Jump to content

Սուրբ Աստվածամայր եկեղեցի (Ծինուբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածամայր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԾինուբան (Ախալցխայի շրջան)
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմՀայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ
Հիմնական ամսաթվերը1869
Ժառանգության կարգավիճակՀայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1869
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածամայր եկեղեցի, Ծինուբան գյուղում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմին, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում[1]։ Համակարգում է դրանում բնակվող կաթողիկե վիրահայության հոգևոր կյանքը։

Սուրբ Աստվածամայր եկեղեցու կառուցման և անվանակոչման մասին հայտնի է. «...յանուն Աստուածամօր, քարաշէն, 1869 թ....»[2]: Ըստ մեկ այլ վկայության՝ եկեղեցին կառուցվել է 1879 թվականին. «...ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն ս. Աստուածածնին, 1879 ամի, ծախիւք ծխականաց, վերանորոգ. յամի 1908»[3]։ Բայց, հաջորդ տարի՝ 1909 թվականին շարունակված դրամահավաքը փաստում է, որ շինարարական աշխատանքները դեռ չէին ավարտվել. «Թիֆլիսի նահանգի Ախալքալաք գաւառի Ծինուբան գիւղում հայ կաթոլիկ համայնքի նորակառոյց եկեղեցու համար ժողովարարութիւն անելու համար Թիֆլիզ է եկել նոյն գիւղի հայ կաթոլիկ համայնքի ծխատէր արժ. Յակոբ քահ. Սահարեանը»[4]։ Եկեղեցին գործել է մինչև 1936 թվականը։ 1937 թվականին վերածվել է հացահատիկի պահեստի, սակայն մի քանի օր անց կրկին շարունակել է օգտագործվել իր նախնական նշանակությամբ։ Գյուղացիները կոտրել են եկեղեցու դուռը և ողջ հացահատիկը տեղափոխել Պողոս Գրիգորյանի տան վերնահարկը՝ այն դարձնելով որպես հացահատիկի պահեստ[5]։ 1969 թվականին վերանորոգվել է եկեղեցու տանիքը, գմբեթի խաչն էլ վերազոդել է Խաչատուր Գրիգորյանը[6]։ Ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի` եկեղեցու առաջին զանգը, որը 1908 թվականին նվիրել են Տեփանանց տոհմի ներկայացուցիչները, բերվել է Կարսից[1][6]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, խորանից հյուսիս և հարավ զույգ ավանդատներով, երկթեք տանիքի տակ առնված փայտամած տանիքով, սրբատաշ և կիսամշակ քարով, կրաշաղախով կառույց է։ Ներքուստ արևմտյան կողմում փայտաշեն կրկնահարկ կանանց դասն է` կանգնած նույնպես փայտե 4 զույգ սյուների վրա։ Մուտքերը երկուսն են` բացված հյուսիսային և արևմտյան ճակատներից։ Վերջինիս առջև կից է եռահարկ զանգակատունը, որի առաջին երկու հարկերը քառասյուն են, իսկ երրորդը կազմված է սրածայր վեղարով ավարտվող վեց բոլորաձև սյուներից։ Արտաքին հարդարանքում աչքի է ընկնում եկեղեցու երեք ճակատներով ձգվող (բացառությամբ արևելյանի) ընդհանուր շարվածքից սրբատաշ քարով առանձնացած որմնակամարաշարը։ Արտաքին չափերն են` 16,63 x 10,18 մ[1]։

Արձանագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Եկեղեցու փայտաշեն խաչկալի արևելահայաց երեսին` 6 տող.
  1. Յիշատակ է Ախալցխայ բնա
  2. կիչ Յովսէփ Յա­կո­­բովի եւ
  3. ամուսնոյ Հռեփսիմէ
  4. Բազրկիանօվի Ծի­­նի­բան
  5. գիղի Ս(ուր)բ Ա(ստուածա)ծնի եկեղեց­նա,
  6. 1882 ամի, 18-ն դեկտեմբերի։
2 Զանգ. մեկ տողով բոլորում է.
  1. Յիշատակ է տէր Սարգսի կնոջ` Թէրեզիայի, 7.3.1901:
3 Եկեղեցու մուտքից վեր կարմիր ներկով ար­ձա­նա­գրված է.
  1. Սկի(զբ) 1900 թ. վերջ 1908։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ««Ախալցխա (Սամցխե նահանգ)», [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], [[ՀՃՈւԿ]], Երևան, 2008, էջ 201». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  2. «Արձագանք», 1885, No 26, էջ 368.
  3. Օրացոյց եւ պատկեր տօնից, Թիֆլիզ, 1916, էջ 79.
  4. «Հովիւ», 1909, No 17, էջ 271.
  5. «Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237 (ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի).
  6. 6,0 6,1 «Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237.