Մինաս Բժշկյանը եղել է ուսուցիչ տեղի, ապա՝ Ղարա–Սուի (կամ՝ Ղարասուբազար, այժմ՝ Բելոգորսկ) Մխիթարյան միաբանության դպրոցներում, 1814 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ծավալել թատերական գործունեություն։ Գրել է «Ճեմարան գիտելեաց» (1815), «Պատմութիուն Պոնտոսի, որ է Սեաու ծով» (1819), «Քերականութիւն ռուսերեն–հայերեն» (1828) աշխատությունները։ «Ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830) ուղեգրության մեջ ի մի է բերել պատմիչների թողած տեղեկությունները Անի քաղաքի և դեպի Լեհաստան (1062 և 1239 թվականներին) տեղի ունեցած գաղթերի մասին, օգտագործել Անիի և Շիրակի մի շարք պատմական հուշարձանների արձանագրությունները, հնագիտական, ազգագրական տեղեկություններ է հաղորդել XIX դարից Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի հայաբնակ վայրերի, հայերի կենցաղի, ազգային սովորույթների, դատավարության, եկեղեցական բարքերի, վանքերի և այլ հուշարձանների մասին։ Մինաս Բժշկյան գիտական հետաքրքրությունների շրջանակներում են եղել նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկական ձայնագրության նոր համակարգի խնդիրները։ Լինելով երաժշտագետ Հ. Լիմոնջյանի ժամանակակիցը՝ Բժշկյան տեղեկություններ է արձանագրել նրա կյանքի և գործունեության մասին, նրա խորհրդով և օգնությամբ նոթեր շարադրել հայ երաժշտության վերաբերյալ։ Ունի երաժշտագիտական անտիպ մի աշխատություն՝ «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելևէջութեանց եղանակաց և նշանազրաց խազից» (1815)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 435)։