Վերածննդի հումանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայելի «Աթենական դպրոց» կտավը, որտեղ Պյութագորասի և Արիստոտելի հետ պատկերված են նաև Լեոնարդո դա Վինչին և Դ. Բրամանտեն

Վերածննդի հումանիզմ, եվրոպական մտավորական շարժում, որը վերածննդի կարևոր բաղադրիչն է։ Առաջացել է Ֆլորենցիայում 14-րդ դարի կեսերին և իր գոյությունը շարունակել և պահպանել է մինչև 16-րդ դարավերջերը։ 15-րդ դարից սկսել է տարածվել եվրոպական այլ երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, մասամբ նաև Անգլիա։

Վերածննդի մարդասիրությունը հումանիզմի զարգացման առաջին փուլն է։ Այն շարժում էր, որտեղ հումանիզմը առաջին անգամ հանդես եկավ որպես հայացքների ամբողջական համակարգ և հասարակական մտքի լայն ընթացակարգ՝ առաջացնելով իսկական հեղաշրջում մշակույթի և ժամանակի մարդու աշխարհայացքում[1]։ Վերածննդի հումանիստների հիմնական գաղափարը մարդկության բարելավումն էր, որն արտացոլում էին անտիկ գրականության միջոցով։

Եզրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրույթի նախնական տարբերակը ծագել է լատիներենից՝ studia humanitatis: Այս տեսքով այն ի հայտ է եկել Ցիցերոնին հետևած հումանիստների կողմից։ Վերջինս ժամանակին ձգտում էր ընդգծել, որ «մարդկայնություն» և «մարդասիրություն» հասկացությունները՝ որպես հունական հնագույն մշակույթի կարևորագույն արդյունք, իր արմատները գցել է նաև հռոմեական հողին։

15-րդ դարում «մարդասիրություն» բառը համարժեք էր «Վերածնունդ» հասկացությանը։ Լատիրենեն այն նշանակում էր «մարդու բնության ամբողջականությունը և տարանջատումը»[2]։ Բացի այդ՝ այս հասկացությունը հակադրվում էր աստվածային սխոլաստիկ մեկնաբանությանը և ամբողջ միջնադարին։ Հումանիզմը՝ որպես նախնական զարգացման փուլ, իր գաղափարական մեկնաբանությունը ստացել է Պետրարկայի գրվածքներում։

Վերածննդի մարդասիրության նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը չէր, այլ առհասարակ մարդու, ինչպիսին, որ նա կար։ Մարդասիրությունը, Պետրարկայի և այլ փիլիսոփաների տեսանկյունից, նշանակում էր մարդուն տեղափոխել աշխարհի կենտրոն, ամենից առաջ՝ ուսումնասիրել մարդուն։ Այս իմաստով մարդասիրությունը հոմանիշ է անթրոպոցենտրիզմին։ Ի հակադրություն Արևմտյան Եվրոպայի կրոնական փիլիսոփայության՝ մարդասիրական փիլիսոփայությունն իր առջև խնդիրն էր դնում ուսումնասիրել մարդուն՝ իր աշխարհիկ զգացմունքներով[3].:

«Հումանիստ» բառը հայտնվել Է 15 դարի վերջին։ Ըստ էության՝ «մարդասիրություն» եզրույթը ժամանակակից իմաստով առաջին անգամ 1808 թվականին կիրառեց մանկավարժ Ֆ. Նիթհամերը։ Գ. Ֆոգտի «Դասական արվեստի վերածնունդը և մարդասիրության առաջին դարը» (1859) աշխատությունից հետո գիտության մեջ սկսվեց տվյալ հասկացության պատմական բովանդակության և հասկացության քննարկումը։

XV դարի հումանիստներն իրենք իրենց սովորաբար անվանում էին հռետորներ՝ դրանով իսկ ընդգծելով իրենց տարբերությունը համալսարանական գիտնականներից, ինչպես նաև կապը անտիկ հնագույն ավանդույթներին[4]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենք՝ հումանիստները, իրենց մասին պատմել են հետևյալ կերպ. Լեոնարդո Բրունին հետևյալ կերպ է բնորոշել studia humanitatis-ը. «ճանաչելով այն բաները, որոնք վերաբերում են կյանքին և բարքերին, և որոնք կատարելագործում և զարդարում են մարդուն»[5]։

Վ. Կատենա, Ջանջորջո Տրիսինոի դիմանկարը, 1510

Սալյուտատին կարծում էր, որ այդ խոսքում միավորվել են «առաքինությունն ու գիտնականները», ընդ որում՝ գիտնականը ենթադրում էր գիտելիքների բազմակողմանիություն, իսկ առաքինությունը ներառում էր հոգեկան հեզությունն ու բարյացակամությունը (benignitas), որը նշանակում է իրեն ճիշտ պահելու ունակություն։ Այս առաքինությունը, հումանիստների կարծիքով, անկրկնելի էր դասական կրթությունից, և այսպիսով, ոչ թե բնածին որակ էր, այլ անհատապես ձեռք բերված։ Վերածննդի դարաշրջանում իշխում էր հոգու արտազատման, հոգու մշակության գաղափարը, մարդասիրությամբ իրականացնել և բացահայտել բնության ընձեռնած բոլոր հնարավորությունները անհատի մեջ։ Գուարինո Վերոնեզեն գրել է. «Չկա ավելի պիտանի և արժանիքներ ձեռք բերելու համար հարիր բան, քան անտիկ գրողներին և գիտնականներին ջանասիրաբար ընթերցումը»։ Հումանիստները հավատում էին, որ մարդասիրությամբ բոլորը կկարողանան իրագործել անհատականության մեջ դրված լավագույն հնարավորությունները և զարգացնել լավագույն արժեքները։

Ժամանակակից գիտնականները հստակեցնում են մեկնաբանությունները. Է. Գարենը վերածննդի հումանիզմը մեկնաբանում է որպես նոր աշխարհընկալում, որը հանգեցրել է մշակույթի համապարփակ փոփոխության, և որը պատմության և փիլիսոփայության ընդհանուր մտածողության կարևոր փուլ է։ Հումանիստների շահերի կենտրոնն էր լեզվաբանությունը, բանասիրությունը և հռետորաբանությունը, իսկ փիլիսոփայության կենտրոնում բառն էր. իշխում էր գեղեցիկ և մաքուր դասական խոսքի պաշտամունքը։ Խոսքը նույնացվում էր գիտելիքի և առաքինության հետ, այն ընկալվում էր որպես ունիվերսալ և աստվածային և մարդկային բնության մարմնավորում, որպես նրա ներդաշնակ էթոս և մարդու գործնական գործունեության գործիք ընկերների, ընտանիքի և հարազատ համայնքի շրջանակներում։

Հումանիզմը թույլ տվեց մշակել նոր աշխարհայացք, որը ներթափանցված էր քննադատությամբ, աշխարհիկությամբ, հակադրվում էր միջնադարյան սխոլաստիկայի թեմաներին և մեթոդներին, բացի այդ՝ հնարավորություն է տվել առաջին անգամ հասկանալու պատմական հեռավորությունը դեպի դասականություն։

Հումանիստների կենսակերպը և գաղափարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի հումանիստները համախոհների ոչ ֆորմալ խումբ էին, որոնց տարբերում էր ներքին բովանդակությունը, այլ ոչ թե գործունեության պաշտոնական տեսակը։ Հումանիստները բոլորովին տարբեր խավերի, վիճակների ու մասնագիտությունների տեր անձինք էին։

Պլատոնյան ակադեմիա

Չնայած հումանիստներից մի քանիսը հին արտադրամասերի և կորպորացիաների անդամներ էին, բայց այն, ինչ միավորում էր նրանց, կապ չուներ դրա հետ. «Նրանց հանդիպումների վայրը եղել է ամառանոցը, վանական գրադարանը, գրապահարանը, պետական պալատը կամ պարզապես մասնավոր տունը, որտեղ հարմարավետ էր խոսել, թերթել ձեռագրեր»։ Բատկինը նշում է, որ, ըստ երևույթին, հումանիստները եվրոպական պատմության մեջ առաջին մտավորականներն էին։ Այլ հետազոտողներ համաձայնում են, որ այն անձանց կատեգորիայի հայտնվելը[6], որոնց հետագայում սկսել են անվանել հումանիստներ, ըստ էության, սկիզբ է դրել այդ դարաշրջանում աշխարհիկ մտավորականության առաջացման գործընթացին։ Մի խումբ հումանիստների միավորող հատկանիշը բացառապես հոգևոր ընդհանրությունն էր։ Վերջերիոն նշում է, որ մարդասիրությունը մասնագիտություն չէ, այլ կոչում, և հանդիմանում է այն մարդկանց, ովքեր փող ու պատվի համար են «դիմում» լեզվին, այլ ոչ թե հանուն գիտության ու առաքինության։

Հումանիստների կարևոր բաղադրիչը մարդասիրական միջավայրի պատկերացումներում եղել է «Ժամանց» (otium, ozio), որը լի էր բարձր և հաճելի դասերով՝ միշտ հակադրվելով ծառայությանը և տարբեր գործնական պարտականություններին։ Իր ժամանակը և ինքն իրեն տնօրինելու ազատությունը հումանիստ դառնալու նախապայման է։ Լորենցո Վալլան թվարկում է հինգ կարևոր պայմաններ, որոնք անհրաժեշտ են հումանիստական ուսումնական պարապմունքների համար[7].

  1. Հաղորդակցում կրթված մարդկանց հետ,
  2. Շատ գրքեր,
  3. Հարմարավետ միջավայր,
  4. Ազատ ժամանակ,
  5. Հանգիստ հոգի։

Մարդասերները քարոզում էին էպիկուրականություն, այսինքն՝ կյանքից պետք է քաղել միայն հաճույք, բայց առաջին հերթին հոգևոր, այլ ոչ թե՝ զգայական։

Ընդ որում գոյություն ուներ հայեցողական կյանքի իդեալներ, ընդ որում, վերջինս պետք է ուղղված լիներ ի շահ հասարակության։ Հումանիստ-գիտնականներն իրենց համարել են մանկավարժներ և իրենց գլխավոր խնդիրն են համարել դաստիարակել կատարյալ մարդու, որը հումանիտար կրթության շնորհիվ կարող է իդեալական քաղաքացի դառնալ։ Գիտությունները ուսումնասիրվում են մարդկանց ազատ դարձնելու համար։ Կոլուչչո Սալուտատին և Լեոնարդո Բրունին առաջ են քաշել քաղաքացիական կյանքի իդեալը, որտեղ դասական կրթությունն անբաժան էր դառնում ակտիվ քաղաքական գործունեությունից՝ ի շահ Հանրապետության։ Միապետության մեջ ապրող հյուսիսիտալական հումանիստները, կատարյալ քաղաքացու մասին պատկերացումն ավելի շատ ասոցացնում էին կատարյալ պետության իդեալի հետ։

Նոր մարդու իդեալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս միջավայրում առաջացել է անձի նոր իդեալը, որը ծնունդ է առել հումանիստական աշխարհայացքի աշխարհիկ և դասական ձգտումներից։ Մարդասիրական գրականության մեջ նա ստացել է իր զարգացումը։

Վերածննդի հումանիստական ողջ բարոյականության հիմնական սկզբունքը մարդու բարձր նշանակությունն է և նրա արժանապատվության մասին վարդապետությունն էր։ Նրանք ասում էին, որ բանականությամբ և անմահ հոգով օժտված, առաքինությամբ և ստեղծագործական անսահման հնարավորություններով մարդը ազատ է իր արարքներում և մտահղացումներում։ Մարդը բնության և տիեզերքի կենտորնն է։ Այս վարդապետությունը հիմնված էր հին փիլիսոփայության և մասամբ միջնադարյան աստվածաբանական դոկտրինի վրա, ըստ որի՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ։ Այս գաղափարի անտիկ աղբյուրներից մեկը Ցիցերոնի «Օրենքների մասին» երկխոսությունն էր։

Լեոն Բատիստա Ալբերտին գրում է.

Դավիթ (Միքելանջելո)

«Բնությունը, այսինքն՝ Աստված, մարդու մեջ երկնային և աստվածային տարր է դրել, անհամեմատ ավելի գեղեցիկ և ազնիվ, քան որևէ արարածի։ Նա տվեց նրան տաղանդ, սովորելու ունակություն, բանականություն, աստվածային հատկություններ, որոնց շնորհիվ նա կարող է ուսումնասիրել, տարբերակել և իմանալ, թե ինչից պետք է խուսափի և ինչին պետք է հետևի։ Այս մեծ ու անգին պարգևների հետ Աստված մարդու հոգու մեջ դրեց չափավորություն, զսպվածություն կրքերի և չափազանց ցանկությունների դեմ, ինչպես նաև ամոթ, համեստություն և գովասանքի արժանանալու ձգտում։ Բացի այդ՝ Աստված մարդկանց մեջ դրել է փոխադարձ ամուր կապի կարիքը, որը պահպանում է հասարակությունը, արդարադատությունը, արդարությունը, առատաձեռնությունն ու սերը։ Աստված մարդուն տվել է մեծ սիրտ՝ դիմակայելու ամեն աշխատանքի, ամեն դժբախտության, ճակատագրի յուրաքանչյուր հարվածի։ Մարդը կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները, հաղթահարել վիշտը, չվախենալ մահից։ Նա մարդուն տվել է ամրություն, ուժ, արհամարհանք չնչին մանրուքների դեմ։ Այդ իսկ պատճառով համոզված եղիր, որ մարդը ծնվում է ոչ թե անգործության մեջ տխուր գոյության, այլ մեծ ու վիթխարի գործի համար։ Դրանով նա կարող է նախ գոհացնել Աստծուն և պատվել նրան, և երկրորդ՝ ձեռք բերել իր համար ամենակատարյալ գոհացումներն ու լիակատար երջանկությունը»։

Նրանց բոլոր դատողությունները տոգորված էին մի գլխավոր գաղափարով՝ խոնարհվել մարդկային մտքի և նրա ստեղծագործական հզորության առջև։ Միտքը բնության անգին պարգևն է, որը մարդուն առանձնացնում է ամեն ինչից՝ նրան աստվածանման դարձնելով։ Հումանիստների համար իմաստությունը բարձրագույն բարիք էր, ուստի իրենց կարևորագույն խնդիրը համարում էին դասական գրականության քարոզը։ Նրանք հավատում էին, որ գիտությամբ և իմաստությամբ մարդը ձեռք կբերի իսկական երջանկություն։

Ի տարբերություն անձի միջնադարյան և ֆեոդալական իդեալի՝ նոր իդեալը՝ հումանիստականը, հստակ արտահայտված աշխարհիկ և սոցիալական կողմնորոշում է ունեցել։

Առաքինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքինությունը անձի հումանիստական իդեալի հիմնական որոշիչ կատեգորիան է համարվել։ Բայց այս հասկացությունը, որը ավանդաբար թարգմանվում է ռուսերենից որպես «առաքինություն» կամ «բարություն», ավելի լայն նշանակություն ուներ։ Այն ընդգրկում էր բարոյական նորմերի և պատկերացումների մի ամբողջ շրջանակ, բացի այդ՝ XV դարից ձեռք է բերում նոր իմաստներ։ Ի տարբերություն քրիստոնեության, որի համար առաքինությունները աստվածաբանական էին (Հույս, Հավատ, Սեր), հումանիստները ելնում էին անտիկ էթիկայի դրույթներից։

Արիստոտելը առաքինության երկու տեսակ է առանձնացնում, որի մասին խոսել էր նաև Ցիցերոնը.

  • Բարոյական (քաջություն, առատաձեռնություն, մեծահոգություն, արդարություն, բարեկամություն),
  • Մտավոր (իմաստություն, խոհեմություն գիտության և արվեստի նկատմամբ)։

Արիստոտելյան առաքինության ըմբռնումը նաև որպես կրքերի և կարիքների խելամիտ զսպվածությունն էր, ինչպես նաև մարդու ֆիզիկական և հոգևոր աշխարհի ներդաշնակությունը։ Իսկ Ցիցերոնը ձևակերպել էր այն միտքը, որ առաքինությունը մարդու բնածին հատկությունն է, և որը կատարելագործվում է իր կյանքի ընթացքում։

Դոսսո Դոսսի, «Յուպիտեր, Մերկուրի և առաքինություն»

Բոլոր հումանիստների համար առաքինությունը ունիվերսալ կատեգորիա էր, որը սահմանում էր մարդու կարևորագույն հատկությունները, բնույթն ու կենսակերպը։ Նրանք նաև կարծում էին, որ հենց միտքն է մարդուն ուղղորդում դեպի ճշմարիտ առաքինություն և իմաստություն։ Մարդու առաջին պարտականությունն է զարգացնել միտքը՝ անխոնջ գիտելիքների և օգտակար գործունեության միջոցով։

Ա. Ալֆոնսի այն հարցին, թե որն է մարդու իրական նպատակը, Մանետտին համառոտ պատասխանել է. «Գործել և մտածել»։

Իդեալական մարդը ոչ միայն իմաստուն և երջանիկ է, այլև՝ գործուն։ Ալբերտին գրում է.

«Եվ մենք այսպես ենք ընդունում. բարության միջոցով մարդը ստեղծում և ամրացնում է իր մեջ ճշմարիտ և անսահման հոգևոր հանգստությունը, ապրում է ինքն իրենով ազատ, և այնքան, որքան իրեն օգտակար է, այնքան էլ ուրիշներին, գոհ է իր մտքերից, և նրան խորթ է ամեն մտահոգություն։ Իսկական երջանկությունը հոգու հանգստությունն ու համերաշխությունն է՝ ազատ ու ինքն իրենից գոհ»։

Մարդը անվեհեր և առաքինի անհատականության մարմնավորում է։ Առաքինությամբ մարդը աշխարհի նկատմամբ կունենա իր գերազանցության հպարտ գիտակցություն, իր ֆիզիկական և հոգևոր լինելու բարձր ներդաշնակություն։

Այլ թեզեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Անդրեա

Մյուս հասկացությունները, որոնք կարևոր են հումանիստների աշխարհայացքի համար, հետևյալներն են.

  • Ազատ կամքի հարաբերակցության գաղափարը ճակատագրի հասկացության հետ։
  • Մարդկային բնությանը հատու է բարության գաղափարը։
  • Հասարակության օրգանական անհրաժեշտության, հասարակության ներդաշնակ զարգացման և անձի գոյության համար սոցիալականության ընդգծում[8]։

Հումանիստների հմտությունները, գիտելիքները և համոզմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ոչ թե նեղ, այլ ընդհանրապես մշակույթի մասնագետներ էին։ Նրանք նոր ազնվականության կրողներն էին, որոնք նույնացվում են անձնական խիզախության և գիտելիքի հետ։ Հումանիստների հիմնական գործիքը բանասիրությունն էր։ Լատիներենի և հունարենի անբասիր իմացությունը, հատկապես դասական լատիներենի հմուտ իմացությունը անհրաժեշտ պահանջ էր հումանիստի հեղինակության համար, չափազանց ցանկալի էր բանավոր լատիներենի տիրապետումը։

«Լացող Հերակլիտը և ծիծաղող Դեմոկրիտը», Դոնատո Բրամանտե

Անհրաժեշտ էր նաև հստակ ձեռագիր և անդավաճան հիշողություն։ Հումանիստները հետաքրքրվում էին հետևյալ առարկաներով՝ քերականություն, հռետորաբանություն, էթիկա, պատմություն, պոեզիա և այլն։ Հումանիստները հրաժարվում էին միջնադարյան գեղարվեստական ձևերից, որոնցից ծնվում էին նորերը՝ բանաստեղծություններ, թղթի և նամակի գրական ժանր, փիլիսոփայական տրակտատներ։

«Հումանիստների ձեռքում վերածննդի բանալին ոչ թե իտալերենն էր, այլ լատիներենը։ Սակայն հարկավոր էր երկու լեզուների կատարալ տիրապետում»[9]։

Վերածննդի դարաշրջանի բնորոշ առանձնահատկությունը մարդասիրական գիտելիքների և տաղանդների բարձրագույն սոցիալական հեղինակությունն էր, մշակույթի պաշտամունքը։ XV դարի առաջին տասնամյակներում հումանիստ գիտնականների հանդեպ հիացմունքը դարձավ հանրային կենցաղի սովորական առանձնահատկությունը։

Վերաբերմումքը դեպի անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիստները ուշադրություն են դարձրել սկզբնական աղբյուրների ուսումնասիրությանը, այլ ոչ թե ուրիշների կողմից դրանց մեկնաբանությանը։ Բացի այդ՝ նրանք խորը նողկանք էին զգում այն լատիներենի նկատմամբ, որոնցով խոսում էին եկեղեցում և համալսարաններում։

Սիմոնե Մարտինի, 14-րդ դար

Անտիկության հանդեպ հետաքրքրությունը դառնում է Վերածննդի մարդասիրության որոշիչ միտքը։ Միջինադարը հումանիստների համար ներկայացվում են մի ինչ-որ «մութ թագավորություն», որը գալիս է անտիկ մշակույթից հետո։ Հումանիստների կարծիքով՝ հենց հին մշակույթի նմանակման, անտիկ աշխարհընկալման վերածննդի մեջ է իրական փիլիսոփաների խնդիրը։ Նրանք թարգմանեցին հին հունարենից և լատիներենից ժամանակակից լեզուներով գրեթե բոլոր ստեղծագործությունները։ Այդ աշխատանքները ոչ թե պարզապես թարգմանվում էին, այլ մեկնաբանվում, ընդ որում՝ մեկնաբանությունները գրվում էին ոչ թե աստվածաբանական, այլ տեքստաբանական և բանասիրական տեսանկյունից։ Ժամանակակից լեզվով ասած՝ կատարում էին գեղարվեստական վերլուծություն։

Վաղ հումանիստների աշխարհայացքի ընդհանուր գիծը, որը բխում էր անտիկ մշակույթի գաղափարներն ու ոգին առավելագույնս վերակենդանացնելու իրենց հատուկ ձգտումից, միաժամանակ պահպանում էին քրիստոնեական դավանանքի ողջ գլխավոր բովանդակությունը։ Օրինակ՝ Պիոս II-ը՝ այդ դարաշրջանի հումանիստներից մեկը, գրել է, որ քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, քան հինավուրց բարձրագույն բարիքի մասին վարդապետության նոր ավելի ամբողջական շարադրանք։

Հումանիստների ցանկացած հիմնավորում ամրապնդվում էր անտիկ պատմության օրինակներով։ Հետևել անտիկ դարաշրջանին, չէր նշանակում «մեռյալների հարություն»։

Վերաբերմունքը դեպի քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիստները երբեք չեն հակադրվել կրոնին։ Նրանք հավատում էին, որ պետք է վերականգնել ճշմարիտ եկեղեցին և հավատը Աստծո հանդեպ, և ոչ մի հակասություն չէին գտնում քրիստոնեության և անտիկ փիլիսոփայության համադրության մեջ։

Միքելանջելո, «Ադամի արարումը»

Մարդու միտքը գովաբանելով՝ հումանիստները մարդու բանական բնույթով տեսել են Աստծո պատկերը։ Աստված մարդուն տվել է ամեն բան, որպեսզի նա կատարելագործի և բարելավի իր երկրային կյանքը։ Որպես բանական էակ՝ մարդը Արարիչ է։ Հետևաբար, մարդը պետք է բարելավի իրեն շրջապատող աշխարհը։

Հրաշալի է ամբողջ աշխարհը, որ Աստված ստեղծել է մարդու համար, բայց նրա ստեղծման գագաթնակետը միայն այն մարդն է, որի մարմինը բազմիցս գերազանցում է բոլոր մյուս մարմիններին։ Նրա ձեռքերը, այդ «կենդանի գործիքները» կարող են աշխատել։

Լուկրեցիայի ձեռագիրը, 1483 թվական

Մարդը խելամիտ, հեռատես և շատ խորաթափանց էակ է։ Նա տարբերվում է կենդանիներրից, որ եթե յուրաքանչյուր կենդանի կարող է ինչ-որ բան անել, ապա մարդը կարող է զբաղվել ցանկացած բանով։ Աստված Արարիչն է բոլոր արարածների, իսկ մարդը՝ մշակույթի, նյութական և հոգևոր թագավորության։

Միաժամանակ, հոգևորականների նկատմամբ հումանիստներն ավելի բացասական զգացմունքներ էին տածում։ Նրանցից շատերը ապրում էին իրենց մասնագիտական գործունեությունից ստացված եկամուտներով։ Հոգևորականները իրենց հերթին տանել չէին կարողանում հումանիստներին. նման անբարյացակամությունը վերաճել է կտրուկ քննադատական վերաբերմունքի գիտության ողջ համակարգի, նրա տեսական և փիլիսոփայական հիմքերի, ավտորիտարիզմի նկատմամբ։ Պակաս կարևոր չէ նաև հիշեցնել, որ մարդասիրական շարժումն սկսվել է Իտալիայում պապական բարոյաքաղաքական հեղինակության անկման ժամանակաշրջանում, որը կապված է նրա Ավինյոնի գերության իրադարձությունների հետ (1309-1375)։

Հումանիստական արվեստի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեմայով աշխատած կարևոր տեսաբանն Լեոն Բատիստա Ալբերտին էր։ Ավելի վաղ հումանիստական գեղագիտության հիմքում ընկած էր արվեստի ընդօրինակումը՝ բնությունից։ Բնությունը ամենակատարյալն էր, և պետք է արվեստը ստեղծվեր դրա հիման վրա։

Ստեղծագործական ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Պետրարկա
Եթե դուք լսեք ինչ-որ բան իմ մասին, թեև դա կասկածելի է, որ իմ աննշան և մութ անունը թափանցում է տարածության և ժամանակի մեջ, ապա այն ժամանակ, գուցե դուք ցանկանում եք իմանալ, թե ինչ մարդ եմ եղել, և ինչ է եղել ճակատագիրը իմ ստեղծագործությունների, հատկապես նրանց, որոնց մասին գոնե թույլ լսողությամբ հասել է ձեզ…[10].

Նամակը կամ թուղթը (epistols) հումանիստների ստեղծագործության ամենատարածված ժանրերից մեկն էին։ Նամակները այս դեպքում ոչ թե անձնական կյանքի, այլ դատողությունների փոխանցման միջոց էր։ Թուղթը հաճախ ուղարկվում էր ոչ միայն հասցեատիրոջը, այլև նրա ընկերներին, ովքեր իրենց հերթին, պատճենում էին։ Ըստ էության՝ դա ոչ թե նամակ էր, ինչպես այս հասկացությունը մեկնաբանում են մեր օրերում, այլ հատուկ գրական ժանրի շարադրություն։ Պետրարկայից սկսած՝ հումանիստների նամակները հրապարակվում են։ Այդ նամակների ոճին բնորոշ էր հանդիսավորությունն ու հրապարակայնությունը։ Ինչպես նշում են հետազոտողները, հնարավոր է՝ գրական ժանրի ոչ մի այլ տեսակ այդպես արտահայտիչ ցույց չի տվել կյանքի, հարաբերությունների հնարամտությունը և ոճը, որքան նամակը։

Նամակի ոճին բնորոշ էր՝

  • հանգստությունը,
  • վերամբարձ ոճը։

Վերածննդի հումանիզմի ժամանակաշրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիզմի տարածմանը հող նախապատրաստեց քաղաքների ծաղկումը, տնտեսական և սոցիալական տեղաշարժերը, նոր մարդու ծնունդը և նրա գիտակցված ինքնահաստատման և դաստիարակության անհրաժեշտությունը։

Հանս Հոլբայն Կրտսեր, «Էրազմ Ռոտերդամցու դիմանկարը»

Ընդունված է հետևյալ բաժանումը.

  • Վաղ, կամ այսպես կոչված, էթիկա-բանասիրական կամ քաղաքացիական մարդասիրություն (Իտալիա, 14-15-րդ դարեր)՝ Լորենցո Վալլա և Լեոն Բատիստա Ալբերտի։ Առաջ եկավ հռետորաբանությունը, քերականությունը, պոեզիան, պատմության և բարոյական փիլիսոփայության ուսումնասիրությունը՝ ի հակակշիռ միջնադարյան սխոլաստիկայի թեմաների և մեթոդների։
  • 15-րդ դարի վերջին Իտալիայում հումանիզմը այլ ոլորտ է տեղափոխվում՝ աստվածաբանություն, բնափիլիսոփայություն։ Դա նշանակում էր մշակույթի ավանդական ոլորտների ազատականացում, բայց միաժամանակ հանգեցրեց վաղ հումանիզմի որոշակի առանձնահատկությունների և ձեռքբերումների կորստին, ինչպես նաև միջնադարյան ժառանգության հետ ավելի բարդ փոխազդեցությունների։
  • Իտալիայի սահմաններից դուրս հումանիզմը նոր վերելք է ապրում՝ սերտ կապի մեջ մտնելով 16-րդ դարի ռեֆորմացիայի հետ՝ Էրազմ Ռոտերդամցի, Թոմաս Մոր։

Հայտնի հումանիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում առաջին հումանիստը համարում են Ֆրանչեսկո Պետրարկային, ապա՝ Ջովաննի Բոկաչչո, Լորենցո Վալլա, Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել Սանտի, Միքելանջելո։ Եվրոպական այլ երկրներից հայտնի հումանիստները՝ նկարիչներ, գրողներ, մտածողներ, մեծ ավանդ են բերում հումանիզմի զարգացման գործին՝ Միշել դը Մոնտեն, Ֆրանսուա Ռաբլե (Ֆրանսիա), Ուիլյամ Շեքսպիր, Ֆրենսիս Բեկոն (Անգլիա), Միգել դե Սերվանտես (Իսպանիա), Ուլրիխ ֆոն Հութթեն, Ալբրեխտ Դյուրեր (Գերմանիա)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баткин, Леонид Михайлович|Баткин Л. М. Итальянские гуманисты: стиль жизни и стиль мышления. М.: Наука, 1978. Изд. на ит. яз. 1990. (ռուս.)
  • Баткин Л. М. Итальянское возрождение: Проблемы и люди. М.: Изд-во РГГУ, 1995. (ռուս.)
  • Брагина Л. М. Итальянский гуманизм эпохи Возрождения. Идеалы и практика культуры. М., 2002 (ռուս.)
  • Корелин М. С. Ранний итальянский гуманизм и его историография, т.1-4, СПб, 1914. (ռուս.)
  • Кудрявцев О. Ф. Ренессансный гуманизм и «Утопия». М., 1991. (ռուս.)
  • Ревякина Н. В. Гуманистическое воспитание в Италии XIV—XV вв. Иваново, 1993. (ռուս.)
  • Ревякина Н. В. Человек в гуманизме итальянского Возрождения. Иваново, 2000. (ռուս.)
  • Шестаков В. П. «Шекспир и итальянский гуманизм». (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гуманизм (В. Ж. Келле; Л. М. Баткин) // Философский энциклопедический словарь. М., 1983
  2. Баткин Л. М. Итальянское возрождение: Проблемы и люди. 1995, с. 48
  3. В. П. Лега. Лекции по истории западной философии
  4. Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. М., 1996. Т.1. С. 70
  5. Баткин цитирует по кн. Marsel R. Marsile Ficin. Paris, 1958, p. 114
  6. Баткин. Указ. соч. — 61-2.
  7. Баткин. Указ. соч. — С.72
  8. Kurt Benesch Magie der Renaissance. — Wiesbaden: Fourier, 1985. — ISBN 3-921695-91-0
  9. Баткин. Указ. соч. — С. 105
  10. Петрарка. Письмо к потомкам
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերածննդի հումանիզմ» հոդվածին։