Jump to content

Հանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հակադարձ բառարանից)

Հանգարան (ասում են նաև հանգաբառարան, կամ հակադարձ՝ շրջուն բառարան), բառարանի տեսակ. բառացանկը չի հետևում այբբենական սովորական կարգին (ձախից աջ՝ ըստ սկզբնատառերի), այլ դասավորվում է հակառակ կողմից՝ ըստ վերջնատառի, հանգերի այբբենական՝ աջից ձախ գնացող կարգի։

Նախկինում այսպիսի բառարաններ մեծ մասամբ կազմում էին բանաստեղծներին օգնելու նպատակով, որպեսզի նրանք նմանահանգ բառերը հեշտ գտնեն. այժմ դրանց գործառությունը, դերը մեծացել ու ընդլայնվել է։ Դրանք հատկապես պետք են գալիս մեքենական թարգմանության բնագավառում, նաև՝ լեզվաբանական որոշակի դիտարկումներ իրացնելիս։

Այս տիպի բառագրքույկները երևան եկան 19-րդ դարում։ Կարելի է նշել, օրինակ, Խորեն Գալֆայանի «Յանգարան կամ բառգիրք յանգաց հայկազեան լեզուի» (Թեոդոսիա, 1862), որը պարունակում է շուրջ 12 հազար բառ, Պ. Խ. Թերզյանի «Յանգարան նոյնաձայն և նոյնահանգ բառերու» (Պոլիս, 1905), Խ. Աթանասյանի «Հանգարանը» (Բեյրութ, 1961), ՀԽՍՀ ԳԱ և համալսարանի հաշվողական կենտրոնի (հեղինակային կոլեկտիվ) կազմած «Հայոց լեզվի հանգաբառարանը» (Երևան, 1976)։ Վերջինս պարունակում է շուրջ 42 հազար բառ։

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 350։
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 168։