Բացատրական բառարան
Բացատրական բառարան, բառարանի տարածված տեսակ. բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային (բնագրային) կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։
Տիպիկ բացատրական բառարաններում տրվում են նաև տվյալ բառով ներկայացող բառակապակցությունները, դարձվածքները, երբեմն՝ ասույթները, ասացվածքները, թևավոր խոսքերը։ Նայած բառարանի նպատակներին՝ գլխաբառի համար, հիմնական ինֆորմացիայից բացի, երբեմն տրվում են լրացուցիչ, հարակից տեղեկություններ (օրինակ, պատմական, ծագումնաբանական, արտասանական, ուղղագրական)։ Գրական լեզվի բացատրական բառարանը սովորաբար կազմվում է նորմատիվության հիմունքներով, այն միտում ունի նպաստելու լեզվի մաքրությանը, անաղարտությանը, միօրինակությանը, խոսքի մշակույթի բարձրացմանը։ Կան բացատրական բառարաններ, որոնք չեն սահմանափակվում լեզվի որևէ փուլի, վիճակի բառերի նկարագրությամբ, կազմվում են լեզվական բոլոր տարբերակների, վիճակների բառերը ներգրավելու նպատակադրումով։ Այսպես ստեղծվում են բառագանձարաններ։
Կան բացատրական բառարաններ, որոնք ունեն մասնագիտական թեքում՝ բառերի (տերմինների) որոշակի ընտրությամբ։
Հայերեն բացատրական բառարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հայ մատենագրության մեջ բառերի բացատրությունները խոր հնություն ունեն, բայց ձևավորված բացատրական բառարանները երևան են գալիս միջին դարերում։ Առավել նշանավոր բառարաններից են՝
ա) Բառգիրք հայկազեան լեզուի, երկու հատորով (1749-1769, Վենետիկ), կազմել է Մխիթար Սեբաստացին։ Երբեմն ասում են՝ «Հին հայկազյան բառարան». ընդգրկում է հիմնականում գրաբարի բառապաշարը. հնարավորին չափ հագեցած է օրինակներով. բացատրություններն ավելի հավաստի է, քան նախորդ բառարաններում։ Բառահոդվածներում կան բառարանագրական նմուշներ։
բ) Նոր բառգիրք հայկազեան լեզուի, երկու հատորով (1836-1837, Վենետիկ, նոր հրատարակություն, Երևան, 1979-1981). կազմել են Մխիթարյան միաբանության անդամներ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավգերյանը։ Երբեմն ասում են՝ «Նոր հայկազյան բառարան»։ Բառարանը ստեղծվել է երկարատև բառաքննական աշխատանքով, այն ընդգրկում է գրաբարի գրեթե ամբողջական բառապաշարը (շուրջ 51 հազար բառ)։ Ունի բառահոդվածների բազմակողմանի մշակվածություն, բառարանագրական նմուշներով, իմաստների հստակ բացատրություններով, հագեցված է տեքստային օրինակներով, դարձվածաբանությամբ։ Որոշ բառեր բերվում են այլ լեզուների (հունարեն, լատիներեն և այլն) համապատասխան բառերի բաղդատությամբ՝ հաճախ ակնարկելով դրանց ծագումնաբանությունը։
գ) Հայերէն բացատրական բառարան (հատոր 1-4, Երևան, 1944-45). կազմել է Ստեփան Մալխասյանցը։ Ընդգրկում է հայերենում (նրա տարբեր փուլերում, նաև բարբառներում) գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ դարձվածաբանություն։ բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ Փոխառյալ բառերի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։
դ) Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան (հատոր 1-4, Երևան, 1969-1980), կազմել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հեղինակային կոլեկտիվը, բառարանն ընդգրկում է մոտ 125 հազար բառեր և դարձվածքներ։ Ներառում է նոր գրական հայերենի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների) բառամթերքը։ Նորմատիվ ակադեմիական բառարան է, համակողմանի բառաքննությամբ, գիտական կուռ ապարատով։ Բացատրությունները հագեցված են տեքստային օրինակներով։ Ունի հարուստ դարձվածաբանություն։
ե) Արդի հայերենի բացատրական բառարան (հատոր 1-2, Երևան, 1976). կազմել է Էդուարդ Աղայանը։ Բառացանկում տեղ են գտել 135 հազար բառ՝ գլխաբառ։ Ընդ որում դրանցից 15 հազարը առաջին անգամ են բառարանագրված։
զ) Հայոց Լեզուի Նոր Բառարան (հատոր 1-2, Պէյրութ, 1992) Աշխատասիրած է Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան և Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Ունի Մօտաւորապէս 56,000 բառ։ Արևմտահայերէն բացատրութիւններ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 149-150։
- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 64։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Ս. Ղազարյան, Նոր հայկազյան բառարանը, Երևան, 1972։
- Լ. Պետրոսյան, Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Երևան, 1953։
- Ա. Կ. Քոչոյան, Հայերեն դպրոցական բառարան, Երևան, 1966։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առցանց բառարան
- Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց, Երևան, 1944։ (մօտ 130,000 գլխաբառ)
- Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Երևան, 1969-1980։ (մօտ 125,000 գլխաբառ)
- Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան, Երևան, 1976։ (մօտ 135,600 գլխաբառ)
- Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան(թվայնացված), Երևան, 1976։ (շուրջ 136000 բառ և 11000 դարձվածաբանական միավոր։)
- Հայոց լեզուի նոր բառարան, Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան և Արտաշէս Տէր Խաչատուրեան, Պէյրութ, 1992։ (մօտ 56,000 բառ)
- Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան, Վենետիկ, 1836-1837։
- Բառգիրք հայերէն լեզուի, Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ (մօտ 18,000 գլխաբառ)
|