Ֆրանսուա Ռաբլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսուա Ռաբլե
ֆր.՝ François Rabelais
Francois Rabelais - Portrait.jpg
Ծնվել է 1494[1]
Ծննդավայր Շինոն
Վախճանվել է ապրիլի 9, 1553[2]
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[3]
Գրական անուն Alcofribas Nasier[4] և Seraphin Calobarsy
Մասնագիտություն գրող, բժիշկ-գրող, վանական և վիպասան
Լեզու միջին ֆրանսերեն[1]
Ազգություն ֆրանսիացիներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Մոնպելիեի համալսարան
Գրական ուղղություններ Ազատամտականություն
Ուշագրավ աշխատանքներ Տելեմենյան աբբայականություն և Գարգանտյուա և Պանտագրյուել
Ամուսին չկա
François Rabelais Վիքիպահեստում

Ֆրանսուա Ռաբլե (ֆր.՝ François Rabelais, 1494[1], Շինոն - ապրիլի 9, 1553[2], Փարիզ, Ֆրանսիա[3]), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը, «Գարգանտյուա և Պանտագրյուել» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Վեպը որոշ հպանցիկ անդրադարձներ է պարունակում Հայաստանի պատմության մասին՝ Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։ Այսպես, Ռաբլեն նշում է Հայոց Արտաշես արքայի անունը՝ գրելով այն ինչպես արտասանվում է հայերեն[5]։

Պապը եղել է ունևոր գյուղացի և զբաղվել է խաղողագործությամբ, իսկ հայրը՝ Անտուան Ռաբլեն, զբաղվել է իրավաբանությամբ։ Ռաբլեն նախնական կրթությունը ստացել է հոգևոր դպրոցում, սկզբում Սևիլիայի աբբայությունում, հետագայում սովորել է Անժերի մոտ գտնվող Բոմետ վանքի դպրոցում։ Սովորել է լատիներեն, ուսումնասիրել է նաև հունարեն և իտալերեն լեզուները։

Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն։ 1525 թվականին հեռացել է միաբանությունից։ Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն։ 1532 թվականին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը։ 1537 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում։ Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում, եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը։ 1532 թվականին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թվականին՝ 2-րդ, 1534 թվականին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թվականին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, 1552 թվականին՝ 4-րդ մասերը։ 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է։ Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար։ 1564 թվականին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը։ Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը։ Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ, անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով։ Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ։ Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական։ Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն։ Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։

1553 թվականին մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k365263/f80.image.r
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118597450 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Record #11920939s // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  5. http://amsagir.am/?p=4303
  6. Փարսադանյան Ալբերտ (2007)։ Գիտելիքների շտեմարան 4.Խայտաբղետ աշխարհ։ Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ հրատարակչություն։ էջ 141 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]