Կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996 թ.-ի մայիսի 30-ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը)։ Արագածոտնի թեմը ընդգրկում է ՀՀ Արագածոտնի մարզը (պատմական Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը)։ Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոսական աթոռների։ Արագածոտնի թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցը, Աշտարակի Ս. Մարիանեն, Ս. Սարգիսը, Ապարանի Ս. Խաչը, Թալինի Ս. Աստվածածինը, Կարբիի Ս. Աստվածածինը, Կոշի Ս. Գևորգը, Մաստարայի Ս. Հովհաննեսը, Մուղնու Ս. Գևորգ վանքն ու Սաղմոսավանքը։ Օշականում Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը։ Թեմը հրատարակել է «Շողակն» (1998–2000), 2000 թ.-ից՝ «Արագածոտն» պարբերականները։ 1998 թ.-ից Մուղնու առողջարանական կենտրոնում գործում է Արագածոտնի թեմի կիրակնօրյա դպրոցը։ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն էր Վազգեն վրդ. Միրզախանյանը (1999 թ.-ից)։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը։
Ծանոթություն. շեղատառով նշված կաթողիկոսությունները, թեմերը և հոգևոր հովվությունները, որոնց դիմաց դրված է նաև «†» նշանը, չգործող կրոնական կազմակերպություններ են։