ԱՄՆ-ի հայոց արևմտյան թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Լեոն տաճար, Բըրբանք

Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (ԱՄՆ-ի հայոց արևելյան և Կանադայի հայոց թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Մյուս մասը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմը[2]։

Առաջնորդանիստը՝ Բըրբանքի սուրբ Լեոն տաճար։ Թեմի առաջնորդն է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (2003 թվականից)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

սուրբ Երրորդություն եկեղեցի, Ֆրեզնո

Կազմավորվել է 1927 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմի գործունեությունը տարածվում է երկրի արևմտյան նահանգների վրա (Վաշինգտոն, Մոնտանա, Օրեգոն, Այդահո, Վայոմինգ, Կալիֆոռնիա, Նևադա, Յուտա, Կոլորադո, Արիզոնա, Նյու Մեքսիկո, Հավայան կղզիներ, Ալյասկա և նոր միացված Մեքսիկայի հայ համայնք)՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ։ Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957 թվականից՝ Լոս Անջելեսում՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ապա տեղափոխվում է նորակառույց սուրբ Լեոն տաճար։

Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպիսկոպոս Խաչատուրյանը (1951-1961 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք)։ Տարբեր տարիներ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպիսկոպոս Գալուստյանը (1953-1956, հետագայում՝ 1961-1990 թվականներին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանը (1962-1966), Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (1971-2003)[3]։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Սուրբ Պողոսը (1900, Ֆրեզնո), Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1910, Ֆաուլեր), Սուրբ Աստվածածինը (1911, Կոստա Մետս), սուրբ Սահակ-Մեսրոպը (1923, Ֆրեզնո), Սուրբ Հովհաննեսը (1924, Սան Ֆրանցիսկո), Սուրբ Վարդանը (1924, Օքլենդ), Սուրբ Հակոբը (1953,Վենայս) Սուրբ Պետրոս (Սակրամենտո), Սուրբ Պետրոսը (1958 թվականից, Վենայս), Սուրբ Անդրեասը (1964 թվականից, Քուփերթինո) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

սուրբ Պողոս եկեղեցի, Ֆրեզնո

ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական իարհուրդներ՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ։ 1987 թվականին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը ծառայում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթական դաստիարակության համար։ Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ։ Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը։

21-րդ դարի սկզբին առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել հոգևոր հովիվների՝ հատկապես Երուսաղեմից և Հայաստանից։ 1999 թվականին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։ Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի հայոց լեզվի կիրակնօրյա և շաբաթօրյա դասընթացներ։ 1979 թվականից լույս է տեսնում ԱՄՆ-ի Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով։ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին և ազատագրական պայքար մղող Արցախին։ Ստեփանավան քաղաքում թեմի օժանդակությամբ կառուցվել է վարժարան (750 աշակերտի համար)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Համայնքի մասին». usa.mfa.am. Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  3. 3,0 3,1 «Համայնքի մասին». www.wdacna.com. Western Diocese Of the Armenian Church.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: