Jump to content

Դրմբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դրմբոն
ադրբ.՝ Heyvalı
ադրբ.՝ Drombon
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ826 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն327 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդրմբոնցի
Ժամային գոտիUTC+4
Դրմբոն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դրմբոն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Դրմբոն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 71 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տեղաբախշված է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում` Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Գյուղը տեղակայված է Մռավ լեռան դեմ դիմաց՝ Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին` Սարսանգի ջրամբարի հարևանությամբ[1]։ Գյուղի արևելյան և հյուսիսային կողմերը անտառածածկ են։ Դրանք հարուստ են պտղատու վայրի ծառատեսակներով և տարբեր տեսակի կենդանիներով։

Համայնքը լեռնային է, ունի 1261,61 հա տարածք, որից 307,19 հա գյուղատնտեսական նշանակության, 532,37 հա անտառային հողեր։ Դրմբոն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ «Շիրինանց», «Խումարեն», «Խնձորին», «Հոռեն», «Քոռ» և «Մրհավեն»։

Գյուղի հարևանությամբ գտնվող Լոկեն հող տարածքում գտնվող Ք. ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտը, 12-18-րդ դարերի գյուղատեղին, Մաչել կոչված տարածքի բնակատեղը, միջնադարյան գերեզմանոցը, մատուռները, եկեղեցիները, խաչքարերը խոսում են այն մասին, որ ներկայիս Դրմբոնում և հարակից տարածքներում դեռևս հնագույն ժամանակներից հայկական բնակավայրեր են եղել[1]։

Ներկայիս Դրմբոն գյուղն, իր մերձակա Մաչախ տեղամասով հանդերձ, բնակեցվել և անբնակ է դարձել մի քանի անգամ։ Սկզբնապես գյուղը հայերեն կոչվել է Մաչախ, իսկ հետագայում եկվոր թյուրք-թաթարներն իրենց լեզվով այն կոչել են Հեյվալու կամ Յարմ յայլաղ[2]։

«Հեյվալու»-ն բացատրվում է հետևյալ կերպ. «հեյվա» թարգմանաբար հայերեն նշանակում է սերկևիլ կամ սերկևլենի[3], «լու»-ն, ըստ երևույթին, նշանակում է տեղ, վայր։ Հետևաբար, «Հեյվալու», ըստ երևույթին, նշանակում է սերկևլուտ, այսինքն՝ տեղ, որտեղ կան մեծաքանակ սերկևիլի ծառեր։ Ամենայն հավանականությամբ Մաչախ գյուղում բավական շատ են եղել սերկևիլի ծառերը, որն էլ հաշվի առնելով՝ թյուրք-թաթարները գյուղն իրենց լեզվով անվանել են Հեյվալու։

«Յարմ յայլաղ»-ը բացատրվում է հետևյալ կերպ. «յարմ» հայերեն թարգմանաբար նշանակում է կես[4], իսկ «յայլաղ»-ը` լեռնային հով վայրերում գտնվող արոտավայր, որտեղ ամառները խաշնարածներն ապրում են իրենց անասնահոտերով[5]։

Հետևաբար, «յարմ յայլաղ»-ը բառացի թարգմանաբար կնշանակի «կես արոտավայր», ըստ երևույթին վայր, որի կեսն օգտագործվում է որպես ամառային արոտավայր։

Ադրբեջաներենին տիրապետող մասնագետներից մեկի բանավոր հավաստիացման համաձայն էլ «յարմ»-ը առաջացել է «յարմա» բառից, որը հայերեն նշանակում է «ճեղքված յայլա», «լեռնալանջ»։ Հետևաբար, «Յարմ յայլաղ» հայերեն, ամենայն հավանականությամբ, նշանակում է «ճեղքված», ասել է թե «կիսված», «կտրտված արոտավայր»։ Պետք է ասենք, որ այս վերջին մեկնաբանությունն առավել մոտ է իրականությանը, քանզի Դրմբոն գյուղն ունի խիստ կտրտված ռելիեֆ։ Եվ այս առումով «յարմ յայլաղ» արտահայտությունն ավելի ճշգրիտ է բնորոշում այժմյան Դրմբոն գյուղի տեղանքը։

Մաչախ գյուղը գոյություն է ունեցել ներկայիս Դրմբոն գյուղի արևելյան մասում, որտեղ այժմ էլ պահպանվում են որոշ հետքեր։

Գյուղը «Մաչեղ» անվամբ առաջին անգամ հիշատակվել է XIII դարի Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարի եկեղեցու շինարարության վերաբերյալ պատմող մեծ արձանագրության մեջ, որը փորագրվել է 1240թ. տաճարի հյուսիսային պատին։

Ներկայացնելով եկեղեցու կառուցման մանրամասները` իշխանաց իշխանը միաժամանակ նշել է, որ ինքը հոգացել է միաբանության պետքերը` եկեղեցուն նվիրելով Մաչեղ, Հարջանտուս, Բոլորքոչ գյուղերն իրենց շրջակայքով և ուրիշ բազմաթիվ կալվածքներ. «ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ ԱՍՏՈՒԱԾ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ...»[6][7]

Հիմք ընդունելով հիշյալ արձանագրությունը` կարող ենք վստահաբար պնդել, որ 1240 թվականի դրությամբ Մաչախ անվամբ գյուղը գոյություն է ունեցել։ Միաժամանակ կարելի է ասել, որ նշված տեղում բնակավայր գոյություն է ունեցել 1240 թվականից ավելի վաղ[8]։

Բանն այն է, որ այժմյան Դրմբոն գյուղի արևելյան մասում` նախկին Մաչախ գյուղից քիչ վերև, գտնվում է մի մատուռ, որի շուրջը կան բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկը թվագրված է 1187թ.-ով[9]:

Սա թույլ է տալիս պնդել, որ 1240թ.-ից էլ շատ առաջ այնտեղ բնակավայր է եղել: 14 երևելի անձանց վկայությունների հիման վրա 1630թ. կազմված Գանձասարի վանքի կալվածագրքում Մաչախ գյուղի վեց մասը նշված է որպես եկեղեցուն նվիրված կալվածք[10]:

Նշված ժամանակից մոտավորապես 180 տարի անց, Արցախի մետրոպոլիտ Բաղդասար սրբազանի հորդորներով և համառ ջանքերի արդյունքում, Շուշիի թյուրք Մեհտի-Ղուլի խանը 1809թ. գրած հրովարտակով իր ցեղակիցներին հրամայել է հետ վերադարձնել Գանձասարի վանքին պատկանող բոլոր կալվածքները` որպես եկեղեցու անվիճելի սեփականություն, որոնք ենթակա չէին հարկման:

Մեհտի-Ղուլիի հրովարտակում թվարկված կալվածքների շարքում նշված է. «Գիւղն Հեյվալու վախմ է վեց դանկ»[8]: Այսինքն` Հեյվալու գյուղի վեց մասը նվիրված է Գանձասարի եկեղեցուն:

Ինչպես տեսնում ենք, Մաչախ գյուղը, որ իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կողմից 1240թ. նվիրվել էր Գանձասարի եկեղեցուն, ավելի քան հինգ հարյուր տարի հետո յուրացվել էր եկվոր թյուրք քոչվոր վրանաբնակների կողմից և իրենց լեզվով անվանակոչվել էր Հեյվալու: Իրերի նախկին դրությունը վերականգնելու նպատակով էլ մետրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանը հորդորել է Մեհտի-Ղուլիին հրապարակել Հեյվալու դարձած Մաչախն ու մնացած վանքապատկան կալվածքները Գանձասարի եկեղեցուն վերադարձնելու մասին հրովարտակ: Խաչեն և Ջրաբերդ գավառների երևելի անձանց 1848թ. մայիսի 21-ին տված գրավոր վկայության համաձայն` Մաչախը կամ Դրմբոնը հանդիսացել է Գանձասարի եկեղեցու ձմեռանոց[11]:

Համաձայն Արցախի մետրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանի 1854թ. հունիսի 15-ի կտակի և 1854թ. օգոստոսի 23-ին կազմված՝ Արցախի թեմի վանքապատկան կալվածքների ցուցակի` Դրմբոն գյուղն, ի շարս բազմաթիվ կալվածքների, հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական կալվածքը: Սրբազանն իր կտակում նշել է, որ այն ավերակ գյուղ է, որը պատկանում է Հասան-Ջալալյաններին և օգտագործվում նրանց կողմից. «...Աւերակ գիւղն Մաչախ կամ Մաչախու տրմբօն, ըստ տաճկաց Հէյվալու կամ Եարըմ եայլաղ...պատկանին ի սեփականութիւն ազգին Հասան-Ջալալեանց, որք եւ ցայսօր գտեալ են ի շահեցողութեան նոյն ազգին...»[9]:

Միաժամանակ Բաղդասար մետրոպոլիտը նշել է, որ ինքը Հասան-Ջալալյանների ունեցած կալվածքների մասին 1853թ. հունվարի 21-ին հայտնել է Արցախի Կոնսիստորիային, որն էլ իր հերթին նույն թվականի ապրիլի 3-ին N 247 գրությամբ հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն: 1854թ. օգոստոսի 23-ին կազմված՝ Արցախի թեմի վանքապատկան կալվածքների վերոնշյալ ցուցակում անմարդաբնակ Դրմբոն գյուղը Գանձասարի ձմեռանոցի նշանակությամբ նշված է որպես Գանձասարի եկեղեցու կալվածք. «Զ. Անմարդաբնակ գիւղն Մաչախ կամ Մաչախու Տրմբօն (տճ. Հէյվալու կամ Եարմ-Եայլաղ), ձմերանոց Գանձասարու Հայոց. վեց տանկ»[10]:

Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ ցուցակում նշված են նաև այն կալվածքները, որոնք Բաղդասար սրբազանը համարել է Հասան-Ջալալյանների տոհմական սեփականությունը: Այդ կալվածքների ցանկում հիշատակված է նաև Մաչախի Դրմբոնը[12]:

Արցախի Կոնսիստորիայի կողմից 1856թ. դեկտեմբերի 24-ին կազմված՝ Արցախի վանքապատկան կալվածքների ցուցակում Մաչախը, որպես Հեյվալու անվամբ գյուղ, նշված է որպես Գանձասարի եկեղեցու կալվածք. «10. Կալուածն Մաչախ, որ և Հէյվալու գեղջ»[13]:

Համաձայն Արցախի վանքապատկան կալվածքների կառավարիչ Նիկոլայ բեկ Փիրումյանցի՝ 1879թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմած վանքապատկան կալվածքների ցուցակի[14]՝ Վանք գյուղի բնակիչներն իրենց անասունները ձմռանը պահում են գյուղի կալվածքների մեջ մտնող Դրմբոն տեղամասում[15], ինչի համար հարկ են վճարում Հասան-Ջալալյաններին. «...Տրմբօն տեղը պահում են ձմեռն Գանձասար գիւղի բնակիչքը իրանց ապրանքը: Այդ ամէն գիւղօրայքն ուրիշների ասելով առաջ տալիս էին սապալախ և միւս արդիւնք հոգևոր կառավարութեան, բայց հիմի վճարում են վերոյիշեալ արդիւնքը...Հասան-Ջալալովներին»[16]:

Ն. Փիրումյանցի հայտնած տեղեկությունից պարզ է դառնում, որ Դրմբոն տեղամասը հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական կալվածքը, քանզի Վանք գյուղի բնակիչներն իրենց անասունները ձմռանը Դրմբոն տեղամասում պահելու համար հարկ էին վճարում Հասան-Ջալալյաններին:

Կարծում ենք, որ եթե հիշյալ ցուցակի կազմման ժամանակ Դրմբոնը, որպես գյուղ, գոյություն ունեցած լիներ, ապա Ն. Փիրումյանցն այն կանվաներ ոչ թե ՙտեղ՚, անասնապահական վայր նշանակությամբ, այլ` գյուղ, ինչպես իր կազմած ցուցակում անվանել է բազմաթիվ այլ բնակավայրեր:

Դրմբոնը, որպես գյուղ, հիշատակված չէ նաև անդրկովկասյան երկրամասի բնակչության մասին 1886 թվականի ծխամատյաններից քաղված վիճակագրական տվյալների ժողովածուի մեջ[17]:

Այժմ պարզենք, թե ի±նչ հանգամանքներում են Ջալալ բեկ VII Հասան-Ջալալյանի տասնմեկ որդիներից չորսը տեղափոխվել Վանքից և հիմնադրել Դրմբոն գյուղը:

Հնում, ինչպեսև այսօր, Հայաստանում, հատկապես` Արցախում, սովորության համաձայն, երբ բազմանդամ ընտանիքի զավակներից մեկը, մասնավորապես ավագը, ամուսնանում էր և առանձնանում հայրական օջախից, ծնողները նրան ապահովում էին ապրուստի նվազագույն պայմաններով, այսինքն` տալիս էին անշարժ և շարժական գույք, որը մեր օրերում կոչվում է օժիտ: Եթե ամուսնացողն արական սեռի ներկայացուցիչ էր, ապա ծնողներն անպայման պետք է լուծեին որդու և նրա նորաստեղծ ընտանիքի կացարանի հարցը: Այս պարտականությունը յուրաքանչյուր ծնող կատարում էր յուրովի՝ նայած իր նյութական հնարավորություններին: Եթե քիչ թե շատ ապահովված գեղջուկներն իրենց որդիներին կարող էին տալ նվազագույնը գետնափոր տներ, առավելագույնը` խրճիթներ, ապա իշխանական ծագում ունեցողները տալիս էին հողատարածքներ, հանքեր, բերդեր, գյուղեր և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ համաձայն Բաղդասար սրբազանի և Արցախի վանքապատկան կալվածքների կառավարիչ Նիկոլայ բեկ Փիրումյանցի վկայությունների, Դրմբոն գյուղը հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական կալվածքը, կարելի է ենթադրել, որ Ջալալ բեկ VII-ի ավագ որդին` Սիրական բեկը, գյուղի տարածքը, որպես կալվածք, նվեր էր ստացել հորից՝ իր ու իր եղբայրների ընտանիքներով, իրենց ճորտերով ու ծառաներով այնտեղ բնակվելու համար:

Ջալալ բեկն ունեցել է տասնմեկ որդի, որոնց մի մասը նույնպես, ըստ երևույթին, ընտանիք էր կազմել, իսկ մյուսները դեռ պիտի ամուսնանային: Բնական է, որ տասնմեկ որդիներն իրենց ընտանիքներով չէին կարող համատեղ ապրել, ոչ միայն այն պատճառով, որ դա կապված էր սոցիալ-կենցաղային ամենատարբեր բնույթի խնդիրների հետ, այլ նաև, և առաջին հերթին, այն պատճառով, որ դա չէր կարող պատիվ բերել իշխանական ծագում ունեցող Ջալալ բեկին, այն իմաստով, որ հասարակության մեջ կարող էր ստեղծվել այնպիսի ընկալում, ըստ որի՝ նա չէր կարողացել լուծել որդիների և նրանց նորաստեղծ ընտանիքների ապրուստի հարցերը:

Եվ ահա Ջալալ բեկը գտել է հարցի լուծման արդյունավետ տարբերակը` իր չորս որդիներին` ավագ որդու` Սիրական բեկի գլխավորությամբ, նվիրելով Հասան-Ջալալյանների կալվածքներից մեկը՝ այժմյան Դրմբոն գյուղի տարածքը` իրենց ընտանիքներով, ճորտերով, ծառաներով այնտեղ հաստատվելու և ապրելու համար: 

Իսկ ե՞րբ են բեկերը հիմնադրել Դրմբոն գյուղը: Սա մի հարց է, որը ստույգ պատասխան դեռևս չունի, քանզի մինչ օրս չեն հայտնաբերվել գյուղի հիմնադրման ճշգրիտ ժամանակի մասին վկայող ո՛չ վիմագիր, ո՛չ ձեռագիր, ո՛չ էլ որևէ այլ բնույթի ապացույցներ: Այնուամենայնիվ, օգտագործելով հրապարակի վրա եղած և հասանելի աղբյուրներն ու տեղեկությունները, փորձենք պարզել գյուղի հիմնադրման մոտավոր թվականը:

Վաստակաշատ հետազոտող Րաֆֆին, ում 1881թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Սյունիքի և Արցախի տարածքներով կատարած ճանապարհորդության[18] հիման վրա 1896թ. հրապարակվել է «Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում» ուղեգրությունը, խոսելով Դրմբոն գյուղին հարակից Մեհմանա գյուղի մասին, ոչինչ չի հայտնում Դրմբոնի մասին[19]:

Ուղեգրությունն ավարտվում է 8-րդ` «Ը», գլխի անոտացիայով՝ բովանդակության հակիրճ շարադրանքով, առանց դրան հաջորդող տեքստի:

Ուշադրություն դարձնելով անոտացիային, որոնց մասին Րաֆֆին պետք է խոսեր դրան հաջորդող տեքստում, մասնավորապես` «...:- Գանձասարի վանքը և վանքի գյուղը: - Հասան-Ջալալյաններ:-...», կարելի է ենթադրել, որ նա, ըստ երևույթին խոսել է նաև Դրմբոնի Հասան-Ջալալյանների մասին: Մեր ենթադրության օգտին կարող է վկայել այն, որ Դրմբոն գյուղում, ծերունիների հետ ունեցած մեր զրույցների ժամանակ, նրանցից ոմանք հայտնել են, թե իրենք իրենց պապերից լսել են, որ Րաֆֆին եկել է Դրմբոն, հանդիպել գյուղի հիմնադիր-տանուտեր Սիրական բեկ Հասան-Ջալալյանին և զրույց ունեցել նրա հետ:

Ցավոք, Րաֆֆու ուղեգրության 8-րդ գլխի տեքստը մեզ չի հասել: Հետազոտողի մահից հետո, երբ նրա ստեղծագործությունների հրատարակության իրավունքն անցել է նրա կնոջը` Աննա Րաֆֆուն, վերջինս, հեղինակի ձեռագրերի մեջ հայտնաբերելով «Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում» ուղեգրության ձեռագիրը, հրատարակության համար հանձնում է «Լումա» հանդեսի խմբագրությանը[20]:

Համաձայն խմբագրության տված հավաստիացման` ուղեգրությունը վերջանում է յոթ գլխով, իսկ ութերորդի միայն բովանդակությունն է եղել գրած[21]:

Հայագիտության մեկ այլ երախտավոր` Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով 1888-1891թթ. Արցախում կատարած ճանապարհորդության[22] արդյունքում 1895թ. Բաքվում հրատարակել է իր «Արցախ» աշխատությունը, նույնպես խոսելով ներկայիս Դրմբոն գյուղին հարևան Մեհմանա, Կճողոտ գյուղերի մասին, ոչինչ չի հայտնում Դրմբոնի վերաբերյալ[23]:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Րաֆֆու և Մակար Բարխուդարյանցի նման մեծահամբավ հետազոտողները, չնայած որ եղել են Դրմբոնին մերձակա բնակավայրերում, այնուամենայնիվ, իրենց վերը նշված աշխատություններում Դրմբոն գյուղի գոյության մասին որևէ տեղեկություն չեն հայտնում:

Հաշվի առնելով Արցախի վանքապատկան կալվածքների կառավարիչ Նիկոլայ բեկ Փիրումյանցի՝ 1879թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմած՝ Արցախի վանքապատկան կալվածքների ցուցակում Դրմբոնի վերաբերյալ նշված վերոհիշյալ տեղեկությունը, ինչպես նաև վաստակաշատ հետազոտողների 1881-1891թթ. ընթացքում կատարած ճանապարհորդությունների արդյունքում տված վկայությունները` կարելի է ասել, որ 1891թ. դրությամբ Դրմբոն անունով գյուղ գոյություն չի ունեցել:

Դրմբոն գյուղի հիմնադրման մոտավոր ժամանակը որոշելու հարցում, որպես կողմնորոշիչ, մեզ կարող է օգնել այն տեղեկությունը, որից պարզ կլինի, թե ե՞րբ է հիմնադրվել գյուղի գերեզմանատունը, այլ կերպ ասած՝ ե՞րբ է առաջին մարդը թաղվել գյուղում:

Փ. Հակոբյանն իր «Դրմբոն գյուղի պատմությունը» գրքում մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ հայտնում է հետևյալը. «...մինչև 1865 թվականը Դրմբոն գյուղը գերեզմանոց չի ունեցել, ծերերի պատմածների տվյալներով՝ առաջին մարդը, որ թաղվել է Դրմբոնում, եղել է Ռուշանանց Վանեսը (Հովհաննես Առուշանյանը – Ս. Հ.-Ջ.): Դա եղել է մոտ 1865, թե 66 թվականների ձմռանը... Նախորդ բոլոր հանգուցյալները Դրմբոնից տեղափոխվել և թաղվել էին Վանքի հանգստարանում»[24]:

Դրմբոն գյուղի գերեզմանատանը կատարած մեր ուսումնասիրության ժամանակ պարզել ենք, որ գերեզմանատանը պահպանված ամենահին տապանաքարը կրում է 1872 թվականը: Նշյալ տապանաքարի տակ գտնվում է գյուղի գերեզմանատանն ամփոփված առաջին հանգուցյալներից մեկի՝ Ավագում Ավանեսի Առստամյանի դին[25]:

Հաշվի առնելով վերոնշյալ ողջ տեղեկությունը` կարելի է զգուշավոր ենթադրություններ անել առ այն, որ`

  1. Վանքից Դրմբոն տեղափոխվելու պրոցեսը միանգամից տեղի չի ունեցել, այլ տևել է որոշակի ժամանակահատված:

2. Քանի որ և՛ Խաչեն ու Ջրաբերդ գավառների երևելի անձինք, ովքեր 1848թ. մայիսի 21-ին տված գրավոր վկայության համաձայն, հայտնել են, որ Մաչախը կամ Դրմբոնը հանդիսանում է Գանձասարի եկեղեցու ձմեռանոց, և՛ Բաղդասար սրբազանն, ով, իր 1854թ. հունիսի 15-ի կտակում խոսելով Դրմբոնի մասին, հիշատակել է այն որպես ավերակ, այսինքն` անբնակ գյուղ, որն օգտագործվում է որպես անասնապահական վայր, կարծում ենք, որ, ըստ երևույթին, 1840-ական թվականների սկզբներին Վանք գյուղի ռամիկներից բաղկացած մի խումբ, Հասան-Ջալալյանների որոշմամբ և նրանց անմիջական ղեկավարությամբ, սկզբում առանց իրենց ընտանիքների, հիմնականում ձմռանը, իսկ ավելի ուշ նաև տարվա մյուս եղանակներին, Հասան-Ջալալյաններին պատկանող ներկայիս Դրմբոն գյուղի և նրան հարակից տարածքներում զբաղվել են անասնապահությամբ` տևական ժամանակ կապված մնալով հայրենի Վանք գյուղին[26]:

Ահավասիկ, մեր ենթադրության օգտին կարող է վկայել 85-ամյա դրմբոնցի Բեգլար Հակոբյանի հայտնած տեղեկությունը: Նա պատմել է, որ «...իր պապը հացը Վանքից էր բերում Դրմբոն` անասնապահ յուրայինների համար»[27]: Սա, անտարակույս, խոսում է այն մասին, որ ոչ վաղ անցյալում Վանքից Դրմբոն տեղափոխվածները դեռևս վարուցանքով չէին զբաղվում և անվերադարձ չէին կտրվել Վանք գյուղում գտնվող իրենց տնտեսություններից:

Մոտ 90-ամյա մեկ այլ դրմբոնցի էլ` Ավանես (Հովհաննես) Ղալայանը, հայտնել է, որ «...ինքը լսել է իր նախորդներից այն մասին, որ Դրմբոն տեղափոխված մարդիկ 50-60 տարի հետո են սկսել Դրմբոնում վար ու ցանքով զբաղվել...»[28]:

Ըստ այդմ, ստացվում է, որ Դրմբոնում վերաբնակված վանքեցիները իրենց նոր բնակավայրում` Դրմբոնում, հողագործությամբ սկսել են զբաղվել մոտավորապես 1890-1900թթ. = 1840թ. + (50-60 տարի)[29]

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է նշել հետևյալը. 1840-ական թվականների սկզբին Վանք գյուղի մի խումբ բնակիչներ, Հասան-Ջալալյանների թույլտվությամբ, սկզբում ձմռանը, ապա նաև տարվա մյուս եղանակներին, իրենց անասունները պահել են ներկայիս Դրմբոնի և նրան մերձակա տարածքներում, ինչի համար հարկ են վճարել Հասան-Ջալալյաններին: Տեսնելով, որ ժամանակի ընթացքում մեծանում է Դրմբոնում իրենց անասունները պահել և մշտական բնակություն հաստատել ցանկացողª Վանք գյուղի ռամիկների թիվը` Հասան-Ջալալյան տոհմի չորս եղբայրներ, իրենց հետ վերցնելով նշված գյուղացիների ընտանիքներին, որոնք կազմում էին մի քանի առանձին տոհմեր, մոտավորապես 1890-ական թվականների սկզբներին վերջնականապես Վանքից տեղափոխվում են Դրմբոն:

Հիմնվելով վերոնշյալի վրա` հնարավոր է լինում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ ո՛չ Րաֆֆին, ո՛չ էլ Մակար Բարխուտարյանցը իրենց աշխատություններում չեն հիշատակել Դրմբոն գյուղի անունը:

Բանն այն է, որ երբ սկզբում անասնապահների փոքրաթիվ խումբը Վանքից եկել է Դրմբոն, նրանք այնտեղ սկզբնական շրջանում ապրել են, ամենայն հավանականությամբ, գետնափոր տներում, հյուղակներում, ինչը, բնականաբար, չէր կարող գյուղ անվանվել, այդ պատճառով էլ, օրինակ, Մակար Բարխուտարյանցը, ում գրած աշխատությունն ամբողջական տեսքով հասել է մեզ, չի խոսել Դրմբոն անվամբ գյուղի մասին:

Այսպիսով, եթե փորձենք որոշել Դրմբոն գյուղի տարիքը, ապա, 1840-ական թվականների սկիզբը հիմք ընդունելով որպես անասնապահների՝ Վանքից առաջին անգամ Դրմբոնի տարածք գալու թվական, կարող ենք ասել, որ Դրմբոն գյուղն ունի ավելի քան 170 տարվա պատմություն[30]:

Գյուղի բնակչությունը 1917-20 թվականներին. մասնակցել է արցախահայության ազատագրական պայքարին։

1920 թվականին մայիսին խորհրդային կարգեր են հաստատվում Դրմբոնում։ 1931 թվականին Դրբոնում ստեղծվում է կոլտնտեսություն։ Մինչև կոլտնտեսային կարգերի վերացումը տնտեսությունը ղեկավարել են Սիրակ Վարդանյանը, Ասծատուր Առաքելյանը, Վոլոդա Հարությունյանը, Թադևոս Սահակյանը, Շմավոն Դավթյանը, Կոլյա Հակոբյանը, Անդրանիկ Լազարյանը, Պայծառ Հարությունյանը, Սաշա Հակոբյանը, Սուրեն Հակոբյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Գավրուշա Հաթամյանը, Արմավիր Լալայանը, Միշա Հակոբյանը, Սուրեն Շաբոյանը, Վահան Ստեփանյանը, Հենզել Հայրապետյանը, Ջոն Ասլանյանը։

Դրմբոնը Արցախյան ազատամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրմբոնում կազմավորվել է աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։

Դրմբոնի ազատագրումից հետո (1993, փետրվարի 12) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչությունը[31]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 447 (1989 թ.), 327 (2003 թ.)։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 583 մարդ, կար 182 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[32].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 665 661 646

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից Դրմբոնում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիման վրա։

Բնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են պղնձի (շահագործվում է) և բնական պիգմենտների հանքային պաշարներներ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (XII-XIX դդ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), մատուռ (XII-XIII դդ.), բնակտեղի «Մաչեղ» (XIIIդ.), խաչքար (XI-XIIIդդ.), ջրաղաց (XIXդ.), հաշվառված է 16 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 72 աշակերտներ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 282–284.
  2. Հասան-Ջալալյան, Ստեփան (2017). Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները. Երևան. էջ 542.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Բաղրամյան, Ռուբեն (1987). Ադրբեջաներեն-հայերեն բառարան. Երևան. էջ 692.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Նույնը. էջ 346. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. IV. Երևան. 1980. էջ 1.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ. Երևան. 1982. էջ 38.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Եպիսկոպոս Բարխուտարեանց, Մակար (1999). Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ. Երևան. էջ 250.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 Հասան-Ջալալյան, Ստեփան (2017). Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները. Երևան. էջ 543.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. 9,0 9,1 Հակոբյան, Փաշա, (1999). Դրմբոն գյուղի պատմությունը. Ստեփանակերտ. էջ 16.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. 10,0 10,1 Լէօ (1914). Պատմութիւն Ղարաբաղի Հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913. Թիֆլիզ. էջեր 145–147.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. 11,0 11,1 Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 154.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, էջ 149:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան, գիրք Թ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը 1813-1933թթ., էջ 254:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, էջ 657:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  15. Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, էջ 671-672:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Լէօ, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, էջ 672:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. Свод статистических данных о населения Закавказского края, извлеченных из посемейных списков 1886г., Тифлис, 1893г., Елизаветпольская губерния. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. IX, Երևան, 1987, էջ 687:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. IX, Երևան, 1987, էջ 284-285:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. IX, Երևան, 1987թ., էջ 688:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. IX, Երևան, 1987, էջ 690:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999, էջ 10, տողատակի 1-ին ծանոթագրություն:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  23. Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999, էջ 258-259, 272:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը, Ստեփանակերտ, 1999, էջ 7:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  25. Ստեփան Հասան-Ջալալյան, Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները, Երևան, 2017, էջ 548:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. Ստեփան Հասան-Ջալալյան, Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները, Երևան, 2017, էջ 548:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը, Ստեփանակերտ, 1999, էջ 7:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  28. Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը, Ստեփանակերտ, 1999, էջ 7:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  29. Ստեփան Հասան-Ջալալյան, Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները, Երևան, 2017, էջ 548-549:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. Ստեփան Հասան-Ջալալյան, Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները, Երևան, 2017, էջ 549:. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  31. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 181-182։
  32. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.