Դարձվածաբանություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դարձվածաբանություն (անգլերեն phraseology բառի պատճենումն է, որը կազմված է հումարեն phrasis-դարձվածք և logos-ուսմունք բառերից), բառագիտության բաժիններից է։ Այն ուսումնասիրում է դարձվածքները, դարձվածքային համակարգը ժամանակակից վիճակում և պատմական զարգացման մեջ։
Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։
Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։ Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։
Դարձվածքային սերտաճում։ Այս խմբի մեջ են դասվում այն դարձվածքները, որոնց ընդհանուր իմաստը չի բխում դարձվածքի կազմի մեջ մտնող բաղադրիչ բառերի բառային իմաստներից։ Դրանք իմաստային տեսակետից անբաժանելի, անքակտ կապակցություններ են։ Նրանցում բառերը, ամբողջապես կորցնելով իրենց բառային իմաստները և տվյալ կառուցվածքում վերաիմաստավորվելով, դառնում են դարձվածքի ընդհանուր, ամբողջական իմաստի բաղադրատարր, չցուցադրելով իրենց բառային և իմաստային ինքնուրույնությունը. ինչպես, օրինակ՝ աչքից գցել-ատել, այլևս չսիրել, գլուխը յուղել-համոզելով խաբել։
Դարձվածքային միասնություն։ Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ գլուխը սապնել-խաբել, գլխին նստել-մեկի վրա իշխել։
Դարձվածքային կապակցություն։ Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել։
Դարձվածքային արտահայտություն։ Դարձվածքային արտահայտություն են համարում այն կայուն դարձվածաբանական միավորները, որոնք իմաստային տեսակետից ոչ միայն անբաժանելի են, այլև կազմված են ազատ իմաստ ունեցող բաղադրիչ բառերից. դարձվածքի ընդհանուր իմաստը կախված է և բխում է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի բառային իմաստից, դարձվածքի բառային կազմը և դարձվածքային իմաստը կայուն են։ Օրինակ՝ լինել թե չլինել, ծառերի հետևում անտառը չտեսնել, կենդանի դիակ։ Դարձվածքային արտահայտությունների թվին են դասվում.
- Գրական ծագում ունեցող թևավոր խոսքերը, հեղինակային դիպուկ արտահայտութունները, ինչպես, օրինակ՝ ավգյան ախոռ, դամոկլյան սուր, Քաջ Նազար, Դոն Քիշոտ։
- Ժողովրդական խոսակցական անեծքները, մաղթանքները, օրհնանքները, որոնք պատկերավոր բնույթ ունեն և փոխաբերական իմաստ ստանալով՝ վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ մի բարձի ծերանաք, հողեմ գլուխդ, գետինը մտնես։
- Առածա-ասացվածքային արտահայտությունները, որոնք վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, ճտերը աշնանը հաշվել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու (Հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն). Եր. համալս. հրատ., Երևան, 1989
- Ալեքսանդր Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզու։ Բառակազմություն, դարձվածաբանություն, բառարանագրություն (ուսումնական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 1990, 408 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 316)։ |