 Wayback Machine (այդ թվում և Վիքիպեդիան)
- Encyclopedia – Դիդրոյի հոդվածը հանրագիտարանի մասին Encyclopédie աշխատության բնօրինակից։
- What makes a scholarly encyclopedia? Արխիվացված 2007-07-01 Wayback Machine
- De expetendis et fugiendis rebus Արխիվացված 2008-06-15 Wayback Machine – Վերածնունդի դարաշրջանի առաջին հանրագիտարանը
- Science Dictionary – Առցանց բազմակողմանի գիտական հանրագիտարան
- http://everything2.com/
- http://www.britannica.com/EBchecked/topic/186436/Encarta
- http://www.bbc.co.uk/dna/h2g2/
- http://www.history.navy.mil/danfs/#Anchor-Editoria-14954 Արխիվացված 2006-01-30 Wayback Machine Ամերիկյան մարտական ծովային նավերի բառարան
- http://www.macquariedictionary.com.au/anonymous@9c9612510081/-/p/dict/index.html(չաշխատող հղում) Ավստրալիական անգլերենի Մաքվեյր բառարան
- http://www.worldcat.org/title/blacks-law-dictionary/oclc/44045815/editions Հենրի Քեմփբել Բլեք «Իրավագիտական բառարան»
- http://www.worldcat.org/title/dictionary-of-the-middle-ages/oclc/8474388 Ջոզեֆ Սթրեյեր «Միջին դարերի բառարան»
- Digital encyclopedias put the world at your fingertips – CNET հոդված
- Librarians' Internet Index Արխիվացված 2009-01-05 Wayback Machine – առցանց հանրագիտարանների ցանկ
- Encyclopedias online Վիսկոնսինի համալսարան (Stout listing by category)
- Chambers' Cyclopaedia, 1728, 1753-ի հավելումով
- Encarta Encyclopedia( Արխիվացված 2009-10-31 Wayback Machine 2009-10-31)
- Encyclopædia Americana, 1851, «Ֆրանսիս Լիբեր» հրատ. (Boston: Mussey & Co.) Միչիգանի համալսարան (Making of America site)
- Encyclopædia Britannica, հոդվածներ և պատկերազարդումներ 9րդ հրատ., 1875–89, և 10րդ հրատ.1902–03:
- Encyclopædia Britannica, 11-րդ հրատ. 1911, LoveToKnow կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրագիտարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 223)։ |