1774 թվականին մտել է Սուրբ Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտական, մշակութային գործունեություն։ Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթողական աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ։ Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով։
Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս։ Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատիներենից գրաբար է թարգմանել Հեթում պատմիչի «Պատմութիւն թաթարաց»-ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի եւ պատասխանատուութիւնք»-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»-ը (1849), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»-ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»-ը (1846) և այլն։
Գրաբարիցլատիներեն է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ. Ավետիքյան, Խ. Սյուրմելյան)։ Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846, 1865 երկրորդ տպագրութիւն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 608)։